Սեպտեմբերի 17-ին Երևանում՝ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում, որտեղ անցյալ տարվանից ժամանակավոր գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը, կայացավ «Ոսկե դարան» բջջային հավելվածի շնորհանդեսը։ Ներկա էին մշակութային գործիչներ, հավելվածով հետաքրքրվողներ, այն ստեղծման գործում աջակցողներ, թանգարանի աշխատակիցները։ Ներկաներին ողջունեց Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը։ Նշեց՝ «Ոսկե դարան»-ը հեքիաթների շտեմարան է՝ թումանյանական հեքիաթների և բանահյուսական արժեքների տարածման ու հանրահռչակման աուդիո տարբերակով։ Հավելվածում ներառված է Մեծ լոռեցու 22 հեքիաթ, որոնք ընթերցվում են հայ տաղանդավոր դերասանների ու մտավորականների ընթերցմամբ՝ ձևավորված ուշագրավ երաժշտությամբ։ Լ․ Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց և թանգարանի շնորհակալագրով ու հուշամեդալով պարգևատրեց հավելվածի ստեղծման հովանավորներին՝ Հայ կրթական հիմնարկությանը, Ֆրանսիայի «Կայծ» նոր սերունդ մշակութային միությանը, Երևանի «Հայ կրթական բարեսիրական կազմակերպությանը», ինչպես նաև՝ ԴՌ Դոնի Ռոստովի տարածաշրջանի երիտասարդական հասարակական կազմակերպության «Դոնի հայ երիտասարդական միությանը», որոնց ներկայացուցիչները ներկա էին և կարևորեցին թանգարանի նախաձեռնությունը։ Նշեցին՝ այսուհետ հավելվածը հնարավորություն կտա նաև Սփյուռքում բնակվող հայ երեխաներին, երիտասարդներին ծանոթանալու Թումանյանին և նրա ստեղծագործությանը։ Այսինքն՝ «Ոսկե դարան»-ը Թումանյանական պատուհան է դեպի մեծ աշխար, Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթների խորը, անծայր, հարուստ ու շքեղ աշխարհի ոսկե բանալին է։ Եղան ելույթներ նաև հավելվածի ստեղծման աջակից դերասանների, նկարիչ-դիզայներների, երաժիշտների կողմից։ Էկրանին ցուցադրվեց տեսաֆիլմ հավելվածի ստեղծման մասին։ Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթը Արցախի բարբառով ներկայացվեց «Դիզակ ԱՐՏ» մշակութային կենտրոնի սաների կողմից։
Լուսանկարներ․ Լրատվությունն ամբողջությամբ՝ շուտով։