Հայրենական մեծ պատերազմի հետքերով․․․

Spread the love

Տուն վերադարձող ընկերոջս

Սիրով՝ Մ. Դավիդյանին[1]

[1] Միքայել Դավթյան. Բրեստի պաշտպան, ուսուցիչ, Խլաթաղ գյուղից: Խլաթաղում տարիներ առաջ բացիկը նվեր եմ ստացել հիասքանչ մարդուց, սիրելի ուսուցչից: Չափածո այս տողերը վկայում են, թե ինչպիսի հոգու և մտքի տեր էր Արտո Փարսյան-Մելիք-Ստեփանյանը:

Լսել եմ թե տուն ես դառնում,

Ո՜վ թանկագին իմ ընկեր,

Եկա տալու բարի խոստում

Բարի ճամփա ու երգեր:

Վերադարձիր հպարտ քայլով

Թարմ ժպիտով խնդալից,

Եվ հանդիպիր քաղցր ու հպարտ,

Սեգ Կովկասին դու նորից:

 Իմ հոգուց էլ տար բարևներ

Մեր աշխարհին խնդության,

Ու ողջունիր՝ ասա նրան,

Եկա սիրով տեսության:

Հայրենական ծղրիդները

Քեզ կարոտով կընդունեն,

Սիրակորով աղջիկները՝

Ծաղկեփնջեր կբերեն:

Կփոթորկվի քո դեմքին՝

Համբյուրների մի հեղեղ

Հյուր կտանեն ամենքը

Մոտիկ հեռու, ամեն տեղ:

Ու մեր տունն էլ եթե ընկար,

Թե պատմեցիր տեսածդ,

Մայրս քեզ ջերմ կգրկի,

Ոնց հարազատ իմ եղբայր:

Լսի՛ր, սակայն, ինչ եմ ասում,

Հպարտ մնաս, չընկճվե՛ս,

Թե սեփական ձեր օջախում՝

Հորդ կենդան չգտնես:

Շատ ենք լացել ու ընկճվել

Մենք աշխարհի մի ծայրում,

Շատ արցունք ես դու թափել,

Հին լեհական հանդերում:

Էլ մի խորհիր դու վերստին,

Քանի կա կյանք, մահն էլ կա:

Ու ամենքս այդ օրենքին,     

Այդ ճամփին ենք ենթակա:

Դե, ձե՛ռքդ տուր, ազնի՛վ ընկեր,

Ժամն է արդեն բաժանման,

Իմ հոգուց էլ ջերմ բարևներ

Սիրո տաղեր, անսահման…

Նրան «Ոսկեձեռիկ» անունն է տվել Վարազդատ Հարությունյանը[2]: Նա Առաջաձոր գյուղից էր, Մելիք-Ստեփանյան տոհմից, որի բազմաթիվ անդամներ Սմբատ Մելիք-Ստեփանյանի բռնադատումից հետո վախեցան ու հրաժարվեցին տոհմական ազգանունից՝ դառնալով Գրիգորյաններ, Բալասանյաններ, Հարությունյաններ, Փարսյաններ, Բախշյաններ… Չես մեղադրի, նրանց նաև հարկադրում էին:

Պիտի շարունակ հիշել Հայր Ալիշանին. «Առաջաձոր կոչի այժմ, և Աճիզուր յաշխարհացոյց քարտս, մերձ ի Պղնձահանս, բնակեալ ի Հայոց, որոց է և եկեղեցի հին, և պարապին ի մշակութիւն և խաշնադարմանութիւն. Երկիրն պտղաբեր է, և հաւելուած պտղոցն առաքի ի կողմանս Մեղրոյ և Նախճավանու. ունի և ընտիր ձեռագործ անուանեալ Ղափանի կտավ: Մեծ մասն երկրին ստացուած է Մելիք Ստեփանեան տոհմի»[3]:

1886-ին գյուղն ունեցել է 510, իսկ 1908-ին՝ 577 բնակիչ:

Կապանի Առաջաձորը սովորական գյուղ չէ, այն բազում տաղանդավոր զավակների ծննդավայրն ու հայրենիքն է, Մելիք-Ստեփանյան ազնիվ տոհմի կալվածքն ու հայրենին: Այս տոհմը ղափանյան բոլոր՝ մելիքական ու ոչ մելիքական, բնիկ ու դրսեկ, անվանի ու նշանավոր տոհմերի ու գերդաստանների համար, եթե պատկերավոր ասելու լինենք, կատարել է շոգեքարշի դեր պատմական բազում անկանխատեսելի պահերին, մանավանդ երբ տոհմի գլուխ էր թերևս բոլոր ժամանակների մեծագույն կապանցին՝ Սմբատ Բեկ Մելիք-Ստեփանյանը: Տոհմն իր խառնվածքով, գործերով, բարքերով ու զավակների մեծագույն մասի վարքով ու կենսագրությամբ հանրաճանաչ էր ամբողջ Անդրկովկասում: Նրանցից սերվել են անվանի շատ մտավորականներ, կրթության, մշակույթի նվիրյալներ, բժիշկներ, ճարտարապետներ, պետական, հասարակական քաղաքական գործիչներ, հայրենանվեր, անձնազոհ այրեր ու կանայք:

Գյուղի վերաբնակեցման մասին փոքրիկ հրապարակում ունի «Նոր դար»-ը, որ արժեր կրիկին հիշատակել (հեղ. Վարդանանց Ակի). «Առաջաձորի հիմնադիրը եղել է, մի հարյուր տարեկան ծերունու պատմելով, Սև Էրեց անունով քահանան: Իբր թե Սև Էրեցի կինը մեռնելուց յետոյ, նա վերցնում է իւր համագիւղացի մի օրիորդ և փախչում Գանձակ գավառում գտնուող Գետաշեն գիւղից Ղարաբաղ: Սակայն իւր պապերից նա իմացել է, որ իրենք գաղթել են Ղափանից, ուստի բարւոք համարեց թողնել Ղարաբաղը և գնալ պապերի երկիրը: Գալով Սիւնիք, իւր բնակութեան տեղ է ընտրում այն ժամանակի ուխտատեղ Ստեփանոս եկեղեցու մոտ և իմանալով, որ առաջ այդ եկեղեցու մոտ եղել է Յառաջաձոր անունով գիւղ, ինքն էլ իւր գիւղին նույն անունն է տալիս: Սև Էրեցի որդին Ուհանն է, որից յետոյ յաջորդաբար գալիս են Ղուկասը, Հայրապետը, Յովհաննեսը և Վարդանը, որ պատմեց մեզ Յառաջաձորի հիմնադիրի մասին: Յառաջաձորցիները, բացի մի քանի տնից, որոնք գաղթած են Ղարադաղից, բոլորն էլ Սև Էրեցի թոռներ ու ծոռներն են»[4]:

Նրան սիրում և գնահատում էին, դրա համար էլ դիմում էին Արտո փաղաքշական անունով:

Ծնվել է Առաջաձորում 1921թ. մայիսի 25-ին[5]: Հպարտանում էր ծագմամբ և այդ մասին գրում է. «Մեր ընտանիքը Առաջաձոր գյուղի անվանի, կարդացած ազնվանական Մելիք-Ստեփանյանների տոհմից է: Սմբատ Մելիք-Ստեփանյանն ավարտել էր Գերմանիայի Ֆրայբերգի լեռնային ակադեմիան: Նրա եղբայրը՝ Ղահրաման Մելիք-Ստեփանյանը, ուներ ճարտարապետի մասնագիտություն, նաև գեղանկարիչ էր, կրթություն ստացել էր Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Սմբատը նույնպես լավ նկարում էր: Ես հիշում եմ նրա նկարներից մեկը, որը պատկերում էր, թե ինչպես են կանայք, ըստ ընդունված սովորության, գետը վարում երաշտ տարիներին, որպեսզի անձրև գա[6]: Սմբատն աշխատում էր Ղափանի պղնձահանքերում որպես գլխավոր երկրաբան, ուներ ծրագրեր հանքուղու վերակառուցման, հանքախորշերի շահագործման մեթոդների կատարելագործման և այլ նորամուծությունների վերաբերյալ: Սակայն բոլոր ծրագրերը մնացին թերի, քանի որ 1937թ.[7] ռեպրեսիայի տարիներին նրան ևս ձերբակալեցին, ու այլևս չվերադառձավ: Սմբատի Ղահրաման եղբայրը անցնում է արտասահման ու երկար տարիներ Բրյուսել քաղաքում զբաղվում էր իր մասնագիտությամբ: Տեսնելով իրերի այս դրությունը՝ հայրս իր բազմանդամ ընտանիքով տեղափոխվում է հարևան գյուղ, որտեղ նրան առաջարկում են հրաժարվել իր «Մելիք»-ով սկսվող ազգանունից՝ հանուն երեխաների անվտանգության ու հեռու մնալու համար հետագա հետպնդումներից: Այսպիսով մեր տոհմական Մելիք-Ստեփանյան ազգանունը դառնում է Փարսյան: Այժմ միայն այն պահպանվում է գյուղի գերեզմանատանը՝ ծնողներիս շիրմաքարերի վրա»:

1940թ. ավարտում է Ղափանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և ընդունվում Երևանի Գեղարվեստի ինստիտուտ, սակայն շուտով կանչում են զինվորական ծառայության: Ծառայում է Բրեստի 84-րդ գնդում[8]: Գնալով սրվում էր իրադրությունը, ապա սկսվում է պատերազմը: Բրեստի ամրոցի մարտական ընկերներից սիրով էր խոսում Սամվել Մաթևոսյանի մասին[9]:

Բրեստի ամրոցի պաշտպանների մի մասին, նրանց մեջ նաև Արտոն, հաջողվում է դուրս գալ պարիսպներից ու թշնամու թիկունքով անցնելով շուրջ 600կմ, հասնել Կիևի շրջակայքում գործող Կարմիր բանակի զորամասերին: Գրեթե անզեն կամ հին զենքերով ինչ կարող էի անել ավտոմատներով զինված գերմանացիների դեմ (ասում է, որ ավտոմատ զենքը իրենց համար հանելուկ էր):

«Շուրջ մեկամսյա անհավասար մարտերը ավարտվեցին շրջափակման օղակով. 6, 12, 4-րդ բանակները ընկան գերմանական զորքերի շրջափակման մեջ: Օղակը գնալով սեղմվում էր, վիճակը՝ ծանրանում: 1941թ. սեպտեմբերի 22-ի առավոտը բացվեց թշնամու զինվորների մոտ, ես արթնացա՝ տեսնելով ոտքիս որդնած վիրակապը, որն արդեն փոխում էին: Գերմաներեն խոսակցությունից ու հագուստից հասկացա իրերի դրությունը: Ես գերվել էի: Սկսվեց իմ տանջալից գերությունը: Կիևի մոտակայքից՝ Զոլոտոնեշենի ճամբարից, սովետական գերիների անվերջ խմբերին ուղեկցում էին տեղական և ուկրաինական պոլիցիայի ակտիվիստներ և գերմանացիներ՝ վարժեցված շներով՝ դեպի արևմուտք-Կարլովկա, Ալավուտա, Շեպետովկա, մինչև Կոբրին, Կովել: Շատ-շատերը զոհվեցին ճանապարհին: Հետ մնացողներին գնդակահարում էին»:

Հետագա իրադարձություններից ապշում ես. այդ ինչպե՞ս ապրեց Արտոն, ի՞նչ հրաշքով: Նախախնամության պարգև էր նրա ապրելը: Կովելում սկսեց մոլեգնել բծավոր տիֆը: Ճամբարում գտնվելու 10-րդ օրը վարակվում է բծավոր տիֆով: Ոջիլը իր գործն էր անում, տարածում համաճարակը: Ռազմագերիները տեղավորված էին փայտե բարաքներում՝ պառկած երեք հարկից բաղկացած չոր տախտակամածիների վրա: Դրանք մեկուսարաններ էին՝ վարակի տարածումը կանխելու համար:

«Ինձնից աջ ու ձախ արդեն ստաժավոր հիվանդներ էին, որոնք համարյա կորցրել էին մարդ լինելիությունը: Անվերջ զառանցում էին, անհասկանալի բառեր արտասանում, երբեմն երգում, բղավում: Սա մի դժոխային լաբիրինթոս էր, որին դիմանալու համար կամքի ուժ էր պետք: Կողքիս պառկած էր Վիկտոր անունով մի հրաշալի երիտասարդ: Նա ինձ ասաց, որ սովորում էր Կիևի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնում: Նման նորությունը առավել շարժեց իմ մարդասիրական զգացմունքը, ես դարձա նրա ամենժամյա խնամողը (ոչ ամենաօրյա, որովհետև օրեր չէին մնացել նրա կյանքի համար): Դե ինչով կարող էի, օգնում էի: Իմ բալանդայից նրան բաժին էի հանում, գիշերները հսկում էի: Ամեն առավոտ, երբ լույսը բացվում էր, գերմանացի զինվորները ուկրաինացի պոլիցայների ուղեկցությամբ զինված մետաղական երկար շամփուրներով ներխուժում էին այդ հիվանդանոց կոչվածը, առանց նախնական զգուշացման սկսում էին դրանցով խոցել հիվանդների մերկ ոտքերը: Դրանով տարբերում էին մեռածը կենդանի հիվանդից: Այդ օրը՝ դեկտեմբերյան մի արևոտ օր, իմ բարեկամ Վիկտորի ոտքը մնաց անշարժ: Ինձ համար դա խորին դառնություն էր: Ես շատ ծանր տարա Վիկտոր ընկերոջս մահը»:

 Մեռնողներն ավելանում, բարաքները դատարկվում էին: Եվ ամեն առավոտ, երբ Արտոն տեսնում էր նեղ լուսամուտներից թափանցած արևի ճառագայթները, փառք էր տալիս Աստծուն, որ ինքը ողջ է: Բայց դրան հաջորդում էր սովի ահավոր զգացումը, չկերակրվելը: Եվ ստիպված էր նույնիսկ կրծել հնամաշ կոշիկները: Կորցրել էր լսողությունը, գլխի մազերը լիովին թափվել էին, հայացքը դարձել էր անորոշ: Եվ բազմաթիվ հիշողությունների մեջ առանձնացնում է երազները. «Լավ եմ հիշում իմ այդ ժամանակվա գիշերային երազները. համարյա ամեն գիշեր ինձ կերակրում էր մայրս»:

 Այս օրերի մասին նա գրել է իր հուշագրություններից մեկում, որին ծանոթ է եղել Վարազդատ Հարությունյանը. «Անվերջ զառանցում էինք, անհասկանալի բառեր արտասանում, երբեմն երգում, հայհոյում, ընկել էինք դժոխային մի լաբիրինթոս, որին դիմանալու համար հարկավոր էր կամքի ուժ ունենալ»[10]:

Մի ամբողջ տարի ապրեց այսպիսի ճամբարում և … չմեռավ: Հետո՝ ճամբարից ճամբար, որտեղ քիչ թե շատ տանելի պայմաններ էին:

Ահա և սկսեց կազմավորվել Հայկական լեգեոնը: Լեգեոն ընդգրկվեց 1944-ի աշնանը և աշխատել սկսեց պաշտպանական կառույցներում: Երկրորդ ռազմաճակատի բացումից հետո վերադարձրին Գերմանիա, զբաղվում էին ռմբակոծված քաղաքների ավերակների մաքրման աշխատանքով: 1945թ. գարնանը Դրեզդենի մոտակայքում ազատագրվեց խորհրդային զորքերի կողմից: Անցավ ֆիլտրացիան, որից հետո վերականգնվեցին զինվորական իրավունքներն ու կոչումները: 1947թ. զորացրվեց: 1949թ. եկավ Երևան՝ շարունակելու կրթությունը Գեղարվեստի ինստիտուտում: Սակայն զգալով, որ բացթողումներ ունի, դիմեց և ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտ:

1949 թվականն էր: Ձերբակալվեց ու աքսորվեց Վոլգա-Դոն ջրանցքի և Կույբիշևի հիդրոհանգույցի շինարարություն, որտեղ անցկացրեց 6 տարի 8 ամիս և 14 օր: Ազատվելուց հետո կրկին ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտ:

«Սակայն այս անգամ անցած-կորցրած տարիներն իրենց խոսքն ասացին: Լրացել էր իմ տարաբախտ կյանքի 36 տարին, և ես, համաձայն գործող օրենքի, իրավունք չունեի լինել ուսանող: Եվ ահա, շնորհիվ ճարտարապետության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի ցուցաբերած ջանքերի, ես դարձա ուսանող, որին մնացի երախտապարտ իմ ամբողջ կյանքում: Հետաքրքրական է այն պահը, երբ ես առաջին անգամ լսարան մտա. բոլոր ուսանողները ոտքի կանգնեցին՝ համարելով ինձ դասախոս: Ես լուռ անցա ու նստեցի վերջին նստարանին: Այս անգամ բոլոր ուսանողները շուռ եկան ու զարմացած հայացքով նայեցին ինձ: Հասկանալով, թե ինչ է կատարվում, ես հանգիստ վեր կացա ու ասացի՝ բարեկամներ ես էլ ձեզ պես ուսանող եմ»:

Փարսյանի մի պատմությունը ճամբարային կյանքի մասին հայտնի դարձավ միայն տարիներ անց: Սմբատ Մելիք-Ստեփանյանի կրտսեր որդին՝ Ռոլանդը, որը լրագրող էր և հաճախ էր շրջագայում երկրում, Արտավազդի հետ կապված մի դիպվածի է առնչվել, բայց երկար ժամանակ լռել է՝ վախենալով կագեբեից: Մոսկվայում մի խումբ գերմանացիների հետ շրջագայում էր քաղաքում, երբ Օստանկինոյում մի գերմանացի, իմանալով որ հայ է, մոտեցել և ասել է, որ ինքը ճանաչում է շնորհաշատ հայ գեղանկարչի, սակայն անունը չի մտաբերում:

Լրագրողը փորձել է օգտակար լինել և տվել է հայ գեղանկարիչների անուններ, բայց գերմանացին շարունակ բացականչում էր՝ նայն, նայն…

 «Քիչ անց գերմանացին բացեց իր ծոցատետրը, որտեղից հանեց խունացած մատիտանկարի մի ֆոտոպատճեն, որի տակ հայատառ ստորագրված էր Մելիք-Ստեփանյան Արտո ու տարեթիվը՝ 1944,- պատմել է Ռոլանդ Մելիք-Ստեփանյանը:

-Ես այն կարդացի, իսկ նա՝ յա, յա, ուրախ բացականչեց ու գրկեց ինձ:- Դաս իստ գուդ,- վրա բերեց նա»: Այս պատմությունը երկար ժամանակ Ռոլանդը թաքցնում էր: Ու միայն Խորհրդայի երկրի փլուզումից հետո էր պատմել:

«Այո՛, հիշեցի,- գրում է Արտոն:

-Գերմանացի մի սպա 1944թ. Աշնանը, տեսնելով իմ նկարչական ընդունակությունը, ցանկություն հայտնեց, որ ես ստեղծեմ իր դիմանկարը: Ձեռքիս միայն թուղթ ու մատիտ էր: Հիշում եմ սև «նեգրո»-ով նրան նկարեցի երկու սեանսում: Մի քանի օր հետո նա բերեց ինձ ֆոտոպատճենները ու ասաց, որ պիտի ուղարկի կնոջը: Գերմանական ճամբարներում ես ունեի իմ նախնիների իսկական ազգանունը՝ Մելիք-Ստեփանյան»:

1963-ին 42 տարեկանում ավարտեց ինստիտուտը: Եվ շարունակեց աշխատել Երևանյան նախագիծ ինստիտուտում: Իբր նոր ժամանակներ էին, բայց երկրում ակնհայտ էր նահաջը խրուշչովյան ձնհալից: 1972թ. ճարտարապետների միությունից ուղեգիր ստացավ՝ որպես զբոսաշրջիկ ճանապարհորդելու Հարավսլավիայում ու Գերմանիայում, բայց ՀԿԿ կենտկոմն արգելանք դրեց: 1982թ. ճարտարապետների տանը կազմակերպվեց ստեղծագործական աշխատանքների անհատական ցուցահանդես, որն անցավ մեծ հետաքրքրությամբ, ունեցավ հաջողություն: Աշնանը «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի ղեկավարությունը և Հայաստանի ճարտարապետների միությունը որոշում կայացրին վաստակավոր ճարտարապետի կոչում շնորհելու մասին: Կրկին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը մերժեց:

 «Ունեցել եմ երեք անհատական ցուցահանդես Երևանի ճարտարապետների տանը, Ղափան և Քաջարան քաղաքներում: Արտաշատի ատամնաբուժարանի շենքը 1982թ. ճանաչվել է տարվա լավագույն կառույց: Սպիտակ քաղաքի վիճագրական վարչության շենքը դիմակայել է ահավոր երկրաշարժին ու 70 աշխատող չի տուժել, որի համար ստացել եմ շնորհակալական նամակ»,- գրում է Արտավազդ Փարսյանը:

Արտո Փարսյան Մելիք-Ստեփանյանը տոհմի թվով հինգերորդ քաղաքական բռնության ենթարկվածն էր: Նրանք էին՝ Սմբատ Անդրեասի Մելիք-Ստեփանյանը, եղբայր և քույր Արտո և Հրաչյա Թադևոսի Մելիք-Ստեփանյանները, Սերգեյ Հարությունյան Մելիք-Ստեփանյանը և ինքը Արտո Մարտիրոսի Մելիք-Ստեփանյանը:


[1] Միքայել Դավթյան. Բրեստի պաշտպան, ուսուցիչ, Խլաթաղ գյուղից: Խլաթաղում տարիներ առաջ բացիկը նվեր եմ ստացել հիասքանչ մարդուց, սիրելի ուսուցչից: Չափածո այս տողերը վկայում են, թե ինչպիսի հոգու և մտքի տեր էր Արտո Փարսյան-Մելիք-Ստեփանյանը:

[2] Հարությունյան Վ., Արվեստակից ժամանակակիցներս, Գիրք Ա, ՀՀ ԳԱ հրատ., Երևան, 2001, էջ 390-392 (այսուհետև՝ Հարությունյան 2001):

[3] Ալիշան Ղ., Սիսական, «Հայագիտակ» հրատ., Երևան, 2009, Էջ 276:

[4] «Նոր դար», 1887, 13 հուլիսի, թիվ 114:

[5] Արտավազդ Փարսյանի ծննդյան թիվը «Архитектор» գրքում (Երևան, 1998թ.) սխալմամբ նշված է 1924թ.:

[6] Գեղանկարը պահպանվում է Մելիք-Ստեփանյանի ժառանգների մոտ:

[7] Կալանավորվել է 1936 թվականին:

[8] Պատերազմի առաջին օրը մեզ համար ռազմաճակատում Բրեստն է, թիկունքում՝ կամավորականները, «հարամ եղած աշխատանքը», ծանր լռությունը: Մի ուսումնասիրության համաձայն՝ շուրջ 200 կապանցի ծառայում էր Բրեստի կայազորում (76 ուսուցիչ), որոնցից 54-ը զոհվեցին, մի մասն անհետ կորավ, ոմանք գերվեցին գերմանացիների կողմից, հետագայում վերադարձան հայրենիք, որտեղ նրանց ժպտացին սիբիրյան տաժանակրության «վայելքները»: Սոսն ասում է, որ ծառայում էր 108 կապանցի: Բրեստի ամրոցի պաշտպանների շարքում անմոռաց անուններ՝ Սամվել Մաթևոսյան, Սոս Նուրիջանյան, Թավադ Բաղդասարյան, Հրաչ Նուրիջանյան, Մխիթար Նուրիջանյան, Արծվիկ Աղագյուլյան, Սուրեն Գևորգյան, Հայկազ Մեսրոպյան, Լալազար Թադևոսյան,Անդրանիկ Մինասյան, Արտավազդ Փարսյան, Միքայել Դավթյան…

[9] Սամվել Մինասի Մաթևոսյան. ծնվ. 1912-ին Կարսի մոտակա Ղարադաղ գյուղում: Ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտոտը, 1936-1939թթ. աշխատել է Ղափանի կոմբինատում որպես գլխավոր ինժեներ: 1939-ին Ղափանից զորակոչվել է բանակ, կապանցիների հետ ծառայել է Բրեստի ամրոցում տեղակայված 84-րդ հրաձգային գնդում: Առաջիններից մեկն է նետվել մարտի, կազմակերպել մի շարք գործողություններ: Վիրավորվել է երկու անգամ, գերվել անգիտակից վիճակում: 1941թ. աշնանը փախել է ճամբարից, կրկին կռվել ֆաշիստների դեմ: Վիրավորվել է երրորդ անգամ, ի վերջո միացել Կարմիր բանակին: Պատերազմից հետո վերադարձել է Հայաստան, վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ: Մեծ դեր ունի Զոդի ոսկու հանքերի հայտնաբերման և շահագործման գործում: 1970թ. արժանացել է «Սոցիալիստական աշխատանքի հերոսի» բարձր կոչման: 1974թ. զրպարտության հետևանքով անհիմն հեռացվել է կոմկուսի շարքերից և զրկվել կոչումից: 1989-ին արդարությունը հաղթանակել, վերականգնվել է կուսշարքերում, վերադարձվել են «Ոսկե աստղն» ու «Լենինի շքանշանը»: Հայրենանվեր հայորդին մահացել է 2003-ին, թաղվել է Մոսկվայի հայկական Վագանկովյան գերեզմանատանը: Եղբայրն է անվանի լեռնագործ, Կապանում անվերապահ հարգանք վայելող Ղուկաս Մաթևոսյանի:

[10] Հավանաբար Վ. Հարությունյանին ծանոթ է եղել Փարսյանի ինչ-որ հուշագրություն:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի