Գրախոսություն․ Թ․ ԹՈՐԱՆԵԱՆ․ Գ․ ՍՄԲԱՏԵԱՆԻ «ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ԻՒՐ․․․»

Spread the love

Ահա 291 էջերու վրայ տարածուող գիրք մը, որ եթէ իր վերնագիրով կը ներկայացնէ երկու ընտանիքի պատմութիւնը անոնց տոհմի հետքերով, բաց իրականութեան մէջ, բազմահարյուր հայերու օրինակելի պատմութիւնն է խորապէս թելադրական և ընդօրինակելի, քաղուած իրական կյանքէ, սկիզբ առած գիւղէ մըն ՝ Գյուտկում-Գեղանուշ անուանեալ, որուն բնակիչներուն հերոսներուն կեանքը անընդմէջ ու յաջորդաբար հասած են մեր օրերուն և Սփիւռքի ու Հայրենիքի մէջ կըշարունակեն ապրիլ շատեր հայրենի գիւղի կարօտով: Իր հերթին պատմական գիտութիւններու թեկնածու՝, ազգագրագէտ Հրանոյշ Խառատեանը իր գրած յառաջաբանին մեջ կեզրակացնէ,- «Շնորհաւորում եմ ընթերցողին այս գրքով հարստանալու և շնորհակալություն յայտնում Գ. Սմբատեանին՝ այդ հնարավորութիւնն ստեղծելու համար»: Հետաքրքրութիւն շարժող ինքնատիպ առաջարկ: Ռոբերտ Էջանանացին ևս իր երկու խօսքին մէջ մը կյայտնէ,- «Այստեղ տոհմագիր հեղինակը բացայայտել է նոր տեղեկութիւններ նախնեաց արտագաղթերի ու հայրենատենչ սերունդների վերադարձ-ներգաղթի վերաբերեալ: Մէջբերել է Ղափանի խոսուացքի՝ իր բեմի հարուստ բառաշերտերի մոռացուած արտայայտամիջոցներ: Հիմնաւորել ու հաստատել է տոհմական հայեցի ավանդականութեան արժէքներ՝ հասարակական կեանքում անհատների դիրքորոշման, կենցաղի, ժողովրդական մշակոյթի և այլ առանձնայատկութիւնների առումով»: Գիրքը ունի նաև նախաբան, ուր կըասուի,-«Նեղ ու սահմանափակ չէ գրքի բովանդակութիւնը, քանի որ սոսկ մի տոհմի անցեալի վաւերագրութիւնը չէ: Նիւթերը և ուսումնասիրութիւնները հեռուն են տարել, աշխատանքն աւելի խորը և աւելի ընդգրկուն է դարձել: Գրքի բովանդակութիւնն առնչւում է ծննդավայրին, հայրենի եզերքին, մեր պատմութեան բարդ ու հակասական ժամանակներին ծանօթ ու անծանօթ մեր հայրենակիցներին: Ինչ վերաբերում է «Ղարաղըշլաղ-Բերձորի կռիւն ու աւերումը» յուշապատումին, այն էական նշանակութեան գործ է և կը հետաքրքրի Լեռնային Ղարաբաղի նորագոյն ժամանակների պատմութիւնն ուսումնասիրողներին»: Նախաբանը գրողը արդէն լավագոյնս ներկայացուցած կըլլայ հատորը, առանց մանրամասնութիւններու մէջ մտնելու՝ ընդհանուր գիծերու մէջ: Գլուխ1. «Լեգենդի և իրականութեան միջև․ Տոհմի ծագման առեղծուածը» Խօսքը կը վերաբերի մելիքութիւններու, Ղափանեան մելիքական տուներու մասին.- «Հայոց պետական կորստի հետ անհետացան նաև նախարարական տները: Նրանց փոխարինելու եկան գավառական մանր իշխանութիւնները՝ նախորդ ժամանակների նախարարական տների սերունդները կամ նոր բարձրացող տները, որոնք տիրում էին լեռնային շրջաններին և այնքան կենսունակ էին, որ 15-րդ դարում հարկադրեցին պարսկաական գահին տիրացած Կարա-կոյունլու Ջահանշահին ճանաչել իրենց իրաւունքները»: Այս պատճառով ալ «սկսած Արևելեան Հայաստանի (Այրարատ, Սիւնիք, Արցախ) գավառական իշխանները կոչւում են մելիքներ»: Դժուարութիւններ կան այս գիւղին անունը ճշտելու և այդ գիւղին հիմնադիրին անունը ճշտելու: Տեղ մը յիշատակուած է գիւղը, այլ տեղեր չէ, լոկ բանավոր հաստատումները, ապացոյց նկատելը բաարար չէ: Կարևոր են փաստաթուղթերը: Բայց չէ՞ որ յիշատակարան մը գոյութիւն ունի, հեղինակը պիտի յենի այդ գրաւոր յիշատակարանին, շարունակելով պեղել շրջանի պատմութիւնը: «Մի բան սակայն ակնյայտ է՝ այս տոհմի նախնիները (Ղուկասեաններ) Իրանում իշխանական են դարձել, շնորհիւ ծառայութիւնների ու գործերի, ժողովրդի շրջանում ունեցած համակրանքի, վստահութեան և աճող հեղինակութեան»: Ի վերջոյ Մելիք Ավլանին կըվերագրուի յիշեալ գիւղին հիմնադիրը եղած ըլլալու հարցը, որ մահացած կըլլայ խորը ծերութեան մեջ, յարատևօրէն շեշտելով, որ ինք խոր յարգանքով շջապատուած ապրեցաւ: Այդպէս կըյայտնէ Ասծ. Ղուկասեանը: «Այսպիսով` նախնիներից հասած զրոյցների համաձայն Ավլանը մելիքութեան հիմնադիրն է»: Դժուար լուծելի հարցի մը առջև դէմ առ դէմ կանգնած է պատմագրող Սմբատեան Գրիշան և կծանայ լուծել այլ հարց մը նաև.- «Մելիք Օհանջանեաններ և Մելիք Ղարակեoզեաններ, նրանց և Մինասեան-Ղուկասեան տոհմի ծագումնաբանութեան ընդհանրութիւնը».- Տեղ մը կերևի Մեծն Ալեքսանդրի սուրը անհրաժեշտ է օգտագործել կնճռոտ հարց մը լուծելու համար: Բայց այդ ձևը պատմագրական ըլլալէ հեռու կըլլայ: Ղարակէօզ անձնանունն ու Միքէդի տեղանունը մեզ խնդրի առաջ են դնում: Բանն այն է, որ Ղարակէօզից ու Միքէդի գիւղից են իրենց ծագումը համարում նաև Սիւնիքի Օհանջանեան գերդաստանը: Այս տոհմը շատ մեծեր տուածէ ազգին: Մելիք Ղարակէօզեանների մասին «Ուսումնասիրողները համոզուած են, որ Ռուսաստանում 19-րդ դարի 2-րդ կեսից յայտնի Մելիք Ղարակէօզեանները դարասկզբին Իրանից անցել են Շուշի, ապա Թիֆլիս ու սփռուել Ռուսաստանի այլ վայրերում… դրսևորելով իրենց լաւագոյն յատկանշերը»: Բարեբախտաբար, տոհմի վերաբերեալ որոշ փաստաթղթեր պահպանւում են Մոսկուայում՝ Մելիք-Կարակէզովների ընտանեկան արխիւում: Գլուխ 2. Մինասի ու որդիների ժամանակը,- իրադարձութիւնների ու անունների թնջուկ:Ռուս-պարսկական պատերազմը: Արաքսի անցման ժամանակը վիճելի: Գիւտկում գիւղում հիմնաւորուելը: Ըստ «Յիշատակարան»-ի Մելիք Ղարակէօզի մահից յետոյ ղեկավարութիւնն անցնում է նրա աւագ որդուն՝Մելիք Մինասին:Միւս զաւակների մասին խոսք չկայ: «Մելիք Մինասի oրոք շրջանը ծաղկում է ապրում, հասնում է փարթամութեան գագաթնակէտին և նրա համբաւը տարածում է աւելի հեռուն, մինչև Սիւնիք, Արցախ, Կովկասեան լեռներ»: Ղ. Ալիշանը «Սիսական»-ում այս գիւղը անւանում է Գութկում: Տաթևի Քէոթիկում գիւղը անուանուած է Գըթկոմ: (Գիւտկումում է ծնուել Խորհրդ․ Միութեան հերոս Մուշեղ Յարութիւնեանը և այլ մեծանուն հայեր: Սակայն Գիւտկումն էլ դատարկուել է Դաւիթ Բեկի պատերազմներից յետոյ: Բնակչութիւնը քշուել կամ թողել գնացել է տարբեր կողմեր: Գլուխ 3. Սադըղ, սա քո երկիրը չէ….Մինասի որդիներ Ղազարի և Առաքելի սերունդը: Քոչվորների վտարումը Գիլաբերդից Քոչւոր կողոպտիչներ անդադար կըյարձակէին հայ գիւղերուն բնակիչներու վրայ, կը մտնէին հայոց տուները, ամէն չարագործութիւն կատարելով եղած արժէքաւոր առարկաները ու դրամներն ալ բռնի ուժով ստանալով կը հեռանային: Հայ գիւղացին ալ կըսէր, սա մեր ճակատագիրն է: Վերջապես կը գտնուի քաջազուն հայ մը, որ վերջ կուտայ այս դրութեան, երբ այդ վաչքատուններու պետը վայրենի Սադըղն էր: «Սադըղի աչքերից արիւն էր կաթում: Նա ծաղրում ու անզուսպ հայհոյանքներ էր տեղում: Ղարադաղի մելիքների ժառանգ Ղազարին մնում էր միայն փշրել ցեղապետի ատամները: Նրա հոնի ծանր մահակը տասնեակ ցեղակիցների աչքի առաջ իջաւ թուրք բեկի գլխին: Ո՞վ կըսպասէր: Արիւնը հոսեց բեկի գլխից ու նա տապալուեց վրանի առջև: Վրայ հասան Առաքելը, Ղուկասն ու նրանց հետևից արդէն սրտապնդուած գիւղացիները: Կռիվ սկսուեց, վայրենի կռիվ, որին խառնուեցին նաև թուրք կանայք՝ քարերով ու փայտերով: Բայց լցուած էր համբերութեան բաժակը: Գիւտկումցիները եղբայրների գլխաւորութեամբ ջարդում ու քշում են Սադըղի ամբողջ ցեղին: Տարեցները մէջտեղ են ընկնում, փորձում հաշտեցման գնալ, սակայն Ղազարն անդրդուելի էր: Նա էր դրութեան տէրը և պահանջում էր չխառնուել կռուին: Ցնծութիւն էր Գիլաբերդում: Ղազարի և հինգ զինակիցների յաղթանակը ոգեշնչել էր մի բուռ մարդկանց, հաւատ ընծայել սեփական ուժերի հանդեպ»: Ա՜խ, ուր էր թէ ամէն հայ գիւղ նման Ղազար մը ունենար: Մենք կոտորած չէինք տեսներ: Ղազարենք նորեկներ էին: Սիրուեցան Գիւտկումի գիւղացիներէն: «Քաջ ու աներկիւղ, խրոխտ և կռւի սիրահար Ղազարի» սերունդը: Յիշատակն Արդարոց օրհնեալ եղիցի: Ղազարոսը 70 տարեկան է, ծնած է 1789թ. Գիւտկումի եկեղեցիին չափաբերական մատեանը, այդ թուականը գրանցած է: Ղազարի զաւակներն են Միրզան, Աղաբեկը, Հայրապետը, Բադալը, Աւետիսը, Խաչատուրը, նշուած իրեն ծննդեան թուանշաններով… Վերոնշեալ Յիշատակարանը Ղազարոսի սերունդներուն անձքը կըներկայացնե տասնեակներով ու այս գիրքը խմբագրող, պատրաստող՝ Գրիշա Սմբատեանը մանրամասնօրէն կը վերբերէ այս տուեալները, կարծէք ըսել ուզելով. — իւրաքանչիւր հայ պարտի Ղազարոս մը ըլլալ: Այլ հերոս մը Անդրանիկ Ավետիսեանն է ազգին նուիրեալ մը, որ «արժանացել է մեծանուն ճարտարապետ Վարազդատ Յարութիւնեանի գնահատանքին»: Նույն գիւղի ծնունդները կը հասնին մեր օրերուն իրենց գործունէութեամբ, նշանաւոր ճարտարապետ. Աւետիսեան վերանորոգած է բազմաթիւ եկեղեցիներ։ Եւ այսպես հարիւրաւոր անուններ: Ուր էր թէ մենք ունենայինք Արևմտեան Հայաստանի մեր մէկ ու կէս միլիոն նահատակներուն անուանացանկը, երբ հոս այս հատորին հեղինակը մանրամասնօրէն ընթերցողին ընծայած է անուանացանկը մեկ գիւղի զաւակներուն: Տակաւին նոյն գիւղի զաւակ Առաքելի զաւակները, որուն որդիներն են Օհանջանը, Հայրապետը,Գրիգորը, Խոսրովը, դուստրերը՝ Նանան և Թամարը: Օհանջանի որդիներն են Սարգիսը, Բաղդասարը,այս վերջինը ունեցաւ տղաներ ու աղջիկներ; Տղաներից հանրայայտ դարձաւ Բենիկը՝ օդաչու, հայրենական պատերազմի հերոսներէն: Այստեղ ևս գիւղին զաւակները հասան մեր օրերուն: Այս բոլորը հեքիաթ չեն: Հատորը պիտի մատուցէ նոր անուններ; Գլուխ 4… «Բարի և առաքինի գործերով յայտնի Ղուկասի սերունդը: Ղուկասեաններ։ Միջին — Ասիական իրադարձութիւնների հորձանուտում: Սերունդների կեանքից «Սովորաբար Գիւտկում եկողները որքան էլ հեռուներից գային, այլևս մտքներից չէին հանում գիւղը: Գալիս էին Միջին Ասիական քաղաքներից, կտրում անցնում էին Կասպիականը և Շուշիի ու Գորիսի վրայով հասնում Ղափան: Հայրենի բնաշխարհը իրեն էր ձգում ծննդավայրից հեռացածներին: Հրապարակ կուգայ Նժդեհը, Անդրանիկը: Զօրաշարժ փրկելու համար հայրենիքը: Գիւտկումցիները այստեղ էին հասել համագիւղացի Փարամազի ղեկավարութեամբ: Ուժասպառ համագիւղացիներին Գիւտկում հասցրին ձիերի վրայ: Օգնեցին: Շատերը հայրական տուն էին վերադառնում։ Գոյամարտ Զանգեզուրի համար: Խիստ հետաքրքրական են հատորին հայրենական պատերազմի դէպքերուն բաժինը։ Ուղղակի հերոսապատում: Անարդար, պժգալի դատավարութիւններ, գնդակահարութիւններ, աքսոր՝ միլիոններով, ցրտահար մահեր: Սիպիրի պայմաններուն մէջ տանջահար աշխատանք, ծառ կտրել, շէնք կառուցել, ձուկ որսալ, տանջահար մահ, պատերազմի անպատրաստութիւն: Նահանջ, նահանջ, զէնքի պակաս, օղակում ու գերեվարութիւն ի վերջոյ յաղթանակ ու տուն դարձ՝ ողջագուրումներ, դժւարին կեանք․․․ Պատերազմական թիկունքը՝ այլ պատկեր, իրար օգնութիւն, սև թուղթ, տաժանելի կեանք, հացի պակաս, հաւատք, միաժամանակ յաղթանակի նկատմամբ: Հեքիաթ չէ: Արձանագրւածը մեր պատմութիւնն է: Այս բաժինը՝ ինքնակենսագրութիւն: Պատերազմի ավարտէն ետք հեղինակը՝ Հովհաննես Ղուկասեան, կրնար մնալ Գերմանիոյ մէջ, կամ մեկնիլ Ամերիկա: Բայց կը վերադառնայ հայրենիք: Կապւած է ան իր երկրին ու հողին: Ծառն իր արմատով է ծառ: Տունն իր հիմամբ է տուն: Հեղինակին տունը իր հայրենիքն է: Ճշմարտապատում գիրք մը վերջապէս, դէպքերու ճշմարտացիութեամբ, պժգալի երևույթներու կողքին լաւատեսական ոգորումներով, յոյսին կառչած մարդիկ, որոնք տակաւին անկատար տենչեր ունին շատ: Վերջապես «Դարձ ի շրջանս իւր»: Հատորը կը կարդացուի չթուլացող խանդավառութեամբ ու միաժամանակ խորհրդածելու կառաջնորդէ ընթերցողը՝ տրամաբանութեան ճամբով: Օգտաշատ գիրք մը պատրաստած է հեղինակը անկեղծութեան շունչով մը: Տեղ-տեղ, յանկարծ կրնաք համաձայն չըլլալ հեղինակին, բայց չհաւատալ անոր անկեղծութեան՝ անհնար է: Կարդացէք այս հատորը և սեփական եզրակացութեան հասէք, մեկնելով պատումին ճշմարտացիութենէն:

Թ․ Թ․ Երևան, 22 նոյեմբեր 2016թ.

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի