Բերդաձորն այլևս վտանգված չէ… Իննսունականներ

Spread the love

Լրագրող-լուսանկարիչ, ազատամարտիկ, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Զահրաբ Ըռքոյանի հուշերից

«Սա Հայաստան է և. վերջ…»

                      Լեոնիդ Ազգալդյան

 

Շուշիի շրջանի    Բերդաձորի ենթաշրջանի Տասիվերստ փոքրիկ գյուղն այն ժամանակ՝ 1990թ. աշնանը, տխուր էր, բայց գեղեցիկ: Ծաղկաձոր կոչեցինք գետակի հովտում, անտառապատ սարալանջի հովանու տակ ծվարած հայոց շենը, որի միջով անցնում էր Լաչին-Շուշի մայրուղին՝ իր հետ բերելով թուրքական չարիք:

Նույն ճանապարհից քիչ վերև մեր շտաբն էր՝ այժմ ավերակ ու տխուր, կարոտով լի: Այդ տանն էինք ապրում. իհարկե եթե այն ապրել էր: Գիշերները հսկում էինք դիրքերում, շտաբում մնում էին  2-3 հոգի՝ տարածքի` չորս կողմից թուրքերով շրջապատված մնացած 3 հայկական գյուղերի՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, շտաբերի հետ կապ պահպանելու և հարկ եղած դեպքում դիրքերում հսկողներին լուրեր հաղորդելու համար: Ցերեկները մի քիչ հանգստանալուց հետո բարձրանում էինք մոտակա անտառ կամ բլրակները: Յուրաքանչյուր պահի կարող էր հայտնվեին խորհրդային՝ թուրքերի կողմից կաշառված և նրանց հլուն դարձած զինվորականները՝ անձնագրային ռեժիմի ստուգումներ կատարելու կամ այլ ոչ բարի նպատակներով: Մեր՝ այնտեղ եղած ժամանակ հայտնվեցին 2-3 անգամ՝ մեկ բանակցություններ վարելու նպատակով. եկել էին Շուշիի շրջանի ոստիկանության հետ, մեկ Ծաղկաձորից քիչ վերև ընկած թուրքաբնակ Կանաչ Թալա գյուղը բնական գազ անցկացնելու, մեկ այստեղ կառուցվող գործարանի աշխատանքները արգելելու և այլ պատճառներով: Կանաչ Թալա գյուղը, լինելով հայկական, 60-80-ական թվականերին հայաթափ էր եղել, իսկական տերերը հիմնականում կենցաղային վատ պայմանների պատճառով, որոնք ստեղծվել էին արհեստականորեն, լքել էին հարազատ օջախները, տեղափոխվել Ստեփանակերտ, Հայաստան, Ռուսաստան: Եկել էին ադրբեջանցի հովիվներ, իբր ժամանակավոր, և տիրացել հայկական գյուղին: Իսկ այդ տարիներին ընդամենը 10-12 տնտեսություն ունեցող թուրքաբնակ Կանաչ Թալան պարզապես չարիք էր Բերձորի համար. այստեղ էին տեղակայվել թուրք օմոնականներ և այլ ռազմական ջոկատներ, և այստեղից էր ղեկավարվում Բերդաձորի թալանը, շրջափակումը: Հայկական գյուղերում տեղակայված էին Հայաստանից եկած ռազմական  փոքրիկ խմբեր կամ ջոկատներ՝ հիմնականում տեղացի տղաների հետ հնարավոր հարձակումներին դիմակայելու, ազգաբնակչությանը պաշտպանելու նպատակով: Այժմ կարոտով եմ հիշում իմ մարտական ընկերներին, որոնցից Առնոն, Անդոն, Ստյոպան, Վարդանը, Արմենը, Պավլոն, Վաղինակը, Արմիկը, … չկան, անմահացան ռազմի ճանապարհներին:

90-ի նոյեմբերին խիստ լարված էր իրավիճակը Բերդաձորում: Թշնամին ձգտում էր վերջնականապես հայաթափ անել արծվաբույնը և Արցախ-Մայր Հայաստան կապը ավելի հեռացներ, դարձներ անհնար: Այս նպատակով իրագործում էր ցանկացած խարդավանք: Շատ վտանգավոր էր դարձել կապը Ստեփանակերտի հետ: Թուրքաբնակ Շուշի, Զարիսլու, Լիսագոր բնակավայրերի մոտ անպայման քարկոծվում ու գնդակոծվում էին հայկական մեքենաները, և միակ երթուղի կատարող ավտոբուսը, որի վարորդ Վագիֆը, ամեն անգամ ուղևորվելով Բերդաձոր և հակառակ՝ Ստեփանակերտ, չգիտեր՝ տուն հասնելու է երեկոյան: Ճիշտ է՝ այդ ավտոբուսի երթը ապահովում էին խորհրդային զինվորները՝ զրահամեքենաներով, մեկ-երկու դասակ ավտոմատավոր զինվորների ուզեկցությամբ, սակայն թուրք խուժանն իր գործն անում էր. գիտեր՝ անպատիժ է մնալու: Նոյեմբերի կեսին պետք է վերադառնայինք Երևան. համալսարանում կիսամյակային քննություններին  նախապատրաստվելու: Ստեփանակերտի օդանավակայանից Երևան թռչելը շատ էր դժվարացել: Մի կերպ կարողացանք մեր երկու ընկերոջը՝ Արսենին և Ստոպային, ուղարկել, ես ու Արթուրը մնացինք մյուս չվերթով գնալու,  բայց չստացվեց: Մեր՝ օդանավակայանում գտնվելը նաև վտանգավոր էր նրանով, որ ոչ ցանկալի անձի գրանցում ունեինք, և օդանավակայանը հսկող խորհրդային զինվորի կամ թուրք օմոնականի կողմից ճանաչվելու դեպքում կձերբակալվեինք: Իսկ այդ օրը մեր ընկեր Արսենը նույնիսկ հարվածեց ռուս զինվորին, որը արցունքաբեր գազ փչեց ժողովրդի վրա: Իհարկե զինվորականները կձերբակալեին նրան, եթե ժողովրդից չվախենային. երկար սպասումներն ու զինվորականների վերաբերմունքը նյարդայնացրել էր ուղևորներին: Մինչև մեր թռիչքի օրը 2-3 օրվա ժամանակ ունեինք և որոշեցինք այցելել Գանձասար ու Ամարաս: Ես ու Արթուրը գիշերով հասանք Գանձասարի վանք, որտեղ Երևանից եկած վարպետները նորոգման աշխատանքներ էին կատարում, գիշերեցինք նրանց մոտ, առավոտյան շրջեցինք վանքի տարածքում, լուսանկարեցինք և վերադարձանք: Հաջորդ օրն ուղևորվեցինք Ամարաս: Մեզ հետ էր նաև Գագիկը՝ մեր մարտական ընկերը. Ստեփանակերտում նրանց տանն էինք մնում: Բնիկ Բերդաձորի Տասիվերստ գյուղից էին, հետո տեղափոխվել էին Շուշի, 88-ից՝ Ստեփանակերտ:   Պապն ու տատը գյուղում էին ապրում: Մինչև հասանք Սոս գյուղը, արդեն մութ էր: Որոշեցինք գիշերել գյուղում գործող հյուրանոցում, սակայն տեղ չկար, Մոսկվայից եկած ՊԱԿ-ի աշխատողներ էին տեղավորվել, և գյուղխորհրդում, իմանալով մեր՝ ազատամարտիկ լինելը, նպատակահարմար չգտան տեղավորել հյուրանոցում: Գիշերեցինք արհմիության նախագահի տանը՝ իսկական արցախցու հյուրընկալ օջախ: Առավոտյան Սոսի կոլխոզի տրակտորով հասանք Ամարասի վանք:   Ամարասից վերադարձանք ոտքով: Ճանապարհին մի «Մոսկվիչ» մեքենա հանդիպեց, նստեցինք: Վարորդը, երբ իմացավ, որ Բերդաձորից ենք եկել, ասաց, որ թուրքերն այդ գյուղերը վառել են: Հասանք Ստեփանակերտ, հեռախոսով կապվեցինք Բերդաձորի շտաբի հետ: Պարզվեց, որ այդ գիշեր՝ նոյեմբերի 17-ին, թուրքերը տարել էին Եղցահողի ոչխարի հոտը՝ սպանելով հովիվ Ե. Ծատրյանին: Մինչ այդ՝ հոկտեմբերի վերջերին,  գիշերով տարան նաև մոտ 300 գլուխ կովեր: Այդ ժամանակ անասնապահներին ծեծել և թողոլ էին ճանապարհին: Մենք, իմանալով, որ այդ ավազակությունը կատարվել է Կանաչ Թալայում բնակվածների ձեռքով, նրանցից պահանջեցինք վերադարձնել անասունը: Սակայն թուրքերը հրաժարվեցին և երդվեցին, որ իրենք տեղյակ չին: Ստիպված սկսեցինք գնդակոծել նրանց գյուղը: Իհարկե մեծ վնաս չէինք հասցնի որսորդական և ձեռագործ կարաբին-հրացաններով: Եկան Շուշիից ու Լաչինից խորհրդային բանակի ներկայացուցիչներ, խոստացան գտնել ու պատժել ավազակներին, հետ վերադարձնել գողոնը: Սակայն շուտով ռուս սպան հարբեց և նույնիսկ շփոթում էր հայ-թուրքը: Իսկ այս անգամ՝ նոյեմբերի 17-ին,  մեր տղաները արդեն վառել էին Կանաչ Թալայի մի քանի տուն. դրանք հիմնականում նոր ֆիննական տնակներ էին՝ նախատեսված թուրք վերաբնակիչների համար: Ի պատասխան մերոնց գործողության՝ Շուշիի ոստիկանության աշխատակիցները, զինված ավտոմատներով, զրահաբաճկոններով, մտել էին Ծաղկաձոր ու վառել գյուղը: Իր տան մեջ այրվել էր նաև 90-ամյա Նանաշ Չոբանյանը, իսկ նրա Շիրակ թոռը, երբ ցանկացել էր օգնության հասնել, թուրքերը կրակել էին: Բարեբախտաբար նա չէր վնասվել և պատսպարվելով հարմար դիրքում՝ ինքն էր կրակել թուրքերի կողմ՝ վիրավորելով հրամանատարին: Թուրքերը ստիպված նահանջել էին: Սա էր այդ օրերի պատմությունը, և  իմանալով այս ամենը՝ նորից Վագիֆի ավտոբուսով վերադառնում ենք Բերդաձոր: Իրավիճակը շտկելու և բերդաձորցիների անվտանգությունն ապահովելու համար ուղղաթիռներով մի քանի տասնյակ զինվորներ էին եկել Երևանից Վ. Սարգսյանի հրամանով:

Հանդիպում եմ նախկին մարտական ընկերներիցս հոկտեմբերյանցի Պավլոյին. 1993-ին նահատակվեց Մարտակերտում, Գառնիկին (Վարդենիսում «Միացում» ջոկատի հրամանատարն էր, և միասին էինք հսկում Սոդքում), Վարդան Բախշիյանին, համալսարանից լավ գիտեինք իրար. մարտիրոսվեց Ստեփանակերտի հյուսիսում՝ Հասանաբադում, Արմենին՝ 1 տարի առաջ միասին դարձյալ Բերդաձորում էինք. քաջաբար մարտիրոսվեց Մարտակերտում շրջապատման մեջ Վահագն Վարդևանյանի ջոկատի հետ, ուրիշների: Նոյեմբերի 21-ին Հին Շենում էի, այնտեղ էին նաև Իգր Մուրադյանը, Ժաննա Գալստյանը, լրագրողներ Ստեփանակերտից: Առավոտյան դիրքերում էի: Բացի հրացանից, հետս մշտապես լուսանկարչական ապարատ ունեի: Նկարում եմ տղաներին: Այժմ ձեռքիս տակ է այդ օրերի մի լուսանկար՝ 5 զինված տղաներ: Սաքոյին և Գագիկին    (Հադրութի Գագո) գիտեի դարձյալ 89-ից, իսկ 3-ին չէի ճանաչում: Այժմ էլ չեմ հիշում, թե ով էին նկարը եզրափակողները, իսկ ձախից երկրորդը՝ երևանցի Վաղինակը, նույն օրը երեկոյան նահատակվեց գյուղի պաշտպանության ժամանակ: Դեռևս առավոտյան զգացվում էր, որ Լաչինի կողմից թուրքերի շարժ է նկատվում Մեծ Շենի ուղղությամբ: Իսկ Լաչինից մոտ 10 կմ հարավ ընկած Աղանոս գյուղից նաև զրահամեքենաներ էին շարժվում Հին Շենի ուղղությամբ: Քումին քար կոչվող բարձունքից, որտեղ մեր դիրքերն էին, լավ էր երևում այդ կողմը: Բերդաձորի ինքնապաշտպանության ռահվիրա Առնո Մկրտչյանը շտաբում հրահանգներ էր տալիս, ղեկավարում իրավիճակը: Միասին փորձում էինք գործի գցել ինքնաշեն գնդացիրը: Երեկոյան սկսվեց հարձակումը: Թշնամուն հաջողվեց վերցնել շրջապատը իշխող դիրքերից մեկն ու կրակ բացել նաև գյուղի վրա: 3-4 ժամ տևած մարտը դադարեց. թշնամին նահանջեց: Շատերն իջան դիրքերից: Պարզվեց, որ 2 հոգի չկան: Որոշում ենք բարձրանալ մարտավայր՝ փնտրելու տղաներին: Վարդան Բախշյանը ինձ է տալիս իր ավտոմատը՝ տեսնելով ձեռքիս որսորդական հրացանը: 5-6 հոգով, նաև կորած տղաներից հինշենցի Սամվելի եղբայրը՝ Էդիկը,  բարձրանում ենք  Քումին քարի դիրքեր: Քիչ ներքևում հանդիպում ենք մեր տղաներից երկուսին, որոնք խնդրում են փոխարինել իրենց. առավոտվանից այստեղ էին: Ես և ընկերս՝ Արթուրը, փոխարինում ենք նրանց, մեզ է միանում նաև Շիրակը, որի մասին արդեն ասվել է: Տղաները շարունակում են վերելքը, և քիչ անց լսվում է Սամվելի եղբոր աղիողորմ ճիչը. «Սամվել՜, հե՜ Սամվել՜…: Գտնում են նահատակներին՝ յուրաքանչյուրը մի քանի տասնյակ գնդակից խոցված: Առավոտյան իջնում ենք դիրքերից: Պարզվում է՝ մյուս նահատակը երևանցի Վաղինակն էր, ում լուսանկարել էի առավոտյան: Սամվելի մայրը մեզանից պահանջում է որդու վրեժը լուծել: Մյուս օրը ուղղաթիռով գալիս են Վազգեն Սարգսյանը և Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի  (ԲԻԽ)  նախագահ Անդրանիկ Հարությունյանը (զոհվեց ավտովթարից Արտաշատի մոտ): Վաղինակի դին տեղափոխում ենք Երևան: Ուղղաթիռը Գորիսում վայրէջք է կատարում: Մի վիրավոր ազատամարտիկի վերցնելու նպատակով: Սպարապետը մեզ հրամայում է այնպես անել, որ վիրավորը չիմանա նահատակի մասին: Տարիներ են անցել: Այդ ընթացքում Բերդաձորը ավելի ահավոր օրեր տեսավ, ուղիղ մեկ տարի հայաթափ մնաց: Գերվեցին շատ տղաներ, իսկ Առնո Մկրտչյանն ու եղցահեղի Հրաչ Պետրոսյանը տանջամահ եղան Բաքվի բանտերում: Մարտադաշտերում մարտիրոսվեցին մի քանի տասնյալ բերդաձորցիներ: Իր հղի կնոջ պաշտպանելու համար Գնդակահարվեց Անուշավան Գրիգորյանը Մեծ Շենում: Բայց այսօր կա Բերդաձորը և նորից հիշում եմ տղաներին՝ ողջ և նահատակ՝ Առնոյին, Հրաչին, Արմիկին, Կարենին, Սերոբին, Ռաֆիկին, Պավլոյին… այլոց: Իսկ Սամվելի մորը պետք է ասել, որ իր որդու վրեժը լուծել ենք. Շուշի ու Լաչին թուրքական որջերը չեն այլևս, ճանապարհին էլ վտանգված չէ:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի