Քարահունջի մասին ահա թե ինչ է գրում ՍԱՐԳԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՋԱԼԱԼՅԱՆՑԸ.
«Ճանապարհին տեսանք Քարահունչ անունով մի ավեր գյուղ,
որը բանադրված /անիծված/ էր Տաթևի առաջնորդների [կողմից]։ Աղերսեցին ինձ արձակել [բանադրանքը], և ես, տեղի տալով, արձակում և օրհնություն տվեցի [այդ] գյուղին։ Այնտեղ կար սրբատաշ քարով կառուցված մի եկեղեցի»։
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ Ի ՄԵԾՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Մաս Ա, Բ, Ե., 2016թ., էջ 493 /Գրաբարից աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները` ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ/
Ըստ բանավոր տեղեկությունների՝ Տաթևի եկեղեցու կողմից է բանադրանքը /անեծք/ եղել, որ տևել է մի քանի դար: Այն այնքան ուժեղ է եղել, որ մի երկար ժամանակ Քարահունջ գյուղում հնարավոր չի եղել տուն կառուցել, իսկ շատ տներ հողի տակ են անցել: Գյուղի տղաները մահանում էին երիտասարդ հասակում, իսկ մանուկներին օրորոցագողն էր տանում:
Հայտնի չէ նաև բանադրանքի պատճառը: Կարծիք կա, որ քարահունջեցիները գողացել են Տաթև գնացող ջուրը, իսկ մի այլ կարծիքի համաձայն՝ Տաթևի երբեմնի կողոպուտին մասնակցել են նաև այս գյուղի տղամարդիկ: Բանադրանքը քարահունջեցիներին դարձի է բերել, նրանց իմաստնացրել ու շատ բարի դարձրել: Այս գյուղի մարդիկ բանադրանքից դուրս գալու ելքը տեսել են բարություն անելու, մատաղ կտրելու, հյուրընկալելու մեջ: Հավանաբար դրա հետևանքով է, որ այսօր տարածաշրջանում քարահունջեցիները հայտնի են որպես պարզ, բայց խելացի ու բարի մարդիկ:
Եթե կան տեղեկություններ այս պատմության մասին, խնդրում ենք թողնել հաղորդագրություն:
Քարահունջի նկարներ կարելի է տեսնել այս կայքում: