Սփյուռք-Հայրենիք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևան են այցելել նաև Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Եռօրյա աշխատանքներից հետո կանադացի մեր հայրենակիցները սեպտեմբերի 22-ին «Գուրգեն Մելիքյանը Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի հետ այցելեցին Քաշաթաղի շրջան: Նրանք շրջանի բազմազավակ ընտանիքների համար բերել էին հագուստ, իսկ Հայոց բանակի համար՝ բժշկական պիտույքներ, դեղորայք և քնապարկեր: Բերձորում Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջանբազյանը, ՀՀ սփյուռքի նախարարության Տորոնտոյի ներկայացուցիչ Խորեն Մարտոյանը, Տորոնտոյի ՀՕՄ-ի վարժարանի բարերար Վարուժան Լափոյանը, նույն վարժարանի կրթական մարմնի անդամ Ջուլիետ Ջանբազյանը, այլք հանդիպում ունեցան շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ, կարևորեցին Քաշաթաղի դերն Արցախի կյանքում: Այնուհետև բերված նվերները հատկացրեցին կարիքավորներին, իսկ դեղորայքը՝ Ստեփանակերտի հոսպիտալին, որոշ մասը՝ Քաշաթաղի շրջանային բուժմիավորմանը: Ընթացքում զրուցեցինք Հակոբ Ջանբազյանի հետ: Տեղեկացրեց, որ հագուստի մի մասը հայ գաղութի կողմից է ուղարկված, մի մասը՝ Տորոնտոյում գործող հայկական կազմակերպությունների կողմից: Տորոնտոյի բժշկական միության կողմից Հայոց բանակի կարիքների համար գնվել է 30000 դոլլարի բժշկական պիտույքներ, հիմնականում՝ դեղորայք: Նշեց՝ այնպես են կազմակերպել, որ ուղարկված ապրանքն այս օրերին տեղ հասներ, որ իրենց ձեռքով հանձնեին հասցեատիրոջը: Հ. Ջանբազյանն ասաց, որ այժմ Տորոնտոյում բնակվում է մոտ 35 հազար հայ: ՀՕՄ-ի վարժարանում սովորում են 640 աշակերտ: Հ. Ջանբազյանը հաճախ է այցելում Արցախ և մասնակիցը դառնում այն կարևոր գործերին, որ ձեռնարկում են արցախցիները: Բերված հագուստն ու դեղորայքը Քաշաթաղի շրջան բերելու գործում կարևորեց Խորեն Մարտոյանի դերը, ով արդեն մի քանի անգամ է, ինչ կազմակերպում է նման օժանդակություն շրջանի բազմազավակ ընտանիքներին: Բարձր գնահատեց Գուրգեն Մելիքյանի հետ համագործակցելը՝ ասելով, որ միասին նոր ծրագրեր ևս կիրականացնեն Քաշաթաղի շրջանում: Երեկոյան Սփյուռքի մեր հայրենակիցները մեկնեցին Ստեփանակերտ՝ հանդիպելու ԱՀ վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ: