Categories: Հիմնական

Բուրդուր. Ղարաբաղ-Շամախիի միջբարբառային խմբի բարբառը Արեւմտյան Անատոլիայում

Spread the love

Մուտք

 Բուրդուրը գտնվում է Արևմտյան Անատոլիայում (այժմ Թուրքիա)։ Բուրդուրի հայկական գաղթօջախը գոյություն է ունեցել 1600-ական թվականներից մինչև 1915 թվականը։ Ըստ հայ բարբառների բազմահատկանիշ դասակարգման՝ Բուրդուրի բարբառը ընդգրկվում է —ում ճյուղի՝ Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբի մեջ։ Բուրդուրի բարբառի[1], բանահյուսության[2] մասին հայերեն գրականությունից բացի կան բուրդուրահայերի կենցաղին, տեղահանությանը և կոտորածին վերաբերող թյուրքերենով բազմաթիվ հոդվածներ, գրքեր[3]։ Բուրդուրի գաղթօջախի ձևավորման և անկման հետ կապված ուսումնասիրություն  հայագիտության բնագավառում բացակայում է, իսկ թուրքական աղբյուրները յուրովի են ներկայացնում բուրդուրահայերին, նրանց կենցաղը, ժողովրդագրական հարցերը, գաղթօջախի անկումը։ Բարբառին վերաբերող նոր ուսումնասիրություններ  նույնպես չկան, եղածները հիմնականում կրկնում են նախորդներին, որովհետև բարբառս դասվում է «մահացածների» շարքում։

Սյունիք-Արցախի բարբառային հատկանիշներով Արևմտյան Անատոլիայում եղել են շուրջ տասնհինգ գաղթօջախներ, որոնցից ոչ մեկը, ինչպես նշում են, այսօր չի պահպանվել, ինչպես՝ Օդեմիշ, Անթալիա, Բոլու, Գասաբա, Դենիզլի, Դիյնար, Դովրեկ, Դուզջե, Ջոնգուլ դաղ, Էլ-Մալու, Էրեյլի, Իսփարթա, Նազիլլի, Քըրք-Աղաջ[4]․ «Թէև յիշեալ գաղթականութեան մեծագոյն մասը տաճկախօս դարձած է, բայց երկու տեղ՝ այն է Պուրտուր և Էօտէմիշ դեռ իրենց մայրենի բարբառը անկորուստ կը պահեն»[5]։

***

Երիցս արժևորել է պետք բարբառների դերը հայապահպանման գործում, նույն նպատակով մոռացությունից փրկել է պետք տարագիր հայության կյանքին և գոյությանը առնչվող հոգևոր և նյութական արժեքները։ Մենք կարծում ենք, որ ազգային ինքնագիտակցության պահպանումը կամ կորուստը նախևառաջ պահմանավորված է լեզվով։ Եթե հայ ժողովրդի պատմության մեջ դեռևս կան մասնավորապես բարբառագիտությանը, գաղթօջախի պատմությանը, ցեղասպանագիտությանը վերաբերող բաց հարցեր,  որոնք ժամանակին չեն լրացվել, ապա դրանք պետք է քննության առնվեն, հանգամանորեն հանրայնացվեն, արժևորվեն գոնե ուշացած «ներկայում»։ Սույն աշխատանքը առաջադրված պահանջների սահմաններում է։

Բուրդուրի բարբառի համառոտ ակնարկ

 Այս բարբառի ամբողջական քննությունը պատկանում է Ն․ Մկրտչյանին («Բուրդուրի բարբառը», 1971): Բուրդուրի բարբառի ձայնավորներն են՝ ա, ա̈, ու, ո̈ւ, օ, օ̈, ի, է, ը, ինչպես Գորիսի բարբառում։ Գրաբարի բաղաձայններից բացի ունի գյ, կյ, քյ և ֆ հնչույթները։ Երկբարբառները բացակայում են։ Հնչյունի հավելման երևույթներից բնորոշ են՝ ն ձայնորդի միջնահավելում՝ այնչափ > էնչանք, հիշոց > իշո̈ւնց, հ-ի նախահավելում՝ ամաչել > հըմանչիլ, արբենալ > հարփիլ և այլն։ Հնչյունի անկման, բաղաձայնների կրկնության, ձայնավորների ներդաշնակության, դրափոխության, ամփոփման իրողությունները հիմնականում  համանման դրսևորումներն ունեն Սյունիքի և Արցախի բարբառային միավորներում։ Շեշտը վերջընթեր է։

Բուրդուրի բարբառում հոգնակին կազմվում է —էր՝ տուն > տընէր, —նէր՝ սեղան > սէղաննի || սէղաննէր, —նի՝ բերան > պէրաննի, —ան՝ ձի > ծիյան, էշ > իշան, —ք՝ բուրդուցիներ > բուրդուրցիք: Հավաքականության քերականական իմաստով առկա են —անք (-օնք, -ունք, -ընք, -ինք), -էրք, -անիք հոգնակերտները։

Բուրդուրի բարբառն ունի յոթ հոլով, նույնքան հոլովիչ[6]՝

Բարբառի որոշիչ հոդերն են՝ ՝ տուն > տօնը, ՝ քամի > քամին։ Ստացական հոդերն են՝ ՝ մատնիս || մըտանիս «մատանիս», -դ || տ՝ մըտանիդ(տ), -ն(ը)՝ մըտանին։ Բուրդուրի բարբառի դերանունները հիմնականում նման են Սյունիք-Արցախի բարբառների համապատասխան ձևերին, անձնական դերանուններն են՝ ես-յէս, դու-տո̈ւ || տու, նա-էն, մենք-մէնք, դուք-տո̈ւք, նրանք-ընդրանք, իրենք-ո̈ւրա̈նք՝

Ցուցական դերանուններն են՝ էս, էդ, էն, էստրանք, էնդրանք, էդրանք || ըդօնք || ըդանք։ Բաղադրյալ ձևերը կազմվում են տէղ «տեղ» (էստէղ «այստեղ»), հէնց «պես» (ըսըհէնց «այսպես»), մանց «ձևով» (ըտմանց «այդպես»), չանք «չափ» (էսչանք «այսչափ») և այլ բառերով։ Փոխադարձ դերանուններն են՝ ո̈ւրո̈ւր «իրար», մինմօնու «մեկմեկու», հարցահարաբերականներն են՝ վօնց, ինչ, վըր, օվ, իշթար «ինչպես», ինչընէ «ինչ կերպ», ում, ո̈ւ/ումանց «ում», քանը «քանի» և այլն, որոշյալ դերանուններն են՝ փըթավը «բոլորը», ամէնը, էմինը «մյուսը», բութունը, սաղ «ամբողջ», անորոշներն են՝ մինը, «մի», մէկը, ուրուշը, էսին «այսինչ», ֆլանքյասը «ոմն մեկը» և այլն, ժխտական դերանուններն են՝ օնչ օվ «ոչ ոք», վօչ մին «ոչ մեկը», հեշմին «ոչ մեկը»։ Բուրդուրի բարբառն ունի երկու խոնարհիչ՝ -ա, -ի։ Դերբայներն են՝ անորոշ՝ -իլ, -ալ (մ(ի)ը «մի» ժխտական եղանակիչի հետ հանդես է գալիս որպես ժխտման վերաբերական՝ ասիլ մը «էլ մի ասա», արգելական հրամայական՝ խօսալ մը «մի՛ խոսիր»), անկատար՝ -ում || -ըմ, հազվադեպ՝ -իս, ապառնի՝ -ու, -ի, վաղակատար՝ -էլ, -ալ, հարակատար՝ -ած, ենթակայական՝ -օղ։ Բուրդուրի բարբառի համար նշվում է  նաև «ժխտման կամ ըղձական դերբայը», որ կազմվում է անորոշից (լ-ի անկմամբ կամ առանց դրա ու օժանդակ բայի ժխտականով)՝ կիրիլ չիմ, մնալ չիմ։ Օժանդակ բայերն են՝ ներկա՝ եմ-էմ || ըմ || իմ, ես-էս || ըս || իս, է-ա, ենք-էնք || ընք || ինք, եք-էք || ըք || իք, են-էն || ըն || ին, անցյալ՝ էի-ի(մ), էիր-իր, էր-էր, էինք-ինք, էիք-իք, էին-ին։ Խոնարհման համակարգը ընդհանուր առմամբ համապատասխանում է Սյունիքի և Արցախի բարբառների համապատասխան ձևերին։ Տարբերությունը անցյալ ժամանակաձևերում է․ զուգահեռ առկա է իդի մասնիկով[8] կազմությունը, ինչպես՝ քիցում ի || քիցում ըմ իդի, կըրթալու վի || կըրթալում իդի։ Իդի մասնիկով զուգաձևությունը առկա է գրեթե բոլոր եղանակների անցյալ ժամանակաձևերում։ Ահա խոնարհման ընդհանուր պատկերը՝

Բուրդուրի բարբառի նկարագրությունը լիարժեք չի կարող լինել առանց բառապաշարի։ Ն․ Մկրտչյանի վկայությամբ՝ գրաբարի հետ ընդհանուր բառերի թիվը շուրջ 1600 է, բարբառայինները և բարբառում ստեղծված կազմությունները՝ 200-ական, իսկ փոխառությունները՝ 3500 բառ։ Առաջադրված խնդրի շրջանակում փորձենք զուգահեռել Բուրդուրի բարբառային բառապաշարը Գորիսի և Կապանի բարբառային միավորներին։ «Բարբառային բառերի բառարանում» ընդգրկված 685 բառից մոտավորապես 207-ը ունի հնչյունական, իմաստային կամ առհասարակ բառիմաստային տարբերություն Գորիսի, Կապանի (մասամբ նաև Հադրութի) խոսակցական միավորներից, որ կազմում է ընդհանուր բառաքանակի 30%-ը։ Այդ բառերից են՝ ածական «ածան հավ», ահլու «ահավոր», աճահամ «աղու», ամբրիլ «ամբարել», անկէրըք «անատամ», զանաթվօր «արհեստավոր», ֆոդած «հոտած» և այլն։  Եթե հնչյունական և մասամբ իմաստային տարբերություն ունեցող բառերն էլ հանենք և թողնենք միայն անծանոթները, ապա տարբերությունների թիվը մոտենում է մոտ 16%-ի։ Դրան զուգահեռ Բուրդուրի բարբառի բառապաշարում բացի Սյունիք-Արցախի բարբառային տարածքին բնորոշ բառերից՝ անճօթ «անծայր»,  յաղ անիլ (յըղի տինէլ) «հեռացնել» և այլն, կան նաև շրջակա՝ արևմտյան խմբակցության բարբառային միավորներից անցածները, ինչպես՝ աշիլ «1․ սպասել, 2․ նայել», օքմին «ոմն», օշնէլ «ուշքը գնալ», վարէն «ցածից»և այլն, ինչպես և այնպիսի փոխառություններ, որոնք անծանոթ են Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբի բարբառային միավորներին։

Այս համեմատության հիմքում, սակայն, խախտված է պատմահամեմատական մոտեցումը, այսինքն՝ մի կողմից գործ ունենք մեռած բարբառի տվյալների, որոնք գրառվել են մոտ 50 տարի առաջ, մյուս կողմից կենդանի բարբառային միավորների հետ, որոնք տարբեր ազդեցությունների տակ են գտնվում։ Այդուհանդերձ, կարող ենք կարծիք ձևավորել, որ բարբառային բառապաշարը շուրջ 300 տարվա մեջ չնչին փոփոխություններ է կրել և շարունակել է պահպանվել բարբառի ներքին օրինաչափությունների, բառապաշարի հիմնական շերտից եկող իմաստաբանական և բառակազմական կայուն համակարգի շնորհիվ։

Բուրդուրի բարբառի սերման հարցը

Ն․ Մկրտչյանի հավաստմամբ՝ «Բուրդուրի բարբառը որոշ գծերով մոտ է ղարաբաղյան միջավայրի «ում» ճյուղի բարբառներին, սակայն հնչյունական ու ձևաբանական մի շարք առանձնահատկություններով (նաև բառապաշարով) զգալիորեն տարբերվում է նրանից»[9]։ Այս աշխատությունից հետո Բուրդուրի բարբառին վերաբերող էական (նորություն պարունակող) աշխատանքներից թերևս նշելի է «Հայ բարբառագիտության ներածությունը», որտեղ որոշված է Բուրդուրի բարբառի խմբակցության պատկանելը։ Գ․ Ջահուկյանի կողմից կազմված հայ բարբառների բազմահատկանիշ դասակարգումը բնականաբար հիմք չէր կարող լինել Ն․ Մկրտչյանի կանխադրումների և մասնավորապես որոշ հարցադրումների համար։

Արդ՝ Ղարաբաղ-Շամախիի բարբառներից և խոսվածքներից որի՞ց է սերված Բուրդուրի բարբառը, պատմական ի՞նչ դրդապատճառներ են եղել Սյունիք-Արցախից դեպի Արևմտյան Անատոլիա գաղթի համար։ Ն․ Մկրտչյանը բաղդատել է Բուրդուրի և «Ղարաբաղի բարբառը»՝ ընդհանուր տարբերությունները ընդգծելու նպատակով։  Բուրդուրին համեմատվող եզրը Կ․ Դավթյանի «Ղարաբաղի բարբառի բարբառային քարտեզ» աշխատությունն է՝ մեկ ընդհանուր անվան տակ՝ «Ղարաբաղի բարբառ»։ Իսկ Ղարաբաղը տարբեր բարբառներ ու խոսվածքներ ունի ոչ միայն իր տարածքում, այլև նրանից դուրս։ Այստեղ զուգահեռներ չկան նաև Սյունիքի բարբառների և խոսվածքների հետ։ Այսինքն՝ թեական են մնում՝ Սյունիքի՞ց, Արցախի՞ց, թե՞ Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբին պատկանող բարբառային այլ տարածքից է  սերված բարբառը, լեզվական ի՞նչ հատկանիշներ է ունեցել, և վերջապես՝ որո՞նք են բարբառային այն հատկանիշները, որոնք, շուրջ 300 տարի կտրված լինելով բնիկ տարածքից, արտալեզվական բազմաթիվ գործոնների առկայությամբ, առանցքային փոփոխությունների չեն ենթարկվել, հունարենի, թյուրքերենի խոր ազդեցությամբ գաղթօջախը այլլալեզու չի դարձել, անգամ չի ձուլվել արևմտյան խմբակցության հայ բարբառներին։

Առաջադրված հարցերը, անշուշտ, չեն կարող սպառիչ պատասխաններ ունենալ սույն հոդվածի համար նախատեսված սահմաններում։ Բայց մենք հնարավորություն ունենք պատմահամեմատական մեթոդի օգնությամբ  որոշ եզրահանգումներ կատարել կամ գոնե պատկերացում ունենալ, թե՝

1․ Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբի ո՛ր բարբառին կամ խոսվածքին է  ավելի մոտ Բուրդուրի բարբառը։

2․ Պատմաաշխարհագրական ո՞ր տարածքից և ի՞նչ հանգամանքների բերումով են բուրդուրցիները գաղթել։

Առաջին հարցին պատասխանելու համար մենք դիմել ենք վիճակագրական բարբառագիտությանը․ հայերենի բարբառների համար  բազմահատկանիշ (100 հատկանիշ) դասակարգամբ տրված զուգաբանություններում դնել մի կողմից՝ Բուրդուրի, մյուս կողմից՝ Գորիսի, Հադրութի, Շամախիի, Մարաղայի (Պարսկաստանից գաղթած լինելու վարկածի համար), Բոլնիս-Խաչենի (Ղարաբաղի բարբառի համար կենտրոն ընտրված), Կապանի խոսվածքների տվյալները, համեմատել տարբերություններն ու նմանությունները, ըստ քանակական և որակական կշռի՝ որոշել, թե սրանցից որին է մոտ կամ որից է հեռու։ Նախ կազմել ենք համեմատական տախտակ՝ ըստ բազմահատկանիշ դասակարգման տվյալների, որտեղ 100 հատկանիշները բաշխված են 4 մակարդակների՝ 25 բաղաձայնական հատկանիշ, 25՝ ձայնավորական, 25՝ անվանական, 25՝ բայական, ապա գնահատել յուրաքանչյուր հատկանիշի առկայությունը կամ բացակայությունը (+ կամ -, ∓ կամ, ±) համեմատվող բարբառների համար (+ և +՝ 0, — և -՝ 0, + և -՝ 1, — և +՝ 1, ∓ և +՝ 0,5, ∓ և -՝ 0,5, ± և +՝ 0,5, ± և -՝ 0,5, ∓ և ∓՝ 0, ± և ±` 0), որոնց արդյունքն ավարտվում է «տարբերություններով»՝ «արդյունք» (աղյուսակ 1)։

Աղյուսակ 1․

ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ (ԶՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆՇԱՆԱԿՈՒՄԸ[10]

ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ

 

Արդյունքները գծային հատվածների և երկրաչափական պատկերների միջոցով արագ գնահատելու համար ընտրել ենք տարբերությունների հարաբերությունը (աղյուսակ 2․), այսինքն՝ փորձել ենք որոշել, թե համեմատվող բարբառը՝ Բուրդուրը, որքա՞ն տարբերություններ ունի մյուս բարբառներից։ Օրինակ՝ բարբառային 100 զուգաբանություններից Բուրդուրը մարաղայից տարբեր է 30,5-ով, որից՝ 7,5 բաղաձայնական տարբերություն, 8՝ ձայնավորական, 7՝ անվանական, 8՝ բայական։ Խորանարդիկներից յուրաքանչյուրը տարբերակիչ հատկանիշով որքան մոտենում է 100-ին, այնքան մեծ է նրա տարբերությունը Բուրդուրի բարբառից։ Ըստ այդմ՝ Բուրդուրից ամենաշատ տարբերություններն ունի Շամախին՝ 31,5 հատկանիշով։ Այսկերպ՝ կարողանում ենք իմանալ նաև բարբառների մեջ առկա հնչյունական և ձևաբանական տարբերությունների քանակը։

 

Չնայած բարբառների տարբերություններն ընդգրկող աղյուսակում (աղյուսակ 2․) արդեն պարզ է դառնում, թե Բուրդուրի բարբառը մերձավորության ինչ աստիճան ունի համեմատվող բարբառների հետ, այդուհանդերձ վիճակագրական արդյունքի՝ եզրակացության համար ներկայացնենք նույն կամ մոտ հատկանիշները պարունակող պատկերը (աղյուսակ 3․), որից պարզ է դառնում, որ Բուրդուրը սերվել է Կապանի տարածաշրջանի խոսվածքներից։

Ընդհանուր համեմատությունից կարելի է նաև ենթադրել Բուրդուր գաղթած հայրենակիցների պատմական տարածքը՝ նկատի առնելով ընդհանրությունների սահմանը՝ 70-ից ավել (Կապան՝ 79,5, Գորիս՝ 76, Հադրութ՝ 74)։ Գորիս-Կապան-Հադրութ միջակայքը մասնավորապես համապատասխանում է պատմական «Միւս Բաղք, որ անուանւում է Քաշունիք (Քաշաթաղ՝ Մ․Ք․)» գավառին։

 

 Բուրդուրի գաղթօջախի ձևավորման ժամանակաշրջանի հարցը

 Բուրդուրցիների գաղթի ժամանակագրության մասին նախ իմանում ենք Հ․ Աճառյանի «Հայ բարբառագիտութիւն» աշխատությունից․ բուրդուրի և Օդեմիշի հայերը գաղթել են «մէկ երկու դար առաջ Ղարաբաղէն հեռանալով»[11], ապա՝ Հ․ Աճառյանին հղված մի նամակից, որտեղ նշվում է, թե ըստ բուրդուրցիների՝ իրենք գաղթել են երեք հարյուր տարի առաջ Ղարաբաղից[12]։ Հետագայում, հավանաբար այս վկայության հիմքով՝ ենթադրաբար, Հ․ Աճառյանը գրում է․ «Պուրտուր և էոտեմիշ գաղթել են Ղարաբաղից Ժէ դարում կամ ավելի ուշ»[13]։ Ըստ այսմ՝ բուրդուրցիների գաղթը ժամանակագրորեն տեղադրվում է մոտավորապես 1600-1700-ականների միջակայքում՝ մասնավորապես 1600-ական թվականների առաջին քառորդում՝ «ըստ իրենց աւանդութեան»[14]։ Այս հարցին հետագայում խորամուխ է եղել Ն․ Մկրտչյանը․ նախ գրում է, որ «այն հիմնադրվել Է մոտ 1610 թվականին՝ Շահ-Աբասի բռնագաղթից խույս տված ղարաբաղցիների կողմից»[15], ապա պնդում, որ Բուրդուրի հայկական համայնքը ձևավորվել է 17-րդ դարի սկզբներին[16] Սյունիքից և Ղարաբաղից այստեղ գաղթած բնակչությամբ։ Այս տեսակետի համար հիմք է եղել բուրդուրցի բեյրութաբնակ Փիլիպոս Առաքյալի զրույցը, որտեղ վերջինս պատմել է, որ իրենց պապերը Թուրքիա են գաղթել Պարսկաստանից՝ Շահ Աբասի հատուկ թույլտվությամբ («ֆերմանով») «մեծ սովից» հետո։ «Անշուշտ,- եզրակացնում է  Ն․ Մկրտչյանը,- խոսքը 1607 թվականի երկրորդ «մեծ սովի» մասին է, քանի որ առաջին «մեծ սովի» ժամանակ՝ 1577 թվականին, Շահ Աբասի բռնագաղթը դեռևս տեղի չէր ունեցել»[17]։

Արևմտյան Անատոլիայի հայկական գաղթավայրերի պատմությանն ու նկարագրությանն է նվիրված Հակոբ Քոսյանի «Հայք ի Զմիիռնիա եւ ի շրջակայս (Զմիւռնիւյ վիճակին գլխաւոր քաղաքներն եւ Հայք)» արժեքավոր աշխատությունը, որում, սակայն, բացակայում են Բուրդուրի տվյալները։ Ժողովրդագրական որոշ տեղեկություններ ենք քաղում այս գրքից, որ նշված տարածք՝ Արևմտյան Անատոլիա, գաղթել են Տաթևից, Շիշկերտից, Բեխից  և այլ բնակավայրերից շուրջ 250-350 տարի առաջ։ Պատմական Սյունիքի գյուղերից դեպի Արևմտյան Անատոլիա գաղթին անդրադարձել են նաև ուրիշ հեղինակներ։ Մ․ Հասրաթյանը գրում է, որ «օսմանյան բանակի նահանջի ժամանակ (18-րդ դարի կեսեր՝ Մ․ Ք․) ոչ միայն Կապան-Ղափանից, այլև Սիսիանից, հատկապես Ախլաթյանից (ողջ Բնունիսը, Արևիսը), երևի նաև Բռնակոթի ահագին բնակիչներ գաղթեցին Թուրքիայի խորքերը, Բուրդուր, մինչև Իզմիր, Միջերգրականի ափերը, սարսափած տեղական խաների, բեկերի և քոչվորների վրեժխնդրությունից»[18]։ Հարցը արծարծվել է նաև Գ․ Սմբատյանի կողմից[19]․ «Եվ Ղափանի գյուղերը ամայացան, անհետացան երկրի երեսից կամ կուլ գնացին դարավոր կաղնիներին»։ Փաստորեն՝ 17-րդ դարից սկսած իսլամ դավանող ժողովուրդների ներթափանցումը դեպի Սյունիքի և Արցախի պատմական տարածքները[20] բնիկների տեղաշարժերի հիմնական պատճառն է եղել։

Գաղթի հետ կապված հարցերը՝ ենթադրված ժամանակահատվածում տարածաշրջանում տեղի ունեցած պատմական դեպքեր և այլն, անշուշտ, այլ՝ առավել հանգամանալից քննություն են պահանջում։

Այսպիսով՝ մինչև 1915թ գոյություն է ունեցել Բուրդուրի հայկական գաղութը։ Եղեռնից հետո բուրդուրցիները տեղահանվել են մի մասը սպանվել է ճանապահին[21], մյուս մասը՝ սփռվել աշխարհով մեկ։  300 տարի օտար միջավայրում բարբառային հիմնական հատկանիշները պահպանած Բուրդուրի բարբառը այլևս դասվում է հայերենի մեռած բարբառների շաքին։


ԲՈՒՐԴՈՒՐ. ՂԱՐԱԲԱՂ-ՇԱՄԱԽԻԻ ՄԻՋԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԽՄԲԻ ԲԱՐԲԱՌԸ ԱՐԵՒՄՏՅԱՆ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ

Մհեր Քումունց

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

mherkumunts@gmail.com

Բանալի բառեր՝ Բուրդուր, Արևմտյան Անատոլիա, բարբառ, Սյունիք-Արցախ, հնչյունաբանություն, բառապաշար, քերականություն, վիճակագրություն, գաղթ։

Բուրդուրը գտնվում է Արևմտյան Անատոլիայում։ Բուրդուրի հայկական գաղթօջախը գոյություն է ունեցել մինչև 1915 թվականի Եղեռնը։ Ըստ հայ բարբառների բազմահատկանիշ դասակարգման՝ Բուրդուրի բարբառը ընդգրկվում է -ում ճյուղի՝ Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբի մեջ։ Ավելի քան 300 տարի պահպանվել է բարբառը օտար միջավայրում։

Ըստ կարծիքների՝ բուրդուրցիները գաղթել են Ղարաբաղի տարածքից։ Հնչյունաբանական, ձևաբանական և բառային կազմի քննությունից պարզվում է, որ բորդուրցիները գաղթել են Սյունիք-Արցախի բարբառային տարածքից, ավելի կոնկրետ՝ պատմական Բաղք-Քաշունիք գավառից՝ Հադրութի, Կապանի և Գորիսի միջակայքից։ Այսօր Բուրդուրի բարբառը համարվում է  մեռած, քանի որ 1915 թվականին, ինչպես հայկական մյուս բնակավայրերը, այնպես էլ Բուրդուրի հայ բնակչությունը ենթարկվել է տեղահանության և գենոցիդի։ Բուրդուրցիների մի  մասը գաղթել է Արևելյան Հայաստան, իսկ մյուս մասը՝ սփռվել աշխարհով մեկ։


БУРДУР: ДИАЛЕКТ МЕЖДУАРТНОЙ ГРУППЫ КАРАБАХ-ШАМАХ В ЗАПАДНОЙ АНАТОЛИИ

Мгер Кумунц

кандидат филологических наук, доцент

mherkumunts@gmail.com

Ключевые слова: Бурдур, Западная Анатолия, диалект, Сюник-Арцах, фонетика, лексика, грамматика, статистика, миграция.

Бурдур находится в Западной Анатолии. Армянское поселение Бурдур просуществовало до Геноцида 1915 года. Согласно многохарактерной классификации армянских диалектов бурдурский диалект входит в карабахско-шамахинскую междиалектную группу. Диалект сохранился в чужой среде более 300 лет.

По некоторым данным, бурдуры мигрировали с территории Карабаха. Изучение фонологического, морфологического и лексического состава показывает, что бордурцы мигрировали из диалектной области Сюник-Арцах, а именно из исторической провинции Баг-Кашуник, между Гадрутом, Капаном и Горисом. Сегодня бурдурский диалект считается мертвым,  потому что в 1915 году, как и в других армянских населенных пунктах, армянское население Бурдура подверглось депортации и геноциду. Часть народа бурдур мигрировала в Восточную Армению, а другая часть рассеялась по миру.


BURDUR: THE DIALECT OF THE INTERDIARTIC GROUP OF KARABAKH-SHAMAKH IN WESTERN ANATOLIA

Mher Kumunts

PhD in Philology, Associate Professor

mherkumunts@gmail.com

Key words: Burdur, Western Anatolia, dialect, Syunik-Artsakh, phonetics, vocabulary, grammar, statistics, migration.

Burdur is located in Western Anatolia. The Armenian settlement of Burdur existed until the 1915 Genocide. According to the multi-character classification of Armenian dialects, the Burdur dialect is included in the Karabakh-Shamakhi inter-dialect group. The dialect has been preserved in a foreign environment for more than 300 years.

According to some information, the Burdurs migrated from the territory of Karabakh. The study of the phonological, morphological and lexical composition shows that the Bordurs migrated from the Syunik-Artsakh dialect region, namely from the historical province of Bagh-Kashunik, between Hadrut, Kapan and Goris. Today, the Burdur dialect is considered dead because in 1915, as in other Armenian settlements, the Armenian population of Burdur was subjected to deportation and genocide. Part of the Burdur people migrated to Eastern Armenia, and the other part scattered around the world.

[1] Աճառեան Հ, Հայ Բարբառագիտութիւն, Լազարեան ճեմարան արեւելեան լեզուաց, Մոսկուա-Նոր-Նախիջեւան, 1911, էջ 6, 61 (այսուհետև՝ Աճառեան 1911), Աճառեան Հր., Հայերէն գաւառական բառարան («Էմինեան ազգագրական ժողովածու», հատ. Թ), Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց, Թիֆլիս, 1913 էջ 1, 31, 34, 61, Գաբիկեան Կ, Տարագիրին Արմաղանը (Հեռաւոր վարպետիս՝ Հր․ Աճառեանին), Թեոդիկ, «Ամէնուն տարեցոյցը», Տպագրութիւն Մ․ Յովակիմեան, Կ․ Պոլիս, ԺԶ (1922) տարի, էջ 326 (այսուհետև՝ Գաբիկեան 1922), Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, Պետական համալսարանի. հրատ., Յերևան, II մաս, «Հայպետհրատ», Երևան, 1951, էջ 437 (այսուհետև՝ Աճառյան 1951), Մկրտչյան Ն Ա, Բուրդուրի բարբառի ձևաբանությունը, «Լեզու և գրականություն»,  1966, թիվ 1, էջ 49-61 (այսուհետև՝ Մկրտչյան 1966Ա), Մկրտչյան Ն Ա, «ՈԻՄ» ճյուղի մի բարբառ «ԿԸ» ճյուղի միջավայրում,  «Պատմա-բանասիրական հանդես», 1966, թիվ 1, էջ 239-246 (այսուհետև՝ Մկրտչյան 1966Բ), Մկրտչյան Ն, Բուրդուրի բարբառը, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1971, 236 էջ (այսուհետև՝ Մկրտչյան 1971), Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ 28-142, 162-192, Աղպաշեան Պ, Ներսես Մկրտչյան, Բուրդուրի բարբառը, Հայկազեան հայագիտական հանդէս, Պէյրութ, 1973, Դ, 315-319։

[2] Մկրտչյան Ն Ա, Արևմտյան Անատոլիայի նորահայտ հայ բարբառները ու բանահյուսությունը, «Օրենք և իրականություն». հեղինակային հրատ․,Երևան, 2006 (600 էջ), էջ 304-315։

[3] Քանի որ այդ հարցերի քննությունը սույն աշխատանքի մեջ ընդգրկելու նպատակից դուրս է, ուստի հարկ չենք համարում ներկայացնելու ցանկը։

[4] Մկրտչյան 1971, էջ 7։

[5] Աճառեան 1911, էջ 61։

[6] Քերականական ձևերի մեծամասնությունը միատարր չէ և ունի տարբերակներ, այս մասին կարելի է տեսնել՝ Մկրտչյան 1971, էջ 80-165, Մկրտչյան 1966Ա, էջ 49-61, Մկրտչյան 1966Բ, էջ 239-246։

[7] «Հորաքույր»։

[8] Այն թյուրքերենի թերի օժանդակ բայի անցյալ կատարյալի մասնիկ է, որ կազմվում է -i- բայահիմքով և — di, dı, du, dü, — ti, tı, tu, tü — անցյալ ժամանակի ածանցների և դիմորոշ ստորոգման ածանցների միջոցով: Բուրդուրի բարբառին փոխանցվել է idi տարբերակը։

[9] Մկրտչյան 1971։

[10] Համեմատական աղյուսակի համառոտություններն են՝ բաղ․-բաղաձայնական, բրդ․-Բուրդուր, Գոր․-Գորիս, տրբ․-տարբերություն, Հադր․-Հադրութ, Շմխ․-Շամախի, Բլն․Խ․-Բոլնիս-Խաչեն, Մրղ․-Մարաղա, Կպն․-Կապան, ձայն․-ձայնավորական, անվ․-անվանական, բայ․-բայական։ Կապանի խոսվածքը համեմատել, ճշտել ենք տեղաբնիկ Գրիշա Սերյոժայի Սմբատյանի օգնությամբ (ծնվ․ 1953թ․, հոկտեմբեր, ք․ Կապան-գ․Շիկահող)։

[11] Աճառեան Հ, Հայ Բարբառագիտութիւն, Լազարեան ճեմարան արեւելեան լեզուաց, Մոսկուա-Նոր-Նախիջեւան, 1911, էջ 61։

[12] Գաբիկեան Կ, Տարագիրին Արմաղանը (Հեռաւոր վարպետիս՝ Հր․ Աճառեանին), Թեոդիկ, «Ամէնուն տարեցոյցը», , Տպագրութիւն Մ․ Յովակիմեան, Կ․ Պոլիս, ԺԶ (1922) տարի, էջ 326 (այսուհետև՝ Գաբիկեան 1922)։

[13] Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, Պետական համալսարանի. հրատ., Յերևան, II մաս, «Հայպետհրատ», Երևան, 1951, էջ 437։

[14] Գաբիկեան 1922, էջ 326։

[15] Մկրտչյան 1966, էջ 49։

[16] Մկրտչյան 1971, էջ 6։

[17] Մկրտչյան 1971, էջ 6։ Այստեղ նշվում է, որ մինչև 1915թ․ Եղեռնը Առաքելյանի ընտանիքում պահպանվում էր Շահ Աբասի «ֆերմանի» (հրամանի) պատճենը։

[18] Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1985, էջ 147։

[19] Սմբատյան Գ, Կապան։ Հետապնդող հիշողություն, Երևան, «Անտարես» հրատ․,  2021, էջ 11-14։ Գրքում բերված են նաև Զմյուռնիայի մերձակա Այտընի, Պայընտըրի, Էոտեմիշի շրջանների վիմագրերը։

[20] Այս շրջանի պատմական անցուդարձերի մասին կարելի է տեսնել նաև՝ Կարապետյան Ս, Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բոնակցված շրջաններում, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1999 էջ 125-126։

[21] Tahir K., Bir Mülkiyet Kalesi, 6 bas. (1 bas. 1977), Istambul, 2011 s.158.

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի