Հայկական տեղանունների ուսումնասիրությունը հայագիտության կարևոր բնագավառներից մեկն է դարձել մասնավորապես վերջին շրջանում՝ կապված տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Լեզվաբանության մեջ յուրահատուկ բնագավառ է հատկանունաբանությունը (օնօմոստիկա), որի ենթաբնագավառներից մեկը՝ տեղանվանագիտությունը (տոպոնոմիկա), ուղղակի կամ անուղղակի առնչվում է այլ գիտակարգերի հետ, նյութ է քաղում ոչ միայն լեզվաբանությունից, այլ նաև պատմությունից, աշխարհագրությունից, ազգագրությունից։
Մեր աշխատանքի նպատակն է անդրադառնալ ոչ միայն պատմական Հաբանդ գավառի բնակավայրերից մեկին՝ Ակներ-Բռունի հնավայրին, այլև տարածքի հիշարժան տեղանունների քննությանը։ Ակներ բնակավայրի Խաչին օս տարածքում է գտնվում ավանդազրույցներում պահպանված և այսօր էլ գոյություն ունեցող Սուրբ Կակոփի ժայռափոր սրբավայրը։ Առաջադրված խնդիրն է պարզել, թե մոտավորապես ո՛ր ժամանակաշրջանում է ձևավորվել սրբատեղին, ի՛նչ անուն կարող էր ունենալ նախաքրիստոնեական շրջանում, և ինչ պայմաններում է այն փոփոխվել ու հասել մեր օրերը։
Բարբառային նյութի համեմատական քննությունից պարզվում է, որ Կակոփ հատկանունը առաջացել է հասարակ անունից՝ գաբ, որի բարբառային տարբերակներն են՝ կ[յ]ա̈փ || կ[յ]ըէփ || կէփ «1. գաբ՝ կարթանման երկճյուղ փոքրիկ փայտ, որ կապում են թոկի մի ծայրին, իսկ մյուս ծայրը անցկացնելով կեռի միջով՝ կապում-ամրացնում են բեռը, 2. ազդր, զիստ»։ Փաստորեն՝ սրբավայրի տեղանվան մեջ է պահպանվել մուտքի և ելքի աստվածության հատկանունը։
Բանալի բառեր՝ Ակներ գյուղ, Կակոփ, Բռուն, Խաչին օս, ստուգաբանություն, բարբառ, տեղանուն, սրբատեղի։
1․ Բնակավայրի նկարագրությունը
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հյուսիս-արևմտյան մասում՝ Վարարակն գետի հովտում, մի փոքրիկ աշխարհ է Ակներ (Բռուն) գյուղը: Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 73 կմ հյուսիս-արևելք է: Հյուսիսից գյուղը սահմանակից է Իշխանասարի փեշերին, արևելյան մասով՝ Վերիշեն համայնքին, իսկ հարակից տարածքներն են՝ Կյո̈ւփէր, Ղօշա քար, Ճըղած քար, Էշամէյդան, Բալա մէյդան, Պա̈կէր, Ղըլվինդա̈րա̈, Շահի ճըղնէր, Բյո̈ւբո̈ւռին քըրծ, Մամուն քար, Պուզտի սար, Սա̈լի օջաղ, Քիրա̈մին փէխէր, Խաչին օս, Ղարալըխ, Տա̈խծո̈ւտ, Քըշկառին կիլօ̈խը, Օխտին քաշկառ, Էրգա̈ն ա̈խպո̈ւր, Ակնի ծօ̈ր, Դո̈ւզը, Քաչալ դաղ, Սիրդա̈րի բօստան, Ծիրիկափօս, Ղըլին քէրծ, Սօթանածօվ, Միհա̈ջա̈ռ, Ճըլօտ, Գո̈ւլատէղ, Քո̈ւմո̈ւն, Ղո̈ւրո̈ւղ, Շիշի քէրծ, Արխաջ, Իշուղլու, Ալո̈ւն ո̈ւրդը, Ստօլա քար, Սօփիրին դօ̈շը: Գյուղը երեք կողմից շրջափակված է բարձրիկ սարերով, բաց է միայն նրա հարավային կողմը՝ Վարարակն գետի հոսանքն ի վար՝ դեպի Վերիշեն, Գորիս և Քարահունջ: Կլիման խոնավ է, տեղումնառատ: Ակները ծովի մակերևույթից բարձր է 1650-1700 մետր:
Ըստ որոշ վկայությունների՝ «Ակներ գյուղի բնակչության մեծամասնությունը Գորիս քաղաքից տեղափոխվածներն ու նրանց ժառանգներն են»[1]:
Ըստ ժողովրդագրական տվյալների՝ Ակները 1880թ. ուներ 226, 1907-ին` 150, 1922-ին` 468, 1931-ին` 540, 1959-ին` 568, 1970-ին` 709, 1979-ին` 632, 1989- ին` 832, 2001-ին` 1087, 2004-ին` 1233 բնակիչ[2]:
Տարիների ընթացքում գորիսեցիները կացարաններ են փորում և անասունների համար արոտավայրեր ընտրելով՝ մշտական բնակություն հաստատում Ակներում: Հին ակներցիները քարանձավը կիսում էին, մի մասում պահում էին իրենց անասունները, մյուսում իրենք էին մնում: Պետք է նշել, որ Գորիսում անհիշելի ժամանակներից մշտական բնակություն հաստատելը պայմանավորված է Ակներով. ջրեր, առատ և հովասուն խոտհարքներ, արոտավայրեր:
2․ Բռուն և Ակներ տեղանունների քննություն
Խորհրդային շրջանում Ակներ բնակավայրի շրջանառվող անունը Բռուն էր, որ առաջին անգամ հանդիպում է 1880թ.: Սյունիք-Արցախ բարբառային տարածքին անհայտ է այս բառը: Ահա այս անվան ծագման հնարավոր տարբերակները՝
1. Բիր («փորիչ, հաստ գավազան, մահակ, կռանի կոթ»)+ուն (հմմտ.՝ իմաստ-ուն, խոս-ուն): Հնարավոր է՝ վաղ շրջանից՝ մինչ բ > պ և ր > ռ անցումները ձևավորված անուն է, որովհետև երկու ձևույթներն էլ աղերսներ ունեն նախահայերենյան լեզվի համապատասխան ձևերին: Ենթադրելի է՝ տեղանունը ձևավորվել է այն ժամանակ, երբ այստեղ, ըստ ավանդության, մեծ անտառ է եղել, որտեղից շրջակա բնակավայրերը բերել են իրենց գերանները, հմմտ.` հուն. φυτρο‘ς «գերան»:
2. Պրսկ. borun || birun (بیرون) «դուրս» իմաստով բառը նույնպես բարբառախմբին հայտնի չէ: Դժվար է ասել, թե պարսկական տարբեր ազդեցությունների շրջանում տրված հատկանուն է՝ բնորոշ այն վայրին, որ հիմնական բնակավայրից «դուրս է» (հմմտ.՝ Վերիշեն): Ակների բնակչությունը հիմնականում ձևավորվել է Գորիսից գնացածներից: Գորիսի (Կյորես) անասնապահները դրսում են պահել իրենց հոտերը, նախիրները, հետո շարունակել են բնավորվել այդտեղ, այդ է պատճառը, որ Գորիսի բնիկ տոհմանուններ գտնում ենք նաև Ակներում:
3. Հավանական է, որ ակն «սկիզբ, գլուխ, քիթ, առջևի ինչ-որ բան, սկիզբ» բառի թյուրքական պատճենումն է բռուն-ը, որ նոր է, տրվել է շրջակա մարգագետիններում ամառային շրջանում իրենց հոտերը արածեցնող թյուրքալեզու քոչվորների կողմից, հմմտ.՝ burun «հրվանդան, լեռան գագաթ»: Բայց պետք է նկատել, որ այս բառը՝ որպես հասարակ անուն, նույնպես անծանոթ է բարբառային տարածքին:
4. Ս. Խանզադյանի «Հայրենապատում» երկի մեջ հանդիպում ենք․ «Բռունն իբրև գյուղ Պռունկ անունով հիշատակվում է տասնմեկերորդ դարում, որից հետո ոչ մի տեղ չեմ հանդիպում այդ անվանը»[3]: Պետք է նկատել, որ պռու, պռունկ «եզր, դունչ, պռունկ» բառի բարբառային տարբերակներն են պըռօնգ, այլև՝ պըռօշ «1. եզր, 2. շուրթ, 3. ամանի, գործիքի շուրթ, եզր», հնարավոր առնչակցությամբ՝ պըռօկ, պըռօզ: Այս ամենից հետևում է, որ արմատն է պըռ-, որ իմաստով նույնպես համապատասխանում է ակն-ին՝ տարածքի աշխարհագրական դիրքին (գտնվում է Գորիսի մեծ ձորակի եզրին): Սակայն բարբառային տարածքին խորթ է պ > բ փոփոխությունը, որը, սակայն, հանդիպում է որոշ բառերում, ինչպես՝ դեպի > դիբա̈, գուլպա > գո̈ւլբա̈:
Ակն անունը բնիկ բառերի մեջ է և ամբողջովին համապատասխանում է բնակավայրի աշխարհագրական դիրքին: Յու․ Պոկոռնին ակն արմատի համար վերականգնում է *okw— հիմքը և հնդեվրոպական լեզուների տվյալների կողքին վկայաբերում է հայերենի տարբերակը՝ «աչք, բացվածք, ծակ» իմաստներով[4]։ Այս բառը հայոց մեջ բազմիցս է դարձել տեղանուն:
Ակներ վերանվանվել է 2006թ.:
3․ Հիշատակումներ և բնակավայրի պատմական արժևորումներ
Ակների մասին առաջին հիշատակումը հանդիպում է Ս. Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության՝ Տաթևի վանքին տրվող Հաբանդ գավառի հարկացուցակում Ականայ անվամբ՝ 10 միավոր չափով[5]: Հիմա Ակներ գյուղի՝ Վարարակն գետի արևմտյան ափին գտնվում են Ղլքէրծ կոչվող հին բնակավայրի և «կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի մնացորդներ»[6]: Ա. Ղարագյոզյանը Ձագեձորի տեղադրությանը վերաբերող աշխատության մեջ առանձնացնում է Ակների պատմական դերը և ընդգծում, որ այստեղ է եղել հայտնի Ձագեձորի բերդը. «Ականան «Գյավուրի բներ» գյուղատեղին է, որովհետև ավելի մոտ է տեղադրված Վարարակին, քան գետի վերին հոսանքի շրջանում գտնվող մյուս բնակատեղիները։ Այս գյուղի տեղորոշմամբ որոշակիորեն հայտնի է դառնում այն շրջանը, որտեղ գտնվել է Ձագաձորը։ …Հետևաբար, ամենայն հավանականությամբ Ձագաձորը եղել է հին Բռուն գյուղի տեղում»[7]։ Անշուշտ, այս հետևությունները հիմնավորված չեն, և Ձագեձորի բերդի գտնվելու կոնկրետ վայրը տակավին անհայտ է։ Օ. Խնկիկյանի հայտնաբերած նյութերը (1980թ.), որոնք թվագրվում են մ. թ. ա. II-I հզրմ., նույնպես վկայում են Բռուն գյուղի՝ տարածքում ավելի վաղ շրջանի բնակավայր լինելու մասին։
3․1․ Խաչին օս
Քաշկերի, հիլիշտրակների, հնարքների և բնության մեջ ապրող տարբեր ոգիների շուրջ պաշտամունքային վարքագծեր են պահպանվել Սյունիքում: Դրանցից որոշները առանձնակի կերպավորում են ստացել Խաչին օսի սրբավայրում: Յուրահատուկ նշանակություն ունի Խաչին օսի Սրբին պատվելը: Սուրբն ունի բարձրեղեն իրան, խոտածածկ կուրծք և լերկ մեջք, ուսեր, գլուխ՝ երկու խոռոչ-մուտք աչքերով: Ոտքերը խրված են գետնի մեջ՝ ջրի ափին՝ որպես մեկ միասնություն և խտացում բնության ուժերի: Անզեն աչքն էլ կնկատի, որ Խաչին օսը մարդակերպ ժայռ է, որի այրը գլուխն է՝ անդրի-խորանը՝ աղոթարանը, ժայռերին աճած կանաչով լանջը՝ կուրծքը՝ բարերարության ստնտուն, որտեղ կարող են նստել և վայելել մատաղը (շուրջ 50 մարդ կարող է այդ ազդեցիկ վայրում նստել): Ս. Լիսիցյանը այս սրբավայրի հետ կապված հետաքրքրական տեղեկություն է ներկայացնում. «…բազմությունը երեկոյան դեմ վերադարձին ուղղվում է դեպի Սըփ Կա[ա̈]կոփի՝ Սուրբ Հակոբի խաչը, որը մի երկար քարատակ է և երկու կողմից երկու մուտք ունի: Այստեղ արդեն անհրաժեշտ էր մի մուտքից մտնել և մյուսից դուրս գալ միշտ միևնույն ուղղությամբ»[8]:
Արդ խոսենք այս անվան մասին, որ հիմա քիչ է ծանոթ անգամ տեղացիներին, սակայն գրի է առնվել Ս. Լիսիցյանի բանահավաքչական խմբի կողմից: Սըփ Կակոփ || Սըփկյա̈կօփ անունը մեկնաբանվել-ստուգաբանվել է որպես Սուրբ Հակոբ: Սակայն պետք է նշել, որ ոչ միայն տարածաշրջանում, այլև ընդհանրապես հայերենի մեջ Հակոբ բառը այս կերպ չի արտասանվել: Ճիշտ է, հատուկ անունները զգայուն են հատկապես փոխազդեցական հնչյունափոխության առումով, ինչպես՝ Հակոբ > Ակօփ, Հովհաննես > Վանես, Ավանես, Առաքել > Ռաքել, Ըռաքել, Հռաքել[9] և այլն: Այսինքն՝ Հակոբ անունը, որ տարածված է ժողովրդի մեջ, թերևս պիտի դառնար Ակօփ, ինչպես որ կա, այլ ոչ թե Կակօփ: Հեղինակը հավանական է համարել սրբավայրի՝ Հակոբ[10] անվամբ հայտնի լինելը: Այդպես կարող էր ստուգաբանվել նաև ժողովրդի մեջ՝ կապված Հակոբ Մծբնացու (Մծբինի սուրբ Հակոբ հայրապետ)՝ սրբացված հոգևորականի անվան հետ. Հայաստանի տարածքում, մասնավորապես Արարատյան դաշտում, ստեղծվել և գործել են Սուրբ Հակոբ անունով մի շարք եկեղեցիներ[11]։ Չենք կարող ժխտել, որ տարածաշրջանում սրբատեղիներ կարող էին անվանակոչված լինել նշանակալից դեպքի կապակցությամբ կամ անձի անվամբ, սակայն Կակոփ հատկանունը հայտնի չէ: Ավելի հավանական ենք համարում, որ այն որևէ հասկացության մի հին անվանում է, որ որոշակի փոփոխություններով պահպանվել է և ժողովրդական ստուգաբանության հետևանքով հնարավոր փոփոխությունների ենթարկվել: Կակոփ[12] բառի հիմքում ընկած է գաբ, բարբառում՝ կ[յ]ա̈փ || կ[յ]ըէփ || կէփ «1. գաբ՝ կարթանման երկճյուղ փոքրիկ փայտ, որ կապում են թոկի մի ծայրին, իսկ մյուս ծայրը անցկացնելով կեռի միջով՝ կապում-ամրացնում են բեռը, 2. ազդր, զիստ» բառը:
Այն վարկածից, ըստ որի՝ Խաչին օսի խողովակաձև մուտքը և ելքը, նրանով անցնելը և ելնելը խորհրդանշում են հին աշխարհում տարածված ոգեպաշտական, մոգական, դիցապաշտական երևույթները, կարելի է ենթադրել, որ գործ ունենք հնագույն մի դիցանվան, պաշտամունքային տեղնավան հետ՝ Կյա̈կօփ, որ առաջացել է հասարակ անունից և քրիստոնեության՝ տարածաշրջանում հաստատվելուց հետո անհետացել է: Քրիստոնեական շապիկ են ստացել ոչ միայն ծիսական գործողությունները, խորհուրդների մեծ մասը, այլև սրբավայրի անունը: Միայն սրբավայրի տեղանվան մեջ է պահպանվել մուտքի և ելքի աստվածության (պաշտամունքի) հատկանունը, որ հետագայում ժողովրդական ստուգաբանությամբ վերագրվել է քրիստոնեական առաքելությամբ անձի:
3․2․ Ժամանակագրություն
Պատմահնագիտական աղբյուրներից բազմաթիվ տեղեկություններ կան Սյունիքում առկա սրբազան տեղանքների մասին, որ մասնագիտական գրականության մեջ հաճախ գործածվում է սրբազան լանդշաֆտ եզրույթով[13]: Եվ Խաչին օսը ողջ շրջակայքով, անշուշտ, պետք է համարել Սյունիքի սրբազան տարածքներից մեկը: Խաչին օսին հարակից տարածքներում պահպանված են դամբարանադաշտեր: Օ. Խնկիկյանը տարածքում ուսումնասիրած մի դամբարանի մասին նշում է, որ քարարկղային այս դամբարանում գտնված նյութերը թվագրվում են Ք.ա. II–I դդ.[14]: Սյս հանգամանքը և ազգագրական տեղեկությունները նկատի առնելով՝ կարծում ենք՝ Խաչին օսի սրբավայրային նշանակությունը ձևավորվել է վաղ բրոնզեդարից սկսած: Նշեցինք, որ, ցավոք, տարածաշրջանը հնագիտական առումով առանձնակի ուսումնասիրության չի արժանացել, բայց կան հայտնաբերված իրեր, որ հստակեցնում են արդեն ուշ բրոնզեդարում հաստատված մշակույթի առկայությունը: Ժամանակագրական ճշգրտումներ կատարելու համար փորձենք զուգահեռներ անցկացնել Խաչին օսի տարածքին մոտ վայրերում առկա պատմահնագիտական, ազգագրական և լեզվաբանական տեղեկությունների միջև, որոնց ժամանակին առիթ ենք ունեցել անդրադառնալու: Ակների և Խաչին օսի հարավ-արևմուտքում՝ մոտ 2 կմ հեռավորության վրա, գտնվում է Սո̈ւնդա̈րա̈ գյուղատեղի-ձորակը: Այս բառի ստուգաբանությունից պարզ է դառնում, որ գործ ունենք Սունդու դիցուհու պաշտամունքի մնացուկների հետ՝ Արցախում, Սյունիքում գործածական են նաև սընդո̈ւկուկու || սինդիկուկու || սո̈ւնդո̈ւկուկու[15]:
Ամփոփում
Գալով տեղավայրի ուսումնասիրության ընդհանրացմանը՝ նշենք՝ Խաչին օսի հարակից տարածքը կոչվում է Կյո̈ւփէր, որ, ինչպես նկատվում է, աղերսներ ունի սրբավայրի մյուս անվան՝ Կյա̈կօփ-ի հետ, որ որպես սրբավայր գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Կյո̈ւփէր, Ըղվերձ, Գյավուրի բներ բառերի ստուգաբանությունից[16] պարզ է դառնում, որ Խաչին օսը հին բնակավայրերի սրբատեղի է և որպես զորավոր Սուրբ՝ շարունակաբար իր գոյությունը պահպանել է մինչև մեր օրերը:
ПОСЕЛОК АКНЕР ИСТОРИЧЕСКОЙ ПРОВИНЦИИ ХАБАНД
Лингвистика
Мгер Кумунц
Сюникский арменоведческий исследовательский центр
Институт языка имени Грачья Ачаряна Национальной академии наук Республики Армения
Горисский государственный университет
кандидат филологических наук, доцент
Армения, Горис-Ереван
mherkumunts@gmail.com:
Лусине Нерсисян
Горисский государственный университет
Сюникский арменоведческий исследовательский центр
кандидат филологических наук, доцент
Армения, Горис
lusnersraz@gmail.com:
Инга Маргарян
Сюникский арменоведческий исследовательский центр
НАН РА Х. Языковой институт имени Ачаряна
кандидат филологических наук
Армения, Горис-Ереван
ingulikmargaryan@gmail.com
Резюме
Изучение армянских топонимов стало одним из важных направлений арменоведения, особенно в последнее время, в связи с геополитическими событиями в регионе. Ономостика – это особая область языкознания, одно из ее подполей, топономика, прямо или косвенно взаимодействует с другими дисциплинами, берет материал не только из языкознания, но и из истории, географии, этнографии.
Целью нашей работы является обращение к одному из поселений исторической провинции Хабанд, городищу Акнер-Бруни, и рассмотрение топонимов.
Храм Святого Какопа находится в Хачин Ос, село Акнер. Он сохранился до наших дней и о нем есть сказаниы. Задача состоит в том, чтобы узнать примерно в какой период образовалось святое место, какое название оно могло иметь в дохристианский период и при каких условиях оно изменилось и дошло до наших дней. Сравнительный анализ диалектного материала показывает, что имя Какоп образовано от нарицательного имени габ (диалектные варианты: кяп || кыеп || кеп (կ[յ]ա̈փ || կ[յ]ըէփ || կէփ)): “1. двуветвистая палочка наподобие крючка, которая привязывается к одному концу поводка, а другой конец пропускается через крючок для крепления груза, 2. бедро». Фактически атрибут входного и выходного божества сохранился в названии святилища.
Ключевые слова: село Акнер, Какоп, Брун, Хачин ос, этимология, диалект, топоним, святыня.
AKNER VILLAGE IN THE HISTORICAL PROVINCE OF HABAND
Linguistics
Mher Kumunts
Syunik Armenian Research Center
Institute of Language after Hrachya Acharyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia
Goris State University
Candidate of Philological Sciences, Associate Professor
Armenia, Goris-Yerevan
mherkumunts@gmail.com:
Lusine Nersisyan
Goris State University
Syunik Armenian Research Center
Candidate of Philological Sciences, Associate Professor
Armenia, Goris
lusnersraz@gmail.com:
Inga Margaryan
Syunik Armenian Research Center
NAS RA Kh. Acharyan Language Institute
Candidate of Philology
Armenia, Goris-Yerevan
ingulikmargaryan@gmail.com
Summary
The study of Armenian toponyms has become one of the important areas of Armenian studies, especially in recent times, in connection with the geopolitical events in the region. Onomastics is a special area of linguistics, one of its subfields, toponomy, directly or indirectly interacts with other disciplines, takes material not only from linguistics, but also from history, geography, ethnography.
The purpose of our work is to address one of the settlements of the historical province of Khaband, Akner-Bruni settlement, and to consider toponyms.
The temple of St. Kakop is located in Khachin Os, Akner village. It has survived to this day and there are legends about it. The task is to find out approximately in what period the holy place was formed, what name it could have had in the pre-Christian period, and under what conditions it changed and reached our days. A comparative analysis of the dialect material shows that the name Kakop is derived from the common name gab (գաբ) (dialectal variants: kyäp || kyep || kep (կ[յ]ա̈փ || կ[յ]ըէփ || կէփ)): “1. a two-branched stick like hook, which is tied to one end of the leash, and the other end is passed through the hook for securing the load, 2. thigh.” In fact, the attribute of the entrance and exit deity was preserved in the name of the sanctuary.
Key words: Akner village, Kakop, Brun, Khachin os, etymology, dialect, toponym, shrine.
[1] Սահակյան Լ., Ակների պատմություն, «Հրազդան» հրատ., Երևան, 2000, էջ 7:
[2] Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե «Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ, Երևան, 2006, էջ 12. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1988, հատ. I, էջ 739 (այսուհետև՝ Տեղանունների բառարան):
[3] Խանզադյան Ս., Հայրենապատում, հատ. 2, «Հայաստան» հրատ․, Երևան,1980, էջ 214։
[4] Այս մասին տե՛ս՝ Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, I, II bend (II Auflage), München: Francke Verlag, Bern, 1959, f. 775-777.
[5] Օրբելյան Ս., Պատմութիւն նահանգին Սիսական, Հատ. Բ, Փարիզ, Ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց, 1859, էջ 267։
[6] Տեղանունների բառարան, էջ 739:
[7] Դարագյոզյան Ա., Ձագեձորի տեղադրությունը, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1985, էջ 60:
[8] Լիսիցյան Ս․, Զանգեզուրի հայերը, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1969, էջ 208։
[9] «Հռաքել դայի-Տասը տարի» (Խանզադյան Ս․, Մատյան եղելությանց, «Հայաստան» հրատ․, Երևան, 1966, էջ 119)։
[10] Հակոբ Մծբնա[ե]ցին 4-րդ դարում Մեծ Հայքում քրիստոնեությունը քարոզողներից մեկն է։ Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը։ Հայ առաքելական եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը:
[11] Սյունիքում դրանք շատ չեն. Ալվան գյուղում կա երկու եկեղեցի՝ Սուրբ Հակոբ անվամբ:
[12] Ս. Լիսիցյանի «Զանգեզուրի հայերը» աշխատության մեջ միշտ չի պահպանվել բարբառային արտահայտությունը, իսկ Սյունիք-Արցախ բարբառախմբի Ակների խոսվածքում գ>կ փոփոխության հետևանքով հաջորդող ա-ն (ոչ միայն) քմայնանում է, հմմտ.՝ գալ > կյա̈լ, Գալուստ > Կ[յ]ա̈լո̈ւստ և այլն:
[13] Եզրույթի և առհասարակ Սյունիքի սրբազան լանդշաֆտի մասին մանրամասն տե՛ս՝ Ավետիսյան Հ., Գնունի Ա., Բոբոխյան Ա., Սարգսյան Գ., Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը. Հնագիտական հետազոտություններ, ԵՊՀ հրատ., Երևան, 2015, 230 էջ:
[14] Խնկիկյան Օ., Նորահայտ հուշարձան Գորիսում, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 4, Երևան, 1981, էջ 312–313:
[15] Այս մասին հոդվածը տպագրության ընթացքում է (Քումունց Մ․, Ներսիսյան Լ․, Մարգարյան Ի․):
[16] Քումունց Մ., Կուփեր և Ըղվերձ տեղանունների ստուգաբանության շուրջ, «Բանբեր հայագիտության», թիվ 1, Երևան, 2017, էջ 127-138: