ԹՈՓՉԻ ՍԻՄՈՆ —Սիմոն Զաքարի Մելիք-Յարութիւնեան (1886թ. Սերս – 1921թ. Թիֆլիս):
Թոփչի Սիմոնի եղբայրը՝ ՀՀ բանակի սպա Կարապետը
Գլխապետ (կապիտան) Սիմեոն Մելիք-Հարությունյանը Վայոց Ձորի Սերս գյուղից էր: Շատերը դեռեւս չեն ճանաչում այդ համեստ, հերոսատիպ զինվորականին: Նա, 1919 թ. ամառը, իր կազմակերպած լեռնային մարտկոցով, Հայաստանի Հանրապետության կառավարութեան կարգադրությամբ, Երեւանից փոխադրվեց Զանգեզուր, ուր մուսավաթական Ադրբեջանի ուժերը կենաց ու մահու կռիվ էին մղում Զանգեզուրի հայության դեմ:
Պիտի ասել, որ թնդանոթների կարիքը շատ մեծ էր, որոնք և խաղացին շատ կարեւոր դեր: Սիմեոնը որպէս հրետանու մասնագետ սպա՝ նշանակվում է հիշեալ լեռնային մարտկոցի հրամանատար և բարեխղճորեն կատարում իր հայրենասիրական պարտականությունները:
Նա մասնակցում է Ջուլի (Արտավանի) և Շուռնուխի ռազմական գործողություններին: Այս երկու շրջաններն իրենց կատարած ավերիչ գործունեութեամբ հանդիսանում էին շատ արժեքավոր հենակներ տաճկա-ադրբեջանեան ռազմավարության համար, որի նպատակն էր՝ խորտակել հայ ժողովրդի անկախ պետական գոյությունը: Համառ կռիվները վերջացան Լեռնահայաստանի ռազմական ուժերի հաղթանակով, որի մեջ Սիմեոնի մարտկոցը կատարեց փրկարար դերը: Սիմեոնն իր թնդանոթային անշեղ հարվածների շնորհիվ արժանացել էր ժողովրդի կողմից «Թոփչի» մականվան, և վայելում էր մեծ հարգանք ու ժողովրդականություն:
1919 թ. նոյեմբերի 4-8-ը Զանգեզուրի հայ ժողովրդի դեմ պայթում է մուսավաթական Ադրբեջանի անպաշտոն պատերազմն՝ իր բովանդակ ուժերի մասնակցութեամբ: Թշնամին գրավել էր Գորիս քաղաքի հյուսիսում՝ 6-7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քաչալ-Դաղ լեռը, և պատրաստվում էր՝մտնելու Գորիս: Բայց շնորհիվ Լեռնահայաստանի խիզախ ու անձնվեր զավակների և անվեհեր Սիմեոնի մարտկոցի մրրկաթափ կրակի՝ թշնամու առաջխաղացումը կասեցվեց: Կռիվների զարգացման նախաձեռնությունը խլվեց թշնամուց և Լեռնահայաստանի ռազմական ուժերը դիմեցին կատաղի հակագրոհների, որոնք մի երկու օրվա ընթացքում՝ պսակվեցին կատարեալ հաղթությամբ, և թշնամին ցիրուցան լինելով՝ Գորիսին տիրելու իր բաղձանքն ընդմիշտ թողեց մեր լեռնաշխարհի ձորերում ու հովիտներում:
Այսպիսով հայությունը փրկվեց ահավոր սպանդից: Մեր երախտապարտ ժողովուրդը, իր հոգու և մտքի մեջ միշտ կըփայփայի Սիմեոնի և նմանների հայրենանվեր հերոսամարտի անթառամ հիշատակը…
Գլխապետ (կապիտան) Ս.Մելիք-Յարությունյանը պատկանում է մեր քաջահամբավ հայրենանվեր սպաների փաղանգին, որը Հայաստանի խորհրդայնացման շրջանում հալածանքի զոհ դարձավ և հայ ժողովուրդը զրկվեց իր հարազատ ու հավատարիմ զավակից: Թիֆլիսը բոլշևիկները գրավելուց երեք օր հետո, աստանդական կեանքի դառնութիւններից հիասթափված, Սիմեոնը ինքնասպանությամբ վերջ տվեց իր կեանքին:
Սիմեոնների հայրենասիրական անձնվեր քաջագործությունները, չեն վրիպի մեր պատմագիրների ուշադրությունից, և հայ ժողովրդի գոյության արյունոտ հերոսամարտի պատմության էջերը կըծառայեն հետագա սերունդներին՝ որպես հավիտենական կոթող մեր հայրենիքի ազատագրության ճանապարհին նահատակված հերոսների անմոռաց հիշատակը հավերժացնելու համար:
Մեր հարգանքը թանկագին Սիմեոնի անմոռաց հիշատակին: