Հատված գրքից՝
Չնայած այն օրերից անցել է շուրջ 40 տարի, սակայն հիշողությանս մեջ անջնջելի է մնացել մի դեպք, որը տեղի է ունեցել գյուղում` մեր տանը:
1961թ. գարնանամուտին հարկադիր մորթի ենթարկվեց մեր միակ կովը, քանի որ հիվանդ էր և օր օրի նիհարում էր, ու մեր ընտանիքի անասնագլխաքանակը մնաց երեք այծ և նույնքան էլ ուլ: Առանց կովի այդ տարիներին գյուղում ապրելն անհնար էր. դա նշանակում էր, որ ընտանիքը պետք է առանց յուղ ու պանրի, առանց կաթ ու մածունի մնա: Իսկ նոր կով գնելու համար մենք չունեինք ո՛չ գումար և ո՛չ էլ նյութական այլ հնարավորություն:
Տանը հորս ու մորս հետ ապրում էինք ես և փոքր եղբայրս` Պարգևը, իսկ մյուսները գնացել էին աշխատելու Քաջարանում: Երեկոները ծնողներս նստում, խելք-խելքի էին տալիս, բայց այդպես էլ չէին կարողանում վճռել, թե ինչ կերպով պետք է, իրենց ասած, «մի երինջից, բանից, թեկուզ սավա ծնի» առնեն` գյուղի ուսուցիչներից որոշ գումար պարտք վերցնելով: Այդ տարիներին գյուղում փող կար միայն ուսուցիչների մոտ:
Գյուղի նախագահը ձեռքերը պարզել էր, թե կով, երինջ չունի, հարևան Մալդաշի նախագահն էլ նույնն էր ասել: Հայրս էլ թե՝ «Եթե մերոնք չեն տալիս, Տաթևն ինչի՞ պետք է տա», ու չդիմեց էլ նրանց: Այդպես մտամոլոր՝ չէր իմանում ինչ անել: Ու մի օր, երբ հերթական քննարկումն էր ընթանում, մայրս դիմեց հորս, թե՝ «Ա՛յ մարդ, վե՛ր կաց գնա՛ Աղվանի` մեր Սամսոնի մոտ, էլի նա մի բան կանի, կօգնի: Հո ուրի՞շ չի, քո արյունն է, կհասկանա, կընդառաջի քեզ»: Սամսոն Բարսեղյանը մեր տոհմից էր սերվում և Աղվանի գյուղի նախագահն էր: Հայրս չեմուչում արեց, թե ամաչում է, գնա ո՞նց ասի, նա էլ գուցե պատասխանի, թե ինչի՞ ձեր կոլխոզից չես առնում, 30 տարի աշխատել ես նրա համար… Մի խոսքով՝ խիստ տարակուսանքի մեջ էր: Վերջապես ուշ երեկոյան որոշվեց, որ հայրս առավոտյան շուտ պետք է գնա Աղվանի` մեր Սամսոնի մոտ:
Բոլորս սրտատրոփ սպասում էինք, թե վերադարձին հայրիկս ինչ լուր է բերելու: Վերջապես երեկոյան կողմ նա եկավ՝ ուրախ ժպիտը դեմքին: Մայրս, տեսնելով նրան, ասաց. «Չէի՞ ասում, որ էլի քոնը կօգնի քեզ, Սամսոնը քեզ չի մերժի: Տեսա՞ր, որ ճիշտ էի ասում»:
Հայրս էլ թե՝ «Ա՛յ մարդ, ամաչում եմ, էլի՛: Հեշտ չէր ասելը, բայց Սամսոնը շատ լավ ընդունեց, ցույց տվեց ունեցած հղի երինջները և ասաց. «Որը ցանկանում ես, ջոկի՛ր»: Դե՛, երկու-երեք լավ երինջ կար, վաղը կգնամ, դրանցից մեկը կբերեմ»:
Հաջորդ օրը հայրս վերցրեց գյուղի բեռնատարներից մեկը, գնաց Աղվանի և հղի երինջներից մեկը բերեց: Ավտոմեքենայից իջեցնելիս մայրս ու հավաքված հարևանները օրհնեցին, որ բարով-խերով լինի, մեկը հազար անի, օջախին բարիք տա, և այլն՝ չմոռանալով նաև նշել, որ լավ անասուն է, եթե ամեն ինչ հաջող գնա, մինչև մեկ ամիսը ծնելու է: Մեր ուրախությանը չափ չկար: Ես և փոքր եղբայրս երինջին առավոտները գոմից հանում էինք գյուղին շատ մոտիկ թավ կանաչի մեջ արոտի, նախրին չէինք խառնում. ծնելու օրերը մոտ էին: Մեզ թվում էր, թե երինջը գյուղի ամենալավ կովն է դառնալու, և նույնիսկ ուրախ էինք, որ մեր ծերացած կովը մորթվեց, գնաց: Մեղք արած չեմ լինի, եթե ասեմ, որ գյուղի մարդկանցից էլ նախանձողներ կային, թե լավ երինջ է, և եթե Սամսոնը չլիներ, այդ գնով Բախշուն չէին տա:
Մի խոսքով, խնդիրը լուծված էինք համարում և չար աչքերից երինջին պահելու համար փուշ էինք դրել գոմի դռան գլխին, կանաչ էինք հնձում, բերում, կերակրում, մաքրում ու շոյում մեջքը, գլուխը, աչքերը:
Եկավ մի պահ, որ երինջը էլ արոտի չէինք հանում, ուռել, լցվել էր կուրծքը, ուր որ է՝ պետք է ծներ: Եվ մայիսյան մի պայծառ առավոտ երինջը ծնեց ազնվացեղ կենդանուն հատուկ տվյալներով մոխրագույն մի առողջ արու հորթ: Երինջը լիզեց հորթին, չորացրեց և ցամքարի փափուկ հատակին հորթը արեց առաջին անվարժ քայլերը, գլուխը մտցրեց մոր կրծքի մեջ ու գտնելով պտուկներից մեկը՝ սկսեց ծծել` ուրախ շարժելով պոչը: Մնացածը կարգավորեց մայրս:
Անցավ շուրջ մեկ շաբաթ: Երինջը պահում էինք գոմում և կերակրում կանաչ խոտով: Մայրս ասում էր, որ կամաց-կամաց ղարար կընկնի, առաջ կգնա, երինջ է, այդպես կլինի, սակայն օրերը գնում էին, բայց երինջը հազիվ կարողանում էր կերակրել իր «ոսկե հորթին», ու օր օրի նկատելի նիհարում էր:
Ծնողներս անհանգստացան, անասնաբույժ կանչեցին, սրսկումներ արեցին, սակայն գնալով կենդանու վիճակը ավելի էր ծանրանում: Մայրս, երբեմն դժգոհելով, ասում էր. «Չար աչք է դիպել, էնքան էս ու էն կռկռացին, թե լավն է, լավն է, էսպես դառավ»: Երբեմն էլ էլ քթի տակ մենախոսում էր, թե՝ «Մեզ բախտ որտեղից, որ լավ կով ունենանք»:
Էլի օրեր անցան, երինջը դժվարությամբ էր տեղից բարձրանում, ամբողջ օրը նստած էր մնում, բերած թարմ կանաչին չէր էլ նայում: Առավոտյան ու երեկոյան էր միայն տեղից վեր կենում, այն էլ օգնելով, որ, թեկուզ այդ վիճակում, հորթին կերակրի: Երբ մայրս հորթին բաց էր թողնում մոր տակ, երինջի խամրած աչքերը նկատելի պայծառանում էին, նա այնպիսի դիրքով էր կանգնում, որ հարմար լիներ հորթին, ու մի կերպ շրջելով գլուխը՝ լիզում էր նրա հետույքը, պոչը, իսկ հորթը, հետևի ոտքերը լայն դրած, ծաղիկ պոչը խաղացնելով, գլուխը մտցրած մոր կրծքի մեջ՝ ծծում էր անուշ կաթը՝ չիմանալով, որ մայրը վերջին ճիգերը գործադրելով է կյանք տալիս իրեն:
Ես դեռ չէի արթնացել, առավոտյան տխուր լուրը գուժեց տուն: Մայրս էր, լացակումած ձայն տվեց ինձ. «Վե՛ր կաց, էն անտերը սատկել է, տեսնենք ինչ ենք անելու»:
Հայրս մի քանի հոգու հետ կանգնած էր անշնչացած կենդանու մոտ, որը նստած դիրքում էլ սատկել էր: Առաջին հայացքից թվում էր՝ հենց այնպես նստած է՝ գլուխը թեքած մի կողմի վրա: Հեռու բոլորիցս, շատ տխուր վիճակ էր: Հարևանները, գյուղի մարդիկ, ովքեր գալիս և տեսնում էին կատարվածը, իրենց մեղավոր էին զգում: Իսկ իմ մտքում հորթն էր, մայրակորույս հորթը:
Որ մեր ընտանիքը պարտքով գնած, դեռևս չունեցած կովն էր կորցրել, աչքիս չէր երևում. հորթը, այդ անմեղ, սիրասուն հորթը, որ որբացել էր, ի՞նչ պետք է աներ առանց մոր, ինչո՞վ պետք է կերակրեինք և ինչպե՞ս: Դա ինձ հանգիստ չէր տալիս:
Երինջը գոմից դուրս էր՝ գոմին հարող ծածկի տակ, իսկ հորթը գոմի հորթանոցում անհոգ սպասում էր, որ պետք է բաց թողնենք մոր տակ: Բայց ամեն ինչ վերջացած էր, այլևս հորթը չպիտի վայելեր անուշ կաթը, այլևս դնչիկը չպետք է մխրճեր մոր տաք կրծքի մեջ, այլևս մայրը նրան չպետք է փաղաքշեր, չպետք է սիրեր: Նա հավերժ զրկվել էր մայրական գուրգուրանքից: Հանդարտ քայլելով մտա գոմ, հորթը անհանգիստ շարժվում էր հորթանոցում՝ հայացքը դեպի գոմի ելքը: Տեսնելով ինձ՝ նա բառաչելու նման աղերսագին ձայն հանեց, և ինձ թվաց, թե նրան հայտնի է ամեն ինչ: Մոտեցա, գրկեցի հորթի վիզը, փաղաքշեցի, և ինձնից անկախ արցունքներս սկսեցին հոսել: Իմ առաջ որբացած հորթն էր, և թվում էր, որ ամենաշատն աշխարհում այս հորթն ունի կարեկցանքի կարիք:
Երբ դուրս եկա գոմից, չնայած սրբել էի արցունքներս, աչքերս կարմրել էին, և դժվար չէր տեսնողներին նկատել, որ արտասվել եմ: Հայրս ձեռքը փաղաքշագին դրեց գլխիս, քաշեց ինձ թևի տակ՝ ասելով. «Բա՛ն չկա, Աստված մեծ է, մի բան կանենք»:
Այդ օրվա վերջին մեզ հայտնի դարձավ, որ Աղվանուց «մեր Սամսոնը», լսելով կատարվածը, ասել է, թե ոչինչ, իրենք տեր են և՛ սատկած երինջին, և՛ հորթին. փոխարենը կարող ենք մեկ ուրիշ երինջ տանել:
Հաջորդ առավոտյան շուտ երինջը բարձեցին մի բեռնատար, հորթը նույնպես բարձրացրին թափքը, կապեցին մի անկյունում, և որպեսզի մինչև Աղվանի հորթին բան չպատահի, ես նույնպես բարձրացա թափք: Մեկ անշնչացած, արդեն ուռած մորն էի նայում, մեկ որբացած հորթին, և սիրտս ճմլվում էր: Ճանապարհը խճապատ ու անհարթ էր, ցնցումներից երինջի դիակը մեկ մոտենում էր մեզ, մեկ էլ հեռանում: Որոշ տարածություն անցնելուց հետո տեսա, որ հորթը բռնել է մոր պտուկը և չփչփալի ծծում է: Միանգամից այնպիսի մի լաց սկսվեց ինձ մոտ, որ պատմելի չէ: Հորթին հետ քաշեցի, մեծ դժվարությամբ մորը հրեցի մի կողմի վրա, և իմ բախտից ավտոմեքենայի ցնցումներից երինջը մղվեց թափքի հակառակ անկյունը: Արդեն ավելի զգուշավոր էի, բայց այլևս աչքս չէի կարողանում կտրել ո՛չ հորթից և ո՛չ էլ մորից: Ամբողջ ճանապարհին չէի կարողանում զսպել ինձ: Իսկ երբ հասանք Աղվանի և ֆերմայում պետք է իջեցնեինք երինջն ու հորթը, տեսնելով հավաքվածներին՝ լացս սաստկացավ, չնայած որոշել էի զուսպ ու հանգիստ երևալ նրանց մոտ: Մեր գյուղից հարս գնացած կթվորուհին մոտեցավ ինձ, շոյեց գլուխս, և հորթին տարան:
Այլևս չտեսա «ոսկե հորթին»: Նրանից մի նախի՞ր սերվեց, թե՞ հարազատ իր բախտին՝ մորթվեց սպանդանոցում, ի՞նչ իմանաս:
Անցել են տասնամյակներ, սակայն այդ հիշողությունը մոռանալ չեմ կարող. այն մասն է իմ ապրած օրերի, իմ հայրենի տան պարզ ու անաղարտ վիճակի:
13.06.2001թ., ք. Գորիս