1870 թ. հիմնադրված գավառակենտրոն Գորիսը XIX դարի 80-ական թվականներին հաջորդած տարիներին ապրում էր սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային աշխույժ կյանքով: Գորիսի հասարակական կյանքում զգալի տեղաշարժ կատարվեց նաև մշակութային կյանքում, հատկապես թատրոնի բնագավառում, որն ինչպես Արևելյան Հայաստանի մյուս վայրերում, Գորիսում ևս, եղել է հայ հասարակական կյանքի կենսունակության հիմնական ոլորտներից մեկը: Հատկանշական է այն հանգամանքը, որ տակավին վաղ ժամանակներից Գորիս գյուղն (Նոր կամ Ներքին Գորիս) ունեցել է ժողովրդախաղային ներկայացումների ավանդույթներ: Ներկայացումները կազմակերպվել են գյուղի «թթենիների տակ» կոչված վայրում, ժայռափոր «ամֆիթատրոնում»: «Մեր քաղաքը` Գորիսը,- գրում է Ս. Խանզադյանը,- հնուց ի վեր հռչակված էր իր թատերասեր լինելով: Դեռևս պահպանվում է Ձագեձոր բերդում եղած անտիկ թատրոնի սրահը` փորված ժայռերի մեջ, ամֆիթատրոնի նման, որտեղ երկու հարյուր մարդ կարող է տեղավորվել»: Այդտեղ հաճախակի կազմակերպվել են հասարակական հարաբերություններն արտահայտող ժողովրդական դրամատիկական (տոնածիսական, կրկեսային և այլն) խաղատեսակներ: Ազգագրագետ Վ. Բդոյանը իրավամբ կարևորելով ժողովրդախաղային այդ ներկայացումների դերն ու նշանակությունը, գրել է. «…դրամատիկական խաղերը կարևոր դեր պիտի խաղային վերծանելու համար հնագիտության, պատմագրության և ազգագրության մեջ մի շարք առեղծվածներ»:
XIX դարի 80-ական թվականների կեսերին գավառակենտրոն Գորիսում հիմք դրվեց թատերական ներկայացումներին: Թատրոնը գավառակենտրոնի կյանքն աշխուժացնող առաջին հաստատությունն էր: Մի խումբ թատերասերների ջանքերով 1880-ական թվականների կեսերին ստեղծվում է թատերական կոմիտե: Առաջին ներկայացումը տրվում է 1888 թ.: Ընդ որում, դերասանները հիմնականում տղամարդիկ էին: Այդ առիթով Գորիսից «Մշակին» հղված թղթակցությունում ասվում է. «Գօրիսում… առաջին անգամ ներկայացում եղաւ 1888 թւին, մի քանի օտար երիտասարդների աջակցութեամբ: Այն ժամանակ խաղացողներ չը կային. կանանց մասնակցութեան մասին խօսք անգամ չէր կարող լինել»:
Հարկ է նկատել, որ Գորիսի թատերական կյանքի աշխուժացմանն իրենց մեծ նպաստն են բերել հատկապես դրսեկ հայերը, կամ ինչպես տեղաբնակներն էին նրանց կոչում` «օտարական հայերը»: Նրանց կողմից կազմված թատերական խումբը լեփ-լեցուն դահլիճում 1890 թ. ապրիլի 8-ին ներկայացնում է «Ա՜ յ քեզ օյին» (Գ. Երիցփոխյան) և «Կըռթ-Կըռթ» (Վ. Մադաթյան) կատակերգությունները և ստացված հասույթն ամբողջովին տրամադրում նորակառույց Սբ. Հռիփսիմեի անվան հայոց եկեղեցական-ծխական դպրոցի ֆոնդին: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել գավառապետ Ի. Սուշեվսկի-Ռակուսը, գավառային բժիշկը, հաշտարար դատավորները և պրիստավները:
Տևական ընդմիջումից հետո կանոնավոր ներկայացումներ տալու նպատակով մի խումբ ուսուցիչներ գավառապետի օգնականի միջոցով 1894 թ. դեկտեմբերի սկզբներին խնդրագիր են հղում նահանգապետին, որը դեկտեմբերի 24-ին թույլատրում է: Սկզբնական շրջանում Գորիսի թատերական կյանքն ընթանում էր պատահական ներկայացումներով: Խաղացանկում ընդգրկված էին «Սանդուխտ» (Թ. Թերզյան) ողբերգությունը, «Կըռթ-Կըռթ» (Վ. Մադաթյան) և «Մադոյի կտակը» (Վ. Մադաթյան) կատակերգությունները:
Նկատենք, որ Գորիսի թատրոնի զարգացման գործում նշանակալից է եղել տեղի դպրոցների ուսուցիչների դերը: Գավառային թատրոնների կազմավորման և դրանում ուսուցիչների ունեցած ծանրակշիռ դերակատարության մասին հետևյալ վկայությունն է թողել թատերական գործի գիտակ Արշակ Տեր-Հովնանյանը. «Որոշ տեղեր «թատրոն» (իմա` ներկայացում — Գ. Ս.) պատահական ձևով կազմակերպել են տեղի ուսուցիչները, իրենք էլ հենց հանդես գալով որպես դերասան-դերասանուհիներ: Բայց և նույնիսկ այդ տիպի ներկայացումների թիվը շատ չնչին է եղել, այն էլ հատկապես այն կենտրոնական վայրերում, որոնք ունեցել են ուսուցչական մեծ խմբեր ունեցող դպրոցներ, ինչպես Հին Նախիջևանը, Ագուլիսը, Մեղրին, Գորիսը և այլն»:
Գորիս գյուղաքաղաքում թատերական կյանքը կանոնավորելու, թատրոնի գործունեության աստիճանը բարձրացնելու և դերասանական մշտական խումբ պահելու նպատակով թատերական գործի մոտ կանգնած մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ որոշվում է հրավիրել թատերասերների ընդհանուր ժողով: Գորիսից «Մշակի» թղթակից Հովհաննես Դանիելյանի տեղեկացմամբ` «Ստանալով թույլտւութիւն գործի նախաձեռնողները, աչքի առաջ ունենալով զանազան անձիք, որոնց միջոցով կարելի է կազմակերպել սիրողների մշտական խումբ, վճռեցին ընդհանուր ժողով հրաւիրել ու ձեռնամուխ լնել գործին»: 1894 թ. դեկտեմբերի 25-ին հրավիրված առաջին ժողովում որոշվում է հիմնել թատրոնական կոմիտե: Ժողովը միաձայն կոմիտեի նախագահ է ընտրում բժիշկ Զ. Տեր-Հովսեփյանցին, տեղակալ` Ա. Մելիք-Շահնազարյանցին: Ռեժիսորական մասնախմբի նախագահ է ընտրվում իշխան Կ. Թումանյանցը: Թատերասերների հիմնական խմբի գոյության պայմաններում, ներկայացումների կազմակերպման և դերասաններին վարձատրելու նպատակով անհրաժեշտաբար ստեղծվել է նաև հոգաբարձուական մարմին: Ահա այսպես է սկսվել Գորիսի թատրոնի պատմությունը: Թերևս կարելի է արձանագրել, որ թատրոնական կոմիտեի ստեղծումով էլ սկիզբ դրվեց Գորիսի թատրոնի տարեգրությանը:
1895 թ. հունվարի 14-ին տեղի թատերասերների խումբը Հ. Մինասյանի տան դահլիճում, բարեգործական նպատակներով, հայոց եկեղեցական-ծխական դպրոցի աշակերտների օգտին ներկայացնում է «Սանդուխտ» (Խ. Գալֆայան) ողբերգությունը և «Մադոյի կտակը» (Վ. Մադաթյան), «Կըռթ-Կըռթ» (Վ. Մադաթյան) կատակերգությունները: Կանանց դերերում խաղում էին առաջին անգամ բեմ բարձրացած օր. Հ. Մարանջյանցը և Տ. Բեկզադյանը: Հատկանշական է, որ ներկայացման նախապատրաստական աշխատանքներին մեծապես օգնել էր «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» Շուշիի մասնաճյուղի վարչությունը` ուղարկելով զգեստներ: Հովհ. Դանիելյանը «Մշակի» հղած թղթակցությունում այդ ներկայացման առիթով գրում է. «Թատրօնի դահլիճը և բեմը, շնորհիւ իշխան Կ. Թումանեանի գործ դրած ջանքերին, շքեղ կերպով զարդարված ու լուսաւորված էր: Ներկայացումը պէտք է ասած, բաւականին աջող անցաւ, բոլոր խաղացողները բարեխղճութեամբ կատարեցին իրանց դերերը և չը փչացրին ընդհանուր անսամբլը: Կանանց դերերում օր. Հ. Մարանջեանց և Տ. Բէգզադեանց, իրանց աշխոյժ և կենդանի խաղով լաւ տպավորութիւն թողեցին հանդիսակաների վրա:… հանդիսականները մի քանի անգամ ծափահարութիւններով բեմ կանչեցին բոլոր խաղացողներին. ժողովրդից շատերը տեղի սակաւութեան պատճառով զուրկ մնացին թատրօն յաճախելուց»: Ներկայացման ավարտից հետո հօգուտ հայոց եկեղեցական-ծխական դպրոցի հավաքվել էր 166 ռ. 60 կ.:
Գորիսի թատրոնի խաղացանկում ընդգրկված են եղել ինչպես ազգային, այնպես էլ եվրոպացի մի շարք դրամատուրգների պիեսները: 1907 թ. ապրիլի 14-ին Գորիսի թատերասերները հայոց ուսումնարանում ներկայացնում են «Վերածնվածը» (Լ. Մանվելյան) պիեսը և «Ադամ և Եվա» (Լ. Յակովլև) վոդևիլը: Դերասանական իր խաղով հատկապես աչքի է ընկել օր. Մանվելյանը, որը «Վերածնված»-ի մեջ խաղացել է Հրանուշի, իսկ «Ադամ և Եվա»-ում` Եվայի դերը: Մշակի» հոդվածագիրներից «Խթան» ծածկանունով հեղինակն անդրադառնալով օր. Մանվելյանի ներկայացումների գեղարվեստական որակին գրում է. «…թէ առաջին և թէ երկրորդ դերումն էլ նրա խաղը բաւական տպաւորիչ էր: Օրիորդի բեմական խոշոր ընդունակութիւնները գուշակում են, որ նա ապագայում մեծ զարդ կարող է լինել հայկական բեմի համար»:
XX դարասկզբին Գորիսի սիրողական թատրոնում առանձնանում է մեկ անուն` Աշխեն Տեր-Աստվածատրյան: Աշխենը Գորիսի առաջին խիզախ դերասանուհին է, ով խաղացել է կնոջ դերում, քանզի մինչև դերասանուհու բեմ բարձրանալը, Գորիսի թատրոնում կնոջ դերը հիմնականում կատարում էին տղա դերասանները: Դժբախտաբար, կարճ է եղել սկսնակ դերասանուհու կյանքը. մահացել է ամուսնությունից մեկ տարի անց` 1911 թ. փետրվարի 27-ին: «Այն ժամանակ,- գրում է «Գաւառի» խմբագիր Ս. Տեր-Մինասյանը,- երբ գաւառացի հայը շատ դժւար էր հաշտւում կնոջ գործունէութեան հետ և առանձին խարհրդաւորութեամբ էր նայում նրան, հանգուցեալը թէկուզ փոքրահասակ, դեռահաս, համարձակ կերպով ոտ դրեց մեր բեմի վրայ և հրապարակը մաքրեց կնոջ դեր խաղացող տղաներից»: Ա. Տեր-Աստվածատրյանի մահը խոր վիշտ է պատճառում Գորիսի հասարակայնությանը: Նրա մասին ցավակցական շատ խոսքեր են տպագրվել ժամանակի մամուլում: Դերասանուհու մահվան առիթով «Հորիզոն» լրագրում տպված մահախոսականում ասված է. «Ամսի 1-ին մեծ հանդեսով հողին հանձնւեց քաղաքիս երիտասարդ սիրողուհին, մեր Տ. Աշխեն Տեր-Աստւածատրեանը»:
Հարկ է նկատել, որ Գորիսի թատրոնի գործունեությունն ընթանում էր բազում դժվարությունների հաղթահարումով: Հաճախ ներկայացումները կայանում էին կիսադատարկ դահլիճներում: «Մշակը» Գորիսի թատրոնի զարգացման հետ կապված մի շարք խնդիրների վրա հրավիրելով հասարակության ուշադրությունը, ցույց է տվել, թե ժողովրդի ազգային ամբողջական նկարագիրը պահպանելու գործում որքան կարևոր է թատրոնի մշտական գոյությունը: «Ասացէք խնդրեմ,- գրում է Մշակի» թատերախոսը,- մի՞թէ այնպիսի մի գաւառական քաղաքին, որպիսին է Գօրիսը, պատիւ է բերում այսչափ անտարբեր մնալ դէպի բէմը, մի՞թէ նա այնքան յետ ընկած է, որ չէ հավանում գեղարուեստի նշանակութիւնը, մի՞թէ նա իրան վիրավորված չէ զգում, երբ տեսնում է 110 րուբլու տոմսակներից «տՏսվօռ րոՏՐՕ», ինքը քաղաքը 10 րուբլու է միայն գնում. եթէ տեղացի մի քանի երիտասարդներն ու օտար մարդիկ էլ չը լինեին, այն ժամանակ ինչ կը լինէր Գօրիսի դրութիւնը…»:
Գորիսի թատրոնի անցած ուղու և զարգացման միտումների մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում «Ժայռ» լրագրի Գորիսի թղթակից, «Սյունեցի Լևոն» ծածկանունով հանդես եկող Լևոն Միքայելյանը` «Թատրօնը Գօրիսում» հոդվածում: Հոդվածագիրը քաջածանոթ Գորիսի մշակութային, հատկապես թատերական կյանքի առաջընթացը խոչընդոտող դժվարություններին, գրում է, որ քաղաքի թատրոնի զարգացման ուղին եղել է չափազանց դժվար: Թատերասերները զրկված են եղել գույքային տարրական պայմաններից ու մասնագիտական գրականությունից: «Ամբողջ չորս տարի է,- գրում է Լևոն Սյունեցին,- ինչ այստեղ բոլորովին երերուն հողի վրայ գոյութիւն ունի թատրօնը: Երերուն եմ ասում, որովհետև չի եղել ոչ կանօնաւոր հաշւետւութիւն, ոչ էլ ղեկավար մարմին, այլ բոլորը կատարւել է «տնավարի»: Չորս տարւայ ընթացքում թատրօնը ձեռք չի բերել իր համար գոնէ մի քանի թատերական գրքեր, դեռ մի կողմը թողած կահ-կարասիները ու այլ անհրաժեշտ պիտոյքները: Հարկաւոր եղած դէպքում գռնէ դուռն են ընկել` մէկից սեղան, միւսից աթոռներ ու այլ հարկաւոր առարկաներ խնդրել ու, շատ յաճախ մերժումներով դարձել: Ահա թէ որքան անմխիթար պայմաններում է այս գաւառական բեմը քարշ տւել իր գոյութիւնը մինչև օրս»: Դժվար է եղել հատկապես պիեսների ընտրությունն և դերերի բաշխումը: Լևոն Սյունեցու պատկերավոր ներակայացմամբ` «երբ ցանկութիւն էր առաջանում մի ներկայացում տալու, սիրողները հաւաքւում էին պիէսա ընտրելու: Դէս ու դէն էին ընկնում, մի քանի տափուկ պիէսնէր գտնում, կարդում ու տեղն ու տեղը գլուխ պատռելով սկսում դերերի բաշխումը: Այժմ տեսէք թէ ինչ ղալմաղալ էր բարձրանում. մէկը գանգատւում է, որ իր դերը լաւը չէ, միւսինը փոքր է կամ մեծ, երրորդը ինչ ինչ պատճառներով բոլորովին հրաժարւում է դեր վերցնելուց և այլն»:
Գորիսի թատերական կյանքի աշխուժացման խնդիրը մշտապես գտնվել է տեղի առաջադեմ երիտասարդության, հատկապես նրա լավագույն ներկայացուցիչներից մեկի` հայոց ծխական դպրոցի ուսուցիչ, բազմավաստակ լրագրող, մշակութային և հասարակական եռանդուն գործիչ Տ. Սազանդարյանի ուշադրության կենտրոնում: Հատկանշական է այն իրողությունը, որ վերջինիս հասարակական գործունեությունն անխզելիորեն կապված է ոչ միայն լրագրության, մանկավարժության և դպրոցական գործի կազմակերպման, այլև թատերական արվեստի զարգացման հետ: Թատերական կյանքի անկանոն ընթացքին վերջ տալու, թատերասերների գործունեությունը կանոնակարգելու և մշտական խումբ ունենալու մտահոգությամբ Տ. Սազանդարյանի գործադրած համառ ջանքերով տեղի թատերասերների մասնակցությամբ հրավիրված ժողովում որոշվում է ստեղծել մի ղեկավար մարմին, որը «կազմելու է պատշած կանոնադրութիւն և երկսեռ թատերասիրական մշտական խումբ»: Տ. Սազանդարյանն իր նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ ուսուցիչներից, աշակերտներից և քաղաքի երիտասարդ կարող ուժերից կազմելով դերասանական նոր խումբ, էժան մուտքագրերով սկսեց ներկայացումներ տալ: Նշենք, որ Տ. Սազանդարյանը տևական չի զբաղվել թատերական գործով: Ազգային գործիչ Երվանդ Սարգսյանի բնորոշմամբ. «Տիգրան Սազանդարեանը աւարտել էր Գէորգեան ճեմարանի դասարանական բաժինը: Փորձեց «քալել» բեմի վրայ, բայց կիսատ մնաց: Ապա իր հայրենի Գորիսում դարձաւ իր ժողովրդի համեստ գործիչներից մէկը: Կոմիտասի աստուածային ազդեցութիւնը կար Սազանդարեանի վրայ, եւ նա այդ կտակեց իր շնորհալի աղջկան` Տաթեւիկին»:
Գորիսում թատերական կյանքի աստիճանական զարգացմանը զուգընթաց, հայ բնակչությունից բացի տեղի փոքրաթիվ ռուսական համայնքի թատերասերները հայերի օրինակով նույնպես սկսեցին տալ ներկայացումներ: «Գաւառ» լրագրի տեղեկացմամբ 1910 թ. փետրվարի 27-ին հասարակական ակումբի դահլիճում «ռուս սիրող-սիրողուհիները տվին ռուսերեն ներկայացում:
Գորիսի թատերասերներն իրենց ներկայացումները հիմնականում կազմակերպում էին հայոց եկեղեցական-ծխական դպրոցի ոչ մեծ դահլիճում: Հասարակական կյանքի տեղաշարժերի արդյունքում, ազգային թատերական բեմացանկից զատ, բեմականացվում էին նաև ժամանակի եվրոպական և դասական հեղինակների պիեսներն ու դրամաները: Այսպես` 1910 թ. հունվարի 9-ին դպրոցի ուսուցիչները բեմականացնում են «Ոճրագործի ընտանիքը» (Պ. Ջիակոմետտի) և «Բռնի ամուսնություն» (Ժ. Մոլիեր) ոդևիլները: Կորրադոյի պատասխանատու դերը խաղում էր Տ. Սազանդարյանը, որը դերասանական իր վարպետությամբ արդեն իսկ «հասարակութեան ուշադրութիւնը գրաւում է գրեթէ ամեն ներկայացման ժամանակ…», իսկ Ռոզալիայի դերը` օրիորդ Լ. Տիգրանյանը: Դերասանական խմբում ընդգրկված է եղել նաև աշակերտուհիներից Շուշանիկ Տեր-Մովսիսյանը, որը խաղում էր Էմմայի դերը: «Խաղը ընդհանուր առմամբ զօրեղ տպավորութիւն թողեց: Վերջին տեսարանում հանդիսկաններից ոմանք արտասւեցան»,- գրում է «Գաւառ» շաբաթաթերթը: Բեմականացումից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերվեց եկեղեցական-ծխական դպրոցին:
Հատկանշական է այն իրողությունը, որ բարեգործական նկատառումներից ելնելով, հայ և ռուս թատերասերները շատ դեպքերում համատեղ են կազմակերպել ներկայացումներ: Ինչպես օրինակ` 1910 թ. մայիսի 13-ին բժիշկ Միք. Պարոնյանն իր տիկնոջ` Նատալիա Նիկողոսյանի նախաձեռնությամբ հայ և ռուս թատերասերների մասնակցությամբ ծխական դպրոցի դահլիճում ներկայացնում է «Վայրենի» (Է. Տեր-Գրիգորյան) ոդևիլը: Ողջունելով համատեղ ներկայացումների կազմակերպումը, «Գաւառի» խմբագիր Ս. Տեր-Մինասյանը գրում է. «Յիշատակելու արժանի է տիկ. Պարոնեանը, որը մինչև այժմ անծանօթ է մեր հասարակութեանը, սակայն հէնց առաջին անգամը ցոյց տւաւ իւր կատարեալ ընդունակութիւնը և մտածւած խաղը բեմական արւեստի համար… Հայ և ռուս սիրողների այս անգամայ կատարեալ յաջողութիւնը սիրում ենք հաւատալ, որ մի նոր և հիմնաւոր շաղկապ կլինի կապել երկու ազգի բեմականներին, տալ նրանց կազմակերպ դիսցիպլինար դրութիւն, որին շատ վաղուց սպասում է մեր հասարակութիւնը»:
1912 թ. թատրոնի ռեժիսորն է եղել մշակութային գործի հմուտ կազմակերպիչ Տ. Սազանդարյանը: Հարկ է նշել, որ Գորիսի թատրոնի պատմության մի որոշակի ժամանակաշրջան սերտորեն կապված է վերջինիս անվան հետ, որն իր գործունեությամբ մեծապես նպաստել է Գորիսի թատերական կյանքի աշխուժացմանը և զարգացմանը: Շնորհիվ Տ. Սազանդարյանի ջանքերի, նոր թարմություն մտցվեց Գորիսի թատերական կյանքում: «Գաւառ» լրագրի բնորոշմամբ Տ. Սազանդարյանն իր դերասանական հմայքով արդեն իսկ «…Գօրիսի բեմի զարդն էր կազմում»: Նույն թվականի թատերաշրջանում Գորիսի թատերասերները հասարակական ակումբի դահլիճում բեմականացրել են «Պեպո» (Գ. Սունդուկյան), «Ինչպես թողին նրանք ծխելը» (Վ. Տրախտենբերգ), «Ղոնաղլուղս մնաց» (Հ. Սոլովյան) պիեսները: 1913 թ. մարտի սկզբներին թատերասերերի կողմից դարձյալ հասարակական ակումբի դահլիճում բեմականացվել է «Թանկագին համբույր» (Ռ. Չինարով, փոխ. Մսերյանց) պիեսը:
XX դարի սկզբներին թատերական շրջագայությունները տեղ գտան նաև Գորիսում: 1910 թ. հուլիսի 16-ին տեղի թատերասերների հրավերով հյուրախաղերի նպատակով Թիֆլիսից Գորիս է ժամանում տաղանդաշատ դերասան, հայ թատերական գործի անխոնջ կազմակերպիչ Ամո Խարազյանն իր ղեկավարած «Նոր դրամա» ժողովրդական թատրոնով: Դերասանական խումբը ութ օր շարունակ խաղաց «Ոճրագործի ընտանիքը» (Պ. Ջիակոմետտի), «Սեր և Խարդավանք» (Ֆ. Շիլլեր) և «Թագի համար» (Ֆ. Կոպպե) պիեսները: Ռուս համայնքի խնդրանքով խումբը ռուսերեն ներկայացրեց նաև «Երջանկության համար» (Ստ. Պշիբիշևսկի) դրաման: Այդ ներկայացումների բեմադրությունը Գորիսում մշակութային նշանակալից երևույթ էր: «Գաւառ» շաբաթաթերը ջերմորեն արձագանքեց Գորիսում տեղի ունեցող նմանօրինակ թատերական ձեռնարկումներին: Տպավորված Ա. Խարազյանի խմբի խաղով, շաբաթաթերն այդ օրերին գրում էր. «Տեղական սիրողները իրանց սրտին անչափ մօտիկ ընդունելով Խարազեանի այդ համարձակ քայլը, Գօրիս խումբ բերելը, ողջամբ բարի երթ մաղթելով հանդերձ, խնդրեցին չմոռանալ գաւառական բեմը և խմբի համեստ գործունէութեան ցանկում որոշ տեղ տալ և գաւառիս բեմին»:
Թատերական շրջագայությունների ավանդույթը Գորիսում շարունակվեց նաև հետագա ժամանակներում: Այսպես` 1913 թ. սեպտեմբերի սկզբներին Գորիսում հյուրախաղերով հանդես են գալիս Բաքվի և Թիֆլիսի հայկական թատրոնների ճանաչված դերասաններ Գրիգոր և Վիկտորիա Ավետյանները: Տեղի թատերասերների հետ միասին նրանք տալիս են երեք ներկայացում (հայերեն և ռուսերեն): Խաղացանկում ընդգրկված են եղել «Ակամա բժիշկ» (Ժ. Մոլիեր), «Էս էլ քի մոցիքլութին» (Մ. Տեր-Գրիգորյան), «Խելագարի օրագրից» (Ն. Գոգոլ), «Ադամ և Եվա» (Լ. Յակովլև), «Չարաճճին» (Պ. Գավո, փոխ. Գ. Ավետյան), «Գերեզմանաքարի վրա» (հեղինակն անհայտ է), «Քաղցած Դոն Ժուան» (հեղինակն անհայտ է) պիեսները: Թատերական ներկայացումները տեղի էին ունենում պետական դպրոցի ընդհարձակ դահլիճում: Նկատենք, որ այցելու դերասանների բերած պիեսներով հարստանում էր ոչ միայն Գորիսի թատրոնի խաղացանկը, այլև դերասանական խմբերի հաճախակի այցելությունները ներգործեցին տեղի դերասանների` բեմական խաղաոճի վարպետության զարգացմանն ու ձևավորմանը:
Գորիսի թատերասերների շարքերը 1916 թ. մայիսի վերջերին համալրել է նաև Ա. Բակունցը, որը Լոր գյուղից վերադառնալուց հետո ընդգրկվել է քաղաքի գործող թատերախմբում և ամռանը մասնակցել նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակներ» երկի բեմականացմանը: Բակունցը կատարել է նորապսակ Ակսելի դերը, որից հետո այս անունն աստիճանաբար փոխարինում է Ալեքսանդրին և դառնում գրական ու քաղաքացիական անուն:
Այսպիսով` Գորիսի թատրոնը XX դարասկզբին արդեն ուներ պրոֆեսիոնալ թատրոնի բոլոր գծերը, և մոտենում էր գավառական թատրոնի դասական տիպին: