Ամբողջական կարելի է տեսնել՝ https://journals.bilpubgroup.com/index.php/fls/article/view/7184
Մուտք
Հարժիս[1], Հարժիք, Յաջի, Յայճի անվանումներով բնակավայրը հայ մատենագրության մեջ առաջին անգամ վկայվում է Ս. Օրբելյանի աշխատության մեջ՝ Ծղուկք գավառի՝ Տաթևին հարկատու բնակավայրերի ցանկում՝ Հարժիք[2]: Իսկ տարածքը, անշուշտ, մեզ հայտնի է Արգիշտի II-ի արձանագրությունից՝ Ծուլուկի || Ծղուկ[3]: Այս ամենից հետևում է, որ Հարժիսը հայոց պատմության ողջ ընթացքում հանգուցային դեր է ունեցել տարածաշրջանում[4]՝ որպես սրբազան լանդշաֆտ[5]: Հարժիս անվամբ այլ տեղանուն Հայաստանում մեզ հայտնի չէ: Հին շրջանից վկայվող մի քանի տեղանուններ ստուգաբանական և բառաքննական տեսանկյունից կարող են համեմատվել սույն բնակավայրի անվանը, ինչպես՝ Արճիս (Տավուշի մարզ), Հարճոնք (Արցախ), Արճեշ (Վասպուրական): Առհասարակ բացակայում են տեղանվան գիտական ստուգաբանական փորձերը, ուստի միջգիտակարգային ուսումնասիրության շրջանակում առաջարկում ենք տեղանվան բառաքննություն և ստուգաբանություն՝ հիմք վերցնելով հայերենի պատմական շրջանի բառանյութը, բարբառային վկայությունները, այլ լեզուներում հնարավոր զուգահեռները համաժամանակյա և տարաժամանակյա կտրվածքում:
Հարժիս տեղանվան բառաքննության ենթակա նյութը, ըմբռնումը
Հարժիս բնակավայրը առավելապես ուշադրության է արժանացել հնագիտության բնագավառում՝ ըստ հայտնաբերված նյութական մշակութային արժեքների: Հնագիտական տվյալների համակցությամբ կփորձենք ներկայացնել և որոշել տեղանվան ծագումն ու նշանակությունը, որ, ըստ նախնական կարծիքի, անցել է բնակավայրի պատմական հնագույն և հին շրջանները, մինչև անվան գրավոր հիշատակությունը և մեր օրերը:
Հարժիսում հայտնաբերված մի շարք մարդակերպ արձաններ[6], մենհիրներ[7], կրոնական, կենցաղային բազմաթիվ հուշարձաններ[8], դամբարաններ[9], նյութական նմուշներ արդեն իսկ վկայում են, որ գործ ունենք նախապատմական շրջանի մշակույթի հետ: Մարդակերպ արձանների ընդհանուր հատկանիշների հիմքով դրանք թվագրվում են մ.թ.ա. II հազ. վերջ-I հազ. առաջին կեսով: Մարդակերպ արձանների բնույթը վերջնականապես որոշված չէ. ոմանք կարծում են, որ դրանք սրբադասված նախնիներին կամ պտղաբերության ծեսերին են նվիրվել[10]: Ենթադրվում է նաև, որ արձանները տեղական ծագում ունեն[11]:
Հնագիտության բնագավառում ձեռք բերած այս տվյալները համադրելով լեզվական և բանահյուսական[12] նյութին, հաշվի առնելով, որ բուն բնակավայրը և տարածքը մշտապես բնակեցված է եղել՝ կարելի է ենթադրել, որ ուսումնասիրության նյութը՝ տեղանունը, ժամանակագրորեն համընկնում է հայերենի՝ հնդեվրոպական լեզվաընտանիքից անջատման և ինքնուրույն զարգացման ժամանակաշրջանին (Ք.ա. III հազարամյակից հետո): Մեզ հայտնի է նաև, որ տարածաշրջանում հնդեվրոպական մշակույթի արարումը հիմնականում (մինչև մեր օրերը) կապված է հայ և իրանական (արիական) լեզուների կրողների հետ: Եվ հենց այդ իրողությունը թույլ է տալիս նյութական մշակույթին զուգահեռել ոչ նյութական տվյալները՝ ուսումնասիրության առանցքում ընդգրկելով հնդեվրոպական, ուրարտական, գրաբար, միջին հայերենի շրջանի տվյալները, բարբառային և ոչ հայկական լեզվանյութը (մասնավորապես իրանական), որոնք, կարծում ենք, կարող են օգտակար լինել հնդեվրոպական ժառանգությունը կրած ժողովրդի կյանքի ու մտապատկերումների, Հարժիս բնակավայրի հնագիտական և պատմական հարցերի լուսաբանմանը:
Մենք արդեն առիթ ենք ունեցել պարզելու Հարժիսի՝ նախնադարյան բնույթի մի քարանձավի անվան ստուգաբանությունը (քարայր Որէն (Վօրէն) «այր, որջ», հմմտ.՝ Որվան (Վ(ը/o)րվան Հադրութ[13])), որի ծագումը նախահայերենյան է ու առանձնապես պահպանվել է տեղանվան հիմքով: Որէն և Որվան բառերը նույն արմատից են՝ հ.-ե. *u̯er- «շրջել, ոլորել, հյուսել, կորություն, կամար, թեքում», հմմտ. հայ. որայ, Գոր. վօրէլ || վէրէլ «փորել, քանդել, հորել, հորատել, թաղել», հին իսլ. vrā «անկյուն, մեկուսացած վայր, շրջան, տեղ», ինչպես և՝ frōg «1. քարանձավ, 2. ճահիճ, 3. թաքստոց»[14], պրսկ. ğary (یغار) «քարանձավ, քարայր, խոռոչ», ğar (غار || ğal لغا (u̯ >g||ğ և r >l)) «քարայր, որջ»[15], հնդ. պալի լեզվում bila «քարայր, քարանձավ»[16] (հ.-ե. u̯ > v(b) և r >լ): Հավանական է, որ որջ և հատկանվան Վօր(է)ն բառերի վերջադիր ջ և ն հնչյունները ոչ թե քերականական մնացուկներ են, այլ աճականներ (թերևս հնդեվրոպականից հայերենի անցման ժամանակ է տեղի ունեցել կամ տաբուի ձայնափոխություն է):
Ստուգաբանական համառոտ փորձը, Արցախի և Հարժիսի բարբառային տեղանունների զուգահեռումը կանխադրում են, որ դրանք նույն ժամանակաշրջանում առաջ եկած հատկանուններ են: Ցավոք Հարժիսի Որենին վերաբերող պատմահնագիտական ուսումնասիրություն մեզ չի հանդիպել, որ կարող էր ճշգրտում մտցել հնավայրի գոյության ժամանակաշրջանի և պատկանելության հարցերում: Ըստ մեր ունեցած նյութի՝ Վօրէն || Վօրվան[17], գործ ունենք մինչև Ք.ա. II հազարամյակ գոյություն ունեցած մշակութային արժեքի հետ, որ տեղանվան մեջ պահպանել է հիմք լեզվի ձևիմասը:
Գալով մեզ հայտնի նյութական գտածոների՝ հուշարձան-կուռքերի[18] հարցին՝ ենթադրում ենք, որ դրանք չէին կարող աննշան լինել պատական ընթացքում. առայժմ հայտնաբերված մարդակերպ արձանների քանակը, յուրահատուկ կառուցվածքը մեզ թույլ են տալիս բնակավայրն անվանելու Սյունյաց աստվածների պանթեոն: Հենց այս իրողությունը հիմք է ստեղծում Հարժիս բառի նշանակությունը նախ և առաջ աղերսելու «դիցարան, պաշտամունքային վայր, տաճար, աղոթատեղի» և նման հասկացություններին: Իհարկե, տարածքը բնական և այլ արժեքներ նույնպես ունի, որոնք, սակայն, երկրորդական՝ հնարավոր այլ հիմքով պետք է քննել: Հուշարձանները, ամենայն հավանականությամբ, նախաուրարտական շրջանի են, թեև հնագիտական մշակութային մյուս և հարուստ շերտն էլ վերաբերում է ուրարտական շրջանին և ազդեցությանը: Ուստի Հարժիս տեղանվան հիմքերը փնտրելիս ուրարտական շրջանը, նաև այլ լեզուների հետ ունեցած ազդեցությունները պետք է համարել միջանցիկ՝ ենթաշերտային: Արձանների և նրանց հետ կապված հավատալիքների, պատկերացումների, զրույցների մասին այլ քննություն է պահանջվում, և տակավին փորձ չի արվել դրանք դիտարկելու այսպես ասած «նոր համեմատական դիցաբանություն» մեջ[19], զուգահեռելու պատմական առասպելաբանական նախատիպերին[20], որ արտացոլված են մասնավորապես հնդեվրոպական ծագմամբ տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության մեջ:
Բառաքննական նյութի բաշխում
Կարծում ենք՝ Հարժիս || Հարժիք > բրբ. Յա[յ]ջի (յ>ր համաբանությամբ) բառը կազմությամբ բաղադրյալ է: Արմատը համեմատել ենք այլ լեզուների հնարավոր ձևերին: Դրանցից առավել տարածված և հնարավոր տարբերակն է պրսկ. harj (هرج) «խռովություն, քաոս» բառը, որ, հավանաբար, արաբ. hrj (جره) «անհանգիստ լինել, անիրավության, անկարգության մեջ լինել» արմատից է, որ անցել է նաև հնդ.՝ harj (हर्ज) «դժվարություն, անհանգստություն, անհարմարություն»: Կասկած չկա, որ բառը իսլամի տարածման հետևանքով է շրջանառվել, իսկ մենք տեղանվան առաջացման ժամանակաշրջանը փորձում ենք գտնել հնագիտական նյութերին վերաբերող հարցերում ստացված արդյունքների զուգորդությամբ, ինչը արդյունավետորեն կիրառվել է տարածաշրջանի մի քանի այլ տեղանունների ուսումնասիրության ընթացքում, ինչպես՝ Գորիս[21], Շուռնուխ[22], Սինդարան[23], Կյա̈կօփ[24], Ըղվերձ[25], Սիրիջ[26] և այլն: Թյուրք. և կովկասյան լեզուների հնարավոր համապատասխանակները պետք է պատահականություն ենթադրել: Անդրադառնալով տեղանվան կազմությանը՝ ստորև քննության կառնենք բոլոր բաղադրիչներն առանձին՝ հ-արժ-իս[ք]: Վերջնաբաղադրիչ իս || իք-ից առաջ ընկած մասը՝ հարժ-ը, կազմված է հ նախահնչյունից, որ բարբառային տարբերակում կարող էր վերածվել է յ-ի՝ յ-ա[յ]ջ-ի: Այս հարցը լուծվում է բարբառային վկայությամբ՝ հարժ || յա[յ]ջ, որտեղ հ > յ փոփոխությունից ա-ի քմայնացած տարբերակով նույնպես գործածվում է՝ Յաջի || Յա̈[յ]ջ: Ուստի և՝ կասկած չկա, որ Յաջի և Հարժիս բառերը նույն ծագումն ունեն:
Նախ քննենք հնարավոր արմատը՝ [հ]արժ || յաջ/ճ: Կանխադրում ենք, որ հարժ || յաջ բառը հին հայերենի արձան, արժան կամ հաշտ բառերի տեղանվանական տարբերակներից մեկն է: Ըստ այդմ՝ քննության ենք դնում կանխավարկածներ:
Ա. Հարժ[ան]-արձ[ան]: Նախապես նշենք, որ արձան բաղադրիչով տեղանունները տարածված են հայոց մեջ, մասնավորապես Սյունիքում՝ Արձանաձոր, Արձանաքար և այլն: 1. [Հ]արժ արմատի ժ-ն կարող է լինել ոչ թե հին շրջանի իրանական կամ մի երրորդ լեզվի ազդեցություն (ձ > [զ]ժ), այլ հենց պահպանված իրանական տարբերակը, որ համապատասխանում է տարածաշրջանում հնդեվրոպական ժողովուրդների՝ մասնավորապես հայ-իրանական ժողովուրդների մշակութային ընդհանուր գոտու[27] ձևավորման ժամանակաշրջանին՝ Ք.ա. II հազարամյակից հետո, երբ նկատվում-վկայվում են հատուկ անունների իրանական տարբերակները, համապատասխանաբար՝ Սյունիք > Սիսական, Արցախ-Ղարաբաղ, Բաղք և այլն, ապա և մինչև արժ արմատից հայերեն արձ ձևիմաստի առաջացումը, ինչպես կանխադրում ենք[28]: Այս ենթադրությունները թերևս կարելի է բացատրել նրանով, որ տարածքային յուրահատկություններով զարգացում ապրած և իրանական լեզվաճյուղի հետ անմիջական շփման մեջ գտնվող Սյունիք-Արցախի բարբառային տարածքում կանոնավոր չեն ձ > ժ || ճ[29] փոփոխությունները: 2. [Հ]արձ[ան] բառից առաջացած լինելու տեսակետներից մեկը կարող է լինել այն, որ նախապես եղել է արձ[ան], ապա դարձել է արժ[ան]. իրանական զուգահեռները (և ոչ միայն[30]) առավելապես ունեն ձ-զ տարբերակներով բառեր՝ դերձակ || դարզի, արձակ || հա̈րզա̈կ (հմմտ. Նաև՝ Որզանա || Արձան), և արձան բառի ձ > ժ անցումը հաջորդել է ձ > զ փոփոխությանը՝ վերջադիր ս-ի՝ հետընթաց տարնմանության արդյունքում՝ [հ]արձանիս > [հ]արզանիս > [հ]արժանիս՝ -ան- հնչյունակապակցության ամփոփմամբ (կրճատմամբ կամ առանց ածանցի)՝ [Հ]արժիս[ս]:
Բ. Հարժ[ան]-արժան: Այս տարբերակի համար հնչյունական տեղաշարժեր չկան, և արտաքուստ կարող է գայթակղիչ տարբերակ համարվել: Սակայն իմաստային և տեղանվանը առնչակից հասկացության համապատասխանեցման խնդիր կա, որ կքննվի ներքևում՝ ստուգաբանվող բառի իմաստաբանական մասում:
Գ. Հարժիս-Արճեշ (Վան): Այս երկու տեղանունները արտաքին՝ հնչյունական կազմով ամբողջովին համապատասխանում են (ժ-ճ և ս-շ փոփոխությունները կարող են բնորոշվել տարածքային լեզվի առանձնահատկություններով): Արճեշ տեղանունը նշում են ուրարտական URUArşaš(ku) արձանագրված բառից[31]՝ Արծաշքու > Արճեշ[32]: Հայկական-սեմական տարբերակներին հետևելով՝ Արճեշ բնակավայրի համար ընտրվում է հնդեվրոպական *arg՛— «փայլուն, սպիտակ» արմատից *arĝeskho- վերականգնված ձևը[33]: Մեր կարծիքով այս տեսակետը բավականին հիմնավոր է մասնավորապես այլ լեզուների հետ ունեցած համեմատությունների շրջանակով։ Ա․ Պետրոսյանը 2006-2018 թվականների ընթացքում, փաստորեն, լուրջ ճշգրտումներ է կատարել Արճեշ տեղանվան մասին և ձեռք բերել կարևոր եզրահանգում, որը բնորոշում է նաև Հարժիսի սրբազան լանդշաֆտին։ Այսպիսով՝ Հարժիս բնակավայրը իր անունը ստացել է տիեզերական որոշ պատկերացումների արտացոլման սկզբունքով։ «Փայլուն, սպիտակ»[34] բառային իմաստներից կարելի է բխեցնել Արճեշ և Հարժիս նույնաձև բնակավայրերի անունների առաջացումը։ Այս դեպքում պետք է ըմբռնել ոչ թե բառացի, այլ հին աշխարհի պատկերացումներով, այսինքն՝ մի բնակավայր, որ արժեքավոր է, տիեզերակենտրոն, այլ կերպ ասած՝ սրբավայր կամ սրբազան տուն։
Մեր ուսումնասիրություններից պարզ են դառնում, որ տիեզերական ըմբռնումներով, տարածքը բնորոշող բառիմաստներով են ձևավորվել հին տեղանունները։
Այսպես՝ Հարժիսից մոտ 30 կմ հեռավորության վրա է գտնվում Քարահունջ հնագույն սրբավայր-աստղադիտարանը, որը հայ մատենագրության մեջ հանտնի է Բոլորաքար անունով։ Այն կազմված է “բոլոր” և “քար” բառերից։ Պետք է նշել, որ հին հայերենում “բոլոր” նշանակում էր նաև «երկնքի առանցք», այսինքն՝ “երկնքի առանցքը կազմող քարեր”։ Հետաքրքրականն այն է, որ Սյունիքի տարածքի բարբառներում Բոլ-որ-ա-քար-ի հնդեվրոպական *bhol- արմատը պահպանվել է ոչ թե երկրորդային ձևիմաստով, այլ առաջնային՝ պո̈ւլ՝ «սրբություն, երախտիք, հարգանք»[35]։
Հարժիսից ուղիղ գծով մոտ 50 կմ հեռավորության վրա է գտնվում Արծվանիկ հնագույն բնակավայրը (Սյունիքի մարզի Կապանի շրջան)։ Ըստ ուսումնասիրության՝ Երիցվանք (> Արծվանիկ) բառը նույնպես առնչվում է արծ արմատին, որ նշված է նաև Օձասարի ուրարտական արձանագրության մեջ: Կապանի շրջանի այդ տարածքը հայտնի է ոչ միայն մետաղի հանքերի, մետաղի մշակման և արտահանման բնագավառներում, այլ նաև նախաքրիստոնեական սրբավայրերով: Արծ- > Արծ-իեն > Արծ-վանի- > Ըրց-ըվանե- հնարավոր փոփոխությունները, տարածքում հայտնաբերված ուրարտական շրջանի բազմաթիվ իրեր հիմք են ստեղծում կարծիք ձևավորելու համար[36]։ Ըստ այդմ՝ Սյունիքի հնագույն սրբազան լանդշաֆտը միակենտրոն չէ և իր մեջ ներառում է նախաուրարտական, ուրարտական և հետուարտական բոլոր ժամանակաշրջանների մշակութային շերտերը՝ որպես հնդեվրոպական ժողովրդի արարման և ստեղծագործման միջավայրերից մեկը։
Տեղանվան երկրորդական ձևույթների քննություն
Հարժիս[ք] տեղանվան ստուգաբանության համար քննություն են պահանջում նաև հ և իս || իք երկրորդական ձևույթները, որ, ենթադրում ենք, կցված են ընտրված հնարավոր երկու տարբերակներին՝ արժ և արձ:
Ա. Ընդհանրապես հայերենում և մասնավորապես Սյունիք-Արցախի բարբառային տարածքում տարածված է հ-ի նախադիր հավելումը, որ կրել է նաև տեղանունը բառի ձայնավորասկիզբ դիրքում, ինչպես որ ունեն՝ 1. հին հայերենի յ նախահավելվածով բառերը՝ յարբել > հարփէլ, յարձակ > հա̈րզա̈կ, յիշատակ > հիշատակ, 2. հին հայերենի համեմատությամբ ե-ով սկսվող բառերը՝ եռ > հէռ (կյա̈լ), երդ > հերթ, երբ > հէփ, երինջ > հէրինջ, 3. խառը՝ ձայնավորով սկսվող մի շարք բառեր՝ ընկեր > հինգէր, ոլոր > հիլօր, աներ > հանէր և այլն: Որևէ հիմք չկա ժխտելու, որ Հարժիս || Յա[յ]ջի տեղանվան հ || յ-ն կարող է լինել նախդիր, որ կրել են և՛ բնիկ, և՛ փոխառյալ անվանական արմատները[37]. արձան բառը հին հայերենում վկայվում է նաև յ նախադրությամբ՝ «Բաղակայ զԲաղաամ եհան զնա յարձանն Բահաղու» (Աստվածաշունչ, Թւ 2241)
Բ. Գալով Հարժիս տեղանվան վերջին հնչյունախմբին՝ -իս || իք (Հարժիս || Հարժիք)՝ առաջադրում ենք տարբերակներ. ա. այն թերևս հին հայերենի -այ-ք՝ [Հ]արժ[ան]իք > [Հ]արժ[ան]իս > [Հ]արժիս[ք], ածանցն է, որ տարածված է պատմական հատուկ անուններում` այ > ե >ի (հմմտ. Գորայք > Գորիս[ք]), 2. հավանական է -իք ածանցը՝ ի վերջածանց և ք || ս հին հայերենի հոգնակի ուղղական և հայցական վերջնամասնիկներ, որ նույնպես ածանցական արժեքով տարածում ունի հին տեղանուններում (Մասիս || Մասիք, Եղեգիս || Եղեգիք)[38]: Մենք հակված ենք երկրորդ տարբերակին: Արճեշ տեղանվան վերջադիր եշ-ի՝ -իս-ից առաջացած և նրա տարբերակներից մեկը լինելը ևս բացատրելի է:
Քննության չենք առնում պարսկերենի (իրանական տարբեր շրջանների) արժ-ի համանունները, որ առանձնապես չեն անցել հայերենին, ինչպես՝ (عرض) ārz 1․«եղևնի, նոճի», 2. «արտաքին ձև, հատկություն, ձև» և այլն:
Ստուգաբանական փորձեր
1. Արձան բառը նշվում է անհայտ ծագմամբ բառերի շարքում: Հնարավոր է համարվում իրանական լինելը, սակայն համապատասխան ձևը հաստատված չէ[39]: Տարբերակներից արժ-ը իրանական փոխառություն է հայերենում՝ պհլ. arž «արժեք», aržān «արժեքավոր, արժանի», որ հնդեվրոպական ծագում ունի[40] և հիմնականում «արժեք, արժեքավոր» իմաստներով է առկայանում իրանական լեզուներում[41]: Եթե արժ-եք, արժ-ան բառերի աղբյուրը իրանական է, ապա նրա՝ հնդեվրոպերենից հայերենին անցած համապատասխանակը պետք է լիներ ալձ կամ աղձ ձևով մի տարբերակ, որ քիչ հավանական է տեղանվան համար (լ || ղ > ր փոփոխությունը իրանական լեզուներին է բնորոշ): Ուստի և հնարավոր է արձ-ի իրանականից փոխանցված լինելը, որ տեղանվան մեջ ենթաշերտային ազդեցություն է կրել՝ արժ՝ *algʷh- «արժեք»[42], որը, անշուշտ, նույն «մի բան արժեցող, արժեք, իրենից մի բան ներկայացնող» իմաստներով է անցել հայերենին և ընդհանրացել գրաբարի վկայություններում՝ արձ-ան «կոթող, սահմանաքար, կուռք, մահարձան, վիմարձան, մշակված քար, արձանագրված կոթող» և այլ իմաստներով: Ենթադրելի է նաև արձ արմատի առանձին գործածությունը արձ(ագանք) «քար, ժայռ, վեմ» բառում, ինպես նկատում են մեր նախորդները[43]: Այս հիմունքով ի մի բերելով արձան և արժան բառերի ընդհանրությունները՝ կարելի է ենթադրել, որ չկա էական հակափաստարկ, որով կբացառվի նրանց՝ նույն հիմքից առաջանալը: Արդյունքում նկատում ենք, որ հնարավոր է արձ և արժ[44] արմատների տեղանվան տարբերակներից մեկն է Հարժիս[ք]ը՝ որպես «քարե կուռքերի, արժեքների, կոթողների»՝ նախաքրիստոնեական հոգևոր կենտրոն, վայր, որ, ինչպես նկատում ենք, վերագրվել է նաև Արճեշին:
2. Հարժիս տեղանունը ձևիմաստով ընդհանրություն ունի, աղերսվում է հնդեվրոպական *i̯ag- արմատին, որի դիմաց ավելի հավանական է դառնում բարբառային բառապաշարում տարածված Յաջի տարբերակը: Մենք գիտենք, որ հ.-ե. *i̯-ի հայերեն բառերում շեշտից առաջ թուլանում է, և կարող են առկայանալ i > 0, i > y(յ) տարբերակները: Այս հնչյունը ունի նաև հ(յ) հնչադարձումը, որ դրսևորվում է մի շարք բառերում, հմմտ. i̯euĝ- > հին. պրսկ. yaudatyi «շարժվել» > յոյզ: Հ.-ե. համար վերականգնված *i̯ag- արմատի հնչյունական վերլուծությունից և հ.-ե. զարմիկ լեզուների հետ ունեցած համեմատությունից պարզ է դառնում նաև *g-ի հարցը: Եթե այն հայերենում հիմնականում առկայանում է կ-ով, ապա նրա *g > ջ փոփոխությունը պետք է որ ենթաշերտային ազդեցությամբ տեղի ունենար, հմմտ.՝ հին հնդ. yájati «երկրպագել աղոթքով և զոհաբերությամբ», [satya-] yáj- «[իսկապես] երկրպագում է», yajñá-ḥ «պաշտամունք, զոհաբերություն», հուն. ἅγιος «սուրբ, նվիրաբերված»[45] կամ հնդեվրոպերենի տրոհումից հետո՝ հայերենի ինքնուրույնացման մի փուլում, երկրորդաբար զարգացել է g > ջ: Այս ընդհանրությունները կասկած չեն հարուցում. հ.-ե. *i̯ag-ն համապատասխանում է [հ]յաջ[ժ] հնչյունախմբով ձևին, որի նախահիմքի տարբերակը կարող է լինել *i̯agwh-i- «երկրպագելու վայր, սրբավայր, զոհարան», հմմտ.՝ ավ. frâyazâite [fra-ýaz] «1. երկրպագել 2. բարձր գովաբանել, կանչել», daêvayasnanãm [daêva-yas-na] «դաևայի (նախազրադաշտական աստվածների) երկրպագու»: Կարծում ենք՝ բառի՝ ենթաշերտային ազդեցության հարցի օգտին են հայ մատենագրության մեջ պահպանված մյուս վկայությունները, որ ծագում են նույն հիմքի հնդիրանական խմբից[46]՝ յազել «զոհել, զոհաբերել», յաշ (յաշ[տ] անցյալ դերբայի ձևից[47]) «կուռքերին եղած զոհ» (հմմտ. ավ. [daêva-]yâz, ýasna «երկրպագություն, զոհաբերություն, աղոթք»), «զոհ՝ մանաւանդ հաշտութեան, ձօն, նուէրք, ուխտ, աղօթք»[48]:
Ի մի բերելով Հարժիս || Յայջի || Յաջի տարբերակների քննությունը՝ նկատում ենք, որ նշված տեսակետները պակաս կամ ավել հավանական են, և մեկը մերժելը կամ մյուսը միանշանակ ընդունելը, այս պարագայում, ոչ միայն դժվար, այլև պատշաճ չէ վաղ անցյալ ունեցող և լեզվական բազմապիսի վիճակներ ապրած տեղանվան գիտական գնահատման տեսանկյունից: Նկատում ենք, սակայն, որ մեր կողմից առաջադրված տեսակետներից գրեթե բոլորը մատնանշում են այն հանգամանքը, որ Հարժիսը պատմությանը առավելապես հայտնի է իր սրբազան տարածքով, մարդակերպ արձաններով, մենհիրներով, որոնք, մեր կարծիքով, եղել են աստվածություններ կամ ծիսական նշանակությամբ կուռքեր, իսկ վայրը՝ հոգևոր կենտրոն, որ կարող էր լինել Արձիք > Հարժիք, այլև՝ Յայջի || Յաջի՝ *i̯agwh-i- «երկրպագելու վայր, սրբավայր, զոհարան» հիմքի բարբառային տարբերակը, որ բազմաթիվ բառերի պես պահպանվել է Սյունիք-Արցախի բարբառային տարածքում:
Համառոտություններ
ավ. — Ավեստայի լեզուն
արաբ.- արաբերեն
բրբ. — բարբառ
Գոր. — Գորիս
թյուրք. — թյուրքերեն
իրան. – իրանական լեզուներ
Կպ. — Կապան
հ.-ե. — հնդեվրոպական
հայ. — հայերեն
հին հնդ. – հին հնդկերեն
հին իսլ. – հին իսլանդերեն
հին պրսկ. – հին պարսկերեն
հմմտ. — համեմատել
հնդ. — հնդկերեն
հնդ. պալի – հնդկական պալի լեզու
հուն. — հունարեն
Շիկ. — Շիկահող
պրսկ. — պարսկերեն
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Աճառյան Հ. 1971-1979, Հայերեն արմատական բառարան (4 հատորով, 2-րդ հրատարակություն), Երևանի համալսարանի հրատ., Երևան (առաջին հրատարակությունը՝ 1926-1935, 7 հատորով, երկրորդը՝ 1971-1979), հատ. I, 1971, 699 էջ, II, 1973, 688 էջ, III, 1977, 637 էջ, IV, 1979, 676 էջ:
- Ավետիսյան Հ., Գնունի Ա., Բոբոխյան Ա., 2014, «Սրբազան տեղանք» հասկացությունը և դրա կառուցվածքը, «Տարեգիրք» (Աստվածաբանության ֆակուլտետ), Էջ 295-305:
- Ավետիսյան Հ., Գնունի Ա., Բոբոխյան Ա., Մկրտչյան Լ., Ավետիսյան Ն. 2019, Լանդշաֆտի հնագիտական ուսումնասիրության առանձնահատկությունները, Պատմություն և մշակույթ հայագիտական հանդես (գիտական հոդվածների ժողովածու), № 1, էջ 95-106:
- Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ. 1979-1981, Նոր բառգիրք հայկազեան լեզուի (հատ. I, II, Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836-1837), Երևան, հատ. I, 1142 էջ, II, 1070 էջ:
- Karageozyan 1988-Կարագեոզեան Յ. 1998, Սեպագիր տեղանուններ (Այրարատում եւ հարակից նահանգներում), «Մագաղաթ» հրատ., Երևան, 394 էջ:
- Հարությունյան Ն. Վ. 1979, Արգիշտի II-ի նորահայտ սեպագիրը, «Պատմա-բանասիրական հանդես», № 3, էջ 93-104:
- Հյուբշման 2004-Հյուբշման Հ. 2004, Հայագիտական ուսումնասիրություններ (գերմաներենից թարգմ. Մ.
- Ղարիբյան Ի., Սիմոնյան Հ., Այվազյան Է., Գնունի Ա., Խաչատրյան Գ., Քամալյան Է. 2011, Սյունիքյան նորահայտումներ, Պատմամշակութային ժառանգություն մատենաշար, Երևան, № 6, էջ 43-144:
- Ն. Հարությունյանը), Երևանի համալսարանի հրատ., Երևան, 520 էջ:
- Petrosyan 2006-Պետրոսյան Ա. 2006, Հայոց ազգածագման հարցեր, Երևան, «Նորավանք», — 146 էջ ։
- Ջահուկյան Գ. 2010, Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, «Ասողիկ» հրատ., 819 էջ:
- Simonyan 2022-Սիմոնյան Ն. Մ. 2022, Ստուգաբանական և բառաքննական դիտարկումներ, Երևան, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի Очерки անվան լեզվի ինստիտուտ, էջ 19-21:
- վետիսյան Հ., Գնունի Ա., Բոբոխյան Ա., Սարգսյան Գ. 2015, Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը, Հնագիտական հետազոտություններ, Երևան, ԵՊՀ հրատ., 230 էջ։
- Քումունց Մ. 2016, Գորիս» տեղանվան ստուգաբանություն, Գիտական հոդվածների ժողովածու (Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ), Երևան, «Ասողիկ» հրատ., էջ 378-396:
- Քումունց Մ. 2017Ա, Կո̈ւփեր և Ըղվերձ տեղանունների ստուգաբանության շուրջ, «Բանբեր հայագիտության», թիվ 1(13), էջ 127-138:
- Քումունց Մ․ 2017Բ,Անձկայք> Քարահունջ<Բոլորաքար (տեղագրական և ստուգաբանական), Միջազգային գիտաժողովի նյութեր. Կովկասը՝ մեր ընդհանուր տուն, Ստեփանակերտ, 2017, 403-408։
- Քումունց Մ. 2021 Ա, Պատմական Հաբանդ գավառի Սիրիջի բերդը, «Էջմիածին», թիվ Զ, էջ 121-129:
- Քումունց Մ. 2021 Բ, Պատմական Սյունիքի Բաղք գավառի Շոռնոխ բնակավայրը (ստուգաբանության փորձ), «Էջմիածին», թիվ Ժ, էջ 50-66:
- Քումունց 2023, Պատմական Սյունիքի Բաղ գավառի Երիցվանք-Արծվանիկ վանական համալիրը և բնակավայրը. տեղանվան ստուգաբանություն, «Էջմիածին», հատ․ Ձ, թիվ Գ, Երևան, 2023, էջ 84-96։
- Օրբելեան Ստեփանոս, Պատմութիւն տանն Սիսական, ԺԴ, ԺԷ դարեր, 1781, Մատենադարան, 6271 ձեռագիր:
- Օրբէլեան Ստեփաննոս 1859, Պատմութիւն նահանգին Սիսական, հատ. Ա, Բ, Փարիզ, Ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց, հատ. Ա, 346 էջ, Բ, 371 էջ։
- Avetisyan H., Gnuni A., Bobokhyan A., Danielyan H. 2017, Menhirs of Harzhis, Bridging times and spaces, Papers in Ancient Near Eastern, Mediterranean and Armenian studies (Honouring Gregory E. Areshian on the occasion of his sixty-fifth birthday), Oxford, p. 1-10.
- Avetisyan H., Gnuni A., Bobokhyan A., Sargsyan G. 2017, Antropomorph statues of ancient Harzhis, «Բանբեր հայագիտության», № 1 (13), էջ 51-66․
- Avetisyan H., Gnuni A., Danielyan H., Bobokhyan A. 2018, Mezarliklarin yapisal ve mekansal niteliklerine yönelik düşünceler: Ermenistan Syunik bronz ve demir çağ örneği, Tüba-Ar (Türkiye bilimler akademisi Arkeoloji dergisi), Ankara, s. 187-195.
- Dumézil 1986—Dumézil G. 1986, Les dieux souverains des Indo-Europeéns, Éditions Gallimard, 276 p.
- Fernández-Jalvo Y. , King T., Andrews P., Yepiskoposyan L., Moloney N., Murray J., Domínguez-Alonso P., Asryan L., Ditchfield P., van der Made J., Torres T., Sevilla P., Nieto Díaz M., Cáceres I., Allué E., Marín Monfort M. D., Sanz Martín T. 2010, The Azokh Cave complex: Middle Pleistocene to Holocene human occupation in the Caucasus, “Journal of Human Evolution”, vol. 58, p. 103-109.
- Hübschmann H. 1895, Persische studien, Strassburg, Verlag von Karl J. Trübnek, f. 288.
- Larson G. J. 1974, Myth in Indo-European Antiquity, Los Angeles-London, University of california press, 197 p.
- Lubotsky A. 2007, Etymological dictionary of the Iranian verb, vol. 2, Brill, Leiden-Boston, 600 p.
- Pokorny J. 1959, Indogermanisches etymologisches Wörterbuch, I, II bend (II Auflage), München: Francke Verlag, Bern, I. bend, 350 s., II 772 s.
- Rhys Davids T.W․ 1921-1925, The Pali text society’s Pali-English dictionary, London, vol I, (I-XIII) 3-172 p., II, 8-209 p., III, 3-102 p.
- Yarshater 2006-Yarshater E. 2006, The Cambridge history of Iran, Cambridge university press (Fourth printing), vol. 3(I), 626 p.
- Григорян Г. 1990, Очерки истории Сюника в IX-XIV вв., Ереван, АН Арм. ССР, 391 с.
- Armen Y. Petrosyan 2018- Armen Y. Petrosyan, The Problem of Armenian Origins: Myth, History, Hypotheses, Journal of Indo-European Studies Monograph Series, No. 66, Institute for the Study of Man, Washington.
[1] Յաջին || Յայջին (բարբառային տարբերակը) ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ մոտավորապես 1770-1780-ական թվականներին: ԽՍՀՄ-ի տարիներին գյուղացիները տեղափոխվել են սարահարթ՝ նախկին գյուղատեղի, և գյուղն անվանել են Յաջի: 1968թ.-ին գյուղը վերանվանվել է Ս. Օրբելյանի վկայած անունով՝ Հարժիս:
[2] Օրբէլեան Ստեփաննոս 1859, 317, այլև՝ 1871թ. Քեոթուկում (Ստեփանոս Օրբելեան 1781։
[3] Հմմտ․՝ Հարությունյան 1979, 93-104:
[4] Ավետիսյան և այլք 2019, 103:
[5] Ավետիսյան և այլք 2014, 299:
[6] Avetisyan and others 2017, 51-66։
[7] Ավետիսյան և այլք 2015, 136, 138, Avetisyan and others 2017, 1-10.
[8] Ղարիբյան և այլք 2011, 43-144:
[9] Avetisyan and others 2018, 187-195.
[10] Avetisyan and others, 2017, 59.
[11] Avetisyan and others, 2017, 58-59.
[12] Մենք Հարժիսից հավաքել են մի շարք ավանդազրույցներ, որոնց մի մասը վերաբերում է նաև տեղանվանը: Ավանդազրույցները արժեքավոր են, սակայն նյութը այլ քննություն է պահանջում: Այստեղ դնում ենք տեղանվան ծագման երկու տեսակետ:
Գյուղի անունը կապվում է հին լեգենդի հետ. հարևան Լծեն գյուղից (այժմ Սիսիանի շրջան) մի տղա գետի ափով գնում է Հալիձոր՝ աղ բերելու: Ճանապարհին նկատում է գեղեցկատես աղջկա, սիրահարվում, 7 օր շարունակ հետապնդում և բռնում նրան: Ամուսնանում է աղջկա հետ, որի անունը Հարժիս էր: Տղան Հարժիսի հետ բնակվում է հենց այդ տարածքում, որտեղից էլ առաջանում է Հարժիս անվամբ գյուղը:
Ըստ ավանդության՝ թուրքերը աչք ունեին Հարժիս գյուղի վրա: Սակայն վախենալով գյուղապետից՝ նրանք չէին կարողանում գյուղին տիրել: Ստիպված գյուղապետին հրավիրում են իրենց մոտ, հարբեցնում: Գյուղապետն առավոտյան, արդեն սթափ, տեսնում է գյուղը հրդեհված, ավերված: Սրտի կաթվածից մահանում է գյուղապետը: Գյուղի ավերումից և կոտորածից Տաթևի մի հոգևորական փրկում է միայն մի աղջկա և մի տղայի: Հոգևորականը որոշում է տղայի միջոցով ավերված գյուղը շենացնել: Կառուցում է Ս. Մինաս եկեղեցին և քարակոփ մի տուն՝ Համբու ղաբը: Տղային ամուսնացնում են Տաթևացի մի աղջկա հետ՝ բնակեցնելով ավերված գյուղատեղում, և քանի որ աղջկա անունը Յաջի էր, նրա անունով էլ կոչում են գյուղը:
[13] Fernández-Jalvo and others 2010, 103-109.
[14] Pokorny 1959, 1155.
[15] Հմմտ. Կպ. Շիկ. ղան «արջի որջ», Սյունիք-Արցախում՝ ղանդաղ «երկար ու խոր փոս, քարայր», հմմտ.՝ իրան. ծագմամբ հանդակ, խանդակ «փոս»:
[16] Rhys Davids 1921-1925, 487.
[17] Այլև մյուս քարանձավը՝ Դղդղնածակ (Դըղդըղնածակ): Հայերենի բարբառներից ոչ մեկը չունի այս բառը: Կարծում ենք՝ Հարժիսի խոսվածքում պահպանվել է հնագույն շրջանից եկող և նոր պրսկ. առկա մի փոխառություն՝ (دغدغه) dāğdāğe «1. վախ, երկյուղ, 2. խախուտ», որից էլ՝ դըղդըղ+ն+ծակ, այսինքն՝ «ահարկու քարայր»:
[18] Հմմտ․՝ Avetisyan and others 2017, 1-10.
[19] Այս մասին կարելի է տեսնել՝ Dumézil 1986, 24-36.
[22] Քումունց 2021 Ա, 50-66:
[23] Տպագրության ընթացքում:
[24] Տպագրության ընթացքում:
[25] Քումունց 2017Ա, 127-138:
[26] Քումունց 2021 Բ, 121-129:
[27] Yarshater 2006, 505.
[28] Արձան հատկանվան քննության մեջ Հ. Հյուբշմանը կասկածով է դնում ardzan «քար, ժայռ, արձան» իմաստից բխելը (Հյուբշման 2004, 321):
[29] Պարզ է յա[յ]ճ||ջ փոփոխությունը, որ տեղի է ունեցել ձ > ժ փոփոխությունից հետո: Բարբառային տարածքում կան տարըմբռնմամբ բառեր՝ ժ > ճ` պատիժ > պատիչ || պատիճ, ժ > ջ` մժեղ > մըժէղնը || մընջէղ || մընջէղնը և այլն:
[30] Հմմտ.՝ անձնատուր> ըզնատօ || ըզնատուր:
[32] Կարագեոզյան 1998, 87:
[33] Պետրոսյան 2006, 136:
[34] «Փայլուն, սպիտակ» իմաստները կարող են վերաբերել նաև մետաղի շահագործմանը, ինչպես ենթադրում են, միջնադարում Հարժիսը հայտնի է եղել արճիճի հանածոյով (Григорян 1990, 175):
[35] Այս մասին տե՛ս՝ Քումունց 2017Բ, էջ 403-408։
[36] Այս մասին տե՛ս՝ Քումունց Մ․, Պատմական Սյունիքի Բաղ գավառի Երիցվանք-Արծվանիկ վանական համալիրը և բնակավայրը. տեղանվան ստուգաբանություն, «Էջմիածին», հատ․ Ձ, թիվ Գ, Երևան, 2023, էջ 84-96։
[37] Այս մասին կարելիէ տեսնել՝ Սիմոնյան 2022, 19-21:
[38] Քիչ հավանական է այն տարբերակը, որ այ-ք-ի այ-ը նույնպես իրանական ադեցությունից մնացած ածանց է՝ —āy > այ[ք] > է >ի, որովհետև շեշտահաջորդ դիրքում այ > է > ի փոփոխությունը գրեթե չի հանդիպում բազմավանկ բառերում:
[41] Lubotsky 2007, 166-167.
[42] Արժեք-ը (-եք ածանցով) համարվում է «ռամկորեն» (այս մասին տե՛ս՝ Աւետիքեան և այլք 1981, I, 358։
[43] Աճառյան 1971-1979, I, 323-324:
[44] Հմմտ. (ارزش) arzeš. «1․ արժեք, 2 կարևորություն, 3. հասարակության մեջ մշակութային հարաբերությունների գնահատման ընդհանուր չափանիշը, մշակութային արժեքներ, կոթող և այլն»:
[45] Pokorny 1959, 501-502.