Բաթումիի պայմանագիրը չընդունած Անդրանիկը գաղթականությանը փրկելու համար սկզբում հույս ուներ Պարսկաստանով անցնել Միջագետք, որտեղ դաշնակիցներն էին: Դիլիջանից անցնելով Նախիջևան` նա իր «Հարվածող զորամասով» մտավ Պարսկաստան, բայց դիմադրության հանդիպելով` վերադարձավ Նախիջևան, ապա թուրքերի կողմից Նախիջևանի նվաճումից հետո ստիպված էր Գողթնի վրայով անցնել Սյունիք: Զորավարին իր ուժերով Զանգեզուրում տեսնելու ցանկություն ունեին տեղացիները: Դա կբարձրացներ սյունեցիների մարտական ոգին, կամրապնդեր պաշտպանունակությունը, անորոշությունից կփրկվեին հազարավոր գաղթականներ: Զանգեզուրի Ազգային խորհրդի անունից որպես խորհրդի պատվիրակ Գողթն մեկնեց Արշակ Շիրինյանը` իբրև Զանգեզուրի Ազգային Խորհրդի պատվիրակ զորավարին Զանգեզուր հրավիրելու համար: Հուլիսի 11-ին Բիստ գյուղում ներկայացավ Անդրանիկին և նրան հրավիրեց Սյունիք: «Նկարագրեց երկրի բնական ամրությունները, լեռնային օդը, ուր կարող էր հանգիստ գտնել և ազատվել տարափոխիկ ու ջերմախտ հիվանդություններից տառ
ապող իր զորամասը: Նա ասում է. «Ես կարծում էի, թե կհանդիպեմ նախկին հայդուկ Անդրանիկին, բայց տեսա գենարալ Անդրանիկին, ուսադիրներով, որն ավելի ակնածություն եւ պատկառելություն էր տալիս նրա դեմքին»,- գրում է Ստեփան Մելիք Փարսադանյանը: 1918թ. հուլիսի 23-ին Զորավարը զորքի և գաղթականության հետ միասին տառապանքներով հասնում է Կապուտջուղի լեռնանցք և սկսում նույնպիսի վայրէջք դեպի Ողջի գետի հովիտը: Ավելի՞ն չէ արդյոք, քան Հաննիբալի հայտնի անցումը՝ զորք, թնդանոթներ, ձիեր, բեռներ, վերջապես սովալլուկ մանուկներ, կանայք ու ծերունիներ, որոնցից շատերի սիրտը չէր դիմանում գրեթե 4000մ բարձրության վրա: Սոսկալի հիշողություններ կան. Գողթանից Ղափան անցնող գաղթականներին շրջապատում և կոտորում են կիրճերում ու ձորերում։ Ղափանցիները չեն մոռանում Սանջարակի ձորում տեղի ունեցած աղետը։ Գեղվաձորի թուրքերը Կապուտջուղի բարձունքներում դավադրաբար շեղեցին առաջ ընկած շուրջ 2000 գողթնեցի գաղթականի ուղին, ապա Սանջարակի ձորում շուրջկալեցին ու ոչնչացրին՝ տիրանալով նրանց խղճուկ ունեցվածքին։ Եվ դեռ կա՞ն մարդիկ, որ դատապարտում են Նժդեհի Գեղվաձորյան պատժիչ արշավանքը։ Վերին ձորի թուրքերի կողմից գաղթականության անխնա կոտորածի հետ կապված հիշողությունների վրա տաբու էր դրված։ Խորհրդային տարիներին այս մասին լռելը պարտադրված էր։ Միայն տաբուն չէր, մարդիկ էլ դարձել էին անտարբեր, իրենցից մի կողմ էին վանում ցավալին ու ողբերգականը, մտածում էին չխախտել հաստատված անդորրը: Կապանցիները ջերմորեն ընդունեցին զորքին ու գաղթականությանը, կերակրեցին, ապահովեցին կացարանով: Եղան որբերի որդեգրման դեպքեր: Այս ամենը իրականացվում էր ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ, ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՍՄԲԱՏ ՄԵԼԻՔ–ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ: Զորավարի՝ Զանգեզուրում գտնվելու ընթացում թշնամին չհամարձակվեց հարձակման անցնել: Իսկ ամեն փորձ ձախողվում էր:
Զորավարի այս շրջանի գործունեությամ մասին գլխավոր աղբյուրը՝
Հրաչիկ Սիմոնյանի «Անդրանիկի ժամանակը» եզակի ուսումնասիրությունն է: Կարդացե՛ք:
Նյութը տրամադրեց «Տավերս» մշակութային հասարակական կազմակերպությունը