Թեյշեբաինի-Օձաբերդ

Spread the love

Ք.ա. առաջին հազարամյակում, երբ հզորացավ Վանի թագավորությունը, այս պետության թագավորներն սկսեցին նվաճողական արշավանքներ և իրենց գերիշխանությունը հաստատեցին նաև Վանից շատ հեռու։ Իրենց նվաճողական արշավանքների մասին նույն թագավորները նաև սեպագիր արձանագրություններ էին թողնում, որոնց մի մասը մեզ է հասել և այժմ լավագույն վկայությունն են աայդ շրջանի պատմության մասին։ Ք.ա․ 8-րդ դարում Վանի թագավորության զորքերը հասել է են նաև Սևանա լճի ավազան, անցել Արցախ ու Սյունիք։ Ինչպես Էրեբունիում, Կարմիր Բլուրում, Ամավիրում և այլ ուր, այնպես էլ Գեղարքունիքի մարզի մի քանի բնակավայրերում պահպանվել են նման սեպագրեր։ Դրանցից մեկը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ և Ծովինար գյուղերի մեջտեղում։ Այն վավերագիր է նաև մոտակա ամրոց-քաղաք-բնակավայրի՝  Թեյշեբաինի-Օձաբերդ հիմնադրման մասին։ Այն կառուցվել է նշված գյուղերի միջև գտնվող մի բարձրավանդակի վրա: Ամրոցի հյուսիսային կողմի քարաժայռի վրա է փորագրված ուրարտական թագավոր Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, ինչից իմանում ենք, որ նա Ք.ա. 735-714թթ այս արքան գրավել է այստեղ գոյություն ունեցող մի ամրոց, վերակառուցել է այն և անվանել «Թեյշեբա աստծո քաղաք»։ Օրերս եղավ հնարավորություն այցելել հնավայր։ Մոտ 20հա տարածք զբաղեցնող այս հնավայրում պահպանվել են պարիսպներ, շինությունների հիմքեր ու պատեր, ճանապարհի հետքեր։ Ամրոցը պահող  բարձրավանդակի հյուսիսային կողմում է Սևանա լիճը, որի ջրերը հնարավոր է՝ Ռուսա Առաջինի օրոք էլ, ինչպես 19-րդ դարում, երբ հայտնագերվել է այս արձանագրությունը, ողողել են բարձրավանդակի ափերը, որոնք այդ կողմում ժայռակերտ են։ Բարձրավանդակի արևելյան հատվածը բավականին թեք զառիվայր է, և թույլ մասերը ժամանակին ամրացվել են պարիսպներով։ Այժմ այդ կողմում՝ հարթության վրա փռված է Արծվանիստ գյուղը։ Արևմտյան լանջը թույլ թեքություն ունի և այն ամբողջապես ամրացվել է հաստ պարիսպով։ Ամրոց-բնակատեղին հարավային մասում միացած է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտներին։ Այդ կողմով անցել է ամրոց մտնող գլխավոր ճանապարհը։ Ամրոց-բնակավայրի կենտրոնում է մոտ 1,5հա տարածք զբզղեցնող ու քառանկյուն մակերես ունեցող միջնաբերդը, որը 4 կողմից շրջափակված է հզոր պարսպապատերով ու իր երկու կողմերում ունի դեպի ներս նայող աշտարակներ: Միջնաբերդի մի մուտքը, որը ժամանակին ծառայել է հիմնականում հետիոտների համար, հյուսիսարևմտյան պարսպի կենտրոնում է, ունի ավելի քան 2 մ լայնություն և ամրացված է աշտարակներով, որոնցից հարավարևմտյանն ամենահզորն է: Այս մուտքից դեպի բնակավայրի հյուսիսարևմտյան մուտք անցել է նեղ ճանապարհ՝ ոլորապտույտ իջնելով նշված կողմի լանջով։ Միջնաբերդի և ամրոցի մոտ 250մ երկարությամբ արևմտյան պարիսպն ընդհանուր է և ձգվում է դեպի արևելք և թեքվում աջ՝ փակելով հարավային հատվածը, որտեղով անցել է ամրոցի գլխավոր ճանապարհը, որի 2 կողմերում պարիսպներ կան։ Միջնաբերդի շուրջ, հատկապես հյուսիսարևմտյամ կողմում, ժամանկին եղել են շինություններ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում, և որոնցից մի մասի հիմքերն ու պատերը պահպանվել են։ Ամրոցի որոշ հատվածնեորւմ գլխավոր պարսպից բացի, կան երկրորդները, երրորդները։ Ընդհանրապես բոլոր պարիսպներն ու պատերը շարված են երկշարք մեծ բազալտե քարերով, իսկ արանքը լցված է մանր քարերով։ Ամրոցի հարավարևմտյան կողմում պահպանվել է քարանձավ՝ դիմացը մոտ 0,3հա հարթ տարածքով, որը շրջափակված է եղել պարսպով և առանձնացած է միջնաբերդից։ Այս հարթության հարավարևմտյան կողմում պահպանված ճանապարհի աջ հատվածը նույնպես պարսպապատ է եղել։ քարանձավից մոտ 20 մ հեռավորության վրա կանգուն է մի մեծ քար, որը հնարավոր է՝ կուռք է եղել։ Մի գուցե՞ տարածքը ծառայել է ծիսական-պաշտամունքային նպատակով։ Այս հատվածի հյուսիսային ու արևելյան հատվածներում պահպանվել է  տարբեր չափերի կրոմլեխներով ընդարձակ դամբարանադաշտը։ Հնագետ Գ․ Հ․ Միքայելյանը, ով ժամանակին ուսումնասիրել է այս ամրոցը, գրում է․ «Օձաբերդը, որը նույն Թեյշեբաինին է, հավանաբար ունեցել է ջուր՝ օգտագործելով Վարդենիսի լեռներից հոսող բազմաթիվ աղբյուրների ջրերը։ Այսպիսով ուրարտական ամրոց Թեյշեբաինին Սևանա լճի հարավային ափին հանդիսացել է ուրարտական թագավորության հենակետը՝ իր ձեռքում պահելով շրջակա տեղաբնիկ ցեղերին, ինչպես Խալդի քաղաքը Ուելիքուխի երկրում․․․»։ /Գ. Հ. Միքայելյան, «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ./։ Գիտնականը նշում է նաև՝ ամրոցի տարածքում կան նաև նախաուրարտական շրջանի կիկլոպյան շինություններ։ Այն, որ այստեղ եղել է ավելի վաղ շրջանի ամրոց, որ տեղաբնիկները պաշտպանել են իրենց թշնամիների հարձակումներից, վկայում է նաև Ռուսա Առաջինի արձանագրությունը, որում նշված է հնավայրի անունը, որը ուրարտական միապետը կոչել է ամրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին՝ Թեյշեբա աստծո քաղաք: Հնարավոր է՝ Թեյշեբաինի-Օձաբերդը ուրարտական շրջանից հետո էլ ծառայել է իր նպատակին։ Վերջին տարիներին այստեղ հնագիտական պեղումներ են իրականացվել հայ-իտալական արշավախմբի կողմից։ «Օձաբերդը Սևանի հարավային ավազանում ուրարտական ամենամեծ ամրոցներից է: Այն հենակետային դեր է կատարում դեպի Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհի համար: Մյուս կողմից էլ հսկում է Վարդենյաց լեռնանցքով դեպի Սևանի հարավային ավազան եկող ճանապարհը: Այսինքն` շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է․․․», -հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է արշավախմբի համաղեկավար, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը: Ամրոցի հյուսիսային հատվածը վնասվել է, երբ այնտեղով բացել են Մարտունի-Վարդենիս գնացող ճանապարհը։ Հետագայում Սևանա լճի ջրերն իջել են, և նունյ ճանապարհն ամցնում է արդեն մի քանի հարյուր մետր հեռու հատվածով։ Ճանապարհի ձախակողմում ժայռեղեն բլուր կա, որի վրա Ծովինար գյուղի գերեզմանոցն է և հուշարձան։ Հնարավոր է այս բլուրը ժամանակին եղել է կղզյակ ու ծիսա-պաշտամունքային տարածք և կապ է ունեցել Օձաբերդի ամրոցի հետ։ Բլրակի վրա կան 2 փոքր մատուռներ, որոնց մեջ պահպանվել են միջնադարյան խաչքարեր։ Հանգստանանի մուտքի մոտ վերջերս կառուցվել է «Ծովինարի հերոսներ» հուշապատը՝ նվիրված Արցախյան պատերազմներում մարտիրոսված հերոս ծովինարցիներին։ Փառք տալով մեր հերոսներին՝ շարունակեցինք ճանապարհը դեպի Վարդենիկ գյուղի միջնադարյան սրբատեղի Իշխանավանք։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի