Գեղվաձորի տարածաշրջանը ենթարկված չէ համապարփակ ուսումնասիրության, երկրագիտական, ճանաչողական և մասնակիորեն կատարված այլ հրապարակումներում հանդիպում են սակավ տեղեկություններ[1]: Ցավոք, մեր օրերում Գեղվաձորը ներկայանում է ավերակ կամ կիսաավերակ, նախկին թյուրքաբնակ գյուղերի խումբում, չնայած այն հանգամանքին, որ այստեղ պահպանվել են բնիկ հայ բնակչության հազարամյա կենսագործունեության հետքերը, բազմաթիվ հայկական տեղանուններ և մանրատեղանուններ, հայկական նյութական և հոգևոր մշակույթի արժեքներ՝ եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, տապանաքարեր և դամբարանադաշտեր, կերտված ձեռագրեր, որոնք խոսում են այս տարածաշրջանի հարուստ հոգևոր-մշակույթային անցյալի մասին, և որոնք նստակեցությանը սովորող մահմեդական խաշնարածները չեն կարողացել ի սպառ ոչնչացնեն Գեղվաձորում իրենց գոյության ավելի քան մեկուկես դարի ընթացքում: Թյուրքալեզու ցեղերը Գեղվաձորում սկսել են հայտնվել համեմատաբար ուշ ժամանակաշրջանում՝ XIX 20-ական թվականներից մինչև 90-ական թվականները, և այստեղ մնացել են մինչև XX դարի 80-ական թվականների վերջերը:
Կիցք (Կից, Գէց, Կէց, Գիրկք, Գիրս, Քիրկք, Քիրք, Кирсъ, Քիրս): Գեղվաձորի ամենահին և նշանավոր բնակավայրերից էր: Գտնվում է Գեղի գետի ձախակողմյան Կահուրդ վտակի վերնամասում՝ ծովի մակարդակից 2100մ բարձրության վրա: Շրջակա լեռները ծածկված են թփուտներով: Ունի առողջարար օդ և սառնորակ ջուր: Գազբոյլի բարձրադիր լեռնային կածաններով Կիցքը անմիջական կապ ունի ինչպես Ծղուկի՝ Լորագետի հովտի, այնպես էլ Տաթևի հետ:
Տեղանվան հիմքում ընկած է հայերեն կից (կողքին, մոտ, կցված) կամ կիցք (երկու ճանապարհների միացման տեղ, երկու իրերի միացման տեղ)[2]բառը, և հենց տեղանքից ակնհայտ է դառնում անվանակոչման շարժառիթը. գյուղը փռված է երկու ակնունքների միացման վայրում՝ երկու ձորակների միացման արդյունքում գոյացած լեզվակի ծայրին:
Կիցքը առաջին անգամ հիշատակվել է XIII դարում Ստեփանոս Օրբելյանի կողմից որպես Ձորք գավառի Տաթևին հարկատու գյուղ՝ 8 միավոր հարկով[3], ինչից կարելի է հետևել, որ այն առանձնապես մեծ չէր:
Հաջորդ և հետագա տեղեկությունները մենք հանդիպում ենք այստեղ կերտված ձեռագիր մատյանների հիշատակարաններում, որոնցից պահպանվել են չորսը: Բոլոր այդ ձեռագրերը ստեղծվել են XVII դարում՝ որպես արդյունք Տաթևից սկզբնավորված անապատական շարժման:
Մեր օրերը հասած այդ չորս ձեռագրերից ամենահինը, որը իրենից ներկայացնում է Շարակնոց[4], թվագրվում է 1657 թվականով և գտնվում է Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում:
«Գրեցաւ սա ի երկիրս աստուածապահ Գեղուձոր ասի, ի գեւղն Գեց, ընդ հովանեաւ Ս. Ըստեփանոսի Նախավկային և առաջին մարտիրոսին, և Ս. Աստուածածնին, և ամենայն սրբոցն որ աստ կան հաւաքեալ: Եւ արդ՝ ես ամենամեղս և անկարգս ի մէջ կարգաւորաց…: Ավարտեալ զընդօրինակութիւն գրոցն ի Ղեղնաւոր գեղջ, ընդ հովանեաւ Ս. Սարգիս Զօրավարին, և յայտնե գրել յաւուրս ձմերայնոյ, զորոյ և զսաստկութիւն՝ ցուցանէ բանիւն եթէ թանաք կու սառեր …. չէր տայ. վա ինձ մեղաւորիս: »[5]:Ձեռագրի հեղինակն է Պողոս քահանան:
Ըստ հիշատակարանի՝ XVII դարում Կիցքում եղել է երկու եկեղեցի՝ Սբ. Ստեփանոս Նախավկայ և Սբ. Աստվածածին, որոնք ունեցել են եկեղեցական սրբազնացված, ծիսական պարագաների, մասունքների հավաքածուներ, որոնց վկայակոչում է Պողոս գրիչը՝ «…և ամենայն սրբոցն որ աստ կան հաւաքեալ»:
Կիցքում ստեղծված հաջորդ ձեռագիրը, որը նույնպես Շարակնոց է, կերտվել է գրիչ Կոստանդ սարկավագի կողմից 1659 թվականին[6]: Ձեռագիրը գտնվում է արևելագետ Սըր Հարոլդ Ուոլտեր Բեյլիի անձնական գրադարանում՝ 12 այլ գրչագիր մատյանների հետ մեկտեղ, որի պատճենները նա տրամադրել է մատենադարանին[7].
«Փառք…: Արդ՝ եղև գրաւ տպագրութեան շքիրոնիս ձեռամբ անարժանէ, ի խնդրոյ ումեմնէ, ՌՃ և Ը (1659) թվի, ի գեղս որ կոչի Կէց, ընդ հովանեօ Ս. Ստեփանոսէ և Ամենայն փրկչէ:
Որք հանդիպիք սըրբոյ տառիս,
Յիշման առնէք և զեղկելիս,
Նեխեալ մեղօք հոգո գերիս,
Որ տատանեալ կամ ի յոգիս:
Բայց սըմա ով ոք դիպեսցի,
Գըծող տառիս այս յիշեցի,
Յիշեալ լիջիք ի յատենին,
Զայն որ ասէ քաղցըր ձայնին,
Օրհնեալք հօրն իմ երկնօորին,
Ժառանգեցէք ըզձեր տեղին:
Աւրհնեալ է յամենայն ժամ, ամենայն սրբոց: Ի յաթոռակալութիւն Սիւնեաց Ըստթադեի տէր Յովանիսի արքեպիսկոպոսի, կաթողիկոսութիւն Սբ. Էջմիածնայ տեառն Յակոբայ, թագաւորութիւն փոքր շահ Ապասին Պարսից:
Գրեցաւ ձեռամբ Կոստանդ սարկաւագին, հօրն իմ՝ տէր Մանուէլին, որ հանգուցեալ է առ Քրիստոս, զեղբայրն իմ՝ Գրիգոր քահանան և զմայր իմ, և զորդիս իմ՝ Կարապետիս: Որք հանդիպիք սըմա կարդալով կամ աւրինակելով, յիշեցէք մաքրափայլ աղօթս ձեր առ Աստուած: Դուք այլ յիշեալ լիցիք …»[8]:
Ի տարբերություն առաջին հիշատակարանի՝ այստեղ Կիցքի երկրորդ եկեղեցին հիշատակվել է Ամենափրկիչ անվամբ[9]: Այստեղ արդեն տեսնում ենք ձևավորված հոգևորական դաս՝ մի ամբողջ հոգևորական ընտանիք. տեր Մանուել, որդիներ՝ Կոստանդ սարկավագ, Գրիգոր քահանա:
Հաջորդ ձեռագրի վերաբերյալ, որ գրվել է Կիցքում, մեզ տեղեկություններ է հաղորդում Ռ. Գրիգորյանը (Էջանանցի), համաձայն որի՝ Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում պահվում է մի ձեռագիր՝ գրված 1683 թվականին՝ Կից գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցում, որի հեղինակն է Հավհաղ երեցը[10]: Սակայն նշված ձեռագիրը Կոնգրեսի գրադարանի թվայնացված պաշարներում մեզ գտնել չհաջողվեց (ըստ պաշտոնական կայքի՝ իրենք ունեն XVII դարին թվագրվող ընդամենը մեկ ձեռագրի պատառիկ, որը այլ էր):
Առավել բովանդակալի և հետաքրքրական է 1691 թվականին Կիցքում կերտված և մատենադարանում պահվող վերջին ձեռագրի հիշատակարանը[11]՝
«Ասդ գրեցեցաւ Սբ. աւետարանս որ և կոչեցաւ կենսաբեր ձեռամբ մեղաւոր անուն տրման ու էլիս և անարժան քահանայիս ի թվականութիւնս հայոց ՌՃԽ (1691)էր և իշխանութիւնս տաճկաց Շահ Սուլէմանին ոի Ճարանտիւան էր և ի յայրապետութի Սբ. Էջմիածնեայ հեզայ հոգի, քաջ հրաբունապետի տեր Եղիազարին, եւ ի յառաջնորդութիւն ըսԹաթե Սյունյաց զտասն գաւառի Յովհանէս վարդապետի:
Եւ գրեցա Սբ. աւետարանս ի երկիրս, որ կոչի Գեղաձոր, ի գեղս, որ կոչի Կէց ընդ հովանեաւ ի դուռն Սբ. Ստեփանին և Սբ. Գէվորքին և սքյեն մեզ բարեխոս, ՅԻՇԷՑԷՔ՝ զտեր Մանուէլ գրիչս և զծնօղսնս իմ՝ տեր Գրիգորն և մայրն իմ՝ Թիրվնդան և կողակիցն իմ՝ Եղինարն և կանդանի եղբայրսն իմ՝ Դանիէլն, Նազարէթն և հանգուցեալ զեղբայրքն իմ՝ տեր Բարղամ քայանան, ուսուցիչն իմ՝ Եղիազարն, Սրապիոն, Նազարէթն և զքոյր իմ՝ Մարիեն: Ով դասք քայանայից, որ ժամ հանդիպիք կարդաք կամ օրինակիք և մեզ ամեցուն ողորմի ասէք: Ամէն:
…սրբամիտ բարէսէր իշխանն մեր՝ Մելիք Պատիրն ետ գրել Սբ. ավետարանս յիշելով զբանս մարգարեին, որ ասէ՝ երանի որ ունիցի զավակ սիոնի, և աղօթքն նրեմ ով մանկուք Սբ. եկեղեցոյ կարդալով կամ օրինակելով Յիշեցէք զՄելիք Պատիրն և զմայրն իւր՝ Գուլնար և հայրն իւր՝ Թարխանն և զեղբայրն իւր Գէվորքն եց նց գրել յիշատականց Մելիք Շիրին, իւր կողակիցին՝ Աննային, ետ նց յիշակնց և ամէն:»
Հավանաբար հիշատակված երկրորդ եկեղեցին Գեղիի Սբ. Գևորգն է: Ձեռագրի գրիչը՝ տեր Մանուելը, արդեն հիշատակված Կիցքի հոգևորական ընտանիքի ներկայացուցիչ է՝ երկրորդ ձեռագրի հեղինակի՝ Կոստանդ սարկավագի եղբոր՝ քահանա Գրիգորի տղան է, ով նաև կրում է իր պապի՝ տեր Մանուելի անունը: Օգտվելով նշված երկու հիշատակարաններից՝ կարող ենք կազմել Կիցքի հոգև
որական այդ ընտանիքի երեք սերնդի տոհմածառը.
Հիշատակարանը մեզ հաղորդում է նաև տեղեկություններ Կիցքի մելիքական տան մասին՝ մելիք Թարխանի, նրա որդիներ՝ մելիք Բադիրի, մելիք Գևորգի և մելիք Շիրինի մասին:
Նշված հիշատակումներից մոտ հարյուր տարի հետո՝ 1781 թվականին կազմված Տաթևի եպիսկոպոսարանի նոր հարկացուցակում մենք տեսնում ենք, որ Կիցքը (բնագրում՝ Կից) Գեղվաձոր գավառի ամենաշատ հարկ վճարող բնակավայրն է՝ գերազանցելով նաև գավառի երբեմնի կենտրոն Գեղիին: Այսքանը հիմք է տալիս ենթադրելու, որ ուշ միջնադարում արդեն Կիցքը հանդիսանում էր Գեղվաձոր գավառի կենտրոնը, որտեղ կենտրոնացել էին գավառի ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ տիրակալները:
Այսօր պահպանվել է Կիցքի եկեղեցիներից մեկը, որը հավանաբար Սբ. Ստեփանոսն է, իսկ եկեղեցու դիմաց՝ պարզունակ խաչքարեր,տապանաքարեր, որոնցից մեկըխոյակերպ է ու արձանագիր, թվագրվում է XVII դարով[12]: Տեղեկություններ կան, որ 1840-ական թվականներին Կիցք-Քիրսի կալվածատիրական իրավունքը դեռ պատկանում էր Տաթևի վանքին[13]: Հավանաբար հայաթափվել է XIX սկզբին:
Առաջին մահմեդական բնակիչները այստեղ արձանագրվել են 1886 թվականի Անդրկովկասյան համապարփակ աշխարհամարի տվյալներով: Գյուղի մահմեդական բնակչության հետագա վիճակագրությունը հետևյալն է.
1886 | 1897 | 1922 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 |
130 | 56 | 78 | 77 | 104 | 131 | 220 | 299 | 314 |
Կիցքի մահմեդականները թյուրքեր էին, որոնք ընդհուպ մինչև XX դարի կեսերը գյուղատեղին օգտագործում էին որպես ձմեռանոց: Հին հայկական անվանումը եկվորների կողմից աղավաղվել և թյուրքական հնչեղություն է ստացել՝ դառնալով՝ Քիրս:
Գյուղը ամբողջությամբ ավերվել է 1919 թվականի դեկտեմբերի սկզբին Զանգեզուրի ինքնապաշտպանությանուժերի կողմից: 1921 թվականին բոլշևիկյան զորամիավորումների կողմից Սյունիքը գրավելուց հետո Կիցքը կրկին բնակեցվում է թյուրքերով:
Խորհրդային տարիներին գյուղըունեցել է դպրոց, գրադարան, ակումբ:
1988 թվականին եկվոր թյուրքական բնակիչները վերջնականապես լքել են գյուղը:
2006 թվականի հուլիսի 4-ին գյուղը կրկին վերանվանվել է Կիցք: Ներկայումս ավերակ է:
[1]Գեղվաձորը ներկայացված է Ղևոնդ Ալիշանի «Սիսականում» (Ղևոնդ Ալիշան, Սիսական, Հայագիտակ, Երևան, 2011, էջ 292): Հարցին որոշակիորեն անդրադարձել է Ռոբերտ Գրիգորյանը(Էջանանցի), սակայն բանահավաք-մանկավարժը ի սկզբանե հանգամանալից ուսումնասիրության խնդիր չի դրել (Գրիգորյան Ռ., Ձեռագիր մատյան. Կապանա տուն, «Սյունյաց Երկիր», 2016, N37 (413)):
[2]Աղայան Է. Դ., Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան»հրատ., Երևան, 1976, էջ 736:
[3]Օրբելյան, 1986, էջ 403:
[4]Շարական . պաշտոնապես ընդունված և եկեղեցիական տոնացույցի որևէ օրվա համապատասխան ժամին կատարվող հոգևոր երգ կամ հոգևոր երգերի շարք:
[5]Ղևոնդ Ալիշան, 2011, էջ 292:
[6]396 թերթ, մագաղաթ, 11*8սմ, միասյուն, բոլորագիր, կիսախորան մանրանկ., բազմաթիվ զարդագրեր և լուսանցազարդեր, կազմը՝ դրոշմազարդ կաշի տախտակե միջուկով:
[7]Բանբեր Մատենադարանի, N11, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1973, Էջ 364:
[8]Հակոբյան Վ., Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1641-1660), հատոր Գ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1984,Էջ 884, 885:
[9]Գ. Մ. Գրիգորյանի կարծիքով՝ Կիցքի երկրորդ եկեղեցին կրում էր Կիցքի Սբ. Աստվածածին անունը (Գրիգորյան Գ. Մ., Պատմական Սյունիքի մի շարք գյուղերի տեղադրության հարցի շուրջ, «Պատմա-բանասիրական հանդես», 1966, N4, էջ 235):
[10]Գրիգորյան Ռ., Ձեռագիր մատյան. Կապանա տուն, «Սյունյաց Երկիր», 2016, N37 (413), էջ 55:
[11]Մատենադարան, 7999, Ավետարան, 1691թ., Կէց գյուղ, Գեղայ ձոր, գրիչ՝ Մանուէլ քահանայ, ստացող՝ Մելիք Պատիր, մանրանկար՝ ավետարանիչ 4, հիշատակարան գրչի՝ 114բ, 229բ: 231 թերթ, թուղթ, 17,8*13,2սմ, երկսյուն, բոլորագիր, մանրանկարներ:
[12]Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ս. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 5, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 2001, էջ 380:
[13]Լիսիցյան Ս., 1969, էջ 252: