“Բարբառագիտական ընթերցումներ” (Միջազգային գիտաժողով)

Spread the love
“Բարբառագիտական ընթերցումներ” (Միջազգային գիտաժողով)

2024թ. նոյեմբերի 14-15-ը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ «Բարբառագիտական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը՝ համագործակցությամբ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի և Գորիսի պետական համալսարանի։

Այս գիտաժողովը ևս մեկ քայլ էր դեպի հայագիտության և բարբառագիտության միջազգային ճանաչումը։ Այն ոչ միայն ակադեմիական և բուհական գիտական աշխատանքների, քննարկումների, այլև միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին հայ բարբառագիտության հետազոտության հետևյալ թեմաները և ուղղությունները՝ պատմական բարբառագիտություն և հայ բարբառների պատմական ուսումնասիրություն՝ Շատախի, Ջուղայի, Ղարաբաղի, Գորիսի, Ագուլիսի և այլ բարբառների, բարբառային միավորների կառուցվածքային առանձնահատկությունները, բարբառների հնչյունաբանական, բառագիտական, քերականական առանձնահատկություններ՝ Մշո, Տիգրանակերտի, Սասունի, Գորիսի, Ղարաբաղի, Մեղրիի, Կապանի և Սիսիանի խոսվածքների և Համշենի բարբառների, այլև ընդհանրապես բարբառային հայերենի զուգաբանությունների վերլուծություն,բառարանագրական աշխատանքներ՝ բարբառային բառերի հավելումներ միջնադարյան ձեռագիր բառարաններում, չբառարանագրված բարբառային դարձվածքները, փոխառությունների ուսումնասիրություն՝ արևելյան լեզուներից անցած բարբառային բնույթի փոխառությունների որակական և քանակական հատկանիշները, դարձվածքների վերլուծություն՝ Կարնո բարբառի խոսվածքների, Լոռու խոսվածքների, Գորիսի բարբառի դարձվածքային միավորները և նրանց դերը բանավոր խոսքում, գեղարվեստական գրականության մեջ, բրբառային նորույթներ՝ լեհահայերի «նոր» բարբառի ձևավորման գործընթացի դիտարկումներ և այլն։

Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ, հետազոտողներ, ուսանողներ Հայաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից՝ Հրայր Մաղաքյան, Նազիկ Հովհաննիսյան, Վիկտոր Կատվալյան, Սարգիս Ավետյան, Արտակ Վարդանյան, Ջեմմա Բառնասյան, Քեթրին Հոդգսոն, Գայանե Գևորգյան, Հովհաննես Զաքարյան, Հասմիկ Խաչատրյան, Ալվարդ Խաչատրյան, Ալլա Բակունց, Մանանա Բաղդասարյան, Մարի Մարգարյան, Արինե Բաբայան, Լուսինե Ներսիսյան, Վալենտին Խաչատրյան, Լուսինե Մարգարյան, Ինգա Մարգարյան, Արմեն Սարգսյան, Նարինե Մարկոսյան, Լիլիթ Պետրոսյան, Նանե Գևորգյան, Մհեր Քումունց։

Միջազգային գիտաժողովը կարևոր քայլ էր հայ բարբառագիտության, նրան առնչվող այլ գիտակարգերի ուսումնասիրության համար։ «Բարբառագիտական ընթերցումներում» շեշտվեց բարբառների ուսումնասիրության գործնական կիրառումը մշակութային ինքնության պահպանման համատեքստում։ Ներկայացված զեկուցումները բացահայտեցին բարբառային միավորների լեզվաբանական շերտերի նշանակությունը՝ միևնույն ժամանակ մատնանշելով բացերն ու հետագա անելիքները, հետազոտական նյութերի կարիքները։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի