Զանգեզուրի «չօր չօ̈լերը» ծաղկեցնելու, «Էս հուրհրան անդաստանը» երգելու համար եկած բանաստեղծի` Գուսան[1] Աշոտի ստեղծագործությունները հայոց լեզվի անբավ հարստության, ոճական անպարփակ հնարավորությունների, գրական և ժողովրդախոսակցական բանակերտվածքի հրաշալի նմուշներ են և ուսումնասիրության նյութ են ընձեռում ինչպես լեզվի պատկերավորման համակարգի, այնպես էլ քերականական ոճաբանության առումով: Պատկերավորման-արտահայտչական միջոցները Գուսան Աշոտի բանահյուսվածքում անմիջականորեն բխում են հայրենի եզերքի ակնառու գեղեցկություններից, բնաշխարհի գողտրիկ պատկերներից, որոնք բանատողի են վերածվել ինչպես լուսանկարչական ճշգրտությամբ, այնպես էլ հեղինակի վառ երևակայության, երևույթի ու պատկերի զգայական ընկալման ու վերացարկման, մեղեդայնացման բնատուր շնորհով` դառնալով մակդիր («սիրաբուխ աղբյուր» (3)[2], «տաղարանիս ոսկե էջեր» (3), «զմրուխտ սեր» (6), «կաթնածաղիկ հունդեր» (6), «շափաղազարդ, կաթ երես» (13) «աստղաշշուկ գիշեր» (17), «հուր գիշերներ» (19)), փոխաբերություն («…սրտի տաղ եմ հյուսել հուր աստղերից անարատ» (3)», «Երգիս ճամփին հազար աստղեր են վառվում (3)», «…մեր սարերի ծաղկանց բույրով օծվել եմ ես» (3), «Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես» (5), «…կբարձրանամ դարն ի վեր…» (6)), համեմատություն («Կյանքս անցավ ջրերի պես կարկաչուն» (3), «Շունչը մեղմիկ է սարի զովի պես» (7), «Ասես երկնի շղարշ հագած հրեշտակ էր սափորն ուսին» (7), «Խոսքը լեզվիս` եղնիկի պես շաղված փախավ սափորն ուսին» (38)), անձնավորում («Ջահել սիրտս է դեռ մղկտում» (6), «Ա՜խ, կարոտով ինձ կկանչի կանաչ-կարմիր կապած ձորը» (13), «Ջուրն էլ սիրո դողն ընկավ» (13), և այլն:
Նմանատիպ անկրկնելի պատկերները բնորոշ են գուսանի ողջ բանահյուսվածքին: Այլ են զգայախառն մտքի կառուցման եղանակներն ու միջոցները, որոնց կիրառումը պահանջում է բանաստեղծական նուրբ ճաշակ և խոսք կառուցելու հմտություն:
Որևէ հեղինակի լեզվի և ոճի հարցերն ուսումնասիրելիս, սովորաբար, տուրք է տրվում պատկերավորման միջոցների վերլուծությանը, որն, անշուշտ, չափազանց կարևոր է հեղինակի լեզվի արժեհամակարգի գնահատման համատեքստում: Այս ամենին զուգահեռ, սակայն, ձևաբանական համակարգի ընձեռած պատկերավորման ձևերի քննությունը, կարծում ենք, մնում է տեսադաշտից դուրս : Այս բացը լրացնելու, այլև Գուսան Աշոտի երգերի համապարփակ ուսումնասիրության նպատակով փորձենք բացապարզել գրականության և երգարվեստի միջակայքում գտնվող աշուղական խոսքարվեստի քերականական ոճի մի շարք հարցեր, որոնք տակավին չեն լուսաբանվել:
Ոճական երանգավորումները
- Խոսքաշինության մեջ ոճական ակտիվությամբ առանձնանում են գոյականները` և՛ կազմության տեսանկյունից, և՛ շարահյուսական կապակցունակությամբ: Հատկանշական են ճոխապատկեր (15), աստղափունջ (15), գարնանաբույր (9), գեղեցկաշեն (15), շափաղազարդ (13), սիրարբած (16), վարդերես (29), սիրալույս (68), հայրենապահ (71) գոյականները: Նշվածներին զուգահեռ` Գուսան Աշոտը բարդ բառերի փոխարեն գործածում է ժողովրդական լեզվամտածողությանը բնորոշ ածանցավոր կազմություններ, օր.`«Յարս նախշուն յայլավոր է, / Սիրո խոսքը սիրավոր է, / Իր աչքերը մեր հանդերի / Մոշի նման սևավոր է …» (19) և այլն: Ընդգծված ածանցավորների գործածությունը, կարծում ենք, պայմանավորված է յայլավոր բառով. եթե սիրավոր-ը, սևավոր-ը փոխարինելի են սիրավառ, սևազգեստ կամ նման կազմություններով, ապա յայլավորի համար դժվար է գրական համապատասխան տարբերակ նշել:
Գոյականը ոճական լիցքավորում ստանում է հատկանշային իմաստով, երբ խոսքում ստանձնում է որոշչի և ստորոգելիի պաշտոնները. «Յարս եղնիկ է… Ոսկե հայտ է նա, շողակաթ է նա» (7), «… սուրբ օջախի ջահ է նա» (9), «Նա իմ կյանքն է քաղցրանուշ» (9), «… քո սերն եմ…, Մի՞թե սիրտը մութ է քո, չէ՞ որ դու իմ աստղն ես» (11), «Դու կենսաբեր արև ու սեր ես» (10), «տաճար ես» (25): Նման կիրառությամբ հեղինակն իր սիրելիին նկարագրում է ոչ թե մեկ հատկանիշով, այլ հատկանիշների ամբողջությամբ, որոնցով վերաիմաստավորվում են եղնիկ, շողակաթ, ջահ և մյուս գոյականները: Որոշչի պաշտոն ունեն օրինակներում ընդգծված բառերը՝ «Իմ հայրենի բաղձանք սարեր» (49), «… կաքավ յարդ արթնանա» (9), «բուրմունքի գիշեր» (28) և այլն:
Հոլովման, հոգնակի թվի ոչ գրական կազմությունները կամ գրաբարյան ձևերը ևս կարող են ոճական ակտիվություն ձեռք բերել. գրաբարատիպ կազմությունները բանախոսքին հաղորդում են բարձր, հանդիսավոր ոճ, իսկ ժողովրդախոսակցականները` ավելի պարզ, հասարակ ոճ: Այսպես՝ հայրենի եզերքի սարերի վեհությունը Գուսանը պանծացնում է ծաղկանց շուրթով (108) , իսկ խնկաբույր լճի գրավչությունն ընդգծում է՝ նկարագրելով բարձրանիստ լերանց միջոցով. «Լերանց գրկում երկնաթով մի հրաշք է» (55): Երբ երգիչը խոսում է մեր ժողովրդի հարեհաս վերքերից` Դերզորից ու Կոմիտասից, հիշում Մոկաց հարսների դադրած պարն ու Վանա ծովակի վիշտը, նրա խոսքը դառնում է հրեղեն. «Զայրույթք շանթերը սլացան ձորերում» (62): Գրաբարյան հոլովական ձևերով կայուն կապակցությունների կողքին՝ Վանա, Սյունյաց (73), Մոկաց (62), նա գործածել է նաև ի հոլովման պատկանող հատկանվան գրաբարատիպ ձև` Խուստուփա սար (71), Մուրղուզա սարի հրեղեն եղնիկ (92)[3], ինչը հնօրյայի և ներկայի յուրահատուկ միաձուլում է, քանի որ կրում է Գորիսի բարբառի ազդեցությունը[4]: Ժողովրդախոսակցականին Գուսանը տուրք է տվել հետևյալ ձևերով. Ճամփեքին մնացի (75), ճամփաները գարունքվա (11), գարունքվա արև (110), գարունքին (11): Ըստ թեմատիկայի, ասենք՝ Շիրակը գովաբանելիս, դարձյալ անցում է կատարվում գրաբարյան հանդիսավոր ոճին. «Նա հպարտ է իր իմաստնոց հանճարով» (116), «Շիրակն հայոց գանձեր անգին պարգևեց» (116), «Աստղունքի հետ սիրտս մտար» (80), «…աստղունք-ծաղկունք քեզ կժպտան» (104)…
Բացառական հոլովը ևս կարող է խոսքը ոճավորել, երբ հեղինակը արևելահայերեն ձևերին զուգահեռ գործածում է գրաբարյան կամ կը ճյուղի բարբառներին բնորոշ բացառականը. «Էս կրակոտ սիրո ծովեն դարդ քաղելու համար եկա» (107): Կարծում ենք՝ ուշ միջնադարում ձևավորված հոլովական զուգաձևերի դրսևորումներն են բարբառներում[5], ապա` հայ աշուղական դպրոցին բնորոշ ազդեցությունն է, որ հանդիպում է «ուշ միջնադարի հայ երաժշտաբանաստեղծական արվեստի»[6] գործերում: Նման օրինակի հանդիպում ենք Սայաթ-Նովային նվիրված երգում, որը գրված է վերջինիս հանրահայտ խաղի հանգով[7]` «…սարի հովեն նա միշտ կգա» (97), «Ելնեմ հարցնեմ ճամփաներեն, Էն հեռացող ամպերեն» (6):
Առկայացման կարգը նույնպես կարող է ծառայել ոճական նպատակադրմանը, եթե գործածվի գրական արևելահայերենին անհարիր ձևով, ինչը նկատելի է ժողովրդական ոճին տուրք տվող գրեթե բոլոր հեղինակների գործերում` սկսած Խ. Աբովյանից մինչև Հ.Սահյան և Աշուղ Աշոտ. այսպես`«…նա խոսում է իմ սիրուցը» (117), «… մեկ խաբար կուզեմ իմ յարիցը», «Յարաբ չանցա՞վ ու չխմե՞ց քո ջրիցը» (45), «Ձեր դռնիցը ետ տվեցիր» (110), «… թռիչքն արծվի սարերումն է» (48), «Յարս արտումն է» (46), «…բախտը քո զարթոնքումն է» (48), «… սերդ սարերի ծաղկունքումն է» (48), «Սիրո ջահը իմ ձեռքումն է» (124):
Նպատակային է, անշուշտ, ստացական հոդի և դերանվան սեռական հոլովի համատեղ գործածությունը, ինչը ևս բնորոշ է խոսակցական ոճին և ընդգծում է մտերմությունը, սիրելիի՝ իրենը լինելու աներկբայությունը. «…իմ թևավոր անգինս» (47), «Իմ հազարան երազանքիս հանդիպելու համար եկա» (107), «…սարի շաղը քո ոտքերիդ» (111), «Էն քո անգութ մերժումներդ» (117):
- Ոճալիցքավորմամբ առանձնանում են ածական բառերը, որոնց հատկապես կամընտրական սուբյեկտիվ գործածությամբ բանաստեղծական խոսքը ոճական այլևայլ նրբերանգներ է ձեռք բերում: Կանգ կառնենք նկատված քերականական որոշ իրողությունների վրա. Աշուղ Աշոտի բանահյուսվածքում որակական ածականները կիրառվել են ինչպես քերականական փոխանունությամբ՝ «սիրունները Երևանի» (118), «Անգինս վշտացած մեր դռնով անցավ» (75), «…Նազելին իմ քնած է» (9), այնպես էլ ուղիղ ձևով գործածվել են գոյականին բնորոշ կառույցներում` մասնավորապես դառնալով կոչական, ինչը կարելի է որպես ոճական յուրօրինակություն դիտարկել, օր.՝ «Ու՞մ ես պահում սրտիդ սերը, անուշիկ» (110), «Արևի պես դու ժպտացիր, աննման» (108), «Ձայնդ մնաց քերծերի լուռ ականջին, սևաչյա» (102), «Սիրուն, մի՞թե երազ էր» (98),«…բայց դու, անգութ, հույսիս նավը խորտակեցիր էն գարնան» (124), «Եկա, բացես բախտիս դուռը, նազելի, / Առնեմ սրտիդ ոսկե հուրը, նազելի» (16):
Որոշ դեպքերում ածականներն առարկայացել են բառային միջոցներով. «ով վարդերես» (29), «…բախտ չի ժպտա, ով նազելի, սիրո ուխտը դրժողին» (17), «Օրս առանց քեզ կանցնի … սիրուն ջան, «…ձայն չես տալի, ով անգին» (31):
- Թվականը ոճական տեսակետից ընդհանրապես հարուստ խոսքի մաս չէ: թվականներ (7, 10, 100, 1000) գործածվում են հիմնականում չափազանցություն արտահայտելու համար: Այսպես` «Սյունիքի յոթը տարվա գինի» (106). «.. Հազար աչք քեզ նայեց» (77), «Հազար շյուղեր նա բերում, նորոգում է իր տունը» (11): Հաճախ թվականին կցվում է նաև մի անորոշ դերանունը` սաստկացնելու անորոշության իմաստը. «Հազար ու մի երգում գոված …» (73), «Հազար ու մի ճամփա անցա» (3):
- Բայական քերականական համակարգը անսպառ նյութ է տալիս ոճավորման համար: Մենք կանդրադառնանք առավել տիպական միջոցներին:
ա) Աստիճանավորման եղանակով հեղինակը դիմել է բայահիմքի կրկնությամբ կազմված սեռի ոճական դրսևորմանը: Ժողովրդախոսակցական լեզուն ունի սեռադրսևորման մի քերականական ձև, երբ չեզոք սեռի բայը խնդիր է առնում իր իսկ արմատը, օր.` երգ երգել, պար պարել լաց լացել: Գուսան Աշոտը, հարազատ մնալով ժողովրդական լեզվամտածողությանը, միաժամանակ հեղինակային ինքնատիպ կիրառություն է տվել դրանց՝ վերոբերյալ օրինակների նմանաբանությամբ. «Սարվորները սար կկանչեն» (20), «սեր երգիր» (75), « … խաղ կանչելով ես խենթացա ձեր կարոտից» (49), «Վարդի ցողեր, գոհար արցունք լացել եմ ես» (3):
Չեզոք սեռի բայը խնդիր է առել ուղղական կամ ուղղականաձև հայցականը. «Ա՜խ սիրտն այսօր գուսանի բարի լուր է սպասում, /Սեր ու բուրմունք սեգ սարի / Քեզանից է սպասում» (18) և այլն:
Ըստ ամենայնի, այստեղ սպասել բայը հեղինակը գործածել է ակնկալել, տենչալ իմաստներով: Գուսանի տողերում կան նաև կրկնասեռության դրսևորումներ. չեզոք` «…վարսը վեր-վեր կխաղա, ա՜խ, ինչ թեթև կխաղա» (65), ներգործական՝ «Աղջիկները սիրի-սիրի են խաղում» (56): Գորիսի բարբառի[8] ազդեցությունն է նկատելի հետևյալ օրինակներում. «Ա՜խ, սիրտս կարոտից մարվում է» (11), « …իմ վշտերից արծաթվել են մազերս» (46):
բ) Դերբայական համակարգը հետաքրքրական պատկեր է ներկայացնում ոճավորման տեսակետից: Թողնելով բուն կիրառությունները` կանդրադառնանք դրանց ոճական գործառույթին, քանի որ «բայի հոլովական ձևերով այնպիսի քերականական իմաստներ ենք արտահայտում, որ չեն կարող արտահայտվել մյուս խոսքի մասերի հոլովական ձևերով. այդ գործողության, շարժման իմաստն է»[9]:
Դիտարկելի է անորոշ դերբայի հետևյալ կիրառությունը. «Տանջելդ ինձ նուշ է, յար, / Անսեր մարդը փուշ է, յար …» (77): Կարծում ենք, բանաստեղծի այս միտքը բառային միջոցներից կարող էր արտահայտվել միայն այս կերպ, կամ պետք է արտահայտվեր ստորադաս նախադասությամբ` «… այն, որ ինձ տանջում ես…»: Փաստորեն, անորոշ դերբայն իր «բառե նեղ ուսերին է» առել ամբողջ նախադասության արժեքը: Եթե փորձենք այն փոխարինել այլ բառով՝ «տանջանքդ ինձ նուշ է», ապա կհամոզվենք, որ հեղինակի բառընտրությունը, հիրավի, բանաստեղծական գյուտ է՝ «Ախ, էն սարում սեր առնելը մուրազ է» (84), «Երևալդ ու գնալդ, ախ, ինձ դարձրին թափառական» (117):
Ոճավորման հնարավորություններով հարուստ են բայի դիմավոր ձևերի եղանակաժամանակային կիրառությունները նաև այլ եղանակաժամանակային, դիմաթվային նրբիմաստներով: Գուսան Աշոտի քառյակներում հանդիպում ենք առածական ներկայի տիպական օրինակների, որոնցով հեղինակը կարծես ամփոփում է իր և մարդկության անցած ուղին. «Մարդը գալիս-անցնում է հազար ու մի հույսերով, / Ծնված օրից սպասում է հազար ու մի հույսերով» (125), «Ուրախ գալիս, կարոտ նայում, տխուր անցնում, գնում են, / Թեկուզ անվախ, վախտն էլ վախտ, վշտացնում, գնում են» (126):
Ընդհանրական ներկայի իմաստային կիրառությունն է առաջնային վաղակատար ներկայի հետևյալ ձևերում՝ «Սազ-քամաչով ման են եկել գուսանները հայ երգի, / Տարին բոլոր գեղգեղել են մշակները հայ երգի, / Հազար գարնան շնչով լցված ոսկե տաղով շրջել են, / Ամեն երկրում մեծարվել են ասպետները հայ երգի» (127):
Անցյալ կատարյալը հիմնականում միտված է երևույթի նկարագրությանը, որը հեղինակը հմտորեն գործածում է բնությունը, ապրումն ու զգացումը տիեզերական մեկ հոլովույթի մեջ դնելու համար, օրինակ՝ «Գարնանային հալքերն ընկան, ինչ լավ է, / Էն տարագիր հավքերն եկան, ինչ լավ է, / Աղբյուրները կարկաչեցին կարոտով, / Հովվականչը սարերն ընկավ, ինչ լավ է» (52), «Թվաց` ծաղիկը ձայն տվեց ծաղկին, / Առուն քչքչաց, հովը շնկշնկաց, / Քո մախմուր ձայնից բարդին խշխշաց» (61):
Ըղձական եղանակը արդի հայերենում կամային` սուբյեկտիվ վերաբերմունքի արտահայտությունն է, ուստիև գեղարվեստական խոսքի, հատկապես չափածոյի ու աշուղական բանարվեստի՝ հուզաարտահայտչական տեսակետից ամենագործուն եղանակը: Եվ եթե նկատի ունենանք, որ Աշուղ Աշոտը «երգի տեսքն ու մեղեդին մշակում էր միաժամանակ»[10], ապա պարզ կլինի հեղինակի` այս եղանակին տուրք տալու միտվածությունը. «Աստղերի հետ սար ելնեմ, / Անուշ յարիս շուչն առնեմ» (96), «Ասի` վառվեմ. Լեռների մեջ մոխրանամ» (85), «Աստղ դառնամ մի լուսաբեր, ելնեմ վեր» (85), «Ձայնս չառնի, վայ թե հանկարծ մամռոտի» (82), «Թե չերգեմ, վայ թե լուսինն էլ տխրի» (82), «Լուսնի շողով փերիս գա երազներով իր բարի, / Դուռս բացի սուրբ ծեգին` բուրմունքն առած մով սարի, / Նա հուր բերի օջախիս` ծուխը ելնի ծիրանի / Սփռոց բացեմ այգուս մեջ, արբեմ տեսքով իմ յարի» (32):
Եղանակաձևը գործածվել է նաև թող եղանակիչի հետ` մեղմ հրաման, հորդոր արտահայտելու համար. «Նշենու տակ սիրո խոսք տուր իմ անգին, / Աստղերն իջնեն թող մեր սիրո լույս ճամփին» (86): Հատկանշական է, որ նշվածը հաջորդել է բուն հրամայականի ձևին:
Ցանկության ուժգնությունն արտահայտվում է նաև թողե՛ք ձևով, որը, սակայն, դարձյալ ընկալվում է որպես եղանակիչ, ոչ թե հրամայականի ձև, այսպես՝ «Նազելին իմ քնած է, թողեք քնի, զով արեք» (9):
Ըղձականը խոսակցական լեզվում գործածվում է նաև պատմական ներկայի իմաստով՝ անակնկալ կատարվող գործողությունն արտահայտելու համար: Մեր կարծիքով, այն առավել մոտենում է անցյալ կատարյալին: Դիտարկենք հետևյալ օրինակը. «Վանքի վառվող մոմերը շլացրին ինձ մի պահ, / Սրտիս խոսքը չավարտած, նայեմ, տեսնեմ նա չկա» (4), ասել է թե՝ նայեցի, տեսա (նայեցի-տեսա): Ըղձական եղանակի հետևյալ գործածությամբ հեղինակը դարձյալ տուրք է տվել խոսակցական ձևերին. «Կուզենամ սիրուն ձեր ցեղը աճի» (92), «… կուզենամ միշտ լավ տեսնեմ» (9): Վերջինս գրական հայերենում արտահայտվում է բայական բաղադրյալ ստորոգյալով` կուզենամ տեսնել: Նման գործածությունը խորթ չէ նաև Աշոտի գրչին, օր.՝ «…քայլել չեմ ուզում, կապել չեմ ուզում, նվիրել չեմ ուզում» (87):
Ըղձական եղանակով գուսանը ժողովրդական օրհնանքի խոսք է ասում այգեպանին. «Վազիդ մեկը հազար դառնա, գինին հորդի ջրի տեղ, / Վտանգի պահեր կյանքում չունենաք, / Ձեր հովիտը թող միշտ կանաչի» (125), «Ձեր շաղոտ ճամփան թող փուշ չպատի (92):
Հուզական առավելագույն լիցքավորում ունի ըղձական անցյալի գործածությունը, քանզի այն արտահայտում է չիրականացած գործողության իղձ, ցանկություն, ինչը համակում է ընթերցողի սիրտը կարոտի ու ափսոսանքի խոր զգացմամբ. «Ախ, երանի քո քամանչով քո հանդեսին դու հյուր գայիր, / Քո ջավահիր գոզալի հետ դարդ ու ցավից թափուր գայիր, / Մի նոր սիրո հրաշք երգով թեկուզ մի քիչ տխուր գայիր, / Վայելեինք մենք քո ձայնը, մեջլիս լցնող Սայաթ-Նովա» (22), «Դարդերը շատ, սիրահար, ժամանակին ասեիր. / Սիրո դուռը, անհամբեր, ժամանակին բախեիր»(61): Գուսան Աշոտի ստեղծագործություններում հանդիպում ենք նաև ըղձական եղանակի բայաձևերի` գրաբարի սահմանական ներկայի իմաստով գործածությանը . «Յար, երբ նայեմ քո հայրենի լեռներին, / Սիրտս մեկեն կվեհանա, կխնդա, / Յար, երբ նայեմ ձեր կապուտակ երկնքին, / Կտեսնեմ, որ բախտիս աստղը կշողա» (61): Այստեղ նայեմ բայաձևը արտահայտում է սահմանական եղանակի ներկայի իմաստ, որին գերադաս բաղադրիչ նախադասության մեջ համապատասխանում է ենթադրական եղանակի բայաձևի՝ դարձյալ սահմանականի իմաստով, գործածություն՝ «երբ նայում եմ, սիրտս վեհանում է, խնդում է»:
Ըղձականը հրամայականի բնույթ է դրսևորում՝ գործածվելով առաջին դեմքով, հոգնակի թվով. «Քաշի, խարակ չթողնենք, / Քերծի պռունկն էլ վարենք, / … Բերքը կալում թեղ անենք» (113), «Եկ մեր հոգին էսօր վառենք գինու մեջ, / Մեր սրտերի հևքը տեսնենք գինու մեջ, / Ոսկե թասն առ գովենք հողը հայրենի, / Փառաբանենք անուշ լեզուն մայրենի» (121):
Ծագմամբ պայմանավորված՝ ենթադրական եղանակը շատ հաճախ է գործածվում սահմանականի իմաստով` արտահայտելով հաստատապես կատարվող գործողություն, ինչը խիստ բնորոշ է մեր տարածաշրջանի հեղինակների լեզվամտածողությանը[11]: Ենթադրական ապառնիով արտահայտվում է ընդհանրական ներկային, իսկ ենթադրական անցյալով` անկատար անցյալին բնորոշ կրկնությամբ, սովորույթով կատարված գործողության իմաստ. «Սերս վանքում Տաթևի` մոմեր վառած կաղոթեր» (4), Յար, առանց քեզ տխուր է, սարերը քեզ կկանչեն, / Ու՞ր մնացիր, նազելիս, հավքերը քեզ կկանչեն» (8), «Բողբոջներն ասես հանգով կբացվեն, / Աստղերի սիրուց վառ բույրով կօծվեն, / Հովերն էլ նրանց սիրուց կխոսեն (28):
Ընդհանրական ներկայով (կոչվում է նաև առածական)[12] սովորաբար ձևավորվում են թևավոր մտքերը. «Մի գիշերվա մեջ հազար երազ կա… / …Մեկը կմարի, մեկը լույս կտա» (28), «Ցողն էլ սիրուց կկաթի, / Շողն էլ սիրուց կկաթի, / Լուսաբացը աշխարհի`/ Սեր կրակով կբացվի» (88), «…շիվը կոճղից դուրս կգա / Հին օջախից լույս կգա» (125):
Իհարկե, ենթադրականի կիրառության բուն ենթադրականի իմաստով ևս հանդիպում ենք, բայց դրանք անհամեմատ քիչ են՝ «…սերն էլ թե գա` կվեհանա սարի պես» (41), «Թե ուշանաս` ես ձյունի պես կհալվեմ» (50):
Հարկադրական և հրամայական եղանակների բայաձևերի ոճական գործածությամբ հարուստ չէ Գուսան Աշոտի խոսքը. գործածված են գրական հայերենի բնորոշ ձևերը, հարկադրական եղանակի հանդիսավորությունը նա ընդգծել է պիտի եղանակիչի պիտ ձևով. «Մի հուրաչյա որսի նետով խոցվել եմ ես, պիտ երգեմ» (3):
Հրամայական եղանակի գրական ձևերից քիչ շեղումներ կան, բայց խոսքի բազմաձևության, հարաշարժության և այլ ոճական նկատառումներով գործածվել են նաև խոսակցականին բնորոշ ձևերը. «Դե ե՛կ սիրուն մի՛ մոլորի» (26), «Դե արի մուրազով» (23), «…կանչում եմ` եկ …. Եկ սփոփիր» (50), «Ասաց` ել գնա» (51), «Եկ վանիր իմ սեր մրմուռը» (16):
Հրամայական եղանակի ձևերի կիրառմամբ հեղինակը խրատ-խորհուրդ է հղում իր ընթերցողին. «Սերը սրտիդ պահիր, մարդ, / Նրա հրով վառվիր, մարդ, … / Սեր ու տաղով ապրիր, մարդ» (88):
Բայաձևերի քննությունը թույլ է տալիս նկատել, որ Գուսան Աշոտը անկանոն բայերի զուգաձևերից նախընտրել է անցոյական հիմքով խոսակցականին բնորոշ ձևերը, թերևս նաև սեղմության պահանջով, օր.` «Ասի` երդվիր, քո սերն եմ» (4), «Սուփրա բացինք» (13), «…ասեք ետ գա» (35), «Հավերժական գանձեր բերիր դու մեզ համար … / Ինչքան տվիր, դեռ ավելին հետդ տարար …» (44), «Ինչո՞ւ թողիր-գնացիր» (59): Գործածել է դառնալ բայի խոսակցական և գրական տարբերակները. «…հուշեր դառած» (35), «…գուսան դարձա ձեր կարոտից…» (49):
Ինչպես նկատեցինք, հեղինակը հմտորեն օգտվել է բայական բազմաբովանդակ համակարգի ընձեռած լայն հնարավորությունից` ազատելով իր խոսքը միապաղաղությունից, ստեղծելով մեղեդայնության ու խոսքի զարմանալի ներդաշն ամբողջություն. այս նպատակով նա նույն քառատողում ընդգրկել է եղանակաժամանակային տարբեր ձևեր, միաժամանակ նույն ժամանակաձևը գործածել բազմիմաստությամբ. «Ախ, առանց քեզ օրս ամպամած կանցնի, / Թեկուզ ժպտում, սիրտս թաքուն կլացի, / Քո Աշոտն եմ, բորբոքվեցի էս գարնան, / Շող պատկերիդ ես ձոնեցի տաղ գարնան (108), «Սերդ դրժես, իմացիր` դու քո պատվի տերը չես, / Վարդի թուփը խորշակվեց, կոկոն վարդի տերը չես, / Կարկուտն արտդ թե ծեծեց, հասուն հասկի տերը չես, / Սիրո ճամփան դու անամպ ժամանակին անցնեիր (61): Առաջին քառատողի առաջին երկու տողերում ունենք անկատար ներկայի իմաստային դրսևորում` բուն անկատարի` ժպտում, և ենթադրականի ձևերով` կանցնի = անցնում է, կլացի = լալիս է: Սրանց հաջորդում են անցյալ կատարյալի ձևերը` բորբոքվեցի, ձոնեցի: Երկրորդ քառատողում գործածել է ըղձական, հրամայական, սահմանական եղանակների ժամանակաձևեր, ըստ որում, անցյալ կատարյալը` ենթադրականի իմաստով` թուփը խորշակվեց = եթե խորշակվի, արտդ թե ծեծեց = եթե ծեծի:
Նույն քառատողը եզրափակել է բաղադրյալ ստորոգյալի հանգավոր կրկնությամբ: Բազմիմաստությամբ հատկանշվում է ենթադրականը՝ նույն ձևի մեջ համատեղելով սահմանականի ու ենթադրականի իմաստները, նաև սահմանականի ներկա և ապառնի ժամանակների իմաստները`«Հազար լեզու, հազար բերան կերգեն քեզ`/ Խնջույքներում թասեր առած կօրհնեն քեզ» (36): Անդրանիկ Զորավարին գովասանող տողերում կերգեն և կօրհնեն ձևերով դրսևորված իմաստները համարժեք են «օրհնում են, օրհնելու են, կօրհնեն» իմաստներին:
Բազմաձևության նույն ելակետով է հեղինակը ընտրել նաև մյուս խոսքի մասերի բառերը` համադրելով գրական և ժողովրդախոսակցական բառապաշարի հնարավորությունները: Այսպես`եղանակավորողներից գործածել է հիմնականում թե, թե որ, ափսոս, դե, երանի, ախ թե, վայ թե, հրեն, թող, բա, այ, էլի հ՜եյ ժողովրդախոսակցականին բնորոշ բառային միջոցները, գրական՝ գուցե, ավա՜ղ, արդյոք բառերը. «Սարին թե որ ձյուն չնստի, էլ են ի՞նչ սար, էլ ինչ սարվոր» (14), «Թող ուշանաս… Վայ թե մարդ էլ չտեսնես» (50), «Դու ես սիրտս այրողը, բա քեզ այրողն ով է, յար» (8), Գուցե քեզնից է փոխ առել, որ այդքան լավ կսազի» (26), Բլբուլն, ավաղ, վարդի փշին կմաղվի» (27):
Նշենք, որ թեականությունը Գուսան Աշոտն արտահայտել է առավելապես հարցական նախադասություններով` երբեմն համադրելով բառային միջոցների հետ. «Ետ չդառնա՞մ, ջրերիդ հետ գնամ անվերջ… / Յարաբ չանցավ ու չխմեց քո ջրիցը» (45), «Արդյոք խմում էր, թե համբուրում էր» (130), «Իր տեսքով տարված` գուցե հարբում էր: / Աղբյուրներին խառնվեցիր, թե ձուլվեցիր ժայռերին» (56), «Չլինի թե բախտն է իմ…» (4), «Միթե սիրտը մութ է քո, չէ՞ որ դու իմ աստղն ես» (11):
Դրանք, ինչ խոսք, ոճավորում և առավել քնարականություն են հաղորդում ստեղծագործությանը: Հարցմամբ արտահայտում է նաև ժխտում, օր.` «Սիրահարը երկնի հրով թե չվառվի, ինչ սիրահար, / Գիշերն անքուն ցողերի հետ թե չարտասվի, ինչ սիրահար, / Էն հազարան աստղերը թե չշողշողան, երկինքն ինչ է …» (14): Հարցումը ժխտականի հետ հաստատման է վերածվում. «Թե ձմռանն էլ որ չգաս, / Էլ ես ինչպես չսառչեմ» (76) (ինչպես չսառչեմ, ասել է թե՝ հաստատ կսառչեմ):
Դիտարկելի է ոչ օրինաչափ մի երևույթ՝ ձայնարկության գործածությունը ենթակայի պաշտոնում: Սովորաբար ցանկացած խոսքի մաս, լեզվական ցանկացած իրողություն, վանկ, հնչյուն, բառակապակցություն կարող է ենթակայի պաշտոնագրություն ունենալ ինքնանվանողական փոխանունությամբ, երբ անվանում է ինքն իրեն, օր.՝ վայ-ը, ախ-ը, ձայնարկություն են, դիտարկված իրողությունը տարբերվում է ասվածից, քանի որ նյութական բովանդակությամբ է առկայանում. Այսպես՝ «Ախս մինչ երկինք հասավ, / Երկնի աստղեր վկա են» (4):
Շատ ավելի զգայացունց ու շոշափելի է դառնում ապրումը, քան եթե արտահայտվեր նույնիմաստ գոյականով` «հոգոցս, հառաչս»: Նմանօրինակ մի հիշարկում ժողովրդական արտահայտությունից` «Հայ-հայս գնաց, Վայ-վայս մնաց», կամ՝ «Խարաբա ջիգեարս, ախ վա՜յս ու քեարըս, ինչ կըլի ճարս»[13]: Գրական հայերենը, կարծում ենք, չունի համարժեք գործածություն:
Այսպիսով՝ հայերենի բոլոր խոսքի մասերը Գուսան Աշոտի ստեղծագործություններում նպաստում են հեղինակի բանատեքստի ոճավորմանը, մասնակցում քնարական պատկերների ստեղծմանը:
Ամփոփում
Բանալի բառեր՝ Աշուղ Աշոտ, ձևաբանություն, խոսքի մասեր, քերականական ոճաբանություն, պատկերավորում, արտահայտչական միջոցներ, ժողովրդախոսակցական, գրաբար, գրական հայերեն, գուսանական արվեստ:
Գուսան Աշոտի ստեղծագործությունները հարուստ են ոճական բազմապիսի հնարքներով: Դրանք առանձնապես հետաքրքրական են քերականական ոճաբանության տեսանկյունից, որ դեռևս ուսումնասիրված չէ: Պատկերավորման-արտահայտչական միջոցները ընդգրկում են գրեթե բոլոր խոսքի մասերը: Հեղինակը հմտորեն օգտվել է ժողովրդախոսակցականի, գրաբարի և նոր գրական հայերենի ընձեռած քերականական-ոճական այն բոլոր ձևերից, որոնք կարող են խոսքը դարձնել արտահայտիչ, քնարական և երգեցիկ:
Հեղինակի բոլոր ստեղծագործությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում լեզվի ուսումնասիրության տեսանկյունից, որն էլ արժևորում է Աշուղ Աշոտի դերը հայ աշուղական և բանաստեղծական արվեստում:
МОРФОЛОГИЧЕСКИЕ СТИЛИСТИЧЕСКИЕ ПРИЕМЫ ЭКСПРЕССИВНОСТИ В ПРОИЗВЕДЕНИЯХ ГУСАНА АШОТА
Заключение
Ключевые слова: ашуг Ашот, морфология, части речи, грамматическая стилистика, образность, экспрессивные приемы, народно-разговорный язык, грабар, литературный армянский язык, гусанское искусство.
Произведения Гусана Ашота богаты многообразными стилистическими приемами. Они особенно интересны с точки зрения грамматической стилистики, что еще подлежит изучению. Образно-экспрессивные приемы охватывают почти все части речи. Автор искусно пользовался теми грамматическими-стилистическими видами грабара, народно-разговорногои нового литературного армянского языка, которые могут сделать речь экспрессивной, лирической и певческой.
Все произведения автора представляютбольшой интерес с точки зрения изучения языка, что и делает ценнойроль Гусана Ашота в армянском гусанском и поэтическом искусстве.
MORPHOLOGICAL STYLISTIC TECHNIQUES OF EXPRESSION IN WORKS OF GUSAN ASHOT
Summary
Key words: ashikAshot, morphology, parts of speech, grammatical stylistics, imagery, expressive techniques, folk-spoken language, grabar, literary Armenian language, gousanart.
Works of GusanAshot are rich with diverse stylistic techniques. They are especially interesting from the point of view of the grammatical stylistics, which is yet to be studied. The metaphoric-expressive techniques include almost all the parts of speech. The author skillfully used all the grammatical-stylistic types of grabar, folk-spoken and new literary Armenian language, which can make the speech expressive, lyrical, and singing.
All the author’s works are of great interest from the point of view of studying the language, which makes GusanAshot’s role in Armenian gousan and poetic art valuable.
[1] Ըստ Հ. Աճառյանի՝ գուսան բառը միջին պարսկերենից է՝ gōsān (այս մասին տե՛ս՝ Աճառյան Հր., Հայերեն արմատական բառարան (4 հատորով, 2-րդ հրատարակություն), հատ. I, «Երևանի համալսարանի հրատ.» (առաջինին հրատարակությունը՝ 1926-1935, 7 հատորով), Երևան, 1971-1979, Էջ 297-598: Գուսան և աշուղ բառերը, այնուամենայնիվ, իմաստաբանական տարբերակումներ ունեն (այս մասին կարելի է մանրամասն տեսնել՝ Գրիգորյան Շ., Հայ աշուղական գրականության պատմություն, Երևան, 2002), չնայած Հ. Բախչինյանը գտնում է, որ «հայ գուսանը մուսուլմանական աշխարհում վերածվում է պարսկալեզու, ապա առավելապես թուրքալեզու միստիկ աշուղի» (Բախչինյան Հ., Սայաթ-Նովա, «Էդիթ Պրինտ» հրատ., Երևան, 2010, էջ 106): Սույն հարցը մեր քննության նյութը չհամարելով՝ ընտրել ենք առավել կայունացած տարբերակը:
[2] Բնագրային օրինակները քաղված են՝ Գուսան Աշոտ, Սիրո կրակներ (ժողովածու. խմբ.՝ Ս.Հ. Ումառյան), «Հայաստան» հրատ., Երևան, 1971, 132 էջ, Գուսանի սերը (խմբ.՝ Ա. Մերանգուլյան), «Հայպետհրատ», Երևան, 1958, 130 էջ, Սյունյաց սարեր (երգերի ընտրանի. կազմ. և առաջաբ.՝ Է. Զոհրաբյան, Մ. Զիլֆուղարյան, խմբ.՝ Լ. Փարեմուզյան), Երևան, 2004, 32 էջ, Լեռները կանչում են, (Բանաստեղծություններ. խմբ.՝ Լ.Ա. Աստվածատրյան, Լ.Ծ. Դուրյան), «Սովետական գրող» հրատ., Երևան, 1988, 177 էջ:
[3] Հմմտ.՝ Հ. Սահյանի «Ես շատ եմ քնել» բանաստեղծության հետ. «Ես շատ եմ քնել / Բարձունքի վրա Գյազբելա սարի, / Գյազբելա սարի գիշերը հագած, Անխռով պառկած / Մամուռի վրա և սունկի վրա /Գյազբելա սարի…» (Սահյան Հ., Սեզամ, բացվիր, «Հայաստան» հրատ., Երևան, 1972, էջ 57):
[4] Այս մասին տե՛ս՝ Պողոսյան Պ. Մ., Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ (խոսքի տեսություն), Գիրք առաջին, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1990, էջ 234 (այսուհետև՝ Պողոսյան 1990): Ընդ որում՝ Գորիսում ի-ա արտաքին հոլովման ցուցիչը երբեմն կայունանում է հատկապես տեղանուններում, հմմտ.՝ Հըռանի ծօ̈ր—Հըռանա ծօ̈ր, Սինդա̈րի ծօ̈ր — Սինդարա ծօ̈ր>Սինդա̈րա̈ և այլն:
[5] Այս մասին կարելի է տեսնել՝ Ավետիսյան Յ., Գրական հայերենի զարգացման երկու շրջափուլերը՝ գրաբար և աշխարհաբար, Հայագիտության հարցեր, 1 (7), Երևան, 2016, էջ 184:
[6] Սարգսյան Տ., Սայաթ—Նովային ու սայաթնովագիտությանն առնչվող մի քանի հարց, Պատմա-բանասիրական հանդես, № 1, Երևան, 2015, էջ 188:
[7] Հմմտ.՝ «Հենց իմացար սոված էի, լի սեղանի հա՞մա էկա: / Քիզ հիդ խոսիլ էի ուզում՝ մոտըդ դամի համա էկա: / Ասի, քիզ հիդ լուսացընիմ, ուրախ ժամի համա էկա: / Մոռացիլ իմ… լավ միտըս չէ, թե ի՞նչ բանի համա էկա (Սայաթ—Նովա, Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու (կազմ., խմբ., առաջաբ. և վերջաբ. հեղ.՝ Մ. Հասրաթյան), «Հայպետհրատ», Երևան, 1963, էջ 112:
[8] Այս մասին տե՛ս՝ Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1976, էջ 204-205:
[9] Պողոսյան 1990, էջ 258:
[10] Կարապետյան Ա. Ս., Գուսան Աշոտի բանաստեղծական աշխարհը, «Տաթև համալսարան» հրատ., Գորիս, 1995, էջ 112:
[11] Ենթադրական եղանակի տարարժեք գործածության անգնահատելի աղբյուր է Ա. Բակունցի ստեղծագործությունը, որը համատեղում է եղանակիս` արևելահայերենին բնորոշ զանազան կիրառությունները, նաև արևմտահայ խոսվածքի` կը ճյուղին բնորոշ առանձնահատկությունները (Ներսիսյան Լ. Ռ., Ենթադրականի ձևիմաստային դրսևորումները Ակսել Բակունցի արձակում, Գորիսի պետական համալսարանի միջազգային II գիտաժողովի աշխատանքների ժողովածու, Գորիս, 2011, էջ 455):
[12] Ենթադրականը գործածվում է նաև «երկրորդական բնավորությամբ, ինչ որ սահմանական ներկան և անկատար անցյալը» (Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, «Միտք» հրատ., Երևան, 1965, էջ 583)` «Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մահակին, գլուխը մի կողմի վրա կթեքեր, և եթե զրույցընկեր չունենար, ինքն իրեն կխոսեր ու քթի տակ կժպտար» (Բակունց Ա., Ընտրանի, «Հայգիտակ Նաիրի» հրատ., Երևան, 2009, էջ 122):
[13] Ախվերդեան Գ., Հայ աշուղներ («Ազգագրական հանդես»), Գուսանք Բ, Արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, Թիֆլիս, 1903 Էջ 19: