Նոր գիրք․ “Զաքար Եօլեան․ “Անցեալի յուշեր””

Spread the love

Կազմողներ՝ Աշոտ Սիմոնեան, Աղասի Ազիզեան
Գրախօս՝ Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Յակոբեան
Երեւան, 2023, 597 էջ

Երկու խոսք
Հայ ազգային-ազատագրական պայքարի և Հայաստանի Առաջին Հանրապետութեան պետական գործիչ, նւիրեալ դաշնակցական Զաքար Եօլեանի յուշագրութիւնների այս գիրքը հիմնականում ներառում է հեղինակի` մամուլում տպագրւած յօդւածները: Նա իր գրութիւնների տակ ստորագրել է Զ.Ե., Զ. Եօլեանց, Զ. Աշխատունի, Ալ. Աշխատունի, Ա.Աշ-նի, Բագուեցի, իսկ մեծ մասամբ՝ Ա.Աշխատունի: Զ. Եօլեանի յօդւածները լոյս են տեսել Թիֆլիսի «Ժամանակ»-ում, Բաքւի «Արև»-ում եւ «Գրոհ»-ում (կիսամսեայ, 1906-07), Գորիսի «Սիւնիք»-ում, իսկ Իրան փոխադրւելուց յետոյ՝ Թեհրանի «Ալիք»-ում, Բոստոնի «Հայրենիք»-ում, ՀՅԴ օրգան «Դրօշակ»-ում, ինչպէս և Բէյրութում ժամանակին լոյս տեսնող «Յեղափոխական Ալբոմ» պարբերաթերթում: Այս աշխատութիւնում տեղ են գտել նրա երկու անտիպ գրութիւնները: Առաջինը՝ «ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ ԲԱՔՒԻ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ» վերնագրով, իսկ միւսը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԶՈՀԵՐԸ – 2։
Նրա գրչին է պատկանում նաև «Վանի ռազմական գործողութիւնները (1915 թ. ապրիլ-մայիս)» յօդւածի թարգմանությունը` ռուսերէնից: Ինչպէս ընթերցողը կը նկատի, գլխաւորաբար «Ալիք»-ում տեղ գտած նրա յուշագրութիւնները տպագրւած են ոչ թէ յաջորդական համարներում, այլ երբեմն շատ մեծ ընդմիջումներով՝ հաւանաբար կապւած դրանց հեղինակի առողջական վիճակի հետ կամ այլ պատճառներով:
Առ այդ, հաւակնութիւն չունենք մտածելու, թէ կարողացել ենք մէկտեղել նրա գրչին պատկանող ԲՈԼՈՐ գրութիւնները: Գրքի ՅԱՒԵԼՒԱԾ բաժնում ներկայացւել են արխիւային նիւթերը՝ քաղւած Հայաստանի ազգային արխիւից և այլ աղբիւրներից, ինչպէս նաև տեղեկութիւններ նրա անձնական կեանքի և ընտանիքի անդամների վերաբերեալ: Կարևորութեամբ պետք է ընդգծել, որ Զաքար Եօլեանն իր գրութիւններում երբեք յականէ-յանւանէ չի խօսում իր մասին, թէկուզ փաստ է, որին ակնարկում է նաև Աբրահամ Գիւլխանդանեանը, որ նա որպէս դաշնակցական, պատասխանատու պաշտօններ է վարել թէ Բաքւում և թէ Հայաստանում: Որոշ յուշերում նա իր մասին խօսում է երրորդ դէմքով, դրա ցայտուն օրինակներից են Սահակ Տէր-Գաբրիէլեանի հետ հանդիպման պատմութիւնը, ինչպէս նաև Դրոյի հետ նրա ճամբորդութիւնը դէպի Երևան։ Գրքում նիւթերը դասաւորւած են ըստ բովանդակութեան և տպագրւած թւականի ժամանակագրութեամբ: Քանի որ յօդւածներից շատերը կրում են պարզ «ԱՆՑԵԱԼԻ ՅՈՒՇԵՐ» վերնագիրը՝ ուղղանկիւն փակագծերում [] մեր կողմից տրւած է պատշաճ խորագիր՝ բնորոշելով յօդւածի բովանդակութիւնը: Պարզ փակագծերի () մէջ նշւած ենթավերնագրերը պատկանում են հեղինակին:
Մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Զաքար Եօլեանի թոռներին՝ Անահիտին և Լևոնին, որոնք մեզ տրամադրեցին պապի՝ Զաքարի անտիպ յօդւածը և իրենց հօր՝ Զաքարի միակ որդու, Աշոտի գրած կենսագրական տեղեկութիւնները, ինչպէս նաև ընտանիքի անդամների մասին տւեալներ և լուսանկարներ: Մասնաւոր շնորհակալութիւն Արա Յովհաննիսեանին` (Թեհրան), նիւթերի հաւաքման գործում իր ցուցաբերած անվերապահ աջակցութեան համար:

Զաքար Եօլեանը երկար ժամանակ պաշտօնեայ էր Մանթաշեանի նաւթահանքերից մէկում և միաժամանակ, համարեա թէ անփոփոխ,
այդ շրջանի դաշնակցական տեղական կոմիտէի անդամ էր:
Զաքարը մէկն էր այն ընկերներից, որոնք կարողանում էին ազդել
իրենց շրջապատող բանւորների վրայ: Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Զաքարը աջակցեց նաւթաշրջանի Զինւորական Մարմնին
մինչև հայ բանւորութեան նաւթաշրջանից հեռանալը:
Հայ-թաթարական ընդհարումներից յետոյ, երբ Բաքւում սկսւեց
«Անջատական» շարժումը, Զաքարը մէկն էր այն ընկերներից, որոնք քաջաբար կարողացան պաշտպանել կուսակցութեան գաղափարները:
1914 թւականին Բաքւի Կ. Կոմիտէն նպատակայարմար համարեց
բանւորական հարցերի համար ստեղծել յատուկ մի մարմին, որ նախօրօք պիտի քննէր բոլոր այն խնդիրները, որոնք կապւած էին նաւթաշրջանում աշխատող բանւորների հետ: Այդ մարմնի անդամներից մէկն եղաւ
Զաքար Եօլեանը, որ միշտ մի առանձին սիրով մասնակցեց բոլոր աշխատանքներին:
Ռուսաստանի յեղափոխութեան օրերին, երբ Բաքւում կազմւեց
Բանւորական Խորհուրդ, այդ Խորհրդի մէջ մասնակցում էր և Դաշնակցութիւնը իր մօտ յիսուն ներկայացուցիչներով: Զաքարը համարւում էր
դաշնակցական ղեկավարներից մէկը և հմտութեամբ տանում էր այդ
գործը:
Հայաստանի Հանրապետութեան ժամանակ խորհրդարանի անդամ էր և բերաւ իր մասնակցութիւնը Հայաստանի պետական կազմակերպման գործին:

Յեղափոխական դէմքեր, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1936 թ. թիւ 6, էջ 107-108:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի