Մոռացվածները․․․ “Դու երգիր, մենք լաց լինենք…”

Spread the love

Ինչ եղավ, կլինի, և ինչ արվել է, արվելու է, և արևի տակ նոր բան չկա

(Աստվածաշունչ. Ժողովող)

Իմ հայրենի գյուղը, աշխարհի ամենաչքնաղ անկյունը… Զարմանում ես, որ մի երկու քառակուսի կիլոմետրի, մի քանի հարյուր հեկտարի վրա` դաշտերում, անտառներում, ձորերում, գետափերին, սարերի գլխին ինչ աշխատանք ասես անում էին, ինչ զբաղմունք ասես գտնում էին, ինչ բարիք ասես ստեղծում էին… արարում էին: Սովորել, սերնդեսերունդ փոխանցել էին ամեն բան, դրանք եկել հասել էին դարերի խորքից, բայց կարծես ամեն բան նույնն էր, ինչ դարեր առաջ էր, ու ոչ մի նոր բան չկար: Հիմա էլ նոր բան չկա:

Բայց միայն աշխատանքը և տնտեսությունը չէ, որ բազմազան էին, միայն զբաղմունքները չէ, որ ապշեցնում էին: Ինչի ասես կհանդիպեիր ու կհանդիպես անկրկնելի այս բնաշխարհում՝ բարությունից մինչև չարն ու նախանձը, լուսավորից՝ խավարն ու խավարամտությունը, անտարբերությունից ու մատնությունից՝ նվիրվածությունն ու ուղղամտությունը, խոնարհությունից՝ գոռոզամտությունն ու ամբարտավանությունը: Ի՞նչ կարող ես անել, մարդն է:

Ովքեր ծանր կյանքով ապրեցին, ավելի շատ տագնապի մեջ եղան, քան խաղաղության ու անդորրի, ովքեր կորուստներ ունեցան, երբեք չչարացան: Պատերազմն ավարտվեց: Հարյուր զոհ ճակատում… ուղիղ հարյուր, որից քիչ է մնում խելագարվես: Դեռ չգիտենք թիկունքում նահատակվածների քանակը: Ո՞վ է նրանց հիշում: Բազմաթիվ կորուստներով գյուղը ՝ միայն հույսն էր, որ չէր կորցնում, հույսն ամուր գրկել, փայփայում էր: Եթե ուրիշ տեղ հույսը վերջինն էր մեռնում, այստեղ այն կենդանի էր: Մտածում էին՝ պահել-պահպանել է պետք որբերին, պիտի սնել, կրթել, ամուսնացել, պիտի վեր բարձրացնել ընկածներին, հողը անմշակ չթողնել, հիշել զոհվածներին.. միայն թե՝ պատերազմ չլինի:

Գյուղը վերից վար անմահ ու աննման ստեղծագործություն է, որտեղ ուզես — չուզես հավատացյալ ես դառնում և հավատում ես արարչագործությանը: Հարազատ պատկերներ… Բայց ինքս էլ չգիտեմ, թե ինչո՞ւ ամենահարազատը գյուղի դիմացի լեռնալանջն էր՝ Գյունեն՝ իր կալերով ու դրանցից ներքև տարածվող անշուք, գետնին կպած թռչնանոցով, Թաք արտն ու խոր ձորակները՝ դրանց թիկունքից ծագող արեգակի հետ միասին… Պաշտում եմ այս տեսարանը, որը հիմա հիշողություն է: Դրանք վերացան վերջին պատերազմի և պետական ունեցվածքի թալանի հետ միասին:

Միայն Գյունեն ու արևածագն են մնացել:

Սիրում եմ Գյունեն: Օտար բառ է, բայց հարազատ է ու սրտամոտ: Գուցե նրա համա՞ր, որ այն կալերում, Թաք արտում, թռչնանոցում, ցաք ու տատասկի մեջ գյուղացու ծանր, տանջալից աշխատանքն էր հի-շեցնում, նրա հոգնատանջ օրերը, հողի հետ կռիվը, կարիքն ու ցավը: Եվ այս բոլորը՝ շաղախված արցունքներով:

Մարդուն բաժին հասած պատիժ՝ կարոտը… ինչպես կարելի է տաս-նյակ տարիներ անց կարոտել տանջալից կյանքը, ուժից վեր աշխա-տանքը: Երևի որ միասին էին, հույսով էին, սիրում էին միմյանց, ուրա-խությունն ու դժբախտությունը իրենցն էր, համընդհանուր էր: Հասկա-նում էին, որ ճակատագրով դատապարտված են այստեղ ապրելու, նա-յում էին Խրավանդի Սուրբին, Բերդի քարին, Ճանճապտուկ լեռանը, Սբ. Ստեփանոս եկեղեցուն, արեգակին, խառնում էին հեթանոս ու քրիստոն-յա հավատը, աղոթում էին:

Գիտեին՝ իրենց պապերն էստեղ են հազարավոր տարիներ, էստեղ իրենք էլ պիտի ամփոփվեն, խառնվեն մայր հողին… Համոզված էին մի բանում՝ այստեղ միայն հանգիստ կառնեն մութ և խավար ծմակուտներով հսկայական լեռան ու ժայռեղեն բարձունքի միջև ընկած փափուկ հողա-կտորի մեջ:

Թռչնանո՞ցն ինչու հիշեցի: Երևի նրա համար, որ այն գյուղի ամ-բողջական պատկերի մի մասն էր, պատերազմից հետո գյուղի անկրկնելի անցյալը, թեև հիմա ոչ ոք չի հիշում լեռնալանջի այդ անշուք շինությունը: Թռչնանոցը իր հերթին օգնեց հաղթահարել սովը: Լավ էր՝ այգեգործական բրիգադը որոշեց թռչնանոց կառուցել ու հավ պահել: Ընկան տնետուն, թափառեցին գյուղեգյուղ, ձու հավաքեցին, թխսկաններ գնեցին ու … ծնվեց թռչնանոցը: Շուտով արևկող լանջը ճերմակին տվեց, հավ ու աքլոր իրար խառնվեցին: Հավերը թուխս էին նստում, մնում էր միայն կերակրել ու բաց թողնել գյունեն ի վար՝ կեր փնտրելու: Չէին դիմանում թռչունները, թռչում էին դես ու դեն, հասնում մոտակա ձորակը, իջնում գետափ: Գնում կորչում էին… Սրանց դեմն առնելու համար կտրտում էին թևերը, բայց որի թևերը կտրես, որի ճամփան փակես: Թռչնապահ Լեզինկան, դուս-տըրը՝ Ժենյան, օգնության հասած Սաթենիկը, նրա աղջիկը՝ Լենան, Դիլ-բարը, Հեղնարը, հազիվ էին հասցնում ձուն հավաքել քթոցներից, խնդող-նուտներից, ձորակի ցաքուտներից, գետափի սառը ավազի միջից ու ծա-ռերի փչակներից:

Միշտ չէ, որ հաջողվում էր հավաքել ու կատարել «ձվի պլանը»:

Կանանցից ու աղջիկներից առաջ ձորակներում ու գետափին հայտ-նըվում էին խենթ ու խելառ տղաները՝ բոկոտն ու մերկ, ընկնում ու հավաքում էին ձուն: Ավելի ճարպիկները հավ ու աքլոր էին փախցնում, տանում մարդու աչքից հեռու՝ աղբյուրի մոտ, կամ հեռու գետեզերք, կրակ վառում ու վայելում այն, ինչ թույլատրված էր կոլխոզի նախագահին, բրի-գադիրին, նրանց արբանյակներին:

Անսահման երջանկության օրերը հիշում էին մինչև խոր ծերություն:

Թռչնապահ կինը, նրա աղջիկը, օգնական կանայք կույր չէին, տես-նում, բայց չտեսնելու էին տալիս ու «պրիստավներին» պատասխանում էին. «Մենք ի՞նչ կարող ենք անել: Ի՞նչ երեխաներ: Ուրուրի դեմն առնե՞լ կլինի, էլ չենք խոսում աղվեսի մասին»:

Հավերին ու աքլորներին չէին պաշտպանում երեխաներից, բայց փորձում էին փրկել ուրուրից:

Տեսնել էր պետք. կապուտակ երկնքում, արևի շողերի մեջ հանկարծ նշմարվում էր ուրուրը, հպարտ ու հանդարտ պտույտ գործում, մեկ ե-րևում, մեկ անհետանում, hետո պտույտներով հանդարտ վայր իջնում, մոտենում, մոտենում… Վերջապես աննկատ չի մնում, աքլորներն ան-հանգիստ շարժումներ են անում ու փքվում, թխսկանները կռթկռթում: Ապա լսվում էր կանանց ու աղջիկների կանչը՝ վի՜-հա՜, վի՜-հա՜…վի՜-հա՜…. Ամենից բարձր «վիհա» կանչողը Թումանյան Լենան էր, որի հորն էլ 37-ին չէին մոռացել: Զրնգուն ու բարձր ձայն ուներ Լենան, ասում էին, թե ուրուրները վախենում են Լենայի «ծկլթոցից»: Երևի դրա համար էր, որ դպրոցում ուսուցիչներից մեկը նրան դաս հարցնելիս ասում էր՝ Թու-մանյան Վիհա, արի՛ գրատախտակի մոտ:

Վի՜-հա՜… Հազարամյակների խորքից մեզ հասած տագնապի և օգ-նության կա՞նչ է: Չէ՞ որ բազմաթիվ վկայություններ կան, որ մարդն այս-տեղ ապրել է անհիշելի ժամանակներից, որ գյուղը հազարամյակների անցյալ ունի: Հենց միայն թռչնանոցի տեղում ու շրջակայքում հողի երես դուրս եկած բազմաթիվ անոթներ, կենդանիների, թռչունների, տարօ-րինակ արձանիկներ վկայում են, որ մարդն այստեղ՝ հենց այս արևկող լանջին ապրել է անհիշելի ժամանակներից, իսկ գյուղն իր պատմության ընթացքում երբեք չի տեղահանվել, չի դատարկվել:

Տոհմացեղային հիշողություններն էին այստեղ, վերջին կանչերը:

Վի՜-հա՜… իսկ ինչո՞ւ այսքան հարազատ… թվում է՝ այդ ձայնը վա-ղուց, շատ վաղուց եմ լսել, որ այստեղ ես էլ ապրել եմ անհիշելի ժա-մանակներից ու կռիվ տվել վայրի գիշատիչ թռչունների ու գազանների հետ: Հեթանոս ժամանակներում մարդուն և կենդանիներին գիշատիչ թռչուններից պաշտպանող մոռացված աստվածների՞ց չէ արդյոք Վիհան:

Ուրուրները աննկարագրելի արագությամբ կործանիչ ինքնաթիռ-ների պես սուրում էին թռչնանոցի վրա, տագնապի ձայներից հաճախ փո-խում իրենց ուղղությունը, հեռանում ու կորչում հորիզոնում: Բայց պա-տահում էր, որ թռիչքն հաջող ավարտ էր ունենում, ճանկում էին հավ կամ աքլոր ու ճանկերը զոհի մարմնի մեջ խրած՝ վեր բարձրանում, ավարը տանում Մեծ ընկուզենու տակ կամ Մեծ արտի ձորի անտառի խորքերը:

Մարդու և գիշատիչ թռչունների միջև հազարամյակների պայքարի շարունակությունն էր դա:

Այս բոլորը մի քանի տասնյակ տարի առաջ էր: Հիմա ոչինչ չկա, հիմա ահասարսուռ լռություն է: Երբ մեր կողմերում վերացան ցորենի, գարու, հաճարի ցանքերը, անհետացան նաև երկինքը ծածկող երամները, տասնյակ հազարների հասնող բազմազան ու բազմաթույր թևավորները, որ սավառնում էին արտերի վրայով, թառում էլեկտրալարերին ու հե-ռախոսալարերին, իրենց անուշ երգով կյանքը լցնում ջերմությամբ և լա-վատեսությամբ:

Հիմա հատուկենտ թռչուններ են երևում: Ի՞նչ երամներ: Ցանքսերի հետ վերացան անգամ նապաստակներն ու աղվեսները… Վերացան նաև մարդկային զանգվածները, եռանդուն աշխատանքը, բեռնատարների ըն-թացքը դաշտամիջյան ճամփաներով, տկարացան դպրոցները, մեռավ ժխորը: Վերջին պատերազմում մի քանի արկ ընկավ թռչնանոցի վրա ու հրդեհի ճարակ դարձրեց: Մարեցին կանչերը, տիրական դարձավ լռու-թյունը:

Խախտվել է ամեն բան: Մի ուրախ բան կա միայն: Այս կողմերում գետի ընթացքը խողովակների մեջ առնելու և հիդրոկայան ստեղծելու մեծահարուստ մտագար մեկի մոգոնումները ձախողվեցին ու, ինչպես Արքայիկ Տեր — Գևորգյանն էր ասում, հիմա մեր գետը հոսում է Մայր Արաքսին միանալու: Մի տխուր մեղեդի է, սակայն, զույգ գետերի շառաչը, որ ասում են՝ գիտե՞ք ինչեր ենք տեսել մեր ափերին, ինչ գաղտնիքներ ու երազներ ենք մեզ հետ ծովը տարել:

Դրախտի այս անկյունում չէին կարող մոռանալ մեղվաբու-ծությունը: Շուրջը ծաղկուն արտեր, սարեր, մարգագետիններ, որքան ա-սես ծաղիկ նեկտարի համար: Տեղանուններն անգամ հուշում են, որ վայ-րի մեղրի հայրենիք է եղել՝ Ճանճա պտուկ, Ճանճի քար, Ճանճի բաղ, Ճանճի ծառ … Ճանճն այստեղ մեղուն է: Ասում են մի բարի կնոջ՝ Սոնա Սարգսյանին, վստահվեց շուրջ 200 ընտանիք: Հենց այդպես՝ ընտանիք, իսկ փեթակ բառն այստեղ հիմա էլ չի հնչում: Դեպի սար ճանապարհն անցնում էր մեղվանոցին կպած: Սոնան բոլորից թաքուն մեղր էր տալիս ռանչպարներին: Բայց որբ երեխաներին մեղր տալիս էր առանց վախե-նալու, քանի որ «որբերի դեմ ավել պակաս հաչողների բերանը փակում էր»: Սոնայից սովորեցին Լիզա Զաքարյանը, Հասմիկ Բաղդասարյանը, նրանք էլ՝ սովորեցրին մյուսներին:

Մեղվաբուծությունը դուրս եկավ կոլխոզի սահմաններից, երբ Ստավրոպոլից դպրոց եկավ ռուսերենի ուսուցիչ Պյոտր Պալենին ու արեց իր հանճարեղ հայտնագործությունը՝ բացելով շիկահողցիների աչքերը. ՛՛Шикаох, это золотое руно” (Շիկահողը՝ դա ոսկե գեղմն է)[1] :

Նրանց կյանքի պատմությունը երկրի, երկրամասի, գյուղի պատմությունն է: Ցավոք, կցկտուր են հիշողությունները, այդ օրերի պատմությունները, բայց ցավ ու տառապանքով լի պատմություններ են: Այս կանանց կյանքը ապրա՞ծ, թե՞ չապրած տարիներ էին: Իհարկե չապ-րած: Իսկ ինչու ավելի շատ կանանց մասին է խոսքը: Իսկ տղամարդի՞կ: Տղամարդիկ պատմել չեն սիրում, ավելի շատ լռում են, թաքցնում են: Կանայք ասում են այն, ինչ մտածում են, այն, ինչ ճշմարտություն է: Կոլ-խոզ, 30-ականներ, պատերազմ, հետպատերազմյան տարիներ: 60-ական-ներին ազատություն եղավ, շունչ քաշեցին, տրվեցին հուշերին, ափսո-սացին իրենց ջահելությունը, գնդակահարված հարազատներին, Սիբիր քշվածներին, պատերազմում կորած եղբայրներին, ամուսիններին, հայ-րերին: Բայց հպարտանում էին կոլխոզային դաշտերում, սարերում, ֆեր-մաներում ու պղնձահանքերում իրենց հերոսական աշխատանքի համար: Հաղթել էին. միակ մխիթարությունն էր: Հետո իրենք էլ մեռան, գնացին, մոռացվեցին:

Չմոռանալ, հիշել է պետք կանանց, մեր մայրերին, տատերին, թեև լավ գիտենք՝ իրենց ի՞նչ:

Ուր ասես նրանց քշում էին վաղ գարնանից մինչև խոր ձմեռ ու վաղ գարուն: Աշնանացանից առաջ մաքրում էին դաշտերը, վար անողներին էին միանում: Քրիստափոր Մելքոնյանը, Գարեգին Ղազարյանը, Գարե-գին Բաղդասարյանը, Խաչիկ Գալստյանը, Չալուց Սմբատը ասում էին՝ կնանիք չլինեին, մենք կկոտորվեինք: Եվ մեզ հասել են նրանց անունները՝ Արաքսյան, Թամամը, Նունյան, Վարսենիկը, Աշխենը, Լեզինկան, Սաթի-կը, Մանյան, Արփենիկը: Քչերի անուններն են: Ով պիտի խոսի պատե-րազմի ու հետպատերազմյան ժամանակների որդեկորույս մայրերի մա-սին: Այդ ինչպե՞ս դիմացան՝ Սոնան, Եղիսան, Փերին, Հուռին, Բաջին, Հա-զարվարդը, Մարիամը, Շափաղաթը, Արևհատը, Նազանին, Հերիքնազը … որին թվես: Բոլորն էլ որդեկորույս մայրեր: Թագուհին ու Եղիսան… հա-րազատ քույրեր՝ սրտացավ և ուշադիր, նրանց համար չկար օտարի երե-խա, կարեկցանքը ծնվելու օրվանից քույրերի մեջ էր: Նրանք մեծ վիշտ ունեին. 37-ին տարել էին եղբայրներին` Սիմոնին ու Տիգրանին, ու նրանք էլ չէին վերադարձել: Իսկ պատերազմից տուն չէին վերադարձել Տիգրանի երկու տղաները: 49-ին Սիբիր քշեցին Սիմոնի ընտանիքը: Բայց Եղիսայի վիշտը բազմապատիկ էր, անտանելի. նրա երկու զավակները ևս՝ Սեդ-րակն ու Բագրատը, զոհվել էին պատերազմում: Քանի՞ կորուստ ուներ այս կինը, ինչպե՞ս չափել նրա վիշտը, ինչպե՞ս չափել անչափելին: Եղի-սան մնաց դուստրերի հույսին: Մորը փայփայեց Մարգարիտը: Նա որպես մասունք պահպանում էր եղբայրների լուսանկարներն ու նամակները: Այս գյուղում կանացի ազնվության համար չափանիշներ կային, բայց մե-կը, չգիտես ինչու, ժպիտ էր առաջացնում: Այստեղ ասում էին՝ Մարգա-րիտն ու Զանին մատների վրա հաշված էն կանանցից էին, ովքեր կթած կաթին ջուր չէին խառնում:

Մարգարիտը երկար չապրեց: Վերջին օրը շրջապատված տղանե-րով, թոռներով՝ այս կինը պահանջեց եղբայրների լուսանկարները, համբուրեց դրանք ու խոսեց, խոսեց եղբայրների հետ. «Ձեր ոտքը կոտրվի: Ձեր մայրը սպասեց, սպասեց, դուք հետ չեկաք: Արդեն քանի տարի է, ես եմ սպասում եմ: Չեկաք: Ինչո՞ւ չեկաք: Ո՞ւր կորաք: Էլ ուշ է: Էդպես էլ անտեր մնացի»:

Շրջապատված հինգ տղաներով, երկու աղջիկներով, թոռներով, հարազատներով՝ Մարգարիտն իրեն անտեր էր համարում: Մարգարիտը եղբայրներին էր փնտրում:

«Պատերազմի որդեկորույս մայրեր էին Հուրի և Բաջի քույրերը: Եր-կուսն էլ երկուական որդի էին կորցրել: Բաջին՝ նաև ամուսնուն: Հուրին հացթուխ էր: Աշխարհի ամենաբարի հացթուխը: Ունևորների հացթուխն էր: Ունևորներ միշտ են եղել: Եթե կան ունևորներ, ուրեմն կլինեն չքա-վորներ: Ունևորներն էին Երեմը, Լևոնը, Համբարձումը, Բենիկը, Միրզան, Սաշան: Նրանք հացը գիշերն էին թխում: Ոչ ոք չպիտի իմանար: Ի վերջո գողացված ցորենալյուր էր:

Հացթուխը դիտավորյալ շամփուրի բերանն էր տալիս լավաշը ու նետում թոնրի շիկացած ածուխների մեջ: Հացը կտանա կլինի (կուտ կգնա), իսկ նրանք՝ այդ ունևորները, կրակի բերանն ընկած հացը չէին ու-տելու:

— Ձեր հոր գյոռումը շները… Բա հացն էլ գիշերը կթխե՞ն,- մռթմռթում էր հացթուխը, ապա հավաքում էր «կտանան» ու թռցրած հացի կտորները և բերում բաժանում էր սովյալ երեխաներին՝ ունևորների հասցեին չխնա-յելով ամենավերջին բառերը:

Այդպիսին էր Հուրի մաման»:

Քույրերին խնամում էին հարսները` Արևհատն ու Վարդիթերը: Տես-նեիք, թե պատերազմից հետո ինչպես էին ողբում քույրերը, ինչպես էին ապրում, եթե դա ապրել էր: Նրանք նստում էին տան հետևում, ամռանը՝ ստվերում, ձմռանը՝ արևի տակ, փաթաթվում էին շալի մեջ ու կանչում տատիս Շուշան անունով դստերը, ով չգիտես որտեղից անգիր մի երգ էր սովորել ու երգում էր որդեկորույս մայրերի պատվերով:

— Շուշա՛ն, քեզ մատաղ, դու երգիր, թող մենք լաց լինենք:

Եվ Շուշանը երգում էր.

Կերչը՝ քաղաք է,

Սև ծովի արանք է,

Գնալ գալս դժվար է

Ախ մայրիկ ջան,

Զուլում կրակ է.

Ինչ սև դագաղ է

Մեր տան առաջն է,

Մեջը դատարկ է,

Առանց դիակ է,

Լացողն առատ է…

Քույրերի մրմունջը խառնվում էր Շուշանի երգին, մինչև որ վերջինս չէր դիմանում, պոռթկում էր ու աղեկտուր հեկեկում: Գալիս էր Սոնան, մաքրում դստեր արցունքները, համոզում, տուն ուղարկում, մխիթարում քույրերին, երբ պիտի մեկն էլ լիներ, որ իրեն մխիթարեր զոհված տղայի ու անհետ կորած ամուսնու համար:

Փերին՝ այս երկրի ամենադժբախտ կանանցից, ում «ժողովրդի թշնամի» ամուսնուն՝ Տիգրանին, տարան եղբոր՝ վաշտապետ Սիմոնի հե-տևից, տարան ու մահվան դատապարտեցին, բայց պատերազմը սկսելուն պես «հանուն ընկեր Ստալինի ու հայրենիքի» չմոռացան զորակոչել թըշ-նամու երկու զավակներին: Գնացին ու հետ չեկան: Փերին միայնակ մնաց, բայց չգիտես ինչու ասում էր, թե իր Օնիկ որդին չի զոհվել, ապրում է: Ինքն իրեն հուսադրո՞ւմ էր:

Կորուսյալ սերնդի մայրերը…

Դու երգիր, մենք լաց լինենք…

[1]        Պիտի ԱՐԴԱՐԱՑԻ ԼԻՆԵԼ. հալոցքն իսկական հեղափոխություն էր: Ազատու-թյունն էր թևածում մեր կողմերում, մարդիկ սկսեցին իրենց մտքերն արտա-հայտել, համարձակ տալիս էին «ժողովրդի թշնամի» իրենց հարազատների ա-նունները, գրում էին երկրի իշխանություններին՝ պահանջելով նրանց «Գործ» -երի վերանայում և արդարացում։ Որքան էլ փորձում են թերագնահատել XX հա-մագումարը, բայց բանտված ու կուրացած հասարակության աչքերը բացեց: Նրա գաղափարները հասան հեռավոր ծայրամասեր, բացեցին լեզուների կապանք-ները։ Կյանքն աստիճանաբար, թեև դանդաղ, բայց փոխվում էր։ Աշխատանքը գնահատվում էր: Կյանքը փոխվում էր նաև հայրենի Շիկահողում։ Աշխատել էր պետք, իսկ աշխատել սիրում էր տնտեսության ղեկավար ընտրված Գեդեոն Խա-չատրյանը։ Թվեր կան և դրանք հավաստի թվեր են, որոնք վկայում են, որ գյուղը դուրս էր գալիս քայքայման ու անհուսալի թվացող վիճակից։ 1957-ին Շիկահողն ուներ 124 տնտեսություն, 720 բնակիչ։ Բնական աճն ավելացավ, ծնվում էին նոր ընտանիքներ… Դպրոցը, որ կառուցվել էր 1940-ին, ստացավ միջնակարգի կար-գավիճակ, ուներ 14 դասարան՝ 164 աշակերտով։ Եկան բարձրագույն կրթությամբ առաջին ուսուցիչները։ Մեսրոպ Մագիստրոսի նախկինում կառուցած դպրոցը դարձավ մանկապարտեզ, որտեղ հաճախում էր 64 երեխա։ Մանկապարտեզի տարեկան ծախսը կազմում էր 140․000 ռուբլի։ Գյուղում գործում էր ակումբ, գրա-դարան, փոստ, անասնաբուժական տեղամաս։ Շիկահողն ուներ հիվանդանոց՝ 24 մահճակալով, որը տեղադրված էր ցարական ժամանակներում կառուցված «за-ежий дом» — ում։ Այստեղ գործուղվում էին բարձրագույն կրթությամբ բժիշկներ, սպասարկում էին ենթաշրջանի բնակչությանը։ Շիկահողում էր գործում գյուղ-կոոպի վարչությանը։ Մինչ գյուղը էլեկտրական հոսանք կստանար, իսկ դա տեղի ունեցավ 1961-ին, կոլտնտեսությունը հարցը լուծեց դիզելային շարժիչի միջոցով։ Եվ ամեն երեկո մինչև կես գիշեր վառվում էր շուրջ 300 լամպ։ Կոլտնտեսությունը ունեցավ երկու բեռնատար ավտոմեքենա։ Մարդիկ սկսեցին տուն կառուցել (այդ տարին կառուցվեց 7 տուն), դրվեց 65 տանիք։ Աչքի առաջ վերանում էին թակերը (անձրևին կտուրը թակելու փայտե գործիքներ)։ Տնտեսությունը սկսեց աշխատել օգուտով։ Զարգանում էին անասնապահությունը, այգեգործությունը, ծխախոտա-գործությունը, մեղվաբուծությունը, հացահատիկի արտադրությունը։ Գյուղում այդ տարիներին յուրաքանչյուր ընտանիք ուներ միջինը 6-7 երեխա և ոչ մի թեր-սնվող։ Մարդիկ սկսեցին ապրել հույս ու հավատով։

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի