Մուտք
Պատմական Սյունիքի և Արցախի տեղանունները, որոնք հանդիպում են մատենագրական աղբյուրներում, կարևոր նյութ կարող են լինել պատմական, լեզվաբանական և ընդհանրապես աշխարհաքաղաքական շատ հարցերի ըմբռնման համար։ Ցավոք, քչերն են կարևորում տեղանունների ուսումնասիրությունը, մասնավորապես՝ ստուգաբանական, բնակավայրերի տեղորոշման և պատմական դերի տեսանկյուններից։ Իհարկե, նշված խնդիրներով զբաղվելը համապարփակ գիտելիք է պահանջում, արդյունքներն էլ կարող են կատարյալ չլինել և գիտական համարում չբերել ուսումնասիրողին, բայց մյուս կողմից էլ ստորև արծարծվող նյութի շրջանցմամբ բաց են մնում շատ հարցեր, որոնք հաճախ լրացվում և հանրայնացվում են կեղծ, գիտականորեն հենքազուրկ թեզերով։
Պատմալեզվաբանական առումով ուշագրավ տեղեկություններ է պարունակում Ղուկաս Սեբաստացու «Դավիթ Բեկ կամ պատմություն ղափանցոց» աշխատությունը (Սեբաստացի 1992, բնագիրը՝ Հ․ Սամուէլ Արամեանի)։ 18-րդ դարի առաջին քառորդի Սյունիքի հայ ազատագրական շարժմանը վերաբերող աշխատանքները առավելապես աչքի են ընկնում պատմական դեպքերի վերլուծությամբ, ռազմավարական և քաղաքական հարցերի լուսաբանմամբ։
Պատմական շրջանում մատենագրված բնակավայրերի անունների և նրանցից ածանցվող տարբեր հարցերի ուսումնասիրությունը առանձնապես արդիական է մեր օրերում։ Ստեփանոս Օրբելյանից հետո Ղուկաս Սեբաստացու գրառած «Պատմություն ղափանցոց»-ը պատմական շրջանի Սյունիքի բնակավայրերը արձանագրած երկրորդ աշխատությունն է։
«Պատմություն ղափանցոց»-ի տեղանվանացանկի կազմումը, տեղանունների շուրջ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ դարում տարածաշրջանի բնակավայրերը շարունակում են կրել հայկական անվանումներ, թյուրքական տարրը ներթափանցում է տարածաշրջան, և տակավին փոփոխված կամ աղավաղված չեն տեղանունները (հին և միջին շրջանի Սյունիքի ազգաբնակչության մասին հանգամանալից տեղեկությունները կարելի է տեսնել Ա․ Հ․ Կարագյոզյանի աշխատանքում (Ղարագյոզյան 2002, 109-117))։
Դավիթբեկյան շարժման պատմական դերակատարությունը կարևոր էր ոչ միայն քաղաքական, այլև առհասարակ ազգային-պետական գաղափարաբանության ձևավորման տեսանկյունից, որ հետագայում դրսևորվեց նախ Զանգեզուրի՝ 20-րդ դարասկզբի գոյամարտով, ապա նույն դարավերջի՝ Արցախյան ազատամարտով։ Դավիթ Բեկի պայքարը օսմանյան ներխուժման դեմ, այսինքն՝ թյուրքական տարրի՝ տարածաշրջանում ծավալվելու կանխումը կարևոր դեր պիտի ունենար նաև արևելահայոց մշակութային կյանքում։ Այս ամենը նկատի ունենալով՝ արդիական և ուսումնասիրելի պիտի համարել դավիթբեկյան շրջանի բոլոր անցուդարձերը, որոնք ամփոփվել են մատենագրական տեղեկություններում
Արդ, ունենք Սյունիքի և հարակից շրջանների անունների հետևյալ պատկերը (տեղանունները առանձնացրել ենք էջերով, բայց նպատակահարմար գտանք այստեղ դնել այբբենական կարգով՝ փակագծերի մեջ նշելով գործածության հաճախականությունը որոշ եզրահանգումների համար)․ Ագուլիս քաղաք (5 անգամ), Ալանկեզ (2), Արձավաքար (1) «Մնացին միայն չորս թուրքական գյուղ Արձավաքարի կողմերում» (Սեբաստացի 1992, 33). արդյո՞ք Արձանաքարի հետ նույնն է (Հակոբյան և այլք 1986-2001, I, 457), Ափկու վանք (1), Ափքիս (2), Բաղաբերդ (1), Բեխ գյուղ (1), Գանջա (2), Գողթան գավառ (2), Գուգարք (2), Գուրհամ (2), Դադարք (1), Դաշտ ավան (1), Դաշտուն (1), Դարպաս (1), Դուզալ (2), Եղահորդ (1) (իմա՝ Եղվարդ (Հակոբյան և այլք 1986-2001, II, 179-180)), Եռաբլուր [Եռագագաթ բլուր] (2) («Սիսան գավառի սահմաններում, գեղեցիկ դաշտավայրում, Եռագագաթ բլրի մոտ, որ օտարներն անվանում են Ուչթեփե» (Սեբաստացի 1992, 21)), Երասխ գետ (4), Երցվանեկ ավան (1), Զևու բերդ (1), Զվար ավան (1), Թաղամեր (1), Թարթառ (1), Իշկետ (2), Իքաց ավան (1), Լևազ (4), Լիջկին ավան (2) (Լիճք), Խաչպոլի սար (1), Խնծորեսկ (1), Խոտանան (2), Խորձոր (1) (ըստ երևույթին՝ ընկած է Ներքին Հանդից հարավ-արևելք, որին թյուրքերն անվանել են Խնզոր), Կալեր (5), Կարմիր վանք (1), Կարմիր վանք ավան (1), Կեմանց (1) (հավանական է՝ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Կռմեն բնակավայրն է (Օրբելյան 1861, 377), որ հետագայում գործածվում է Կրմենանց ձևով: Հիշատակվում է նաև Կոմեն տարբերակով (Հակոբյան և այլք 1986-2001, III, 202), Կենավուզ (6), Կուլբերդ (1), Կրճիվան (1), Կրճիվանի դաշտ (1), Հալիձոր (14) («Ահա այս ժամանակ Դավիթ-Բեկն ավարտում է բերդի կառուցումը Հալիձորում» (Սեբաստացի 1992, 33)), Հալիձորի գետ (1), Ղազանկուլ լեռ (1), Ղարաչիմե[ա]ն (2), Ղափան (14) (մեկ անգամ՝ Ղափան երկիր), Ղափանի յոթնաբերդ գավառ (3), Ղոզղոզ գետ (1), Մազրան ավան (1), Մաղանջուղ (1), Մանլև (3) (նույնն է՝ Մալև՝ գյուղ մեղրու շրջանում։ Արդյոք նույնն է Ստեփանոս Օրբելյանի՝ Արևիքում նշած Մել բնակավայրի հետ), Մեզրի (1), Մեծ Թաղ (Մեղրի) (1), Մեղրի (9), Նախիջևան (1), Շամախի (2), Շ[ե]նհեր (3), Շիվանիձոր (1), Շնհեր ամրոց (1), Որոտնաբերդ (2), Ուզուն Պենտ (Արաքսի կրճերից) (1), Ուտիք (1), Ուրդուար [քաղաք] (10), Չավնդուր [գավառ] (13) (այս տեղանունը ուշ միջնադարից արդեն փոխարինել է Բաղքին (Րաֆֆի 1963, 6, 530)։ Թ․ Հակոբյանը տեղադրում է Ողջիի շրջակայքում․ «Ողջի-Հին անունը հայտնի չէ։ Ներքին հոսանքի շրջանում կոչվում է նաև Չավնդուր» (Հակոբյան 1966, 15)), Պարկուշատի [գավառ] (9), Պուղաքար (1), Սայիպուն (1) (հավանաբար՝ Սառնակունք), Սև լեռ (1), Սև սար (1), Սիսան գավառ [տուն] (6), Սյունյաց աշխարհ [լեռներ] (1), Վայրիվար (1) (հավանաբար նույնն է՝ Վայրավառ, այժմ՝ Վահրավառ (Հակոբյան և այլք 1986-2001, IV, 747)), Վանք շեն (1), Տաթև (5), Փիսիան [՞} (1), Փուխուրութ [լեռ] (2) (հավանաբար՝ Փխրուտ (Կապանի շրջագծում)), Փոքր թաղ (Մեղրի) (2), Քիս (1) (հմմտ․՝ Աքիս, Ափքիս (Հակոբյան և այլք 1986-2001, V, 376), Քուրդաշյան ավան (1), Քուրթլար ավան (1), Օքուզիարաթ լեռ (1), այլ վայրերի անուններ՝ Երևան, Գաղատիա, Թավրիզ, Լյուրիկե, Լիբիա, Հայաստան, Հնդկաստան, Հռոմ, Ղանդահար գավառ, Ճուղա, Մծխիթ, Պարսից ծոց, Պարսկաստան, Պոնտոս, Սպահան, Վրաց աշխարհ, Վրաց երկիր, Փարսից երկրի)։
«Պատմություն ղափանցոց»-ի մեջ վկայված տեղանունների ուսումնասիրության ենթադրվող արդյունքներն են՝
Ա․ Որոշ բնակավայրերի տեղադրություն և ճշգրտում[1]
Զեյվա || Զևա: Կարծում ենք, որ Զեյվա (այլև՝ Զևա), անունը, որ չի հանդիպում Տաթևի հին հարկացուցակի տեղանուններում, ուշ է առաջացել․ քիչ հավանական է պրսկ․ زاویه (zaviye) «անկյուն» իմաստից լինելը): Ըստ երևույթին՝ 1․ նախապես տրվել է հայկական այն վայրերին, որտեղ եղել են վանական կառույցներ (բազմաթիվ վայրեր կան նշված (Հակոբյան և այլք 1986-2001, II, 291-292))։ Զևա անունը վկայվում է իսլամ դավանող ժողովրդի՝ Սյունիք-Արցախի պատմական տարածքները մուտք գործելուց հետո՝ զևիա «մահմեդական կրոնավորների վանք» (Աճառյան 1971-1979, II, 93), արաբ․՝ zāviya (زاوية) «անկյուն, շրջադարձ, աղոթքի կամ պաշտամունքի համար նախատեսված անկյուն, վայր» (անշուշտ, այս Զեյվա տեղանունը տրվել է մահմեդական հանրույթի կողմից։ Բառը տարածված է արևելյան լեզուներում և ձևիմաստային ընդհանրություններ է ունեցել՝ թյուրք․ zaviye «անկյուն, աղոթքի անկուն», պրսկ․ زاویه (zaviye) «անկյուն», քրդ․ zîyaret «սրբավայր», zîyaretgah «1․ աշտամունքի վայր, 2․ տաճար» (Քրդերեն-հայերեն 2016, 437))։ 2․ Պետք է արձանագրել, որ զեյվա բառը տարածվել է հայկական որոշ տեղանունների վրա, որոնք ունեցել են «վանք» բաղադրիչը։
Արդ՝ Բարկուրի վանքը (Օրբելյան 1861, 376), հնարավոր է, փոխարինվել է Զեյվա անունով, որ «Տաթևի ցուցակում» նախորդում է Տախն գյուղին (Օրբելյան 1861, 376)։ Ա․ Ղարագյոզյանը այն նույնացնում է Տաթևի հին հարկացուցակում նշված Բակուրի վանք -ի (Օրբելյան 1986, 401) հետ (ծանոթագրության (1739) մեջ նշվում է, որ մոսկովյան հրատարակության մեջ՝ Բարկուրի, փարիզյանում՝ Բակուրի, 6271 ձեռագրում՝ Բակուրի վանք) (Ղարագյոզյան 1978, 197)՝ Կապանի Կաղնուտ գյուղի մոտակայքում վանական համալիրի առկայության հիմքով (միջանկյալ հիշենք, որ Զեյվան համընկնում է մերօրյա Դավիթ Բեկ գյուղատեղիին, սակայն Ղուկաս Սեբաստացու նշած «Զեւու բերդը», հավանաբար, Բաղաբերդն է (Սեբաստացի 1992, 91)։ «Այստեղ նախկինում մի կառույց է եղել՝ քրդական սրբավայր (մզկիթ չէր), որ գյուղացիները անվանում էին Շըխ՝ նման Քաջարանի Փիրդովդանին։ Կառույցը հիմա չկա, բայց հիմքը կարմիր աղյուսով էր։ Այս սրբավայրը ժամանակին թյուրքերին չէր հետաքրքրում։ Ուխտի էին գալիս քրդական Զեյվալու գյուղի քրդերը։ Կառույցի բարձրությունը մոտ 8 մ էր, տրամագիծը՝ 5 մ։ Ներսում խոշոր նախշազարդ կար՝ գոտու պես վերևից ներքև»,- այսպես է հիշում պատմաբան Գրիշա Սմբատյանը)։ Նշենք, սակայն, որ վանք եղել է նաև այս տարածքում՝ Կարմիր վանք, որը Րաֆֆին նույնացնում է Երիցվանքի հետ․ «․․․ժողովրդի մեջ հայտնի է անունովս Կարմիր վանք» (Րաֆֆի 1963, 8, 478)։ Այդ կարծիքին ենք հանդիպում նաև «Տեղանունների բառարանում» (Հակոբյան և այլք 1986-2001, III, 58)։ Ըստ բանավոր զրույցների՝ այս տարածքում եղել է քրդական կառույց, որի տեղում մինչ այդ եղել է կարմրագույն եկեղեցի, ու անգամ նշմարվում են հետքերը։
Օքուզիարաթ լեռ (Սյունիք-Արցախի բարբառներում՝ օ̈քյո̈ւզ, թյուրք․ öküz: Այստեղ չենք անդրադառնա բառի քննությանը, նշենք միայն, որ նրա ծագումը վերագրվում է հնդեվրոպական լեզուներին > *ukʷs- «եզ» (Pokorny 1959, 1118; Clauson 1972, 120; Glossika 2021, 3-21)): Օքուզիարաթ-ը գտնվում է Գորիսի շրջանի Տանձատափ գյուղից 5 կմ դեպի Քաշունի և Աղվանի գյուղեր։ Հիշատակվում է նաև «Նոր դար»-ում (Նոր դար 1890, 59) ՝ որպես սրբավայր։ Տանձատափցիները նման անվամբ լեռ չեն ճանաչում, բայց հիշում են քարակույտ մի բլուր, որն անվանում էին Քյո̈ւզարաթ (հիմա այն չկա)։ Ամեն անցուդարձող պիտի քար նետեր այդ կաշկառին՝ որպես երախտիքի և սրբին հավատարիմ մնալու նշան (այս մասին հիշում է տանձատափցի Սուրեն Վարդանյանը․ «Չգիտեմ՝ ինչու էինք քար նետում, բայց պիտի նետեինք, որովհետև մեր ծնողները երբ իմանում էին, որ անցել ենք Քյո̈ւզարաթի մոտով, հարցնում էին՝ քար նետե՞լ եք, հիշե՛ք, հա՜, քար պիտի գցեք։ Այնքան էին քար նետել, որ ահռելի քարակույտ՝ քաշկառ էր դարձել»)։
Բ․ Ստուգաբանական և բառաքննական փորձեր
Թարթառ || Տրտու։ Ղուկաս Սեբաստացու աշխատությունը թերևս առաջիններից է, որ հիշատակում է բնական և էներգետիկ մեծ նշանակությամբ Տրտու գետը Թարթառ ձևով։ Իսկ ի՞նչ ծագում ունի այն։ Թա̈թա̈ռ «պտտահողմ» բարբառային բառի ծագումը որոշակիացված չէ («Նոր հայկազյան բառարանը» մեկնում է «լավ» (Աւետիքեան և այլք 1979-1981, I, 790)՝ «տարափ»՝ հղելով Աստվածաշնչի թաթ առնել-ը․ «․․․ահա ամպ մի փոքրիկ իբրեւ զթաթ առն հանէր ջուր» (Աստվածաշունչ 2012, Գ Թգ 1844), Հ․ Կարագյոզյանը նույնացնում է ուրարտական KURŢuţuaine-ի հետ (Կարագեոզեան 1998), Գ․ Ջահուկյանը Հ․ Աճառյանի՝ բառի համար բերած զուգահեռը՝ թաթուռ-ը, դնում է թաթ բառահոդվածի ներքո (Ջահուկյան 2010, 253)): Հ. Աճառյանը այս բառին վերաբերող քննությունը եզրափակում է կարծիքով. հնարովի է և թյուրիմացաբար ընդգրկվել է գրականության մեջ (Աճառյան 1971-1979, II, 138-139): Նախ նշենք, որ բառը գործածական է տարածքի խոսվածքներում. օրինակ՝ Շինուհայրի խոսվածքում գործառվում է թա̈թա̈ռ/ր-ը «1․ պտտահողմի մի տեսակ, որ շերտ-շերտ ձյուն կամ հող է բերում, 2․ հողը, ձյունը գետնին ալիք-ալիք սարքող պտտահողմ» (ասացող՝ Ռազմիկ Մկրտչյան, Գորիս-Շինուհայր, 83 տարեկան)․ «Մին թա̈թա̈ռ ա ըսքըսըմ, քյա̈րվանը մընամ ա ղումէն տակէն» (Սարգսյան 2013, 183): Մենք խորամուխ չենք լինի լավագույնս ուշադրության արժանացած բառի քննական մեկնաբանությունների հարցում: Պարզապես բարբառային կազմությունների զուգադրությամբ բերենք որոշ վկայություններ, որ կարող են փաստել բառի առկայությունը, օգտակար լինել ծագումը որոշելու համար: Հին հայերենի դադար (*dher-) (Ջահուկյան 2010, 179; Աճառյան 1971-1979, I, 610-311) բառի դ-ն Սյունիք-Արցախի խոսվածքներում տվել է թ, որի ազդեցությամբ ա-ն քմայնացել է, արդյունքում ձևավորվել է թա̈թա̈ր «դադար», դա̈դա̈րել > թա̈թա̈րէլ || թիթա̈րել || թիթրէլ: Սրա հնչյունական և բառակազմական համաբանությամբ հնդեվրոպական *dhor- (Pokorny 1959, 256) արմատի չորրորդական ձևը՝ «ցատկել, ցատկել ավելի քան, ցատկել այն կողմ, ճայթել, պայթել, տրաքվել, ցայտել, ոստնել» իմաստներով, խոսվածքներում կտա թա̈թա̈ր: Առկախ է մնում ր-ռ հարցը, որ թերևս կարող է բացատրվել որպես կրկնության հետևանքով փոխազդեցությամբ ձևավորված հնչյունափոխություն (նաև՝ հմմտ. արջ > առչ, առյուծ > արյուծ): Բարբառախմբում վկայվող թա̈թա̈ռ «փոթորիկ» բառիմաստին զուգահեռում ենք Պոկոռնու բառարանի նույն բառահոդվածի ներքո դրված հուն. ձեռագրերում վկայվող θου̃ρος «փոթորկալից, փոթորկահույզ», այլև կենտ. իռլ. dar- «ջրել, ջրցանել» բառերը: Թերևս այստեղից կարող է բխել Թարթառ (Հակոբյան և այլք 1986-2001, I, 420) գետանունը՝ որպես բարբառային տարբերակ, որը միջնադարյան աղբյուրներում հայտնի է Տրտու անվանաձևով (Հակոբյան և այլք 1986-2001, V, 132). «…անտի չուեալ բանակեցան առ հեղեղատովն Տրտուայ մօտ ի գիւղն Դիւտական» (Կաղանկատուացի 1912, 150, Կաղանկատվացի 1969, 101): Նշվում է նաև Տարտուական (Կաղանկատուացի 2019, 1996), իսկ Տրտու գետի (Ստրաբոնի երկի քննությունից պարզվում է, որ Տրտու գետը եղել է Սակասենեի (Շակաշեն՝ Գարդմանք) սահմանը (Հարությունյան 2016, 156)) վտակներից մեկը նշվում է Թութխու (Յակոբեան 2020, 182, 195): Նշված գետանունների արտաքին հնչյունական կազմից ենթադրելի է, որ գործ ունենք ձևով մոտ կամ նույն արմատից բխած հատկանվանական տարբերակների հետ՝ Տրտու, Թութխու, Թարթառ, հմմտ. տր-տ-ունջ < *der- կիմր. dordd «աղմուկ» (Ջահուկյան 2010, 738): Եվ այս բոլորի դիմաց հայերենի բառարաններում հանդիպում է տրտու (հզվդ.) թույլ, մեղմ քամի (Աղայան 1976, 1462):
Կուլբերդ։ Նշվում է Դավիթ Բեկի զորավարների և զորքերի նկարագրության մեջ (Սեբաստացի 1992, 81)։ Հիշյալ ձևով բերդանունը մեզ չի հանդիպում տեղանունների բառարանում․ ՀՀՇՏԲ-ում նշված Գյուլաբերդ երկու անունները չեն նույնանում ենթադրվող տարածքի հետ, ուստի մնում է առնչակից համարել Գիլաբերդը, որը, ըստ երևույթին, նույն (՞) Գեղանուշ գյուղն է (Հակոբյան և այլք 1986-2001, I, 861)։
Կարծում ենք՝ Գիլաբերդ (Կիլաբերդ > Կուլաբերդ) տեղանվան առաջին բաղադրիչը Սյունիքի և Արցախի բարբառներում ինքնուրույն գործածություն չունեցող կուլ արմատն է՝ «մարտական պարսատիկի մեջ դրվող քար», այստեղից՝ հին մարզաձև-մարտախաղի անունը՝ կուլ թօղ անէլ «քարը պարսատիկով վեր նետել․ եթե այդ քարը ավելի ուշ է իջնում և ավելի մոտ, ուրեմն այն նետողը հաղթած է», նաև՝ կուլ (> կուլ-ուլ «կլոր, գնդաձև, կլոր մի բան»), որի կրկնավոր հնչյունափոխ ձևից՝ կուլտի-պուլտի, առաջ է եկել նաև պուլտի «փոքր կլոր քար», այստեղից՝ պուլտի տալ կամ կուլտի տալ «պուլտի խաղը խաղալ» («քարերը նետելու խաղի տեսակ»)։ Ենթադրում ենք, որ հայերենի գիլ (Աճառյան 1971-1979, I, 555) (գիղ) (գ > կ) արմատն է «քար», որ նշվում է հնդեվրոպական ծագմամբ բառերի շարքում՝ *uel- «շրջել, ոլորել, պնդել» (Ջահուկյան 2010, 161)։ Անշուշտ, Կապանի խոսվածքում, այլև Սյունիքի և Արցախի խոսվածքների մեծ մասում կանոնավոր չէ ի > ու փոփոխությունը, պատահում է որոշ բառերում՝ ճիմ > ճում > ճումբուլ, տիկին > տուկուն, բայց այն դրսևորվում է նաև քննվող արմատում՝ Կուլբերդ, որ հաջորդում է Գիլաբերդ տարբերակին: Հնչատարբերակներից՝ Գիլաբերդ > Կուլաբերդ, կարելի է ենթադրել, որ բերդը կառուցվել է մինչև բարբառախոս միջավայրում գ > կ (գիլ > կիլ) անցումը, իսկ կիլ «քար» հասկացությունը վերականգնվում է բարբառային հարակից բառերով, այլապես ու-ն, որպես կանոն, գ-ի քմայնացումից պիտի դառնար ո̈ւ։ Ուստի տեղանունը բարբառում այս հերթագայությամբ է ենթարկվել ժողովրդական ստուգաբանության՝ Գիլաբերդ > Կիլաբերդ > կուլաբերդ։ Պատմական տարածքը հնագիտական ուսումնասիրության չի ենթարկվել, մնում է լեզվական սակավ տվյալներով ենթադրել, որ որպես բնակավայր-ամրոց՝ Կիլաբերդը շատ հին է և տեղացիների՝ շարունակաբար նույն տարածքում ապրած լինելու հիմքով հասել է մեր օրերը։ Չենք կարող հստակ որոշել ո՛չ բերդատեղը, ո՛չ գավառի սահմանները, որովհետև, ինչպես նկատում է Ղևոնդ Ալիշանը, «Յելից նորին առ գետովն է (Ժ) Կովսական, որ նոյնպէս առ հետինս պէս-պէս անուամբք կամ մասամբք կոչի, ոչ միայն Գրհամ ըստ պատմիչին, այլ և Գիլաբերդ, Չավընդուր, Խորձոր, Կենաուզ․․․ » (Ալիշան 1893, 9)։ Նշվում է, որ «Կիւտկիւմ կամ Գութկում, որ ի Գիլաբերդ գրի ըստ նոր ցուցակի թեմին Տաթեւու․․․» (Ալիշան 1893, 287)։
Փաստորեն՝ 1․ պարզ է դառնում բարբառային մի քանի բառանունների իմաստային ձևավորումը՝ կուլ թօղ անել-ը՝ «քար բաց թողնել», այլև՝ կուլ-տի, կուլ-տ, պուլտի, կուլուլ, որից՝ բերդանունը (որից՝ բնակավայրի)՝ ա․ բերդը դիրքեր է ունեցել կամ կառուցված է եղել պարսատիկով հարվածելու համար, այստեղից՝ Կուլաբերդ, բ․ կլոր, գնդաձև քարերից է կառուցված եղել բերդը, որտեղից՝ Կուլաբերդ կամ Գիլաբերդ։ Մենք հակված ենք առաջին տարբերակին։
Երիցվանք-Արծվանիկ։ Ղուկաս Սեբաստացու կողմից վկայված տեղանուններից մեզ կարևոր նյութ է հաղորդում Երցվանեկ ավան-ը, որի միջոցով վերականգնվում է բնակավայրի նոր անվան՝ Արծվանիկ, ձևավորումը։ Կարծում ենք (մենք առանձին ուսումնասիրություն ենք անցկացրել՝ Երէծ-Արծվանիկ զուգահեռներին վերաբերող, որը հրատարակության ընթացքում է)՝ Մյուս Բաղքում հիշատակվող (Օրբելյան 1861, 376) Երէծ բնակավայրի ժողովրդական ստուգաբանական տարբերակն է, որ արդեն 18-րդ դարում հանդիպում է Երցվանիկ ձևով։ Տեղանվան արմատի փոփոխության համար մոտավորապես այսպիսի զարգացում է ենթադրվում՝ *arg՛- (հնագույն շրջան՝ հ․-ե․)> aгș (ուրարտական շրջան) > արէծ (նախագրաբարյան շրջան) երէծ (գրաբարյան շրջան) > երից (միջին հայերենի շրջան) > երց (վաղ աշխարհաբարի շրջան) > արծ (նոր գրական հայերենի շրջան՝ 19-րդ դարից)։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Արծվանիկ տեղանվան ժողովրդական ստուգաբանության ձևավորումը արդեն ավարտվում էր դավիթբեկյան շրջանի Սյունիք-Արցախի խոսվածքներում՝ Երցվանեկ > Արծվանիկ։
Խնծորեսկ։ Այսպես է նշվում ներկայիս Խնձորեսկ գյուղը, որ Տաթևի հին ցուցակում վկայվում է Խնձորեակ (Խնձորիսկ) (Օրբելյան 1861, 375), Խնձորեսկ (Օրբելյան 1859, Բ, 267), «Քեոթուկ»-ում՝ Խնծորեքոն։ Մենք դեռևս չստուգաբանված ենք համարում Խնձորեսկ տեղանունը։ Սակայն դեռևս 18-րդ դարի հիշատակության մեջ հանդիպած Խնծորեսկ տարբերակը հուշում է, որ տեղանվան հիմքում ոչ թե խնձոր, այլ ձոր բառն է՝ ծօր || ծօ̈ր, որից առաջ ընկած հնչյունախումբը՝ «խ[ը]ն-» հայտնի չէ։ Սա օգտակար հուշում է ապագա ուսումնասիրողներին, որ գործ ունեն բարդ ածանցավոր կազմությամբ տեղանվան հետ, և կեղծ ստուգաբանություն է Խնձորեսկ-ը կապել խնձոր բառի հետ։
Ուրդուար (Ուրդուվար)։ Տեղանվան ուրդ արմատական տարբերակը հանդիպում է պատմական Արևիքի գավառում, այսինքն՝ Ագուլիս-Մեղրիի բարբառախմբում։ Թերևս կարելի է կարծել, որ Արտևատը (Հակոբյան 1966, 87), որ Թ․ Հակոբյանը նույնացնում է Օրդուբադի հետ, Ղուկաս Սեբաստացու պատմության մեջ նշվող Ուրդուարն է, որ բացատրվում է հենց տեղի բարբառով՝ ուրդ «արտի կորիների բերան», Ագուլիսի բարբառով՝ «այգու՝ պարտեզի մարգերի բերան» (Հայոց լեզվի բարբառային բառարան 2001-2012, Զ, 320), վար < ար (ու-ի ազդեցությամբ վ-ի սղում)։ Բառի ծագումնաբանական հարցերը այստեղ չեն քննվի, միայն ավելացնենք՝ Ստեփանոս Շահումյանի հաղորդմամբ գրաբար տեքստում հանդիպում է հենց այդ ձևով՝ Ուրդուվար (Սեբաստացի 1992, 91)։ Այն տեսակետին, որ Արտուվար անվանումն է նախնականը և ճիշտ, համակարծիք չենք։ Այն կարող է առաջացած լինել Մեղրիի բարբառից դուրս, թերևս ժողովրդական ստուգաբանությամբ։
Այլ դիտարկումներ
18-րդ դարի հեղինակ Ղուկաս Սեբաստացու կողմից վկայված պատմական Սյունիքի և Արցախի տեղանունների կազմում պահպանված բարբառային տարրերը կարող են որոշակի պատկեր ստեղծել հիշյալ շրջանի տեղի բարբառների հատկանիշների, խոսվածքների գոյության, տարածվածության վերաբերյալ։ Սյունիքի (ներառյալ Քաշաթաղ, Մեղրի և Նախիջևանի հարավ-արևելյան շրջանները) և Արցախի աշխարհագրական ու լեզվական մերձավորությունները, բարբառների և խոսվածքների տեղաբնիկ լինելը հաստատվում են բառային մի շարք իրողություններով, որոնք արտացոլվել են բնօրրանում ձևավորված հնաբանական տեղանուններում՝ Ափկու [վանք] Ափքիս, Դադարք, Երցվանեկ, Իքաց [ավան], Խաչպոլի [սար], Խնծորեսկ, Կրճիվան, Պուղաքար, Վայրիվար և այլն: Բարբառային ծագմամբ տեղանունների մեծ մասը մեր օրերում դարձել է անհասկանալի, գրեթե չստուգաբանվող, բայց իրենց կազմում պարունակում են բառ-բաղադրիչներ, որոնք պատկերացում են ստեղծում դրանց ծագման վերաբերյալ, ինչպես՝ կիրճիվան, Խաչպոլի, Պուղաքար, իքաց և այլն։
Տեղանունների (և ընդհանրապես բառերի) քննությունը նախևառաջ պետք է անցկացնել տվյալ վայրի խոսակցական տարբերակի համատեքստում։ Պատմական շրջանի հայ բանավոր խոսույթը հիմնականում չի գրառվել․ գրաբարով հասած տեղեկություններում քիչ են բարբառային երևույթները, որոնք թույլ կտան պատկերացում կազմել բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հայ բարբառային պատմական տարածքների որոշում կամ ճշգրտում, բարբառային հատկանիշների տեղայնացում և այլն։ Մենք նշեցինք երկու խնդիր մեզ հետաքրքրող գիտության մեկ բնագավառի համար, բայց կենդանի լեզվից մեզ հասած տեղանունները արժեքավոր տեղեկություններ են պարունակում՝
Ա․ 18-րդ դարում հիշատակված տեղանունների հիմնական մասը, որ վկայվում է հայերենի հին շրջանի արձանագրություններում, գրեթե նույնությամբ հասել է մեր օրեր (համեմատել ենք Ստեփանոս Օրբելյանի հիշատակած տեղանունների հետ (Օրբելյան 1859, Բ, 259-273))՝ Բաղաբերդ, Հալիձոր, Նախիջևան, Շ[ե]նհեր, Ուտիք, Սև լեռ, Տաթև, Հալիձոր և այլն։
Բ․ Կան տեղանուններ, որոնք ձևափոխվել են բարբառային ազդեցությունների և մասնավորապես տարածաշրջանում իսլամադավան ցեղերի ներթափանցման հետևանքով։ Դրանք բաժանվում են մի քանի շերտի՝
1․ Պատճենմամբ առաջացած (մասամբ կամ ամբողջական), օրինակ՝ վանք, սրբավայր-զեյվա (օրինակ՝ Բակուրի վանք-Զեյվա), Քուրթլար ավան-Քրդեր (հին Հարժիսից հարավ-արևելք ընկած տարածքը կոչվում է Քրդեր՝ Վերին և Ներքին) (երկու անվան նախաձևերը մեզ հայտնի չեն, ուստի առկախ է մնում՝ որ լեզվում է պատճենումը եղել՝ Եռաբլուր-Ուչթափա, Սայիպուն-Սառնակունք):
2․ Աղավաղմամբ ձևավորված (մասնավորապես հնչաշարքում), օրինակ՝ Մազրան, Լևազ, Կենավուզ, Մեզրի (Մազրա)։
3․ Օտար կազմություններ՝ ինչպես՝ Դուզալ, Ուզուն Պենտ և այլն։ Ընդհանրացնելով ասվածը՝ բերենք Սյունիք-Արցախում, Նախիջևանում և Ղարադաղում (Սևասար) հիշատակվող անունների ընդհանուր վիճակագրական տվյալները ըստ ծագման՝ 78 տեղանվան միջակայքում՝ (գծապատկեր 1)։
Այս տվյալները կարող են օգտակար լինել հայագիտական ուսումնասիրություններում, ինչպես, օրինակ, հիշյալ շրջանում տարածաշրջանի հայկականության ազդեցության, օտար տարրի ներթափանցման ժամանակաշրջանի ճշգրտման և այլ հարցերում։
Գ․ Մյուս կարևոր և դժվար հարցը տեղանունների ժամանակագրական բաժանումն է։ Չնայած այս եզրակացության համար քիչ բառամթերք է վերցված (70 տեղանուն), սուղ են նաև մատենագրական տվյալները տեղանունների առումով, այդուհանդերձ սպասվելիք արդյունքները կարող են օգտակար լինել մի շարք բնակավայրերի տեղորոշման, էթնիկ տարրի՝ տարածաշրջանում ունեցած գոյության շրջանի և նման կարևոր հարցերի քննության համար (ժամանակագրական այս բաժանումը կարող է պայմանական և վիճարկելի լինել տեղանունների ծագումնաբանական դասակարգման հետ զուգահեռելիս։ Այն կատարվել է նաև մի շարք բնակավայրերի պատմահնագիտական ուսումնասիրությունների բացակայության պայմաններում։ Հիմնական կռվանը մատենագրական և վիմագրական տեղեկություններն են։ Հնագույն և հին շրջանների հատկանունները մեկ խմբի մեջ են առնված, որովհետև հայերենի գրավոր վկայությունները սկսվում են V դարից, այսինքն՝ այս խմբի մեջ ընդգրկվում են այն անունները, որոնք վկայվում են մասնավորապես գրաբարի դասական շրջանի աղբյուրներում կամ առնչակից նյութերի համակցությամբ ենթադրվում են հնագույն կամ հին։ Օրինակ՝ կարծում ենք՝ Ագուլիս տեղանունը հին է և ծագում է հուն․ ἐκκλησία (հայերենում՝ եկեղեցի) բառից, հմմտ․՝ Եկեղյաց || Ագիլիսենե։ Տեղանունների ժամանակագրական պարբերացումը կարող է չհամատեղվել հայ ժողովրդի պատմության շրջանաբաժանման մոտեցումների հետ (հատկապես հայկական միջնադարի առումով), որովհետև ուսումնասիրվող նյութի պահանջով հաշվի են առնվել հայոց լեզվի զարգացման փուլերը, քրիստոնեության ընդունումը և գրերի գյուտը, հայ ժողովրդի կացությունը պատմական շրջանում, ներքին և արտաքին տարաբնույթ ազդեցությունները և այլն)։ Այսպես՝ հնագույն և հին շրջան (10)՝ Ագուլիս, Բաղաբերդ, Գողթն, Երասխ, Երցվանեկ, Թարթառ, Կուլբերդ, Ուրդուար, Սիսան, Սյունիք [-յաց], վաղ միջնադար (7)՝ Զվար (՞) (արդյոք Զուար[կ]ի վանք անունից է (Օրբելյան 1861, 377): Հմմտ․ զուարակ «ցուլ» («․․․զմէս զուարակէն եւ զմորթ նորա եւ զապաւառն․․․» (Աստվածաշունչ 2012, Ելք 2914)), այլ Ցլի համաստեղությունը), Թաղամեր (՞) (Թաղամայրի (Օրբելյան 1861, 378)), Իշկետ- («-» նշանով տեղանունները բացակայում են «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում, Իշկերտ (՞)), Իքաց (՞)- (Իքաց-ը հմմտ․՝ իք «գոյություն, է, մի բան», բայց վստահ չենք -աց հոգնակի սեռական գործածության հարցում), Ղափան (եթե ընդունում ենք, որ Հաբանդ և Կապան բառերը նույն հիմքից են, ապա հ > ղ փոփոխությունը պետք է որ լիներ արաբական տիրապետության շրջանում՝ 7-րդ դարից հետո։ Չունենք կարծիք Հաբանդ բառի ծագման շուրջ (Հ․ Հյուբշմանը ենթադրում է «անդ» ածանցով կազմված լինելը, ինչպես՝ Մարանդ, Վանանդ (Հյուբշման 1907, 366), իսկ Ս․ Հախվերդյանը աղերսում է Harba աստվածությանը (Հախվերդյան 2007, 16-20)), եղածներն էլ չեն բացահայտում այդ անունների ձևիմաստային առնչակցությունը, այդ պատճառով Ղափան տեղանունը չենք ընդգրկել հին շրջանի մեջ), Քիս (kis (کیسی) «կնճռոտ, ծալք» < պահլ․ kiš «գիծ, ակոս»), Մաղանջուղ (կարծում ենք՝ արաբական տիրապետության շրջանում ձևավորված անուն է (Քումունց 2019, 210-214)), միջնադար (20)՝ Բեխ, Գուրհամ, Դաշտուն, Եղահորդ, Խնծորեսկ, Խոտանան, Կալեր, Կարմիր վանք, Կրճիվան, Հալիձոր, Մեղրի, Շնհեր, Որոտնաբերդ, Չավնդուր, Պարկուշատի, Սև լեռ, Սև սար, Վանք շեն, Տաթև, Օքուզիարաթ, ուշ միջնադար (33)՝ Ալանկեզ (Ղևոնդ Ալիշանը նույնացնում է Կապանի լեռների հետ․ «․․․պար Ալանկէզի կամ Լերանց կապանայ․․․» (Ալիշան 1893, 283)), Արձավաքար, Ափկու վանք, Ափքիս, Դադարք, Դաշտ, Դարպաս, Եռաբլուր, Լիջկին, Խաչպոլի սար (ըստ Թ․ Հակոբյանի՝ նոր անուն է (Հակոբյան 1966, 101)), Խորձոր, Կեմանց, Կենավուզ, Ղազանկուլ լեռ, Ղոզղոզ, Մազրան, Մեզրի (māzāre (مزرعه) «արտ»։ Գյուղանուն և վանք Գորիսի Քարահունջի դիմաց, որ տեղացիներն անվանում են Մա̈զրիդո̈ւզ, որ 2020թ․ օտարվել է), Մեծ Թաղ, Շիվանիձոր, Պուղաքար, Սայիպուն, Վայրիվար, Փիսիան (՞), Փուխուրութ, Փոքր թաղ, Քուրդաշյան, Դուզալ, Զևու բերդ, Լևազ, Ղարաչիմե[ա]ն, Մանլև, Ուզուն Պենտ, Քուրթլար (գծապատկեր 2)։
Այսպիսով՝ ուշ միջնադարում արդեն նկատվում է նոր անունների առատություն, և մասնավորապես՝ օրբելյանական շրջանում հիշատակվող տեղանունների բացակայություն և աղավաղում, որ, ըստ վիճակագրական տվյալների, պայմանավորված է նոր էթնիկ տարրերի (մասնավորապես քրդական և թյուրքական) ներթափանցումներով և բնակչության տեղաշարժերով։ Փաստորեն՝ այդ երևույթը սկսել է 15-16-րդ դարերից և արդեն 18-րդ դարում ահագնացել, որն էլ առաջացրել է տեղական բնակչության բնական պոռթկումը՝ Դավիթբեկյան շարժումը, որ, ցավոք, համընդհանուր արձագանք չգտավ, և տարածաշրջանը շարունակեց կրել առաջընթաց չերաշխավորող շփումներ։
Օգտագործված սկզբնաղբյուրներ
ԱԼԻՇԱՆ 1893 – Ալիշան Ղևոնդ, Սիսական: Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Ս. Ղազար, Վենետիկ։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ 2012 — Համաբարբառ գրաբար Աստվածաշնչի (կազմողներ՝ Գյուրջինյան Դ., Կարապետյան Շ.), Հայաստանի աստվածաշնչային ընկերություն, Սուրբ Էջմիածին։
ԿԱՂԱՆԿԱՏՈՒԱՑԻ 1912 – Կաղանկատուացի Մ․, Պատմութիւն Աղուանից Աշխարհի, (տպագիր՝ Մոսկվայի 1860թ. հրատարակության հիման վրա), Էլէքտրատպ. օր. Ն. Աղանեանի, Թիֆլիս։
ԿԱՂԱՆԿԱՏՈՒԱՑԻ 2019 – Կաղանկատուացի Մովսէս, Պատմութիւն Աղուանից Աշխարհի (բնագրային համաբարբառ: Կազմող` Լ. Ա. Գուլգազարյան), ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան։
ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ 1969 – Կաղանկատվացի Մովսես, Պատմություն Աղվանից աշխարհի (թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վարագ Առաքելյանի) «Հայաստան» հրատ․, Երևան։
ՆՈՐ ԴԱՐ 1890 — «Նոր դար», թիվ 59։
ՍԵԲԱՍՏԱՑԻ 2992 – Սեբաստացի Ղուկաս, Դավիթ Բեկ կամ պատմություն ղափանցոց (թարգմանությունը և առաջաբանը՝ Ա․ Մադոյանի), Երևանի համալսարանի հրատ․, Երևան։
ՍՏԵՓԱՆՈՍ 1986 — Օրբելյան Ստեփանոս, Սյունիքի պատմություն, «Սովետական գրող» հրատ., Երևան։
ՐԱՖՖԻ 1963 — Րաֆֆի, Երկերի ժողովածու, «Հայպետհրատ», հատ․ 6, 8, Երևան։
ՕՐԲԵԼՅԱՆ 1859 — Օրբէլեան Ստեփաննոս, Պատմութիւն նահանգին Սիսական (հատ. Ա, Բ), Ի գործատան Կ.Վ. Շահնազարեանց, Փարիզ։
ՕՐԲԵԼՅԱՆ 1861 – Ստեփաննոս Սիւնեաց Եպիսկոպոսի, Պատմութիւն Տանն Սիսական, Տպարան Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց, Մոսկվա։
Բառարաններ
CLAUSON 1972 — Clauson G., An Etymological Dictionary of Pre-Thirteenth-Century Turkish, Oxfors University press, London․
POKORNY 1959 — Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, I, II bend (II Auflage), München: Francke Verlag, Bern․
ԱՂԱՅԱՆ 1976 — Աղայան Է. Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, հատ. II, «Հայաստան» հրատ. Երևան։
ԱՃԱՌՅԱՆ 1971-1979 — Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան (4 հատորով, 2-րդ հրատարակություն), Երևանի համալսարանի հրատ., Երևան։
ԱՒԵՏԻՔԵԱՆ ԵՎ ԱՅԼՔ 1979-1981 — Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք հայկազեան լեզուի (հատ. I, II, Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836-1837), հատ. I, II, Երևան։
ՀԱԿՈԲՅԱՆ ԵՎ ԱՅԼՔ 1986-2001 — Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, 1-5 հատ., Երևանի Համալսարանի հրատ., Երևան։
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԱՐԱՆ 2001-2012 — Հայոց լեզվի բարբառային բառարան, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (գլխ. խմբ.՝ Ա. Սարգսյան, 7 հատորով, 2001-2012), ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան։
ՋԱՀՈՒԿՅԱՆ 2010 — Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ., Երևան։
ՍԱՐԳՍՅԱՆ 2013 — Սարգսյան Ա. Յ., Ղարաբաղի բարբառի բառարան, առաջին հրատ., Արցախի պետական համալսարան, Երևան։
ՔՐԴԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ 2016 — Քրդերեն-հայերեն, հայերեն-քրդերեն գործնական բառարան, «Ասողիկ» հրատ., Երևան։
Ուսումնասիրություններ
GLOSSIKA 2021 — How the OX is Represented in 10 Cultures and Languages, Team Glossika (Author: Publisher)․
ԿԱՐԱԳԵՈԶԵԱՆ 1998 — Կարագեօզեան Յ., Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում. Սեպագիր տեղանուններ (Այրարատում եւ յարակից նահանգներում), հատ. I, գիրք 1 (Խմբագրութեամբ՝ Ալ. Յակոբեանի եւ Մ. Կարապետեանի), «Մագաղաթ» հրատ․, Երեւան։
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ 2007 — Հախվերդյան Ս․, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Հաբանդ գավառանվան ստուգաբանության նոր փորձ, Հայոց պատմության հարցեր, Գիտական հոդվածների ժողովածու, հատ․ 8, Երևան։
ՀԱԿՈԲՅԱՆ 1966 — Հակոբյան Թ․ Խ․, Սյունիքի թագավորությունը (պատմա-աշխարհագրական առումով), «Միտք» հրատ․, Երևան։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2003 – Հարությունյան Բ․, Մեծ Հայքի Սյունիք աշխարհը ըստ «Աշխարհացոյց»-ի (Պատմա-աշխարհագրական դիտարկումներ), «Պատմա-բանասիրական հանդես», 2003, թիվ 1։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2016 — Հարությունյան Բ., Հայոց արևելից կողմերի և Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր, ԵՊՀ հրատ., Երևան, 2016։
ՀՅՈՒԲՇՄԱՆ 1907 — Հյուբշման Հ․, Հին հայոց տեղւոյ անունները, Մխիթարեան տպ․, Վիեննա։
ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ 1978 — Ղարագյոզյան Ա․, Սյունիքի Բաղք և Քաշունիք գավառների մի շարք բնակավայրերի տեղադրության շուրջ, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 12։
ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ 2002 — Ղարագյոզյան Ա․ Հ., Սյունիքի տարածքը և ազգաբնակչությունը հին և միջին դարերում, «Լրաբեր հաս. գիտությունների», թիվ 1։
ՅԱԿՈԲԵԱՆ 2009 — Յակոբեան Ա., Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազօտութիւններ (Արցախ եւ Ուտիք), Մխիթարեան հրատարակչութիւն, Վիեննա, Երեւան։
ՅԱԿՈԲԵԱՆ 2020 — Յակոբեան Ա., Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղուանքում եւ Հայոց Արեւելից կողմանքում անտիկից մինչեւ ԺԳ դար (Պատմա-աղբիւրագիտական քննութիւն), ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատ., Երևան։
ՔՈՒՄՈՒՆՑ 2019 — Քումունց Մ․, Մի քանի տեղանունների ստուգաբանություն՝ պատմաազգագրական հենքով, Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրները: Գիտական հոդվածների ժողովածու, «Գիտություն» հրատ., Երևան։
THE TOPONIMICAL SYSTEM OF GUKAS SEBASTASU “DAVID BEK OR THE HISTORY OF HAPANTSOTS”
Key words: 18th century, Syunik-Artsakh, liberation movement, toponym, etymology, localization, historical and linguistic research:
The toponyms Syunik and Artsakh mentioned in the bibliographic information are important for understanding many historical, linguistic and geopolitical issues in general. From the point of view, there is important information in the work of Gukas Sebastassi “David Beck or the story of the Kapantsi”. From the study of the place names mentioned here, it becomes clear that after the 15th century, various Muslim tribes began to settle in the territory of historical Syunik and Artsakh. In this work, the location and adjustment of some settlements were made, for example, the name Zeva was given to the Armenian settlements where there were sanctuaries (Arabic: zāviya (زاوية) “place of worship”), Mount Okuziyarat is located in the village of Tandzatap, and it was sanctuary. There are geographical names which have been changed by copying, distorting old names, foreign words.
From the etymology of toponyms, it becomes clear that the name of the Tatar River comes from the Indo-European root *dhor- “jump”. The name of the Kulaberd province is dialectal and is made up of the words kul “stone” and berd, probably the fortress was built for blows from a slingshot. The Yeritsvank-Artsvanik toponym received the following development: *arg՛- (Indo-European region) > arș (Urartian region) > arets (արէծ) (pre-Grabar period) yerets (երէծ) (Grabar period) > erits (երից) (Middle Armenian period) > ertc (երց) (early Ashkharabar period) > arts (արծ) (new literary Armenian period, from the 19th century). The toponym Urduar-Ordubad has a primordially Armenian composition: in the dialect of Agulis, urd means “field stream”, and var means “to lead”. The place name Agulis is old and comes from the Greek word ἐκκλησία (“church” in Armenian).
It becomes clear from the statistics of the Gazar Sebastassi toponyms mentioned that 92% are native or Armenian words created on the territory of Armenia, 3% are new foreign toponyms, 5% are toponyms of unknown origin. According to references and period, toponyms have the following image:
- 3rd millennium — 5th century: 14%, Early Middle Ages: 5th-9th centuries: 10%, Middle Ages: 9th-13th centuries: 29%, Late Middle Ages: 14th-17th centuries, 47%.
In fact, the penetration of Turkic and Kurdish tribes into Syunik began in the 15-16th centuries, and already in the 18th century this phenomenon forced the indigenous population to fight against the invasion of Turkic troops and tribes.
ТОПОНИМИЧЕСКАЯ СИСТЕМА ГУКАС СЕБАСТАСУ “ДАВИД БЕК ИЛИ ИСТОРИЯ ХАПАНЦОЦ”
Ключевые слова: XVIII век, Сюник-Арцах, освободительное движение, топоним, этимология, локализация, историко-лингвистическое исследование:
Упомянутые в библиографических сведениях топонимы Сюник и Арцах важны для понимания многих исторических, лингвистических и вообще геополитических вопросов. С точки зрения есть важная информация в работе Гукаса Себастаси «Дэвид Бек или история Капанцы». Из изучения упомянутых здесь топонимов становится ясно, что после 15 века на территории исторических Сюника и Арцаха стали селиться различные мусульманские племена. В этой работе произведено расположение и корректировка некоторых поселений, например, имя Зева было дано армянским поселениям, где были святилища (араб. zāviya (زاوية) «место поклонения»), гора Окузиярат находится в селе Тандзатапа и это было святилище. Есть географические названия, которые были изменены путем копирования, искажения старых названий, иностранных слов. Из этимологии топонимов становится ясно, что название реки Тартар происходит от индоевропейского корня *dhor- «прыжок». Название Кулабердской губернии диалектное и составлено из слов кул “камень” и берд, вероятно, крепость была построена для ударов из рогатки. Ерицванк-Арцваникский топоним получил такое развитие: *arg՛- (Индоевропейская область) > arș (Урартская область) > арец (արէծ) (дограбарский период) ерец (երէծ) (грабарский период) > ериц (երից) (среднеармянский период) > ерц (երց) (раннеашхарабарский период) > арц (արծ) (период нового литературного армянского, с 19 века). Топоним Урдуар-Ордубад имеет исконно армянский состав: на диалекте Агулиса урд означает «полевой поток», а вар означает «водить». Название места Агулис старое и происходит от греческого слова ἐκκλησία (“церковь”).
Это становится понятно из статистики упомянутых топонимов Газар Себастаси, что 92% составляют родные или армянские слова, созданные на территории Армении, 3% — новые иностранные топонимы, 5% — топонимы неизвестного происхождения.
По упоминаниям и периоду топонимы имеют следующий образ: до н.э. 3-е тысячелетие — 5-й век: 14%, Раннее Средневековье: 5-9 вв.: 10%, Средневековье: 9-13 вв.: 29%, Позднее Средневековье: 14-17 вв., 47%.
На самом деле проникновение тюркских и курдских племен в Сюник началось в 15-16 веках, а уже в 18 веке это явление заставило коренное население бороться против нашествия тюркских войск и племен.
[1] Պատմական Սյունիքի մի շարք բնակավայրերի տեղադրության շուրջ շատ աշխատանքներ կան, ինչպես, օրինակ՝Հարությունյան 2003, Յակոբեան 2009 և այլն)։