Մարդկության պատմության դեռևս վաղ շրջանում, երբ ձևավորվել է առևտուրը, և սկսվել շփումը տարբեր ցեղերի ու ժողովուրդների միջև, տարանցիկ ճանապարհների վրա կառուցվել են իջևանատներ, քարավանատներ, պանդոկներ։ Իսկ Հայոց լեռնաշխարհը գրեթե բոլոր հատվածներով գտնվում էր առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Ք․ Ա․ 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, հայոց երկրով էր անցնում նաև «Մետաքսի ճանապարհ»-ը։ Այդ ժամանակից սկսած՝ Հայաստանը հանդիսանում էր կապող օղակ Արևելքի՝ մասնավորապես Չինաստանի, և Արևմուտքի միջև: Առավել բանուկ ու կարևոր ճանապարհներից մեկն անցել է Սյունիքով, որի կազմում էին ժամանակին նաև Վայոց Ձոր և Գեղարքունիք գավառները։ Նույն «Մետաքսի ճանապարհ»-ը ձգվել է Որոտանի հովտով, անցել Վայոց Ձոր՝ Արփայի ավազան, այնուհետև՝ Վարդենյաց լեռնանցքով իջել Ագրիճի գետի ավազան։ Այս տարածքով էր անցնում նաև Դավրեժ-Պարտավ տարանցիկ ճանապարհը։ Բնական է՝ ճանապարհի ապահովության, ուղևորների համար բարեկարգ օթևաններ, անասունների համար կեր, գոմեր և այլ հարմարություններ ստեղծելու հարցով մտահոգվում էին արքաները, կալվածատեր իշխանները, վաճառական-առևտրականները, ճանապարհորդները։ Նշված ճանապարհին միջնադարում գործել են մի քանի քարավանատուն-իջևանատուն, որոնք, հիմա էլ հիացնում են իրենց ճարտարապետական հորինվածքով, վաղեմությամբ։ Նույն պատմական ճանապարհը գործում է նաև այսօր՝ Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան հատվածում, ծովի մակերևույթից ավելի քան 2400մ բարձրությամբ գտնվող Վարդենյաց լեռնանցքով, որը Վայոց Ձորի մարզը կապում է Սևանա ավազանին։ Iտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն/15․ 09․ 1254-08․ 01․ 1324թթ/ նույնպես անցել է այս տարածքով և իր «Աշխարհի հրաշքների մասին» գրքում նկարագրել է՝ ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։ Հաճախ ենք հատկապես ձմռանը լսում Վարդենյաց լառնանցքի բաց կամ փակ լինելու մասին։ Դեռ մանկուց է ինձ ծանոթ այս լեռնանցքը։ Պապերս, հայրս հաճախ էին պատմում՝ ինչպես էին ձմեռները մեծ դժվարությամբ Եղեգնաձորի տարածքից եկել տուն՝ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղ։ Կապը Եղեգնաձորի ու Մարտունու տարածաշրջանների միջև մշտապես եղել է ու կա, իսկ Վարդենյաց լեռնացքը դժվարանցանելի էր հատկապես ձմռանը, երբ ձյան շերտը հասնում էր մինչև 2-3 մետրի։ Ըստ մի ավանդույթի՝ Սմբատ Օրբելյան իշխանի որդին ձնաբքերի ժամանակ կորել է այդ լեռներում, և իշխանը, ի հիշատակ որդու, կառուցել է տվել մի քարավանատուն, որը ժողովրդի մոտ հիշատակվում էր նաև Սելիմի կամ Սուլեմայի քարավանատուն։ Իմ հիշողության մեջ ծննդավայրիս՝ Գեղհովիտի բնակիչները, նաև պապերս, հայրս, այն կոչում էին «Խան»։ Գրեթե 10 տարի է, ինչ քարավանատունը կոչվում է Օրբելյանների իջևանատուն՝ ի պատիվ այն կառուցող իշխանատոհմի։ Օրերս հերթական անգամ անցա Վարդենյաց լեռնանցքով։ Առաջին անգամ հունվար ամսին ճանապարհը բաց է՝ ոչ սառցակալած կամ ձյունապատ։ Այցելեցի նաև Օրբելյանների քարավանատուն, որը, ի տարբերություն միջնադարյան նմանատիպ կառույցների, լավ է պահպանվել։ Կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Ամբողջությամբ բազալտե կառույց Քարավանատունն ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Հատկապես գլխավոր դահլիճը, որը 13×26մ ուղղանկյունաձև սենյակ է և յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի։ Դահլիճի լուսավորությունն ապահովված է 3 երդիկներով, որոնք ներսից ունեն գեղեցիկ քանդակներ։ Բազիլիկաձև քարավանատան ընդհանուր Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառ.մ։ Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթեք տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ բազալտե սալաքարերով, ինչը պատմում է ժամանակի՝ հայ ճարտարապետների, շինարարների, վարպետների արհեստավարժության մասին: Գլխավոր սրսհի կամարաձև մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի, ուղտերի համար։ Միջին մասի մեջտեղում ողջ երկարությամբ, մոտ 1 մ․ լայնություն, 20սմ խորություն ունեցող ավազանն է։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Դրանցից մեկը քանդված է։ Քարավանատան միակ մուտքը հարավային կողմից է։ Այն գեղաքանդակներով զարդարված շքամուտք է։ Բարավորին եղել է շինարարության մասին արձանագրություն, որ կառուցվել է 1326-1327 թվականներին։ Արձանագրությունը վնասված է, լավ չի ընթերցվում։ Քարավանատան նախասենյակը գլխավոր սրահից մոտ 1մ դուրս է ընկած։ Ներսում՝ արևելյան պատին էլ կա արձանագրություն՝ քարավանատան կառուցման վերաբերյալ․ «Հանուն ամենազոր և զորեղ Աստծու, ԹՎ․ ՉՁԱ /781+551=1332 թ./, աշխարհի տիրակալ Բուսայիդ խանի օրոք, ես` Չեսար, իշխանաց իշխան Լիպարիտի որդին, և մայրս` Աննան, Իվանեի թոռը, և իմ եղբայրները` առյուծների պես գեղեցկատես իշխաններ Բոիրթելը (Բուրթել),, Սմբատը և Էլիկումը Օրբելյանների ազգից, և իմ կինը` Խորիշան, Սերիկարիմանների Վարդանի դուստրը [և…], կառուցեցինք այս հոգևոր տունը մեր միջոցներով` մեր, մեր ծնողների և Քրիստոսին ապավինող մեր եղբայրների հոգիների փրկության համար, նաև իմ կենդանի եղբայրներ և որդիներ` Սարգիսի, Հովհաննես քահանայի, Քուրդի և Վարդանի համար։ Աղաչում ենք ձեզ, անցորդներ, մեզ հիշել Քրսիտոսի մեջ։ Կառուցումը սկսվել է Եսայու քահանայությամբ և ավարտվել նրա աղոթքների շնորհիվ, ԹՎ․ ՉՁԱ /1332թ․/տարում»: Նախասենյակի պատերին կան քանդակներ, ոչ մեծ խորությամբ քանդակազարդ խորշեր, որոնցում այժմ նաև մոմ են վառում։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։ Այս բարձրաքանդակներն Օրբելյան տոհմի զինանշաններն են։ Վերին հատվածը եռանկյունաձև է՝ ներս ընկած հրաշակերտ քանդակներով զարդարուն։ Այդ դարերում, ներկայիս Վայոց Ձորի և Սյունիքի մարզերն ամբողջությամբ՝ ներառյալ նաև Արցախի Քաշաթաղի շրջանի արևմտյան հատվածը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մարտունու և Գավառի տարածաշրջանները, Վարդենիսի հարավարևմտյան մասերը պատկանում էին Սյունիքի թագավորությանը, որը տիրում էին Օրբելյանները։ Նրանց օրոք Սյունիքը վերելք է ապրել: Նույնիսկ, երբ XIIIդ. կեսերին Հայաստան են ներխուժել մոնղոլները, սարերում թաքնված Սյունիքը շատ քիչ է տուժել: Բացի այդ, խորամանկ և հմուտ դիվանագատներ Օրբելյանները Չինգիս խանի թոռից ոչ միայն հետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես` շինարարությամբ: Եվ նրանց կառուցած քարավանատունը, բացի հյուրանոց լինելուց, նաև պետք է տարբերվեր ճարտարապետական ոճով, զարդաքանդակներով։ Քարավանատան կից՝ արևելյան կողմում Սյունիքի իշխանները նաև մատուռ էին կառուցել, պահպանվել է սրբատան ավերակը։ Քարավանատունը ավերվել է 15-16-րդ դարերում, վերանորոգվել` 1956-1959 թթ.։ Այս քարավանատնից ներքև՝ Աղնջաձոր գյուղից մոտ 2 կմ հյուսիս՝ ձորի մեջ պահպանվել է նմանատիպ մեկ այլ քարավանատուն, որը կիսավեր վիճակում է։ Ունի միանավ հորինվածք, որի կիսաշրջանաձև թաղը ներքուստ պահում են 6 զույգ որմնասյուների վրա հենված թաղակիր կամարները։ Միակ մուտքը բացված է դեպի հարավ- արևմուտք նայող վաղուց ի վեր փլուզված ճակատից։ Կառուցված է սրբատաշ բազալտ քարով։ Արտաքին չափերն են 23,3 × 10,6 մետր։ Լուսավորությունը, ինչպես մյուս քարավանատան, ապահովվել է 2 երդիկներով։ Պատերին արձանագրություններ չեն պահպանվել, սակայն շինարարական առանձնահատկությունները հուշում են՝ իջևանատունը կառուցվել է XIII դարի վերջին XIV դարի սկզբին։ Աղնջաձոր գյուղը գտնվում է Եղեգնաձոր քաղաքից ուղիղ գծով 17,2 կմ հյուսիս- արևմուտք՝ ծովի մակերևույթից 1630-1675 մետր բարձրության վրա՝ դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի ձգվող ճանապարհին։ Գյուղը 13-14-րդ դարերում կոչվել է Դրունք (Տրունք) և Դեզպանարտ։ XIX դարի վավերագրերում հանդիպում է եկվոր թյուրքական ցեղերից ժառանգված օտարոտի՝ Աղքենդ կամ Ենգիջա անվանումով։ Այնուհետև կոչվել է Լեռնանցք, իսկ 1968 թվակական վերանվանվել՝ Աղնջաձոր։