Հայերի ցեղասպանությունն Արևելյան Հայաստանում

Մինչև ե՞րբ ենք մենք ցեղասպանության զոհ լինելու, մինչև ե՞րբ է մեր ժողովուրդը մնալու մանկուրտի վիճակում… Մեր թշնամիները մեր ոգին ընկճողներն են՝ հայ, թե թուրք…

Հայոց Մեծ Եղեռնի՝ ցեղասպանության 110-րդ տարվա՝ 24 ապրիլ 2025 թ., կապակցությամբ՝  մեր միլիոնավոր զոհերի հիշատակին

 Ոչ միայն 1894-1896 թթ. հայերի զանգվածային կոտորածներն Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում, այլև XX դարասկզբի մարդկության դեմ կատարված ծանրագույն ոճիրը՝ Հայոց մեծ եղեռնը, մնացին ետևում. դեռ շարունակվում էր 1914-ին սկսված առաջին համաշխարհային պատերազմը. Թուրքիան դեռևս անավարտ էր համարում, այսօր էլ անավարտ է համարում՝ համոզված եմ,  հայերի բնաջնջման 1915 թ. սկսված ծրագիրը, որին արդեն զոհ էին դարձել երկու միլիոն հայեր. պետք էր ավարտել ամբողջ հայության ոչնչացումը՝ Կովկասում, Անդրկովկասում ևս ոչ մի հայ չպետք է մնար. այդ մասին ոչ քիչ թվով հիշատակություններ կան նաև հենց թուրքերի՝ նրանց առաջնորդների կողմից։ Հիշենք թեկուզ Էնվերի խոսքերը՝ անգամ  փոքրիկ հայկական պետության գոյությունը Կովկասում մահացու վտանգ է թուրքերի համար Թուրքերի հետագա փաստական գործողությունները դրա ակնառու ապացույցներն են։

Եվ այսպես՝ 1917 թվականին Ռուսաստանում, որի կազմում էր գտնվում ամբողջ Անդրկովկասը, այդ թվում Արևելյան Հայաստանը, տեղի ունեցան փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունները կամ հեղաշրջումները. փետրվարին տապալվեց ցարական իշխանությունը՝ ստեղծվելով բուրժուադեմոկրատական կարգեր՝ ժամանակավոր կառավարության գլխավորությամբ, իսկ հոկտեմբերին իշխանությունն անցավ սոցիալիստական-կոմունիստական գաղափարախոսություն կրող բոլշևիկներին։ Այդ, ինչպես նաև հետագա երկու-երեք տարիների ընթացքում Անդրկովկասը խաղաքարտ դարձավ թե՛ Անտանտի տերությունների և  թե՛ գերմանաթուրքական դաշինքի պետությունների ձեռքին։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական զորքերը, ինչպես միշտ, հայ կամավորական ջոկատների գործուն աջակցությամբ ազատագրել էին Արևմտյան Հայաստանի՝ Մեծ Հայքի  տարածքի մեծ մասը, և այն մնում էր այդ վիճակում մինչև Երզնկայի 1917 թվականի դեկտեմբերի 5-ի (18-ի) զինադադարը և դրանից հետո՝ մինչև թուրքերի նոր ներխուժումը: Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում այդ տարածքներում գտնվող ռուսական զորքը հեռանում էր դեպի իր հայրենիքը՝ Ռուսաստան. ռազմաճակատն ամայանում էր. հայկական փոքրաթիվ ուժերը չէին կարող պահպանել այդ տարածքը՝ մանավանդ Անդրկովկասը կառավարող վրաց մենշևիկների և թաթար («ադրբեջանցի») մուսաֆաթականների ակնհայտ հայավնաս քաղաքականության պատճառով։ Օսմանյան թուրքերը, օգտվելով իրենց համար ստեղծված բարենպաստ վիճակից, սկսած 1918 թ. հունվարից ներխուժելով այդ տարածքները, վերստին զավթեցին դրանք՝ Երզնկան, Էրզրումը, Բայբուրդը, Մամախաթունը, Սարիղամիշը, Կարսը և մտան Արևելյան Հայաստանի տարածքները՝ գրավելով Ալեքսանդրապոլը (Կումայրի՝ Գյումրի, Լենինական), Լոռի-Փամբակը. 1918 թ. մայիսի 15-ին նրանք արդեն Ալեքսանդրապոլում էին։

1920 թ. սեպտեմբերի 23-ին, այս անգամ հայկական առաջին հանրապետության ժամանակ թուրքերը երկրորդ անգամ ներխուժեցին Արևելյան Հայաստանի տարածքը՝ գրավելով նրա մեծ մասը։ Արևելյան Հայաստանի տարածքից թուրքական զորքերը դուրս եկան միայն 1921 թ. մայիսին, երբ երկիրը հռչակվել էր որպես Խորհրդային։ Այդ երկու ներխուժումների ընթացքում թուրքական զորքերը թե՛ բուն Արևելյան Հայաստանում, թե՛ Անդրկովկասի մյուս հայաբնակ վայրերում շարունակեցին իրենց ցեղասպանության ծրագիրը՝ ոչնչացնելով շուրջ 1 միլիոն հայերի։ Թուրքական գազանությունների մասին կան բազմաթիվ աղբյուրներ, վկայություններ, այդ թվում՝ խորհրդային։ Մի քանի փաստեր՝ Ալեքսանդրապոլի Հայրենակցական միության՝ Թիֆլիս ուղարկված   հայտարարության մեջ (1 դեկտեմբերի 1918 թ.) նշվում է, որ  Ալեքսանդրապոլի գավառի Դահարլու և Աղին գյուղերի 400-500 տարբեր հասակի տղամարդկանց թուրքերը լցրել են մարագը և վառել, մի շարք գյուղերի բնակիչներ մինչև վերջին մարդը մորթվել են, բռնաբարել և գերեվարել են հսկայական քանակի կանանց և աղջիկների՝ սկսած 8-10 տարեկան հասակից[1]։ Սիմոն Վրացյանն էլ Հայաստանի Հանրապետություն գրքում նշում է, որ երբ թուրքական զորքերի՝ 1918 թ. նոյեմբերին հեռանալուց հետո հայկական զորքը մտնում է Ղարաքիլիսա, ապա այն գտնվում էր բնակչության մինչև վերջին կոճակը թալանված վիճակում։ Դրանից բացի, մարդկային կմախքները թափված էին չորս կողմը։ Ղարաքիլիսայի և Ղշլաղի միջև նետված էին 400 դիակներ։ Ղշլաղի մոտ՝ Մեծ Կիրճում, մարդիկ հաշվել էին 500 դիակ։ Հազարավոր դիակներ, գանգեր ու մարդկային ոսկորներ էին թափված Ալթուն Թախտում ու Վանանց ձորում…»[2]:

Նույն Վրացյանի կողմից նշվում է զանգվածային բռնաբարությունների դեպքերի մասին. «Բռնաբարությունները,-գրում էր Վրացյանը,-կրել են բառիս ամենալայն իմաստով զանգվածային բնույթ. կան գյուղեր, որոնք հենց գյուղացիների խոստովանությամբ ենթարկվել են լիակատար բռնաբարության (Նալբանդ գյուղը՝ Լոռի Փամբակում, Սպիտակում-Մ.Թ.)։Եղել են դեպքեր, երբ բոլոր տղամարդկանց դուրս են քշել գյուղից և կանանց բռնաբարել։Բռնաբարության են ենթարկվել ջահել աղջիկները՝ սկսած 8-10 տարեկանից, նորատի հարսները, սակայն սակավ չեն եղել դեպքերը, երբ բռնաբարել են պառավ կանանց։ Հաստատվում են նաև արվամոլության բազմաթիվ  դեպքեր։ Բռնաբարություններին մասնակցել են նաև հրամանատարությունը, նույնիսկ բժիշկները։ Օրինակ՝ դիվիզիայի բժիշկ Քյամիլ Բեյը»[3]։ Հայտնի է, որ 1920 թ. նոյեմբերի 7-ին թուրքերը,  մտնելով Ալեքսանդրապոլ, չնայած խորհրդային մարմինների համառ պահանջներին, մինչև 1921 թ. ապրիլ-մայիս ամիսը մնացին այնտեղ։ Ահա, թե ինչ է գրում 1920 թ. դեկտեմբերի 24-ին Խորհրդային Հայաստանի ՆԳ ժողկոմին հասցեագրած իր զեկույցում Ալեքսանդրապոլի գավառային կոմիսարը. «Այսօր ես բախտ ունեցա վերջապես խոսելու հրաշքով ազատված չորլեցի մի կնոջ հետ 3-րդ գավառամասի գյուղերի դրության մասին։Այս գրությունը զուտ արձանագրություն է այդ վախեցած, գլուխը կորցրած կնոջ պատմածի։Նա ասում է. «Չտեսնված ու չլսված հանցագործություններ են տեղի ունենում գավառամասում։ Բոլոր գյուղերը բռնված են ահաբեկությամբ. նկարագրել, պատմել գյուղացիների ահաբեկված դրությունը, ոչ մի հնար չունեմ։ Լեզուս լալկվել է։Բոլոր գյուղերը թալանված են. չկա ո՛չ մալ, ո՛չ հացահատիկ, ո՛չ շորեղեն (հագնելիք), ո՛չ վառելիք։ Գյուղերի փողոցները լցված են դիակներով, պակասը լրացնելու են գալիս քաղցն ու ցուրտը ու մեկը մյուսի հետևից տանում են զոհեր ու զոհեր։Դա դեռ ոչինչ. այս բոլորն ավելի անտանելի է դառնում, երբ ասկյարներն ու այնտեղ եղած խուժանը ծիծաղում են իրենց գերիների վրա և աշխատում են ավելի սոսկալի ձևով պատժել ժողովրդին ու նորից, բավարարված չհամարելով, զվարճանում են, ենթարկում են զանազան տանջանքների, ծնողներին ստիպում են նրանց տալ իրենց դահիճներին, հարազատ, 8 տարեկան աղջիկներին և 20-25 տարեկան որդիներին՝   առաջիններին բռնաբարում են, իսկ երկրորդներին՝ սպանում, և այդ բոլորը կատարում են ծնողների ներկայությամբ։ Այդպես են վարվում բոլոր գյուղերի հետ. մինչև 40 տարեկան աղջիկներին ու տիկիններին տարել անհետացրել են, իսկ մինչև 45 տարեկան տղամարդկանց՝ սպանել։Այս գյուղերում մարդիկ չկան։ Անպատմելի, չտեսնված դրություն է»[4]։

1921 թ. հունվարի 7-ի ՀՍՍՌ Արտժողկոմատի հեռագիրը Թուրքիայի  արտաքին գործերի կոմիսարին (պատճեն՝ ՌՍՖՍՀ արտգործժողկոմ Գ. Չիչերինին)  Ալեքսանդրապոլ գավառում թուրքական օկուպացիոն զորքերի կամայականությունների մասին։ Ահա այն. «Հայաստանի ՍՍՌ (Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի-Մ.Թ.)կառավարության ստացած ստույգ տեղեկությունների համաձայն՝  Ալեքսանդրապոլի գավառում և չեզոք գոտում(Լոռի՝  Վրաստանի կողմից օկուպացված-Մ.Թ.) ձեր զորքերի օկուպացիոն ջոկատը անընդհատ բռնություններ, կողոպուտ և սպանություններ է կատարում մատնանշված վայրերի խաղաղ աշխատավոր բնակչության նկատմամբ։ Թուրքական զորքերի գրաված շրջաններում ամենուրեք խլվում և Թուրքիա են տեղափոխվում Հայաստանի ՍՍՌ պետական գույքը, կողոպուտի են ենթարկվում մասնավոր բարիքն ու տնտեսությունը, քշվում են գյուղացիների անասունները և բռնագրավվում են բնակչության պարենի վերջին պաշարները։ Թուրքիա տանելու համար Նալբանդ կայարանում կենտրոնացված է շրջակա գյուղերից խլված հացահատիկի հսկայական պաշար, որի հետևանքով այդ գյուղերի բնակիչները սովամահության են դատապարտվում: Ամբողջ աշխատունակ տղամարդ բնակչությունն ուժով դուրս է բերվում իր հարազատ վայրերից և ձմեռ ժամանակ միայն թեթև հագուստով ուղարկվում ծանր հարկադիր աշխատանքների: Աղբուլաղի և Համամլուի շրջաներում զինված ասկյարների առանձին ջոկատներ ներխուժում են հայկական գյուղերը, կատարում են կողոպուտներ, սպանություններ և  բռնաբարություններ կանանց նկատմամբ»[5]: (Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, նույն բաները նորից են լինելու-Մ. Թ.): Խորհրդային արդժողկոմատն առաջարկում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը (Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ) զորքերը դուրս բերել Խորհրդային Հայաստանի տարածքից:

1921 թ. հունվարի 13-ին ՌՍՖՍՌ արտգործնախարար Չիչերինը Կովկասի ռազմական խորհրդի անդամ Օրջոնիկիձեին հայտնում է, որ թուրքերը Խորհրդային Հայաստանում զբաղված են կողոպուտով և բնակչությանը սովի մատնելով. խնդրում է միջոցներ ձեռնարկել[6]: Անալոգիկ բնույթի այս անգամ նոտա է հղում Թուրքիայի Ազգային ժողվի կառավարությանը Խորհրդային Հայաստանի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանը[7]:

1918-20-ական թվականներին հազարավոր, տասնյակ հազարավոր հայերի ջարդեր են տեղի ունենում ոչ միայն  բուն Հայաստանի բնակավայրերում՝ նշված և այլ վայրերում, այլ նաև Անդրկովկասի մյուս տարածքներում՝ Բաքվում, Գանձակում, Ղարաբաղում, Ջավախքում և այլուր:

Փաստերը շատ են՝ իմաստ չունի դրանք բոլորը կամ մեզ հայտնիները թվարկելու. չպետք է թեթևամտորեն կամ նույնիսկ մակերեսորեն ու ոչ օբյեկտիվ մոտենալ պատմությանը: Պատմության իմացությունն ու անաչառ՝ անկուսակցական գնահատականը ցանկացած ազգի, ժողովրդի, հատկապես հոգևոր գոյության իրական ու կենսական երաշխիքն է. չկա իրական ու անիրական Հայաստան. այդպիսի բաժանումը դիվանագիտական, քաղաքական ֆարս է՝ ժողովրդին խաբելու, գուցե և ժամանակավոր ինչ-որ օգուտներ ստանալու համար.      Հայրենիքն անբաժանելի է՝ դա մեր ազգային-պատմական ապրելատեղն է*՝ իր հազարամյակների նյութական և հոգևոր մշակույթով…

Արդ՝ 2025 թ.՝ այս տարի,  լրանում է Հայոց Մեծ Եղեռնի՝ 1915 թ. ցեղասպանության 110-րդ տարին: Վերստին թերթելով աղբյուրները, պատմական անհերքելի փաստերը, արխիվային նյութերը, ցեղասպանության ականատեսների, իրազեկ կոնկրետ անձանց բազմաթիվ վկայությունները ոչ միայն Արևմտյան Հայաստանի և Օսմանյան Թուրքիայի տարածքում, այլև Արևելյան Հայաստանում և Անդրկովկասում 1918-1921 թթ. թուրքերի կատարած բարբարոսությունների՝ անգամ գիշատիչ գազանների «նախանձը շարժող», մասին, չես կարող չհամաձայնվել ողջախոհ շատ մարդկանց այն գնահատականի հետ, որ թուրքը մի հրեշ է, որը ո՛չ երազներում, ո՛չ պատմություններում և ո՛չ էլ ողջ աշխարհում չի եղել և նմանը չի ունեցել: Ի՞նչ Չինգիզ խան, ի՞նչ Լենկթեմուր. սրանք իրենց բարբարոսություններով թուրքի մոտ, թուրք ասկյարի մոտ այդ հարցում շատ փոքր ու անհասանելի են: Մորթոտել մի ամբողջ ժողովուրդ՝ մեծ ու փոքր, ամուսնու մոտ բռնաբարել կնոջը, մանկահասակ ու դեռահաս երեխաներին, նրանց լցնել շինություններն ու վառել, թոնրի մեջ խորովել դեռահաս երեխաներին, հղի կնոջ՝ մոր արգանդը սրով պատռել և հանել դեռ չծնված երեխային, և այլն, և այլն… Եվ դա հարյուրներով, հազարներով, տասնյակ  հազարներով, հարյուր հազարներով, միլիոններով… Ո՛չ մի գազան, ո՛չ մի երկոտանի հրեշ դա չէր անի. ո՞վ կարող էր նման բաներ պատկերացնել. բայց դա թուրքի բնածին էությունն է, նրա սովորական վարժանքն ու հպարտությունը… Եվ մոռանալ դա ու մտածել թուրքի հետ բարեկամության ու խաղաղության մասին, ինչքան էլ մենք դա ուզենք, ոչ միայն ծաղր է սեփական ժողովրդի, այլև ողջախոհ ու քաղաքակիրթ ցանկացած մարդու նկատմամբ… Թուրքը (նաև կարա և ակ-կոյունլու «ադրբեջանցին») այսօր էլ՝ փողկապավոր Ալիևի և Էրդողանի ժամանակ, առաջին իսկ պատեհ առիթով կանի իր հրեշավոր գործը, եթե առայժմ չխանգարեն որոշ արտաքին գործոններ… Նրանց թանկարժեք ու փայլուն հագուստների և կեղծ քաղաքակրթության տակ, նրանց հոգում և մարմնում այսօր էլ մարդակեր հրեշներ, ճիվաղներ են թաքնված. սթափ պետք է լինել նոր ցեղասպանություններից խուսափելու համար. հայ ժողովրդի յուրաքանչյուր անդամ՝ ահել, թե ջահել, անգամ անչափահաս, զենք բռնելու ունակ երեխան, պետք է պատրաստ լինի անխուսափելի արհավիրքներին դիմակայելու, չմորթվելու, քանի դեռ հարկադրված է ապրել քոչվոր ու մարդակեր թուրքի՝ մեր հազարամյակների հայրենիքը զավթած, հարևանությամբ… Սա ռասայական կամ կրոնական խտրականություն, ատելություն սահմանելու՝ սերմանելու (որպիսին այսօր էլ անում է թուրքը հայի նկատմամբ) կոչ չէ՝ չէ՞  որ թուրքը մինչև այժմ էլ չի զղջացել ու չի զղջում իր՝ բարբարոս նախնիների գազանությունների համար. հենց այդ նույն դրդիչներով ժողովուրդներին, մարդկանց ոչնչացնելու համար… Ավելին՝ համոզված եմ, որ նոր գազանությունների ծրագրեր է նյութում՝ այսօրվա Ադրբեջանի սքողված ու անսքող հրեշային վարքն ու ծրագրերը, Արցախի հայաթափումը, «Զանգեզուրի միջանցքը», ադրբեջանցի փախստականների (հիմա երևի 300 հազարի փոխարեն ոչ պակաս մեկ միլիոն…) վերադարձը «Արևմտյան Ադրբեջան»՝ այսինքն Հայաստանի Հանրապետություն, ուղղակի ագրեսիայով կամ դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան  տակ մեր ստրատեգիական տարածքների զավթումը՝  իր հետագա ագրեսիայի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով,  և շատ այլ մեծ ու փոքր փաստերը դրա անառարկելի ապացույցներն են…

Ամեն տարի Մեծ եղեռնի տարելիցը նշելը սոսկ հարգանքի տուրք չէ մեր միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակին, այլ սթափության կոչ՝  նոր աղետներին պատրաստ լինելու, դիմակայելու… Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստան (այն էլ այսպիսի թույլ) լինել չի կարող՝ դա պանթուրքիզմի անվիճարկելի պահանջն է, իսկ մեզ համար մեր պատմության սահմռկեցուցիչ փաստերից բխող անտարակուսելի հետևությունը… Դրանից պետք է բխի մեր ռազմավարական հեռահար ծրագիրը, եթե ուզում ենք գոյատևել, քանի դեռ լավ, թե վատ պետություն ունենք… Հնդկական, ֆրանսիական և այլ գնվող զենքերն որքան էլ անհրաժեշտ, այնուամենայնիվ, չափազանց քիչ են մեր հեռահար գոյատևումն ապահովելու համար…

[1] Տե՛ս Սերգեյ Ավագյան, Ցեղասպանությունն Արևելյան Հայաստանում, «ՎՄՎ-Պրինտ» հրատ., Երևան, 2014, էջ 125-126:

[2] Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, «Հայաստան» հրատ., Երևան, 1993, էջ 209-210:

[3] Ս. Վրացյան, նշվ. աշխ., էջ 212:

[4] Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիան և Սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Հայկ. ՍՍՌ ԳԱ հրատ.,  Երևան, 1960, էջ 447:

[5] Նույն տեղում, էջ 455-456:

[6] Նույն տեղում, էջ 462:

[7] Նույն տեղում, էջ 462-465:

* Հայկական լեռնաշխարհ. Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա, որոնք որպես այդպիսին ամբողջ աշխարհին են հայտնի:

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ուշացած ահազանգ. Եղեգիսի կորսվող հնությունները

ԵՂԵԳԻՍԻ 5-ՐԴ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ Եղեգիսի հնությունների նախասովետական շրջանի հետազոտողները բուն Եղեգիսում հիշատակում են 4 եկեղեցիների…

Փոքր Հանդի մեծ պատմությունը

1920-ական թվականներին Հայաստանում հապշտապ ընդօրինակեցին Խորհրդային Ռուսաստանի չարագործությունը և փորձեցին հետ չընկնել ռուս բոլշևիկներից և…

Հայրենական մեծ պատերազմի հետքերով․․․

Հատված Գրիշա Սմբատյանի «Բախում են դռներն ու դարպասները» գրքից

Երիցվանք-Արծվանիկ վանական համալիրը և բնակավայրը

Տպագրված է՝ Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 2023, հատոր Ձ…