Գիրքը ներկայացնում է կյանքի գրեթե կեսը՝ մոտ երեք տասնամյակը հայ ազգային-ազատագրական պայքարին անմնացորդ նվիրաբերած մեր խոնարհ հերոսներից մեկի՝ Մեսրոպ Ավետիսյանի, կամ ինչպես հայտնի էր իր մարտական ընկերներին՝ ՄԱՇՏՈՑ ծածկանվամբ Մակվեցի Մեսրոպի կյանքի ու գործունեության որոշ դրվագները: Սույն գրքում հրապարակվող անտիպ նյութերի ու տարբեր վկայությունների մի մասը հավաքել եմ տարիների ընթացքում, մի մասն էլ ստացել եմ իմ գործընկերներից[1], որոնք նշխարքի նման ճոթ-ճոթ, փշուր-փշուր ամբողջացնելով՝ կազմել եմ Մեսրոպի կյանքի հերոսապատումը:
Մակվեցի Մեսրոպը հայոց ազատամարտի հին զինվորագրյալներից էր՝ դեռ երկունք ապրող երկրի, տակավին չվերածնված մեր հայրենիքի նորօրյա իշխանների, ասպետների առաջին սերնդից, որոնք ասես հին պատմիչների մատյաններից էին հարություն առել կամ Րաֆֆու վիպաշխարհից հայտնվել Հայոց՝ 19-20-րդ դարերի ողբերգական ու հերոսական իրականության մեջ:
Մեսրոպն իր գործունեությունը սկսել է դեռևս 1890-ականների կեսերից։ Նախ մասնակցել է Ս.Թադե վանքից դեպի Երկիր զենքի փոխադրության կարևոր գործին, ապա անցնելով Երկիր՝ Վասպուրական-Շատախի շրջան, ավելի քան երկու տարի եղել Վանա Իշխանի զինակից խմբապետներից[2]։ Հետո կրկին Արամի ու Վանա Իշխանի հանձնարարությամբ տեղափոխվում Մակուի հայաբնակ Քիշմիշթեփե գյուղը, և ստեղծում դեպի Երկիր զենքի փոխադրության նոր ուղի՝ այստեղ ունենալով անփոխարինելի դերակատարություն:
Նա մասնակցել է Պարսկաստանի Սահմանադրական կռիվներին՝ համոզված լինելով հայության համար դրա կարևորությունը։ Առաջին աշխարհամարտի հենց սկզբից եղել է հայկական կամավորական 2-րդ ջոկատում՝ հետախուզական խմբի հրամանատար, վաշտապետ:
Ապա շարունակելով իր կռիվը վերածնված Հայաստանի մարտադաշտերում, կարճ ժամանակ վայելելով ազատ, անկախ հայրենիք ունենալու բերկրանքը, Հայաստանի Հանրապետության շրջանում` հատուկ պետական հանձնարարություններ կատարեց:
Հայաստանի խորհրդայնացման նախօրեին, խուսափելու համար ձերբակալությունից, Ռուբենի, Խմբապետ Մարտիրոսի և այլոց հետ, Մեսրոպը անցնում է Լեռնահայաստան, որտեղ տարբեր պատասխանատու պաշտոններ է ստանձնել՝ Արևմտյան ճակատի հրամանատարի տեղակալ, Գեղարքունիքում Լեռնահայաստանի ներկայացուցիչ և այլն: Այսպես, մինչև Լեռնահայաստանի անկումը, որից հետո հազարավոր գաղթյալների հետ նա էլ ստիպված 1921թ. հուլիսին հեռացավ հայրենիքից:
Եվ այդքան երկար ժամանակ, իր գիտակցական կյանքի մեծ մասը՝ թե՛ մարտիկ, թե՛ գործիչ՝ Մեսրոպը անխոնջ, պատասխանատու կերպով կատարեց իր վրա դրված պարտականությունները:
Մակվեցի Մեսրոպը այնքան սթափ միտք ուներ, որ չհավատաց բոլշևիկյանի իշխանությունների ստապատիր լոզունգներին, հետ չեկավ ռուս-թուրքական խարդավանքներով ծվեն-ծվեն արված ու խորհրդայնացված, չէկայի լծի տակ հեծող Հայաստան՝ հասկանալով, որ բոլշևիկյան Ռուսաստանի կողմից բռնակալված ու սպանդանոց դարձված մի բուռ մնացած Հայաստանն իր երազած հայրենիքը չէ։ Նա ինքնակամ հրաժարվեց Խորհրդային Հայաստան վերադառնալու գայթակղությունից և Հայրենիքի կարոտը անթեղած սրտում՝ քաշվեց Իրանի գրեթե հայաթափ եղած Ուրմիա քաղաքը ու մոտ 10 տարվա քահանայական ծառայությունից հետո մահացավ անհայտության մեջ:
Ներկայացվող նյութերը, որոնց մի զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ, խմբավորված են։ Նախ՝ իր մասին գրությունները՝ հուշերը, վկայությունները, ապա՝ իր տարաբնույթ գրավածքները՝ ինքնակենսագրությունը, նամակները, հուշերը:
Երրորդ մասում ներկայացվում են քիչ լուսաբանված 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Գեղարքունիքում տեղի են ունեցած իրադարձությունների, Նժդեհի կողմից Գեղարքունիքում Լեռնահայաստանի ներկայացուցիչ նշանակված Մեսրոպի գործունեության վերաբերող արխիվային նյութեր, հրապարակումներ, այդ թվում՝ Թավրիզում Նժդեհի դատավարության առթիվ Մեսրոպի, գնդապետ Գ.Բեկ-Զուրաբյանի անտիպ ցուցմունքները:
Գրքի վերջի մասում ներկայացվում են Մեսրոպի լեռնահայաստանյան գործունեության մասին մի քանի այլ արխիվային վավերագրեր:
[1] Մ.Բաբայան և այլք:
[2] «Երբ Լեռնապարի կազմակերպությունը ծավալվեց, Իշխանը իրմե զատ շրջուն երկու զինված խումբեր ալ կազմեց, որոնցմե մեկուն ղեկավարությունը հանձնեց Մակվեցի Մեսրոպին»: Կոմս, «Իմ յուշերը»: