ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող
Նախաբան
Մեծ Հայքի Սյունիք աշխարհի գավառներից մեկը հայոց հնագույն աշխարհագիտական-տիեզերագիտական երկասիրություն «Աշխարհացույցը» հիշատակում է Աղահեճք անվանմամբ, որը հետագայում, ավատատիրական հարաբերությունների զարգացման հետևանքով բաժանվել է երկու գավառակների՝ Քաշաթաղի և Խոժոռաբերդի[1]:
Իր տարածքով Աղահեճք գավառին համապատասխանող Լաչինի շրջանի և համանուն շրջկենտրոնի անունը մեր իրականության մեջ առանց որևէ հիմնավորման համարվել է օտար տեղանուն, թեև ժամանակին հնչել է նաև հակառակ կարծիք[2]: Ուստի, համոզվենք՝ արժանահավա՞տ է այն օտար համարելու վարկածը:
Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության վերջում բերված՝ Սյունիքի 12 գավառների եկեղեցական հարկացուցակում Աղահեճ գավառի 43 բնակավայրերի մեջ չկա Լաչին անունը կրող կամ հնչողությամբ նման որևէ բնակավայրի անուն: Միակ պատմական բնականունը, որի հետ կարող է կապ ունենալ այսօրվա Լաչինը, հենց Աղահեճ նկամ Աղահեճք գավառանունն է:
Այս ենթադրությունը հիմնավորելու համար պարզենք, թե Սյունիքի բարբառի օրենքներով ինչպիսի հնչյունափոխության կարող էր դարերի ընթացքում ենթարկվել Աղահեճ տեղանունը:
Դիտարկումներ
Արցախ-Սյունիքի բարբառի խոսվածքներին բնորոշ է բազմավանկ բառերի անշեշտ վանկերի ձայնավորների ը-ի հնչյունափոխվելը կամ անկումը, ինչպես՝ ածելի > ծիլի, աղաչանք > ղանչա(ն)ք, ճախարակ > չըխարակ, ազատել > ըզադէլ, անոթի > նօթէ, աղաման > ըղաման, անալի > նալի և այլն:
Հայերենին և նրա տարածքային տարբերակներին բնորոշ է նաև լ հնչյունի դիմաց ղ-ի առկայությունը, ինչպես՝ տիղմ-տիլ, ջիղ-ջիլ, բոլոճ-բղոճ, լինել-եղնել, աղի-անալի, մառախուղ-մառախլապատ, անձնանուններից՝ Լազար-Ղազար, Ալեքսանդր-Աղեքսանդր, Լևոն-Ղևոնդ և այլն:
Հաշվի առնելով տեղական բարբառի հնչյունափոխության վերոհիշյալ կանոնները՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ Աղահեճը Արցախ-Սյունիքի բարբառում ունեցել է Լահեճ ձևը: Օրինակ՝ «Գնում է Աղահեճի ձորը» նախադասությունը բարբառում կարող էր հնչել. «Քյինամ ա Լահէճին դìրìն»: Սեռական հոլովի հենց այս՝ Լահէճին ձևից էլ դժվար չէ բխեցնել օտար-աղավաղված Լաչին ձևը (Լահեճին > Լահճին > Լաճին > Լաչին): Հնչյունափոխության այս վերջին աստիճանին, կարծում ենք, նպաստել է նաև ժողովրդական ստուգաբանությունը՝ թուրքերեն laçın («բազե») բառի նմանությամբ[3]: Եվ քանի որ Արցախ-Սյունիքի բարբառին խորթ չէ նաև այդ բառի լաչին («բարձրահասակ, սլացիկ») համանունը[4], այն ընդունվել է նաև տեղաբնիկների կողմից:
Հիշենք, որ հայկական տեղանունների թուրքականացման ամենատարածված ձևերից մեկը, թերևս, տեղանունների այնպիսի միտումնավոր խեղաթյուրումն է, որը, անկախ նրա արտահայտած իմաստից, ինչ-որ նշանակություն է ունենում թուրքերենում կամ ադրբեջաներենում, ուստի, խեղաթյուրողների կարծիքով, դա «ապահովում է» տվյալ տեղանվան «թյուրքական ծագում» ունենալու տպավորությունը:
Խոսքը, իհարկե, մի լեզվից մյուսին անցնելիս տեղանունների՝ տվյալ լեզվի օրենքներին համապատասխան կրած հնչյունափոխությունների մասին չէ, ինչպես Ագուլիսը թուրքերենում դառնում է Əylis, Ձագաձորը՝ պարսկերենում՝ زنگزور Zangazur և այլն, այլ մեր պատմական տեղանունները միտումնավոր օտարահունչ դարձնելու և յուրացնելու մասին, որի շատ ակնհայտ ձգտում և փորձ ունեն թե՛ թուրքերը և թե՛ մանավանդ ադրբեջանցիները: Հենց այս «սկզբունքով» է ադրբեջանցիների կողմից ընտրվել տեղանվան Լաչին տարբերակը:
Ի դեպ, աղավաղված տեղանվան որևէ տրամաբանական բովանդակություն ունենալը բոլորովին պարտադիր չէ աղավաղիչների համար: Դրանում կարելի է համոզվել՝ ծանոթանալով ընդամենը հետևյալ մի քանի օրինակներին:
Նախիջևանի Շահապոնք կամ Շահապոնս բերդավանը, որը հազարամյակներ շարունակ Շահապունի տոհմի ամրոցն է եղել[5], դարձրել են Շահբուզ (Şahbuz) (պարսկերեն՝ շահ(«թագավոր») և թուրքերեն բուզ («սառույց») բառերից, բառացիորեն ստացվում է իմաստազուրկ և անհեթեթ մի բառակապակցություն՝ «թագավորի սառույց»), Խաղխաղ գավառանունը[6] դարձրել են Ղազախ (Qazax) («բխեցնելով» ղազախ թյուրքական ցեղանունից), Տավուշը[7] դարձրել են Թովուզ (Tovuz)(«կապելով» քրդերեն թավուս («սիրամարգ» բառի հետ):
Բնիկ հայկական տեղանվան խեղաթյուրման ամենաաղաղակող օրինակներից է նաև Նախիջևանի տարածքի վերջին հանաբնակ մեծ բնակավայրի՝ Ազնաբերդի(ստուգաբանվում է հին հայերենի ազն(«տոհմ, սերունդ, զարմ, ազգ») և բերդ արմատներով) անունը խորհրդային շրջանում պաշտոնապես Ազնաբյուրդ (Əznəbyurd) դարձնելը և որպես Əziz Nəbinın yurdu՝ «Ազիզ Նաբիի ամառանոց» «ստուգաբանելը»[8]: Սակայն, թե ով էր եղել այդ «արժանավոր» Ազիզ Նաբին, այդպես էլ չիմացան ո՛չ տեղաբնիկ հայերը, ո՛չ էլ եկվոր ադրբեջանցիները: Իսկ հետագայում՝ անկախությունից հետո, ադրբեջանցի կեղծարարները, իրենք էլ չհավատալով սեփական հորինվածքին, կրկին վերափոխեցին գյուղանունը՝ այս անգամ արդեն Չալխանղալա (Calxanqala): Զավեշտալին, սակայն, այն է, որ սա էլ իրականում ոչ այլ ինչ է, քան գյուղից ոչ հեռու գտնվող նշանավոր Ճահուկ բերդի (Ճահկաբերդի) պարսկերեն چلخانقلعه Čalxānqale անվանումը[9]:
Նման ճակատագրի արժանացած հայկական բազմաթիվ այլ աշխարհագրական անունների շարքում է նաև Շուշիտեղանունը[10]: Մեր պատմության ու մշակույթի նշանավոր կենտրոն Շուշի բերդաքաղաքի անվան ստուգաբանության թերևս ամենաարժանահավատ տարբերակը տեղանունը Արցախի բարբառի շոշ («ծառի ընձյուղ», «բարձր տեղ», «բարձունք») բառից բխեցնելն է: Այս բառը հայերենի բարբառներում դրսևորվում է նաև շուշ(«ուղիղ բարձրացած, ուղղաբերձ»)[11] և շիշ («ծառի կատար») ձևերով: Քանի որ Արցախի բարբառում միավանկ բառերի ուձայնավորը հնչյունափոխվում և դառնում է օ (կուժ-կօժ, սուտ-սօտ, տուն-տօն, փուշ-փօշ և այլն), հավանաբար բառի նախնական շուշ տարբերակից է բարբառում առաջացել շոշձևը: Վերջինիցէ ակնհայտորեն բխում նաև Շուշիից ոչ հեռու գտնվող Շոշ գյուղի անունը: Անցյալում ամրոցի կրած Շուշի բերդ կամ Շոշի բերդ, Շոշի ղալա, Շոշի սղնախ, ինչպես նաև Քարագլխի բերդանունները[12] հավասարազոր են, քանզի բոլորն էլ ունեն «բարձունքի ամրոց» իմաստը, և դրանցում ակնհայտորեն նկատի է առնված հենց Շուշիի աշխարհագրական դիրքը: Սակայն, տեղանունների սեռական հոլովը և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ հայերենի բարբառների մեծ մասում կազմվում է առավելապես ա հոլովիչով (Երևան-Երևանա, Վան-Վանա, Ճահուկ-Ճահկա, Գարդման-Գարդմանա և այլն), ուստի, անկասկած, Շուշին ունեցած պետք է լինի նաև Շուշա սեռականաձև տարբերակը, որի վկայությունն է այսօր էլ Արցախի բարբառում կիրառական Շուշվա ձևը: Ըստհոլովիչների տարբերվող՝ սեռականաձև այս մի քանի ձևերից ադրբեջանցիները, փաստորեն, «հավանել են»Շուշա (Şuşa) տարբերակը, նմանեցնելով ադրբեջաներեն şüşə («ապակի») բառին և մոռանալով, որ պարսկերեն شیشه šiše ձևից փոխառյալ այս բառի երկու ձայնավորներն էլ իրենց լեզվում քմային են, իսկ քաղաքի՝ իրենց նախընտրած Şuşa անվանման ձայնավորներից… ոչ մեկը քմային չէ:
Փաստորեն, հենց այս դավադիր միտումով էլ Աղահեճը դարձելէ Լաչին: Եվ այս տեղանվան աղավաղումն էլ ակնհայտորեն կարելի է դասել հայկական տեղանունների՝ ադրբեջանցիների կողմից միտումնավոր խեղաթյուրման և շարունակական «ազգայնացման» հանցավոր շարքին:
Ի դեպ, այս Աղահեճ-Լաչին անցման հավաստիության մասին են խոսում նաև միևնույն կաղապարով հնչյունափոխված՝ հայկական տեղանունների մի ամբողջ շարք կազմող համանման նախադեպերը՝ Եղեգիս-Ալայազ, Ողոհի (Աղահեցիկ)-Ալահի, Ուղտիք (Ոքաղե)-Օլթի և այլն:
Եզրակացություն
Այսպիսով, Լաչին տեղանունը ուղիղ կապ ունի նույն տարածքի պատմական Աղահեճ կամ Աղահեճք գավառանվան հետ: Վերջինս հնչյունափոխվել է Արցախ-Սյունիքի բարբառի հնչյունափոխության օրենքներով՝ հնչյունափոխությունների հետևյալ շղթայով՝ Աղահեճ > Ալահեճ > Լահեճ > Լահեճ(ին) > Լահճ(ին) > Լաճ(ին) > Լաչին: Հնչյունափոխության վերջին աստիճանը թեև պայմանավորված կարող է լինել նաև ժողովրդական ստուգաբանությամբ՝ թուրքերեն laçın («բազե») բառի և Արցախ-Սյունիքի բարբառում առկա համանուն լաչին («բարձրահասակ, սլացիկ») բառերի նմանությամբ, այնուամենայնիվ առկա է հայկական ավանդական տեղանվան միտումնավոր աղավաղման և թուրքականացման երևույթ:
Этимология топонима Лачин
В статье фонетическим и семантическим анализом доказывается, что топоним Лачин имеет прямую связь с названием провинции Աղահեճ Ałaheč или Աղահեճք Ałahečk’ Сюникской губернии исторической Армении. Топоним был фонетически изменен согласно законам чередований звуков Арцах-сюникского диалекта следующей цепочкой фонетических изменений: Ałaheč > Alaheč > Laheč > Laheč(in) > Lahč(in) > Lač(in) > Lač’in.
Хотя последняя степень изменения может быть обусловлена и народной этимологией – сходством с тюркским словом laçın (՛՛сокол՛՛) и одноимённым словом լաչին lač’in (”высокий, стройный”) Арцах-сюникского диалекта, тем не менее, наблюдается явление намеренного искажения и тюркизации традиционного армянского топонима.
Ключевые слова: Арцах-сюникский диалект, Сюникская губерния, провинция Агаhеч, чередование звуков, цепочка фонетических изменений, преднамеренная тюркизация, традиционный армянский топоним.
Etymology of the Toponym Lachin
The article proves by phonetic and semantic analysis that the toponym Lachin has a direct connection with the name of the province Աղահեճ Ałaheč or Աղահեճք Ałahečk’ of the Syunik ashkharh of historical Armenia. The toponym was phonetically changed according to the laws of alternation of sounds of the Artsakh-Syunik dialect by the following chain of phonetic changes: Ałaheč > Alaheč > Laheč > Laheč(in) > Lahč(in) > Lač(in) > Lač’in.
Although the latter degree of change may also be due to folk etymology — similarity with the Turkic word laçın (՛՛falcon՛՛) and the word of the same name լաչին lač’in (”tall, slender”) of the Artsakh-Syunik dialect, nevertheless, the phenomenon is observed deliberate distortion and Turkization of the traditional Armenian toponym.
Key words: Artsakh-Syunik dialect, Syunik ashkharh, Aghahech province, alternation of sounds, chain of phonetic changes, deliberate Turkization, traditional Armenian toponym.
Ակադեմիկոս Է. Աղայանի ծննդյան 110-ամյակին նվիրված «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» միջազգային գիտաժողովի նյութեր, 2023, էջ 254-259:
[1] Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986, էջ 70-71:
[2] Ա. Վարդանյան, Հայկակա՞ն է արդյոք Լաչին տեղանունը, Անկախություն, 01.09.1994:
[3] Ադրբեջաներեն-հայերեն բառարան (խմբ.՝ Ի. Մամեդով), Ե., 1987, էջ 434:
[4] Ա. Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, Ե., 2013, էջ 237:
[5] Ս. Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, հ. Ա, Փարիզ, 1859, էջ 52: Ա. Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հ. Զ, Ճահուկ-Շահապոնք գավառ, Ե., 2010, էջ 18:
[6] Թ. Հակոբյան, Ս. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Հ. 2, Ե., 1986, էջ 631:
[7] Թ. Հակոբյան, Ս. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Հ. 5, Ե., 1986, էջ 48:
[8] Ա. Վարդանյան, Նախիջևանի որոշ տեղանունների ստուգաբանության շուրջ, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի նյութեր, Ե., 2018, էջ 260-261:
[9] Նույն տեղում:
[10] Ա. Վարդանեան, «Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը, Հանդէս ամսօրեայ, թիվ 1-12, Վիեննա, 2020, էջ 479-484:
[11] Ս. Մալխասյանց, Հայերէն բացատրական բառարան, հ. 3, Ե., 1944, էջ 535:
[12] Թ. Հակոբյան, Ս. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Հ. 4, Ե., 1998, էջ 161: