Հարազատ բնօրրանի՝ Զանգեզուրի կենսատու բնաշխարհից են ծնունդ առել Ս. Այվազյանի ստեղծագործությունները: Նրա «Տուր ձեռքդ, կյանք» վեպը գեղարվեստական ամփոփումն է հեղինակի տեսած ու ապրած կյանքի, տխուր ու դառն ապրումներով առլեցուն մանկության, մաքուր ու լուսավոր երազներով պարուրված պատանեկության: Այվազյանի վարպետ գրչի տակ կյանքի դժվարին ճանապարհի խաչուղիներում բախվող սուր բնավորություններն իրենց ապրումներով ու հույզերով հորձանք-հորձանք փոխարկվում են գեղարվեստական անկրկնելի պատկերների, որոնք հեղինակը ներկայացնում է պարզ ու հասկանալի լեզվով, բայց միաժամանակ հարուստ բառապաշարով: Այդ բառապաշարի մի փոքրիկ պատառիկն են կազմում վեպում գործածված դարձվածքները, որոնք թեև թվով այդքան էլ շատ չեն, բայց հանդես գալով ոճական ինքնատիպ նրբիմաստներով՝ խոսքը դարձնում են ավելի սեղմ ու դիպուկ, կենդանի ու ազդեցիկ: Այվազյանը մեծ կարևորություն է տվել ժողովըրդական կենդանի լեզվին: Իսկ մենք գիտենք, որ դարձվածքների հարստության կենսատու ակունքը ժողովրդական խոսքն է, ժողովրդի կենդանի լեզուն:
Ուսումնասիրելով դարձվածքների գործածությունը նշված վեպում՝ տեսնում ենք, որ դրանք հարազատորեն արտացոլում են ժողովրդի լեզվամտածողության ինքնատիպությունը, ընդգծում են ազգային սովորույթներն ու բարքերը, այսինքն «կարևոր են ոչ միայն իբրև լեզվական շինանյութ, այլև որպես մտքի արտահայտման ազգային ձևեր»:[1] Վեպի դարձվածքները նպաստում են լեզվի ճոխությանն ու գեղեցկությանը, սեղմությանն ու պատկերավորությանը: Սակայն, որ ամենակարևորն է, դրանց միջոցով հեղինակը խտացնում է իր հերոսների հոգեկան ապրումները, աշխատավոր գյուղացու կռիվն անարդարության դեմ, մարդկային հակոտնյա ճակատագրերի բախումը, կյանքից դուրս շպրտված, բայց կյանքն անսահմանորեն սիրող հայ մոր ու կնոջ ցավը:
Մանկան պարզ ու զուլալ աչքերով աշխարհին նայող հերոսը՝ ինքը հեղինակը՝ մանուկ հասակից որբացած, հիվանդ ու միայնակ մոր խնամքին մնացած Շոմիկը, ամեն քայլափոխի բախվում է կյանքի անսանձ դառնություններին, անարդարություններին, բայց չի կոտրվում, չի հուսալքվում, չի չարանում ու ձեռքը կրկին մեկնում է կյանքին. «Տո՛ւր ձեռքդ, կյա՛նք»: Սևակ Արզումանյանի խոսքով՝ Այվազյանի հերոսը «որբության, դառնության քարեղեն դիմադրություններ է հաղթահարել, բայց միշտ «հավատի կրակով է դիմացել կրակներին»»[2]:
Ո՞ւմ հարցնի որբ մանուկն իր դժբախտության պատճառը, ինչո՞ւ ուրիշ երեխաների նման ինքը նույնպես չի կարող ուսում ստանալ, իր հոր ձեռքից բռնած զբոսնել կամ գնալ դպրոց… Ահա այս ինչուներն են ծանրացած նրա սրտի վրա, որոնք խաթարում են հերոսի մանկության ջինջ երազանքները: «- Ինչո՞ւ ես աչք ու ունքդ իրար տվել, հոգի՛ս,- մայրս ափով հարթում է հոնքերս, իր հոնքերն իրար է տալիս, նայում է աչքերիս: — Խոսիր է, ի՞նչ է պատահել, ո՞վ է քեզ նեղացրել»: Որդին էլ մոր հարցին հարցով է պատասխանում. «-Ինչո՞ւ է մեռել հայրս,- հարցնում եմ: -Քարացավ աստծու սիրտը, տարավ…» (էջ 20): «Աչք ու ունքը իրար տված» որդու և «հոնքերն իրար տված» (տխրած)[3] մոր պատկերները կենդանի կտավի պես գծա-գրվում են ընթերցողի աչքի առջև: Հոմանիշ դարձվածքների կիրառությամբ գրողը գեղարվեստորեն հասել է ապրումի հոգեբանական նկարագրության: Իսկ սիրտը քարանալ (անգութ, անխղճմտանք դառնալ) դարձվածքի մեջ ամփոփվում են տառապյալ մոր կսկիծն ու բողոքը. հեղինակն ինքնանպատակ չի գործածել այստեղ նաև աստված բառը, որով բողոքի ձայնը հենց աստծուն է ուղղվում: Թվում է՝ առանց այս դարձվածքների ընթերցողի հոգուն չէին հասնի տառապյալ մոր խոհն ու զգացմունքը, որդու նուրբ ու փխրուն հոգու տառապանքն ու աղերսումները: Մեկ այլ հատվածում նորից տեսնում ենք մորը, որը, ձեռքերը դեպի երկինք մեկնած, մրմնջում է. «Տուր մեզ ձեռքդ, տե՛ր, խեղճ ենք» (էջ14). ձեռքը տալ`օգնության հասնել, ձեռք մեկնել: Աստծուց օգնություն խնդրող մորը հեղինակը պատկերավոր մի դարձվածքի միջոցով ավելի ու ավելի է վեհացնում: Չնայած կյանքը իր հերթական հարվածն է հասցնում նրանց, բայց «ցավերով լցված էս աշխարհում» միայնակ մայրը չի հանձնվում, չի հուսալքվում, հանուն իր զավակների պայքարում է և օգնություն խնդրում տիրոջից: Վիպական մեկ ուրիշ հյուսվածքում ներկայացված է մոր և որդու բաժանումը. հուզիչ մի տեսարան, որտեղ մայրը որդուն ստիպված բատրակության է ուղարկում: Կսկիծն ու լացը հոգում խեղդած՝ ճանապարհում է նրան անհայտ ուղղությամբ՝ հույսով, որ այնտեղ որդին գոնե սոված չի լինի. «Գնա՛, մատաղ, էնտեղ և կուշտ հաց կուտես (կշտանալ): Տեսնում ես, չենք կարողանում ապրել» (էջ15): Որդու ներկայությամբ արցունքը խեղդած մոր իրական ողբերգությունը սկսվում է հետո. նա ամբողջ օրը լալիս է և իր սփոփանքը գտնում ամուսնու գերեզմանին, որտեղ սրտի դարդն է պատմում, աղի արցունք թափում որդու համար: Ուժահատ մոր հոգեվիճակն ամփոփվում է խոսուն մի դարձվածքի մեջ. «Մեսրոպը հիմա վիզը ծռել է ուրիշի դռանը» (էջ 16): Ուշադրություն դարձնենք ընդգծված կապակցությանը. հեղինակը երկու դարձվածքների յուրօրինակ համադրությամբ կազմել է նոր դարձվածք: Հայերենն ունի վիզը ծռել (մեկի առաջ խեղճանալ) և ուրիշի դռանը մնալ (անօթևան, անօգնական մնալ) դարձվածքները: Առկա դարձվածքների մասնակի փոփոխությամբ հեղինակը ստեղծել է զգացմունքային արտահայտչականությամբ օժտված նոր կապակցություն՝ իմաստային ընդլայնմամբ՝ խեղճ ու անօգնական մնալ ուրիշի հույսին:
Ընդհանրապես լեզվի ոճական-արտահայտչական կողմն ավելի բարձրարժեք է դառնում, երբ գրողը դիմում է ավելի խոսուն դարձվածքների (իդիոմների): Նա շատ հաճախ բառակրկնությունից ու միապաղաղությունից խուսափելու համար գործածում է այդ բառին հոմանիշ դարձվածքը: Այսպես, երբ մայրը խրատում է գողության համար ուրիշի տուն մտած որդուն, հեղինակը անվախ, աներկյուղ բառերի իմաստը փոխարինում է գելի սիրտ կերած պատկերավոր դարձվածքով. «-Բա դուք ինչպե՞ս մտաք ուրիշի տունը, հո գելի սիրտ չե՞ք կերել»(էջ 44): Այստեղ հետաքրքիր է նաև գել բառի գործածությունը գրական հայերենի գայլ բառի փոխարեն: Գրողը խոսում է իր հերոսների լեզվով, իսկ նրա հերոսները բարբառախոս գեղջուկներ են, և ոչինչ չի փոխում նրանց կենդանի լեզվում՝ դրանով ևս մեկ անգամ ընդգծելով պարզ ու անպաճույճ գյուղական միջավայրը: Մեկ այլ գեղարվեստական պատկերի մեջ խեղճ, անօգնական բառերն իրենց տեղը զիջում են վիզը ծուռ մնալ խոսակցական դարձվածքին: «-Իսկ թշնամու համար ի՞նչ նշանակություն ունի, թե կկորչի Հախնազարյան Հակոբը, …երեխաների վիզը ծուռ կմնա» (էջ 53): Կամ վախենալ և չհասկանալ բառերի իմաստները համապատասխանաբար փոխարինվել են իրենց հոմանիշ սրտաճաք լինել և խելքները չկտրել դարձվածքներով: «- Խնայի՛ր, խոխեքը սրտաճաք կլինեն, քորփա են, խելքները չի կտրել» (էջ 41): Կամ. «Չգիտեմ ինչու, Անտոնը ինձ ցույց է տալիս բռունցքը (իր ուժով սպառնալ), աչքերը չռում է վրաս (զայրանալ, զարմանալ) (էջ 38): Ուսուցիչը պինդ քաշում է Անտոնի ականջից, իսկ նա աչքը չի ճպում » (թարթել), (ոչ մի հուզմունք աչքերից չնկատվել) (էջ 38):
Վեպի հերոսները սովորական աշխատավոր մարդիկ են՝ չար կամ բարի, ամաչկոտ կամ համարձակ, դաժան կամ մարդասեր, որոնց խոսքը խիստ բնական է, ու, ինչպես տեսնում ենք օրինակներից, միշտ ուղեկցվում է ժողովրդական կենդանի լեզվից քաղած դարձվածքներով:
Ինչպես արդեն նշեցինք, դարձվածքների միջոցով ավելի ցայտուն են դրսևորվում ժողովրդական մտածողությունն ու ազգային բնավորությունը, նրանց կենսակերպում դարերով արմատացած ադաթներն ու սովորույթները: Ահա վիպական մի պատկեր, որտեղ երևում է Շոմիկի մոր սնոտիապաշտությունը. գյուղում բժիշկ չլինելու պատճառով նա կանչում է գրբաց Թագուհուն` հիվանդ որդուն բժշկելու, ով երեխայի հիվանդության պատճառը վախն է համարում և ասում, որ պետք է «վախը քաղի» (էջ 21):
Ի դեպ, նշված դարձվածքի բացատրությունը դարձվածաբանական բառարաններում չհանդիպեց. նույն իմաստով ավելի շատ տարածված են վախը բռնել, վախը չափել դարձվածքները: Բայց ահա Մ.Աբեղյանը Վահագնի վիշապաքաղ մակդիրը բացատրելիս մանրամասն ներկայացնում է քաղել բայի իմաստը՝ նշելով նաև վախը վեր քաղել կապակցությունը. «Քաղել Հայկ. լեզվի նոր բառգրքի մեջ բացատրած է իմիջիայլոց. «ժողովել՝ խլել հանել»… Այս իմաստով «քաղ» բառը գործ է ածվում և ժողովրդի մեջ, որից և բաղադրյալ բայը՝ քաղը տալ, կամ քաղհանել, որ է ցանքի միջից վնասակար խոտերը կտրել, հանել, ժողովել… Այս իմաստի վրա պետք է ավելացնել և ժողովրդի մեջ գործածական վեր քաղել ձևը, որ նշանակում է հանել, վերացնել, վերցնել և գործ է ածվում նաև հմայության մեջ, օրինակ «վախը վեր քաղել»: Ըստ Աբեղյանի՝ այս բայի նշված իմաստը նոր չէ մեր լեզվում. այն «կա արդեն և միայն «քաղել» բայի մեջ… Արդ վիշապաքաղ բառացի նշանակում է վիշապ հանող, վիշապ վեր քաղող կամ ցածից վերցնելով ժողովող, այլև վիշապ քաղհանող, այսինքն, ինչպես քաղհանքի ժամանակ, վնասակար վիշապները հանող, վերցնող»[4]: Այստեղից էլ՝ վախը քաղել բառացի նշանակում է վախը՝ որպես վնասակար երևույթ, հանել, ժողովել, իսկ արդեն դարձվածային արժեքով՝ վախենալուց հիվանդացածին սնոտի միջոցներով բժշկել: Նույն սնոտիապաշտական հավատքը դրսևորվում է վիպական պատկերի շարունակության մեջ՝ մեկ այլ դարձվածքի գործածությամբ. իր գործը «պատվով» կատարելուց հետո գրբաց Թագուհին խորհրդավոր կերպով ասում է. «Աստուած չարը խափանի» (էջ 21), որ նշանակում է Աստված զերծ պահի, ազատի փորձանքից: Խոսքի արտահայտչականության, իմաստային խտացման վառ օրինակներ են աչքը բաց (կենդանի, չմեռած), սիրտը կոտրած (վշտացած, հուսահատված) դարձվածքները: Կյանքի դժվարությունների տակ կքած Խասա բիբու մեծագույն երազանքը որբ թոռանը գրաճանաչ տեսնելն է: Նրա «մշուշապատ աչքերն» ու «թոնրի կրակով թրծված կնճիռները» լուռ վկաներն են այն դառն ու դժվար կյանքի, որի առջև, սակայն, ծնկի չի եկել «որբասատար» տատը, որովհետև կյանքում դեռ մեծագույն նպատակ ունի, և «…քանի աչքս բաց էր, ասի տեսնեի իմ որբ, սիրտը կոտրած Բաբկենս էլ տիրացել է էդ լույսի շողին, նոր մեռնեի: Իմ սիրտը կոտրված Բաբկենս: … Եվ լաց են լինում մայրս ու Խասա բիբին իրենց սիրտը կոտրված որբուկների համար» (էջ 49): Մի փոքրիկ նկարագրության մեջ միևնույն դարձվածքը գործածվում է երեք անգամ, որը ինքնանպատակ չէ. դարձվածքի կրկնության միջոցով նկարագրվող իրավիճակի տպավորությունը կրկնակի ազդեցիկ է դառնում. սրանով ևս մեկ անգամ հեղինակն ընդգծում է իր որբ հերոսների՝ Շոմիկի ու Բաբկենի ծանր ու դժվարին ճակատագիրը:
Առհասարակ միևնույն դարձվածքի կրկնությանը կամ հոմանիշ դարձվածքների գործածությանն է դիմում գրողը հերոսների հոգեբանական անելանելի իրավիճակները պատկերելիս: Ահա սարսափած Շոմիկը. «Անտոնը որ ձեռք է բարձրացնում, իմ ծնկները թուլանում են, դասարանում ամեն ինչ խառնվում է իրար, մթնում են աչքերս» (էջ 46): Ծնկները թուլանալ, իրար խառնվել, աչքերը մթնել (վախենալ, հուզմունքից (վախից) իրեն կորցնել, վախից տեսողությունը թուլանալ) հոմանիշ դարձվածքներով հեղինակը խտացված խոսքի մեջ կրկին ամփոփում է մեծ ասելիք: Այստեղ հետաքրքրական է նաև այն, որ դաձվածքներով են ձևավորվել ամբողջական նախադասությունները: Այս հատկանիշը, ի դեպ, բնորոշ է բայական դարձվածքներին, որոնք «կարող են «իրենցով լցնել» ամբողջ նախադասությունը»[5]:
Սիրտ մրմռացնող, հոգի տակնուվրա անող պատկերներով հարուստ է վեպը, որոնք ավելի ջերմ ու անմիջական են դառնում կրկին դարձվածքների առկայությամբ: Քեռու տանն ապավինած Շոմիկին ձմռան մի ցուրտ գիշեր դուրս են անում տնից, և խեղճ մանուկը, ցրտից դողալով, քայլում է խավարում՝ անհայտ ուղղությամբ: Իր հերոսի թշվառ ու անօգնական վիճակը հեղինակն ամփոփում է նվազաբերության հենքով առաջացած մի դարձվածքում. «Գնում եմ անհույս, ահից ու ցրտից կծկված, դարձած մի բուռ ու լաց եմ լինում» (էջ 60): Մի բուռ (փոքրամարմին) անվանական դարձվածքը, խոսքի բովանդակությամբ պայմանավորված, բնագրային գործածության մեջ ձեռք է բերել նաև խեղճ ու անօգնական իմաստը (մի բուռ +դառնալ): Որբ Շոմիկի միակ ու անփոխարինելի պաշտպանը մայրն է, որի կերպարը էական դեր է խաղում վիպական ողջ հյուսվածքում (այս մասին վկայում են վերը նշված օրինակները): Ահա նա՝ աշխարհով մեկ եղած, անչափ ուրախացած մայրը, երբ իմանում է, որ իր որդին վերջապես պիտի դպրոց գնա: Մոր սերն ու անսահման նվիրումը որդուն հեղինակը արտահայտում է դիպուկ մի դարձվածքով. «Գնանք, աչքի լույս: Կյանքը ձեռքը մեկնել է մեզ, կապրենք…» (էջ 135): Ոճական յուրահատուկ արժեք ունեն աչքի լույս, ձեռքը մեկնել դարձվածքները՝ հետևյալ իմաստային կողմերով. աչքի լույս՝ շատ սիրելի, պաշտելի անձ, ձեռքը մեկնել՝ օգնել, սատարել: Նույն միտքը արտահայտվում է քեռի Մոսու խոսքում մեկ այլ դարձվածքով. «Բացվել է կյանքի դուռը ձեր նման որբուկների առաջ…» (էջ 135): Ընդգծված կապակցությունը հանդիպում է առանց հոդի, սակայն, մեր կարծիքով, այվազյանական խոսքում (չնայած որ գործածվել է հոդով) հանդես է եկել դարձվածային արժեքով. դուռ(ը) բացվել, բանալ, բաց անել՝ ելք, հնարավորություն ստեղծել, օգնել, փրկել (նեղությունից դուրս գալու):
Վիպական մեկ այլ հյուսվածքում դարձվածքի գործածությամբ հեղինակը վեր է հանում այն անասելի տառապանքն ու զրկանքները, որ կրել է միայնակ մայրը՝ «դեռ չթևավորված ճուտերն պահելով՝աչքերի մեջ կորած մի հույս»: «Մայրս գլխի է ընկնում, բացատրում է, որ ինքը արյուն-քրտինք չի թափել (դառն աշխատել, չարչարվել), անհեր երեխա պահել, որ տա օտարին» (էջ 31): Ինքնատիպ է նաև աղ ու կրակը թափել դարձվածքը, որը գործածված է սովորական լաց լինել հարադրության փոխարեն: «-Վարդանուշ,- գոմում թնդում է Առաքելի ձայնը,— աղ ու կրակդ մի՛ թափի մեզ վրա, պետք չէ, թող մնա» (էջ 15): Ընդգծված օրինակը, կարելի է ասել, հաճախադեպ գործածություն չունի, սակայն առկա է ժողովրդախոսակցական լեզվում և հեղինակային գործածության մեջ լրացուցիչ նրբիմաստով է առկայացել. արտասվել իմաստին հավելվել է նաև բողոքել, ընդվզել իմաստը:
Վեպում հաճախ հանդիպում են նաև աչք, սիրտ, գլուխ, լեզու, խելք բաղադրիչներով ընդհանուր տարածում գտած դարձվածքներ, որոնք կրկին յուրահատուկ նրբերանգներով են գործածվում գյուղական կորած ու մոռացված, աներևույթ աշխարհում բնակվող շինականների խոսք ու զրույցում: Բերենք բնագրային օրինակներ. «Այն օրից, երբ իմ աչքի առաջ սպանեցին քեռի Ալեքսանին, այդ օրվանից Յապոնը ինձնից չի հեռանում» (էջ 20): «-Լեզուդ շատ ես երկարացրել, Ավան, կկտրեմ…» (էջ78) : «…Բամբասողի լեզվի տակ հո փուշ չկա» (էջ 245): «-Քեռի Մոսին հարձակվում է ,- ետ վերցրու խոսքդ: -Լա՛վ, հորեղբայրս խելքը թռցրել է, ձե՞զ ինչ է պատահել: Խելքդ գլուխդ հավաքիր, հորեղբայր…» (էջ 78): «Հետո էլ ինքս ինձնով հպարտանում եմ, որ թեկուզ գողությամբ, բայց կարողանում եմ Եղեգնաձորում պահել իմ գլուխը և մորս վրա բեռ չդառնալ» (էջ 88): «-Հիմա դու իմ ձեռքից չես պրծնի, ինձ Եգոր կասես…» (էջ 88): «Աչքերն են վառվում մի տխուր կրակով» (էջ 17): «…Իհարկե մեր սիրտը պիտի ցավի մեր երեխայի համար, որ սրտովը ամուսին չունեցավ, դժբախտացավ» (էջ 245):
Աչքի առաջ (մեկի ներկայությամբ, բացահայտ), լեզուն երկարացնել (խոսելու չափ ու սահմանից դուրս գալ, հոխորտալ), լեզվի տակ փուշ չլինել (անարգել խոսել), խելքը թռցնել (խելքից, բանականությունից զրկվել, հիմարանալ), խելքը գլուխը հավաքել (սթափվել, ուշքի գալ, իրեն հավաքել), գլուխը պահել (մի կերպ ապրել, գոյությունը պահել), ձեռքից պրծնել (ազատվել), աչքերը վառվել (մեծ հուզմունքից աչքերը փայլել, ներքին ապրումներն արտահայտվել աչքերի փայլով), սիրտը ցավել (վշտանալ, տխրել) և նման դարձվածքներով ոչ միայն տիպականացվում են վիպական կերպարները, այլև ընդգծվում է նրանց սոցիալական հոգեբանությունը:
Այվազյանի վեպում գործածված դարձվածքների քննությունը վկայում է, որ դարձվածքների հարստության ու հարատևության հորդահոս աղբյուրը ժողովրդախոսակցական լեզուն է, որին անխարդախորեն հավատարիմ է մնացել մեծ գրողը: Դարձվածքների ընձեռած անսահման հնարավորություններից օգտվելով՝ գրողը սեղմ ու դիպուկ խոսքի մեջ կարողացել է խտացնել իր մեծ ասելիքը: Ս. Մելքոնյանն է նկատում. «Դարձվածքները խտացված խոսքի անզուգական արտահայտություն են: Դարձվածքների սեղմությունը պայմանավորող հիմնական հանգամանքը բառը ընդհանրացման մեծ ուժով օգտագործելն է… Խոսքի սեղմությունը պայմանավորվում է ոչ միայն նրանով, որ սրանց մեջ ավելորդ ոչ մի բառ չկա, այլ որ շատ սովորական, «հասարակ» բառերը հանդես են գալիս որպես խոր բովանդակության կրողներ, որպես խորհրդանիշ»[6]:
Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ դարձվածքների տեղին և ճիշտ գործածությամբ Ս.Այվազյանի խոսքն արդեն ինքնատիպ է ու հարուստ ժողովրդայնությամբ, որ հնչում է գյուղական մաքուր ու անաղարտ բնաշխարհից ծնունդ առած շինականի շուրթերից և նորից վերադառնում հեղինակի ակունքներին:
[1] Ս.Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Ե., 1984, էջ 200:
[2] Ս.Այվազյան, Ասուր, հե՜յ, Ասուր, Ե., 1985 , էջ 4:
[3] Դարձվածքների բացատրությունները կարելի է գտնել` Պ.Բեդիրյան, Հայերենի դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևան, 2011, Մ.Սուքիասյան, Ա.Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երևան, 1975:
[4] Մ.Աբեղյան, Երկեր, հ. Ը, Ե., 1985, էջ 120:
[5] Պ. Բեդիրյան, Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն, Ե., 1973, էջ 184:
[6] Ս.Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Ե., 1984, էջ 193: