Գորիս քաղաքի և շրջակա հայկական գյուղերի հայության համար փորձություններով լեցուն ժամանակաշրջան սկսվեց 1905 թ. օգոստոսին, երբ Զանգեզուրի գավառում սկիզբ առան հայ-թաթարական ընդհարումները: Հաշվի առնելով այն իրողությունը, որ հայ-թաթարական ընդհարումների պատմությունը հանգամանորեն ուսումնասիրվել է հայ պատմաբանների կողմից, մենք կանդրադառնանք միայն քաղաքում և նրան հարակից վայրերում տեղի ունեցած մասնակի ընդհարումներին:
Հայ-թաթարական ընդհարումների տարեգիր Ա-Դօն իրավացիորեն նշում է, որ ընդհարումները հրահրվել են ցարական կառավարության կողմից, նպատակ ունենալով ազգամիջյան բախումներով Կովկասը հեռու պահել Ռուսաստանում հասունացող հեղափոխությունից[1]: Կայսրության մեջ բնակվող ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման դեմ պայքարելիս ցարական կառավարությունը մշտապես դիմում էր մեկ ազգին մյուսի դեմ գրգռելու քաղաքականությանը: Կիրառելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը, կառավարությունը շարունակ թշնամություն էր սերմանում իր տիրապետության տակ գտնվող ժողովուրդների միջև: Փոխադարձ անհանդուրժողականություն էր ստեղծում նաև հայերի և կովկասյան թաթարների միջև:
Հայ-թաթարական ընդհարումների սանձազերծման գործում որոշ դեր խաղաց նաև այդ տարիներին Այսրկովկասում Թուրքիայի կողմից տարվող համաթուրքական (պանթուրքիզմ) քարոզչությունը[2]: Համաթուրքականության ծրագրի իրականացմանը հավասարապես խոչընդոտում էին նաև արևելահայերը, քանզի «Մեծ Թուրան» պետության ստեղծման կարևորագույն փուլերից մեկը` արևելահայության բնաջնջումն էր: Այսրկովկասի տարբեր քաղաքներ թափանցած թուրքական գործակալների առջև դրվել էր մի խնդիր. բորբոքել մահմեդականների գիտակցությունը և հայերի ջարդերը կազմակերպելու նպատակով կովկասյան թաթարներին հրահրել նրանց դեմ, միաժամանակ ազգամիջյան հակադրությունները դարձնել «Մեծ Թուրանի» իրականացմանը խոչընդոտող ռուսական կայսրության թուլացման կարևորագույն միջոց[3]: «Յառաջ» լրագիրը վկայաբերելով որոշ փաստեր Նախիջևանի գավառում համաթուրքականների ծավալած գործունեությունից, գրում է. «Ընդհարումների պատճառներից մէկն էլ պանիսլամիզմն էր, որը գլխաւորապէս արտայայտւեց Նախիջևանի գաւառում: Այնտեղի խաները գաղտնի յարաբերութիւնների մէջ էին զանազան խորհրդաւոր տարրերի հետ, այնտեղ էր, որ սկսեցին երևալ «Ղազաւաթի» սիմբօլները` մարգարէի դրօշակը և կանաչ չալմաները. մօլլաները առանց քաշւելու ճառում էին, որ բոլոր քրիստոնեաները պիտի ջնջւեն, որ հասել է ռուս տիրապետութեան վերջը Կովկասում, և մօտ է խալիֆի (թրքաց Սուլթանի) թագաւորութիւնը»[4]: Բաքուն ու Թիֆլիսը, Երևանն ու Գանձակը, Զանգեզուրն ու Նախիջևանը, Շուշին ու ողջ Արցախը վերածվեցին ռազմաբեմի:
Հայ-թաթարական ընդհարումների ընթացքում, քանի որ Գորիսում աննշան էր կովկասյան թաթարների թիվը, տեղի չունեցան հայերի սպանության դեպքեր: Իրադարձությունները աննախադեպ զարգացումներ ունեցան հարակից մի քանի գյուղերում` Հակում (Մինքենդ), Խոզնավարում և Խնածախում, ինչպես նաև Սիսիանի և Կապանի շրջաններում[5]:
Զանգեզուրի գավառում կովկասյան թաթարների գործած առաջին չարանենգ դեպքը գրանցվեց 1905 թ. օգոստոսի 16-ին, երբ Գորիսից Սիսիան վերադարձող չորս անվանի հայեր` Զիլֆուղար և նրա որդի Իսկենդար բեկ Սաֆրազբեկյանները և բռնակոթցի Արշակ և Ջաֆար բեկ Մելիք-Թանգյանները, Աղուդի և Վաղուդի գյուղերի սահմաններում դարանակալ թաթարների կողմից ենթարկվեցին հարձակման և բարբարոսբար սպանվեցին[6]: Այս ոճրագործությունը մեծ հուզում առաջ բերեց ինչպես Սիսիանում, այնպես էլ Գորիսում[7]:
Կատարվածի հաջորդ օրը Գորիսի արևելյան բլուրների լանջերի վրա իջևանում են «Քյարիմբեկլու» և «Քուրդ-Մամադտաու» կոչված վայրերի քոչվորները, որոնք իրենց ճանապարհին, Խնձորեսկ գյուղի հանդերից քշում տանում են գյուղի նախիրը: Թեև հայերը փորձեցին ետ բերել անասուները, սակայն պրիստավ Վոսկրեսենսկին դավադրաբար կրակ է բաց անում նրանց վրա, որից սպանվում է 25 ամյա Խաչատուր Աբելյանը: Թաթար քոչվորները մնալով անպատիժ և խրախուսված Վոսկրեսենսկու տմարդի վերաբերմունքից, իրենց ճանապարհին շարունակում են հայ անզեն բնակիչների նկատմամբ ոճրագործությունները, սպանելով դաշտերում աշխաող 11 գյուղացիների և 4 անցորդ բեռնակիրների: Դեպքերի նման աննախադեպ զարգացումների պատճառով գորիսեցիները սկսում են կազմակերպել ինքնապաշտպանական խմբեր: Ինքնապաշպանության գործի կազմակերպիչն էր ՀԴ Դաշնակցության Զանգեզուրի Սյունիք կոմիտեն: Ն. Հովսեփյանի և Հ. Սարգիսջանյանի (Յապոնացի Սաքո) գլխավորած զինատար խմբերը հարձակվում են «Գոռին ձոր»-ի (=Կոռնիձոր) շրջանի թաթարաբնակ զինված գյուղերի վրա և բնակիչներին քշում մինչև Մազմազակի ձորերը[8]:
Գորիսում նոր հրահրումներ կազմակերպելու պատրվակով 1905 թ. օգոստոսի 18-ին Համզալու գյուղացի Նյուֆթալի բեկը (Հակ գյուղի գրագիր, հայատյած Շամիլի հայրը) 15 հոգուց բաղկացած զինյալ խմբով մտադրվում է մտնել քաղաք: Քաղաքի մատույցներում դիրքավորված գորիսեցի աչալուրջ ինքանապաշտպանները կանխազգալով վերջիններիս Գորիս գալու չարանենգ մտադրությունը, արգելում են նրանց քաղաք մտնել: Տեղի ունեցած ընդհարման ժամանակ սպանվում է Նյուֆթալի բեկը և նրա խմբից ևս երկուսը: Ցավոք, հայերից նույնպես զոհվում են երկու երիտասարդներ` Փաշան և Բախշին[9]:
Այս դեպքերից հետո թաթար բեկերը նպատակադրվեցին վրեժխնդիր լինել գորիսեցիներից: Նրանցից Իլդրիմ բեկ Սուլթանովը, որը կազմավորել էր մեծաթիվ հրոսակախումբ, օգոստոսի 21-ին մի պահանջագիր է ներկայացնում գորիսեցիներին: Պահանջագիրը պարունակում էր հետևյալ կետերը. 1) «Գօրիսից դուրս թողնել թուրք բնակիչներին, 2) ազատ ճանապարհ տալ քոչւորներին, 3) հեռացնել Գօրիսի դիրքերից հայ զինւած տղաներին և 4) վճարել 10,000 ր. դրամ»[10]:
Իրավիճակի սրմանն էր նպաստում հատկապես գավառապետ Մ. Ավալիանիի անթաքույց թաթարամետ դիրքորոշումը: Ազգությամբ վրացի այդ չինովնիկը, Զանգեզուրի գավառում և հատկապես նրա կենտրոն Գորիսում, հայ բնակչության նկատմամբ այն տմարդի դերն էր կատարում, ինչ որ նրա ազգակից, հայատյաց նահանգապետ Միխաել Նակաշիձեն Բաքվի նահանգում: Մ. Ավալիանին առանց որևէ հարկադրանքի կատարեց թաթարների մեկ այլ պահանջը. նախքան պատժի ժամանակամիջոցի լրանալը, բանտից արձակեց մի քանի կովկասյան թաթար բանտարկյալների: Միաժամանակ բաց թողնվեցին Գորիսում եղած թաթարները: Ինչ վերաբերում է 10.000 ռ. տուգանք վճարելուն, ապա գորիսեցիները կտրականապես հրաժարվեցին կատարել այդ պահանջը[11]:
Իրադրությունը գավառում սրվեց, երբ զինված մեծ թվով կովկասյան թաթարներն ու քրդերը 1905 թ. օգոստոսի 19-22-ը պրիստավ Սադըղ բեկ Մելիք-Ասլանովի գլխավորությամբ անակնկալ հարձակվեցին Հակ գյուղի վրա[12]: Մեծաթիվ թաթարներով շրջապատված գյուղն ուներ 80 ծուխ` շուրջ 726 հայ բնակիչ[13]: Հանկարծակի եկած հայերը թեև դիմում են ինքնապաշտպանության, սակայն ուժերի անբավարարության պատճառով ստիպված են լինում նահանջել: Անհավասար մարտում հայերի մեծ մասը զոհվում է: «Հայերը յանկարծակիի են գալիս,- վերհիշում է Ա. Խանզադյանը,- որը պատրաստ, որը քնաթաթախ զէնքերը ձեռքներն առած խմբերով դուրս են գալիս թուրքերի դէմ: Երկու օր հարայ հրոց գցելէն կռւելով պաշտպանւում են. երրորդ օրը լոյսը բացւելուն, թուրքերը մեծ ուժերով երկու կողմից պաշարում են եւ մէկ կողմից ուժ բերելով մտնում են քաղաքի դարպասից եւ կրակ ձգում տները: Հայերը կռւելով ետ են նահանջում դէպի Գորիս քաղաքը, թողնելով տուն տեղ ու շարժական ունեցւածք: Մինքենդի ժողովրդի մեծ մասը կոտորւում է, վիրաւորներն էլ արնաքամ լինելով` մնում են դաշտերի ու ճանապարհների վրայ»[14]: Թաթարներ գազանային չարությամբ կոտորածի են ենթարկում 240 հայի, վիրավորվում է 30-ը[15]: Արհավիրքից վերապրած գյուղի ծխատեր քահանա Հակոբ Տեր-Մինասյանն իր հուշերում վերապատմելով հայերի նկատմամբ թաթարների և քրդերի գործած գազանությունները, վկայում է հետևյալը. «Երեկոյան, մոտ ժամը ութին, սկսվեց հրացանաձգությունը, ներսից (գյուղի) և դրսից: Հայերը քաջությամբ դիմադրում էին: Հանկարծ մեր հարևան քրդերը գյուղի միջից սկսեցին կողոպուտը, ալանն ու թալանը»[16]: Թալանվում է նաև գյուղի եկեղեցին[17]: Հակում հայերի նկատմամբ կովկասյան թաթարների գործած վայրագույունների առիթով «Մուրճ»-ը գրում էր. «Թուրք-թաթարական գազանութիւնների ականատես հայ պատմագիր Լաստիվերդցու նկարագրութիւնները կարդալիս մարդ ակամայ համեմատում է մեր օրերը, և սոսկումով նկատում` որ XI-րդ դարից ի վեր շատ քիչ են փոխուել «մարդադէմ գազանների» ցեղային բնազդները. թուրք-թաթարների այժմեան և այն ժամանակուաց գործողութիւնների մէջ տարբերութիւնը միայն այն է, որ նետի փոխարէն այժմ դրանք հրազէն են գործածում:… Եթէ Լաստիվերդցին հրաշքով յարութիւն առնէր, նա այժմ ևս կը տեսնէր իր նկարագրած Տուղրիլներին, սակայն այլ տարազով, այլ սպառազինութեամբ…»[18]:
Կոտորածից փրկվածները ապաստան են գտնում Գորիսում, որտեղ և ապաքինվում են վիրավորները[19]: Հակում տեղի ունեցած դեպքերի աննախադեպ ընթացքից հանկարծակի եկած Գորիսի բնակիչները խռնվում են գավառական վարչության շենքի մոտ: «Մինքենդի կոտորածը ծանր հարւած եղաւ հայերի գլխին: Քաղաքի ժողովուրդն իրար էր անցել եւ սպասում էր թէ ի՞նչ դիրք կը բռնի Զանգեզուրում հիմք դրած Դաշնակցական կոմիտէն»[20],- գրում է Ա. Խանզադյանը:
Նման անհանդուրժելի վիճակի դրդմամբ, ՀՅԴ Զանգեզուրի Սյունիք կոմիտեն Կարճիկ Գևորգ բեկի տանը շտապ կարգով հրավիրում է արտակարգ նիստ: Դեպքերի հետագա ընթացքից կարելի է կռահել թե ինչ որոշում է կայացվել նիստում: Այսպես` նիստից անմիջապես հետո, դաշնակցական զինված խմբերը Ա. Շիրինյանի, գանձակեցի Ստեփան Ստեփանյանի (Հարություն Պետրոսյան)[21] և Հ. Սարգիսջանյանի գլխավորությամբ մոտենում են գավառական վարչության շենքին և պատշգամբ դուրս եկած գավառապետին ներկայացնում հետևյալ պահանջները. «Իսկոյն եւեթ Զանգեզուրի շրջանից դուրս շպրտել ոստիկանապես Սադեղ բէկին, որը պատճառ եղաւ Մինքենդի կոտորածին: Երկրորդ, եթէ Մինքենդի կոտորածի նմանը ձեր գաւառապետական պաշտօնեաներից որեւէ մէկի քթի տակ կրկնւի, յայտարարում ենք, գաւառապետական բոլոր պաշտօնեանները 24 ժամւայ մէջ Զանգեզուրի սար ու ձորերի վրայ կը փրթւեն, թուրք ազգաբնակութեան հետ միասին»[22]: Ա. Խանզադյանը վերհիշում է, որ գավառական վարչության շենքի մոտ խռնված ժողովուրդը ոգևորված ՀՅԴ գործիչների հանդուգն այդ քայլից, գավառապետի հանդիպումից հետո. «Շէնքի շուրջը հաւաքուած բազմութիւնը ծափահարութիւններով իր մէջը առաւ Շիրինեանին եւ Ստեփանեանին ու ձեռքերի վրայ բարձրացրած` տարաւ մինչեւ Մելքումենց Հայրապետի տան անկիւնը, Կարաեւ փողոցի բերանը»[23]: Երկու օր անց, Մ. Ավալիանին ստիպված է լինում բավարել ՀՅ Դաշնակցության պահանջը և Սադըղ բեկի փոխարեն Հակ պրիստավ է նշանակում Բագրատ բեկին[24]:
Մ. Ավալիանին հովանավորում էր նաև թաթար հայտնի ավազակապետ Խանլարին, որին հայ բնակչության պահանջով բանտարկել էին Գորիսի բանտում: Սակայն Հակի կոտորածից հետո գավառապետի հրահանգով վերջինիս ազատվում է բանտից[25]: Այս աղաղակող անարդարությունից դրդված Ինքնապաշտպանական մարմնի որոշմամբ Չոփուր Արսենն ու հալիձորցի Օնիկը դարանակալելով Գորիսի և Քարահունջի միջև գտնվող թթենու այգում և Շուռնուխ հեռանալիս ահաբեկում են Խանլարին[26]:
Գավառում խաղաղությունը վերականգնելու նպատակով 1905 թ. սեպտեմբերի սկզբներին Գորիս է այցելում Երևանի ժամանակավար գեներալ-նահանգապետ Լուկ Նապոլեոնը[27]:
Նրանից հետո Շուշուց Գորիս է ժամանում Գանձակ-Ելիզավետպոլի նահանգապետի պաշտոնակատար գեներալ Տակայշվիլին[28]: Գավառում հայերի և կովկասյան թաթարների միջև խաղաղություն հաստատելու նպատակով Կովկասի փոխարքան հրահանգել էր Տակայշվիլիին. անհապաղ ձեռք առնել համապատասխան միջոցներ[29]:
Տակավին Տակայշվիլին գտնվում էր Տանձավերում, երբ հայերի սպանության հերթական դեպքը գրանցվեց այս անգամ Հին Գորիսում կամ Վերին Շենում: Հոկտեմբերի 17-ին, գիշերը, թաթար ելուզակները գաղտագողի հարձակվում են գյուղի երկու հովիվների վրա և նրանց գլխատելուց հետո առևանգում 400 ոչխար[30]: Զանգեզուրից` Մեսրոպ Ստեփանյանի` «Մշակի»-ին տված հաղորդագրությունում ասվում է. «…թուրքերը յարձակվեցին Գօրիսի Քեօհնայ գիւղի վրայ, սպանելով երկու մարդ, քշեցին տարան 400 ոչխար»[31]: Դրանով ավարտվեցին Գորիսում տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումները: Ինչպես գրում է Ա-դօն. «Գօրիսի շրջանի վրա մենք երկար կանգ չենք առնի, որովհետև այդտեղ խոշոր մասսային ընդհարումներ տեղի չունեցան»[32]:
1905 թ. հոկտեմբերի 19-ին, երեկոյան ժամը 6-ին մեծ շքախմբով Գորիս է ժամանում գեներալ Տակայշվիլին: Նահանգապետին ուղեկցում էին թաթար հայտնի բեկեր Աբու-Սամանդը, Ասկանդարը, Բազարը և Իլդրիմը[33]: Տակավին առավոտվանից քաղաքի հրապարակում խմբված ժողովուրդը նահանգապետին դիմավորեց աղ ու հացով, իսկ ազդեցիկ մարդկանցից Մատթեոս բեկ Տեր-Գրիգորյանը ելույթ ունենցավ և շնորհավորեց նահանգապետի գալուստը, շեշտելով հայ և ռուս ժողովուրդների պատմական կապերի մասին. «Ընդունելութիւնը չափազանց սիրալիր էր: Ընդհանուր նահանգապետը ուրախ ժպտով ողջունեց ճառախօսին և մտաւ ակըմբանոցի դահլիճը»[34]:
Թեև գորիսեցիները նահանգապետին և նրան ուղեկցող շքախմբին օթևանելու համար նախապատրաստել էին հարմարավետ մի տուն, այնուհանդերձ գավառապետ Մ. Ավալիանին ինչ-ինչ նկատառումներով նրանց տեղավորեց հասարակական ակումբի շենքում: Հաջորդ օրը նահագապետը այցելում է ռուսական Սբ. Նիկողայոս և հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ, ուր տրվում են պատարագներ: Ապա գավառական վարչությունում նահանգապետը ընդունում է Գորիս քաղաքի և վարչության շենքի առջև խմբված կողոպտված ու այրված Հակ, Խոզնավար, Զեյվա, Ալիղուլիշեն և այլ գյուղերի գյուղացիներին, լսում նրանց բողոքները` կովկասյան թաթարների կատարած ոճրագործություների մասին[35]: Իր խոսքում նահանգապետը գավառի հայ բնակչությանը հորդորեց «…շարունակել խաղաղ կեանքը, որ հայերը իրանց աշխատասիրութեամբ և կուլտուրականութեամբ վաղուց յայտնի են կառավարութեան, ուստի նա կը պաշտպանի ամեն մի հայի կեանքը և գոյքը, որպէս իրանը…»[36]: Սին խոսքեր: Իրականում, Տակայշվիլին լինելով Բաքվի նահանգի հայատյաց նահանգապետ Ա. Նակաշիձեի քրոջ որդին[37], ըստ էության վարում էր հակահայկական քաղաքականություն:
Թաթարների հետ հաշտություն կնքելու համար Գորիսի հասարակությունը լիազորել էր Մատթեոս բեկ Տեր-Գրիգորյանին, Մանուչար բեկ Մելիք-Հյուսեինյանին և Մելիք-Փաշայանին[38]: Թաթարների պահանջը մեկն էր` ձերբակալել «…տեղական հայ կօմիտետների (իմա` հայ քաղաքական կուսակցությունների — Գ. Ս.) բոլոր անդամներին»[39]: Իրենց կողմից թաթար բեկերը խոստանում էին նույն կերպ վարվել «թուրք ավազակախմբերի» նկատմամբ[40]:
Հաշտությունը կնքելու նպատակով հոկտեմբերի 21-ին հրավիրված ժողովին մասնակցում էր նաև հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ ՍԴ Հնչակյան Փարամազը` Մատթեոս Սարգսյան էր, ով ծնունդով Մեղրիից էր[41]: Վերջինիս իր ելույթում ասել է. «…Ռուսաստանում հայ յեղափոխակաների երկարամեայ ձգտումը և պահանջը եղել է նրանց յարքունիս գրաւած դպրոցական կայքերը և եկեղեցականան կալուածները, այլ և շատ տեղերում` հայերը արիւն են թափել դպրոցի և կալուածների վերադարձման համար: …Ոչ մի խէթ հայեացք խաղաղ ժամին, ոչ մի ծուռ ակնարկ չէ ունեցել հայ յեղափոխականը դէպի թուրք տարրը»[42]:
Ժողովն ավարտելով իր աշխատանքները, ընտրում է 4 հոգուց բաղկացած հանձնախումբ` հաշտության շուրջ կայացած կետերը նահանգապետին ներկայացնելու համար[43]:
Տակայշվիլիի հեռանալուց հետո իրադրությունը շարունակվեց լարված մնալ: Կարճ ժամանակ անց, 1905 թ. նոյեմբերի վերջերին, Կովկասի փոխարքայի հրամանով Տակայշվիլին հեռացվում է նահանգապետի պաշտոնից: Նրա փոխարեն ժամանակավոր նահանգապետ է նշանակվում Ֆլեյշերը, որը հարգված էր տեղացի հայերի կողմից[44]:
Հարկ է նշել, որ Զանզեզուրում հայ-թաթարական ընդհարումների շրջանը համընկեց Երևանի թեմի Տաթևի փոխանորդության առաջնորդ և վանքի վանահայր Ներսես վրդ. Մելիք-Թանգյանի կառավարման շրջանի հետ: Մելիք-Թանգյան հայրենանվեր եկեղեցական և հասարակական գործիչն անձնուրաց պաշտպան կանգնելով իր հոտին, ոգևորեց ինքնապաշտպանության դիմողներին[45]: Տեղի հայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով ՀՅԴ կուսակցության որոշումով Զանգեզուր եկած ֆիդայիներ Կայծակ Առաքելի, Կորյունի, Սեբաստացի Մուրադի և այլոց հետ, Ներսես վարդապետը ձեռնամուխ է լինում կամավորական ջոկատների կազմավորմանը[46]: Միքայել Վարանդյանն այդ առիթով գրում է. «…երբեմնի Տաթեւի վանահայրը, այժմ Ներսես Արքեպիսկոպոս, Առաջնորդ Հայոց Ատրպատականի, որ այն սեւ օրերուն մեր լաւագոյն եկեղեցականներու` Խրիմեանի, Խարախանեանի, Վարդան վարդապետի աւանդութիւնը կանձնաւորէր, անդուլ կը շրջէր հայ գիւղերը, սիրտ կուտար ժողովրդին, ինքնապաշտպանութեան քարոզ կը մղէր և միեւնոյն ժամանակ կորովի դիմումներով կը հասցնէր հայութեան վիշտն ու բողոքը փոխարքային ու իշխանութիւններուն»[47]: Ահա, այդ օրերին էր, որ Ներսես վարդապետը ստացավ «Զանգեզուրի Ղևոնդ Երեց» անվանումը[48]:
1906 թ. հունիսի կեսերից Զանգեզուրում բախումները սուր կերպարանք ստացան: Թաթար բեկերը, որոնք ստանձնել էին ավազակախմբերի ղկավար դերը, սկսեցին ասպատակել հայակական գյուղերը[49]: Գիտակցելով հայությանը սպառնացող վտանգը` հայ քաղաքական շրջանները տակավին 1905 թ. փետրվարից ձեռնամուխ էին եղել ինքնապաշտպանության գործին: Հատկապես մեծ գործ կատարեց Հ.Յ. Դաշնակցությունը: Զանգեզուրում ինքնապաշտպանությունը գլխավորեց Արշակ Գավաֆյանը (Քեռի): Տեղի հայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով ՀՅԴ-ի որոշումով Զանգեզուր մեկնեցին անվանի ֆիդայիները. «Եւ ահա այդ ժամանակն էր, որ մէկէն ի մէկ, մեծ մասամբ հեռու վայրերէ, պահապան հրեշտակներու պէս լոյս ընկան` սպառազէն և անվեհեր` մեր հայդուկները… Մուրատ, Քեռի, Դրօ, Կայծակ Առաքել, Ստեփան Ստեփանեան, Մխիթար, Կորիւն, Կոստի, Ռաշիդ… որոնք գացին կազմակերպելու ժողովուրդը, հաւաքելու զինավարժ երիտասարդութիւնը Կազմակերպութեան դրօշին տակ…»[50]:
ՀՅԴ Գորիսի զինատար խմբերը, Գորիսից բացի, իրավիճակի թելադրանքից ելնելով գործում էին նաև Կապանում: «Մի քանի օր առաջ դաշնակցութեան երկու խմբերը անցան դէպի վտանգի վայրերը: Գօրիսի շրջանից նոյնպէս եկել են զինւորներ»[51]: Գորիսից Կապան մեկնածների թվում էին Ա. Շիրինյանը, Հ. Սարգիսջանյանը (Յապոնացի Սաքո), Հ. Պարոնյանը (Յապոն), Ս. Արամյանը, Ա. Պարոնյանը, Ն. Հովսեփյանը և ուրիշներ[52]: Վերջինիս մասին ուշագրավ տեղեկություն է պահպանվում Կապանի երրագիտական թանգարանում պահվող` ինքնապաշտպանության ղեկավարներից Հովհաննես Քարամյանի` Սմբատ Մելիք-Ստեփանյանին ուղղված նամակում, որում խնդրվում էր. «հնարավորության դեպքում 200 փամփուշտ ուղարկել հրամանատար Նիկոլային»[53]:
Շուշի-Գորիս ճանապարհը թաթար ելուզակների հարձակումներից անվտանգ դարձնելու նպատակով Արցախի Զինվորական մարմինի (ղեկավարն էր հայդուկապետ, ՀՅԴ նշանավոր գործիչ Սարգիս Մեհրաբյանը (Խանասորի Վարդան) որոշմամբ պետք է հարվածներ հասցվեր զինված թաթարական այն գյուղերին, որոնք պատուհաս էին դաձել հայ խաղաղ բնակչության համար: Այդ նպատակով 1906 թ. փետրվարին Թիֆլիսում տեղի ունեցած ՀՅԴ զինվորական վարիչների խորհրդակցությումում որոշվում է. «…պաշտպանողական տաքտիկայից անցնել յարձակողականի… նախայարձակ լինել եւ ջնջել այն բոլոր որջերը. լինեն դրանք մեծ կամ փոքր, որոնք աւազակային կենտրոններ էին: Բացի այդ, անհրաժեշտ համարուեց վերացնել խոչընդոտ հանդիսացող այն թաթարական գիւղերը, որոնք խանգարում էին Գանձակից Շուշի, Շուշուց` Գորիս եւ Նոր Բայազիտից` Գորիս հաղորդակցութեան»[54]:
Գորիսի հարակից հայկական գյուղերի վրա թաթար ելուզակների հարձակումները փոքր ինչ մեղմացան, երբ 1906 թ. փետրվարի սկզբներին կովկասյան հեծելազորի զորամասի և Գանձակ-Ելիզավոտպոլի նահանգում գործող պատժիչ արշավախմբերի հրամանատար գեներալ-մայոր Գոլոշչապովի օգնական գնդապետ Վիվերնը իսպառ այրում է ավազակաորջերի վերածված թաթարաբնակ, Ալիանլու, Մազմազակ և այլ գյուղերը: Գյուղեր մտնելիս թաթարները ցույց են տալիս դիմադրություն, որի պատճառով գնդապետի հրամանով գյուղերը ենթարկվում են ռմբակոծության: Գյուղերը գրավելուց հետո 20 կովկասյան թաթարներ ձերբակալվում և ուղարկվում ենԳորիսի բանտ[55]: Երկու ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կողմից 1906 թ. մարտին Զանգեզուր` Գորիս է ուղարկվում Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը: Հաշվի առնելով թաթար ելուզակների բռնած թշնամական դիրքը, և վերջիններիս շարունակական հարձակումները հայկական գյուղերի վրա, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը հայ բնակչությանը խրախուսում է զինված պայքարի, պահանջելով` «մաքրել Նախիջեւանի եւ Զանգեզուրի թաթար գիւղերը»[56]:
Գորիսում և հարակից գյուղերում իրավիճակը փոքր ինչ խաղաղվեց, երբ Խնածախ գյուղի դիրքերում 1906 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած կռիվներում սպանվում է Մալիբեյլու գյուղացի հայատյաց Նաղին, որը ղեկավարում էր Հաջիսամլուի ավազակախմբերը[57]: Նաղու զոհերն էին դարձել բազմաթիվ հայեր. Զարսլուի ձորում սպանել և թալանել էր գորիսեցի Ղուկաս բեկին և տեղացի երկու քրեհտարների, թալանել էր գորիսեցիներ Ս. Միրումյանի և Գ. Մինասյանի Շուշիից բերվող մանուֆակտուրային ապրանքը[58]: Խնածախի դիրքերում կողք-կողքի կռվում էին հնչակյան և դաշնակցական մարտիկները: Կռիվն ավարտվում է հայերի հաղթանակով: Բռնագրավվում է թաթարների զենքը: Կռվին մասնակից «Սյունեցի» ծածկանումով հնչակյան գործիչը «Հնչակում» գրում է. «…3 ժամ կատաղի կռուից յետոյ մէկ դիրքում սպանում են վերև յիշուած 5 աւազակապետներին, մի ուրիշ դիրքում էլ 2-ին սպանում են, 2-ին էլ վիրաւորում»[59]:
Զանգեզուրի գավառում 1905 թ. դեկտեմբերին և 1906 թ. հունվար-փետրվարին կովկասյան թաթարների կրած նոր պարտություներն անհանգստություն էին առաջացրել նահանգային իշխանությունների մոտ: 1906 թ. փետրվարի վերջին գավառային կենտրոն` Գորիս է ժամանում Գանձակ-Ելիզավետպոլի գեներալ-նահանգապետի պաշտոնակատար Ալֆտանը[60]: Այդ օրերին գավառի բոլոր շրջաններից պատվիրակություներ են գալիս նահանգապետի մոտ և գրավոր բողոքներ ներկայացնում զորքի և ոստիկանույան անօրինական գործողությունների դեմ: Նահանգապետը հյուրընկալում է քաղաքում և տարածաշրջանում մեծահարգ բժիշկ և հասարակական գործիչ Միք. Պարոնյանի տանը: Հյուրասիրության ժամանակը, որին ներկա էին հայ, կովկասյան թաթար և ռուս պաշտոնյաներ, Միք. Պարոնյանն առանց վարանելու, համարձակորեն մեղադրում է ռուսական կառավարությանը` հայ-թաթարական ընդհարումները կանխելու գործում ցուցաբերած անվճռականության մեջ: Իր պատմա-հուշագրական աշխատությունում այդ մասին արժանահավատ տեղեկություն է հաղորդում դեպքերի ժամանակակից, Արցախի Ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանը: Ըստ նրա` «Զանգեզուր-Ղարաբաղում, 1906 թ. հայ-թրքական ընդհարումների վերջին տարին, երբ Գանձակի նահանգապետը շրջագայութեամբ եղել էր Զանգեզուրում և Գօրիսում հիւրասիրւել էր բժշկի (իմա` Միք. Պարոնյանի — Գ. Ս.) տանը, հրաւիրւած հայ, թուրք և ռուս (պաշտօնեաներ) հիւրերի ներկայութեամբ, խօսք է բացւում հայ-թրքական դարաւոր հարևան ժողովուրդների միջև տեղի ունեցած ընդհարումների մասին, և նահանգապետն էլ ցաւ է յայտնում այդ առթիւ: Դոկտորը, առանց վարանելու, համարձակ իր խօսքն է ասում, թէ` «մեղքը կառավարութեանն է, եթէ թոյլ չտար Բագւում, օր-ցերեկով երկու ժողովուրդները իրար յօշոտէին, ապա իզուր տեղը այնքան անմեղ մարդկանց արիւնը չէր թափւի և նիւթական մեծ վնաս չէին կրի մարդիկ: Ես զինւորական չեմ, սակայն տւէք ինձ 150 կոզակներ, և ես ամէնակարճ ժամանակում կարգ ու կանոնը կը վերականգնեմ Զանգեզուր-Ղարաբաղում: Կառավարութիւնը եթէ վճռական միջոցներ ձեռք առնէր, անմիջապէս կը դադարէին ընդհարումները»»[61]: Հայտնի չէ թե ինչ է պատասխանել նահանգապետ Ալֆտանը, սակայն Միք. Պարոնյանի այդ համարձակ ելույթը. «տարածւել էր ժամանակին Զանգեզուր-Ղարաբաղում, և բոլորը խօսում, իրենց հիացմունքն էին արտայայտում»[62]:
Հայերի նկատմամբ թաթար խուժանի հետագա հարձակումները կանխելու փոխարեն, 1906 թ. մարտի վերջերին գնդապետ Վիվերնը, գավառապետ Ֆրեյլիխի, նրանց միացած հաշտարար միջնորդ Երմոլաևի և պրիստավ Ֆիտի գլխավորությամբ 400 զինվորից բաղկացած զորագնդով Վարանդայի գավառում հայ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրին պատժիչ գործողություններ[63]: Գնդապետ Վիվերնի աննկարագրելի ոճրագործությունները շարունակվեցին նաև Զանգեզուրի գավառի գյուղերում, մասնավորապես Տեղ գյուղում[64]: Ինչպես իրավացիորեն գրում է Տ. Սազանդարյանը. «Գնդապետ Վեվէրնի գալուց, մեր կեանքը քիչ փոխվեց. դէպի Շուշի երթևեկութիւնը թէև բացված է, սակայն թուրքերի խաբեյութեան և կարճամտութեան չը վստահելով, հայերը մեծ զգուշութեամբ են գնում-գալիս»[65]:
Վարանդայի գավառում և Տեղ գյուղում հայ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված պատժիչ գործողություններից հետո փոխարքայի հրամանով Գանձակ-Ելիզավետպոլի նահանգապետ, գեներալ-մայոր Ալֆտանի ենթակայությունից դուրս բերվեցին Կարյագինոյի, Շուշիի և Զանգեզուրի գավառները, և այդ այդ տարածքների գեներալ նահանգապետ նշանակվեց կովկասյան հեծելազորի զորամասի և Գանձակ-Ելիզավոտպոլի նահանգում գործող պատժիչ արշավախմբերի հրամանատար գեներալ-մայոր Գոլոշչապովը[66]:
Իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով ավելի ուշ` 1906 թ. սեպտեմբերի 10-ին Գորիս է ժամանում նաև Գանձակ-Ելիզավետպոլի գեներալ-նահանգապետի պաշտոնակատար Բաուերը: Քաղաքի բնակիչները նրան նույնպես արժանացնում են բարձրաստիճան հյուրին վայել ընդունելության. դիմավորում են աղ ու հացով[67]:
Այսպիսով` շնորհիվ Հ.Յ. Դաշնակցության կազմակերպած հերոսական դիմադրության, Գորիսում և հարակից գյուղերում խափանվեց հայ բնակչության զանգվածային կոտորածների ծրագիրը:
[1] Տե՛ս Ա—Դօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906թ.), փաստագրական, վիճակագրական, տեղագրական ուսումնասիրութիւններով, Երեւան, 1907, էջ 5:
[2] Տե՛ս Çареванд, Òурция и пантуранизм, Ïариж, 1930, с. 7-45, ݳ¨ Äикий, Êавказская смута (б. м. и из.), 1906, с. 6-8.
[3] Տե՛ս Чалхушьян Ã., Àрмянский вопрос и армянские погромы вь Ðоссии, Ðостов-на-Äону, 1905, с. 63.
[4] Հայկական հարցը Ռուսաստանում եւ Կովկասեան խռովութիւնը, «Յառաջ», Երեւան, 1906, փետրվարի 8, դ 20:
[5] Նոէմիս [Տեր-Մինասյան Սիմեոն], Դրութիւնը Զանգեզուրի գաւառում, «Արշալոյս», Թիֆլիս, 1906, նոյեմբերի 1, դ 44:
[6] Տե՛ս Ա—Դօ, նշվ. աշխ., էջ 251:
[7] Գորիսում և հարակից գյուղերում տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների մասին հանգամանալից տե՛ս Թարխանյան Գ., Հայ-թաթարական ընդհա-րում-ները Զանգեզուրում 1905-1906 թ.թ., ԲԵՀ, Երևան, 2001, դ 3, էջ 111-116, տե՛ս նաև Սմբատյան Գ., 1905-06 թվականներ. Գորիսը փորձության մեջ, «Սյունյաց երկիր», Կապան, 2011, մայիսի 28, դ 10, էջ 51-55:
[8] Տե՛ս Խանզատեան Ա., Դաշնակցութեան մուտքն ու աշխատանքը Զանգեզուրում (Կազմակերպիչ ընկերները ինչպիսի վախճանի արժանացան), «Ալիք», Թեհրան, 1979, մայիսի 24, դ 106, էջ 4:
[9] Տե՛ս Ա—Դօ, նշվ. աշխ., էջ 252:
[10] Նույն տեղում:
[11] Տե՛ս նույն տեղում, էջ 253:
[12] Հակ գյուղի հայերի կոտորածների մասին մանրամասն տե՛ս Սազանդարեան [Տ.], Պատկերներ (Զանգեզուրի թուրք-հայ ընդհարումներից առած), Թիֆլիս, 1907, տե՛ս նաև նույնի` Զանգեզուրի աղէտներից (II), «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 22, դ 191, (III), սեպտեմբերի 25, դ 194, (IV), հոկտեմբերի 5, դ 202, տե՛ս նաև Նօէմիս [Տեր-Մինասյան Սիմեոն], Զանգեզուրի նորոթիւններից, «Արշալույս», 1905, հոկտեմբերի 8, դ 33:
[13] Տե՛ս Ներսէս վարդապետ, Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 25, դ 194:
[14] Խանզատեան Ա., նշվ. աշխ., 1979, մայիսի 24, դ 106, էջ 6, տե՛ս նաև մայիսի 26, դ 107, էջ 2:
[15] Տե՛ս Ներսէս վարդապետ, Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 25, դ 194:
[16] Խանզադյան Ս., Տեր-Հակովբ Տեր-Մինասյան Գորիսեցու «Հիշատակարանը», էջ 130:
[17] Տե՛ս Նօէմիս [Տեր-Մինասյան Սիմեոն], Մինքէնդի կոտորածը, «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 14, դ 184:
[18] «Մուրճ», Թիֆլիս, 1905, դ 9, էջ 168-169:
[19] Տե՛ս Ներսէս վարդապետ, Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 25, դ 194:
[20] Խանզատեան Ա., նշվ. աշխ., 1979, մայիսի 26, դ 107, էջ 2:
[21] ՀՅԴ գործիչ Ստեփան Ստեփանյանը (1878-1905 թթ.) ծնվել է Գանձակ քաղաքում: Գործել է Գանձակում, Դաղստանում, Թիֆլիսում, Շուշիում և Զանգեզուրում: Զոհվել է հայ-թաթարական ընդհարումների շրջանում, Աղիտու գյուղում 1905 թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած բռվում (տե՛ս Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան. Ալբոմ-ատլաս, Ա. հատոր (Դիւցազնամարտ. 1890-1914), Լոս Անճելլըս, Քալիֆորնիա, 1992, էջ 96, տե՛ս նաև «Արշալոյս», Թիֆլիս, 1906, հունվարի 12, դ 6):
[22] Խանզատեան Ա., նշվ. աշխ., 1979, մայիսի 26, դ 107, էջ 2:
[23] Նույն տեղում:
[24] Տե՛ս նույն տեղում, մայիսի 30, դ 110, էջ 4:
[25] Տե՛ս Ստեմել, Ցարական քաղաքականութիւնը եւ դաւերը հայերի դէմ: Հայ-թաթարական ընդհարումները (Կովկասում եւ Սիւնեաց աշխարհում), Թ, «Ասպարէզ» եռօրեայ, Ֆրեզնօ, 1957, յուլիս 2, դ 3259, էջ 2:
[26] Տե՛ս Ստեմել, Ցարական քաղաքականութիւնը եւ դաւերը հայերի դէմ: Հայ-թաթարական ընդհարումները (Կովկասում եւ Սիւնեաց աշխարհում), Ժ, «Ասպարէզ» եռօրեայ, Ֆրեզնօ, 1957, յուլիս 16, դ 3260, էջ 2:
[27] Տե՛ս Շամխալ բեկ Մելիք-Հյուսեինյանի անձնական արխիվ:
[28] Տե՛ս Ներսէս վարդապետ, Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 25, դ 194:
[29] Տե՛ս «Արշալոյս», Թիֆլիս, 1905, հոկտեմբերի 8, դ 33:
[30] Տե՛ս Սազանդարեան, [Տ.] Հաշտութիւնը Զանգեզուրում, «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 13, դ 224, տե՛ս նաև Ա—Դօ, նշվ. աշխ., էջ 252:
[31] Մեսրովբ Ստեփանեանց, Տեղեկութիւններ գաւառից: Լոր գիւղ (Զանգեզուրի գաւառ), «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 3, դ 217:
[32] Ա—Դօ, նշվ. աշխ., էջ 252:
[33] Տե՛ս Սազանդարեան, [Տ.] Հաշտութիւնը Զանգեզուրում, «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 11, դ 224:
[34] Նոէմիս [Տեր-Մինասյան Սիմեոն], Գեներալ Տակայշվիլին Գորիսում, «Արշալոյս», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 2, դ 45:
[35] Տե՛ս նույն տեղում:
[36] Ներսէս վարդապետ, Վերջին տեղեկութիւններ, «Արշալոյս», Թիֆլիս, 1905, հոկ-տեմբերի 25, դ 39:
[37] Տե՛ս Վարանդեան Մ., Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն, էջ 321:
[38] Տե՛ս Սազանդարեան, [Տ.] Հաշտութիւնը Զանգեզուրում, «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 11, դ 224:
[39] Նույն տեղում:
[40] Նույն տեղում:
[41] Տե՛ս Պողոսյան Հ., Փարամազ, Երևան, 1992, էջ 21:
[42] Սազանդարեան, [Տ.] Հաշտութիւնը Զանգեզուրում, «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 11, դ 224:
[43] Տե՛ս նույն տեղում:
[44] Տե՛ս Սիմոնյան Հ., Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք Ա, Երևան, 2003, էջ 437:
[45] Տե՛ս Ստեփանյան Գ., Ներսես վարդապետ Մելիք-Թանգյանը Տաթևի վանքի վանահայր, Գորիսի պետական համալսարանի միջազգային գիտաժողովի աշխատանքների ժողովածու, Գորիս, 2010, էջ 210-211:
[46] Տե՛ս Վարանդեան Մ., Մուրատ (Սեբաստացի ռազմիկի կեանքն ու գործը), Պոսթըն, 1931, էջ 11:
[47] Վարանդեան Մ., Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն, էջ 343:
[48] Տե՛ս Աճէմեան Հ., Տէր Ներսէս արքեպիսկոպոս Մելիք-Թանգեան: Իւր ազգային եւ հասարակական գործունէութեան քառասնամեայ յոբելեանի առթիւ (1886-1926), Վենետիկ, 1926, էջ 30:
[49] Տե՛ս Սիմոնյան Հ., Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք Բ, Երևան, 2003, էջ 26:
[50] Վարանդեան Մ., Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, էջ 342:
[51] «Դրօշակ», Ժնեւ, 1906, հունիս, դ 6, էջ 55:
[52] Տե՛ս Սմբատյան Գ., 1905-06 թվականներ. Գորիսը փորձության մեջ, «Սյունյաց երկիր», Կապան, 2011, մայիսի 28, դ 10, էջ 55:
[53] Նույն տեղում:
[54] Նիւթեր Հ.Յ.Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ., Բ տպագրութիւն (Յաւելուածով), Պէյրութ, 1985, էջ 251:
[55] Տե՛ս Կովկասեան ընդհարումներ (Զագեզուրի շրջանում), «Դրօշակ», Ժնեւ, 1906, մայիս, դ 4, էջ 55:
[56] Չելեպյան Ա., Հայ-թաթարական պատերազմը, «Գրական թերթ», Երևան, 1990, փետրվարի 9, դ 7:
[57] Ավազակապետ Նաղու սպանվելու հանգամանքերի վերաբերյալ աղբյուրներում առկա են իրարամերծ տեղեկություններ: Ա. Խանզադյանը գրում է, որ նրան վրեժխնդրորեն գլխատել է խնածախցի քաջարի մարտիկ Փարոնց Սայադը և գլուխը ցից հանել Գորիսի հրապարակում` գավառական վարչության շենքի դիմաց (տե՛ս Խանզատեան Ա., նշվ. աշխ., 1979, մայիսի 29, դ 109, էջ 4, 6): Ըստ Տ. Սազանդարյանի` Նաղին սպանվել է Խնածախի դիրքերում 1906 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած կռվում, գյուղի ինքնապաշտպաններից հնչակյան գործիչ Գրիգորի արձակած գնդակից (տե՛ս Ս.[Սազանդարյան Տ.], Ղալաջուղի հրդեհումը եւ Նաղիի սպանութիւնը, «Մշակ», Թիֆլիս, 1906, օգոստոսի 2, դ 165): Նույն այդ տվյալն է հաղորդում նաև դեպքերի ականատես «Սյունեցի» ծածկանումով հնչակյան գործիչը (տե՛ս Սիւնեցի, Նամակ Գօրիսից, «Հնչակ», Փարիզ, 1906, օգոստոս, դ 8, էջ 77-78):
[58] Տե՛ս Ս. [Սազանդարյան Տ.], Ղալաջուղի հրդեհումը եւ Նաղիի սպանութիւնը, «Մշակ», Թիֆլիս, 1906, օգոստոսի 2, դ 165:
[59] Սիւնեցի, Նամակ Գօրիսից, «Հնչակ», Փարիզ, 1906, օգոստոս, դ 8, էջ 77:
[60] Տե՛ս Սիմոնյան Հ., նշվ. աշխ., գիրք Ա, էջ 646:
[61] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 494:
[62] Նույն տեղում:
[63] Տե՛ս Սիմոնյան Հ., նշվ. աշխ., գիրք Ա, էջ 665, տե՛ս նաև Կովկասեան ընդհարումներ (Վարանդայի եղեռնը), «Դրօշակ», Ժնեւ, 1906, մայիս, դ 5, էջ 70-71:
[64] Տե՛ս Արամայիս, Մի քանի գլուխ հայ-թաթարական ընդհարումներից, մասն առաջին, Թիֆլիզ, 1907, էջ 87-90:
[65] Տե՛ս Սազանդարեան [Տ.], Վերջին տեղեկութիւններ, «Մշակ», Թիֆլիս, 1906, փետրվարի 22, դ 41:
[66] Տե՛ս Սիմոնյան Հ., նշվ. աշխ., գիրք Ա, էջ 671:
[67] Տե՛ս «Մշակ», Թիֆլիս, 1906, սեպտեմբերի 22, դ 205:
«Գոռին ձոր»-ի (=Կոռնիձոր) շրջանի թաթարաբնակ զինված գյուղերի վրա?
«Գոռին ձոր»
Comments are closed.