Խրավանդ, լուսանկարը՝ Հարութ Աղաթելյանի
Հատված Գ․ Սմբատյանի “Տարվա հինգ եղանակները” անտիպ գրքից
Շիկահողից արևմուտք՝ Խրավանդի (խոր վայր, տեղ) խորհրդավոր անտառների խորքում գտնվող միջնադարյան միանավ եկեղեցին ու ներքև՝ գետափից վեր ամուր կանգնած Ծերի եկեղեցին քանդեցին կոլխոզի նախագահի որոշումով, որոնց սրբատաշ ու վիմագիր քարերը եզներով քարշ տվեցին հենց այստեղ՝ քաղաքի կենտրոն, ուր վեր բարձրացավ երկհարկանի ահռելի մի կառույց՝ պահեստներով, գրասենյակներով, ակումբներով, գրադարանով, մառաններով։ Խաչքարերն ու վիմագրերը վարպետները ափսոսեցին պատերի մեջ դնել, տեղադրեցին շենքի ճակատին, պատուհանների և դռների կողերին, բայց, հասկանալի պատճառով, ոչ տեսանելի կողմերում։ Այդ վիմագրերից մեկի վրա Խրավանդից բերված «Խտրիշահ» վիմագիրն էր։ Ո՞վ է Խտրիշահը՝ Աստված գիտի։ Ճակատագրի հեգնանքն էր, թե ինչ, 1937- ին այս շենքի շինարարներին տարան, կորցրին։ 1980-ականներին փորձեցին վերակառուցել, բայց չհասցրին։ Հիմա հսկայական ավերակներ են։ Այն ժամանակ տարեցներն ասում էին․ «Էդպես էլ պիտի լիներ․ բա հե՞շտ է քանդել Խրավանդի Սուրբը, բա հե՞շտ է անմեղ մարդկանց տանել, գլուխները ուտել։ Թե չէ 1937-ի նախագահն ասում էր՝ «տեսա՞ք՝ ինչ եմ կառուցել»»։ Նորը կառուցել չհաջողվեց։ Փլեկներ են։ Հիմա այս շենքի ավերակների կողքով գյուղի հատուկենտ բնակիչները կամ ծնողների ու հարազատների գերեզմաններին այցի գնացողները անցնում են անտարբեր ու աննկատ՝ առանց ըմբռնելու, որ այս ավերակներում թաղված է մի ամբողջ ԴԱՐԱՇՐՋԱՆ․․․ Եվ Աշխարհի ոչ մի Շլիման, ոչ մի Յոհան Քարտեր ու Շամպոլեոն չեն կարող ավերակներից հարություն տալ Խտրիշահի վիմագրերին, իրենց պապերի, հայրերի, եղբայրների զրույցներին, շինարարների ձայնեըին ու մուրճերի զնգոցներին, գուսանների, երգիչների, պարուհիների, ակրոբատների, աճպարարների ելույթներին և բուռն ծափահարություններին։
Աշնան օրերի մի անըմբռնելի զգացման մասին եմ ճգնում խոսել, թեև սա դժվար է ներկայացնել սովորական բառերով (այս զգացումը սակավ, բայց եղել է նաև տարվա այլ եղանակներին): Խրավանդում՝ գետերի խառնարանում, դամբարանադաշտերի արևկողում, Կարմիր քարերում, Քեղցահանդում, հետո նրանից այս կողմ ձորում՝ Մաչի քարում, Բերդի քարի ժայռերին կպած Խուստուփաձորում, Քրկտորի բարձունքում տիրապետում են մեղմ, անսահման և անըմբռնելի խաղաղությունը, հոգեկան անդորրը, օդում թևածող և քո անհանգստությունից բեկված սեփական և անծանոթ շնչառությունը, ձգող-տանող ուժը, երանության զգացում և թախծոտ, կարոտ կարոտը: Ինչ-որ ոգեղեն բան կարծես իջնում է տարածքի ու քեզ վրա, և դու դառնում ես իրական երկնավոր-հավատավոր (գուցե թե այն է, ինչ կոչվում է Սուրբ Հոգի): Բայց ինչո՞ւ չհավատամ։ Եվ այս պահերը գալիս էին մթնժոռեքին, երբ երկրի վրա սահմանագծվում են լույսն ու մութը, լեռնալանջերը, ձորերըն ու անտառները հանդարտ ընկղմվում են խաղաղության մեջ:
Դե արի ու մի հավատա Խրավանդի զորությանը։
Պատանեկությունից առ այսօր հորաքույրս ապրում է Երևանում։ Էդպես էլ երևանցի չդարձավ, Շիկահողի բառբառով է խոսում, բոլոր երազներում գյուղն է, մտորումներում՝ ծննդյան հայրենիքը։
Մի պատմություն եմ պատմում, կարող էիք չհավատալ, եթե ես ականատեսը չլինեի։ Հորաքույրս հարգանք ուներ սոցիալական տարբեր խմբերով, մարդկային ամենատարբեր խառնվածքներով թաղամասում՝ երկար մի նրբանցք, շարքով տներ, զարմանահրաշ մարդիկ, գեղեցիկ կանայք ու աղջիկներ։ Բոլորն այստեղ ժպտում էին։ Չեմ հասկանում, թե ինչու ինձ թվում էր, թե Երևանում արեգակը ամենաուշը այս փողոցում է մայր մտնում։ Վաղուց, բավական վաղուց ես արդեն այստեղ չեմ եղել։ Ինձ համար փակվեց Ճանապարհը, բայց իմ մտքում քաղաքն է, Մանկավարժականի Մռավյանի վրա այն փառահեղ շենքը, տրամվայը, լույսերի մեջ ողողված քաղաքը և մարդիկ։ Նրանք բոլորը գեղեցիկ էին։ Հիմա չեմ կարող նման մարդկանց հանդիպել։
Բայց ես մեր գյուղի Խրավանդի սրբատեղի մասին էի խոսում։
Հորաքրոջս հարևանությամբ հիանալի մի ընտանիք էր ապրում, որտեղ բոլորը կիրթ էին, հարգանք վայելող ու աշխատասեր։ Տանտիկնոջը իրավացիորեն Մեծ տիկին էին անվանում։ Նա այս թաղամասում անվերապահ ընդունված էր․ բարի էր, խորհրդատու, օգնության հասնող։ Նրբանցքի միակ հեռախոսը իր տանն էր, ում ասես ծառայում էր, ով ասես դրսից զանգահարում, բարեկամին էր ուզում, և այս կինը խաղաղ ու համբերատար հեռախոսի մոտ էր կանչում՝ օրվա որ ժամին էլ լիներ։ Քանի՜-քանի՜ հեռախոսահամար եմ մոռացել, բայց 441379 համարը գրանցվել է իմ հիշողության մեջ։ Նա ցավալի բաներ էր պատմում իր ծնողների՝ Արևմտյան Հայաստանից գաղթի մասին, պատմում ու լաց էր լինում, և ձայնն էլ իմ ականջներում է։ Նա գեղեցիկ ու կիրթ հարս ուներ՝ Վիվան, որին սիրում էին թաղամասում։ Վիվան երկու փոքրիկ աղջիկ ուներ։ Մի առավոտ հորաքույրս դուրս է գալիս բակ ու հանդիպում Մեծ տիկնոջը և ջահել ամուսիններին։ Հորաքույրս իսկույն հիշում է գիշերվա երազը, նաև նկատում, որ նրանց միջև ինչ-որ բան այն չէ։ Ասաց՝ գիշերվա երազը լսեն․ «Վիվա՛ ջան, ուրեմն մեր Շիկահող գյուղում՝ գյուղից հեռու անտառի մեջ, մի փոքր եկեղեցի կա, եկեղեցու մոտ էլ մի կապույտ մեծ քար։ Էս գիշեր երազում տեսել եմ՝ դու Խրավանդի եկեղեցու ու էդ կապույտ քարի մոտ կանգնած ես։ Մեկ էլ չգիտեմ որտեղից եկավ մի սպիտակ մորուքով ծերունի՝ ձեռքին մի գոտի։ Քեզ ասաց՝ աղջի՛կ ջան, էս գոտին վերցրու ու կապի՛ր մեջքիդ։ Դու չէիր ուզում, բայց տեսա, որ քեզ ստիպեց, ու գոտին վերցրիր»։
Այս պատմության վրա Մեծ տիկինը ապշած նայեց հարսին, ապա հորաքրոջս ու բացվեց․ «Ա՛յ քեզ բան․․․ Քանի օր է՝ մեր տունը կռիվ է ընկել։ Վիվան հղի է, կանգնել է, թե կրկին աղջիկ եմ ունենալու․․․ Հիմա, հենց էս րոպեին դե հասկացար՝ ուր է գնում։ Ասա՛՝ հետ դառնա․․․ Վիվան չհամբերեց, դիմեց հորաքրոջս․ «Ո՞նց, հիմա ինչ ես ասում, հետ դառնամ տու՞ն։ Ինչ որ ասես, այն էլ կանեմ»։
-Վիվա՛, վերադարձի՛ր տուն․ դու տղա ես ունենալու։
Ամիսներ անց ծնվեց Արմանը։ Թաղամասում հորաքրոջս հեղինակության կտրուկ աճեց։
Երանելի էին աշնան մառախուղը, երամները, վերջին քամիները, անտառի ձայները, Խրավանդի քամու բերանն ընկած անտառի ու այգիների կոտրատվող ու տապալվող ծառերի ձայները, ինչ-որ աղաղակներ… եվ լինում էր, որ ուշ ժամին փակում էին դուռ ու լուսամուտ՝ չլսելու սարսափազդու այդ ձայները։ Խրավանդը՝ որ ոչ միայն սրբատեղին էր, այլ մեծերի ասելով այստեղ էին ծնվում քամիները։ Աշնան ամենաչքնաղ պատկերները այս սրբատեղի ու անտառի հետ է կապված։