Պատմական Սյունիքը Հայկական լեռնաշխարհի այն հնավայրերից է, որ հարուստ է հնագիտական հուշարձաններով, պատմական դերով ու նշանակությամբ, ազգագրական նյութով:
Այս տարածքը միշտ էլ եղել է հնագետների ուշադրության կենտրոնում: Այստեղ հետազոտությունները սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջից: Այդ բնագավառի երախտավորներից են Ս. Լիսիցյան, Ս. Եսայան, Լ. Բարսեղյան, Օ. Խնկիկյան, Ա. Այվազյան, Հ. Սիմոնյան, Պ. Ավետիսյան, Բ. Գասպարյան, Վ. Հովհաննիսյան, Մ. Զարդարյան, Ա. Փիլիպոսյան, և ուրիշներ: Հնագիտական բազմաթիվ հուշարձանների առկայության պայմաններում, սակայն, հետազոտությունները այս տարածքում չունեն պարբերականություն: Չուսումնասիրված վայրեր դեռ շատ կան:
Սկսած 2013 թ.-ից Սյունիքի հուշարձանների ուսումնասիրությանը նոր թափ է հաղորդվել: ՀՀ Գիտության պետական կոմիտեի «Պատմական Սյունիքը բրոնզի և երկաթի դարերում (ըստ նորագույն հնագիտական տվյալների)» գիտական թեմայի սահմաններում ԵՊՀ-ի հնագիտության և ազգագրության ամբիոնը /հեղինակներ՝ Հ. Ավետիսյան, Ա. Գնունի, Ա. Բոբոխյան, Գ. Սարգսյան/նախաձեռնել էր կարևոր և արժանահավատ մի աշխատանք. հետազոտել բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը Ք.ա. մոտ 3500-500 թթ. սահմանագծում:
Արդյունքները ամփոփվում են «Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի «սրբազան լանդշաֆտը». հնագիտական հետազոտություններ» գրքում:
Ժամանակագրական առումով այն ընդգրկում է մոտ 3000 տարի՝ հնամշակութային զարգացումների գործընթացը Սյունիքի բրոնզի և երկաթի դարերում: Աշխատանքը եզակի է ոչ միայն այս, այլև պատմական Սյունիքի՝ տարածաշրջանում ունեցած դերի և նշանակության գնահատման առումներով՝ տեղական (Արցախ, Ուտիք), տարածաշրջանային (Հայկական լեռնաշխարհ) և վերտարածաշրջանային (Կովկաս, Առաջավոր Ասիա) համատեքստում: Հետազոտությունների արդյունքները համալրված են պեղումներով, հետախուզական աշխատանքների և թանգարանային նյութի ուսումնասիրությամբ: Տարածքային առումով աշխատանքը նույնպես ընդգրկուն է. հետազոտություններ իրականացվել են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում և Շահումյանի շրջանի Քարվաճառի ենթաշրջանում:
Աշխատանքը նպատակ ունի դիտարկել սյունիքյան սրբավայրերը Հայկական լեռնաշխարհի ընդհանուր սրբավայրերի համատեքստում: Հեղինակները փորձում են դասակարգել սյունիքյան սրբավայրերը, ապա անդրադառնալ նրանց տեղագրության առանձնահատկություններին: Աշխատանքին կցված են առանձին հետազոտություններ, նյութական-մշակութային աղբյուրներ:
Արժևորելով սրբավայրերի էական դերը մարդկության կյանքում՝ հեղինակները փորձել են առանձնացնել մարդկության պատմության ընթացքի էական գծերը զարգացման գործընթացում՝ դրան զուգահեռելով հասարակական կյանքում եղած տեղաշարժերը, կյանքի և գոյության պայմանները պատմական շրջանում: Միայն նյութական մշակույթի՝ հնագիտության բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքով կարելի է ամբողջական կարծիք կազմել սրբավայրի էության, լանդշաֆտի առանձնահատկությունների մասին և ընդհանրապես՝ պատմական որևէ հարց քննելիս: Գիտության մյուս բնագավառների ձեռքբերումների համակցումը հնագիտական ուսումնասիրություններին կարող են տեղեկություններ հաղորդել նաև մոտ 5000 տարվա հնության շրջանում ապրող մարդու արժեքային համակարգի, ինքնության գիտակցման, վարքագծային առանձնահատկությունների վերաբերյալ:
Աշխատանքը ամբողջությամբ կարելի է ընթերցել այստեղ՝ Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի «սրբազան լանդշաֆտը». հնագիտական հետազոտություններ:
Աղբյուր՝ www. publishing.ysu.am