Արինե Արմանի Բաբայան
Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող
Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց
Մեր ուսումնասիրությունը նվիրված է ածանցմանը և ածանցների քննությանը Գորիսի բարբառում: Ամբողջ ուսումնասիրության ընթացքում և յուրաքանչյուր ածանցի նկարագրության ժամանակ անհրաժեշտ ենք համարել յուրաքանչյուր ածանցով ներկայացնել համապատասխան օրինակներ և տալ դրանց բացատրությունները: Ուսումնասիրելով ածանցները Գորիսի բարբառում՝ տեսնում ենք, որ դրանք մի շարք նոր իմաստներ են հաղորդել բառերին և ունեն յուրահատկություններ: Գորիսի բարբառն ունի իր հարուստ ածանցման համակարգը, որի միջոցով հարստացել է բարբառային բառապաշարը։
Բանալի բառեր. ածանց, բարբառ, Գորիս, բառիմաստ, բառակազմություն
Наше исследование посвящено образованию и рассмотрению суффиксов в горисском диалекте. В ходе всего исследования и при описании каждого суффикса мы сочли необходимым привести соответствующие примеры и дать пояснения к их особенностям. Изучая суффиксы в горисском диалекте, мы видим, что они придали словам ряд новых значений и обладают особыми особенностями. Горисский диалект имеет богатую словообразовательную систему, благодаря которой обогатился словарный запас диалекта.
Ключевые слова: суффикс, диалект, Горис, значение слова, словообразование
Our study is devoted to the derivation and the examination of suffixes in the Goris dialect. Throughout the study and description of each suffix, we considered it necessary to present relevant examples with each suffix and give their explanations. Studying the suffixes in the Goris dialect, we see that they have given numerous new meanings to words and have their own characteristics. The Goris dialect has its own rich derivation system, through which the dialect vocabulary has been enriched.
Keywords: suffix, dialect, Goris, word meaning, word formation
Ներածություն
Հոդվածը գրելիս մեր նպատակն էր պարզել Գորիսի բարբառի ածանցման երևույթները և ածանցավոր բառերի բառակազմական, իմաստաբանական առանձնահատկությունները, հնարավորության դեպքում, ըստ հարցին վերաբերող լեզվաբանական գրականության, տալ դրանց ծագումնաբանությունը, համեմատել այլ բարբառներում առկա տարբերակների հետ, հասկանալ, թե որքանո՛վ է Գորիսի բարբառը ինքնուրույն համակարգ, բարբառի բառապաշարի հարստացման գործում ի՛նչ դեր են ունեցել ածանցները: Առհասարակ քիչ ենք նկատում, որ ուսումնասիրվի որևէ բարբառի ածանցական համակարգը։ Կարծում ենք, որ հայերենի բարբառներն ունի մի շարք յուրահատկություններ բառակազմության մակարդակում, և այդ մենք նկատում ենք ածանցների քննությունը կատարելիս: Գորիսի բարբառի ածանցների վերաբերյալ ուսումնասիրություն են կատարել Ա. Մարգարյանը «Գորիսի բարբառ» աշխատությունում, Մ. Քումունցը «Հականունության ձևավորման ածանցական միջոցները նույնարմատ և տարարմատ բառերում», «Գրաբարի անցյալ դերբայը բարբառային մի քանի բառերում», «Գորիսի բարբառը հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգման համատեքստում» հոդվածներում[1]:
Մեթոդաբանություն
Հոդվածը գրելիս առաջնորդվել ենք տարբեր մեթոդներով՝
Ա․ Տվյալների հավաքագրում և աղբյուրների ուսումնասիրությունն: Նախ՝ օգտվել ենք ածանցներին վերաբերող տեսական գրականությունից, ապա՝ կենդանի խոսքից՝ Գորիսի բնակավայրերի խոսակցական տարբերակներից, հարցումների միջոցով հավաքել ենք բավականաչափ բառեր։ Ածանցների ծագումնաբանական հարցերը ուսումնասիրելիս օգտվել են բառարանային և տեսական գրականությունից[2]։ Աղբյուրների ուսումնասիրության այս մեթոդը, կարծում ենք՝ կարևոր է, որպեսզի ճշգրտվեն Գորիսի բարբառի ածանցների պատմական շերտերը․ արդյո՞ք այս բարբառը ածանցման եղանակներով հեռացել է ընդհանուր հայերենի զարգացման ուղեծրից։ Այս մեթոդը, կարծում ենք, թույլ է տալիս նաև որոշելու Գորիսի բարբառի՝ բնիկ տարածքում գոյատևելու ժամանակաշրջանը։
Բ․ Ածանցների դասակարգում և քերականական ուսումնասիրություն: Գորիսի բարբառում հանդիպող ածանցները դասակարգվել են ըստ իմաստաբանական, խոսքիմասային բնութագրերի, որպեսզի հնարավոր լինի պարզել դրանց հիմնական առանձնահատկությունները բառակազմական և ձևաբանական տեսանկյուններից։ Ածանցները բաժանվել են ըստ իրենց գործառույթների (բերված են կենդանի խոսքից օրինակ — նախադասություններ)՝ առանձնապես հաշվի առնելով հոմանիշներն ու տարբեր բարբառներում առկա տարբերակները։
Գ․ Համեմատական լեզվաբանական վերլուծություն: Քննության ենք առել Գորիսի բարբառի ածանցները՝ համեմատելով այլ բարբառներում (Մեղրի, Հադրութ, Արցախ, Կապան, Սիսիան) առկա համապատասխան ձևերի հետ՝ հասկանալու բարբառիս ինքնուրույնությունը և յուրահատկությունները։ Սա նաև թույլ է տալիս ավելի լայն հայացքով դիտարկել հայերենի բարբառային համակարգում Գորիսի բարբառի դիրքը։
Դ․ Ձևաբանական կառուցվածքի և զարգացման վերլուծություն: Ուսումնասիրվել է Գորիսի բարբառի ածանցային համակարգը՝ պարզելու, թե ինչպիսի ազդեցություն են ունեցել ածանցները բարբառի բառապաշարի հարստացման վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, թե ինչպես են տարբեր ածանցներ նպաստել բարբառի ձևաբանական համակարգի զարգացմանը։
Ե․ Տվյալների վերլուծություն և ներկայացում: Այս մեթոդի արդյունքում կստեղծվի ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչպիսի դրսևորումներ ունեն ածանցները Գորիսի բարբառում, ինչպես են դրանք հարստացրել լեզուն՝ ստեղծելով նոր բառային ձևեր և նշանակություններ։
Քննարկում
Գորիսի բարբառի բառային կազմը զգալիորեն հարստացել է ածանցման միջոցով, «նրա ընդհանուր բառապաշարի մեկ քառորդը ածանցավոր բառեր են, որոնց մի չնչին մասը՝ նախածանցով, իսկ մեծագույն մասը վերջածանցով է կազմվել»[3]։
Նախածանցներից գործածական են հիմնականում ան — և չ — ժխտական ածանցները:
Ս. Գալստյանը հայերենի ան- նախածանցին վերագրում է գործառական երկու հատկանիշ՝ ա. ան — ը որպես նախատիպ հիմքի առաջին բաղադրիչ (անամոթ — աբար), բ. որպես նախատիպ հիմքի կամ արմատի սկզբանամաս (ան — ազատ)[4]: Ան — նախածանցը բարբառումս հիմնականում դրսևորվում է ձևույթային — բառակազմական մեկ հատկանիշով, այսինքն՝ կան ածանցավոր բառեր, որոնք կազմվում են միայն ածանց+արմատ կաղապարով, օր.՝ անթիլ «առանց թել», անկէռիք «առանց ատամ» և այլն: Նկատում ենք, որ սրանք բառակազմորեն չեն ծավալվում, ինչպես՝ անշառ «անվնաս», անհամ «համ չունեցող», անտակ «հատակ չունեցող, անսահման», անքաշ «անկշիռ», անխըրատ «չխրատված»: Իմաստաբանորեն յուրահատուկ կառուցվածք ունեն անիրէս, անխէլք և նման բառեր, որոնցում ան — ը արտահայտում է ոչ թե ժխտում, այլ նոր հատկանիշ է վերագրում բառին, ինչպես՝ ան — խէլք նշանակում է ոչ թե «խելք չունեցող», այլ «հիմար», ան — իրէս՝ ոչ թե «երես չունեցող», այլ «անամոթ»: Օր.՝ Անիրէսի մընը տուս յէկու: Բառերի մեծ մասը իմաստաբանական կառուցվածքով տարբերվում են մյուսներից, այն է, որ ան — ը միանգամից ժխտում է բառը, ինչպես`անճուր «առանց ջուր», անտէղի «անիմաստ», անդար || անդէր «անտեր», անքօն «անքուն», անդարդ «առանց դարդ»: Օր.`Սաղ քիշէր քօն չիլալ, անքօն ա: Անտէղի քաց պանի մէջ ինգէց:
Ան- նախածանցի հաճախականության և արագաբանության հետևանքով մի քանի բառեր կորցրել են ածանցի ն հնչյունը, ինչպես՝ ախուս || ախօս (անխոս), ասաս, նաև՝ անսաս «անձայն» և այլն, որը առանձնապես բնորոշ չէ հայերենի մյուս բարբառներին:
Չ- նախածանցով բառերը բաժանվում են երկու խմբի՝ ըստ կազմության՝ ա. բառեր, որոնցում չ — ն կցված է ինքնուրույն գործածություն չունեցող արմատին՝ չը — խօս (լուռ), չը — կամ «չկամեցող», չը — գիթկը «հանկարծակի, անգիտակցորեն, պատահական», չըպէր(ք) «չբեր», բ. ինքնուրույն գործածվող ձևերին՝ չըխօսկան «լուռ», չըկէր «չուտող», չըհաս «անհաս», չըմէթկը «դժկամ», չըտէս և այլն: Օր.՝ Հունց էն է չըտէսի նըման թըմաշա անում: Չըխօսկան խօխայա, մըն սաս չի անում: Սրանցից հետաքրքրական է չըգիթկը կազմությունը, որ հավանաբար գրաբարից փոխանցված «գիտակցել» բառի բարբառային տարբերակն է ժխտման կաղապարով, սակայն դրա դիմաց բարբառում բացակայում է «գիտակցել» բարդ կազմությունը, հմմտ.՝ գիդալավ — չըգիդալավ:
«Բարբառախումբը ոչ մի բառ չունի պարսկերենից անցած ապ- , դժ- ածանցներով: Դա խոսում է այն մասին, որ այդ ածանցները հայերենին անցել են հիմնականում գրավոր ճանապարհով, իսկ ան — ածանցի գործուն լինելը վկայում է, որ այն փոխառություն չէ»[5]:
Հաճախ օգտագործվում են նաև տ- և բի — || բէ || բէյ || բը[6]ածանցները: Տ — նախածանցը իմաստի մթագնմամբ պահպանվում է գրաբարից ժառանգված տհալ («չհալած, անմարս») > տհալ («ղավուրմա») բառում։ Պարսկերենից Գորիսի բարբառը փոխ է առել bi — բէ || բէյ || բը ժխտական նախածանցը, որը և գործածվում է ոչ միայն փոխառյալ, այլև երբեմն հայերեն բառերի հետ, օրինակ՝ բէհուշ || ըէհուշ «մոռացկոտ», բէյխաբար «bixäbar» «անտեղյակ», բէքէփ «վատ տրամադրությամբ», բիյաբուռ «խայտառակ», բէշընօրք || բէյշընօրք «անշնորհք» և այլն։ Օր.՝ Բէհուշ պան ա, սաղ մըտան թըռնում ա: Աման հինչա բէյխաբար ապրում ա: Շէնումը բիյաբուռ էն ըրալ:
Կան բառեր, որոնք առանց բէ — ժխտական ածանցի չեն գործածվում, և կարող ենք եզրակացնել, որ դրանք քարացած ձևով են անցել Գորիսի բարբառին, ինչպես՝ բէդամաղ «նեղացած, վիրավորված, վշտացած», այստեղից՝ բեդամաղ անէլ, բեդամաղ ինէլ, բէդնամ «վատահամբավ, անպատիվ, անանուն», այստեղից՝ բէդնամ անէլ «խայտառակել, վարկաբեկել, անվանարկել»:
Որոշ բառերում ածանցը ոչ միայն տրոհվում է, այլև ունի ան — հայերեն ածանցով նույնարմատ հոմանիշները՝ անբաշար «ան/մ/բաշար» — բեբաշար «բեյբաշար» > բէյբըըշըրըղ, աննամուս — բէյնամուս, անաբուռ — բէ/յ/աբուռ «առակ — պառակ», անբախտ — բէբախտ, անբախտօթուն — բէբախտօթուն, անաստըղ — բէյաստըղ «անաստղ, անհրապուրիչ», անլազաթ — բէյլազաթ «տհաճ, տհաճություն պատճառող, անհավես»[7]:
Գորիսի բարբառում վերջածանցները բավականին շատ են: Դրանք տարբեր խոսքի մասերի պատկանող բազմաթիվ բառեր են կազմում:
- -ալի || —ալի — ածանցը տարածված է: Գ. Ջահուկյանը նշում է, որ այն հնդեվրոպական շրջանից է և ոչ թե հայկական նորագոյացում, կազմված է անորոշի — (ա, ե)լ — ով և — ի ածանցով[8]: Բարբառում էլ հաճախ այն հանդես է գալիս նաև — ք — ի հետ միասին՝ օջախկալիք «օջախին բնորոշ երևույթ», կըլխըկալիք «գլխի գալիք», ըսէլիք, տալիք: Գ. Ջահուկյանի ասվածը հավաստվում է այն բանով, որ այն հիմնականում հանդիպում է բնիկ հայերեն արմատներում՝ կազմելով ածականներ՝ «մի բանով առատ, հարուստ» լինելու նշանակությամբ՝ մըսալի, կըթնալի, խուտալի, սըրտալի: Օր.՝ Անխէլք հէյվանն էլ չիմ յըղալի թիքէքը ճոկըմ ա, մնացածը տամ ա հընգէրօնցը: Էն հըրէվանը մըսալի ապրանք էր մօրթալ: Գրական հայերենում չհանդիպող և բարբառային տարածքում ստեղծված բառերից են՝ իլբիհալի «անմիջապես», ըռխալի «մեծախոս», ըռըխկալի «կափարիչ», մըռըխկալի «մռայլ», յըղալի և այլն:
Բարբառում հանդիպում ենք բառեր նաև ձևի նշանակությամբ, օր.՝ ղըժժալի «ծիծաղելի», չըրըխկալի «չրխկոցով», իլբիհալի «անմիջապես», խըռըմփալի «խռռացնելով», թըռռալի «արագորեն», վըրըխկալի «ուժեղ» և այլն: Օր.՝ Հունց էն է խըռըմփալի քօն իլալ: Խոխէրքը թըռռալի նի տառան տօնը: Ճուրը վըրըխկալի կամ ա: Մերը օտում ա, աշկերը իլբիհալի պանվում ա:
- -էլի || -իլի — ածանցը կազմում է ածականներ ինչ — որ պետք է, կարելի է անել նշանակությամբ, օր. ՝ կուրծելի, ճընընչէլի, հիշէլի||հիշիլի, մըռնէլի||մըռնիլի, ուտէլի || ուտիլի, ըսէլի || ըսիլի, իրէլի || իրիլի և այլն: Օր.՝ Պըռըվներիս մըռնէլի||մըռնիլի վախտն ա: Մըհէկ ուտէլի||ուտիլի պանէր շատ կան: Էտ ըսէլի||ըսիլի խօսկէրք չէն, վէր ասում էս: Քինա իրէլի||իրիլի փէդ պէր:
Ինչպես նկատում ենք, բարբառումս ալի և էլի ածանցները բառեր են կազմում ոչ միայն գոյականներից, այլև բայանուններից:
- -ած — «Ծագում է ած — ել բայի արմատից. հնարավոր է համարվում նաև գոյականակազմ -ած — ի հնդեվրոպական ծագումը՝ հնդ. g՛> հայերեն ծ անցմամբ»:[9] Բայարմատի վրա դրվելով՝ կազմում է քիչ թվով ածականներ կամ գոյականներ ՝ իր վրա կրողի, ինչ — որ վիճակում գտնվողի նշանակությամբ, օր. ՝բիզարած «հոգնած», սոված «քաղցած», տառած «կատաղած», կըտաղած, պըլընգած «խեղճ», հըսած «հասուն» և այլն: Օր.՝ Ժըղովուրդ մէր բուստանի խընձորը թա հինչ հըսած ա, կէրաք: Տառածի մընն ա էդ կընէկը: Պըլընգածի տէս կաղնալա թըմաշայա անում:
- -ակ || —ակ — «Ծագում է իրանական -ak ածանցից, որ առկա է իրանական փոխառություններում ՝ հաճախ առանց -ակ — ով ձևերի առկայության»[10]: Ածանցը, միանալով արմատներին, կազմում է տարբեր խոսքի մասեր՝ ա. գոյականներ՝ նվազական, փաղաքշական կամ բոլորովին մի այլ նշանակությամբ, օր.՝ խէչակ «կարճ փայտ», պիռնակ «մանգաղի մեկ հարվածով հնձանի ձեռքով բռնած քանակը», չըխարակ«ճախարակ», լըղարակ«արտի չվարած տեղ», վօրցակը||վէրցակը «աքլոր» և այլն:Օր. ՝ Խէչակը յէրկալան քացին մուսուրի: Լա լուսանում ա, վօրցակը||վէրցակը կանչում ա: Ծիծէռնակը||ցիցէռնակը||ցըցէռնակը պուն ա տիրալ կումումը: բ. ածականներ ՝ սաստկացվող հատկանիշի նշանակությամբ, օր.՝ ճըլօլակ «կախված, քաշ ընկած», կէնդակ «մենակ», ճօխտակ «երկվորյակ, զույգ», միչնակ||միջնակ||միշնակ «միջնեկ» և այլն: Ճօխտակ քուր օնի ուրան: Միչնակ||միջնակ||միշնակ ախպէրը հալա դըպրօցը պըրծալ չի:
- -ական || —ական, -կան || -կան — «Ծագում է իրանական — (a)kan ածանցից. հաճախադեպ է իրանական փոխառություններում»[11]: Կազմում է՝ ա) ածականներ՝ ինչ — որ բանի կամ ինչ — որ մեկին վերաբերող իմաստով, ինչպես՝ պըռըվական «պառավական», թաքավըրական, կըռվական, պապական և այլն, մի բանի ունակ լինելու՝ պըրտական||պարդական «պարտավոր», մըրսկան, տիմասկան «դիմացկուն», խըռօվկան «նեղացկոտ», և այլ նշանակությամբ, օր.՝ Վէր սկըսում չի պըռըվական պանէր ասէլը, նէրվէրիս ազդում ա: Գուդում ա թա պըրտական||պարդական էմ ուրան քօմագ անեմ: Ա հինչ խըռովկան տուս յէկիր տու: բ) գոյականներ՝ գործողի նշանակությամբ, օր.՝ Էդ հավը թըխսկան ա, չմորթէք: Հօրը նման ինքն էլ ա քացալ վօրսկան||վօսկան||վէրսկան «որսորդ» տառալ:
- -ային — Այն կազմում է մի քանի ածականներ, որոնք հիմնականում հանդես են գալիս տևական հատկանիշի նշանակությամբ, օր.՝ Էս տարի կարունքը չուրային «չոր» էր: Էգուց յէղանակը թօռային||թուռային «անձրևային» ատուած:
- -ան || —ան — Կազմում է՝ ա) մի շարք գոյականներ՝ գործողի կամ գործիքի նշանակությամբ, օր.՝ յէղան «խոտ հնձելու գործիք», կըղան «կաշվից գործած փոկ», կըրկատան, մէրան «մակարդ, մածնի» և այլն: Օր.՝ Շօրէրս կըրկատան ըրա վէր կէնամ: Յէղանը ինձ տօր քինամ խօտը հըվաքէմ: Կազմվում է նաև «լ» — ի հավելմամբ, օր.՝ Էլի ծակլան «ծակ» շորէրը կէցալ ա յէկալ: բ) բազմաթիվ ածականներ՝ միայն գործողի նշանակությամբ, օր.՝ կըծան «կծող», տըզզան «տզզացող», քըրքաշան «քաշքշող», լիփլափան «շատ ուտող», թացան «կաթնեղեն» և այլն: Օր.՝ Էս մարթը հինչ լիփլափան տուս յէկու: Սանց շնէրը սաղ կըծան էն: Խանութի թացանը տուրը չի կամ:
- -անդ — կազմում է շատ քիչ գոյականներ՝ հավաքական նշանակությամբ, օր.՝ ճըռավանդ «տանիքի հաստ գերանները», քօրղանդ «հարսի քողք», քըլավանդ «փեշերը հավաքած»: Օր.՝ Ճըռավանդնէն կուտրատալ ա, յէր տառալ: Շորէրը քըլավանդ ա ըրալ, վէր կարա գործ անի:
- -անը || —անը (<եան) — այս ածանցը բարբառում շատ գործածություն չունի: Հիմնականումկազմում է սակավաթիվ մակբայներ՝ ժամանակի նշանակությամբ, օր.՝ ամսանը, տարանը «երկու անգամ», օրանը «հինգ անգամ»: Տարանը քինացալ ա ծօրը յէկալ: Օրանը արթէն յէր ա ինգալ:
- -անի || —անի — «Նկատի ունենալով — անի — ով բառերի գերակշիռ մասի հնդեվրոպական ծագումը և տողան — տողանի տիպի զուգահեռների առկայությունը կարելի է համարել հայկական կազմություն՝ — ան ածանցով կամ հիմքային տարրով և — ի ածանցով»[12]: Կազմում է՝ ա) ածականներ՝ «ունեցող» նշանակությամբ, օր.՝ արժանի||արժանի, ըշկանի, կըլխանի, լուզվանի(կ) «ճարտարախոս», վունդանի և այլն: Օր.՝ Մարթ կուչվէլի արժանի||արժանի չի: Մըն լուզվանի(կ) հարթնը օնէն: Տու քանի կըլխանի էս, վէր յէկալ էս: Սրանք սովորաբար գործածվում են թվականի կամ ածականի հետ: Բ) սակավաթիվ գոյականներ՝ գործիքի, նյութի նշանակությամբ, օր.՝ մըտանի, կ’իրնանի «գարնանը ցանվող ցորեն»: Օր.՝ Մըտանին գուդում չի շտէղ ա տիրալ:
- -անուկ (<ան + ուկ) — կազմում է մի քանի գոյականներ՝ մի բան առաջ բերողի նշանակությամբ, օր.՝ Խըրխընջանուկ «որդ», շըրանուկ «շարան», մըծընանուկ «մարմնի մաշկի տակի խուլ», պըլանուկ «բույս»: Օր.՝ Տախտէղը շըրանուկ ըրէն, կախ տուէն: Քացալ էն պըլանուկ քանդէն, կան:
- -անուց || -անուց || -անոց — Կազմում է՝ ա) գոյականներ՝ տեղի և գործիքի նշանակությամբ, օր.՝ խուտանոց «խոտերի տեղ», կիժանոց «գժանոց», շընանուց «շների տեղ», սըրանուց «ձիթահանք» և այլն: Օր.՝ Կիպէրը տար ածի խուտանոցը: Լա քէզ նմաննէրին պիտի տանէն կիժանոց: բ) ածականներ՝ չափի ու արժեքի նշանակությամբ, օր.՝ թընգանուց «թանկանոց», տըսսանուց «տասանոց», իժինանուց «էժանանոց», իրիքանուց «երեքանոց» և այլն: Օր.՝ Թընգանուց նվէր էն ինքալալ: Իժինանուց պանէրը սուրում չի:
Բարբառիս որոշ խոսվածքներում գործածվում է նաև — անց ձևը, օր.՝ հըռնանց «անցած տարվանից», շուտանց «վաղուց», ըռըվօտանց «առավոտվանից», սըրտանց և այլն:Օր. ՝ Ըռըվօտանց շուտ ա տանան տուս յէկալ: Հըռնանց ապրանք էն ծախում խանութումը: Շուտանց էն ուրուր ճընանչում:
- -անք || —անք — «Ծագում է -ան բայահիմքային տարրից (կազմիչից)՝ — ք հոգնակերտով, որ ածանցական արժեք է ձեռք բերել»[13]: Բառեր է կազմում կրող և արգասիք առարկայի կամ գործողության անվան նշանակությամբ, օր.՝ ապրանք, ըշխադանք «աշխատանք», չըրչարանք, ճըլօլանք «կախ ընկած բան», փըշրանք, ղանչա(ն)ք «աղաչանք» և այլն: Օր.՝ Սաղ ըշխադանքը ստէղ — նէղ խարջում ա: Ինգած մըղըկնէն սըրան — նըրան ղանչա(ն)ք ա անում: Կօռնըտ կօտրի, ճըլօլանք տառնա: Կազմում է գոյականներ նաև հոգնակի հավաքական նշանակությամբ, օր.՝ ըշկըլուսանք «աչքալուսանք», կըտօրտանք «կտորներ», ծըտանք «մանր ձավար», տականք «որևէ բանի մնացորդը», ցիլանքը||ցըլանք «փայտի, ապակու, մետաղի մանր կտորներ» և այլն: Օր.՝ Փէդի ցիլանքը||ցըլանք թռավ, աշկան կացավ: Տըղան բանակը պըրծալ ա, յէկալ, քինում են ըշկըլուսանք տան:
- -աշ — «Ծագումն անհայտ է. թերևս գալիս է ենթաշերտային ինչ — որ լեզվից»:[14] Կազմում է շատ քիչ ածականներ՝ նվազական հատկանիշի նշանակությամբ, օր.՝ Թըթվաշ պանը աման մարթ կարում չի օտի: Վոշմնը կըրմըրաշ խընձօրը չի:
- -ավ || —ավ — «ծագում է գործիական հոլովի -ով վերջավորությունից»: Կազմում է՝ ա) գոյականներ, հատկապես ածականներ՝ «ունեցող» նշանակությամբ, ինչպես՝ թանավ, կաթնավ, զահմավ, տէսքավ, աստըղավ և այլն: Օր.՝ Թանավ խաշիլը սուրում չի: Մէր հըրէվանը փիս զահմավ «ահարկու» մարթ ա: Կաթնավ ճաշը ամէնալավ պանն ա: բ) մակբայներ՝ ձևի կամ ժամանակի նշանակությամբ, օր.՝ Քիշէրավ վախում ա տանան տուս կա: Վօրօշալ էն ցիրէկավ քինան ման կալի:
- -ավէն || —ավէն — կազմում է ածականներ նվազական կամ նմանողական հատկանիշի նշանակությամբ, ինչպես՝ իրգինավէն «երկարավուն», կըրճավէն «կարճավուն», տըղնավէն «դեղնավուն», հըստավէն «հաստավուն» և այլն: Օր.՝ Էտ քանդիրը կըրճավէն ա իրովում: Խանութին կընանչին տըղնավէն էր աշկիս:
- -ավէր || —ավէր — կազմում է բազմաթիվ ածականներ «մի բան ունեցող», «վրան կրող», գործողի անվան նշանակությամբ, ինչպես՝ ըշխըդավէր «աշխատավոր», բախտավէր, ծըղկավէր, կէղծավէր, ճիթկավէր «ճտքավոր» և այլն: Օր. ՝ Ճիթկավէր շօրէր չի կէնում: Կէղծավէր մարթան պիտի հէռու կէնաս:
- -վէր || -վօր — կազմում է գոյականներ, որոնք սկզբնական շրջանում ածականական նշանակություն են ունեցել և մեծ մասամբ գործածվում են -վէր — ով, ինչպես՝ թաքավէր, կալվէր «կալ կալսող», հանդվէր, հօնձվէր «հնձվոր» և այլն: Օր.՝ Թաքավէրը սաղին քօմագ ըրէց: Հօնձվէրը գարանդուն ծէրքին քինաց հօնձ անի:
- -ատ || —ատ — «Ծագում է հատ — անել բայի արմատից` հ — ի անկումով»[15]: Կազմում է ածականներ՝ մի բանից զրկված, պակաս լինելու նշանակությամբ, ինչպես՝ ծէրատ «թերի», կէսատ «կիսատ», կըռնատ, պըռատ «կիսատ», ճըռնատ «կռնատ» և այլն: Օր.՝ Խոխա վախտը յէր ա ինգալ, իրէսը ծէրատ ա մնացալ: Գործէրը կէսատ — պըռատ ա անում: Տասէրը սաղ թէրատ ա սվօրում:
- -արան || —արան — «Ունի իրանական ծագում. նկատում ենք իրանական փոխառություններում ` գանձարան, գոհարան»[16]:Կազմում է գոյականներ՝ տեղի, երբեմն նաև գործիքի նշանակությամբ, ինչպես՝ աղութարանում||ըղութարան, ավիտարանը||ըվիտարանը||իվիտարանը||վիտարան, ճըրըքարան «ճրագարան» և այլն: Օր.՝ Սուրում ա քինա աղութարանում||ըղութարանում նստի: Ավիտարանը||ըվիտարանը||իվիտարանը||վիտարանը ռաչան մինչէվ վէրչ կըրթացալ ա:
- -արար || —արար — կազմում է սահմանափակ թվով ածականներ ու գոյականներ՝ մի բան անողի, գործողի նշանակությամբ, ինչպես՝ տընարար, կըռվարար, խըռուվարար «խռովարար», պինարար«գործարար» և այլն: Օր.՝ Հայ ըղճըկօրցը նման տընարար կա վէչ: Կըռվարարը վէր լա յէկու, սաղ փախան:
- -ացի || -էցի || -ըցէ — «Կազմվել է հ. — ե. * — sko և * — iyo ածանցների բազայի վրա` նախորդող ձայնավորով կամ առանց դրա. տեղային իմաստը, ինչպես -ոց — ի դեպքում, զարգացել է հայերենում, եթե տեղի չի ունեցել * — tyo-ից ծագող ձևերի հետ բաղարկում»[17]: Կազմում է գոյականներ (երբեմն նաև ածականներ)՝ բնակչի ինչ տեղից ծագած լինելը ցույց տալու նշանակությամբ, ինչպես` շինացի, քարաշինացի, տըթըվեցի, տըղըցէ և այլն: Օր.՝ Քարաշինացիք լավ ժըղովուրթ էն: Տըղըցէք տօրքավ մարթիկ էն:
- -ացու || —ացու — «Կազմված է -աց հիմքային տարրից և — ու ածանցից»[18]: Կազմում է գոյականներ և ածականներ` «մի բանի համար սահմանված, նախատեսված», «մի բանի հարմար եկող նշանակությամբ», ինչպես` ըխպըրացու «եղբայրացու», մըսացու, շուրացու «շորացու», մըրթացու «մարդ կոչվելու արժանի» և այլն: Օր` Լավ ըխպըրացուն հազար պարէկամա լավ ա: Աշկըս տէսավ մըն լավ շուրացու:
- -էղէն || — էղան — «Բաղկացած է — եղ և — էն տարրերից, որոնցից երկրորդը գալիս է իրանական ծագման — էն — ից, կամ -այն — ից` բարբառային հնչյունափոխությամբ»[19]: Կազմում է գոյականներ հավաքական նշանակությամբ, ինչպես` ըրծըթէղէն||ըրծըթէղան, թըթվէղէն||թըթվէղան, պըղընձէղէն||պըղընձէղան և այլն: Օր.` Ըրծըթէղէն||ըրծըթէղանը ահագին թնգացալ ա: Թըթվէղէն||թըթվէղանը տէնց էլ չսիրէց էլի:
- -էնի(<ենի) — «Հավանաբար ծագում է -եան և — ի ածանցների միացմամբ»[20]: Կազմում է ա) գոյականներ և ածականներ ծառերի, մրգերի և այլ տեսակների անվան նշանակությամբ, ինչպես` ծըմըռնենի «ուշ հասնող և մինչև ձմեռ պահվող», պընդենի «խաղողի տեսակ», կըռըվկենի «ամուր», ըշունքենի «աշնանը հասնող» և այլն, բ) զուտ ածականներ մի ինչ — որ հատկանիշ ստացած լինելու նշանակությամբ, ինչպես` ծըխըլկենի «ձախլիկ», կըղըլկենի «կաղլիկ»: Օր.` Մեր բուստանումը ծըմըռնենի լավ խնձօր կա: Վօշմնը ճօկալ չի վէր ծըխըլկէնի ա:
- -էքան(<եքեան) — «Կազմված է հ. ե. հոգնակի * — es վերջավորությունից ծագող -եք — ի և — եան ածանցի միացմամբ ու հետագա ընդհանրացմամբ»[21]: Կազմում է անձներական թվականներ, ինչպես` իրէքան, չուրսէքան, ուխտէքան և այլն: Օր.` Իրէքան մանդն էլ տուս էր ինգալ: Ուխտէքանն ալ տասին խելունք չին մնում:
- — ի || -է — «Ծագում է հ. ե. * — iyo/ — ā — ածանցից. եթե -ի/ա — ով հիմքերի սեռական — տրական -ի — ն ծագում է հ. ե. * — iyo — ածանցից, ապա ծագմամբ նույնական է — ի ածանցի հետ»[22]: Կազմում է ա) ծառերի, բույսերի անուններ, որոնք գործածվում են թե´ որպես գոյական և թե´ որպես ածական, ինչպես` թօթի «թթենի», պէխի «անտառային ծառ», հօռի «ուռենի», հունի «հոնի ծառ» և այլն. բ)գոյականներ` անձի, իրի, կենդանու, խաղատեսակի և այլ անվան նշանակությամբ, ինչպես` պապի, հիլի «հայելի», խըփէ «կափարիչ», պօլի «կանացի գլանաձև գդակ», քիշերի «կզաքիս», տունդի «հետույք» և այլն, գ) ածականներ` կա´մ մի բանի ինչից շինված լինելու, կա´մ այլազան նշանակություններով, ինչպես` ըրծաթի, պըղընձէ, մօտի «մոտիկ», կըթէ «կթի» և այլն: Օր.` Պէխի փէդը լավ պօղ օնի, հօռին էլ թըղթէ տէս ա էր ում: Ղըզղանին խըփէն լավ չի տիրալ: Ըրծաթի թոխկան սուրում ա կապի:
- -իկ, -էկ — Կազմում է ա) գոյականներ` նվազական, փաղաքշական կամ թե մի այլ` բառակազմական — քերականական նշանակությամբ, ինչպես` ածիկ, իլիկ, կընէկ, հատիկ «ցորեն», պուժուրիկ «փոքրիկ կավե աման» և այլն. բ) ածականներ` սաստկական, նվազական — փաղաքշական և այլ նշանակությամբ, ինչպես` կարճիկ, խըլըշէկ «ականջները սրած, ցցած», կըրմըրթօշիկ «կարմրաթուշ», հաստիկ, տըպտըպուրիկ «խայտաբղետ», այլև` լ — ի հավելմամբ` կօկլիկ «հարթ», թըմբըլիկ, ծախլիկ «ձախլիկ», նէղլիկ և այլն: Օր.` Մեր տանը շուտվանից քօհնա պուժուրիկ կա: Տըպտըպուրիկ վէրթ օնէն: Նէղլիկ ճընըպավը զօռավ էն անցկացալ:
- -ին, -էն — «Կարելի է ենթադրել ուրարտական ծագում»[23]: Կազմում է ածականներ ու մակբայներ, ինչպես` սարքին «կանոնավոր», ծէքըծէքին «արշալույսը բացվելիս», մըթէն «մութ» և այլն: Օր.` Ծըքըծէքին յէր ա կացալ քացալ:
- -ինք — Կազմում է գոյականներ, ունենք երկու օրինակ` միչինք(<միջինք) «մեծ պասի միջին օրերը», քըննինք(<քնինք) «խոր մտմտանք»:
- -իչ || -իճ, -էչ — Կազմում է գոյականներ (երբեմն նաև ածականներ)` հիմնականում գործիքի, սակավ` գործող անձի անվան նշանակությամբ, ինչպես` ծէվիչ «գութանի ձևող և կտրող ձևիչ», պատիչ||պատիճ «պատուհաս», սըրտըհեռիչ «սրտացավ», քէրիչ, տըրաքիչ «բույս» և այլն: Օր.` Տէն կացաք սըրտըհէռիչ ա տառալ: Քէրիչը ծէրքը կըտրալ ա:
- —իք (<իք) — անորոշ դերբայի վրա դրվելով՝ կազմում է գոյականներ կամ ածականներ՝ կատարելի գործողության նշանակությամբ, ինչպես՝ ըսէլիք, ըռնէլիք, իրէլիք||իրիլիք, խըմէլիք, հըսնէլիք և այլն: Օր.` Ըսէլիքը ասէց փախավ: Ուրան հըսնէլիք ապրուստը կարում չի ստանա:
- -կօտ || -կուտ (<կոտ<ուկ+ոտ) — կազմում է մի քանի ածականներ՝ մի ինչ — որ հատկանիշ ունենալու և նրանով աչքի ընկնելու նշանակությամբ, ինչպես՝ վըխլըկօտ «վախկոտ», վախկուտ, հըմանչկուտ||հըմաշկուտ «ամաչկոտ», նըխանձկուտ || նըխազկուտ և այլն։Օր.` Վըխկըլօտի մնը տուս յէկու: Հըմանչկուտ || հըմաշկուտ խօխայա հըրէվանին ախճիկը:
- -հան, հանա, անա (<հան, հանա) — կազմում է մակբայներ՝ ձևի կամ ժամանակի նշանակությամբ, ինչպես՝ տըկըհան(ա) «տակից, արմատի մոտից», իրիս(հ)անա «երեսաանց», քըշըհանա||քըշանա «առավոտյան», ծընդըրըհանա||ծընդըրանա «լուրջ» և այլն: Օր.` Ծառէրը տըկըհանա կըտրալ էն, յէր ածալ: Քըշըհանա||քըշանա քալու էնք ման կանք:
- -մունք, մանք (<մունք) — կազմում է գոյականներ՝ բայանվանական նշանակությամբ, ինչպես՝ ասմունք, ըրարմունք «արարմունք», չըրչարմունք, վարմունք, սըխալմունք, այլև՝ տանջմանք||տաժմանք, թըրթօրմանք «քրթմնջյուն»: Օր.` Էս ըխճըկանը ըրարմունքը ինձ տուր չի կամ: Տանջմանքավ||տաժմանքավ ա տօնը պահում:
- -պան (<պան) — կազմում է մի քանի գոյականներ՝ գործողի կամ գործիքի նշանակությամբ, ինչպես՝ ճըղասպան||ճըղացպան «ջաղացպան», կըլապան «տաղավար», կըճապան: Օր.` Մէր հըրէվանը քօհնա ճըղասպան||ճըղացպան ա իլալ: Մէծ — մէծ կընանիքը կըլապանումը||կըլըպանումը նստած զուրուց էն անում:
- -պատ, պատիկ (<պատ+իկ) — կազմում է մակբայներ՝ չափի նշանակությամբ, ինչպես՝ հազարապատիկ, հարուրապատիկ, իննըպատիկ, տըսսըպատիկ, չուրըքպատիկ||չուրսըպատիկ և այլն: Օր.` Եթա մնը ինձ լըվօթուն ա անում, յէս էլ ուրան հազարապատիկն էմ անում: Յէս մըհէտ խօսում էմ չուրըքպատիկ||չուրսըպատիկ լըսում:
- -վասկ (<վածք<ուած+ք) — կազմում է գոյականներ՝ գործողության արդյունքի, հետևանքի կամ հավաքական նշանակությամբ, ինչպես՝ թըխվասկ «թխվածք», կըտօրվասկ «կոտորվելու արժանի արարածներ», կէցվասկ «կեցվածք», հինվասկ, նէղվասկ «նեղվածք», փէդվասկ «փայտեղեն»), քարվասկ «քարեղեն» և այլն։ Օր.` Իմ մամա լավ թըխվասկ ա թըխում: Տէղը նէղվասկ էր չըկըրացին էրգան մնան:
- -վարի (<վարի) — կազմում է ածականներ կամ մակբայներ՝ ձևի նշանակությամբ, ինչպես՝ իշավարի«էշի պես», մուրթուվարի«մարդավարի», հայավարի, տընըվարի «տնավարի», տընըզըվարի «տնազի ձևով» և այլն: Օր.`Մէր հըրէվանը մուրթուվարի մարթ ա: Տուր չի կամ վէր կօխկան տընըզըվարի խօսում էն:
- -տակ (<տակ) — դրվելով քանակական թվականների վրա՝ կազմում է ածականներ և մակբայներ՝ չափի նշանակությամբ, ինչպես՝ մէտակ «մեկ ծալքով», ըրկուտակ, իրիքտակ, չուրսըտակ, տըսսըտակ և այլն: Օր.` Շօրը պիտի մէտակ քիցէս վէր նախշուն ինի: — Յօրղանը ըրկուտակ քիցի´ վէր տաք ինի:
- — տան, տի, դի (<տի) — կազմում է քիչ թվով գոյականներ՝ գործիքի նշանակությամբ, ինչպես՝ ըռըշկէտան||ռըշկէտան «առջևից կապվող գոգնոցի թելը», պընէտան||պինէտան «գութանի հաստ շղթա», տըրխատան||տըրխէտան «տրեխների անցքերով անցկացնելու թել», այլև՝ պըռօշտի «համբույր», պուզտի «սրածայր», շիլդի «աչքերը ծուռ» և այլն: Օր.` Մէր շէնի Գառնիկը տըրխատանը||տըրխէտանը պէնդ ա կապում: Մըհէկվա ջիհիլնէն վէր ուրուր տէսնում էն, պռոշտի էն անում:
- -ու || -o (<ու<ոյ) — կազմում է հիմնականում ածականներ՝ մի բանի ենթակա լինելու կամ որևէ հատկություն ունենալու նշանակությամբ, ինչպես՝ ծախու «վաճառելի», խըրարու «ինքնին աճած», խըտուրու||խուտուրու «անպետք», կըծօ||կըծու||կուծու, այլև՝ թըթօ||թըթու||թութու, խաշու «խաշած, խաշելու ենթակա» և այլն: Օր.` Խանութին ըշխադողը խըտուրու||խուտուրու բալամ ա: Թըթօ||թըթու||թութու օտօղը օրիշ ա ինում:
- -ուկ || —ուկ, oկ (<ուկ) — կազմում է գոյականներ՝ այլ և այլ նշանակություններով, ինչպես՝ ըվուլուկ||իվուլուկ||վուլուկ||ուվուլուկ «ավելուկ», կօռթնուկ «գորտնուկ հիվանդություն», խէժնուկ «ուտելու վայրի բույս», կաթնուկ«բույս», կաթուկ«կաթած, ընկած», այլև՝ կըծըղօկ«դաշտային կծու բույս», կըրմըրօկ «կարմրուկ հիվանդություն», ծըլլօկ «բարակ հոսող աղբյուր» և այլն: Օր.` Յէս գուդում էմ կօռթնուկնէրը վիրիցընէլի ճարը: Օխտը ախպուրը միշտ ծըլլօկ ա կամ:
- —ում(նը) || -ում (<ումն) — կազմում է մի քանի գոյականներ՝ գործողության անվան նշանակությամբ, ինչպես՝ ուրթում(նը) «երդում», հարցում, կօլտում «մի անգամից կուլ տալը»։ Օր.`Կօղը միշտ ուրթում(նը) ա օտում վէր տէնց պան չի ըրալ:
- -ուն || —ուն (<ուն) — կազմում է գոյականներ ու ածականներ՝ «կրավորական անցյալ դերբայի նշանակությամբ», ինչպես՝ ծըպտուն||ծըպտօն «աննշան ջայն», ճըղօտուն «ջարդած փայտի կտոր», մածուն, սիրուն||սուրուն, ցալքուն «ջրի ցայտյուն», նախշուն||նաշխուն, թաքուն, զարթուն «արթուն» և այլն: Օր.` Վէր հէռախօս էն յէշում, ծըպտուն||ծըպտօն չէն հանում: Ճիրին ցալքունը սաղ ջանավն ա տուալ:
- -ունք || —ունք (<ունք) — կազմում է մի քանի գոյականներ՝ մթագնած հոգնակի հավաքական նշանակությամբ, ինչպես՝ հուլունք||հուլունք, իրավունք||ըրավունք, այլև՝ պապունք, մէրունք, ծէրունք, պէլունք«պելու ընտանիքը» և այլն: Օր.` Մըհէկվա հարթները աման իրավունք||ըրավունք էլ օնէն: Ծէրունք շատ լավ ժըղօվուրթ էն:
- -ուռ || -օռ (<ուռ) — կազմում է սակավաթիվ գոյականներ, ինչպես՝ հափուռ «բուռ», կըշկօռ||քըշկօռ «հանգույց», այլև՝ ցէթուռ «մեզը պահել չկարողացող»: Օր.`Բազի մարդի հափռում աղ չկա: Օր.` Վէր տղա ցէթուռ ա, ընդուր տանում չէն բանակ:
- -ուստ || —ուստ, -իստ (<ուստ, իստ) — կազմում է մի քանի գոյականներ՝ գործողության արդյունքի կամ արգասիքի նշանակությամբ, ինչպես՝ ապրուստ, հարուստ, հանգիստ։ Օր.`Գյուղացու ապրուստի միջօցը կօվ պահիլն ա:
- -ուտ || —ուտ (<ուտ) — կազմում է գոյականներ՝ մի բանով շատ հարուստ, առատ լինելու նշանակությամբ, ինչպես՝ թէղուտ, թօթուտ, կաղնուտ, տանձուտ, ցաքուտ «մացառուտ» և այլն: Օր.` Թօթուտ տէղը նըստէլ չէն: Մարթ կա վէր ցաքուտ խութումը պէտի նի կըրցընէս:
- -ուրթ (<ուրդ) — կազմում է սակավաթիվ գոյականներ՝ հավաքական նշանակությամբ, ինչպես՝ ժըղօվուրթ||ժուղօվուրթ||ժօղօվուրթ, խորուրթ «խորհուրդ»: Օր.` Դէ յէք ժըղօվուրթ||ժուղօվուրթ||ժօղօվուրթին կըլխե քիցի վէր յէս դուզ էմ:
- -ք || -կ (<ք) — կազմում է բազմաքանակ գոյականներ՝ մեծ մասամբ առանց որևէ նշանակություն արտահայտելու, ինչպես՝ արկանք «երկանք», աշունք, լէնք «լայնություն», ծալք, կ’արունք «գարուն»), հըրավէրք, հէնք, շալք, պէժինք «օժիտ», անիսկ «անեծք» և այլն: Օր.` Մէնք փօխինձը ըրկանքավ էնք անում: Քօհնա պըռըվնէն փիս անիսկ տըվօղ էն իլալ:
- -օթուն || —օթուն (<ութիւն) — կազմում է մեծ թվով գոյականներ՝ վերացական, հավաքական կամ գործողության անվան նշանակությամբ, ինչպես՝ պիցրօթուն «բարձրություն», մըծ(ծ)օթուն «մեծություն», պըկըսօթուն «պակասություն», թընգօթուն, կ’ուղօթուն «գողություն», նըմօթուն «խոնավություն» ևայլն: Օր.` Քէրծին պիցրօթBւնը մըն մէտըր ա: Մըհէկ կ’ուղօթունը վիրացած ա:
- -օղ || —օղ|| -ուղ (<ող) — կազմում է գոյականներ կամ ածականներ՝ գործողի անվան նշանակությամբ, ինչպես՝ գուդօղ «իմացող», կիրօղ||կուրօղ «գրող», յէկօղ||յէկուղ «եկող», օզօղ «ուզող» և այլն: Օր.` Լըվօթունը գուդօղ պիտի: Ուրանց տօն յէկօղ||յէկուղնէրը շատ էն:
- -օսկ || -ուսկ (<ոցք) — կազմում է մի քանի գոյականներ՝ գործողության արդյունքի նշանակությամբ, ինչպես՝ պըտըռoսկ «փնտրտուք», մէրուսկ «մակարդած և դեռ չբացած մածուն», տօղուսկ «դողոցք»։ Օր.` Ինգած սէնյակնէն պըտըռօսկ ա անում: Մըշքան ցօրտ ա տօղուսկը փըռնալ ա:
- -օվի || —օվի(<ովի) — կազմում է մի շարք ածականներ՝ մի բանի ենթակա լինելու, մի բանի հարմար գալու կամ համապատասխանելու նշանակությամբ, ինչպես՝ ծըլօվի, թըկօվի, կըպօվի և այլն: Օր.` Առաջվա ծըլօվի հէռախօսնէրն ա սուրում:
- -օտ|| —օտ, -ուտ||ուտ (<ոտ) — կազմում է ածականներ՝ «ժամանակավորապես կամ մնայուն կերպով» «մի բան վրան, մեջը ունենալու» նշանակությամբ, ինչպես՝ խուլխուլօտ «շատ խուլեր ունեցող», կըռըզնօտ «գանգուր», ճըպըռօտ, կըղաղուտ «կեղտոտ», մըզմազուտ և այլն: Օր.` Փիս կըռըզնօտ մազէր օնի: Կըղաղուտի մնը տուս յէկու էն կընէկը:
- —ոց, -ուց || —ուց (<ոց) — կազմում է, մեծ մասամբ բնաձայնական արմատներից, գոյականներ՝ բնաձայնության ու գործողության անվան նշանակությամբ, ինչպես՝ բըղղօց, դըրնգօց, զըրնգօց, թըմփթըմփօց, խըշշօց, ծըկըլթօց «ճիչ», ճըղճըղօց, վըշշոց, տընքտընքօց և այլն: Օր.` Մօրը ծըկըթօցան փիս վախում ա: Կօվին բըղղօցը սաղ շէնավը լսվում ա:
Նշվածներից բացի Գորիսի բարբառում կան նաև.
ա) մասնավոր գործածություն ունեցող կամ քարացած բառաձևերում պահպանվող ածանցներ, ինչպես՝ — աց (ծէռաց<ձէռաց), — ալ||էլ<եալ (մէռալ||մէռէլ <մեռեալ), — ասկ<ացք (արմասկ<արմացք, թըռըմասկ<թերմացք), — ութ||ութկ<ոյթ (սովօրութ||սուվօրութկ<սովորույթ), — օնք<ոնք (կըռճօնք||կըրճօնք<կռճոնք), — ման<ման (ճեռման<եռման), — ուշ<օճ (փըրթուշ||փիրթուշ||փուրթուշ<բրդոճ) և այլն:
բ) Թուրքերենից փոխառյալ ածանցներ՝
- -չի || —ճի — փոխառյալ բառերից (օրինակ՝ դամիրչի, զարափաթչի, թալանչի և այլն) բացի, հայերեն բառերի վրա դրվելով՝ կազմում են գոյականներ կամ ածա — կաններ՝ մի բան անողի, գործողի նշանակությամբ, ինչպես՝ նախըրչի «նախրապան», թըքուչի «գոլ», խայտառակչի, քարքանչի «քարքանդչի», այլև՝ ժէշտանչի «երկաթագործ», փօդրաթչի «կապալառու» և այլն: Օր.` Գյուղին նախըրչին ալկաշ պան ա: Խայտառակչի տէղավը ուրիշնէրին ա պանէր ասում:
- -լար || -լար — թուրք. lär, որ նույնպես ոչ միայն փոխառյալ (օրինակ՝ աղալար, բալալար), այլև հայերեն բառերի հետ է գործածվում՝ կազմելով հոգնակիհավաքական նշանակությամբ ցեղի, տոհմի անուններ, ինչպես՝ խիլօլար||խուլօլար, մանուկլար, արզումանլար, զանիլար, պիծանլար և այլն: Օր.` Իմ տատիկ պիծանլարան ա:
- -լու || -լու — թուրք. lü — որ նույն ձևով ոչ միայն փոխառյալ (օրինակ` ամալլու «եսասեր») բառերի վրա դրվելով՝ ածականներ կամ մակբայներ է կազմում, ինչպես՝ կօղլու (կէնալ) «դարան մտնել», ահլու «ահավոր»: Կօղլու կընալավ ապրում ա ստէղ — ընդէղ:
- -ինջի -|| -հինջի — թուրք. inji, որ քանակական թվականների վրա դրվելով կազմում է դասական թվականներ, ինչպես՝ մընինջի, էրկուինջի, վէցինջի, օթինջի և այլն: Թեև Գ.Ջահուկյանը Գորիսի բարբառում նշում է -ինջի ածանցի առկայությունը, սակայն ափն իսպառ բացակայում է[24]: Անցյալ դարի 60 — 70 — ական թվականներին — ինջի ածանցի երբեմնի գոյության և դուրսմղման, ապա — րորդ || — երորդ ածանցի գործառման վերաբերյալ արդեն արձանագրում կա «Գորիսի բարբառում»[25]։
Եզրակացություններ
Այստեղ ներկայացնում ենք, թե Գորիսի բարբառը ինչքանով է նման մյուս բարբառներին և համեմատում ենք մի քանի ածանցավոր բառեր: Նմանության դեպքում դնում ենք «+» նշանը, իսկ տարբերության դեպքում՝ «-»։
N | Գորիս[26] | Մեղրի | Հադրութ | Արցախ՝ ըստ բարբառակրի | Արցախ՝ ըստ բառարանի[27] | Կապան | Սիսիան |
Ան — անիրէս | + | + | + | — | + | + | |
անտէղի | + | — | + | + | + | + | |
Չ — չըհաս | + | — | — | + | — | — | |
չըկէր | + | — | — | — | — | — | |
Բէ — բիյաբուռ | + | + | + | + | + | — | |
բէքէփ | + | — | + | + | + | + | |
— ալի/ալի — ըռխալի | — | — | + | — | + | — | |
ճիրալի | + | + | + | + | — | + | |
— ալի/էլի -ճընընչէլի | + | — | + | — | — | — | |
տըսնալի | + | — | + | — | + | — | |
— ած — կըտաղած | + | + | + | + | + | + | |
պըլընգած | — | — | + | + | — | — | |
— ակ/ակ — խէչակ | + | — | + | + | + | + | |
ճօխտակ | — | + | + | + | + | — | |
— ական/ական — պըռըվական | — | — | + | — | — | — | |
մըրսկան | + | — | + | + | + | + | |
— ային — չուրային | — | — | + | — | + | — | |
թօռային||թուռային | — | + | + | — | + | + | |
— ան/ան — կըրկատան | + | + | + | — | + | — | |
լիփլափան | — | + | + | — | — | — | |
— անդ — ճըռավանդ | — | — | + | — | — | — | |
քօրղանդ | — | — | + | — | — | — | |
— անի/անի — կըլխանի | — | — | + | — | + | + | |
լուզվանի(կ) | — | + | + | — | — | + | |
— անուկ — խըրխընջանուկ | — | — | + | + | — | — | |
պըլանուկ | — | — | + | + | — | — | |
— անուց/անուց — խուտանուց | + | + | + | + | — | — | |
իժինանուց | — | + | + | — | — | — | |
— անց — ըռըվօտանց | + | + | — | — | — | — | |
սըրտանց | + | + | + | + | + | + | |
— անք/անք — ըշխադանք | + | + | + | — | + | + | |
Տականք | — | — | + | — | — | — | |
— աշ — թըթվաշ | + | + | + | + | + | + | |
կըրմըրաշ | — | + | + | — | — | — | |
— ավ/ավ — թանավ | + | + | + | + | + | + | |
ցիրէկավ | + | + | + | + | + | — | |
— ավէն/ավէն — կըրճավէն | + | — | + | — | + | — | |
տըղնավէն | — | + | + | — | + | — | |
— ավէր/ավէր — ճիթկավէր | — | + | + | — | + | — | |
ծըղկավէր | — | + | + | — | + | + | |
— ատ/ատ — ծէրատ | — | — | + | + | — | + | |
կըռնատ | + | — | + | + | + | + | |
— կօտ/կուտ — վըխլըկօտ | — | + | + | + | + | — | |
մուռասկուտ | + | — | + | + | — | — | |
— վարի — մուրթուվարի | + | + | + | — | — | — | |
տընավարի | + | — | + | — | — | + | |
— ացի, — էցի, — ըցէ — քարաշինացի | — | + | + | — | + | — | |
տըղըցէ | — | + | + | — | — | — | |
— ացու/ացու — մըսացու | + | + | + | + | + | + | |
շուրացու | — | + | + | + | + | — | |
— մունք/մանք — ըրարմունք | + | + | + | + | + | + | |
թըրթօրմանք | — | — | + | — | — | — | |
— էնի — ըմըռնէնի | — | + | + | — | — | — | |
ծըխըլկէնի | — | + | + | — | — | — | |
— էքան — իրէքան | — | + | + | + | + | + | |
ուխտէքան | — | + | + | + | — | — | |
— ի/է — հօռի | + | + | + | + | — | + | |
Խըփէ | — | + | + | + | — | — | |
— իկ, էկ — կընէկ | + | + | + | + | — | + | |
տըպտըպBւրիկ | — | + | — | — | — | — |
Ստորև ներկայացնում ենք Գորիսի բարբառի ածանցների և Մեղրու, Հադրութի, Արցախի, Կապանի և Սիսիանի բարբառների ածանցների վիճակագրական աղյուսակը՝ Գորիսի բարբառի նմանությունների տոկոսային հարաբերակցությունը մյուս բարբառների հետ:
Բարբառներ | Բառերի քանակը համապատասխանում է | Տոկոսային հարաբերակցություն |
Մեղրի | 29 | 48,3% |
Հադրութ | 36 | 60% |
Արցախ՝ ըստ բարբառակրի | 56 | 93,3% |
Արցախ՝ ըստ բառարանի | 29 | 48,3% |
Կապան | 30 | 50% |
Սիսիան | 23 | 38,3% |
Գորիս | 60 | 100% |
Գալիս ենք այն եզրակացության, որ Գորիսի բարբառը ավելի շատ մոտ է Արցախի բարբառին ՝ 93,3%: Իսկ եթե հաշվի առնենք բառարանի և բարբառակրի արդյունքների տարբերությունը, ապա տեսնում ենք, որ մոտ է Հադրութի բարբառին՝ 60%:

Ցուցանիշների պատկերը`
Գրականություն
- Մարգարյան Ա. Ս. Գորիսի բարբառը: Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն: 1975: Էջ 570:
- Գալստյան Ս. Ա. Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում: Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն: 1978: Էջ 327:
- Քումունց Մ. Հականունության ձևավորման ածանցական միջոցները նույնարմատ և տարարմատ բառերում: 2019: Էջ 15:
- Ջահուկյան Գ. Հայերեն ստուգաբանական բառարան: Երևան: «Ասողիկ» հրատարակչություն: 2010: Էջ 820:
- Քումունց Մ. Գորիսի բարբառը հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգման համատեքստում: Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ: Միջազգային գիտաժողովի նյութեր: ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատարակչություն: Երևան: 2022: Էջ 314:
Ջահուկյան Գ. Բ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1972, 347 էջ:
[1] Մարգարյան Ա. Ս. Գորիսի բարբառը: Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն: 1975: Էջ 570: Քումունց Մ. Հականունության ձևավորման ածանցական միջոցները նույնարմատ և տարարմատ բառերում: 2019: Էջ 15: Քումունց Մ. Գորիսի բարբառը հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգման համատեքստում: Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ: Միջազգային գիտաժողովի նյութեր: ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատարակչություն: Երևան: 2022: Էջ 314: Քումունց Մ. Գրաբարի անցյալ դերբայը բարբառային մի քանի բառերում: Հասարակական գիտությունների հանդես: Երևան: 2019: Էջ 81-89:
[2] Մասնավորապես՝ Մարգարյան Ա. Ս. Գորիսի բարբառը: Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն: 1975: Էջ 570: Գալստյան Ս. Ա. Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում: Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն: 1978: Էջ 327: Քումունց Մ. Հականունության ձևավորման ածանցական միջոցները նույնարմատ և տարարմատ բառերում: 2019: Էջ 15: Ջահուկյան Գ. Հայերեն ստուգաբանական բառարան: Երևան: «Ասողիկ» հրատարակչություն: 2010: Էջ 820: Քումունց Մ. Գորիսի բարբառը հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգման համատեքստում: Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ: Միջազգային գիտաժողովի նյութեր: ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատարակչություն: Երևան: 2022: Էջ 314: Ջահուկյան Գ. Բ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1972, 347 էջ:
[3] Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1975, Էջ 259:
[4] Գալստյան Ս. Ա., Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1978, Էջ 189:
[5] Քումունց Մ., Հականունության ձևավորման ածանցական միջոցները նույնարմատ և տարարմատ բառերում, «Լրաբեր հասարակական գիտությունների», № 3, 2019, Էջ 2:
[6] Այն համապատասխանում է ան— նախածանցին:
[7] Քումունց Մ., Հականունության ձևավորման ածանցական միջոցները նույնարմատ և տարարմատ բառերում, «Լրաբեր հասարակական գիտությունների», № 3 2019, Էջ 9:
[8] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, «Ասողիկ» հրատ., 2010, Էջ 794:
[9] Ջահուկյան Գ., 2010, Էջ 794:
[10] Ջահուկյան Գ., 2010, Էջ 794:
[11] Ջահուկյան Գ., 2010, Էջ 794:
[12] Ջահուկյան Գ., 2010, Էջ 797:
[13] Ջահուկյան Գ., 2010, Էջ 798:
[14] Ջահուկյան Գ., 2010, Էջ 799:
[15] Ջահուկյան Գ., 2010, Էջ 800:
[16] Ջահուկյան Գ., 2010, Էջ 800:
[17] Ջահուկյան Գ., 2010, Էջ 801:
[18] Ջահուկյան Գ., 2010, Էջ 801:
[19] Ջահուկյան Գ., 2010, Էջ 804:
[20] Ջահուկյան Գ., 2010, Էջ 805:
[21] Ջահուկյան Գ., 2010, Էջ 806:
[22] Ջահուկյան Գ., 2010, Էջ 809:
[23] Ջահուկյան Գ., 2010, Էջ 807:
[24] Այս մասին տե՛ս՝ Ջահուկյան, ՀԲՆ, էջ 87։
[25] Քումունց Մ., Գորիսի բարբառը հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգման համատեքստում, Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ, Միջազգային գիտաժողովի նյութեր, ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ., Երևան, 2022, Էջ 263:
[26] Տվյալների բացակայության պատճառով աղյուսակում չենք տեղադրել Բուրդուրի, Շամշադին – Դիլիջանի և մյուս բարբառների օրինակները: