ՀՈՎԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ (15.05.1884, Շուշի — 01.05. 1953, Թեհրան)
Հովակ (Հովակիմ) Ստեփանյանը ծնվել է Շուշի քաղաքում, 1884 թ., սովորել է Շուշիի թեմական դպրոցում մինչև 1900-1901 ուսումնական տարին: Այդ ուսումնական տարեվերջին, դպրոցական հանդեսի ժամանակ տեղի է ունենում աշակերտական մի ցույց ընդդեմ դպրոցի տեսուչ, տխրահռչակ Բենիկ վարդապետի, որն արտաքսում է դպրոցից՝ Սարգիս Հովհաննիսյանին (հետագայում՝ Արամ Մանուկյան), Հովակին և բարձր դասարանի մի խումբ այլ աշակերտների, որպես ցույցի կազմակերպիչների: Եվ, ոստիկանության միջոցով, Բենիկ վարդապետը նրանց հեռացնում է Շուշիի սահմաններից: Այնուհետև Հովակը, Արամի և մյուս աշակերտների հետ գնում է Երևան՝ շարունակելու իր կրթությունը, 1902թ. ավարտում է Երևանի Թեմական դպրոցը, ուր ևս աչքի է ընկնում որպես առաջադեմ աշակերտ:
Դպրոցն ավարտելուց հետո վերադառնում է իր ծննդավայրը՝ ուր կարճ ժամանակ մնալուց հետո գնում է Բաքու, որտեղ զբաղվում է կուսակցական քարոզչական գործով՝ նավթային բանվորության մեջ:
1903 թ. աշնանը նա կատարում է իր զինվորական պարտականությունը Բաքվի «Սալյանսկի» զորագնդում: 1905թ. փետրվարի 5-ին, երբ սկսվում են հայ-թրքական կռիվները Բաքվում, նույն գնդի մի քանի զինվորների հետ մտնում է Նիկոլ Դումանի խմբի մեջ և գործոն մասնակցություն բերում հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործին:
Հետևի շարքում կանգնած է՝ ձախից 2-րդը՝ Հովակ Ստեփանյանը:
1905 թ. աշնանը, ազատվում է զինվորական ծառայությունից և Ոսկանապատի [Բաքուի] Կ.Կ.-ի կողմից նշանակվում է Գեոքչայի (Քաղաք Բաքվի և Գանձակի միջև) շրջանի ինքնապաշտպանության զինվորական հրամանատար ու ճանապարհվում է իր պաշտոնավայրը:
Այդ շրջանի հայության ինքնապաշտպանության գործը վարելով մինչև հայ-թրքական կռիվների վերջը, վերադառնում է Բաքու:
Հայ-թրքական կռիվներից հետոյ, 1906-7 ուսումնական տարում՝ հրավիրվում է Վլադիկավկազի հայկական տարրական դպրոցի ավագ ուսուցչի պաշտոնին: Այստեղ, որպես կուսակցական գործիչ՝ աշխատակցում է կուսակցության տեղական մարմնին, նշանավոր Հակոբ քահանա Սառիկյանի, Հակոբ Չիլինգարյանի և այլոց հետ…
1909 թ., երբ սկսվում են Լըժինի հալածանքները դաշնակցականների դեմ՝ Հովակը և Հ.Չիլինգարեանը ձերբակալվում ու աքսորվում են Արխանգելսկ: Աքսորավայրում մնում է մինչև 1912 թ.: Աքսորի ժամանակաշրջանը լրանալուց հետո վերադառնում է Շուշի, որտեղ հրավիրվում է «Մարիամ Ղուկասեան» օրիորդաց դպրոցի ուսուցիչ, Իսահակ Տեր-Ղազարյանի (հետագայում Գյուտ եպիսկոպոս) տեսչության օրոք: Այդ պաշտոնի մեջ նա մնում է մինչև 1914-1915 ուսումնական տարվա վերջը:
1915 թվի ամռան սկզբին, որպես պահեստի զինվոր, ցարական իշխանության կողմից կանչվում է զինվորական ծառայության: Թիֆլիսում ընդունվում է զինվորական դպրոց, ավարտում է որպես սպա և ուղարկվում Արևմտյան ռազմաճակատը, ուր նա մնում է մինչև 1916 թ. աշունը, հասնելով տեղակալի աստիճանին:
Աշնանը նա փոխադրվում է Կովկասյան ռազմաճակատ և մասնակցում տաճիկների դեմ տարվող կռիվներին, արժանանալով կապիտանի աստիճանին: 1917 թ. Ռուսաստանի հեղափոխությունից հետո, փոխադրվում է Թիֆլիս, մասնակցում է Հայ Զինվորական Միության հիմնադրմանն ու ընտրվում է Զինվորական Մարմնի անդամ:
1918 թ. հունվարին, տեղի ունեցավ Կովկասյան ռազմաճակատի փլուզումը:
[ՀՅԴ] Ապառաժի շրջանի (Զանգեզուր-Ղարաբաղ) Կ.Կոմիտեի և միջկուսակցական Բիւրոյի լիազորությամբ Հ.Մուսայելյանն անցնում է Թիֆլիս, արցախի և Սյունիքի կացության մասին իրազեկ դարձնում Դաշնակցության և Ազգային Բյուրոներին ու առաջարկում Թիֆլիսում հավաքված զանգեզուրցի և ղարաբաղցի զինվորներից կազմել մի զորագունդ՝ ուղարկելու Սյունիք՝ ինքնապաշտպանության նպատակով: Այդ գործը ղեկավարում են գնդապետ Մ.Մելիք-Շահնազարյանը՝որպես հրամանատար, իսկ Հովակը՝որպես գնդի ռազմական կոմիսար:
Այս նորակազմ զորագունդը մեծ դեր է կատարում Սյունիքի պաշտպանության և հակահայ տրամադրություն ունեցող տարրերի չեզոքացման գործում:
1918 թ. վերջին, երբ անգլիական զինվորական միսիան եկել էր Շուշի, Հովակը հավաքելով ղարաբաղցի զինվորներին, անցնում է Շուշի, որտեղ մի շարք սպաների հետ միասին լծվում է Ղարաբաղի ինքնապաշտպանության գործին: Այդ ժամանակ Ղարաբաղի Ազգային Խորհրդի կողմից հրատարակվում էր «Արցախ» անունով պաշտօնական շաբաթաթերթը, որի խմբագրության գործոն անդամներից մեկն էր Հովակը:
1920 թվին Շուշիի ավերումից հետո, Հովակն անցնում է Երևան, մտնում է Մանուկ Աբեղյանի գլխավորությամբ կազմված հանձնաժողովի մեջ, որը զբաղվում է նորաստեղծ Հայաստանի պետական զինվորական տերմինները հայացնելու գործով, ուր և աշխատում է մինչև Հայաստանի խարհրդայնացումը:
1921 թ. հունվարին, Հայաստանի սպայության հետ Հովակն էլ աքսորվում է չէկայի կողմից, Ռուսաստանի ներքին նահանգները: Գարնան կեսերին, նա փախչում է ծանր և վտանգավոր պայմաններում ու վերադառնում Զանգեզուր:
Յովակն անդամակցում էր նաև Գորիսում հրատարակւող «Սյուննիք» թերթի խմբագրությանը:
1921 թվի գարնանը, երբ Հայաստանը կրկին խորհրդայնացվում է, մեծ թվով քաղաքացիներ, պետական և զինվորական գործիչներ անցնում են Զանգեզուր և ապա Պարսկաստան: Սրանց մեջ էր նաև Հովակը, որ հաստատվում է Թավրիզ և տասնեակ տարիների ուսուցչական պաշտոն վարում Արամյան դպրոցում: Միաժամանակ նա աշխատակցում է «Հայրենիք», «Յուսաբեր» և «Ալիք» թերթերին՝ Քիրս Սարոտ, Յովակիմ, Յ.Ս., Մարմանդյան և այլ ծածկանուններով:
1948 թ. հրավիրվում է Աբադան ուսուցչական պաշտոնով: Երեք տարի Աբադանում պաշտոնավարելուց հետո, առողջական պատճառներով, հարկադրվում է մնալ Թեհրան: Օր ըստ օրե հիվանդությունը ծանրանում է և նա կնքում է իր մահկանացուն մայիսի 1-ին:
Հարգանք տանջված ընկերոջ անմոռաց հիշատակին: