«Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» շարունակում է «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում ուսումնասիրել «Բանավոր մշակութային արժեքները Գորիս համայնքում» թեման։
Օգոստոսի 8-ին՝ Գորիսի Խորեայի ձոր հյուրանոցային և ռեստորանային համալիրի սրահում կայացած աշխատաժողովի ընթացքում, ծրագրի ղեկավար Մհեր Քումունցը ներկայացրեց իրականացված աշխատանքների ընթացքը և կարևորեց թեման՝ Գորիսի հոգևոր-մշակութային ժառանգության բացահայտման և արժևորման տեսանկյունից։ Աշխատաժողովի ընթացքում ծրագրի անդամ-հեղինակները ներկայացրին իրենց կատարած հետազոտությունները։ Վերջին մեկ ամսվա ընթացքում խմբի անդամներն այցելել են Գորիս համայնքի բոլոր գյուղերը և զրուցել ավելի քան 50 մարդկանց հետ՝ հավաքելով մշակութային արժեք ունեցող բազմաթիվ պատմություններ, որոնք կարևոր են համայնքի հոգևոր կյանքի համար։ Դաշտային-հավաքչական աշխատանքներն արդյունավետ էին, սակայն որոշ նյութեր դեռևս լրացման և վերամշակման կարիք ունեն։ Գորիս համայնքի բոլոր բնակավայրերից հավաքված նմուշներն ու բանավոր զրույցները սղագրվել են, և դրանք համառոտ ներկայացվեցին թեմատիկ խմբերի ղեկավարների ու անդամների կողմից։ Թեմաները ներառում էին՝ «Կինը Գորիս համայնքի մշակույթի ձևավորման արժեհամակարգում», «Խորհրդային արժեհամակարգի արտացոլանքը մեր օրերում», «Հանդուրժողականությունը և անհանդուրժողականությունը Գորիս համայնքի նկարագրում»։
Հիշեցնենք, որ «Մեր բանն ու գործը» ծրագիրը մաս է կազմում «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» հիմնարար ծրագրի, որն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ, Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։