Ես կարդում եմ նրան ու ասում.– Այս հմուտ, հանճարեղ լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս:
Եղիշե Չարենց
«Գրողը մնայուն, հավերժական գործեր պիտի տա՝ խիտ, խորը, ուժեղ…»: Այս խորհրդածությունն իբրև պատգամ ու համոզմունք, անկասկած, հաճախ պիտի լսած լինեն այն բախտավորները, ում վիճակվել էր նրա ժամանակակիցն ու զրուցակիցը լինել: Թերևս, սա մի հստակ բնաբան է, որ ամեն մի գրողի եթե ո՛չ սկզբնախնդիրը, ապա գոնե վերջնախնդիրը պիտի հանդիսանա: Իսկ Թումանյանի ստեղծագործական կյանքում դա մի անփոփոխ հայեցակետ էր, որը նրան մշտապես ուղեկցող միակ չափանիշը եղավ. թե՛ այն ժամանակ, երբ «Շունն ու կատուն» էր գրում, թե՛ այն ժամանակ, երբ իր վերջին քառյակի վերջին տողն էր ավարտում… Որևէ բանաստեղծի բանաստեղծական աշխարհի մասին խոսելիս, նրա ստեղծագործական ժառանգությունը քաղաքակրթության գոյության բազմադարյան ֆոնի վրա արժևորելիս ներողամտության ինչ-որ մի փափկանկատ, թերևս՝ գորովագին կեցվածք ենք պահպանում՝ հաշվի առնելով ոչ միայն այն ժամանակաշրջանի յուրահատկությունները, որում ապրել ու իր երկերն է արարել բանաստեղծը, այլև տվյալ բանաստեղծի խառնվածքին հատուկ այս կամ այն բնորոշ ծայրահեղությունը: Բայց Թումանյանի բանաստեղծական աշխարհի հետ շփվելիս հաղորդակցվում ենք աշխարհընկալման մի այնպիսի համապարփակ պարզության հետ, մարդկային կյանքն օրորոցից մինչև խոր ծերություն ամփոփող, մի այնքա՜ն սիրառատ, ծնողական բարեհոգության ենք հանդիպում, որ ակամայից մոռանում ենք բոլոր ա՛յն պայմանական հանգամանքների գոյության մասին, որոնք շա՜տ ու շատ բանաստեղծների «խանգարում» են հավերժի մշտառկա ձայնափողը մնալ: Բոլոր դեպքերում՝ ամեն մի իսկական բանաստեղծ հավերժի ճամփորդ է, սակայն հանուն արդարության հարկ է ասել, որ այսպիսի որակումը, թեև՝ նախանձելի, այնուամենայնիվ, Թումանյանի համար մի քիչ մեղմ է ասված: Նա ավելի ճիշտ՝ անհունին տնօրինություն արեց ու հավիտենության մշտնջենական զրուցակիցը դարձավ… Ժողովուրդների վաղնջական երթի մեջ բացառիկ են այն դեպքերը, երբ մի ամբողջ ազգի առավել հավաքական հուզաշխարհն ու կեցությունը, գեղագիտական աննախադեպ չափանիշներով և գեղարվեստական խոսքի բազմասեռ ու բազմաժանր դրսևորումներով, բարբառի մի եզակի անհատի շուրթերով: Հայ գրականության մեջ այդ մշտարթուն տառապյալն ու աննկուն պայծառատեսը, մեր ազգային լինելիության այդ հոգևոր կնքահայրը Հովհաննես Թումանյանը եղավ: Այստեղ խոսքն ընդմիջելով, գուցե անհարկի, այնուամենայնիվ, չի կարելի չասել, որ Թումանյանի անվան անփոխարինելի զարդը հանդիսացող «ազգային» բառը երբեմն ծուռ հայելու մեջ են ուզում տեսնել, ինչպես՝ տարաշխարհիկին հակված, «գերզարգացած», մոդեռն թախծապաշտներ, այնպես էլ՝ իրենց ունեցած գրական մեծության արժեքը չգիտակցող, համաշխարհային գրականության ահռելիությունից շշկռված, անբուժելի հնազանդությամբ տառապող միամիտ մտավորականներ. էլ չենք խոսում այս պակասավոր մոտեցումներով առաջնորդվող գրականությամբ զբաղվողների մասին: Այսպիսիններն, իհարկե, «առանց ուրանալու», տեղն ընկած տեղը՝ նույնիսկ թմբկահարելով Թումանյանի մեծությունը, այդուհանդերձ «ազգային» բառը Թումանյանի ստեղծագործական աշխարհին ասես իբրև զսպաշապիկ են փորձում հագցնել: Այսինքն՝ ասել է, թե համաշխարհային գրական հորիզոններում հաստատվելու համար անպայման պետք է գրել «Ռոմեո և Ջուլիետ», ոչ թե՝ «Անուշ», «Եվգենի Օնեգին», ոչ թե՝ «Գիքոր», Օմար Խայամի և ո՛չ թե՝ Թումանյանի քառյակները… Կարելի է ի գիտություն թյուր ըմբռնումների՝ այսպիսի մի պարզ հայտարարություն անել. «Համաշխարհային գրականությանն են պատկանում բոլոր ազգերի գրական այն կոթողները, որոնք, լինելով ազգային հոգեկերտվածքի ու մտածողության ինքնատիպությամբ երկնված կատարյալ գեղարվեստական գործեր, ի վիճակի են հուզելու աշխարհի ընթերցողին»: Կարո՞ղ են արդյոք վերոհիշյալ մոլորված ընկալումներում թափառող հոգիներն ասել, թե Թումանյանի այդ ո՞ր ստեղծագործությունն է, որ մեր ազգային գրականության մեջ շողարձակելով, բայց վերը նշված (թող որ՝ մի քիչ կտրուկ ձևակերպած) բնութագրական պայմանին չբավարարելու համար կարող է զրկվել համաշխարհային գրականության անցաթուղթ ունենալու արտոնությունից: Պարզապես ապշեցուցիչ է, թե որքան անհեթեթ հոգի պետք է ունենալ, որպեսզի մի բանաստեղծի ազգային մեծագույն բանաստեղծ համարելով հանդերձ՝ փորձել վերապահումներ անել նրա ստեղծագործությունները որպես համամարդկային հոգևոր հարստություն արժևորելու խնդրում: Թումանյանն անհատակ է ու անեզր… Նրա թողած խորունկ ազգային և անչափ մարդկային գրական ժառանգությունը մեր հինավուրց ժողովրդի փառքն ու պարծանքն է, իսկ համաշխարհային գրականության համար անսպա՜ռ մարդկայնության խորհրդանիշը պիտի որ լինի… Խորհելով այդ անքննելի հայի կյանքի ու գործունեության շուրջ՝ մարդկային երևակայությունը սպառում է իրեն, թե այդ, արդարև, կախարդական մարդը որտեղի՞ց է ժամանակ գտել հասցնել այդ ամենը. հասարակական կյանքի բազում ոլորտներում լրջորեն ներգրավված լինել, բայց և մանուկների համար ոտանավորներ հորինել. բազմաթիվ հեքիաթասացների ունկնդրել ու ժողովրդի մեջ շրջող նմանատիպ հեքիաթների ուշագրավ տարբերակներն առանց հոգնության գրի առնել. հոգու ամբողջ նողկանքով իրենց քննադատ երևակայող «ոչ գրական ոչնչություններին» դատափետել, հետո կարողանալ նորից ներանձնանալ ու շարունակել գլուխգործոցներ երկնել… Նա չի ունեցել կանոնավոր կրթության որևէ պատկառելի փաստաթուղթ, բայց միայն նախանձել կարելի էր համաշխարհային գրականության նրա խոր իմացությանը. այդ գրականության հսկաներին տված աֆորիստիկ բնութագրությունների անվիճարկելիությանը. մեծն ու փոքրը, ճիշտն ու կեղծը, անցողիկն ու հավերժականը միմյանցից զանազանելու նրա անվրեպ հանճարեղությանը… Հիանում ու զարմանում ես, թե իր ապրած խառնակ ժամանակներում, որպես հրապարակախոս, որքան ողջամիտ հստակությամբ է լուսաբանել մեր ազգի առջև ծառացած խնդիրները. ինչ գթասրտությամբ է Մեծ եղեռնից մազապուրծ, որբացած մանուկների խնամակալության հարցերին նվիրվել ու որպիսի սրտացավ խիզախությամբ է, անտերության մատնված ազգամիջյան թշնամական ընդհարումների մոլուցքը կանխելու համար, սպիտակ դրոշն առած սարեսար ընկել. ինչպիսի ջերմ անմիջականությամբ է արձագանքել իր մարդկային միջնորդությանն ապավինած ամեն մի հուսալքված սրտի՝ միաժամանակ հասցրել զանազան ընկերությունների ղեկավարը լինել: Այսքանից հետո եղել է մի բազմազավակ ընտանիքի սրբազան հայր, պարտքերի տակ կքած, բայց «լեն ու բոլ» ապրելակերպից, հյուրերից ու խնջույքներից համառորեն չհրաժարվող, անտնտես ու շռայլ, մի «պատուհաս» ամուսին. ժողովրդական հանդիսությունների պատվելի զարդն է եղել ու երջանկառիթ արարողություններին՝ անհաղթելի սեղանապետ: Վերջապես նա՛ էր հայ իրականության մեջ երբևէ եղած, երևի թե ամենաառողջ գրական միավորման՝ «Վերնատան» տանտերը, որտեղ հավաքվում էին ժամանակի հասարակական-մշակութային կյանքի այնպիսի կարկառուն անհատականություններ, որոնց անունների թռուցիկ հիշատակությունը նույնիսկ բավական է «որպեսզի ամենաանգետ հայի հոգին անգամ պատկառանքով լցվի (Աղայան, Դեմիրճյան, Պռոշյան, Աղբալյան, Իսահակյան, Շիրվանզադե, Լեո, Շանթ, Մուրացան, Մանանդյան…): Ասում են, թե Թումանյանն իր հանճարը տվեց ժողովրդին, տաղանդը՝ գրականությանը: Այս արտահայտության ողբերգական ենթատեքստն այն է, որ իր բազմաչարչար ժողովրդի ցավով շուլալված այդ ամենամարդ հայը երբեք ժամանակ չունեցավ լիաշունչ ապրելու միայն գրականությամբ: Նա չավարտեց իր «Հազարան բլբուլը»… Բայց հայ ժողովուրդը, ի դեմս նրա, (ի տես աշխարհի) ունեցավ իր Հազարան բլբուլը… Թումանյանի հիրավի առասպելական հոգին ամփոփել էր համբերության խորհրդին ունկնդիր արևելքն ու արդարության երդումին հավատարմագրված արևմուտքը: Նրա խառնվածքում հյուսիսցու խստաշունչ պարզասրտությունը կար ու հարավցու սրտոտ խելահեղությունը: Իսկ եթե ավելի ստույգ, ապա պիտի ասենք՝ նա իր բիբլիական ժողովրդի հրեղեն ողջախոհությամբ օծված մի վճիտ հայ էր, որի մեջ Արարիչն ամբարել էր ա՛յն ամենայն առաքինին ու լուսավորը, որով հայ հանճարը մաքառելով փառավորել է իր անկրկնելի պատմությունը… Թող աշխարհին խաղաղությու՛ն լինի, իսկ մեր բազմատանջ հողագնդին՝ հավերժություն, որպեսզի սերունդները դար ու դարեր «օրհնե՛ն էն սհաթը», երբ «Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն», և Հայո՛ց Աշխարհը ինքն իրեն երկնեց Լոռվա Դսեղում…