Ի՞նչ ծագում ունի Քաշաթաղ-ը, և ինչպե՞ս է այն դարձել Լաչին

Spread the love

(թեզիս)

Հայերենում քաշ նշանակում է՝ 1. «մեջք», 2. «քարշ», 3. «մի տեսակ քար», 4. քաշ-իկ «պարան», այլև՝ քաշկ, քաշկեն, քաշկու, քաշ(ի)մ և այլն[1]: Այս ամենի դիմաց Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում կան համանուններ՝ քաշ «կշիռ, կշեռք», քաշ «1. ցած, 2. փոխ. վատ», քաշ «արծվի տեսակ՝ մուգ գույնի» (թռչնաքաշտ)[2], քաշ՝ քարշ արմատից ՝ քաշ տալ «քաշել», ինչպես և՝ քաշկ(ը) «քաջք՝ առասպելական ոգի», քաշ կյա̈լ «քարշ գալ», քաշկառ || կաշկառ «քարակույտ», քաշվէլ «1. հեռանալ, 2. մեկուսանալ», քաշվէլ «ամաչել» և այլն: Ինչպես նկատում ենք, բավականին հասկացություններ կան քաշ ձևից, որոնք, սակայն, զանազան երևույթներ և գործողություններ են արտահայտում: Սրանցից փորձենք քննել քաշ «ցածր, ներքև» իմաստով բառը, որ Հ. Աճառյանը նշում է Ագլ. (քօշ) Գնձ. Ղզ. Ջղ. «ցած, ոչ բարձր» և միայն Արց.՝ «վար» իմաստներով[3]: Բարբառախումը այս արմատից ունի՝ քաշ օնէլ, քաշ քիցէլ «իջեցնել», քաշ քյիցէլ «քաշ գցել, ներքև գցել, կախել», քաշլիկ «ցածրիկ», քըշանալ «1. նվազել, 2. ներքև իջնել, 3. կռանալ, 4. ընկնել, պակասել, 5. նվաստանալ» և այլն, որ, կարծում ենք, բարբառախմբում բացակայող «ներքև» հասկացությանն է փոխարինում:

Սյունիք-Արցախ պատմական վայրում քաշ արմատով կան բազմաթիվ տեղանուններ՝ Քաշաթաղ (Քշթաղ, Քաշաթաղք, Քաշտաղև այլն), Քաշին քար, Քաշիմարգ և այլն[4]: Նշենք, որ Քաշաթաղը և այլ տեղանուններ առնչակցվում են ցեղանվան հետ՝ «Քաջբերունի, որր հավանորեն ստացվել է Քաշբերունի ձևից, նշանակելով kaš (=kaška կամ gašga) ցեղից»[5], որ քիչ հավանական է թվում: Բարբառախմբում քաշ արմատով «ներքև» իմաստով բառ՝ փոխատու հիմնական լեզուներից անցած, չի հանդիպում. թյուրք. ունի kaş «հոնք»[6], համանուն՝ «ծայր», որի համար նշվում է նաև պրսկ. փոխառյալ լինելը[7]: Մատենագրական վկայություններ նշված իմաստներով նույնպես չեն հանդիպում, և ուստի, կարծում ենք՝ ձևով և իմաստով առավելապես մոտ է հ.-ե. *kau- «տապալել, իջեցնել, վար առնել, վհատեցնել», ածանցված ձևը՝ *kau-no-s` (> kau-s(k)-) «վայր իջեցնել, նվաստացնել, խոնարհ», հմմտ.՝ հուն. κυανός, κακός[8] «դժգույն, վատ, խոժոռ» < καίω «այրել»[9], գոթ. hauns «ցածր, խոնարհ», լիթ. kūviúos, kūvė́tis «ամաչել»[10], որոնց համեմատությամբ բարբառախումբն ունի՝ կըլօխը քաշ «ամոթահար», կըլօխը քաշ անէլ, կըլօխը քաշ քիցէլ «ամաչել, ամոթահար լինել»: Տեղանուններից համեմատելի է Քաշաթաղ-ը (իբրև 1300 թվականից[11] կոչվում է Խոժոռաբերդ). «Աղահէջ՝ գաւառ, որ այժմ կոչի Քաշաթաղ և Խոժոռաբերդ (ընդգծումը՝ Մ.Ք.)»[12]: Քաշ արմատի տեղանվան մեջ բնիմաստի պահպանման օգտին է խոսում նաև մի հանգամանք. պատմական Սյունիքի Քաշաթաղ և Խոժոռաբերդ-ը իմաստային պատճենմամբ թյուրք. ցեղերի կողմից անվանվել է Լաչին, որ նշանակում է քաշ թռչուն, հմմտ.՝ laçın[13] || laçin «1.բազե կամ բազեի պես մի թռչուն, 2. կտրուկ, 3. կոպիտ»[14]:

Փաստորեն՝ Քաշաթաղ նշանակում է ներքևի թաղ, խոժոռ տարածք, վայր՝ քաշ+ա+թաղ (Քաշաթաղ > Խոժոռաբերդ) : Ձևիմաստային առումով այս խմբին է աղերսվում նաև քաշ «նիհար, տգեղ, չեչոտ» բառը, որ առանձնապես նույնացվում է թռչնի հետ. արդ՝ հնարավոր է` *kau- բնիմաստից է ստացել թռչնանունը, որ նշվում է անհայտ ծագմամբ բառերի շարքում[15]: Չենք կարող ասել՝ բարբառախմբում քըշըսողան, քըշըսըխտոր (համապատասխանաբար՝ հարադրությամբ՝ քաշու/ի սողան) բարդություններում քաշ բաղադրիչը «ներքև, ցած» իմաստներո՞վ է բաղադրված:

[1] Այս բոլորը տե՛ս՝ ՀՍԲ, էջ 776:

[2] «Իսկ թռչնաքաշտ որ մեծամեծ են եւ սևաթոյր, սլացաւ ի վերուստ ի վայբ, եւ եկն ի սեղան թագաւորին…» (Օրբէլեան Ստեփաննոս, Պատմութիւն նահանգին Սիսական, հատ. Ա., Ի գործատուն Կ. Վ. Շահնազարեանց, Փարիզ, 1859, էջ 93 (ասյուհետեւ՝ Օրբելյան1859)):

[3] ՀԳԲ, էջ 1093:

[4] ՀՀՇՏԲ V, էջ 298-299:

[5] Ղափանցյան Գ. Ա., Հայոց լեզվի պատմություն (հին շրջան), ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1961, էջ 51:

[6] https://www.nisanyansozluk.com/?k=ka%C5%9F&lnk=1.

[7] A.d.i.l. 2006, s. 648.

[8] Հունարենի իմաստները քաղեցինք այս գրքից՝ Phavorinus G., Dictionarium magnum, 1712, p. 416.

[9] Իմաստները տե՛ս՝ Дворецкий И.Х., Древнегреческо-русский словарь, том 1, Государственное издательство иностранных и национальных словарей, Москва, 1958 с. 858.

[10] Pokorny, p. 535.

[11] Հիւբշման Հ., Հին հայոց տեղւոյ անունները (Հայոց աշխարհին պատմական տեղագրութեան մասին ուսումնասիրութիւններով), Մխիթարեան տպարան, Վիեննա,1907, Էջ 226

[12] ասյուհետեւ՝ Օրբելյան Ա 1859, էջ 51:

[13] Derleme sözlüğü, Türkiye’de Halk Ağzından, IX, 2 baskı, Ankara üniversitesi , Ankara, 1993, s. /այսուհետև՝ D.S., IX, s. 3057-3058.

[14] Tarama sözlüğü, Türk dil kurumu yayınları; 2. Baskı, Ankara üiversitesi basımevi, Ankara, 1996, Kadı. XIV. 169. s. 2785.

[15] ՀՍԲ, էջ 776-777:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի