Ռշտունի Խուրշուրդյան. «Ձագեձորի չվող մառախուղը»

Spread the love

Բարձունքից նայելիս թվում է, թե Ձորահովիտ իջնող գորշագույն ճանապարհը պղտորված գետի պես կեռմաններ տալով, կիրճի հետևում թափվում է անդունդը: Ասես ուր որ է, ջրերի աղմուկը կխլացնի ականջներ‎դ, բայց շուրջը խաղաղ է, ոչ մի արձագանք: Անդորրում մեռնող ծերունու պես խուլ շնչում է ձորը:

Հին լքված գյուղ է Ձորահովիտը: Խարխուլ, անտանիք պատերով տները, որ կարծես լիզվել էին երկրաշարժի անգութ ցնցումներից, պեղումներից հայտնաբերված ավերակներ էին հիշեցնում: Մարդկային անկուշտ ձեռքը կրել–տարել էր ամեն ինչ: Քար ու գերան, թիթեղի կտոր, թեկուզ ամենավերջին` չոր ու ծռված տախտակ:

Նոր գյուղը, որ անտարբեր թառել էր բարձունքին, իր անշունչ հիմքերի երակներում անպատճառ կրում էր հինավուրց հիշողությունների ինչ-որ մի պատառիկ:

Ճանապարհն ի վար մոշոտներ են: Ճյուղերին երբեմն թպրտում են փքված, կուշտուկուռ ծտերը` փոշու ամպիկ հանելով թփերից: Եվ այդժամ Եռաբլուր լեռան ծերպերին իսկույն կքվում են արծիվները, ռենտգենյան հայացքներով լիզում թփերը և գնդակի պես սուրում ներքև: Սուր, ճղճղան աղաղակները մի պահ խառնվում են իրար` արձանգանքելով թնդացնում ձորը, և հալվող շաքարի պես կորչում կիրճի խորքերում, ինչպես հեռավոր մի հիշողություն:

Նորից տրտմություն է իջնում ձորին: Եվ անցյալն ասես տնքում է այդ հսկա փոսորակում:

Ձորահովտի վերջին քոչվորը Եգոր պապն էր: Աշնան մի օր` լուսադեմին, անծանոթ մեքենա կանգնեց ձորապռնկին: Թիկնեղ տղամարդ իջավ մեքենայից: Երկար նայեց ձորին: Մի պահ մտմտանքի մեջ ընկավ: Սև, լաքապատ կոշիկի կրունկով մի քանի անգամ սեղմեց մեքենայի անվադողը ու կասկածամիտ ընթացքով իջավ ձորն ի վար:

Դրանից հետո ոչ ոք չտեսավ Եգորին: Գիժ Լելոյի պատմածով` Եգորը չոքել էր բարձունքին: Աչքերը` չհասած մռամոշի պես կարմիր, ջրակալած: Տղամարդը մի կերպ է պոկել հողից:

ՈՒ Եգորի հնամաշ տան դռնակին, ժանգապատ սևին տվեց Ձորահովտի վերջին փականը:

Արփենի մահից հետո անքնությունը կպել էր պապին: Գիշերը տարի է դառնում, հրեշի պես լափում հոգին: Պապը թուլացած, օրերով գամված էր անկողնուն: Հաց ու ջուր տվող չկար: ՈՒ տղան` Ռուբենը, խաբխբելով մի կերպ նրան քաղաք տարավ:

ՈՒշ աշուն էր: Պատուհանից այն կողմ չոր էր ու դեղին: Չոր ու սմքած էին Եգոր պապի` ծխախոտից դեղնած մատները: Ժամերով պապը կանգնում էր պատուհանի մոտ, ծխում: Հուշերը թառում էին ուղեղին: ՈՒ հայացքը, ասես լիզելով քաղաքը, փախչում էր հեռուները, կպչում դաշտ ու լեռան: Հոգին փոթորկվում էր: Գյուղի կարոտը անխնա տրորում էր ներսը:

— Ա՛յ հեր, արի տանեմ բժշկի,- մի օր ասաց Ռուբենը: Եգոր պապը ժպտաց: Ասես տասնյակ պատասխաններ սահեցին դեմքի ծերունական խորշոմներից:

— Ախր, տեսնում եմ, ինչ-որ բան սրտովդ չէ,- խոսքը շեղեց Ռուբենը, գուցե Մարո՞ն…Պապը ծռմռեց ցանցառ ունքերը.

— Պա՛հո…

ՈՒ լռեցին:

Բայց մի երեկո, երբ ընտանիքով ընթրում էին, փոքրիկ Վահրամը միամիտ ասաց.

Պապի՛, մաման ասում է, որ դու« դիք» մարդ ես:

Մարոն բաժակը ձեռքին շվարեց: Լռությունը սառույցի պես կախվեց սեղանին:

Այդ գիշեր երկար վառվեց Ռուբենի ննջասենյակի լույսը: Մարդ ու կին խոսում էին շշուկով: Այդպես խուսում էին մեռելատներում գիշերվա ուշ ժամերին:

Կիսաբաց դռան արանքից երբեմն լսվում էր Մարոյի խուլ նվնվոցը:

Պապը քնեց լուսադեմին: Կարծես մղձավանջում՝ սպիտակափրփուր ամպերի մեջ, երևաց կնոջ մի կերպարանք.

Է հե˜յ… Եգո˜ր…

Ձայնը գալիս էր հեռվից: Նվաղ, կարոտալից:

Պատկերն աղոտացավ: Բամբակյա ծվենները գորշացան: ՈՒ Եգորին մի պահ թվաց, թե հորիզոնում՝ ասես մառախլապատ կտավի վրա, ճռռալով կոտրվեց ձորապռնկի հաստաբուն կաղնին: Վերևում մի պահ երերաց Արփենի տկար դեմքը ու անէացավ մշուշոտ շղարշի մեջ:

Կա՛ց,- գոռաց Եգորը,- բան կա ասելու: Այդպես խռով մի՛ գնա:

Ամեն ինչ չքվեց: Կարծես ցնորք լիներ:

Պապը վեր թռավ տեղից: Մահճակալի մոտ կանգնած էր Ռուբենը:

Ի՞նչ կա, ա՛յ հեր: Խեղճ երեխուն սրտաճանք արիր: էդ ու՞մ էիր կանչում:

Եգոր պապը թառանչ քաշեց:

— Մե˜րդ էր եկել: Նեղացած էր երևում…

— Է˜, երազում ամեն ինչ կլինի,- անտարբեր ասաց Ռուբենը,- քնի՛ր:

— Պիտի գնամ, Ռուբեն,- շշնջաց պապը:

Պապը չիմացավ` լսե՞ց, թե՞ չլսեց որդին: Բայց մի բան լավ հասկացավ. կոպիտ փակվեց ննջասենյակի դուռը: Եվ ապակու սառը, անտարբեր զրնգոցը երկար դզզաց պապի ուղեղում:

-Պիտի գնամ,- ակամա կրկնեց պապը:

ՈՒ չգիտես ինչու, քաղցր ու կարոտալի թրթռաց սիրտը: Նման զգացում ունեցել էր 1942-ի ձմռանը` Կերչի մոտերքում: Հենց այդպես էլ գրել էր. «Կսպասեմ: Քո` Արփեն»:

Արյունն ասես եռաց քունքերում: Հիշեց գետափը: Հրաժեշտի վերջին օրը: Ինչ-որ բան էր շշնջում Արփենին, և Եգորը զգաց, թե ինչպես գրկի մեջ թպրտաց նրա բարակ մարմինը: Պատերազմ էր: Ամեն մի խոստում մահով էր պարուրված:

Սենյակում պատառ-պատառ ծնվում էր լուսաբացը: Աղջամուղջը սարդոստյանի պես փարվեց պատուհանին՝ որպես հեռավոր ազգականի մասին արթնացնող հիշողություն:

Պապը նստեց մահճակալին: Սմքած ձեռքերով տրորեց մրմռացող ոտքերը: Ծերացած ոսկորները կարծես բորբոսնել էին խոնավ եղանակից: Թոնթորալով հագավ շորերը և երկար կանգնեց թոռան սենյակի մոտ: Աննկատ դուրս եկավ տնից:

Թխպած, մռզած օր էր: Օդը խոնավ էր, սառը: Թանձր մշուշ էր պատել քաղաքին, և այգաբացի շաղում մխում էր հանգած հրաբուխ:

Խորասուզված մտքերի մեջ՝ ինքն էլ չիմացավ՝ ինչպես հասավ խճուղի:

Լայն աս‎ֆալտապատ ճանապարհը ձգվում-կորչում էր հեռավոր մշուշում: Անբացատրելի մի ուժ մագնիսի պես քաշում էր պապին իրեն: ՈՒ անցյալի քաղցր հուշը ձուլվում, հալվում էր կաթնագույն մշուշում: Եվ իր ցողերով կարծես լիզում աս‎ֆալտը:

«Խեղճ Վահրամիկ,- մտածեց պապը,- մեղք են»:

Հուշերը դարձյալ կառչեցին պապի ուղեղին: Ծանոթ մի ձայն փարվեց ականջին.

Էն երեխան ու՞ր կորավ, Եգո՛ր…

Չորս-հինգ տարեկան էր Ռուբենիկը: Դուրս էր եկել Ճանապարհ, տոտիկ-տոտիկ անելով բարձրանում էր ձորն ի վեր:

— Բռնվեցի՞ր, փոքրի՛կս,- գրկեց Եգորը,- է՛դ ու՞ր…

— Քալա՛ք…,- Քաղցր ասաց Ռուբենիկը:

Եգորի հոգին կսկծաց: Արփենը կծեց մատը: Պարզ էր: Ժամանակը ձգձգում էր հասկանալին:

Տարիները թռան չվող երամների պես: Քալաքը քաղաք դարձավ: ՈՒ ասես վերջին երամի հետ աննկատ չվեց և Ռուբենը:

Գնում էր պապը գլխիկոր: Դժվար, բայց հաստատակամ քայլերով: Աներևույթ ինչ-որ մի ձեռք կարծես հրում էր թիկունքից: Քաղաքը մնաց հետևում ու կորավ մառախուղում՝ իր մեջ թաղելով հազարավոր անլուծելի հանելուկներ:

***

Մառախուղի հսկա գունդ էր կախվել ձորին: Աննկատ մաղող անձրևը փոխվում էր ձյունի:

Երկու մորուքավոր երիտասարդ կանգ առան գերեզմանաթմբի մոտ:

— Այս մարդն առավոտվանից այստեղ է,- ասաց սև մորուքավորը: Կասկածամիտ իրար նայեցին: Մոտեցան գերեզմանին:

Մամռակալած, հին շիրմաքարի մոտ գլխիկոր չոքել էր մի ծերունի:

— Հայրիկ, ցուրտ է, գուցե տու՞ն գնայիր:

Ի պատասխան` քամին վզզաց, խառնելով ծերունու ալեհեր մազերը, կպավ հանդիպակաց բարդենուն, մի քանի չոր տերև փախցնելով` պար բռնեց օդում:

Մորուքավորը հրեց ծերունու ուսը;

Եգոր պապը փայտացած ընկավ կողքի: Չռված, ջրակալած աչքերը անշարժ նայում էին գորշացած երկնքին: Ասես փորձում էին ինչ-որ բան աղերսել Աստծուց, բայց չէին կարողանում:

Իսկ վերևում խառնիճաղանջ, անագի փոշու պես մանրիկ պսպղում էր դեկտեմբերյան առաջին ձյունը:

 

Լուսանկարը՝ Աստղիկ Սարգսյանի

Սյունիքի ինֆոտուն/Syunik Infotun

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի