Պատերազմի հավանականությունը կարելի է գնահատել բարձր կամ ցածր, անգամ անկեղծորեն հավատալ խաղաղության դարաշրջանի գաղափարին, հեռանկարին, ամեն դեպքում անհնար է վիճարկել, որ պատերազմի սպառնալիքը առնվազն տեսանելի ապագայում լինելու է իրական: Ավելին, կարծում եմ, չի գտնվի գոնե մեկ ռազմական փորձագետ, ով կարող է կասկած տակ առնել պնդումը, որ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի հանրապետության տարածքը չունի ռազմավարական խորություն և չի կարող արդյունավետորեն բացառել ռազմական գործողություների ծավալումն իր տարածքում: Այս իրողությունների համատեքստում հրամայական անհրաժեշտություն է մեր բնակավայրերի, առաջնահերթ սահմանամերձ գոտիներում, պաշտպանական համակարգի ձևավորումը, որոշակի ժամանակով ինքնաբավ արդյունավետ պաշտպանության իրականացման համար մոբիլիզացիոն պատրաստության մակարդակի բարձրացումը: Նման պաշտպանական հանգույցների կազմակերպումը երաշխավորված հնարավոր ու միանգամայն կոնկրետ հակառակորդի զորքերին կզրկի օպերատիվությունից, կստիպի թշնամուն անընդատ մեծացնել հարվածի ուժը՝ կենտրոնացնելով ավելի մեծաքանակ մարդուժ և զինտեխնիկա, հետևաբար, կաճի մեր հակահարվածի արդյունավետությունը: Սահմանամերձ գոտում, հատկապես, բայց ընդհանուր առմամբ մեր սահմանակից մարզերի բնակավայրերի գերակշիռ մեծամասնությունը փոքրաքանակ բնակչություն ունեն, այսինքն՝ փոքր բնակավայրեր են, կառուցվելիք պաշտպանական համակարգում նրանք ձևավորում են միջանկյալ պաշտպանական գծեր, ըստ որում, ինքնաբավ դիմադրության, ինքնապաշտպանության հանգույցներից կազմված: Ի դեպ, վերջին պատերազմում ադրբեջանական զորքերի համար նման պաշտպանական հանգույցներն ու գծերը փաստացի անլուծելի ռազմական խնդիրներ էին ստեղծում: Հասկանալի պատճառներով չենք ներկայացնի մոբիլիզացիոն պլաններով նախատեսվելիք միջոցառումների, այդ թվում՝ ինժիներական, համալիրը, բայց մեկ բան հաստատ է՝ յուրաքանչյուր նման բնակավայր-ամրոցի գրավման փորձ անելուց առաջ անգամ ադրբեջանական հատուկ նշանակության զորքերը երաշխավորված մեծաթիվ կարուստներ են ունենալու, ռուսներն ասում են՝ անընդունելի վնաս: Ու պետք չէ վախեցնել մեր ժողովրդին պատերազմով, պետք է անել անհրաժեշտ ամենը, որ մեզ հետ վախենան ու չցանկանան պատերազմել, իսկ դրա համար խոսելու փոխարեն պետք է ձեռքներս քշտենք ու աշխատենք:
Categories:
Ռազմաքաղաքական
Պատերազմի հավանականությունը
Մենք նախաձեռնել ենք Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի համար տեղայնացումով համայնքային մոբիլիզացիոն պլանների մշակման գործընթաց, որ համալիր լուծումներ է տալիս հնարավոր պատերազմի ժամանակ առաջանալիք խնդիրներին: Այսօր ամեն կողմից հնչում են մեր զինվորին թիկունք կանգնելու, հայրենիքը վերահաս կործանումից փրկելու կոչեր, պահանջներ, հանրային դաշտում կարծրանում է անհուսության, անելանելիության ու անօգնականության մթնոլորտ: Եվ այդ բնական է, որովհետև ժողովներ ենք անում անըդհատ, իսկ զանգ կախող չկա՝ Ալոն կաղ է, Չալոն հիվանդ, Բալոն՝ զբաղված է, ու այդպես շարունակ, իսկ իրականում մեկ պատճառ կա՝ Ալոն, Չալոն, Բալոն, Համբոն, Չամբոն չգիտեն ի՞նչ անել, ինչպե՞ս անել: Այդուհանդերձ, կա մեկ միավորող գործոն բոլոր այս մկների համար՝ բոլորն ուզում են մեկ հնարով ազատվել լկստան կատվից, հետևաբար, կգոհանան, երբ իրենց ազնիվ ցեղերը զուր տեղը կորչելու վտանգից ազատվի:
Պարզ ասեմ, եթե մենք համատեղ ու համակարգված, գրագետ ու նվիրված աշխատանքով ձևավորենք արդյունավետ մոբիլիզացիոն համակարգ, մկներն այլևս անհանգստանալու պատճառ չեն ունենա, ու մենք վերջապես առաջին անգամ մեր անկախ պետության պատմության ընթացքում նորմալ կառավարիչներ կընտրենք, ու արտագաղթը հաստատ կդադարի, հայրենադարձություն կունենանք, կարգին, ուժեղ պետություն, որ կարող կլինի իր քաղաքացիների անվտանգությունը երաշխավորել իր սահմաններից ներս և դուրս:
Լրիվ մոռացել էի, ի դեպ, Հ1-ով մի տղա էր խոսում, խոսույթը ու մտածելակերպը ուղղակի հայելային արտացոլումն է ներկայիս կառավարիչների պետական իշխանության, թե տեղական ինքնակառավարման մարմիններում, ցավոք, նաև զինված ուժերում: Ու սա ևս մեկ պատճառ, որ անիմաստ հույս չդնենք անհույսների վրա, մենք պետք է անենք, մենք, ուրիշ ոչ ոք: