Categories: Զանազան

Սյունիք-Արցախի բարբառի ԿԸԼԽԱԿԷՐ բառի իմաստաբանական քննություն

Spread the love

Գլուխ + կեր (ուտել) կազմությամբ իսկական բարդությունը հիմնականում տարածված է հայերենի խոսակցական տարբերակներում։ Է․ Աղայանը վկայաբերում է հետևյալ իմաստները՝ “1․ չարագուշակ, դժբախտություն՝ մահ բերող, 2․ մարդասպան, 3․ տղամարդ կամ կին, որ մի քանի անգամ ամուսնացել է և ամեն անգամ ամուսինը մեռել է”։ Սյունիք-Արցախ բարբառային տարածքում այս բառի իմաստներն են՝ “1․ դժբախտություն (մահ, աղետ, փորձանք, անհաջողություն) բերող, 2․ կին կամ տղամարդ, որ մի քանի անգամ ամուսնանում է, և մահանում է կողակիցը, 3․ լալկան երեխա (կամ կենդանի` շուն կամ կատու), որի անընդհատ լացից կարող է դժբախտություն լինել ընտանիքում (կենդանիների դեպքում՝ կաղկանձից)։ Գորիսում կըլխակեր են ասում նաև այն կանանց, որոնք, մտնելով ամուսնու տուն, դժբախտություն են բերում այդ ընտանիքի անդամներին՝ հասցնելով ինքնասպանության, կաթվածի․․․
Հետաքրքրականն այն է, որ այս բարդ բառը երևույթի առկայությամբ ձևավորվել է նախաքրիստոնեական շրջանում, երբ ազգերը ձևավորված չէին։ Կըլխակէր-ությունը առնչվել է մարդկանց սպանելուց հետո գլուխներ վերցնելու ծիսակարգային սովորույթին, այլ կերպ ասած՝ գլխորսության հետ։ Տարբեր տոհմերում կամ ցեղերում զանազան դրսևորումներ է ունեցել գլխորսությունը։ Տիրապետող է եղել այն համոզմունքը, որ գլուխը պարունակում է մեծ էներգիա, և գլուխը կտրելով (սպանելով)՝ տիրանում են այդ էներգիային, մեկուսացնում վտանգները, իրենցից կախվածության մեջ պահում գլխատվածների արյունակիցներին։ Օրինակ՝ Հարավարևելյան Ասիայում գլխի որսը միջոց էր ազգամիջյան և միջէթնիկ հակամարտությունները լուծելու, տարածքներն ընդլայնելու համար: Այսինքն՝ հարցերը լուծվում էին ուղղակի մահ սփռելով։ Գլխի որսով զբաղվող ցեղերին անվանում էին նաև գլխակերներ։ Որևէ ցեղի իրեն ենթարկեցնելու ու անընդհատ ստրկացած, ստորացած վիճակում պահելու նպատակով գլուխ որսացող ցեղերը բարձրադիր վայրերում կախում էին հատված գլուխները՝ ամեն անգամ հիշեցնելով մահը։ Օրինակ՝ Հին հույն պատմիչ Հերոդոտոսը գրում է, որ սկյութական ցեղերից մի քանիսը մարդկային զոհաբերություններ էին անում․ խմում էին զոհերի արյունը, գլխամաշկում նրանց թշնամիներին և գինի էին խմում թշնամիների գանգերից։ Թյուրքերը այլ ազգերի հետ ունեցած գրեթե բոլոր ընդհարումներում դիմել են գլխահատության, իսկ սրանց որոշ նախացեղակիցներ քոչի ճանապարհաեզրերին ցցում էին նվաճված բնիկների գլուխները։ Թյուրքերի կողմից գլխատման դերպքերը գրանցվել են ոչ միայն Հայոց մեծ եղեռնի ժամանակ, այլև 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմում։ Այսպես նրանք նախ՝ խիղճն էին սպանում, ապա՝ իրենց վարքով վախ էին սփռում և հեշտորեն ենթարկեցնում տարբեր ազգերի։
Գլխակերության այլ բացատրություն ևս կա, որ, կարծում ենք, հիմք է եղել բարբառային “կըլխակէր” բառի ձևավորման համար։ Գոյություն ունեն չարության ահռելի էներգիայով մարդիկ, որոնց երկրային գոյության համար սնունդ են ամեն տեսակի չարագործությունները։ Չարիք գործելու կիրքը այս տիպի մարդկանց մեջ այնքան է ահագնանում, որ այլևս չեն բավարարվում մանր չարագործություններով։ Սրանց երկրային և “բնական” գոյությունը ապահովվում է ուղղակի այլոց մահով։ Վախկոտները, մի քիչ “բարեկիրթները” փորձում են իրենց մեջ պահել և ի ցույց չդնել չարիքը, բայց, միևնույն է, անընդհատ չարություն ու նենգությունը արտաբերելով՝ գիտակցորեն, ավելի հաճախ ենթագիտակցորեն բացասական էներգիա են տարածում՝ իրենց շուրջը ստեղծելով գլխակերության բազմապիսի հանդեսներ՝ պատերազմ, անհավանական մահեր, վախ, ստորացում, սոցիալական դժվարություններ, վարկաբեկում։ Այդպիսիք ուղղակի բավարարվում են չարագործությամբ, և եթե մի առ ժամանակ հարաբերական անդորր է լինում, ակամայից հրահրվում է “գլխակերությունը”՝ որպես բնական գոյության միջոց։ Աստվածաշունչը գլխակերության երևույթին հատուկ չի անդրադառնում, բայց հասկացվում է, որ երևույթը չարի կենսագործունեության պայմաններից մեկն է։
Իսկ ինչպես է ժողովուրդը պայքարել գլխակերության դեմ՝ 1․ փորձել են չընդգրկվել չարիքի էներգիայի ներքո և սաստել-սանձել են բացասական ներգործությունը, 2․ կենդանիների դեպքում (կաղկանձող շուն, մլավող կատու)՝ ուղղակի տնից հեռացրել կամ սատկեցրել են։
Մեր պարագայում գամվել ենք հազարամյա բանաձևումին՝ “․․․մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն. այլ փրկեա՛ զմեզ ի չարէ․․․”։

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի