Սա Հայաստանն է, և վերջ…
Լ. Ազգալդյան
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արտաշավիի գյուղական համայնքը տեղաբաշխված է Հակարի գետի ձախակողմյան բարձրադիր լանջերին /ծ.մ. 1200-1500մ բարձր/՝ Բերձոր շրջկենտրոնից 35 կմ հյուսիս /մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 85 կմ հեռու/։ Համայնքն ունի 3089,5հա տարածք, որից 2483,1 հա՝ գյուղատնտեսական նշանակության, 484,1հա՝ անտառային հողեր։ Գյուղում բնակվում է 145 մարդ՝ 31 ընտանիքում։ Ազատագրվել է 1993 թ. գարնանը, վերահայացել 1994 թվականի երկրորդ կեսից: Գյուղի Լեոնիդ Ազգալդյանի անվ. միջնակարգ դպրոցը գործում է 1995 թվականից. առաջին տնօրեն՝ Ռուբիկ Սիմոնյան: Կրթօջախը 17 տարուց ավելի տնօրինում էր գյուղի հիմնադիր բնակիչներից, երջանկահիշատակ Վոլոդյա Հարությունյանը: Ներկա տնօրեն Վերա Խաչատրյանը, ով 2014-ից է ղեկավարում, տեղեկացրեց՝ ունեն 13 ուսուցիչ, 31 աշակերտ, որոնցից 14-ը դպրոց է հաճախում հարևան Նորաշենիկ գյուղից: Դպրոցը գործում է նոր կառուցված միհարկանի շենքում: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանն իր մեջ է ներառել Հակարի գետի և նրա 4 հիմնական վտակների՝ Աղավնոյի, Հոչանցի, Շալուայի և Որոտանի հովիտները, որոնք Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների մի քանի գավառների կազմում էին: Արցախի գավառներից հիմնականում Բերձոր-Բերդաձորն ու Վայկունիք-Վակունիսը-Հարճլանքն /ըստ Բագրատ Ուլուբաբյանի՝ նաև Ծար/2 գավառներն են ներկայիս Քաշաթաղի կազմում: Վայկունիք անվանումը Խորենացին այսպես է բացատրում. «…Որովհետև Տիգրանը լսել էր, թե ՎԱՅԿՈՒՆ անունով մի ելուզակ վրդովում է հայոց աշխարհը՝ գրավելով այն ամուր լեռը, որ մինչ այսօր էլ այդ ելուզակի անունով կոչվում է Վայկունիք…[1]»: Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի կարծիքով՝ ավազակ կամ ելուզակ Վայկունը նույն հռոմեացի զորավար Լուկուլոսն է: Կան կարծիքներ, որ Տիգրան Մեծի օրոք եղել է Վայկուն անունով մի ավազակ, որ ասպատակել է Արցախ երկրում: Խորենացին նշել է նաև, որ Արցախն ունեցել է 12 գավառ՝ 1. Կողթ-Կոխտ-Կողդք, 2. Բերդ ձոր կամ Բերդաձոր-Բերձոր, 3. Վայկունիք, 4. Սիսական ոստան/Սիսան ձոր/, 5. Մեծկունիք-Մեծունիք-Մեծ կողմանա, 6. Մեծիրանք-Մեծարանք-Մեծյուրյանք, 7. Փառնես-Քուստի Փառնես կամ Միջնարցախ, 8. Մյուս Հաբանդ, 9. Պարզկանք-Պազկանք-Պածկանք, 10. Մուխանք-Մխանք-Մխանց տոհմ, 11. Հարժլանք-Հարճլանք-Հարջլանք, 12. Պիանք: Ղևոնդ Ալիշանն «Արցախ» գրքում գրում է. «Այսպես, Խորենացին 12 գավառներ է թվարկում, իսկ ըստ այլ օրինակների 13 կամ 14 են»[2]:
Ավելացնում է 13-րդը՝ Քոտակ-Կոտանք: Հավելում է նաև, որ դարերի ընթացքում, տարբեր քաղաքական իրավիճակներում գտնվելով՝ Արցախում փոխվել են սահմանները, ավելացել կամ պակասել են վարչական միավորները: Երրորդ՝ Վայկունիք գավառի մասին Ալիշանը գրում է. «…որը պարզ կերպով առանձնացած է մյուս մասերից, որոնցից ավելի արևմուտք լինելով, երկու կաղմից սահմանակից է Սյունիքին, արևմուտքից՝ Սոդք գավառին, որից անջատվում է արցախական Թարթառի և Գեղամա ծովի ավազանի բարձր լեռների անջրպետով, հարավից՝ Հաբանդով կամ Զանգեզուրով, իսկ սահմանի ելքից՝ Արցախի Չլաբերդ գավառով, հյուսիսից՝ նեղ Քունկուր լեռով, որտեղ վերջանում է Այրում գավառը»[3]: Մակար Բարխուդարյանն իր «Արցախ» գրքում Արցախի Բերդաձոր կամ Բերձոր գավառում նշում է 24 բնակավայր, իսկ Հարճլանք-Վակունիս-Վայկունիք գավառում՝ 31: Վակունիսի կազմում է ներկայացնում Արտաշավի /Արդաշևի/ գյուղը: Անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր եկեղեցում պահպանվող ձեռագրերին, տեղեկացնում է. «… Զ. Աւետարան մեծադիր, գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչացանճաշակ պատկեր. Յիշատակարանից. «Արդ, գրեցաւ ի թվ. ՉԿԹ զբազմամեղ գրիչ, կազմիչ եւ նորոգիչ»: Սկզբում. «Կամաւն Աստուծոյ ես Եղիա էրեցս, որդի իմ տէր Մելիքսեթ նորոգել տուինք զսուրբ աւետարանս ի յերկինս Մաղայոզ ի գեւղն Արտաշիպի, թագաւորութիւն Շահ Ապազին, հայրապետութիւն տեառն մերոյ Յովհաննէս կաթուղիկոսին թվ. Հայոց ՌԿԴ/1615թ./»:
Նույն գյուղում Քեսաբ երեցի ջանքերով նորոգվել է մեկ այլ ձեռագիր, դարձյալ 1615 թվականին: Հիշատակարանում նշված է. «…ի յերկիրս Մաղայոզ ի գեւղն Արտաշիպի…»: Իսկ 1637 թվականին ևս մեկ այլ ավետարան է նորոգվել Սարգիս երեցի կողմից. «..ի երկիրս Մաղայուզ ի գուղս Արտայշիբի: Դարձեալ նորոքեցաւ ձեռամբ սուտանուն Սարքիս էրէցուս, ի թիւականիս Հայոց ՌՋԶ/1637թ./»[4]: Այս ամենը վկայում են, որ Արտաշավի գյուղը եղել է Վայկունիք գավառի հայաշատ ու հոգևոր կենտրոններից մեկը, ունեցել է եկեղեցի, և այստեղ են նորոգվել կամ գրվել ավետարաններ, այլ ձեռագրեր: Մինչև 18-րդ դարակեսն Արտաշավիում հայերն են բնակվել, այնուհետև գավառը գրեթե հայաթափ է եղել: Մ. Բարխուդարյանը, խոսելով Բերդաձոր-Բերձոր և Հարճլանք-Վայկունիք գավառների բերդերի, լեռների բնակավայրերի, պահպանված Հայոց մշակույթի մասին, գրում է. «Ահա՛ այն գիւղերից մի քանիսն։ Զերդի(Զարդ) Տիկ, Բաբադէմ, Նիլջան, Ենկիջա, Ղարաչամ, Արտաշաւի, Վաղազին, Հաճի, Հոչազ, Հաճի Սամլու, Խալիփալլու (Առաջնորդապատկան), Սուաթ, Մարջանլու(Մունջուխլու), Հաթամլար, Հաճիլար(Հարճլանք), Չուրման, Շամքեանդի, Կարաբայնի (Կարաբաց), Կարաչանի, Լիլօ-Բաղր (Լիլաբակ), Ալակչի(Մաղագործ), Թուրքիշվան (Թրքաշվանթուր քաշող և հալածող գիւղ), Շուքարան, Աղան, Ասրիկ (Իսրայէլի գիւղ), Աղջաքանդ (Ըղջկաքանդ–Աղջկայ քանդած), Ալուխան, Սևանդ (Սև հանդ) ևն…
Միայն մի հայաբնակ գիւղ մնացած է այժմ Հարճլանք գաւառում, որ է։ Ալղուլի, հիմնուած է Արտաշի սարի հարաւային կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 95-105 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանայ մի։ Ծուխ 74, ար. 372, իգ. 286[5]: Ալղուլի գյուղը վերջնական հայաթափ եղավ 1918 թվականին: Նշված տարածքն ազատագրվեց 1993թ. գարնանը և Հայոց պատմական գյուղեր վերստին հայերը վերադարձան 1994-1996 թվականներին: Գերության շրջանում, հատկապես խորհրդային տարիներին, տարածքում եղած Հայոց պատմական հուշարձանները՝ հիմնականում եկեղեցիները, հանգստարանները, հոգևոր կոթողները, այստեղ վերաբնակեցված մահմեդականները հնարավորինս քար ու քանդ են արել: Արտաշավի գյուղի եկեղեցին ևս ադրբեջանցիներն ավերել են խորհրդային տարիներին: Եկեղեցու հարևանությամբ է եղել հայոց գերեզմանատունը, որը նույնպես հիմնահատակ է արվել նույն շրջանում: Գյուղի արևմտյան կողմում թուրքերի կառուցած ակումբի պատերի մեջ հայկական շիրմաքարերի բազում բեկորներ են եղել: Պատերազմի ժամանակ ակումբը քանդվել էր, և դրա պատերից ու հիմքերից հանված խաչքարերի ու տապանաքարերի բեկերներն այժմ մի տեղում են հավաքված: Վերջերս հերթական անգամ եղա Արտաշավիում. համայնքի ղեկավար Էդիկ Մելքոնյանի և դպրոցի զինղեկ Վահրամ Հարությունյանի հետ շրջեցինք եկեղեցու և հանգստարանի տարածքում: Պատերի մեկից միջից հանվել է մի ամբողջական տապանաքար՝ աղեղնավոր մարդու քանդակով, ով նետահարում է եղնիկի: Մոտ 150x90x45սմ չափեր ունեցող տապանաքարի երեսին կա տարեթիվը՝ ՌԻԴ/1024+551=1575/: Քարի մյուս կողմում 3 խաչ կա քանդակված: Զարդանախշ մի խաչքարի բեկորի /60-64-16,5սմ/ մեջտեղում մեծ խաչ է քանդակված, ձախ կողմում Թ տառն է, Աջ կողմում՝ Վ տառը՝ ներքևում Ջ և Լ տառերն են՝ ԹՎ/ԻՆ/ ՋԼ/1481թ./: 12 տողանոց արձանագրություն կա աջ կողի վրա. ԿԱՆԳ/ՆԵՑԻ/ ԽԱ/ՉՍ Հ/ԱՒՐ Ի/Մ ԵՒ Մ/ԱՒՐ ԻՄ/ ԵՒ ԱՂԲ/ԱՒՐ/ ԻՄ Ի Վ/ԱՍՆ ՓՐԿՈ/ՒԹԵ/ԱՆ/ Հ/ՈԳՈ… Նույն քարաբեկորներից մեկ այլ ավելի փոքր չափերով/մոտ 60x32x17սմ/ խաչքարի կտորի աջ կողմին նույնպես արձանագրություն կա, ներքևում թռչուն է քանդակված՝ արծիվ է՝ ճանկերում ինչ-որ կենդանի: Պահպանվել է արձանագրության ընդամենը 3 տող՝ ԱՆՈՒ / ՄԻՆ / ԹՎ/ ՌԾ-1050+551=1601: Դիմացից զարդանախշ է խաչքարը՝ մեջտեղում խաչը: Ցավոք, կտորն է միայն պահպանվել: Գյուղի առաջին բնակիչներից Սեյրան Վանեսյանը պատմեց, որ մի քանի հուշաքարի կտորներ պատահական են գտել և տեղափոխել այստեղ: Մոտ 2 տասնյակ նման քարաբեկորներ կան տեղում, որոշների վրա նույնպես արձանագրություններ կան, իսկ քանդակներ բոլորն ունեն: Նախկին եկեղեցու և գերեզմանոցի տեղում քարակույտեր կան, որոնց մեջ և շիրմաքարերի բեկորներն են շատ և՝ եկեղեցու պատերի ու սյուների քարերը: Որոշվել է եկեղեցու տեղում փոքր տարածք առանձնացնել և այս հուշաքարերը տեղադրել այդ մասում՝ դարձնելով սրբատեղի: Արտաշավիի հարևանությամբ է Վաղազին գյուղը, որը նույնպես պատմական անցյալ ունի, որտեղ դարձյալ նման հուշարձաններ են պահպանվել: Վաղազինի մասին հիշատակված է Գտչավանքի հյուսիսային պատի արձանագրությունում, որը թողել է Վրթանես եպիսկոպոսը: Մ. Բարխուդարյանի գրքում կա նաև այս արձանագրությունը. «Վանքիս հիւսիսային որմի վերայ փորագրուած է. «Յանուն Հաւր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ, ես Սարգիս և Վրդանէս եպիսկոպոսք հիմնարկեցաք զեկեղեցիս ի ՈՂ. (1241) թվիս. շատ աշխատութեամբ աւագ խորանն խփեցաւ և եղ-բայրս իմ Տէր Սարգիս ի Քրիստոս փոխեցաւ։ Ես տէր Վրդանէս կատարեցի բազում աշխատութեամբ և հալալ արդեամբք իմովք ՈՂԷ, թվիս ի դառն և ի նեղ ժամանակիս՝ որ ազգն նետողաց զբազում գաւառս աւերեաց և մնաց այլասեռից աթոռ ի վիճակ սրբոյն Գրիգորիսի, որ է հաստատեալ աջով և սուրբ նշանաւն և գաւազանաւն սրբով. վիճակեցաւ և սահմանով ի յԱղուանոյ գետոյ մինչև Երասխն, մինչ ի Աւազն Գատուհատի, Վակունիս Վաղազնագետով, ի Քարատնիս և Խոզանագետովն, Զառիստ իւր գետովն. Հաքարի Հազարագետովն, Քրտագետ իւր գետովն, իւր սահմանովն, Դիզակ, Բէլուկան իւր գետովն և հայրենիքն եկեղեցւոյս տուինք, Փարախն և Գոտանոցն, Եկեղեցաձորն իւր սահմանովն. Ա. լուծ հոզ ի Տայիս. Ա. լուծ ի Դող ի Գաղս, Ա. ի Մոխրենիս. ով որ այս սահմանէս յետ առնէ կտթուղիկոս կամ իշխան կամ հայրապետ, երեք սուրբ՝ ժողովոյն նզոված եղիցի, յԱստուծոյ և յամենայն սրբոց անիծեալ, մասն և բաժին ընդ Յուդայի առցէ»։
[1] Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1990թ., Էջ 83: Պատմաբան Ալեքսան Հակոբյանը նույն արձանագրությունը վերծանել է 2000 թվականին: [2] Ղ. Ալիշան, Արցախ, Ե., 1993թ., էջ 15: [3] Ղ. Ալիշան, նույն տեղում: [4]ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Ե., 1978թ., Հատոր Բ, էջ 699: [5] Մ. Բարխուդարյան, Արցախ, տպարան Բագու «ԱՐՕՐ», 1895թ., էջ 257, /«Մունք», Ստեփանակերտ, 1995թ., տպարան «Ամարաս», Ե., 1996թ. էջ 258: