1920-ական թվականներին Հայաստանում հապշտապ ընդօրինակեցին Խորհրդային Ռուսաստանի չարագործությունը և փորձեցին հետ չընկնել ռուս բոլշևիկներից և այսպես կոչված «կոմսոմոլիստներ»-ից։ Եվ 1700-ամյա Հայոց եկեղեցին գրեթե երկու տասնամյակ ապրեց իր պատմության ծանր ու մռայլ ժամանակներից մեկը։ 1921թ. սեպտեմբերի 9-ին Գևորգ Ե կաթողիկոսի կոնդակով և Սինոդի որոշմամբ հիմնվում է Սյունյաց թեմը, և նշանակվում է թեմի առաջնորդ և տաթևի վանքի վանահայր, որին վիճակվեց ապրել ու գործել սարսափի պայմաններում։ Բազմաթիվ են վավերագրերը (Սանդրո Բեհբությանի «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» և ՀԱԱ-ից այլ թղթեր), որոնց համաձայն Տաթևի վանահայր, Սյունյաց թեմի առաջնորդը այցելել է Սյունիքի գյուղերը, հանդիպել հավատացյալ ժողովրդի հետ, փորձել կարգի բերել թեմի գործերը։ Վավերագրեր կան նաև Մեղրիում լինելու մասին: Կապանից հիշատակվում է միայն Ագարակը, այն էլ ոչ բարի հիշողությամբ: Թեմի առաջնորդի հանդեպ անհարգալից են եղել հատկապես Տաթևի, Կոռնիձորի, Գորիս քաղաքի և բազմաթիվ գյուղերի կոմսոմոլներն ու կոմունիստները։ Բոլշևիկյան խորշակը մորեխի հետ մտել էր գյուղերը՝ մեկը մյուսից անտանելի ու աղետալի։ Ցավալի միջադեպերի մասին թե՛ Բեհբությանի գրքում և թե՛ մեզ հասանելի վավերագրերում որքան ասես վկայություններ կան, բայց գրեթե ոչինչ չկա Կապանի գյուղեր այցելելու մասին։ Մնում է ապավինել բանավոր հիշողություններին, ու թե բախտներս բերեց՝ գրավոր որևէ հուշագրության կամ տեղեկության։ 100 տարի է անցել, և բանավոր հիշողությունները հիմա հողի տակ են, իսկ գրավոր պատառիկների առումով, փաստորեն, բախտներս բերել է։ Դրանք Ներքին Հանդ գյուղից մտավորական ու աշխատավոր մարդու՝ Իշխան Միրզոյանի՝ Հանդի հետ առնչվող բազմաթիվ իրադարձությունների ականատեսի ձեռագրերն են։ Ձեռագրերը Հանդի պատմության անգնահատելի աղբյուր են և միաժամանակ գալիս-լրացնում են թեմի առաջնորդի կենսագրությունը և համոզում, որ Սյունիքի ամենապատվասեր ու մեծահոգի մարդիկ ՀԱՆԴԵՑԻՆԵՐՆ էին։ «Ներքին Հանդ… Փոքր Հանդ… Կարծեք հենց այս փոքրիկ գյուղի վրայով է անցնում թուրքական երկու աշխարհները միմյանց կապող ուղին: 20-րդ դարասկզբին Հանդը Չինական պարիսպ դարձավ այդ ճանապարհին։ Հանդ … նոր անուն: Հին անունն անհետացավ Դավիթ-Բեկի շարժման պարտությունից հետո, երբ բնակիչները անհայտ ուղղություններով հեռացան: Ռուսաստանին միանալուց հետո սկսվում է Փոքր Հանդի ընդհատված պատմությունը: Նորաբնակներն ազատասեր էին, անկախ, անենթակա, անիշխանասեր և հերոսական: Ասում էին, որ եկել են իրենց պապերի Հայրենիքը: Եկան, ծառ ու թփի մեջ թաքնված եկեղեցի և հին գյուղատեղի նկատեցին: Շուտով եկվորները շունչ ու հոգի պարգևեցին ավերակներին: Սողունների ու վայրի գազանների հարևանությամբ գյուղը սկսեց շնչել, ապրել: Ո՞վ գիտե, գուցե նրանց մի մասը իրոք նախնիների գյուղում էր: Սակայն եկվորները բոլորովին ուրիշ մարդիկ էին, նման չէին ո՛չ իրենց հետ ներգաղթածներին, ո՛չ էլ տեղացիներին: Կարծես առանձին կաստա էին, առանձին մի կղզյակ, որ երբեք չփոխվեցին, այդպիսին մնացին ու մնում են գյուղի ամբողջ պատմության մեջ: Սոսյաց հեթանոս անտառի հարևանությամբ գյուղը մնաց միայնակ, աշխարհից հեռու, կտրված նույնիսկ մոտակա հայկական բնակավայրերից: 1906թ. և 1918-1920թթ. հերոսական մարտերի մեռնող վկաները գնդակներից խոցված ու վիրավոր տների սյուներն ու գերաններն են: Բասուտայից վեր` նեղ ձորակում` Մթնաձորի պռնկին ծվարած գյուղում, օձերի թագավորություն էր: Գյուղի փողոցներում, տների տանիքներում ամենուր օձերն էին վխտում, իսկ հանդեցին ընտելացել էր, հարևան դարձել, ընկերացել օձերի հետ: Հանդը թառել էր լեռնալանջին, տներն իրար կպած, մեկի տան կտուրը մյուսի բակն էր, փողոցները կածան հիշեցնող, տեղ-տեղ սալահատակ, տեղ-տեղ սրբատաշ քարերով պատեր, որոնք ամենևին էլ 19-րդ դարի կառույցներ չեն, այլ խոր անցյալի: Մարդն այստեղ մերվել էր վայրի բնության հետ ու կարծես երկու ոտքով դեռ նախնադարում էր: Ոչ ոք այնպես չի ձուլվել բնությանը, ինչպես հանդեցին. նա արջի դեմ անզեն էր ելնում, կոխի բռնվում ու հաղթող դուրս գալիս, վայրի գազանների հետքերով նրանց բներն էր հասնում, օձից չէր սարսափում, գետում ձեռքերով ձուկ է որսում, օրերով անհետանում է Մթնաձորում»:
Մեծից փոքր որսորդ էին։ 30-ականներին կոլխոզի գործերն առաջ տանելու նպատակով երբ շրջանի ղեկավարությունը առաջարկեց հավաքել հրացանները, կոլխոզի նախագահ Համազը բացատրեց․ «Հավաքած, չհավաքած, նույնն է։ Հրացան չլինի, ցաքհատի կոթով են գնալու որսի»։
Հանդեցի Իշխան Միրզոյանին է պատկանում «Հուշեր մի գյուղի մասին» հուշագրությունը, որն ինձ հանձնել է գրող, լրագրող, մի շարք գրքերի հեղինակ Լենդրոշ Հակոբջանյանը։ Կարդացողներ են եղել, բայց անտարբեր «թռել են» 84-86 էջերի վրայով։ Օտար անուն չկա, հիշատակվում են միայն համագյուղացիները, թվում է՝ գյուղական զրույց է։ Բայց․․․։ այստեղ հնչում է «Սրբազան» և «Հայր սուրբ» անունները։
«Գյուղի կատարածու Իվանը կանչում է Միրզային՝ Միրզա ապե՜ր, Միրզա՛ ապեր․․․ Միրզան դուրս է գալիս ու արձագանքում․- Լսում եմ, Իվան, ի՛նչ է պատահել։ -Միրզա ապեր, հյուրեր ունես, դուրս եկ ընդունիր։ Երեկոյան ժամը 10-ն անց էր։ Մինչ Միրզան ճրագը կվառեր ու դուրս կգար, թոռը պատշգամբից գլուխը կախում, նկատում է երեք հոգու, որոնցից երկուսի կրծքին խաչեր էին փայլում։ Նա պապին ձայն է տալիս, որ ինքը երկու պսպղուն ծաղիկ է տեսնում։ Միրզան իջնում է ներքև, իմանում, որ հյուրերն են Էջմիածնի Սրբազանը, Մեղրու ադերը և Կեմանցի ադերը (Ադեր)։ Ճանաչում է վերջիններին և աջը սրտին դրած գլուխ է խոնարհում և խնդրում, որ իջնեն ջորիներից և հրավիրում է տուն։ Հյուրերն իջնում են գրաստներից և ճրագի լույսի տակ բարձրանում երկրորդ հարկ: Տղաները գրաստներին տեղավորում են գոմում ու կերակրում։ Հանդեցու տունը հարմարավետ էր։ Վառվում էր օջախը, հատակին փռված էին կարպետներ, նրանց վրա՝ գորգեր, գորգերի վրա՝ փափուկ ներքնակներ։ Թիկնելու համար դրված էին բարձեր։ Հյուրերը հանվում են, մտնում սենյակ։ Թեյախմությունից ու հացկերույթից հետո հանգստանում են։ Գյուղի տարեցները, լսելով հյուրերի մասին, այցելում են Միրզայի տունը։ Գալիս-համբուրում են Սրբազանի աջը, նստում իրենց տեղը։ Հանդեցիները հոգևորականներից լսում են իրենց գլխին եկածը․ Շվանիձորում իրենց չեն ընդունել, հարկադրված են եղել քնել բինաներում, ապա իջել են Կեմանց, ուր ևս չեն ընդունել։ Հետո մտել են Ծավ․ այստեղ ևս մերժել են և հարկադրված եկել-հասել են Ներքին Հանդ։ Նրանք Շիշկերտում չէին եղել։ Սրբազանն ասաց, որ կառավարությունն իրավունք է տվել քահանա ունենալ այն չունեցող գյուղերում, սակայն պիտի ունենալ թեկնածու։ -Հայր Սուրբ, մենք թեկնածու ունենք, օծվել է Էջմիածնում 1910թ․, բայց երբ կինը մահացավ, նա վերադարձավ, կրկին ամուսնացավ։ Ամուսնությունից հետո նրան իրավունք չվերապահվեց քահանայություն անել։ Գյուղն էլ մնացել է առանց քահանայի,- տեղեկացրեց Միրզան։ -Եկեղեցին այլևս արգելք չի հանդիսանում։ Նման դեպքում թույլատրվում է կրկին օծվել ու քահանայություն անել,-ասում է Հայր Սուրբը։ Այդ պահին ներս է մտնում Ավանեսը՝ Տեր Ավանը։ Նա դռնից ծնկի է գալիս, ծնկաչոք հասնում Սրբազանին ու համբուրում նրա աջը։ Հետո հետ-հետ է գնում և համեստորեն նստում հյուրերի մեջ։ Նրա աչքերը լցվել էին արցունքով, հուզված էր, կարկամել-լռել էր։ -Ահա և մեր թեկնածուն՝ Տեր Ավանը (նրան, միևնույն է, Հանդում և շրջակա գյուղերում անվանում էին Տեր Ավան),- մատնացույց է անում Միրզան, որի խոսքն էլ հավանության են արժանացնում հանդեցիները։ -Լավ է։ Որդիս՝ Ավա՛ն, օծվելու եք Տաթևի վանքում,- ասաց Սրբազանը։ Տեր Ավանը աջ ձեռքը սրտին խոնարհվում է Սրբազանի առջև, կախում գլուխը և մատները միմյանց շփում հուզմունքից»։ Ղազարն ուզեց ներկայացնել իրավիճակը․ «Հայր Սրբազան, գիտե՞ք, որ քահանաների ու եկեղեցու համար շատ նեղություններ ենք քաշում»։ -Ի՞նչ, չհասկացա, բացատրեք,- ասաց Սրբազանը։ -Ոչինչ, ոչինչ,- միջամտեց Միրզան՝ աչքերը չռելով Ղազարի վրա, լռեցնելով նրան՝ հասկացնելով, որ դրա պահը չէ»։ Միրզան գյուղի պատիվն էր պահում։ Խորհրդային խորշակը թեթև, բայց նաև Ներքին Հանդ էր մտել։ Մյուս գյուղերի համեմատ կոմսոմոլն ու կոմունիստները թեև մեղմ էին, բայց դե խափանում էին կրոնական արարողությունները։ Առավոտյան Սրբազանը գնաց։ Թե ինչպիսի ընդունելություն է եղել Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղերում, հայտնի չէ։ Որևէ տեղեկություն էլ չկա, ոչ ոք չի հիշում։ Վախը․․․ չեն խոսել, զրույցները միմյանց չեն փոխանցել։
Ովքե՛ր էին հոգևորականները, մանավանդ ո՛վ էր Սրբազանը։ Նրանք էին՝ Մեղրու քահանա տեր Խաչատուրը, Կեմանցի քահանա տեր Մարտիրոս Տեր-Մարտիրոսյանը, իսկ ՍՐԲԱԶԱՆԸ հայ եկեղեցու երևելի գործիչներից մեկն էր՝ Սյունյաց թեմի առաջնորդ Արտակ Տավուշեցի Սմբատյանցը։ Նա ծնվել է 1876թ. մարտի 19-ին Տավուշի Տավուշ գյուղում: Աշխարհական անունն էր Ղազար: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: 1887թ. Ղազարը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի սովորող էր: 1894թ. ավարտում է Ներսիսյան դպրոցը և ընդունվում Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը: 1899թ. Ալ. Մանթաշյանցի հովանավորությամբ որպես ազատ ունկնդիր ընդունվում է Դորպատի համալսարան և խորանում ռուսաց և գերմաներեն լեզուների իմացության մեջ: 1922-1927թթ. Արտակ եպիսկոպոսը Սյունյաց թեմի առաջնորդն էր և Տաթևի վանքի վանահայրը, միաժամանակ Սյունիքի հուշարձանների պահպանության լիազոր ներկայացուցիչը: Դորպատից Տաթև՝ ծառայության, hետո Շիրակ ու Արարատյան թեմ։ Սովորական հոգևորական չէր, ուներ մեծ ունակություններ, զբաղվում էր գրական գործունեությամբ։ Արտակ Տավուշեցին այցելել է Սյունիքի գյուղերը, հանդիպել հավատացյալ ժողովրդի հետ, փորձել կարգի բերել թեմի գործերը։ Վավերագրերը վկայում են Մեղրիում լինելու մասին։ Տեղեկությունները ժլատ են Կապանի հարցում։ Սրբազանը նույնիսկ հասել է Մթնաձորի Ներքին Հանդ, երբ Մեղրու և Կապանի այս կողմերի գյուղերում չեն ընդունել նրան և ուղեկցողներին։ Ցավալի այս միջադեպերի մասին թե՛ Բեհբությանի գրքում և թե՛ մեզ հասանելի վավերագրերում տեղեկությունների չենք հանդիպում։ Դորպատից աշխարհի ամենախուլ անկյուններից մեկը՝ Տաթև ու․․․ Ներքին Հանդ։ Նա իրապես Ներսես Մելիք-Թանգյանի ժառանգորդն էր, դիմացավ նվաստացումներին։ 1937 ապրիլի 13-ին հերթը հասավ Արտակ Եպիսկոպոս Սմբատյանին։ Այդ օրը նա ձերբակալվեց Երևանի առաջնորդարանում: Հաջորդ օրը Մայր Աթոռի Երեմյան շենքում նրա բնակարանը խուզարկվեց: Տարիներ շարունակ հետապնդվելուց, անլուր հալածանքների ենթարկվելուց հետո նրան հոշոտեցին բոլշևիկ բորենիները։ ՀՍՍՀ ՆԳԺԿ Եռյակի որոշումը 1937թ. օգոստոսի 31-ի Արտակ Եփրեմի Սմբատյանի գնդակահարման մասին ի կատար է ածվել 1937թ. սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերվա ժամը երկուսին: Արտակ Սրբազանը գնդակահարվել է Չէկայի մեկուսարանում: Մյուսները չգնդակահարվեցին, բայց կրեցին զրկանքներ։ Ավանը Տաթև մեկնեց, օծվեց Վանքում, նրան օծեց Սրբազանը։ Տաթևում մնաց երեք ամիս։ Նրան Տաթևից վերադարձնելու համար որպես բարեխոս գնաց հանդեցի Առստամը։ Եկավ, մի որոշ ժամանակ Կեմանցի քահանայի հետ քահանայություն արեց Ծավում, ապա իջավ հայրենի գյուղ։ Ասում են՝ մի ամիս «կնոջ երես չպիտի տեսներ»։ Ենթարկվեց կարգ ու կանոնին։ Նրան կերակրում էին համագյուղացիները։ 1923-ից Հանդի հոգևոր հովիվը Տեր Ավան Տեր-Հարությունյան-Տեր-Գրիգորյանն էր (երկու ազգանուն է կրում)։ Շուտով նա ծառայության անցավ նաև Սրաշենի Ս․ Հռիփսիմե եկեղեցում։
Ժամանակները․․․ Հանդեցին անհամեմատ բարձր ու բարոյական մնաց։ Իշխանությունները քահանային հարկադրեցին հրաժարվել հոգևոր ծառայությունից, մաքրել մորուքը։ Հանդեցիները մերժեցին սափրել տեր հոր մորուքը, և դա արեցին Շիկահողի իր բարեկամ կոմունիստները։ Հանդեցին քահանային ո՛չ ծաղրեց, ո՛չ անպատվեց, ո՛չ ծեծի ենթարկեց, ինչպես հանրապետության գրեթե բոլոր շրջաններում։ 37-ին Տեր Ավանի որդիներից Քրիստափորը գնդակահարվեց, քանի որ Նժդեհի հեծելազորայիններից էր, Հայկը քշվեց տաժանակրության։
Հանդ… Չափից դուրս անտարբեր ենք եղել քո հանդեպ: Քո պատմութան նոր և նորագույն ժամանակների էջերը հերոսական են: Ինչպիսի՞ն է եղել խոր անցյալդ, ի՞նչ էր մկրտությանդ անունը: Քանի՞ դար առաջ և ո՞վ դրեց հիմնաքարդ: Թող օրհնյալ լինի նա: Օրհնյալ լինեն Հանդը կառուցած ու շեն պահած բոլոր սերունդները: Օրհնյալ լինի մեր օրերում Հանդում ապրող ամեն բնակիչ։