Լաուրա Հակոբի Գևորգյանը ծնվել է 1948թ. սեպտեմբերի 1-ին Վայոց ձոր մարզի Զառիթափ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: 1965թ. ընդունվելէ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսերենի բաժինը: 1969թ. ավարտելով համալսարանը՝ աշխատանքի է անցել Գնդեվազի դպրոցում որպես կազմակերպիչ և ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի: 1970-1973թթ. աշխատել է ՀԼԿԵՄ քարտուղար, իսկ 1973-1979թթ.՝ Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես ուսուցչուհի: 1979-1981թթ. նշանակվել է Եղեգնաձորի շրջանային պիոներ պալատի վարիչ: 1981-2016թթ. աշխատել է Եղենաձորի երկրագիտական թանգարանում նախ որպես գիտաշխատող, ապա՝ ֆոնդապահ:
Անշուշտ, հարազատների ու ընկերների հիշողության մեջ միշտ վառ են մնալու Լաուրայի մարդկային արժանիքներն ու հմայքը: Ես ուզում եմ խոսել առավելապես Եղագնաձորի Երկրագիտական թանգարանում 1981-2016 թվերին աշխատելու տարիներին նրա եզակի գործունեության մասին, որի խոսուն վկայությունն են թանգարանի մեծահարուստ ֆոնդերը, հատկապես արխիվային բաժինը, որի հսկայածավալ նյութերը երկար տարիներ ժրաջանորեն հավաքել և այնքան մանրակրկիտ, սիրով ու հոգածությամբ կարգավորել է Լաուրա Գևորգյանը: Որպեսզի կարողանանաք համեմատության մեջ տեսնել մեր թանգարանի հարստությունները, առավելությունները, պետք է ծանոթ լինել Հայաստանի այլ թանգարաններին: Թանգարանում իր աշխատանքի հենց առաջին տարիները՝ 1980-ական թթ. սկզբները, կարծես ճակատագրականորեն համընկան ԽՍՀՄ-ին անհարիր մի հետաքրքիր երևույթի: Նախորդ դարասկզբի դրամատիկ իրադարձությունների վերջին մասնակից հին բոլշևիկ կամ ուրիշ ոչ կուսակցական վայոցձորցիներից ոմանք իրենց կյանքի մայրամուտին պահանջ էին զգում ավելի վստահելի, ապահով տեղում պահելու տասնամյակներ շարունակ մասունքների նման տների գզրոցներում թաքցրած հուշագրությունները, լուսանկարները ու նախասովետական անցյալի այլ փաստաթղթեր, որոնք շատ դեպքերում արգելված էին կամ էլ անհամապատասխան էին կոմունիզմի գաղափարաբանության կաղապարներին: Եվ հաճախ հենց Լաուրայի անհատական վստահելի, խրախուսական վերաբերմունքի շնորհիվ նրանցից շատերը դրանք հոժարությամբ ի պահ տվեցին Եղեգնաձորի թանգարանին: Մեր անցյալի պատմական ու մշակութային մասունքների հավաքչական աշխատանքն էլ ավելի եռանդով Լաուրան շարունակեց Հայաստանի անկախության տարիներին: Նա հաճախ էր իր անհատական նախաձեռնությամբ գործուղումների մեկնում Երևան և այլուր, հանդիպում մեր նշանավոր հայրենակիցներին կամ նրանց ժառանգներին ու նրանց մոտ պահպանվող տարբեր փաստաթղթերը, լուսանկարները բերում թանգարան: Այսպես, Լաուրա Գևորգյանի ջանքների շնորհիվ Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանը ստանձնեց մարզային մասշտաբով «Պատմական արխիվի գործառույթը»: Վերջին տասնամյակներում, ովքեր որ Վայոց Ձորի մշակույթի կամ պատմության ուսումնասիրության նպատակով օգտվել են թանգարանի նյութերից, կվկայեն, թե ինչպիսի ոգևորությամբ էր Լաուրան վերաբերում նման ձեռնարկներին, ինչ գորավանքով էր օգնում նրանց: Ճիշտ է, նա իր ունեցած հարուստ տեղեկությունները չօգտագործեց որևէ հեղինակային աշխատանքի համար, սակայն նրա կողմից տասնամյակների ընթացքում հավաքած, խնամքով դասավորած ֆոնդերից օգտվել և դեռ օգտվելու են Վայոց Ձորի պատմության, մշակույթի վերաբերյալ որևէ լուրջ ուսումնասիրություն ձեռնարկողները: Այդ հավաքածուները նաև լայն հնարավորություններ են տալու, երբ թանգարանը նոր շրջանի պատմության թեմաներով ցուցադրություններ կազմակերպի: Լաուրային մտերիմ մարդիկ գիտեն, որ այդ ամենը նրան հեշտ չէր հաջողվում, և հարկ էր լինում բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել: Եվ գլխավորապես իր համառ ջանքերի շնորհիվ էր, որ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը մնաց իր կոչման ու առաքելության ծիրում, չվերածվեց հնագիտական իրերի պահեստի կամ թե չդարձավ ժամանակակից նկարիչների կտավների պատկերասրահ: Լաուրան իր անձնական օրինակով ցույց տվեց, որ, ղեկավար չլինելով հանդերձ, անգամ մեն-մենակ, անհատապես, կարելի է հաղթահարել մեր մշակութային հիմնարկներում դեռևս խորհրդային տարիներից իշխող հակազգային գաղափարական իներցիան և բյուրոկրատական կաշկանդող մթնոլորտն ու ազգօգուտ գործեր անել: Թեպետ թոշակի անցնելու պատճառով Լաուրան թողեց թանգարանի աշխատանքը, բայց դրանից հետո էլ նա շարունակում էր ապրել իր հայրենի երկրամասի մշակույթով և ամուսնու հետ միասին մարզում տեղի ունեցող մշակութային միջոցառումների մշտական մասնակիցն էր և ուշադրությամբ հետևում էր մշակութային նորություններին, համացանցի հրապարակումներին ու Վայոց Ձորի վերաբերյալ ամենափոքրիկ տեղեկությունն անգամ կամ լուսանկարը քաշում, հավաքում էր իր համակարգչում:
Այս հակիրճ հրապարակումը թող լինի Վայոց Ձորի մշակույթի ամենից հարուստ հավաքատեղի-գանձարանի՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի երկար տարիների ֆոնդապահ՝ ավելի ճիշտ՝ գանձապահ Լաուրա Գևորգյանի հանդեպ այսօրվա և վաղվա մեր հավաքական երախտագիտության խոստովանությունը:
Աշոտ Սիմոնյան
Սյունիք-Վայոց Ձորի մատենագիր
Մահացածները շարունակում են ապրել ողջերի հիշողության մեջ
Ցավալիորեն այսօր մեզ հետ չէ Վայոց ձորի հոգևոր-մշակութային կյանքում կարևոր հետագիծ թողած Լաուրա Հակոբի Գևորգյանը։ Շուրջ երեսունհինգ տարի աշխատելով Եղեգնաձոր քաղաքի երկրագիտական թանգարանում նախ որպես գիտաշխատող, ապա՝ ֆոնդապահ՝ արժանացել է համընդհանուր ճանաչման ու հարգանքի։ Բազում ուսումնասիրողներ, ուսանողներ և այցելուներ երախտագիտությամբ են հեռացել թանգարանից՝ իրենց հետ տանելով ոչ միայն յուրացրած ճանաչողական գիտելիքները, այլ նաև տիկին Գևորգյանի սրտացավ ու հոգատար վերաբերմունքը։ Լավ տիրապետելով ողջ երկրագիտական նյութերին ու տեղեկատվական աղբյուրներին՝ նա անշահախնդիր օգնել ու աջակցել է այցելուներին հնարավորինս հավաստի և ընդգրկուն տեղեկատվություն ձեռք բերելու գործում։ Տասնյակ տարիների ընթացքում հայթայթել, բծախնդիր ուշադրությամբ մշակել ու համակարգել է երկրագիտական հարյուրավոր նյութեր ու ցուցանմուշներ, պատրաստել ցուցադրություններ, և այդ ամենը սիրով ու նվիրումով, հաճախ, իր անմիջական աշխատանքային պարտականություններին ի հավելումն։ Նա հարգում էր իր կատարած գործը, ավելին՝ սիրում էր, փայփայում, նաև՝ հպարտանում։ Մենք՝ ապրողներս, միշտ սիրով, հարգանքով ու երախտագիտությամբ կհիշենք տիկին Լաուրա Գևորգյանին․ նա համեստ, բարի, կիրթ անձնավորություն էր, նվիրված մայր և ամուսին, հարուստ գիտելիքներով ու կենսափորձով իր գործին անմնացորդ նվիրված ՄԱՐԴ։
Զեմֆիրա Սարգսյան, Ջերմուկի քաղաքային գրադարանի նախկին տնօրեն