Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում (ՍՀՀԿ) լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրքը (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone)։ Այն կազմվել և հրատարակվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «ՀՀԿԳՄՍՆ ԴՄՄԺ-037» հայտարարված դրամաշնորհային մրցույթի («Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն») շրջանակներում։ Հեղինակներ են լրագրող, Քաշաթաղի շրջանի նախկին «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը (բովանդակություն, լուսանկարներ) և ՍՀՀԿ նախագահ, ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․, դոցենտ Մհեր Քումունցը (գիտական խմբարում, ստուգաբանություններ)։ Գրքի խմբագիրն է ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լուսինե Ներսիսյանը, թարգմանիչ՝ Սոնա Քումունցը։
Գիրք-պատկերագիրքը լույս է տեսել «Ոսկան Երևանցի» տպագրատանը՝ 1000 տպաքանակով, և ըստ ծրագրի՝ գրեթե բոլոր օրինակները տարածվելու են արտասահմանում։ Գիտական քննարկումը անցկացվել է Գորիսի պետական համալսարանում։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը, կարծում ենք, սպասված է հայ հասարակության կողմից։ Շուրջ երեք տասնամյակ բաց են թողնվել կարևոր աշխատանքներ այս բնագավառում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը պատմական Սյունիք-Արցախի հայկականությունը ամրագրող փաստագրում ունի, ստվերում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գիտական և քաղաքական հարթակներում հրատարակվող և հրապարակվող կեղծ թեզերին, պատմաքաղաքական կողմնորոշումներին։ Այն կարող է օգտակար լինել հայ և հայանպաստ դիվանագիտական ինստիտուտներին հայկական մշակույթի արևելան հատվածի միջազգայնացմամբ, օգնել ոչ հայախոս հանրությանը շիտակ տեղեկատվությամբ՝ Արցախի հարցում ունեցած պատկերացումները, կողմնորոշումները հստակեցնելու, առնչվելու տարածաշրջանի քրիստոնեական և նախաքրիստոնեական բազմադարյան մշակույթին և նրան սպառնող վտանգներին։
Ավելի մանրամասն տե՛ս՝ “Առավոտ”— ի մամուլում