Անձրևոտ, մառախլապատ օր: Բակունցի հուշարձանի կողքով ամեն օր եմ անցնում, բայց այսօր նորից հիշեցի…. Գրողի թրջված կիսանդրին ասես արտասվում էր երկնքի հետ….
Ակսել Բակունցի կիսանդրին քանդակելու ժամանակ հայրս քաղաքի և շրջանի մշակույթի բաժնի վարիչն էր :
60-ականներն էին, քիչ ժամանակ էր մնացել, կիսանդրին պետք է տեղադրվեր Բակունցի տուն- թանգարանի բացումից առաջ, որպեսզի արարողությունը համատեղ լիներ:
Հայրս պատմում էր, որ քանդակագործն այդ ընթացքում շատ էր եկել Գորիս, առաջինը հանդիպել հորս:
Ամեն գալիս՝ նա իր հետ բերել է կիսատ քանդակի, նրա մտահղացման գծագրերն ու նկարները, փռել հորս աշխատասենյակում, սկսել են միասին դիտել ու քննարկել:
Քանդակագործը՝ Արա Արմենակիչը, չափազանց պատասխանատու, բծախնդիր մարդ էր, նա ուզում էր Բակունցի ու նրա քաղաքի մասին ամեն ինչ իմանար, հանդիպեր հարազատներին, զրուցեր նրանց հետ:
Հայրս ոչ միայն նրան մեքենա էր տրամադրում՝ Գորիսում և հին Գորիսում շրջելու, այլև շատ հաճախ ուղեկցում էր նրան, տանում-հասցնում մինչև Բրուտ Ավագի քարանձավը, Դիլան դայու, Աթա ապոր ծմակները, հին Գորիսի ժայռափոր տներն ու դարավոր գերեզմանները:
Ես մտքիս մեջ զարմանում էի,- պատմում էր հայրս,- թե Արա Արմենակիչի ինչի՞ն էին պետք, օրինակ, 17-18-րդ դարերի գերեզմանաքարերը:
Նա կանգնում, երկար շոշափում էր մամռակալած գերեզմանների քարերը, Գորիսի հին տների պատերը, մատիտը հանում և սկսում գրել, կամ գծագրել:
Մի անգամ հայրս կատակելով հարցրել է.
-Արա Արմենակիչ, այ մարդ, մի ինձ ասա էլի, էդ ինչու՞ ես էդ մեռած քարերը էդքան զննում…
Քանդակագործը խորհրդավոր ժպտացել է.
-Ասատուրիչ, հոգուդ մեռնեմ, այս քարերից ես փորձում եմ գաղտնիք իմանալ….թե մեր գրողի արձանը որքան կարող է դիմանալ…Շատ են պինդ, շատ են ամուր, կարծես լեռնաշխարհի բնությունը հատուկ է նրանց ընտրել…
Չափազանց բարեհամբույր և նրբանկատ մարդ էր, աչքից ոչինչ չէր վրիպում,- ասում էր հայրս:
Հերթական այցին քանդակագործը հորս խնդրել է իրեն տանել տատիս՝ Շուշանիկ Բակունցի տուն:
Հայրս գիտեր, որ այդ օրն էլ է գալու, հերթը իր ամաչկոտ, փախչող, երբեք քիթկալը չբացած, երկու բառ չխոսած զոքանչին էլ է հասնելու:
Տատս տասը տարվա մեջ մի անգամ չէր նայել հորս աչքի մեջ, նրա ձայնը հայրս չէր լսել, ինչպե՞ս կարող էր այս բեխավոր, աժդահա մարդու մոտ կանգնել, զրուցել, դեռ մի բան էլ՝ պատմել:
Հայրս խորհրդակցել է մորս հետ, որպեսզի մայրս պատրաստեր այդ հանդիպումը, քանի որ արդեն խոստացել էր քանդակագործին:
-Մի քանի րոպե է, չի էլ խոսելու… Ինքը գիտի, որ Շուշանը ամաչկոտ է, ասել եմ …,-արդարացել է հայրս, փորձել համոզել….
Մինչդեռ, ինչ է պարզվում. քանդակագործը փնտրում էր Բակունցի շուրթերի, դառը ժպիտի ու ծնոտի առեղծվածը, ինչը դեռ չէր գտել…
Եվ ահա, եկել, հասել է այստեղ հենց դրա համար, մտածել է, որ մոտ հարազատի դիմագծերի մեջ կենդանի թրթիռ ու նրան հիշեցնող մի բան կտեսներ՝ չիմանալով, որ տատս զանգեզուրյան տարազով է, որ նրա աղջիկներն էլ իրենց մոր ժպտացող շուրթերը չէին տեսել….նրա ժպիտը զգացել են միայն աչքերի ու այտերի կլորվող գծերից, ձիգ կապած քիթկալի տակից դրանք ուղղակի շողի պես ձգվել, փայլել են: Այդքանը:
Մայրս նայել է հորս աչքի մեջ, զգացել, որ ձայնի մեջ զսպված, չարաճճի ծիծաղ ու ու թաքուն մի բան կա:
Ասել է.
-Այ մարդ, չտանես էդ մարդուն, մորս լեղաճաք չանես … Աբուռը պահած-պահած՝ չասես քեթկալդ քաշի, թող նկարի…
Հայրս ծիծաղել, բայց տեսել է, որ դրանից գործը կարող է տուժել, նորից լրջացել է.
-Հա, ի՞նչ…թող քեթկալն էլ մի քիչ քաշի, աշխարհը չի քանդվելու…Այ քո հոր տունը շինվի….80-90 տարեկան կին է, էն մարդը հավանելու չի եկել, արձանը կիսատ է, թող հանդիպի, գնա իր գործին….
ժամանակ չունենք, էսօր-էգուց էլ թանգարանն ենք վերջացնելու…
Ինչևէ, մայրս զինաթափվել, համաձայնել է, մի պայմանով, որ ինքն էլ ներկա լիներ հանդիպմանը… մորը ,,ղըռըխմիշ,, չանեին հանկարծ …
Հաջորդ օրը կեսօրին սկզբում մայրս է գնացել տատիս տուն, նրա հետ խոսել, ասել, որ հայրս գալու է իր հետևից, հետն էլ Երևանից մի ընկեր է լինելու, մի քիչ նստելու են, գնան…
Քիչ անց հայրս ու Արա Արմենակիչը ներս են մտել: Քանդակագործը բռնել է տատիս ձեռքերը, հմայված ու երկար նայել դեմքին:
Որպեսզի տատս չխրտներ, հայրս աթոռը մոտ է քաշել, թե՝ Արա Արմենակիչ, նստիր:
Այ մարդ, նստիր է, Բակունցի քույրն է, դե հիմա ինչքան ուզում ես զրուցիր հետը:
Արա Արմենակին առանց հայացքը տատիցս կտրելու, նստել ու ասել է.
-Ասատուրիչ, գտա…ամեն ինչ տեսա…. Իսկը Բակունցն է, մի քիչ հեռու տեղադրված խոշոր-խաժ աչքերը, ուղիղ հելենական քիթը, ալիքաձև շուրթերն ու տխուր, ամաչկոտ ժպիտը…
Հայրս ու մայրս ուրախ, թեթևացած իրար են նայել, որ այդպես հեշտ պրծան….որ քիթկալի տակից քանդակագործն ամեն ինչ որսացել-տեսել է…
Մայրս տատիս հարցրել է՝ ի՞նչ է հիշում Ակսելի մասին, այս մարդը հենց դրա համար է եկել, որ նրա արձանը պատրաստի…
Աշխարհի խերից-շառից անտեղյակ, դարդը ներսն արած տատս ձեռքը թափ է տվել, խորը հառաչ քաշել, գլխի շալով երեսը ծածկել ու ռնգային, խուլ մրմրթացել.
-Էհ, տարան, գլուխը կերան…
Ասել ու արձանի պես համրացել է, էլ ոչինչ չի խոսել:
Հանդիպումը տևել է հինգ-տասը րոպե: Տատս այնպես էր շալի մեջ փաթաթվել, որ խեղճ Արա Արմենակիչը չի էլ հասցրել մատիտ հանել:
Թեյ էլ չեն խմել, քանդակագործը հորս հասկացրել է, որ ամեն ինչ լավ է, կարող են գնալ:
Արդեն դրսում ոգևորված բացականչել է.
-Այ քեզ սքանչելի արձան…Ի՜նչ փառահեղ կին էր, Ասատուրիչ..իսկը՝ վախվորած միրհավ… ցնցված եմ…Բա ձայնը…ասես Մթնաձորից դուրս եկած մեղեդի լիներ…
Հայրս ու մայրս նորից իրար են նայել, հիացած ծիծաղել, որ կարողացել են գոնե մի ձայն պոկել տատիցս…և որ այդ ձայնն էլ պետք է եկել քանդակագործին…