“Մայրը”ազգություն չունի կամ մայրերն ընդդեմ պատերազմի Գորիսի դրամատիկական թատրոնում

Spread the love

Չեխ գրող Կարել Չապեկի  ամենահայտնի ստեղծագործություններից է «Մայրը» (չեխերեն՝ «Մատկա») հակապատերազմական դրաման՝ գրված 1938 թվականին: Պիեսը կրում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ազդեցությունը։ Ամբողջ թեմատիկան՝ պատերազմական ողջ տարածքով և ողբերգությամբ, տեղափոխվում է սովորական մի ընտանիք, և նոր պայքար է սկսվում պատերազմի (բոլոր պատերազմողների) և ընտանիքի մոր միջև։  

Պիեսը բազմիցս ներկայացվել է համաշխարհային տարբեր բեմերում և ընդգրկուն թեմայի և հուզականության շնորհիվ խորը ազդեցություն է թողել հանդիսատեսի ներաշխարհի վրա։ Ցավոք, ճիշտ ժամանակին և իրականությունը ցուցադրելու, մարդկային խիղճը թմբիրից հանելու ուղիղ նպատակով Մարտի 27-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ եղերապիեսի առաջնաելույթը (Կարել Չապեկ. «Մայրը», գլխավոր ռեժիսոր Ասյա Սիրեկանյան, նկարիչ՝ Անի Կրեչյան

Անշուշտ, հայ ժողովրդի կյանքը ամբողջացնում է մարդկային ողբերգությունների շրջանակը, և նման թեմաներ բազմիցս արծարծվել են գրականության, պատմության էջերում, թատերաբեմերում։ Ցավն ու անմարդկայինը ներկայացնելը, ցուցադրելը, պատկերելը, դրանց մասին գրելը, միևնույնն է, չեն մեղմացնում մարդկությանը շղթայած չարիքները։ Այս դեպքում վիշտը կորցնում է իր ազգային, սահմանային լինելը․․․  Զուտ տխրության (մեղմ է ասել) հարուցման, մարդկությանը հարատև ուղեկցող վշտի, կյանք չգոյացնող ապրումի առումով Չապեկի «Մայրը» զուգահեռվում է «Հին օրերի երգին» (Հայաստան մայրիկ), «Մատյան եղելությանցին» (Ճել Ավան բիձա) և այլն։ Բայց այստեղ՝ Գորիսի թատերաբեմում, ամբողջ ուժով վերարտադրվում է այն անելանելի հոգեվիճակը, որ կրում են մայրերը, և այն վիշտը, որ, ցավոք, հարուցում են ամուսինն ու որդիները. գլխավոր դերում՝ Վանուհի Խաչատրյան (մայր, Դոլորիս), հայր՝ Միքայել Մաշուրյան, Օնդրա՝ Հարութ Բադիրյան, Պետր՝ Ակսել Բակունց, Իրժի՝ Կամո Մանանյան, Տոնի՝ Նվեր Մանուցյան, Կոռնել՝ Մհեր Ղազարյան։

Հանդիսատեսով լեցուն դահլիճը խաղաղ, առօրյան և պիեսի տրամաբանությունը կառուցող սկզբից մինչև բուռն ու հոգեցունց ավարտը տարված էր մեր դերասանների հրաշալի խաղով։ Այս տրամադրությունը մեզ թույլ է տալիս ասելու, որ հայ մայրը չի մտել Դոլորիսի կերպարի  մեջ։ Ընդհակառակը։ Վանուհի Խաչատրյանի (Դոլորես) հրաշալի դեբյուտը, մյուս հերոսների բեմական ջանքերը վաստակեցին հոտնկայս ծափեր,  արցունքներ ու ծաղիկներ։ Բայց այս ամենը  բեմականացված պիեսի ամբողջ արժանիքը չէ։ Այս փոքրիկ բեմում պիեսի ու թատերական ներկայացման համար անհրաժեշտ պահանջներից դուրս մի կարևոր փիլիսոփայություն է նետվում մարդկության երեսին․ աշխարհի մայրերը ազգություն չունեն, պատերազմները նախ և առաջ մայրական բերկրանքը փշրող չարիք են և ցավը չափելու, մոր դիմացկունությունը սակարկելու միլիոներորդ անգամ սանձազերծվող անհաջող փորձն են։

Հայ մշակույթի ետնաբեմ շպրտված մարզային թատրոններում, փաստորեն, կարողանում են ազգայնացնել օտար պիեսները ոչ միայն աննկարագրելի բեմականացմամբ ու թատերախաղով (առանց չափազանցության), այլև նոր փիլիսոփայությամբ, “ահազանգող ճիչով” ու “խելագար հռհռոցով”, որ ամենուր թափառում են և փնտրում անսացող, արհեստավարժ թատերախաղով ու ճիշտ բեմականացմամբ համահավասարվել բարձր կոչված արվեստին։ Բեմ հանելով Դոլորեսի կերպարը՝ որպես աշխարհի ողբերգությունը կրող մոր ու կնոջ տիպար, և նրա զգացմունքները (նա օր օրի կորցնում է իր ամուսնուն և որդիներին պատերազմի ու քաղաքական փնթիության պատճառով)՝ պիեսը հանդիսատեսին աղերսում է՝ մի՛ տար իմ որդուն, մի՛ սպանիր․․․ Ամբողջ պիեսը (ընդգրկուն ժամանակաշրջանով և աշխարհագրությամբ) տեղի է ունենում տան հյուրասենյակում՝ լի պատերազ, մահ հիշեցնող իրերով՝ սակրեր, ատրճանակներ, հրացաններ, սև թուղթ,  նիզակներ, վահաններ․․․ Մայրը շփվում է իր մահացած ամուսնու՝ Ռիչարդի հետ, ով զոհվել է հեռավոր Աֆրիկայում տեղաբնակների դեմ անիմաստ կռվում։ Ռիչարդը փորձում է արդարացնել իր մահը և պնդել, որ նա մահացել է պատվի և պարտականությունների համար։  Դոլորեսը իր հերթին դժգոհում է իր և իր հինգ երեխաներից հեռանալու համար: Սևակապույտ և հանդերձյալ կյանք հիշեցնող սենյակում իրար հետևից Դոլորեսին երևում են չորս որդիները՝ մահվան շրջանակը ձեռքներին։  Երրորդ և վերջին տեսարանի ժամանակ մայրը փորձում է փրկել իր վերջին որդուն՝ Թոնիին, բայց ռադիոն միանում է և հայտնում, որ թշնամին ռմբակոծել է մանկական դպրոցը և սպանել անմեղ երեխաներին։ Դրան հետևելով և համատարած մահը կանխելու նպատակով Դոլորեսը զենք է տալիս իր որդուն՝ Թոնիին, և պիեսն ավարտում «Գնա…» բառով․․․

Մերօրյա իրականության ողբերգականությունն առանց գեղարվեստական պաճուճավորման և բեմահարթակի, այո՛, ինքնին եղերապիես է, որի մեջ ապրելով և որը կրելով, ցավոք, չենք պատկերացնում դրա աղետալի ներկան և գալիքը․ կյանքը մահով մոռացնել է տալիս ամեն չարիք և ծննդով կրկնում բերկրությունն ու նրա վախճանը․․․ Երեկ Գորիսի թատերաբեմը, ինչպես աշխարհի բոլոր բեմերը, իր առաքելության մեջ էր՝ որպես աշխարհի ու մարդկության գեղարվեստական հայելի․․․

Շնորհակալ ենք, խոնարհումս․․․․

Ծանոթություն

Կարել Չապեկ (01.09. 1890-25.12. 1938), չեխ վիպասան, դրամատուրգ, էսսեիստ։ Ողջ կյանքում տառապել է ողնաշարի հիվանդությամբ։ Ուսումնասիրության հիմնական բնագավառը եղել է փիլիսոփայությունը։ Սովորել Պրահայում, Բեռլինում և Փարիզում։ Գրական ստեղծագործության առաջին շրջանում (1907-1920-ական թվականներ) Չապեկը ստեղծագործել է եղբոր՝ նկարիչ Ջեզեֆի հետ, ով նկարազարդել է Կարելի մի քանի գրքեր:

Չապեկի ստեղծագործություններն ունեն փիլիսոփայական ըմբռնում։ Հիմնականում վերաբերում են մարդու՝ ճակատագրի նեղ շրջանակից դուրս գալու և վերջնական արժեքները ըմբռնելու ջանքերին: Մի քանի ստեղծագործություն կրում են  այսպես կոչված «սև ուտոպիական» գաղափարներ։ Գիտական հայտնագործությունների և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում մարդը գայթակղվում է իր ստեղծածով, չի բավարարվում և ձգտում է աշխարհի վերափոխմանը՝ առաջ բերելով մահաբեր, աշխարհաքանդ ապստամբություններ: Այդպիսի բովանդակություն ունի «Ռոսումի ունիվերսալ ռոբոտները» («RUR») պիեսը, որտեղ գիտնականը հայտնագործում-բացահայտում է մարդանման մեքենաների գաղտնիքը, էությունը։ Պարզվում է, որ դրանք ավելի ճշգրիտ և հուսալի են, քան մարդիկ: Տարիներ անց մեքենաները գերակշռում են և սպառնում մարդկանց։ «Ռոբոտ» բառը, որ չեխերեն նշանակում է «բռնի աշխատանք», տարածում է ստանում Չապեկի ստեղծագործությամբ։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի