Երիցվանք-Արծվանիկ վանական համալիրը և բնակավայրը

Spread the love

Հիշատակումներ և ավանդազրույցնի հետքերով

Մատենագիրներից Երիցավանքի[1]համալիրը (բնակավայրը՝ ներկայիս Արծվանիկ) հիշատակել են Մովսես Կաղանկատվացին[2], Ստեփանոս Օրբելյանը[3], Ղուկաս Սեբաստացին[4], իսկ վիմագիր միակ հիշատակությունը արձանագրված է Վահանավանքում (1102թ.)[5]:  Մերձակա բնակավայրը հիշատակվել է որպես ավան[6], գյուղաքաղաք[7]:

Ըստ ավանդազրույցի՝ Երեցավանքն իր անունը ստացել է Երիցակ անունով հոգևորականից[8]: Սակայն շատ վկայություններ կան, որ ոչ թե անձերից են առաջացել վանքերի կամ  հիշարժան վայրերի անունները, այլ, ընդհակառակը, անձնանունները կամ մականունները տրվել են տեղանուններից, համեմատել՝ Խորեա>Խորենացի, Նարեկ>Նարեկացի, Տաթև>Տաթևացի, Որոտան>Որոտնեցի և այլն: Հնարավոր է, որ այս տեղանունից է հոգևորականը ստացել իր անունը՝ Երեցակ[9], բայց այս դեպքում չի նշվում տեղանվան ածանցը՝ -ացի: Այս ենթադրության համար հիմք է այն, որ երեց, այլև երեցակ հասարակ անունը գրեթե չի հանդիպում հայոց անձնանուններում: Օրինակ՝ Հ. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանում» Երեց անձնանվան բառահոդվածում հանդիպում ենք. «Անդրանիկ. մի անգամ եմ գտնում գործածված ԺԴ դարում. բայց հմմտ. նաև Երեցտիկին և Երիցակ»[10]: Ենթադրելի է, որ նախ եղել է վանքը, ապա ոմն բարեշնորհ հոգևորականի օգնությամբ այն նոր համարում է ստացել, վերականգնվել են վանքապատկան տնտեսությունը, հոգևոր ծառայությունները, որից էլ վանքի անունը անցել է հոգևորականի անվան, ինչի արդյունքում նշանավորվել են և՛ վանքը, և՛ նրա անխոնջ սպասավորը: Ասվածը թերևս տրամաբանվում է նաև երեց բառի ծագումնաբանական քննությամբ: Երեց-ը բնիկ հնդեվրոպական ծագմամբ բառ է՝ *preiskhu-[11] «ծեր, տարեց, գլխավոր»: Գ. Ջահուկյանը բերում է հնդեվրոպական *per- «առաջ» արմատից՝ *preis-ku-[12]: Այս արմատը հնդեվրոպական լեզուների մեծ մասին անցել ու բազմաթիվ ձևիմաստային տարբերակներ է առաջ բերել[13], մասնավորապես ածանցական ձևով՝ «առաջ, դուրս, վերևից այն կողմ, միջով» իմաստներով: Նշված իմաստներով՝ «ավագ, մեծ, առաջ, ծեր, հին» հանդիպում են ալբաներենում, հունարենում, լատիներենում, գերմաներենում և այլն: Հ. Աճառյանը կանոնավորում է հայերենում ունեցած գործածության հարցը. բառի հնագույն նշանակությունը եղել է «անդրանիկ, մեծ», իսկ «քահանա» իմաստը ստացել է քրիստոնեության մուտք գործելուց հետո՝ հունական տեքստերի թարգմանության մեկնարկման շրջանից (հունարենում, ֆրանսերենում և այլ լեզուներում նույնպես հանդիպում է «քահանա» իմաստը[14]): Հիշատակումներից ըմբռնելի է նաև, որ վանական համալիրի դեռևս Օրբելյանների շրջանից գրեթե 800 տարի առաջ՝ մոտավորապես 5-րդ դարում, գոյություն է ունեցել: Չենք կարող հստակեցնել, թե վանքի՝ շրջակայքի հոգևոր կյանքում ունեցած «ավագ» կարգավիճակի՞ց են առաջացել տեղանունը և համալիրի անունը, թե՞ տեղանքի՝ շրջապատի նկատմամբ ունեցած բարձրադիր դիրքից, հետո անցել է նաև բնակավայրի անվանը: Հնարավոր է նաև, որ բնակավայրի՝ մյուս գյուղերի համեմատությամբ «ավագ, մեծ» լինելուց է առաջացել հատկանունը (արդյոք նույն կերպ է ձևավորվել Շնհեր անունը՝ Շնոյ հեր[ք][15], ինչպես կարծում են և վկայում են ավանդազրույցները, Արցախում՝ Մեծ շեն և այլն): Ս. Օրբելյանի վկայաբերումը՝ Երիցակ հոգևորականի անունից վանքի առաջացած լինելու ավանդազրույցը, լայն ընթացք է ստացել ժողովրդի մեջ: Ավանդազրույցից պարզ է դառնում, որ տեղանունը ժողովրդական ստուգաբանության է ենթարկվել, որից էլ առաջացել է մի հրաշալի գյուղանուն՝ Արծվանիկ: Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ ներառված Տաթևի հարկացուցակում այն նշվում է Մյուս Բաղք գավառի գյուղերի ցանկի առաջին տողում՝ Երեծ՝ 12 միավոր հարկով: Եվ որ ժողովրդական ավանդազրույցի հետևանքով Երեծ || Երեց անունը տարբեր շրջաններում փոփոխությունների է ենթարկվել, տեսնում ենք հենց տեղանվան բառաքննությունն անցկացնելիս:

Ստուգաբանական փորձեր

1․ Սյունիք-Արցախ բարբառային տարածքում երեց բառի բարբառային տարբերակն է իրից || իրիս > իրիսկին, իրիսփոխան: Հավանական է, որ Երեծ գյուղանունը հետագայում՝ հոգևոր կառույցի երբեմնի փառքի շրջանում, հատկանշվել է եկեղեցով (համեմատել՝ Տաթև-Տաթևի վանք, Գլաձոր-Գլաձորի վանք և այլն), որի արդյունքում այն անվանվել է Երեծ || Երեց վանք (մինչև IX դարը), իսկ հետագայում՝ XII դարից հետո, ժողովրդական ստուգաբանությամբ Երեծ || Երեց վանք-ը դարձել է Արծվանիկ: Վերջինիս վերաբերյալ մեզ ավանդազրույց չի հանդիպում, բայց մի կարևոր հուշում կա. ինչպես ցույց են տալիս եկեղեցու շրջակա շինությունները, այստեղ վանական համալիր է եղել, որի հետևանքով ժողովրդական ստուգաբանությամբ գյուղանունը անցել է հետևյալ տարբերակներով՝ Երեծ վանք > Արծվանք > Արծվանիք > ԱրծվանիկԵրեծ-ը դարձել է Արծ հետևյալ փոփոխությամբ՝ բառասկզբի ե > ա փոփոխությունն է հանդիպում Կապանի շրջանի խոսվածքներում և ընդհանրապես՝ Սյունիք-Արցախ բարբառային տարածքում. գրաբարի ե-ն բարբառախմբում դարձել է ա հետևյալ բառերում՝ երկան-ք > արկան-ք (Արկանիձոր>Ըրկենանց)[16], այլև՝ երազ > արազ և այլն: Բառամիջի ե-ն շեշտազուրկ դիրքում ընկել է երեծ > ար[ե]ծ -> ըրծ[ց]-, իսկ վանք բառի հոգնակին ըմբռնվել է -վանիք, որից հետո էլ՝ -վանիկ՝ Արծվանիկ:

2. Հնարավոր է, որ տեղանունը ժողովրդական ստուգաբանության ենթարկվել է հատկապես քրիստոներությունից հետո: Տեղանվան առաջացումը (կանխադրումով) առնչակցվում է արծուի-եւան-իք կաղապարի հետ, որ նույն ժողովրդական ստուգաբանությամբ կարող էր դառնալ Երեծ, ապա Երեծ վանք: Այս տեսակետը կարող է ժխտվել կամ հաստատվել հնագիտական և պատմական ուսումնասիրությունների համադրմամբ, որովհետև տարածաշրջանում, այդուհանդերձ, պահպանել է ուրարտական շերտի տեղանուններ, ինչպես Գորիս[17], Շոռնոխ[18], Հարժիս[19] և այլն: Սույն խնդրի շրջանակներում չենք կարող չարծարծել ուրարտական շերտից մնացած տեղանվան հնարավոր լինելը, քանի որ, ինչպես նշվեց վերևում, նյութական աղբյուրները վկայում են նախաքրիստոնեական քաղաքարթության հետքեր: Այսպես՝ Հ. Կարագյոզյանը բերում է մի տեղանուն՝ Արծին, որ հիշատակվում է Իշպուինի և Մենուայի՝ Սյունիքում թողած ժայռափոր արձանագրության մեջ[20]: Սյունիքում այդ անվան մոտ է Արծվանիկը, որ, ինչպես նշեցինք, նշված ձևը կարող էր ստանալ հետագայում՝ հատկապես քրիստոներություն ընդունելուց հետո ընկած ժամանակաշրջանում, հնարավոր լեզվական փոխազդեցություններից կամ ժողովրդական ստուգաբանությամբ, որ բնորոշ երևույթ է Սյունիքի տեղանվանական համակարգում: Նկատում են, որ Բարձր Հայքի, Աղձնիքի և Սյունիքի միևնույն անունը կրող քաղաքները բնակեցված են եղել միևնույն լեզվաընտանիքին պատկանող ցեղային միավորումներով[21]: Արձանագրության երկրորդ և երրորդ տողերում արծ արմատով երկու բնակավայր է հիշատակվում.

1․  Խալդյան  զորությամբ  Իշպուինե  Սարդուրորդին  ասում  է   ( ՞)․          

2․  Մինուա  Իշպուին որդին  Արծինե  (քաղաքի)  երկիրը  գրավեց,  Իշ[…]  (քաղաքի) [երկիրը] (գրավեց)․

3. Արծիկումե (՞) (քաղաքի) [երկիրը] (գրավեց)․ Այանիանե (քաղաքի) երկիրը (գրավեց)․  (մարդկանց) սպանեց,  վտարեց։

4․ Վերադարձին հիմնեց  Խալդեի կոթողը  Բուլուա(լեռան)  վրա։  Սահմանեց  կարգ․

5․  Առարկաներն (գանձերն)[22] այս Խալդեին  թող զոհաբերվեն,  (մեկ)  ցլիկ (թող  զոհաբերվի)  Խալդե  տիրոջն  իր բարձրեալ   Բուլուա(լեռան)   վրա[23]։

Արձանագրության մեջ հիշատակված Արծինե տեղանվան առաջին ստուգաբանական փորձի մեջ նշվում է, որ արմատը aгș-ն է, իսկ -ine-ն «թերևս, ուրարտերենի վերջածանցներից մեկն է այստեղ»։ Ըստ հեղինակների՝ տեղանունը ծագում Է «հնդեվրոպական նախալեզվի *arg՛-, «փայլել», «ցոլք», «լույս» արմատից։ Սրանով կազմված տեղանունները լայն տարածում ունեին Հայկական լեռնաշխարհում (Արծանիա-Արածանի, Արծն, Արծափ, Արծկե, Արծաշքու և այլն»[24]Արծիկումե տեղանվան համար հոդվածի հեղինակները կանխադրում են բարդ կազմություն՝ արծ (aгș) և qume (՞): Վերջինս «նույնպես ունի հնդեվրոպական ծագում և առնչվում է հայերենի գոմ բառի հետ: Հնում այն ունեցել է նաև «բնակավայր» նշանակությունը՝ Արծիկումե > «Ճերմակավան»[25]։  Մեզ չի հանդիպել այլ աշխատանք, որտեղ զուգահեռված կամ տեղադրության փորձ արված լինեն սեպագրում նշված արծ արմատով տեղանունները Սյունիքի կամ նրա շրջակայքի որևէ բնակավայրի հետ:

Արդ՝ Երիցվանք և Արծվանիկ բառերի ստուգաբանական երկրորդ վարկածը այն է, որ, հնարավոր է, այն առնչվում է ուրարտական արձանագրության մեջ նշված արծ արմատին: Այս տեսակետի համար հիմնավորումներ կարող են լինել՝

  1. Հայ մատենագրական աղբյուրներում երեց բառը չի հանդիպում ծ վերջնահնչյունով: Կարծում ենք, որ եթե IX դարում ընկալված լիներ, որ բնակավայրը երեց սովորական գոյականից է, ապա նույն շրջանում և դրանից հետո թերևս պիտի հանդիպեր ց– վերջնահնչույթով: Այսինքն՝ հեղինակները և գրչագրողները բնակավայրի անունը նշել են այնպես, ինչպես տարածված է եղել ժողովրդի մեջ: Թե՛ գրաբարում, թե՛ հիշյալ շրջանի տարածքի խոսվածքներում երեց բառը ծ վերջնահնչույթով չի հանդիպում: Կարող էր լինել ց կամ ս:
  2. Բնակավայրի և նրա շրջակայքի ուրարտական շերտն այնքան հարուստ է, որ երնթադրվում է մեծ բնակավայր մերօրյա Արծվանիկ գյուղի տարածքում կամ նրա շրջակայքում՝ Երիցվանքի հարակից մասերում: Հիշենք, որ Սյունիքը առանձնապես հիշարժան չի եղել մեծ բնակավայրերով, իսկ  Երեծ բնակավայրը համեմատաբար բավականին մարդաշատ է եղել ու կենտրոնական դիրք է գրավել Սյունյաց գավառների շրջանում: Ունի հարուստ բնություն, բնակության համար բարենպաստ պայմաններ, և, որ չափազանց կարևոր է, դեռ վաղնջագույն շրջանից հայտնի է եղել մետաղի հանքերի շահագործմամբ, որը տնտեսվարման պայմաններ է բավարարել[26]: Ուշ բրոնզեդարին վերագրվող նյութեր հայտնաբերվել են նաև Արծվանիկում (դաշտ N34)[27]: Հնագիտական պեղումների արդյունքում (այդպիսիք քիչ են անցկացվել նշված տարածքներում[28]) այս տարածաշրջանում հայտնաբերվել են մետղագործության բնագավառին պատկանող նյութեր (Տանձավեր, Շիկահող, Կապան): Բուն նյութը չծանրաբեռնելու նպատակով նշենք միայն, որ Սյունիքը հարուստ է մետաղահանքերով, և մետաղի շահագործումը սկսվել է դեռևս նախաուրարտական շրջանից[29]: Եվ ասվածի թերևս ամենավառ վկայությունն է ուրարտական ժամանակաշրջանին վերագրվող առյուծի արձանիկը, որ գտնվել է Կապանի շրջանի Սզնակ գյուղից, մետաղյա բազմաթիվ առարկաներ՝ զարդեր, արձանիկներ, զենքեր և այլն: «Հայկական սովետական հանրագիտարանը» նշում է. «Արծվանիկի տարածքում են գտնվում Կարմրավանք գյուղատեղին՝ եկեղեցով և գերեզմանատնով, ինչպես նաև Ագռավի տապան և Ճգնավորի մատուռ միջնադարյան կառույցները։ Հնագույն ամրոցի ավերակներում գտնվել են (մոտ մ․ թ․ ա․ IV-I դդ․) ձայնարկու գուսանների բրոնզե արձանիկներ։ Արձանիկների աջ ձեռքերին ագուցված են շան, իսկ գլուխներին՝ աքաղաղի կատարներով և կենդանիների եղջյուրներով դիմակներ, որոնք եղել են կենդանիների պաշտամունքի խորհրդանիշներ։ Դրանք լայն պատկերացում են տալիս ձայնարկու գուսանների զգեստների մասին։ Արձանիկներն այժմ պահվում են Մոսկվայում՝ Պատմության պետական թանգարանում»[30]:
  3. Արծվանիկ տեղանունը միաձև չի հիշատակվում. կան տեղանվան տարբերակներ, որ վկայաբերված են տարբեր ժամանակներում ու խոսվածքներում՝ Արծևանիք, Արծվենիկ, Արցևանիկ, Ըրցվանեք, Երեց, Երեց-Երեցվանիկ, Երեցվանիկ, Երիցավանիկ, Երիցավանք, Երիցվանեկ,  Երիցվանիկ, Երիցվանք, Երեցու վանք, Կարմիր վանք[31]Իրիցվանիկ[32]: Րաֆֆին նույնացնում է Արծվանիկը կամ Նախիջևանիկը, որ «մի ժամանակ Բարգյուշատի վիճակի գյուղաքաղաքն էր», որ «այդ ավանը կոչվում է նաև Երիցվանիկ, Երիցակի վանքի պատճառով, որ գտնվում է ավանի մոտ, լեռան գագաթի վրա, և ժողովրդի մեջ հայտնի է անունովս Կարմիր վանք[33]»[34]։ Կապանի և Արծվանիկի մերօրյա խոսվածքում հնչում է Ըռցըվանէգ || Ըրցվանէգ || Ըրցվանէք, թեքված ձևերում՝ Ըրցվանգա և այլն: Զուգահեռելով  Արծինե (եթե ճիշտ է ընթերցված-վերծանված արձանագրությունը) և մեր օրերում պահպանված Արծվանիկ տեղանունները, կարող ենք ենթադրել, որ բառը ոչ միայն տեղաշարժեր է կրել հնչյունական առումով, այլև ժողովրդական ստուգաբանության շերտեր:

Եզրակացություն

Տեղանունների ստուգաբանությունը և առհասարակ քննությունը չափազանց բարդ գործընթաց է, և ինչպես նկատում ենք, շաղկապվում է այլ գիտակարգերում արձանագրված տեղեկությունների, փաստերի հետ: Մատենագրական աղբյուրները, պատմական, հնագիտական և ազգագրական նյութը, այդուհանդերձ, հնարավորություն են տալիս որոշակի մակարդակում վերականգնելու այդ տեղանունները: Նման աշխատանքներ զերծ չեն բացթողումներից, հնարավոր վրիպումներից, որ կարող են ի հայտ գալ անընդհատ զարգացող գիտության որևէ մակարդակում, որովհետև գործ ունենք ժողովրդական լեզվում առկայացած հնագիտական նյութի հետ. տեղանուն, որ կարող էր փոփոխություններ կրել լեզվի տարբերակների փոփոխության, օտար լեզուների ազդեցության, ժողովրդական պատկերացումների և իմաստային ըմբռնումների արդյունքում: Արդ՝ փորձենք զուգահեռել ուրարտական արձանագրության Արծինե և Արծվանիկ բառերը: Մինչ տեղանունների տարբերակների ձևիմաստային քննության անցնելը, այստեղ ամրագրենք, որ Արծինե ուրարտական շրջանից հիշատակվող տեղանունը հետագայում ժողովրդական ստուգաբանությամբ կարող էր ունենալ [Ա]Երեծ, Երեց, Երեցակ տարբերակները ու նաև ժողովրդի մեջ պահպանված լինեն Արծիեն > Արծվանի- > Ըրցըվանե- և այլ հնարավոր տարբերակները: Ուստի՝ մենք նյութ ունենք քննելու Արծինե, Երեծ, ապա Արծվանիկ (ավելի ուշ շրջանում գործառվող) բառերը, զուգահեռելու դրանց բաղադրիչները ըստ ձևիմաստային հատկանիշների: Այս բառերի առաջին բաղադրիչները նույն հիմքից են՝ արծԵրեծ-ը հնարավոր ժողովրդական տարբերակներից մեկն է՝ ա > ե փոփոխությամբ (վերևի՝ առաջին տարբերակում մենք քննեցինք ե > ա փոփոխությունը), ե-ի ազդեցությամբ բառամիջի ե-ի աճմամբ: Կարծում ենք՝ այս տարբերակի ժողովրդական ստուգաբանությունը լիարժեք չէ, այսինքն՝ հնարավոր է՝ վանքի անունը համըմբռնվել է գյուղանվան հետ երեց[ծ] ձևով կամ բաղադրիչով, ապա հետագայում առավելապես հիշատակվել Երեցվանիկ[35], ինչպես նշվում է Վահանավանքի արձանագրության մեջ: Սակայն տարընթերցումներում՝ Արծեվանիք, Արծվենիկ, Արցեվանիկ, Ըրցվանեք, հստակ նկատվում է, որ ոչ թե երեծ-ն է տարընթերցվել արծվանի-ի, այլ հակառակը՝ արծ բաղադրիչն է ըմբռնվել երեց[ծ], և, այդուհանդերձ, զուգահեռ պահպանվել են բանավոր-բարբառային տարբերակները[36]: Արծինե տեղանվան արծ բաղադրիչը կապվում է հնդեվրոպական «փայլ» իմաստով բառի հետ, որի նախնական իմաստն է «փայլ, ցոլք, լույս»[37]: Համաձայն լինելով մեր նախորդների ստուգաբանական տեսակետին՝ փորձենք կատարել մասնակի շտկումներ և հավելումներ: Այս բառից է արծաթ-ը, որ տարածված է հնդեվրոպական լեզուներում, այլև «վառել», որ հայերենում արտահայտվում է  բառաբարդմամբ՝ արծարծել «թեժացնել, բորբել»: Նկատում ենք, որ բառը մետաղի հետ ունեցած հատկանիշից է ձևավորել իմաստները: Ուստի և պիտի կարծել, որ Հայաստանի տարբեր վայրերում հանդիպող ուրարտական արծ արմատը, որ տրվել է տեղանուններին, մատնանշում է ոչ թե կոնկրետ քաղաքի անուն, այլ այդ վայրին բնորոշ անվանում, այսինքն՝ այդ տարածքի` «երկրի» ինչ-որ բանով հայտնի լինելը: Այս դատողության հավաստիությունը թերևս լրացնում է ուրարտական -ine[i] ածանցը, որը կրում է «տեղ, վայր, երկիր, տարածք» իմաստները[38]: Հայերենի խոսվածքներում «ուրարտերենի վերջածանցը»[39] կարող էր տարընթերցմամբ դրսևորվեր, որ, ինչպես նկատում ենք, հետագայում տեղանվան տարբերակների մեծ մասում նույնացվել է վանք արմատի կամ -վան միջնածանցի հետ: Այս պարագայում նկատի առնելով առհասարակ Սյունիքի և մասնավորապես Կապանի տարածքի մետաղի հանքերի առկայությունը, մետաղի արտահանման և մշակման բնագավառներում դեռևս հնագույն ժամանակներից հայտնի լինելը՝ տրվել է արծ-անվանումը -ine[i] ածանցով՝ մատնանշելով այն երկիրը, որը հարուստ է մետաղական հանքերով, հայտնի մետաղի մշակման բնագավառում: Եվ հենց այս հիմունքով ժողովրդի մեջ պահպանվել է արծ-եւան[ինե]-իք կաղապարը, որ տարբերակներ է առաջ բերել, որոնցից վերջինը Արծվանիկ-ն է:

Ըստ էության՝ նշված երկու տարբերակները չեն հակասում մեկմեկու, այլ, ընդհակառակը, մատնանշում են բուն հայկական տեղանվան պատմական խոր անցյալից ծագած, լեզվի զարգացման տարբեր շերտերով անցած և զանազան ազդեցություններ կրած լինելը:

Ամփոփում

Երիցավանքը գտնվում է պատմական Սյունիքի Բաղք գավառում՝ ներկայիս Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում։  Ըստ ավանդազրույցների՝ Երիցվանքից է առաջացել Արծվանիկ բնակավայրի անունը, որի վարչական տարածքի մեջ է ընդգրկվում Երիցվանքի եկեղեցական համալիրը։ 

Պատմական և հնագիտական աշխատություններում նշվում են, որ Արծվանիկում պահպանվել են Ք․ ա․ II-I հազարամյակների հայկական բնակության հետքեր և հուշարձաններ։ Պահպանվել են նաև ուրարտական ժամանակաշրջանի ամրոցի ավերակներ, դամբարանադաշտեր և այլն:

Մատենագիրության մեջ Երիցավանքի մասին հիշատակել են Մովսես Կաղանկատվացին, Ստեփանոս Օրբելյանը, Ղուկաս Սեբաստացին և ուրիշներ։ Վիմագիր առաջին արձանագրությունը պահպանվում է Վահանավանքում (1102թ.):

Ըստ ավանդազրույցի՝ Երեցավանքն իր անունը ստացել է Երիցակ անունով  հայ հոգևորականից։ Հնարավոր է, որ տեղանունը ժողովրդական ստուգաբանության ենթարկվել է քրիստոներությունից հետո: Տեղանվան առաջացումը առնչակցվում է արծուի-եւան-իք կաղապարի հետ, որ նույն ժողովրդական ստուգաբանությամբ կարող էր դառնալ Երեծ, ապա Երեծ վանք:

Ստուգաբանական առաջին վարկածն այն է, որ տեղանունը  ծագում է հնդեվրոպական նախալեզվի *arg՛-, «փայլել», «ցոլք», «լույս» արմատից։ Սրանով կազմված տեղանունները լայն տարածում ունեին Հայկական լեռնաշխարհում (Արծանիա-Արածանի, Արծն, Արծափ, Արծկե, Արծաշքու և այլն»:

Համաձայն երկրորդ վարկածի՝ Երիցվանք (> Արծվանիկ) բառը առնչվում է արծ արմատին, որ նշված է նաև Օձասարի ուրարտական արձանագրության մեջ նշված: Նշում են, որ Արծինե տեղանվան արծ արմատը կապվում է հնդեվրոպական «փայլ» իմաստով բառի հետ, որի նախնական իմաստն է «փայլ, ցոլք, լույս»:

Փաստորեն՝  Հայաստանի տարբեր վայրերում հանդիպող ուրարտական արծ արմատը, որ տրվել է տեղանուններին, մատնանշում է ոչ թե կոնկրետ քաղաքի անուն, այլ այդ վայրին բնորոշ անվանում, այսինքն՝ այդ տարածքի` «երկրի» ինչ-որ բանով հայտնի լինելը:

Բանալի բառեր՝ ստուգաբանություն, տեղանուն, Երիցվանք-Արծվանիկ, պատմական Սյունիք, ուրարտական անվանում, ժողովրդական ստուգաբանություն։


[1] Երիցավանքը գտնվում է պատմական Սյունիքի Բաղք գավառում՝ ներկայիս Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում՝ Բարգուշատի լեռնաշղթայի արևելյան լեռնաբազուկներից մեկի ժայռի վրա՝ Արծ[ց]վանիկ գյուղից ուղիղ գծով մոտ 2 կմ դեպի հյուսիս-արևելք: Արծվանիկը հիշատակվում է նաև որպես ավան (ՀՀՇՏԲ I, էջ 452): Պատմական և հնագիտական աշխատություններում բազմիցս են արձանագրվել բնակավայրի հարուստ անցյալի մասին: Ք. ա. II-I հազարամյակից բնակության հետքեր կան՝ ուրարտական ժամանակաշրջանի ամրոցի ավերակներ, դամբարանադաշտեր և այլն: Հայտնաբերվել են Ք. ա. VI-V դդ. ուրարտական տիպի սաղավարտներով զինվորների բրոնզե արձանիկներ (Есаян С. А.,  Доспех древней Армении, Рипол Классик, Ереван, 1986, с. 24, 33), պաշտպանիչ ճակատակալներ (Есаян 1986, с. 37.):

[2] Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի(գրաբար), Գիրք երկրորդ, ԽԸ, Երևան, 1969, էջ 214:

[3] Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, «Սովետական գրող» հրատ․, էջ 113-117 (այսուհետև՝ Օրբելյան 1986):

[4] Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկ կամ պատմություն Ղափանցոց, Երևանի համալսարանի հրատ․, Երևան, 1992, Էջ 35։

[5]  ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅՈՑ ՇԾԱ ԶՀԱՅՐ/ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՈՒ/ՎԱՆԱՑ ԱՌԱՋՆ/ՈՐԴ ՍՈՒՐԲ ՈՒԽՏԻՍ ՅԻՇ/ԵՋԻՔ ՅԱՂԱԻԹՍ (Գրիգորյան Գ., Վահանավանք (Պատմահնագիտական ուսումնասիրություն), «Զանգակ» հրատ., Երևան, 2007, էջ 65-66):

[6] Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատ.VI, Հայպետհրատ, Երևան, 1962, էջ 498 (այսուհետև՝ Րաֆֆի), Սեբաստացի Ղ., Դավիթ Բեկ կամ պատմություն Ղափանցոց, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1992, էջ 35:

[7] Րաֆֆի 1963, VIII, էջ 478:

[8] Օրբելյան  1986, էջ 113-117:

[9] Չի բացառվում նաև երեց հասարակ անունից հատկանվան անցումը:

[10] Աճառյան Հ, Հայոց անձնանունների բառարան, հատ. II ԵՊՀ հրատ., Երևան, 1944, էջ 142:

[11]Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հատ. II, ԵՊՀ հրատ., Երևան, 1926, էջ 52-53 (այսուհետև՝ ՀԱԲ):

[12] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ., Երևան, 2010, էջ 225:

[13] Pokorny J., Indogermanisches Etymologisches Wörterbuch, 1959, p. 810-816.

[14] Այս մասին տե՛ս՝ ՀԱԲ, էջ 53:

[15] Տե՛ս՝ Ստեփանոս Օրբելյանի Պատմության հնագույն ձեռագիրը (թիվ 6271), ընդօրինակվել է 1513թ.:

[16] Այս մասին տե՛ս՝ Սմբատյան Գ., Քումունց Մ., Պատմական Բաղք գավառի Արկանիձոր || Ըրկենանց բնակավայրը, «Դպրատուն», 2 (10), 2020, էջ 97-104:

[17] Քումունց Մ., «Գորիս» տեղանվան ստուգաբանություն, Գիտական հոդվածների ժողովածու (Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ), «Ասողիկ» հրատ., Երևան, 2016, էջ 378-396:

[18] Քումունց Մ., Պատմական Սյունիքի Բաղք գավառի Շոռնոխ բնակավայրը (ստուգաբանության փորձ), «Էջմիածին», թիվ Ժ, 2021, էջ 50-66:

[19] Մ Քումունց, Պատմական Ծղուկ գավառի Հարժիս տեղանվան ստուգաբանության փորձ (տպագրության ընթացքում)։

[20] Արձանագրությունը հանտնաբերվել է 1989թ․ ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի երկրաբան Վ․ Իգումնովի կողմից: Այն թերևս պիտի համարել տարածաշրջանում առկա ուրարտական հուշարձաններից ամենահինը: Սեպագիրը 5 տող ունի՝ 1մ երկարության և 13-15սմ լայնության վրա՝ քանդակված Ք.ա. մոտ  820-ական թվականներին (ըստ այդմ՝ փորագրված է Էրեբունիի հիմնադրման հուշարձանից (782) շուրջ 40 տարի առաջ): Մենուա թագավորի (810-788) հրամանով Իշպուինե (825-810) թագավորի անունից կազմված սեպագրի տեղանունները հիմնականում ընդգրկում են Սյունիքի և Նախիջևանի՝ «Եթուինի» երկրի   սահմանները: Ըստ այդմ կարծում են, որ արձանագրության մեջ հիշատակված Բուլուլա լեռը մինչև հիմա նույն անուննե է կրում, իսկ Արծին տեղանունը առնչակցում են Ջուլֆայի (Երնջակ գավառի վաղեմի տարածքները) Արազին բնակավայրի անվան հետ:

[21] Այս մասին կարելի է տեսնել՝ Կարագեոզեան Յ., Սեպագիր տեղանուններ, Երևան, «Մագաղաթ» հրատ, 1998, էջ 89-90:

[22] Իգումենով Վ. Ա., Կարագյոզյան Հ. Հ., Հմայակյան Ս., Օձասարի սեպագիր արձանագրությունը, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1, Երևան, 1997, էջ 194։

[23] Վերծանությունը քաղել ենք սույն աշխատությունից՝ Կարագյոզյան 1989, էջ 324:

[24] Իգումենով և այլք, էջ 195:

[25] Իգումենով և այլք, էջ 196:

[26] Առհասարակ Սյունիքի վաղ շրջանի մետաղի հանքարդյունաբերության մասին կարելի է տեսնել Օ. Խնկիկյանի աշխատության մեջ՝ Onnik S. Xnkikyan, Syunik During the Bronze and Iron Ages, Mayreni Publishing, 2002, 266 p., տպագիր (այսուհետև՝ Onnik S. Xnkikyan 2002)

[27] Onnik S. Xnkikyan 2002, p. 45-46.

[28] Այս մասին տես Հայկական գանձարան՝ http://treasury.am/:

[29] Այս մասին կարելի է տեսնել՝ Onnik S. Xnkikyan 2002, p. 102-106 (“Metallurgy”).

[30] Հայկական սովետական հանրագիրատան, Երևան, 1976, Արգիշտի-Գեղերվան, հատ. II, էջ 72:

[31] Տեղանունների բառարան, հատ. 1, էջ 452։

[32] Աբրահամ Կրետացի, Պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ, Երևան, 1975, էջ 155:

[33] Այս մասին կարելի է առավել հանգամանալից տե՛ս՝ Քումունց Մ․,  Ղուկաս Սեբաստացու «Դավիթ Բեկ կամ Պատմություն Ղափանցոց »-ի տեղանվանական համակարգը, Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի, № 2(10), 2022, էջ 94-96։

[34] Րաֆֆի VIII, էջ 478:

[35] «…ՀԱՅՐ ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՈ ՎԱՆԱՑ…» (Գ.Մ. Գրիգորյան, Վահանավանք (պատմահնագիտական ուսումնասիրություն), Երևան, «Զանգակ-97» հրատ., 2007, էջ 66):

[36] Բառի՝ ժողովրդական փոփոխությունը՝ արծ-ը այլևս ընկալել երեց, չի կատարվել ամբողջական, և երեծ բառի վերջադիր ծ-ն կարող է մնացուկ լինել արծ-ի, որ ժողովուրդը հետագայում աղերսել է Երիցակի անվան հետ և դրան զուգահեռ պահպանել արծ-ով, ըրծ-ով և երց-ով տարբերակները:

[37] ՀԱԲ I, էջ 319:

[38] Այս ածանցի «տեղ» մատնանշող իմաստին թերևս առաջինը անդրադարձել է Ջ. Մարկվարտը (J. Marquart, Die Entstehung und Wiederherstellung der armenischen nation, Berlin, 1919, s. 67): Այս ածանցի մասին կարելի է տեսնել նաև՝ Г.А. Меликишвили, Урартский язык, изд. “Наука”, Москва, 1964, с. 30, 42.

[39] Ուրարտական արձանագրություններում այն ունեցել է նաև պատկանելության իմաստ: Այս մասին կարելի է տեսնել՝  (Г. А. Меликишвили, Урартские клинообразные надписи, Введение (Вестник древней истории, 1953, № 1), Местоимения (http://annales.info/):


Монастырский комплекс и поселение Ерицванк-Арцваник провинции Багк исторического Сюника (этимологии топонима)- Ерицаванк расположен в провинции Багк исторического Сюника, Капанского района современного Сюникского марза. По преданию, название поселка Арцваник произошло от Ерицванка, в административную территорию которого входит церковный комплекс Ерицванк.

В историко-археологических работах отмечается, что в Арцванике сохранились следы и памятники армянского поселения II-I тысячелетий до н.э. Сохранились также руины урартской крепости, захоронений и т.д. Ерицаванк упоминается в письменных источниках Мовсесом Каганкатваци, Степаносом Орбеляном, Гукасом Себастаци и другими. Единственная литографическая запись с упоминанием Ерицаванка сохранилась в Ваанаванке (1102 г.).

Согласно преданиям, Еретсаванк (Երեցավանքն) получил свое название от армянского священнослужителя по имени Ерицак (Երիցակ). Возможно, после христианства топоним в разгаворном язъке подвергся некоторим иземнениям. Происхождение топонима связано с образцом арцуи-еван-ик (արծուի-եւան-իք), который по той же народной этимологии мог стать Ерец (Երեծ), а затем Ерец ванк (Երեծ վանք) монастырь.

Первая этимологическая гипотеза состоит в том, что топоним происходит от индоевропейского корня *arg՛-, «светить», «светить», «светить». Образованные при этом топонимы были широко распространены в Армянском нагорье (Арцания-Арацани, Арцн, Арцап, Арцке, Арцашку (Արծանիա-Արածանի, Արծն, Արծափ, Արծկե, Արծաշքու) и др).

Согласно второй гипотезе, слово Ерицванк (> Арцваник) (Երիցվանք (> Արծվանիկ)) связано с корнем арц (արծ), который также упоминается в Одзасарской урартской надписи. Отмечается, что корень имени Арцине (Արծինե) связан с индоевропейским словом арц (արծ), означающим «сияние», первоначальным значением которого является «сияние, яркость, свет».

На самом деле урартский корень, встречающийся в разных регионах Армении, который был дан топонимам, указывает не на название конкретного города, а на имя, характеризующее указанное место, то есть на то, чем местность, “страна” известна. Ключевые слова: этимология, топоним, Ерицванк-Арцваник, исторический Сюник, урартское название, народная этимология.

Ключевые слова: этимология, топоним, Ерицванк-Арцваник, исторический Сюник, урартское название, народная этимология.


The monastic complex and settlement of Yeritsvank-Artsvanik of the Bagk province of historical Syunik (toponym etymology) – Yeritsavank is located in the Bagk province of historical Syunik, the Kapan region of modern Syunik marz. According to legend, the name of the village Artsvanik comes from Yeritsvank, the administrative territory in which is included the Yeritsvank church complex.

In historical and archaeological works it is noted that traces and monuments of the Armenian settlement of the 2nd-1st millennium BC have been preserved in Artsvanik. The ruins of the Urartian fortress, burial grounds, etc. have also been preserved. Yeritsavank is mentioned in written sources by Movses Kakhankatvatsi, Stepanos Orbelian, Ghukas Sebastatsi and others. The first lithographic record has been preserved in Vahanavank (1102).

According to tradition, Yeretsavank (Երեցավանքն) got its name from an Armenian priest named Yeritsak (Երիցակ). Perhaps, after Christianity, the toponym was subjected to folk etymology. The origin of the toponym is connected with the pattern Artsui-evan-ik (արծուի-եւան-իք), which, according to the same folk etymology, could become the Erets (Երեծ), and then the Erets vank (Երեծ վանք) monastery.

The first etymological hypothesis is that the toponym comes from the Indo-European root *arg՛-, “shine”, “shine”, “shine”. The toponyms formed at the same time were widespread in the Armenian Highlands (Artsania-Aratsani, Artsn, Artsap, Artsk, Artsashku (Արծանիա-Արածանի, Արծն, Արծափ, Արծկե, Արծաշքո, etc.).

According to the second hypothesis, the word Yeritsvank (> Artsvanik) (Երիցվանք (> Արծվանիկ)) is related to the root arts (արծ), which is also mentioned in the Odzasar Urartian inscription. It is noted that the root of the name Artsine (Արծինե) is associated with the Indo-European word arts (արծ), meaning “radiance”, the original meaning of which is “radiance, brightness, light”.

In fact, the Urartian radix -արծ, found in different places in Armenia, was given to toponyms, it does not indicate the name of a particular city, but the name that characterizes this place, that is, that the area, “country”, is known for something.

Key words: etymology, toponym, Yeritsvank-Artsvanik, historical Syunik, Urartian name, folk etymology.

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի