Վահան Խորենի Արշակ Շիրինյան
Արշակ Շիրինյանը Զանգեզուրի Շինհայր գյուղացի է: Նա Շուշվա Թեմական դպրոցն ավարտելուց հետո, իր բարձրագույն կրթությունը շարունակում է Գերմանիայում: Ավարտելով համալսարանի գյուղատնտեսական մասնաճյուղը, որպես մասնագետ գյուղատնտես, վերադառնում է Զանգեզուր ու նվիրվում գյուղատնտեսական գիտելիքների տարածմանը:
Ռուսաստանի ցարական կառավարության հալածանքը՝ փոքր ազգերին մշակութապես դատապարտել էր հետամնացության և նրանք զրկվել էին հնարավոր միջոցներից բարեփոխելու իրենց տնտեսական կյանքի պայմանները: Մասնագետ գյուղատնտեսի գործունեությունը չափազանց օգտավետ և ուշագրավ երևույթ էր՝ չարքաշ ու տնտեսապես զրկանքների ենթակա գյուղացիության համար:
Հանգուցեալ Ա.Շիրինյանը «Որոտան» թերթի հիմնադիրն է, որ տպագրվում էր Գորիսի «Սասուն» տպարանում և որն այնքան հարգված ու սիրված էր Լեռնահայաստանի գյուղացիության կողմից:
1919 թ. հուլիս ամսին մենք նրան հանդիպում ենք Զանգեզուրի վարչական կենտրոն Գորիս քաղաքում, ուր պիտի ընտրվեր Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի պատգամավորների ընտրական հանձնախումբ: Ա.Շիրինյանն ընտրվում է Զանգեզուրի ընտրական հանձնախմբի նախագահ և եռանդուն կերպով իր ընկերակիցների հետ անցնում է ընտրական գործունեության:
Հանձնախումբը մեկ ամսվա ընթացքում վերջացնում է Խորհրդարանի պատգամավորների ընտրությունները՝ կատարելապես արդյունավոր կերպով: Ա.Շիրինյանն ընտրվում է Խորհրդարանի պատգամավոր: Նա միաժամանակ վարում է Շրջանային Խորհրդի նախագահի պարտականությունները՝ տաճիկ և մուսավաթական դավադրությամբ քաղաքականապես փոթորկված Զանգեզուրում:
Հիշեալ Շրջանային Խորհուրդը (Ավելի հայտնի է եղել Ազգային Խորհուրդ անվամբ) միակ կազմակերպությունն էր, որ Ռուսաստանի ցարական իրավակարգի անկումից հետո գլխավորում էր այդ երկրի իշխանությունը և վարում ազգային-պետական քաղաքականություն: Նրա առաջ դրված բազմաթիվ հարցերի շարքում դրված էին՝ թուրք քոչվորների սար բարձրանալու, միլիցիա և զորք կազմակերպելու, պարենավորման, հաղորդակցության, կրթության և որ ամենագլխավորն էր, ինքնապաշտպանության վերաբերող հրատապ խնդիրները: Շրջանային Խորհրդի անդամները միաժամանակ վարիչներ էին ներքին գործոց, պարենավորման, կրթության, հաղորդակցության, առողջապահության և փոստ-հեռագրի: Բոլոր վարիչները պարբերաբար զեկուցումներ էին ներկայացնում իրենց գործունեության մասին Շրջանային Խորհրդին ու ստանում համապատասխան հրահանգներ իրենց գործերը զարգացնելու համար:
Ա.Շիրինյանը Շրջանային Խորհրդի որոշմամբ, 1918թ. վերջերը, Լեռնահայաստանի ձյունապատ անանցանելի լեռներով, աննկարագրելի դժվարություններով անցնում է Երևան և ՀՀ կառավարությանը ներկայացնում Շրջանային Խորհրդի առաջադրանքը, ըստ որի ՀՀ կառավարությունը գործնականապես պիտի օգնի Զանգեզուրի հայ ժողովրդին՝ ռազմամթերքով, դրամով և ուղարկի իր ներակայացուցիչը…
Տեղեկացնում է, որ Զանգեզուրի հայ ժողովուրդը ենթակա լինելով ահավոր վիճակի, որոշել է իր կյանքի գնով պաշտպանել այդ շրջանը՝ որպես Հայաստանի անբաժան մասը: Կառավարության ներկայացուցիչը պիտի լինի զինվորական՝ փոխարինելու իր զորամասով Զանգեզուրից հեռացած Անդրանիկին, այսնիքն լինի տաճկա-ադրբեջանական հարձակումների դեմ գործող ժողովրդական ռազմական ուժերի ընդհանուր հրամանատարը:
Երևանում Ա.Շիրինյանը հանգամանորեն պարզում է Հայաստանի կառավարությանը՝ այս հրատապ հարցերի դրդապատճառները և դրանց դրական լուծում տալու անհրաժեշտությունը, որից կախված էր Լեռնահայաստանի հայության լինել չլինելը:
Ի վերջոյ կառավարությունը որոշում է Գորիս ուղարկել հայրենասեր ու գաղափարական սպա Արսեն Շահմազյանին՝ համախորհուրդ գործելու Զանգեզուրի Շրջանային Խորհրդի հետ:
Արշակ Շիրինյանի առաջնորդությամբ, ձմռան դժվարանցանելի ձյունապատ լեռներով Ա.Շահմազյանը ժամանում է Գորիս և անցնում իր պարտականությունների կատարմանը, որ տևում է մինչև 1919թ. դեկտեմբերը:
Այնուհետև Արշակ Շիրինյանն ընտրված լինելով ՀՀ Խորհրդարանի անդամ, մեկնում է Երևան ու լծվում Խորհրդարանի աշխատանքներին և աշխատում մինչև Խորհրդարանի աշխատանքների ընդմիջումը՝ 1920 թ. մայիսի 5-ը, երբ Ա.Խատիսյանի կառավարությունը հրաժարական տվեց և նրան փոխարինեց ՀՅԴ Բյուրօ-կառավարությունը:
Հայ կոմունիստներն իրենց հայրենադավ ու քայքայիչ գործունեությամբ հայ ժողովրդի արյան ճանապարհով նվաճած ազատությունն ու անկախությունը օտար ուժի օգնությամբ կործանման էին հասցրել: Կառավարությունը ստիպված էր կտրուկ միջոցներով վերջ տալու հայրենադավ տարրերի ազգակործան գործունեությանը: Երկրում ուժեղանում էր Հյուսիսի ու Հարավի քաղաքական գործունեությունն ընդդեմ Հայաստանի անկախ գոյությանը՝ ըստ Բաքվում կայացած «Արևելյան ժողովուրդների համագումարի» կայացրած որոշումների:
Լուսանկարում նստած են, ձախից՝ 1.Արշակ Շիրինյան, 2.Ավետիք Իսահակյան, 3. Հայկ Տեր-Օհանյան: Կանգնած են, ձախից՝ Սարգիս Աթայյան (բանաստեղծ՝ Թափառական կեղծանունով), Կարո Մելիք-Օհանջանյան և Աշոտ Ալխազյան: Բեռլին, 1915թ.
Հայաստանի կառավարությունն անցավ գործի, Խորհրդարանի անդամներն ուղարկեցին երկրի զանազան շրջանները՝ քարոզչական գործունեությամբ զգուշացնելու ժողովրդին վերահաս վտանգի մասին ու պարզելու հայ կոմունիստների ազգադավ դերը:
Ա.Շիրինյանն ու Վ.Խորենին ուղարկվում են Զանգեզուր: Նրանք Գորիսում հասարակական բազմամարդ ժողովներում տալիս են զեկուցումներ, պարզելով կոմունիստների դավադիր քաղաքականության և գործունեության կործանարար հետևանքներն ու նպատակները, և որ նոքա որոշել են մեր ժողովրդի արյան ճանապարհով նվաճած ազատությունն ու անկախությունը խորտակել՝ հայ ժողովրդին ենթարկելով օտարի կամայականությանն ու լծին: Այդ ժողովները համապատասխան բողոքի բանաձևեր ընդունեցին ընդդեմ «Բանվորա-գյուղացիական իշխանության» քաղաքականության, որով փոքր ազգերին զրկում են իրենց ազատ և անկախ գոյությունից…
Վ.Խորենին, որը Զանգեզուրի Բռնակոթ գյուղացի էր, շատ քիչ էր ապրել Զանգեզուրում և փաստորէն անծանոթ էր երկրի տեղագրական պայմաններին, 1920 թ. հուլիսին Ա.Շիրինյանի հետ միասին Գորիսից ուղևորվում են Ղափանի և Մեղրու շրջանները՝ շարունակելու իրենց առաքելությունը:
Այդ օրերին (Հուլիսի 8-ին) Ղարաբաղ մտած սովետական 11-րդ զորաբանակի հրամանատարության կողմից ստացվում է մի վերջնագիր, որով պահանջվում էր, որ Զանգեզուրը հանձնվի Խորհրդային իշխանությանը: Այս վերջնագրի առթիվ շտապ տեղեկություն է ուղարկվում Ա.Շիրինյանին, որ Ձորերի և Սիսիանի վրայով անհապաղ վերադառնա ՝ անցնելու Վայոց Ձոր, որի սահմանները Քյուչբէկի (ներկայիս Ուղեձոր գյուղը) լեռնանցքում բռնել էր Դրոյի էքսպեդիցիոն զորամասը:
Ա.Շիրինյանը և Վ.Խորենին ստանում են տեղեկագիրը, բայց Մեղրիում մի քանի օր ուշանում են, իսկ մինչ այդ, կոմունիստները, տեղական հայրենադավ տարրերի աջակցությամբ մտնում են Գորիս և սկսում դաշնակցականներին բանտարկել:
Ա.Շիրինյանը և Վ.Խորենին վերադառնում են Ա.Շիրինյանի ծննդավայր Շինուհայր գյուղը և ապաստանում այնտեղ:
Դավաճան Ա.Մ.Օ-ի[1] կողմից նրանց թագստոցը մատնվում է: Միլիցիապետ Մկրտիչ Մաշուրյանի գլխավորությամբ մի խումբ չեկիստներ գալիս են, շրջապատում թաքստոցը և ձերբակալում Ա.Շիրինյանին ու Վ.Խորենուն և խիստ հսկողության տակ տանում Գորիսի բանտը:
Այդ օրերին Դրօն իր զորամասով մտնում է Գորիս և կոմունիստներին քշում մինչև Զաբուղ գետը: Առաջին հերթին աճապարում են ազատել բանտարկեալներին. պարզվում է, որ Ա.Շիրինյանն ու Վ.Խորենին գազանաբար սպանված և թաղւած են: Դիակները հանում ու փոխադրում են Գորիսի Ազատության հրապարակը և այնտեղ էլ համաժողովրդական թաղում կատարում:
Հետագային, կոմունիստները կրկին մտնում են Գորիս՝ բռնություններով, գնդակահարություններով ու բռնագրավումներով ժողովրդին ենթարկում իրենց մենատիրական իշխանությանը: Ժողովուրդը մատնվում է անտանելի կացության ու ահաբեկման:
Մի քանի անձնվեր ու խիզախ մարտիկներ համախմբում են իրենց շուրջը ռազմունակ ու հավատարիմ մարդկանց և խիստ գաղտնապահությամբ կազմակերպում հակահարված ու անցնում գործի և փախուստի մատնելով վայրագ իշխանավորներին, վերագրավում են իշխանությունը:
Այս կռիվներում սպանվում են միլիցապետ դաժան Մկրտիչ Մաշուրյանը[2] և նրա մի քանի օգնականները: Նժդեհի Ղափանում գտնված զորամասը մտնում է Գորիս ու վերականգնում կարգը: Ա.Շիրինյանին և Վ.Խորենուն մատնողին ձերբակալում ու պատժում են:
Այս գաղափարական զույգ ղեկավարների գերեզմանները հավետ կմնան որպես մի կոթող, իբրև խորհրդանիշը Ազատ և Անկախ Հայրենիքի ազատագրման պայքարի ճանապարհին նահատակված դաշնակցական մտավորական ղեկավարների զոհաբերող ոգու: Ղեկավարներ, որոնք ապրեցին ու նահատակվեցին ժողովրդի ու հայրենիքի ազատության համար:
Հարգանք նահատակված ընկերների անմոռաց հիշատակին:
[1]Սա հավանաբար իրենց թաքնված վայրի տանտեր՝ Արշակի հորեղբոր որդի Պատվական Շիրինյանի կնոջ քրոջ ամուսնու անվան սկզբնատառերն են, որին իրենց տանը թաքնվողների մասին հայտնել էր կինը: Պատվականի քենակալը այդ մասին հայտնում է անտառապետ Մելիք-Շահնազարյանին, որի մոտ աշխատում էր, իսկ վերջինս էլ՝ միլպետ Մկրտիչ Մաշուրյանին:
[2]Մաշուրյան Մկրտիչ (Մակիչ)Մանուչարի (1897, Գորիս – 1920թ. նոյեմբերի 20), Զանգեզուրի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից, ՌՍԴ\բ\Կ անդամ 1917-ից, մասնակցել է 1920 թ. սեպտեմբերին Բաքւում կայացած Հայկոմկուսի համագումարին: