Լինել թե չլինել…

Spread the love

Լուրը, որ իրենց համագյուղացու որդին վերադարձել էր գերությունից, արդեն տարածվել էր ողջ գյուղում: Առավոտյան հայրը իր մեքենայով գնացել էր մայրաքաղաք` որդուն դիմավորելու և գյուղ բերելու:

“Որդիս հյուծված և ուժասպառ տեսք ունի”,- տխուր մտածում էր հայրը: Սակայն հորը ավելի շատ մտահոգում էր որդու տրամադրությունը: Ամբողջ ճանապարհին միայն նա էր մեքենայի պատուհանից դուրս նայում և խուսափում խոսակցության մեջ մտնելուց:

“Նրան ժամանակ է պետք նոր կյանք սկսելու համար, մենք պետք է համբերատար լինենք”- հուսադրում էր հայրն ինքն իրեն:

Գյուղը տոնական տրամադրության մեջ էր: Խորովածի ծուխը երկինք էր հասել, բուրմունքն էլ՝ տարածվել ամբողջ գյուղով մեկ: Գյուղացիները մեկիկ-մեկիկ մոտենում և գրկում էին նրան ՝ քաջալերանքի խոսքեր փնտրելով: Ոչ ոք հարցեր չէր տալիս երիտասարդին, նա էլ իր հերթին փորձում էր ժպտալ և երախտագիտության մի քանի բառ ասել ջերմ ընդունելության համար:

Ջերմ ընդունելության կազմակերպիչն էլ գյուղապետն էր՝ երիտասարդի դպրոցական տարիների մտերիմ ընկերը:

Երբ պատերազմը սկսվեց, ընկերները կյանքի տարբեր ուղիներ ընտրեցին: Երիտասարդը պատերազմի հենց առաջին օրը զինվորագրվեց, իսկ նրա ընկերը մեկնեց անհայտ ուղղությամբ և հայտնվեց գյուղում միայն պատերազմի ավարտից հետո…

Այժմ գյուղապետը ոգեշունչ կենացներ էր ասում հայրենի օդ ու ջրի, սար ու ձորի, նաև բաղձալի խաղաղության և պայծառ ապագայի մասին: Երիտասարդի տրամադրությունը ավելի էր ընկնում և հազիվ էր իրեն զսպում պոռթկալուց…

Արդեն կեսգիշեր էր, երբ գյուղացիները սկսեցին ցրվել: Տնեցիներն էլ, օրվա իրադարձություններից հոգնած, պառկեցին՝ քնելու: Միայն հայր ու որդի առանձնացան, երկուստեք հարցեր ունեին իրար տալու և լսելու պատասխաններ, որ դեռ պետք է մարսեին:

— Որդի՛ս,- հայրը մեղմորեն սկսեց,- ամեն ինչ լավ է լինելու, այսուհետև խաղաղության մեջ ես ապրելու, ոչ մեկիս վտանգ չի սպառնալու:

-Հայրի՛կ, սթափվի՛ր, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ գյուղի բոլոր բարձունքներում թշնամու զինվորներն են տնավորված: Ինչո՞վ ես համոզված, որ եթե զենքը այսօր չի կրակում, վաղն էլ չի կրակելու:

— Որդի՛ս, մենք ամեն ինչ անելու ենք պատերազմից խուսափելու համար,- հայրը պատասխանեց:

— Եթե պատերազմից խուսափելու գինը երկրիդ շագրենու կաշվի նման կրճատվելն է, ապա խաղաղություն երբեք չես ստանա, կմնաս հավերժական պարտվածի վիճակում,- ասաց որդին:

— Տղա՛ս, — շշնջաց հայրը,- մի մոռացիր, որ մենք պարտվել ենք պատերազմում:

-Հայրի՛կ,- գոչեց որդին,- զինվորը չի պարտվել պատերազմում, զինվորը կռվել է մինչև վերջին շունչը: Պատերազմում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերոջը: Նա ծնողների միակ զավակն էր, ապրում էր արտերկրում, պատերազմի առաջին օրերին արդեն մարտի դաշտում էր, միասին էինք կռվում: Անհավասար մարտում մեր բոլոր ընկերները զոհվել էին, մենք դեռ դիմադրում էինք, երդվել էինք, որ չենք լքի մեր դիրքը: Նրա փամփուշտները արդեն վերջացել էին, մի պահ նայեց իմ կողմը՝ բացականչելով՝ չմոռանաս երդումդ և նռնակը ձեռքին նետվեց թշնամու վրա: Ես ծանր վիրավորվեցի և գիտակցության եկա, երբ թշնամին ինձ քաշ էր տալիս անտառի դարուփոսերով….

— Հայրի՛կ, ես դժոխքի միջով եմ անցել , թշնամու՝ մեր հանդեպ տածած ատելությունը և դաժանությունը սահման չուներ, բայց ես պարտավոր էի ապրել՝ վկայելու, որ մեր զինակից ընկերները ոչ թե զուր են զոհվել, այլ հանունի համար…

— Որդի՛ս, քո վերքերը մի օր կսպիանան, և կյանքը նորից քեզ կժպտա …

— Հայրի՛կ , մարմնիս վերքերը կսպիանան, բայց հոգուս վերքերը կմնան ինձ հետ մինչև կյանքիս վերջը: Բայց ես մտադիր չեմ հանձնվել, իրական խաղաղություն և պայծառ ապագա ունենալը հենց այնպես չի տրվում:

— Զավա՛կս , գուղացիների մի մասը լքել է գյուղը և տեղափոխվել այլ վայրեր, գյուղում մնացածներն էլ միակարծիք չեն իրենց քայլերի հետ կապված: Որոշներն էլ համակերպվել են ապրել թշնամու նշանառության տակ՝ հույսը դնելով նրանց ողորմածության վրա:

— Հայրի՛կ, երբ դու էիր պատերազմ գնացել, մենք շատ փոքր էինք: Քեզնից երկար ժամանակ լուր չունեինք: Մայրիկը գիշեր-ցերեկ աշխատում էր մեզ ինչ-որ կերպ կերակրելու համար: Խանութում վաճառվող հացը նորմայով էր և թեպետ կանաչ գույնի էր, դժկամությամբ ուտում էինք, քանի որ քաղցած էինք: Եվ եթե հարևաններց որևէ մեկը պատահաբար ալյուր էր ձեռք բերում, տանը թխած հացի բույրը մեզ՝ երեխաներիս, տանում էր այդ տունը: Ամեն ինչ սուղ էր, հոսանքը՝ ընդհատումներով, գազ չկար, ջուրը դժվարությամբ էինք հասցնում տուն: Երեխաներիս համար առաջին հրետակոծությունները նման էին տոնական հրավառության, թաքուն տանիք էինք բարձրանում՝ կրակե երկինքը դիտելու: Բայց երբ ավերածություններ սկսվեցին, և առաջին զոհերը ունեցանք, թաքնվում էինք նկուղում, մայրիկը մեզ ստիպում էր պառկել գետնին, ինքն էլ պառկում էր մեզ վրա՝ թևերը թռչունի նման լայն տարածելով, որ ոչ մեկս դրսում չմնա… Միայն նկուղում հազիվ տեղավորված ցանցե հին մահճակալն էր, որ միալար ճռճռում էր․ տատիկն էր դողացնում…

— Հայրի՛կ,- շարունակեց նա,- մենք գոյատևեցինք, որովհետև միասնական էինք, գյուղացիներից ոչ ոք չլքեց գյուղը, բոլորը պատերազմում կռվող որդիներ, հայրեր կամ այլ ազգականներ ունեին, սպասում և սրտանց հավատում էինք նրանց հաղթական վերադարձին: Ցավոք, չկարողացանք փայփայել և պահպանել դժվարությամբ ձեռք բերված հաղթանակը:

— Տղա՛ս, մի օր մենք էլ հաղթանակներ կունենանք, բայց մեզ ժամանակ է պետք հզորանալու համար:

-Հայրի՛կ: Մենք չէնք կարող հաղթանակ կերտելու պատասխանատվությունը գցել մեր ուսերից , “զանգ կախելն” էլ թողնել մեր ապագա զավակների կամ զոհված ընկերների երբեք չծնվելիք որդիների վրա…

— Զավա՛կս, գոչեց հուզված հայրը,- շատ դժվար առաքելություն ես հանձն առնում: Մեր երկիրը վատ ժամանակներ է ապրում: Մեր ազգակիցների մեծ մասը խուսափում է առերեսվել իրականության հետ:

-Հայրի՛կ , մենք պարտավոր ենք հաղթահարել համընդհանուր թմբիրը, համախմբվել և հաղթել այս պարտադրված պատերազմում: Մեր ազգի լինել թե չլինելու հարցն է որոշվում այսօր: Սթափվենք՝ կշարունակենք ապրել որպես ազգ, հակառակ դեպքում որպես ազգ մոռացության կմատնվենք…

Սիլվա Խոջաբաղյան

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի