Զանգեզուրի սահմանամերձ շրջաններում Հայոց ազատամարտի նշանավոր ռազմիկ Սեբաստացի Մուրադի գլխավորած զանգեզուրյան մարտական ուժերի հուժկու հարվածների հարկադրանքով թուրք պարագլուխները ճարահատյալ պարզում են սպիտակ դրոշը և հայերի նկատմամբ որևէ թշնամական քայլ չձեռնարկելու երդումով ու խոստումով հաշտություն են խնդրում: Այդ հաղթական կռիվներից հետո Մուրադը սահմանների պաշտպանությունը հանձնարարում է սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական ուժերի տնօրինությանն ու դարձյալ վերադառնում Ղափան:
Արդեն հասունացել էր գլխավոր խնդիրը լուծելու ժամանակը: Անհրաժեշտ էր հարձակվել և ոչնչացնել թուրք ցեղապետների՝ բեկերի որջը:
Ղափանի շրջանում իրենց ավազակային գործողություններով հայտնի Տանձավեր գյուղի բեկեր Սուլթանովները, թուրք հրոսակախմբերի գլուխն անցած, ամիսներ շարունակ անպատիժ ասպատակում էին հայոց գյուղերը: Օգոստոսի 1-ին թուրք զինյալ խմբերը հարձակվում են Տաթև գյուղի վրա և հանդիպելով տեղի քաջակորով գյուղացիների դիմադրությանը՝ նահանջում: Չանցած մի քանի օր՝ ավելի մեծաքանակ ուժերով վերսկսելով հարձակումը՝ թուրքերը թալանում և մոխրակույտերի են վերածում հայերի ամառանոցները:
Թուրք ավազակախմբերի գազանային արարքներին անհրաժեշտ էր վճռական հակահարված տալ, և օգոստոսի 8-ին թշնամու ավազակաբույնները ոչնչացնելու դիտավորությամբ Մուրադը, մարտական ջոկատի գլուխն անցած, արշավում է Տանձավեր և Աղվանիկ գյուղերը, ուր կենտրոնացել էին Սուլթանովների գլխավոր ուժերը:
«Մուրատը բաժանեց իր խումբը մի քանի տասնեակների: Աւոն իր տասնեակով գրաւեց գիւղի աջ կողմի բարձր դիրքը: Մի ուրիշ տասնեակ Սմբատ Եղիազարյանի ղեկավարութեամբ անցաւ գիւղի ձախ կողմը: Մուրատը, վերցընելով իր հետ Դրոյի, Մկրտիչի, Կնեազի, Կայծակ Առաքելի և Արսէնի տասնեակները, մտաւ գիւղը …»[1]:
Հարձակումը սկսելուց առաջ, համաձայն կռվի մասնակից Սահրադի (Մկրտիչ Աղամալյան) վկայության, Մուրադը խստագույնս պատվիրում է. «…Ձեռք չտալ կնոջ, երեխայի, ծէրէրի և թալանի»[2]:
Քեռին, իր խմբով դիրքավորվելով գյուղի մոտակա բարձունքներին, պիտի հսկեր թուրքական այլ ուժերի տեղաշարժերը, որոնք կարող էին անսպասելիորեն հայտնվել և ծանր կացության մեջ գցել հայ զինվորներին: Ապահովելով իր մարտախմբի թիկունքը հնարավոր հարձակումից՝ Մուրադի հրահանգով մարտական խմբերը մրրիկի ուժգնությամբ ներխուժում են թուրքերի որջը:
Տանձավեր և Աղվանիկ գյուղերի կռիվների լուսաբանմանը նվիրված հուշագրությունում ներկայացնելով այդ ուշագրավ պահը՝ Սահրադը գրում է. «Հնչեց պատերազմական փողը: Տասնապէտները առանց կանգ առնելու իրենց խմբերով, ուռաներով մտան գիւղերը: Հրդեհը սկսեց լափէլ թշնամու տները: Դիմադրողները իսկոյն եւ եթ ընկնում էին քաջերի գնդակներից: Այն բէգէրը ու աւազակապէտերը, որոնք ամբողջ երկու տարի սարսափի մէջ էին թողել, այժմ մի քանի րոպէ չէին կարողանում դիմանալ հայդուկի դիմադրութեան, անամոթաբար փախչում էին՝ թողնելով ամեն ինչ»[3]:
Չանցած մեկ ժամ ահեղ դատաստանին արժանացնելով թուրք բեկերի գլխավորած ավազակաբարո ամբոխին՝ հայ մարտիկները, բեռնված թշնամուց գրաված զենքով ու զինամթերքով, հեռանում են այրվող գյուղերից:
Տանձավեր և Աղվանիկ թուրքաբնակ գյուղերի կործանումը չափազանց կարևոր էր: Հայ ինքնապաշտպանական ուժերը կարողանում են վերջնականապես ջախջախել հայկական բնակավայրերի վրա հարձակումներ ձեռնարկող թուրքական ցեղախմբերի գլխավոր կազմակերպիչներին և առաջնորդներին՝ հանրահայտ ավազակապետեր Սուլթանովներին:
Օգոստոսի 2-ին թուրքական մեկ այլ հրոսակախումբ, հիմնականում Զանգեզուրում իրենց ավազակային և թալանչիական գործողությունով հանրահայտ Ղաթար գյուղի բնակիչները, թարաքամաների (քոչվորներ) ձիավորների համագործակցությամբ հարձակվում են Ղափանի Մելիք-Ազարյանի գործարանի և Բեխ հայկական գյուղի վրա: Իսկ մի քանի օր անց՝ օգոստոսի 11-ին, թուրք ավազախմբերը, հավաքվելով թուրքաբնակ Ղաթար գյուղում, պատրաստվում են հարձակվել ու հողին հավասարեցնել Կավարթ գյուղը: Տեղեկանալով թուրքերի մտադրություններին՝ Մուրադը որոշում է կանխել հակառակորդին և ընդամենը 20 ձիավորներով գալիս է Կավարթ և իր ջոկատը համալրելով տեղի մարտունակ ուժերով՝ արշավում է թուրքական ուժերի հավաքատեղիի վերածված Ղաթար գյուղի վրա: Առավոտյան, երբ թուրքերը դեռևս քննարկում էին հայկական գյուղերի վրա հարձակվելու ծրագրերը, Մուրադը հասնում է Ղաթար և մարտախումբը երեք մասի բաժանելով՝ տարբեր ուղղություններից սրընթաց նետվում թշնամու վրա.
«…Մուրատը,- նշում է այդ կռիվը ներկայացնող վավերագրությունը,- հայդուկներով խուժեց գիւղ: Սկսւեց կռիւը: Հրդեհը սկսեց կլանել տները: Այս կրակի ու տարափի տակ, որը կարկտի պէս թափւում էր թուրքէրի տներից, Մուրատը իր հետ ունենալով Աւօին, Մկրտիչին, Կայծակին, Դրօին. ճեղքեցին թշնամու շարքերը ու անցան գիւղի տակը՝ տարածելով մահ ու սարսափ»[4]:
Մուրադի սրընթաց գրոհից մի պահ շփոթահար թուրքերը, վերստին սթափվելով, պատսպարվում են տներում և գնդակների հեղեղով դիմավորում հայ զինվորներին: Հրաշքներ էին գործում ֆիդայիները. փորից վիրավոր Կայծակ Առաքելը, անտեսելով ընկերների թախանձանքները, համառորեն շարունակում է մարտնչել:
Մուրադը, ուշադրություն չդարձնելով թշնամու դիրքերից կարկտի ուժգնությամբ տեղացող գնդակներին, հայտնվում է ամենաշիկացած տեղերում:
«Կռիւը,- պատմում է Սարհատը,- թշնամու կողմից օրհասական էր: Ժամը 12-ին Մուրատը ձիօւ պտտեց դիրքերը՝ խրախուսելով հայդուկներին»[5]:
Հանկարծ կռվի ամենաթեժ պահին Մուրադին են ներկայանում գյուղում գտնվող պարսկահպատակ թուրքերը և խնդրում նրանից՝ թույլ տալ գյուղից դուրս բերել իրենց ընտանիքները: Իրոք, զարմանք են հարուցում հայդուկի դրսևորած գթասրտությունն ու ասպետականությունը: Այս պարագայում կարող էր բնավ ուշադրության չարժանացնել պարսկահպատակ թուրքերի խնդրանքը, չէ՞ որ գյուղում նրանց ներկայությունը զուտ պատահական չէր: Բայց նա մեծահոգաբար ընդառաջում է նրանց խնդրանքը և ավելին. «… կարգադրւեց կռիւը դադարացնել…Մուրատը առաջարկեց բացի իրանց ընտանիքներից թող դուրս գան գիւղի կանայք, երեխայք և ծէրէր: Նրանց երկու հայդուկի հետ ապահօւ ճանապարհեցին մօտակա թուրք գիւղը»[6]:
Պարսկահպատակների, ինչպես նաև գյուղի կանանց, երեխաների ու ծերերի դուրս գալուց հետո գյուղում մնում են միայն կռվողները:
Անտեղի զոհերից խուսափելու նպատակով Մուրադը երեք անգամ թշնամուն առաջարկում է անձնատուր լինել՝ խոստանալով խնայել հանձնվողների կյանքը, սակայն թուրքերը, մերժելով հայերի առաջարկը, շարունակում են դիմադրել: Պայթուցիկ նյութերով խորտակելով հակառակորդի դիրքերը՝ հայ մարտիկները քաջարի Սեբաստացու առաջնորդությամբ ներխուժում են թշնամու պաշտպանության հանգույցն ու անխնա կոտորում արդեն երկրորդ տարին հայոց գյուղերն ասպատակող Սուլթանովների հրոսակախմբերին:
«Մեր կռիւը,- իր պատմությունը եզրափակում է Սարհատը,- տևէց 15 ժամ, այրւեց ամբողջ գիւղը: Մուրատի ռազմագիտական տաղանդն ու սառնասրտութիւնը ու մէր հայդուկային խմբի անձնազոհությունն էր, որ հաղթեց Ղաթարի նման ահագին հուժկու կազմակերպւած գիւղը թարաքամանէրի (քոչվորներ) հետ միասին:
Այդ օրը թշնամին 300 աւել զօհ տւեց»[7]:
«Մուրատի,- հավաստում է այդ կռվի լուսաբանմանը նվիրված մեկ այլ վավերագրությունը,- ռազմագիտական ձիրքի և մի բուռ հայդուկների ոգևորիչ անձնուիրութեան շնորհիւ էր, որ յաջողուեց յաղթել Ղաթարի նման լաւ կազմակերպուած գիւղը ու կոտորել թարաքամաններին միացած ուժերին»[8]:
Ընդհարումների օրերին, թեև հայ ինքնապաշտպանական ուժերը հսկում էին գավառի սահմանները, այնուամենայնիվ, Զանգեզուրի տարածքն են թափանցում Բարգուշատի, Ղարաբաղի, Պարսկաստանի կողմերից եկած մահմեդական հրոսակախմբեր, որոնք, միանալով տեղացի թուրքերին, ասպատակում են հայկական գյուղերը: Հայ ինքնապաշտպանական ուժերը հարկադրված գործում են բազմապատկված ծանրաբեռնվածությամբ: Զարմանք է հարուցում, թե ինչպես է Մուրադը կարողանում ֆիդայիների և Զանգեզուրի ինքնապաշտպանական խմբերի գլուխն անցած՝ արագ տեղաշարժերով հայոց գյուղերը պաշտպանել մահմեդական ջոկատների պարբերաբար շարունակվող հարձակումներից:
Ամռան ամիսներին Զանգեզուրի տարածքում և մասնավորապես Ղափանի շրջանում ընթացող մարտերն աչքի էին ընկնում ոչ միայն իրենց սաստկությամբ, այլ նաև աննախադեպ ծավալվածությամբ ու ընդգրկումներով: Մի շարք բնակավայրերում կռիվներն ընթանում են միաժամանակ: Նույն օրերին, երբ Մուրադի գլխավորած մարտախմբերը Տանձավեր և Աղվանիկ գյուղերում տեղի ունեցած գոտեմարտերում ջախջախում էին Սուլթանովների հրոսակախմբերին, դաժան կռիվներ էին ընթանում Քաջարանում: Վերին Ղափանում գտնվող, երեք կողմերից բարձր լեռներով շրջապատված Քաջարան գյուղը, չնայած իր բնական ամուր դիրքին, բավականին վտանգավոր կացության մեջ է հայտնվում: Գյուղը, շրջապատված լինելով թուրքաբնակ բնակավայրերով, փաստորեն, հայտնվում է թշնամական ուժերի կիզակետում: Վերին Ղափանի հինգ գյուղեր էին. «Քաջարանց 75 տուն, Հանդ 35 տուն, Քուրդիկանց 40 տուն, Փուխրուտ 23 տուն և Մազրա 15 տուն»[9]:
Ի տարբերություն թուրքաբնակների, որոնք կենտրոնացված էին մի տեղում, հայկական գյուղերը գտնվում էին միմյանցից զգալի հեռավորության վրա: Հայկական գյուղերի անջատվածության աննպաստ իրողությունը լրացուցիչ խոչընդոտներ է հարուցում ինքնապաշտպանությունը առավել ամուր հիմքերի վրա դնելու և վտանգի պահին փոխհամագործակցությունն ու փոխօգնությունը ժամանակին ապահովելու գործում: Չնայած առկա դժվարություններին՝ Մուրադին իր զինակիցներով հաջողվում է տեղի մարտական ուժերի համագործակցությամբ կազմակերպել նաև Վերին Ղափանի գյուղերի ինքնապաշտպանությունը: Համակողմանիորեն արժևորելով այդ տարածքի աշխարհագրական դիրքի յուրահատկություններն ու հաշվի առնելով այն իրողությունը, որ հակառակորդի հարձակման դեպքում թուրքերը, անպայմանորեն հսկողություն սահմանելով հաղորդակցության ուղիների վրա, կանջրպետեն Վերին Ղափանի գյուղերը մեկը մյուսից, Մուրադը հրահանգում է հարևան շրջանի՝ Գենվազի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությանը առաջին իսկ ահազանգի դեպքում անմիջապես շտապել օգնության:
Հայկական գյուղերի բնակիչները, խուսափելով ընդհարումներ սանձազերծելուց, մեծ ջանքեր են գործադրում այլադավան հարևանի հետ հաշտ ու խաղաղ ապրելու ուղղությամբ, սակայն. «…չնայած դրան, Օղշի-Ղաթարի պղնձահանքերը տանող ճանապարհը փակ էր հայերի համար, և պատահած հային որսում, անհետ կորցնում էին կիսաճանապարհին՝ Կռթաթաղ թուրք հասարակութեան հողում՝ Բաղաբերդի հին ամրոցների մօտ»[10]:
Նման իրավիճակ, իհարկե, երկար հանդուրժել չէր կարելի: Շուտով Հալիձորի մոտակայքում հայ վրիժառուների զոհն է դառնում թուրքերի գլխավոր պարագլուխներից մեկը՝ օխչեցի Հաջի բեկ Մելիք-Շաֆրիևը, և այդ սպանությունից հետո վերին Ղափանում ժամանակավորապես խաղաղություն է հաստատվում: Ավելին, թուրքերը հայերի զգոնությունը բթացնելու նպատակով հաշտության են կոչում իրենց քրիստոնյա հարևաններին և միաժամանակ գաղտնի տենդագին պատրաստություն տեսնում: Նրանք նպատակադրվում են մեծաքանակ ուժեր կենտրոնացնել և զանգվածային հարձակումներ գործել հայկական գյուղերի վրա:
Նրանց գլխավոր թիրախը պիտի լիներ Քաջարան գյուղը: Հայերը, իրենց հերթին հետևելով թուրքերի տեղաշարժերին, նկատում են «…որ Շուբադին գիւղում երևում են օտարոտի անձնաւորութիւններ, և ճանաչում են Նախիջևանի գաւառի թևի գիւղից եկած աւազակապետ Սուլէյմանին, Շիրալուն և յայտնի Մուրթուզին»[11]:
Թուրքերի կողմից ձեռնարկած քայլերը այլևս որևէ կասկած չեն հարուցում, որ նրանց կողմից հայկական գյուղերի վրա իրականացվելիք հարձակումը հաշված օրերի հարց է:
Օգոստոսի 10-ի առավոտյան, վաղօրոք խիստ հսկողություն սահմանելով հայկական գյուղերը միմյանց կապող ճանապարհների վրա, Օխչի, Փիրվարտան, Ատկզ և Շաբադին գյուղերի բազմահազար զինյալներն ու նրանց միացած, Նախիջևանից Զանգեզուրի տարածքը սողոսկած մահմեդական հրոսակախմբերը նախիջևանցի հայտնի ավազակապետ Սուլեյմանի գլխավորությամբ հարձակվում են Քաջարանի վրա: Գյուղի ինքնապաշտպանական ուժերը, հայտնվելով պաշարման երկաթյա օղակում և մեկուսացած լինելով արտաքին աշխարհից, առանց խուճապի մատնվելու, համապատասխան դիրքեր են գրավում և սառնասրտորեն ընդունում անհավասար մարտը: Երեք օր ու գիշեր քաջարի քաջարանցիները, անկոտրում համառությամբ դիմագրավելով, հետ են մղում թշնամու բոլոր գրոհները ու խափանում գյուղ ներխուժելու նրա փորձերը: Նույն պահին «Վերին Ղափանի հայ գիւղացիները Մազրայի բարձունքներից նկատում են հրեղեն բոցերը, բայց չնչին թիւ կազմելով՝ անկարող են լինում օգնութեան գնալ, մանաւանդ որ թուրքերը նախօրոք թէ դիրքերն են բռնած եղել և թէ Քաջարան մտնելու և օգնութեան գալու համար՝ պէտք է նախ 300 տնից բաղկացած Օխչին և 25-30 տնից բաղկացած Ատկզը հիմնահատակ կործանել, կոտորել և ապա նոր անցնել»:[12]
Քաջարանցիների պաշտպանական կարևորագույն հենակետը գյուղի եկեղեցին էր: Հակառակորդը, որպեսզի կարողանար ներխուժել գյուղ, նախ և առաջ պիտի հաղթահարեր եկեղեցու մերձակա պաշտպանական դիրքերը: Թուրքերը, հաշվի առնելով գյուղի պաշտպանության գործում եկեղեցու դիրքի վճռորոշ նշանակությունը, վճռական հարձակում են ձեռնարկում հենց այդ ուղղությամբ և կարողանում են պայթեցնել նախ եկեղեցուն կից քահանայի տունը, ապա, մեծ քանակության պայթուցիկ՝ դինամիտ բերելով, փորձում պայթեցնել նաև եկեղեցին, որի պատերի հետևում, կտուրի վրա ու մերձակա դիրքերում այդ պահին մարտնչում էին ավելի քան 590 քաջարանցիներ[13]:
Ամենավճռորոշ պահն էր. եթե թուրքերին հաջողվեր պայթեցնել եկեղեցին և խորտակել այնտեղ պաշտպանվողների դիմադրությունը, ապա դյուրությամբ կներխուժեին գյուղ, և քաջարանցիները կհայտնվեին օրհասական, անելանելի իրավիճակում: Գյուղի պաշտպաններին ի զորու էին փրկության ձեռք մեկնել միմիայն հարևան շրջանների հայ ինքնապաշտպանական ուժերը: Ահա այստեղ էր, որ վճռորոշ խոսքը պիտի ասեին ինքնապաշտպանական տարբեր շրջանների միջև հաստատված կապն ու փոխհամագործակցությունը և ինքնապաշպտանության ընդհանուր կազմակերպվածության կայունությունն ու կենսունակությունը:
Վաղօրոք ստանալով վտանգված գյուղերին անհապաղ օգնության շտապելու Մուրադի հրահանգը՝ Գենվազի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը թուրքերի հարձակման լուրը ստանալուն պես տեղի մարտախմբերով անհապաղ ուղևորվում է պաշարված Քաջարանին օգնության:
«Կրիտիկական,- հավաստում է այդ կռիվները լուսաբանող թղթակցությունը,- մօմենտ էր: Եթէ մի քանի ժամ ուշանար տղերանց օգնութիւնը, բոլորը անդառնալի կը կորչէին: Բայց ահա, Մեղրիից քաջ Ենոքի առաջնորդութեամբ Գենուազի անվեհեր մարտիկները՝ եղբայրներին և քոյրերին ազատելու տենչով հասնում են, և մի աննկարագրելի ուժգնությամբ գրոհ են տալիս»[14]:
Որպեսզի կարողանար հասնել քաջարանցիներին օգնության, գենվազի մարտախումբը նախ պետք է խորտակեր մինչև Քաջարանը ձգվող թուրքերի հարուցած արգելապատնեշները: Գենվազցիները սրընթաց հարձակումով հաղթահարում են հակառակորդի դիմադրությունը և արժանի դատաստանի արժանացնելով Ատկզ և Օխչի թուրքաբնակ գյուղերը՝ արագորեն մեկնում պաշարված քաջարանցիներին օգնության:
Գենվազցիների օգնությունը ճիշտ ժամանակին էր: Համատեղ ուժերով ջախջախելով թշնամուն՝ հայ մարտիկները, չբավարարվելով նվաճած հաղթանակով, զարգացնում են հարձակումը և մոտենում Քաջարանին մերձակա 100 տուն ունեցող թուրքաբնակ Շաբադին գյուղին: Ոգևորված Գենվազցիների քաջագործություններով՝ մարտադաշտում են հայտնվում նաև Վերին Ղափանի, մյուս գյուղերի մարտախմբերը: Համաձայն Մուրադի հրահանգի՝ նրանք թուրքերի հարձակումը հետ մղելուց հետո անպայմանորեն պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում հարձակվեին և հողին հավասարեցնեին թուրքաբնակ գյուղերը: Այդ օրվա մարտերն ընթանում են հենց այդ ուղղվածությամբ:
Անշեղորեն կատարելով իրենց հրամանատարի հրահանգը՝ Գենվազի և վերին Ղափանի միացյալ ուժերը՝ Ենոքի ընդհանուր հրամանատարությամբ, հարձակվում են Շաբատինի վրա և ներխուժելով գյուղ՝ հիմնահատակ կործանում են այն, ապա գերեվարում ու արժանի դատաստանի արժանացնում այնտեղ ապաստանած մի քանի ցեղապետների: Իրենց հերթական անելիքները որոշելու նպատակով հայ մարտական ուժերը կենտրոնանում են Հանդ գյուղում, ուր գալիս է նաև Դաշնակցական Խեչոյի գլխավորած մարտախումբը: Նրանց վճիռը միակն էր, անհրաժեշտ էր իրագործել հրամանատարի՝ Մուրադի հրահանգը և լավագույնս օգտագործելով ընձեռված հնարավորությունը՝ հարձակվել թուրքաբնակ մյուս գյուղերի վրա: Նշանավոր Խեչոն այնտեղ եկել էր հենց այդ առաքելությամբ: Առաջնորդվելով Մուրադի սահմանած որոշմամբ՝ հայ ինքնապաշտպանական ուժերը շարունակում են իրենց հաղթարշավը և ներխուժում Փիրվարտան գյուղը:
Անդրադառնալով այդ օրերին ընթացող մարտերի լուսաբանմանը՝ Սարհադը (Մկրտիչ Աղամալյան), որն այդ ժամանակ գլխավորում էր Ղափանի շրջանի մարտախմբերից մեկը, իր հուշագրությունում նշում է. «…Կալէրից Ենօկը իւր խմբով և Խեչօն իւր խմբով, որին ուղարկել էր Մուրատը, թշնամուն քշում են իրենց գիւղերը և կրակում են թուրքէրի Օխշին, Շաբատին և Ատկիչ գիւղերը: Տեղեկութիւն ենք ստացել, որ կռիւը կենտրոնացել է Փիրւարտան («Դրօշակի» թղթակցությունում այդ գյուղը անվանվում է Փիրւարտան՝ Հ.Գ.) թուրք գիւղում»[15]:
Հայ մարտական խմբերն արագորեն խորտակում են Փիրւարտանի պաշտպանների դիմադրությունը, քանդում և հրդեհում են ողջ գյուղը:
Վերին Ղափանում ընթացող կռիվների լուսաբանմանը նվիրված վավերագրությունում, ամփոփելով հայ ինքնապաշտպանական ուժերի նվաճումները, հեղինակը նշում է. «Թուրքական հինգ գիւղեր էլ ոչնչացած, աւերւած են, և այժմ բնակիչները քաղցած, մի կերպ հաւաքւել են իրենց գիւղերը և քարշ են տալիս իրենց թշւառ գոյութիւնը:
Նրանք կորցրել են իրենց բոլոր ունեցւածքները: Թուրքական չորս գիւղերի սպանւածները 4-5 հարիւրի կարող է հասնել, իսկ վիրաւորները էլ աւելի»[16]:
Ինչպես արդեն նշվել է, Զանգեզուրում, մասնավորապես Ղափանի շրջանում, կռիվները միաժամանակ ընթացել են մի շարք վայրերում: Նույն օրերին, երբ հայ ինքնապաշտպանական ուժերը, դիմելով հակահարձակումների, հողին էին հավասարեցնում թուրքաբնակ գյուղերը, թուրքերը հարձակվում են հայկական Ուջանիս գյուղի վրա: Վտանգված գյուղին՝ Ուջանիսին, օգնության է հասնում Յապոնի (Հովհաննես Պարոնյան, այդ օրերին Մուրադին օգնելու նպատակով Գորիսից մարտախմբով տեղափոխվել էր Ղափան՝ Հ.Գ.) գլխավորած մարտախումբը:
Պիտի նկատել, որ այդ օրերին Զանգեզուրում, հատկապես Ղափանի շրջանում, կռիվներն ընթացել են ոչ միայն միաժամանակ մի շարք գյուղերում, այլև եղել են դեպքեր, երբ թուրքական հրոսակախմբերը հայկական բնակավայրերի վրա հարձակումներ են ձեռնարկել մի քանի անգամ: Այս առումով ուշագրավ է Ուժանիս գյուղի համար մղված մարտերը:
1906 թ. մայիսի սկզբներին թուրքերը ռուսական բանակի նախկին սպա, Զանգեզուրի թուրք բնակչության առաջնորդներից մեկի՝ Իլդրիմ Բեկի որդու գլխավորությամբ, որին միացել էին նաև Ղարադաղի խաներից Բաղր խանի առաջնորդած 500 զինյալները, անակնկալ հարձակում են գործում Ուժանիսի վրա: Այդ գյուղի ինքնապաշտպանակն ուժերը թեև թվաքանակով զգալիորեն զիջում էին հակառակորդին, սակայն բնավ չենթարկվելով վախի ու խուճապի՝ դիմում են ինքնապաշտպանության: Եթե Ուժանիսի սակավաթիվ մարտիկներին ժամանակին օգնության չհասնեին հարևան գյուղերի մարտական ուժերը, ապա գյուղն անկասկած կարող էր հայտնվել անելանելի իրավիճակում: Այդ նույն պահին, երբ թուրքերը պաշարում էին Ուժանիսը, Զանգեզուրի մարտախմբերից մեկը` Յապոնի գլխավորությամբ, գտվում էր Ագարակ գյուղում:
«… մէկ էլ,- գրում է Յապոնը,- մի ոտաբոբիկ ու շապկանց հայ գիւղացի ներս ընկաւ սենյեակս ու՝ — Պարոն Եապօն, թուրքերը գիւղը կրակ տուին-ասաց ու ուշագնաց ընկաւ: Խեղճը արագ վազելուց ու վախից շունչը սպառել էր ու չկարողացաւ էլ ասել՝ թէ խօսքը որ գիւղի մասին է»[17]:
Համաձայն Զանգեզուրում սահմանված անխախտ զինվորական կարգապահության` նման դեպքերում որևէ հայկական բնակավայրին սպառնացող վտանգի մասին լուրն առնելուն պես հարևան գյուղերի ինքնապաշտպանական ուժերը պարտավոր էին անհապաղ շտապել օգնության: Գուժկանից տեղեկանալով Ուժանիսին սպառնացող վտանգի մասին՝ Յապոնն անմիջապես ոտքի է հանում Ագարակի, ապա նաև Եղվարդի զինված ուժերն ու արագորեն ուղևորվում Ուժանիս: Իսկ այդ ընթացքում թուրքերն արդեն հասցնում են գրավել գյուղի մերձակա բարձունքները և գրոհներ ձեռնարկելով՝ ներխուժել գյուղ: Ուժանիսի մարտիկները պաշտպանական դիրքեր են գրավում, և որպեսզի խնայեն փամփուշտի իրենց սահմանափակ պաշարները, սկսում են թուրքերի բուռն համազարկերին պատասխանել հատ ու կենտ կրակոցներով: Եթե Յապոնի գլխավորած մարտիկներին չհաջողվեր թուրքերին դուրս մղել գրավված բարձունքներից, ապա անհնարին կլիներ ներխուժել գյուղ և օգնել թշնամու օղակում համառությամբ մարտնչող ուժանիսցիներին: Ելքը միակն էր. անհրաժեշտ էր անշշուկ ու աննկատ մոտենալ թուրքերի դիրքերին և սրընթաց գրոհ ձեռնարկել: Ներկայացնելով այդ վճռական պահը՝ Յապոնը նշում է. «Տղաներին փռելով սարի կրծքովը մէկ՝ պատուիրեցին զոյգ զոյգ անծպտուն բարձրանալ մինչև թշնամիին նկատելի դառնալու կէտը ու այնտեղ տապ արած՝ սպասել նշանին: Նշանը առնելուն պէս իւրաքաչիւրը պէտք է առնէր իր առաջը գնացող թշնամուն ու քշէր ցած, դէպի ձորը»[18]:
Թուրքերի, որոնց ուշադրությունը գլխավորապես բևեռվել էր գյուղի վրա, տեսադաշտից վրիպում է Յապոնի մարտախմբի տեղաշարժերը: Հայ մարտիկներին հաջողվում է աննկատ բարձրանալ բարձունքներն ու ընդհուպ մոտենալ հակառակորդի դիրքերին:
«Երբ,- շարունակում է Յապոնը,- այնքան մօտեցայ, որ թշնամու խօսակցութիւնը ականջիս հասաւ, անշշուկ տեղումս նստեցի՝ նոյնը նշան անելով կողքիս զինուորին, սա էլ հարևանը ու այսպէս ամբողջ շարքին: Մի քանի րոպէ սպասեցի, որ շունչ առնինք:
… Երբ շունչներս առել էինք՝ տասնոցս քաշեցի ու որքան կոկորդումս կար՝ տղե՛րք, յառա՜ջ գոռացի…»[19]:
Հայ մարտիկները, միասնաբար համազարկեր տեղալով և «ուռա՜» գոչելով ու միաժամանակ մարտական փողեր հնչեցնելով, սրընթաց գրոհում են հակառակորդի դիրքերին: Թուրքերը, այդ սրընթաց ու անսպասելի գրոհից խուճապի մատնվելով, լքում են դիրքերը և դիմում փախուստի:
«Իր,- նշում է Յապոնը,- փախուստն այնքան տարերային էր, որ գիւղի շուրջը գտնւող իրենց հսկայական բանակն էլ իրենց մէջ առին ու տարան (նկատի ունի թուրքական գյուղերի անզեն բնակչությանը, որը Ուժանիս էր եկել՝ ուժանիսցների ունեցվածքը թալանելու նպատակով՝ Հ.Գ): Իրար խառնուած թշնամու հազարից աւելի ոյժը մեր մի հարիւրակի առաջ այդպէս փախչելիս մի պահ փորձեց գիւղից ցած «Վանքի Ձորում» կանգ առնել, բայց հայ զինուորի շեշտակի գնդակից խանձուած՝ նորէն թիկունք շուռ տուաւ»[20]:
Այդ նշանավոր կռվից մեկ ամիս անց Իլդրիմ Բեկի որդին իր կորցրած հեղինակությունը վերականգնելու և հայերից վրեժխնդիր լինելու նպատակով դարձյալ արշավում է Ուժանիսի վրա: Այս անգամ թշնամու ուժերը նախորդի համեմատ եղել են սահմանափակ, քանի որ Բաղր Խանը չի համաձայնվել մասնակցել հերթական գործողությանը: Քանի որ թշնամու ուժերն այս անգամ համեմատաբար թույլ էին, ուստի ուժանիսցիները սառնասրտորեն ընդունել են հակառակորդի մարտահրավերն ու կարողացել են հաջողությամբ դիմագրավել գյուղի վրա ձեռնարկված հարձակումները: Ինչպես նախորդ, այնպես էլ այս կռվի ժամանակ, ուժանիսցի պաշտպաներին դարձյալ օգնության է շտապել Յապոնի գլխավորած մարտախումբը:
«Ժամանակին,- վերհիշում է Յապոնը,- լուրը հասաւ ինձ ու կռուի էն տաք ժամին մօտ հարիւր հոգիով հասայ Ուժանիս:
Հայերը իրենց դիրքերում նստած՝ յաջող կերպով պաշտպանւում էին:
Էլ ժամանակ չտուի, որ թուրքերը մեր գալն ու որքան լինելը իմանան: Ուժանիսի աղբիւրի գլուխ կոչուած ձորակից յանկարծակի դուրս ընկանք ու մի մասս կանոնաւոր համազարկերով ու մի մասս անկանոն կարկուտ մաղելով առինք զանոնք կռուի մէջտեղը:
Թշնամին հազիւ կէս ժամ դիմադրել կարողացաւ ու նորէն դաշտի ճամփան բռնեց»[21]:
Հայ ինքնապաշտպանական ուժերը տոնում են հերթական անվիճելի հաղթանակը: Այդ օրն ընթացող մարտերում նրանք պարտության են մատնում ոչ միայն Ուժանիսի վրա հարձակվող թուրք հրոսակախմբերին, այլև զարգացնելով հարձակումը՝ գրավում են Ուժանիսի հարևանությամբ գտնվող Ալմալու և մի քանի այլ թուրքաբնակ գյուղեր:
Ուժանիս գյուղի համար մղվող մարտերում Յապոնի գլխավորած մարտախմբերի քաջագործությունների մասին վկայում է նաև Սարհադը (Մկրտիչ Աղամալյան), որն այդ օրերին Նիկոլ Դումանի հանձնարարությամբ Մուրադին օգնելու նպատակով գտնվում էր Զանգեզուրում:
Խիզախ գրոհով խորտակելով հաղորդակցության ուղիների՝ ճանապարհների վրա վերահսկողություն իրականացնող թուրքական ուժերի դիմադրությունը՝ Յապոնի մարտիկները հասնում են պաշարված գյուղին օգնության:
«…Քաջ Եապոնը,- նշում է Սարհադը,- պատռում է թշնամու շղթան և հետ է քաշում թշնամուն: Թշնամին ամօթաբար հետ է նահանջում՝ թօղնելով մի քանի դիակնէր: Թշնամուն քշում են մինչև իրանց գիւղերը, օգնութեան է հասնում Արսէնը (Չոփուռ Արսեն) իւր խմբով ու կրակում են թշնամու իրէք գիւղերը…»[22]:
Օգոստոսի 14-ին թուրք զինյալ խմբերը դարձյալ, այս անգամ ավելի մեծաքանակ ուժերով, պաշարում են Ուժանիս գյուղը: Տեղի բնակչությունը, չերկնչելով թշնամու բազմությունից, դիմում է ինքնապաշտպանության: Մի շաբաթ անց՝ օգոստոսի 22-ին, թուրք ամբոխին են միանում Ռահիմ ու Ալի խաների առաջնորդութեամբ Պարսկաստանից Զանգեզուր անցած 1500 ձիավորներ, և թշնամին, գոտեպնդվելով ուժերի հսկայական գերակշռությունից, փորձում է ներխուժել գյուղ: Կռվի ամենածանր պահին անսպասելիորեն Յապոնի, Ավոյի ու Հայրիկի մարտախմբերի գլուխն անցած Մուրադը հասնում է մարտադաշտ և հողմի արագությամբ հարվածում մոտալուտ հաղթանակի ակնկալիքով հայ զինվորների դիրքերը գրոհող թուրքերի թիկունքին: Կես ժամ չանցած՝ քաղցն ու ծարավը հայի արյունով հագեցնելու հաճույքներից խանդավառված թուրքերը սարսափահար փախուստի են դիմում:
«Փախչելու ժամանակ քաջ Մուրադը կանչում է թուրքերեն. «Էյ, խանումներ, ո՞ւր էք փախչում, ի՞նչ լուր էք տանում ձեր կանանց, մի երեք-չորս ջան ֆիդայու կռիւ է, եկէք թէյ խմելու, հիւր եղէք, ա՜յ գեղեցիկ խանումներ»[23]:
Հայ մարտիկները հետապնդում են փախչողներին և գնդակահարում մի քանի հարյուր թուրքերի: Ուջանիսի կռվում հակամարտող կողմերի կորուստներն են. «…Ուջանիսը ենթարկւել է երեք անգամ յարձակման. այրւել են 42 մարագ, 15600 խուրձ ցորեն, աւերել են մի քանի ջրաղացներ, սպանել են 5 և վիրաւորել 13 հոգի:
…Գաւառապետի ասելով Ուջանիսի կռւում թուրքերից 600 հոգի են սպանւել»[24]:
Հայկական մարտական ուժերը նույն օրերին թուրքաբնակ գյուղերի վրա հարձակումներ են ձեռնարկում մի քանի ուղղությամբ: Օգոստոսի 26-ին Դաշնակցական Խեչոյի մարտախումբը և Ենոքի գլխավորած Գենվազի մարտիկները Վերին Ղափանում գրոհում ու հիմնահատակ քանդում, այրում են թուրքաբնակ Առաջաձոր, Աջիլու և Թունիս գյուղերը:
Սեպտեմբերի 6-ին Եղվարդի ինքնապաշտպանական ուժերը, ի պատասխան իրենց տավարի նախիրը փախցնող Հալ գյուղի հայտնի ավազակ Իսմայիլ Աբաշ Օղլու ավարառության, հարձակվում են թուրքերի վրա «…յետ խլում տաւարները և թուրքերից բերում են 6 ձի, կրակում Սալդաշ գիւղի բոլոր խուրձերը և անցնում են դեպի Սալդաշի Հարթիզա սարի վրայ գտնւող 8 օբաները, ոչնչացնում են բոլոր ունեցածները և գերի են վերցնում երեք հոգի»[25]:
Սեպտեմբերի 7-ին Յապոնի գլխավորած մարտախումբն ու ինքնապաշտպանական ուժերը քշում են Ղարաչիմանին պատկանող 135 կով, 8 ձի, 9 ջորի և պատրաստվում հարձակվել նաև գյուղի վրա[26]:
1906 թ. ամռան ամիսներին և սեպտեմբերին Զանգեզուրի ինքնապաշտպանական ուժերի ծավալած հարձակողական գործողությունների նվաճումներն ավելի քան ակնառու էին: Եթե չլիներ գավառի իշխանությունների միջամտությունը, ապա արդեն բազմիցս պարտություն կրած թուրքերն արագորեն կարող էին վերջնականապես ջախջախվել:
Հայկական մարտական ուժերն իրենց կազմակերպվածությամբ և հերոսական գործողություններով հրաշալի հնարավորություն են նվաճում Զանգեզուրի տարածքը մեկընդմիշտ մաքրելու մահմեդական բնակչությունից: Սակայն հակամարտող կողմերին սանձելու և գավառում խաղաղություն հաստատելու պատրվակով կոզակական և ոստիկանական զորաջոկատների գլուխն անցած՝ դարձյալ ասպարեզում է հայտնվում գավառապետը:
«Մեծ քաղաքի ընկերներին» հասցեագրած 1906 թ. սեպտեմբերի 10-ի նամակում Մուրադը գրում է. «…այժմ գաւառապէտը 300 զօրքով գտնւում է մեր շրջաննէրում: Ռմբակօծեց հայերի գիւղէրը ու անցաւ թուրք գիւղէրը:
Չգիտենք՝ այստէղ ինչ է կատարւում, շուտով կը վերադառնայ…»[27]:
Զանգեզուրում ծավալվող դեպքերին գավառապետի և զորքի միջամտությունը փրկարար նշանակություն է ունենում արդեն անխուսափելի ջախջախման դատապարտված մահմեդականության համար:
1906 թ. սեպտեմբերի 10-ին «Մեծ քաղաքի ընկերներին» հասցեագրած վերոհիշյալ նամակ-զեկուցագրում Մուրադը ՀՅԴ Արևելյան բյուրոյին տեղեկացնում է իր գլխավորած շրջանների իրական կացությունը և միաժամանակ ներկայացնում երկու՝ հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքները՝ նշելով. «… պարզ կլինի ձեզ համար, թէ ինչ է կատարւել, այժմ միայն տեղեկութիւն տամ քանդւած գիւղերի մասին՝ թէ հայի, թէ թուրքի»[28]:
Նույն նամակում նա նախ ներկայացնում է թուրքերի հարձակումների հետևանքով քանդված հայ գյուղերի ցուցակը. «1. Մօղէս-քառասուն տուն, սպանւած 2 մարդ, 3 կին, 2.Դարաբաղ-քառասուն տուն. սպանւած 3 մարդ, 2 վիրաւոր, 3. Քաջարան- 70 տուն. Սպան-ւած 2 մարդ, 3 կին, 4. Սիւնիք. գօրծարանում սպանւած- 3 մարդ»:
Այնուհետև ներկայացնում է վերջին երկու ամիսների ընթացքում հայ ինքնապաշտպանական ուժերի կողմից կենսագործած գործողությունների հետևանքով թուրքաբնակ քանդված գյուղերի ցուցակը, որտեղ նշում է միայն տների քանակը.
«1. Ինջաւար-20 տուն
- Չուլու-30 տուն
- Քարխանայ-35 տուն
- Էմիջլու-34 տուն
- Ներքին Էմիջլու-15 տուն
- Ալմալու-25 տուն
- Չարուլու-15 տուն
- Կօտակլու-10 տուն
- Էմաջլու-315 տուն
- Աղւանիկ և Տանձաւէր-55 տուն
- Ղաթար-Սալդաշ-Պալուղայիայ-Միջուրլու-800 տուն
- Ատկզ-30 տուն
- Օխչի-250 տուն
- Շաբատին-100 տուն
- Փիրւարտան-80 տուն
- Աւսարլու-20 տուն
- Բողաջղ-22 տուն
- Աջիլու-70 տուն
- Տալաքլու-20 տուն
- Օսանայլու-18 տուն
- Մտնաձոր-10 տուն
- Քօրլուղչլաղ-35 տուն»[29]:
Նույն նամակում Մուրադը տեղեկություններ է հայտնում նաև թուրքաբնակ այլ գյուղերի մասին. «…տարտակ գիւղէր կան, որոնք թողել փախել են, մօտ 15 գիւղ: Սպանւածները մեզ հայտնի չեն, բայց մօտաւորապէս շատ են»[30]:
Մուրադի ներկայացրած ցուցակը, ինչպես արդեն նշվել է, արտացոլում է հայկական մարտական ուժերի միայն 1906 թ. հուլիս և օգոստոս ամիսներին ծավալած գործողությունների արդյունքները: Սակայն պետք է նկատել, որ նախորդ ամիսներին տեղի ունեցած մարտերի ժամանակ ևս հայ մարտիկների պատասխան գործողությունների զոհ էին դարձել զգալի քանակությամբ թուրքաբնակ գյուղեր և բնակիչներ:
Զանգեզուրում և հատկապես Ղափանի շրջանում Մուրադի գլխավորած ինքնապաշտպանական ուժերի անվիճելի հաղթանակները ոչ միայն կտրուկ փոխում են գավառում տիրող հայերի համար աննպաստ կացությունը, այլև զգալիորեն ազդեցություն գործում մահմեդական վերնախավի դիրքորոշման և տրամադրվածության վրա: Ամենուրեք հայ մարտական ուժերի հարվածներից ջախջախված մահմեդական ցեղախմբերից շատերը ճարահատյալ դիմում են հաշտության: Համաձայն Ներսես Մելիք-Թանգյանի հավաստման՝ «Այնուհետև թուրքական խմբեր էին, որ գալիս էին Տաթևի վանքը, հաշտութիւն էին խնդրում, իմ միջնորդութեան էին դիմում, անիծում էին իրենց խաներին, որոնք կոտորածներին պատճառ էին եղած, անիծում էին, որ զուր տեղը կռուեցրին երկու հարևան ժողովուրդներուն»[31]:
Թուրք ցեղապետներից շատերը, մի շարք մարտերում ճաշակելով պարտության դառնությունը, հասկանում են կռիվները շարունակելու վտանգավորությունն ու կործանարար ազդեցության նշանակությունը: Սակայն այդ ճշմարտությունը բոլոր ցեղապետերը չէ, որ հասկանում ու գնահատում են: Նրանցից շատերը, պահպանելով մարտական տրամադրվածությունը, շարունակում են նախապատրաստվել և ուղիներ որոնել կռիվները դարձյալ վերսկսելու ու հայկական գյուղերի վրա վերստին հարձակումներ ձեռնարկելու համար:
Վերոհիշյալ նամակում անդրադառնալով այդ իրողությանը՝ Մուրադը գրում է. «…թուրքերը լուրջ պատրաստութիւննէր են տեսնում մի քանի տէղերում խոշոր հարձակումներ անելու…»[32]:
Երբ թուրքերը դարձյալ լրջորեն նախապատրաստվում էին, ապա, բնականաբար, համապատասխան քայլեր անպայմանորեն պիտի ձեռնարկեին նաև հայերը:
Երկարատև ու բազում կռիվների բովով նշանակալից հաղթանակներով անցած հայ ինքնապաշտպանական ուժերի համար դժվարին լուծելի խնդիրը եղել և մնում էր զենքի ու զինամթերքի ձեռքբերումը:
Նույն նամակում Մուրադը, «Մեծ քաղաքի ընկերներին» ներկայացնելով իրենց համար այդ ամենացավոտ հարցը, հայտնում է. «…մօտ վեց եօթ շրջանի է բաժանված (նկատի ունի իր հրամանատարությամբ գործող ինքնապաշտպանական շրջանները՝ Հ.Գ.) և ոչ մի շրջանում փամփուշտ չկայ: Գիւղացիք մօսինէրը թօղել են, բերդան են բանեցնում: Եթե շուտով հասցնէք այստեղ հարիւր մօսին, քառասուն հազար ծայր (նկատի ունի մոսինի փամփուշտ՝ Հ.Գ.), այն ժամանակ հանգիստ կլինենք… ժողովուրդը պատրաստ է հատը 200 ռուբլի մօսինի տալ, 20 կոպ. ծայրերի հատին, բոլորը պատրաստ են առնելու…»[33]:
Ինչպես որ սպասվում է, գավառի իշխանությունների ջանքերով հաստատված խաղաղությունը շատ խաբուսիկ էր և ժամանակավոր:
Հայ ինքնապաշտպանական ուժերի կողմից ավերակների վերածված Վերին Ղափանի թուրքաբնակ գյուղերի բնակիչները, որոնք փախել և ապաստանում էին Նախիջևանում և Օրդուբատում, տեղի մահմեդական պարագլուխների օգնությամբ և զինական աջակցությամբ հետ են վերադառնում և սեպտեմբերի 12-ի լուսաբացին հարձակվում հայկական Հանդ և Քուրդիքանդ գյուղերի վրա: Թեև մահմեդական հրոսակախմբերի հարձակումը անսպասելի էր, բայց գյուղերի մարտական ուժերը անմիջապես դիրքեր են գրավում և դիմագրավում հակառակորդի գրոհները:
Մուրադը հեռատեսորեն նախատեսել էր դեպքերի նման շրջադարձը և այդ գյուղերի պաշտպաններին օգնելու նպատակով վաղօրոք Քուրդիքանդ գյուղում էր կենտրոնացրել Թադևոս Պետրոսյանի (Թադե) լավ զինված մարտախումբը, որն այդ օրերին Նիկոլ Դումանի կարգադրությամբ զանգեզուրցիներին օգնելու նպատակով գտնվում էր Վերին Ղափանում:
Թուրքերը, օգտվելով իրենց քանակական գերակշռությունից, ձգտում են արագորեն ներխուժել գյուղ: Քուրդիքանդ և Հանդ գյուղերի մղած կռիվները լուսաբանող վավերագրությունը, ներկայացնելով այդ պահը, նշում է. «Անմիջապէս Թադէոսն իր քաջ տղերանցով դիմադրութեան է դուրս գալիս և յաջողում է կէս ժամւայ ընթացքում 27 թուրք սպանել: Երբ թուրքերը վճռական քայլեր են անում գիւղը մտնելու ու կրակելու, Թադէոսն իր խումբը բաժանում է երկու մասի, ժողովրդին հաւաքում եկեղեցու մէջ և ճակատ կռիւ սկսում թշնամու դէմ»[34]:
Ավելի քան 9 ժամ Քուրդիքանդի և Թադևոս Պետրոսյանի գլխավորած մարտիկներն աննահանջ դիմագրավում են հակառակորդի գրոհները և մարտի ընթացքում գնդակահարում մի քանի ավազակապետերի և բազմաթիվ թուրքերի: Շուտով նրանց օգնության է հասնում Փարամազ Թումանյանցի և Ներսես Աբրահամյանի առաջնորդած Հանդի գյուղի ինքնապաշտպանական մարտախումբը և թիկունքից հարվածում Քուրդիքանդը պաշարող թուրքերի վրա: Համատեղ ուժերով հարվածներ տեղալով՝ հայ մարտիկները հարկադրում են հակառակորդին լքել մարտադաշտն ու դիմել փախուստի:
Մի քանի ժամ չանցած՝ թուրքերը, վերախմբավորելով և համալրելով իրենց մարտաշարքերը, դարձյալ գրոհ են ձեռնարկում Քուրդիքանդ գյուղի վրա: Հայ ինքնապաշտպանական ուժերն անվարան ընդունում են մարտահրավերը և տարբեր ուղղություններից անկասելի գրոհ ձեռնարկում թուրքերի վրա, որոնց անխուսափելի կործանումից այս անգամ դարձյալ փրկում է մարտադաշտում հայտնված ռուսական զորաջոկատը: Իսկ այդ ընթացքում օգտվելով ռուսական զորաջոկատի ներկայությունից՝ թուրքերը դարձյալ դիմում են փախուստի:
«Թուրքերը փախուստ տալուց թողել էին 43 դիակ, չորս ջուալ Օրդուբաթի սանգակ հացից և մի տակառ նաւթ, որ բերած են եղել գիւղերը հրդեհելու համար»[35]:
Թեպետ այդ կռիվներում թուրք հրոսակախմբերը դարձյալ պարտություն են կրում, բայց հայկական գյուղերի ոչխարի հոտերի և տավարի նախիրների վրա ձեռնարկված հարձակումները ստեպ-ստեպ դեռևս շարունակվում են:
Այս անգամ առավել ակտիվություն են դրսևորում Օրդուբադի կողմից գավառի հարավային շրջաններ թափանցած հրոսակախմբերը, որոնք տեղի և մասնավորապես Գենվազի Թեյ և Բուղաքար գյուղերի թուրք զինյալների աջակցությամբ փորձում են ասպատակել հայկական գյուղերը: Այս անգամ արդեն վտանգավոր կացությունում են հայտնվում Զանգեզուրի հարավային շրջանի գյուղերը: Մուրադի գլխավորած ինքնապաշտպանական ուժերի տեսադաշտից և ուշադրությունից չէին կարող վրիպել թուրք պարագլուխների նոր ձեռնարկումները: Մուրադը, մարտախմբերն առաջնորդելով, գալիս է Գենվազի շրջան և պատրաստվում վճռական գրոհի թուրքական գյուղերի և այնտեղ ապաստանած ավազակախմբերի վրա ու մեկընդմիշտ հիմնահատակ կործանել ավազակաորջերը, սակայն. «…գավառապետի և զօրքի գալը խանգարեց յարմար րոպէն, որովհետև եթե նրանց գալը չը լինէր, ամբողջ Գենուազի թուրք գիւղերը աւերակ պիտ դառնային…
Գալիս են… ահա այն լուրը, որ կայծակի արագությամբ տարածւեց և ընդհատւեց Ղափանի թուրք-հայկական ընդհարումը»[36]:
Թեպետ Զանգեզուրի մեծ մասում ընդհարումները, շնորհիվ հայ ինքնապաշտպանական ուժերի ջախջախիչ հարվածների, գրեթե արդեն դադարել էին, բայց և այնպես իշխանությունները հակամարտող կողմերի միջև կռիվները մարելու, վտանգված շրջաններում կարգ ու կանոն հաստատելու պատրվակով գավառի տարածքում են կենտրոնացնում կոզակական հեծյալ ջոկատներ և անգամ հրանոթներով զինված զորավաշտեր: Որևէ կասկած լինել չէր կարող, որ ցանկության դեպքում իշխանություններն այդ միջոցառումները կարող էին ձեռնարկել շատ ավելի վաղ, նույնիսկ ընդհարումների առաջին իսկ րոպեներին:
Տվյալ ժամանակահատվածում ցարական իշխանությունը ներկայացնող աստիճանավորների ծավալած գործունեության մեջ նկատվում է մի ուշագրավ գործելաոճ:
Հաշտության կոչելով հակամարտող կողմերին՝ նրանք, գավառի հայ և մահմեդական ազգաբնակչությանը կռիվներ սանձազերծելու, պետական օրենքները խախտելու մեղադրանքներ ներկայացնելով, սկսում են տուգանքներ սահմանել և անգամ ռմբակոծության ենթարկել ու այրել գյուղերը: Օրինակ՝ հակամարտության հայկական կողմին պատժելու նպատակով. «…Ղաթար և Քեարխանա թուրք գիւղերը աւերելու պատճառով իւրաքանչիւր գիւղացի ենթարկւեց 10 ր. տուգանքի: Իսկ երբ գեներալ Բաուերը եկաւ, տուգանքները դարձրեց 25-ական րուբլի, իւրաքանչիւր ծխից: Եւ շնօրհիւ այդ կարգադրութեան տուգանքներ առան՝ Վաչագանից-10-75 ր., Բաղաբուրջից-925 ր., Կուտկումից-1200 ր., Բեխից-425 ր., Կավարտից-1200 ր. և Բարաբաթումից-1025 րուբլի: Ռմբակոծեցին այդ բոլոր գիւղերը: …Հագարակից-1200 ր., Եղւարդից-1100 ր., Սիրքաթասից-480 ր. և Ուժանիսից-570 րուբլի»[37]:
Հակամարտությունը դադարացնելու պատրվակով նման միջոցների գործադրումը հիանալի հնարավորություն է ընձեռում ցարական իշխանությունը ներկայացնող պաշտոնյաներին և սպաներին խաղաղություն հաստատելու անվան տակ թալանել գավառի հայ և մահմեդական ազգաբնակչությանը, բազմաթիվ պաշտոնյաներ և անգամ հարյուրավոր զինվորներ, հրամանատարներ, կեղեքելով գյուղացիությանը, հարստություն են կուտակում և տրվելով խնջույքների հաճույքին՝ յուրաքանչյուր օր ճոխ կյանք վարում՝ ի հաշիվ հայ և թուրք գյուղացիների: Նահանգի իշխանությունները տուգանք են սահմանում նաև Գենվազի շրջանի գյուղերի վրա. «Մեղրեցիներից առան 800 ր., վահրաւարցիներից-1800 ր. օրդուբաթցիների ոչխարները քշելու համար, Կալերից-500 ր., Վանքից 700 ր., Լիշկից-800 ր., Տաշտունից-700 րուբլի»[38]:
Նպատակադրվում են մեծ տուգանքի ենթարկել և անգամ ռմբակոծել Զանգեզուրի մյուս շրջանները: Ցարական իշխանությունների կողմից գավառում հաստատած այդպիսի դժոխային իրավիճակի ու գյուղացիների նկատմամբ սպաների և զինվորների դրսևորած սանձարձակությունների հետ այլևս հնարավոր չէր համակերպվել, այլապես, առանց այդ էլ ծայրահեղորեն քայքայված գյուղերը կարող էին վերջնականապես սովամահության մատնվել: Անհրաժեշտ էր ինչ-որ ազդու, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել և սանձել գյուղացիների նկատմամբ դրսևորած պաշտոնյաների և նրանց թողտվությամբ գյուղերում սանձարձակությունների տրված ռուս գլխավորների և կոզակների անհագուրդ կրքերը:
«Այդ ժամանակ Փուխրուտում (Վերին Ղափանի հայկական գյուղերից՝ Հ.Գ.) է լինում մեր հերոս Մուրատը. լսելով գաւառապետի մտադրութիւնը, պրիստաւ Շահգալդիևի միջոցով սպառնում է և առաջարկում զօրքը դուրս բերել, հակառակ դէպքում գաւառապետին և օֆիցէրնէրին տէռօրի պէտք է տայ…»[39]:
Ցարական իշխանության ներկայացուցիչներին և Զանգեզուրի գավառապետին, անշուշտ, շատ լավ հայտնի էր հայ վրիժառուի տեռորի ենթարկելու սպառնալիքի արժեքը: Պրիստավ Շահգալդիևից տեղեկանալով Մուրադի կողմից իրենց ահաբեկելու սպառնալիքին՝ գավառապետը դադարեցնում է հալածանքներն ու գյուղերի ռմբակոծությունը՝ բավարարվելով միայն թեթև տուգանքներով:
Ավարտվում են գրեթե երկու տարի շարունակվող արյունալի ընդհարումները:
Դաժան փորձությունների ենթարկվելով ցարական բյուրոկրատիայի և պանթուրքիզմի ախտով վարակված թուրք երևելիների կողմից սանձազերծված ազգամիջյան ընդհարումներում՝ հայ ժողովուրդը հերոսական ինքնապաշտպանությամբ նվաճեց ապրելու և հարատևելու իրավունքը:
[1] «Դրօշակ», 1906, թիւ 9, էջ 137:
[2] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 4, էջ 1:
[3] Նույն տեղում, էջ 2:
[4] Նույն տեղում, էջ 3-4:
[5] Նույն տեղում, էջ 5:
[6] Նույն տեղում:
[7] Նույն տեղում, էջ 6:
[8] «Դրօշակ», 1906, թիւ 9, էջ 139:
[9] ՀԱԱ, ֆ. 4047, ց. 4, գ. 6, էջ 1:
[10] Նույն տեղում:
[11] Նույն տեղում, էջ 2:
[12] Նույն տեղում:
[13] Տե՛ս նույն տեղում:
[14] Նույն տեղում:
[15] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 4, էջ 6:
[16] Նույն տեղում:
[17] «Հայրենիք», 1941, թիվ 3, էջ 141:
[18] Նույն տեղում:
[19] Նույն տեղում:
[20] Նույն տեղում, էջ 142:
[21] Նույն տեղում, էջ 143:
[22] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 4, էջ 7:
[23] «Դրօշակ», 1907, թիւ 2, էջ 27:
[24] Նույն տեղում, էջ 26:
[25] Նույն տեղում:
[26] Տե՛ս նույն տեղում:
[27] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 9, էջ 1:
[28] Նույն տեղում, էջ 2-3:
[29] Նույն տեղում:
[30] Նույն տեղում, էջ 4-5:
[31] Նույն տեղում:
[32] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 9, էջ 1:
[33] Նույն տեղում:
[34] «Դրօշակ», 1907, թիւ 3, էջ 41:
[35] Տե՛ս նույն տեղում:
[36] Նույն տեղում:
[37] Նույն տեղում:
[38] Նույն տեղում, էջ 42:
[39] Նույն տեղում: