Կրկնավոր բարդությունների կազմման եղանակները Սյունիք-Արցախի բարբառային տարածքում

Spread the love
Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախումբ․ քարտեզ

Մուտք

Սյունիք-Արցախի բարբառային տարածքի բառապաշարի հարստացման միջոցներից առաջնայինը բառակազմական եղանակն է: Համադրությամբ, վերլուծությամբ և ածանցմամբ ձևավորվող կազմությունները մի քանի անգամ գերակշռում են փոխառություններին և հայերենի այլ տարբերակներից փոխանցված միավորներին:

Նույն կամ տարբեր բառերի միասնությամբ ձևավորվող բաղադրյալ կազմությունները որպես կանոն առաջ են բերում նոր բառանվանումներ, որոնց բաղադրիչները իրար նկատմամբ կարող են ունենալ շարահյուսական տարբեր հարաբերություններ: Այս կարգի կազմությունները հիմնականում չեն մթագնել կապակցման միջոցների դերը: Բարդությունների մի մասը պատրաստի կաղապարներով փոխանցվել է բարբառային բառապաշարին, մի ստվար մասն էլ հենց բարբառային տարածքում է  ստեղծվել, որոնց զուգահեռները չենք գտնում հայերենի այլ տարբերակներում:

Սյունիք-Արցախի բարբառային բառապաշարին բնորոշ նման կազմություններն առանձին աշխատանքով չեն քննվել: Բարբառագիտական բնույթի տարբեր աշխատանքներում մասնակիորեն անդրադարձ է կատարվել բառային այդ միավորներին, սակայն, ըստ էության, բացահայտված չեն բարդությունների ձևավորման բոլոր եղանակները Սյունիք-Արցախի բարբառային միավորներում, բաղադրությունների յուրահատկություններն ու նոր հասկացությունների ձևիմաստային արժեքը, որոնցով առանձնանում է բարբառը և շարունակում է զարգանալ:

Նկատի ունենալով հայերենում բարդությունների դասակարգման տարաբնույթ մոտեցումները՝ մենք այստեղ հիմնականում կգործառենք բարդությունների դասակարգման մեջ տիրապետող և բարբառային տարածքի յուրահատկությունները բնութագրող եզրույթները:

Այսպես՝ Սյունիք-Արցախի բարբառային բառապաշարի բարդությունները բաժանվում են երկու մեծ խմբի՝ վերլուծական կամ հարադրական և համադրական:

Կառուցվածքային առանձնահատուկ եղանակներով պայմանավորված՝ Սյունիք-Արցախի բարբառներում աչքի են ընկնում կրկնավոր հարադրությունները։

Նույն արմատի կրկնությամբ ձևավորվող հարադրությունները առավելապես բնորոշ են բարբառային-խոսակցական տարբերակներին, քանի որ դրանք հիմնականում խոսքի իրադրական ոճում են ծագում:  Բարբառային տարածքում այդպիսիք հիմնականում կաղապարավորման տարբեր եղանակով են առկայանում[1]՝ տա̈րտա̈կ-մա̈րտա̈կ (տո̈ւս տալ), ափըխ-ցըփէխ (տո̈ւս տալ), դընգըլ-դընգըլ (անէլ),  շաղլի-մաղլի, սուս-փուս, սօտի-մօտի, տուդի-սուդի և այլն։

Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախումբ․ քարտեզ
Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախումբ․ քարտեզ

1 Անհնչյունափոխ բաղադրիչների կապակցությամբ կրկնավոր հարադրություններ

Առհասարակ հարադրական բարդություններում կարևորը «բաղադրիչների իմաստային միասնությունն է, բառական մեկ ամբողջական, ընդհանրական իմաստ արտահայտելը»[2]։ Այս տեսանկյունից կարևորում ենք քննել կրկնավորները, ասենք, ոչ թե բայական հարադրություններում, ինչպես՝ մէչ-մէչ անէլ, այլ անվանական բարդությունների շարքում՝ աչքի առջև ունենալով մեկ ընդհանուր իմաստով և արմատի կրկնությամբ ձևավորված միավորները, որոնք առաջ են բերում բառաքերականական յուրահատկություններ։

Ըստ խոսքիմասային պատկանելության՝ կրկնավորները ձևավորվում են գոյականներից՝ թիքա̈-թիքա̈, թիլ-թիլ, հատ-հատ, ածականներից՝ փիս-փիս, կարճ-կարճ, ռա̈նգ-ռա̈նգ, սէվ-սէվ, կուճի-կուճի, ճօխտ-ճօխտ, թվականներից՝ էրկու-էրկու, դերանուններից՝ հինչ-հինչ, բայանուններից՝ ճօկ-ճօկ, խանչէլ > «1․ այրել, ուժեղ տաքացնել, 2․ տանջել» խանչ-խանչ (անէլ, կա̈լ) «կսկծից հեկեկալը»[3], մակբայերից՝ թա̈յդի-թա̈յդի, թիրա̈-թիրա̈, «1. կտրտված, 2. բաժան-բաժան», ծօռ-ծօռ,  թա̈րս-թա̈րս, թաքուն-թաքուն, ղաթ-ղաթ, վէր-վէր, ուշ-ուշ, դիբէտ-դիբէտ, առաչ-առաչ, կապերից՝ վիրա̈-վիրա̈, ձայնարկություններից՝ քիշ-քիշ։ Բաղադրիչների՝ զուտ խոսքիմասային պատկանելության բաժանումն  այնքան ուշագրավ  չէ, որքան իմաստով ու կազմության եղանակով պայմանավորված կրկնավորների ձևաբանական փոփոխությունը[4]։ Փաստորեն՝ կրկնավոր բաղադրություններից որոշները առանձնանում են ոչ միայն նրբիմաստներով, այլև քերականական համակարգում ձեռբերած խոսքիմասային արժեքով։

Ածական, գոյական > մակբայ՝ կօ̈ղ «գող, ավազակ» > կօ̈ղ-կօ̈ղ «գողեգող»։

Գոյական >մակբայ՝ թառանչ > թառանչ-թառանչ (կա̈լ), վէնդ > վէնդ-վէնդ, իրէս > իրէս-իրէս (տինէլ, կա̈լ), քո̈ւչա̈ > քո̈ւչա̈-քո̈ւչա̈ (ինգէլ, ման կյա̈լ), զօլ-զօլ (անէլ), ճակատ > ճակատ-ճակատ (ճակատ ճըկատի), շարան > շարան-շարան, շարք > շարք-շարք, ծօվ > ծօվ-ծօվ, հափուռ > հափուռ-հափուռ։

Կապ > մակբայ՝ մէչ >մէչ-մէչ (իրէվալ) «երբեմն», բայական հարադրության անվանական մաս՝ մէչ > մէչ-մէչ անէլ «բաժանել»։

Թվական > մակբայ՝ մին > մին-մին։

Ածական > մակբայ՝ սաղ > սաղ-սաղ։

Դերանուն > մակբայ՝ սաղ «բոլորը» > սաղ-սաղ «ընդամենը» (Սաղ-սաղ էդքան ա մընացալ), քանի-քանի (նաև՝ ածական), ո̈ւրա̈ն-ո̈ւրա̈ն։

Բայանուն > մակբայ, բայական հարադրության անվանական մաս՝ վազ > վազ-վազ, ծէվ > ծէվ-ծէվ։

Քիչ չեն առանձին և բաղադրության համակազմում խոսքիմասային նշանակությունը պահպանող բարդությունները, որ իմաստաբանական տեսանկյունից երկու հիմքով են առկայանում՝ առանց հավելյալ նրբիմաստի և նրբիմաստով (զորացական)՝ ածական, մակբայ > ածական-մակբայ՝ գա̈ռ «հպարտ» > գյա̈ռ-գյա̈ռ «հպարտ», նրբիմաստով՝ թա̈զա̈ «նոր» > թա̈զա̈-թա̈զա̈  «շատ նոր», բօլ > բօլ-բօլ «առատորեն, առատ» և այլն:

Բառաձևերով հանդիպող կրկնավորները նույնպես շատ են։ Բաղադրիչների նույնահունչ չլինելը, մասնիկավորմամբ պայմանավորված, կրկնավորների միավորման քերականական պայմանն է։ Այս տիպի կառույցների՝ կրկնավորների համակարգում դասելը չի կարող առկախվել, ինչպես՝ բախչան բախճին, տօնը տանը, պատը պատին և այլն։ Քերականական իմաստը և մասնիկները՝ ուղղական-տրական կապակցություն, ամբողջովին մթագնած չեն և հանդիսացել են կրկնավորներից մակբայներ ու բայական հարադրության անվանական բաղադրիչներ ստեղծելու կարևոր միջոց։ Խոսքի մեջ առավել ցայտուն է սրանց արտահայտած ընդհանրական իմաստը՝ «հարևան, մոտ, կիպ»։ Բաղադրիչների կամ նրանցից մեկի թեքված ձևերով կազմությունների՝ որպես բառային առանձին միավորի առավել ցայտուն օրինակներ են, հմմտ․՝ ծէքը ծէքին «կանուխ», ծէռք ծէռքի, խօսկ խօսկի, քէթ քըթի, քամակ քըմակի, կօնդ «ծույլ» բառից՝ կօնդի-կօնդի (տալ, կա̈լ) «հազիվ, ծանր քայլել»։

Բայական մասնիկներով ձևավորված կրկնավորներում, այդուհանդերձ, քերականական դերը մթագնած է՝ կըրէլ > կըրի/է-կըրի/է (անէլ) «շատ բաներ հաճախ կրել տանել», խըլէլ > խըլէ-խըլէ (անէլ) «հափշտակել», որոնցում, կարծում ենք, ի-ն հրամայական հարացույցի մնացուկ է։

2 Կրկնության ձևավորման իմաստաբանական միջոցները

Սաստկություն, զորացական երանգ արտահայտելու համար հաճախ բառերը կրկնվում են, հմմտ.՝ անջախ «հազիվ» > անջախ-անջախ «հազիվհազ, մեծ դժվարությամբ», յէքա «մեծ», յէքա-յէքա «շատ ու շատ, շատ մեծ», այդպես և՝ դինջ-դինջ, դէհա-դէհա, դըլէյ-դըլէյ, դամլա-դամլա (դամլա-մամլա), դըռի-դըռի (անէլ) «չարչարել», յաման-յաման, տընգի-տընգի, ըռա̈նգ-ըռա̈նգ:

Կան կրկնավոր բարդություններ, որոնց բաղադրիչը կրկնությունից դուրս գործածության նույն իմաստը չունի։ Այդպիսիք առհասարակ բնորոշ են հենց Սյունիք-Արցախ բարբառային տարածքին։ Այսպես՝ հօռ 1․ «ուռենի, ուռենու կապ», 2․ «ողնաշար» համանունների իմաստներից  ոչ մեկը առկա չէ հօռ-հօռ 1․«ճկված, ոլորված, 2․ «առատ», 3․ «ընդարմացած», հօռ-հօռ (անէլ) «կոպիտ» ձևով»  կրկնավորներից ոչ մեկում։ Կարծում ենք՝ հօռ-հօռ անէլ (այլև՝ հօռ անէլ) բայական հարադրության («դժվարությամբ մտցնել, կոպիտ կերպով մի բան շարժել») իմաստը ձևավորվել է «ուռենու ճյուղը ճկել» հասկացության նմանությամբ, հմմտ․՝ հիլօ̈ր-հիլօ̈ր (անէլ) «ոլոր(ել)»։ Այս շարքում ենք ընդգրկել նաև Գորիսի բարբառում գործառվող ճըլուլ-ճըլուլ || ճоլоլ-ճоլоլ բարդությունը, որ նշանակում է «փունջ, փունջ-փունջ»։ Չկարողացանք պարզել ճըլ(ուլ) || ճօլ(օլ) հիմքի ծագումն ու իմաստը։ Ճըլ(ուլ)  «փունջ» իմաստով բառ հայտնի չէ, իսկ ճօլ-ճուլ-չուլ «լաթ», ճօլ «փոս», ճօլի «անհաճո անձնավորություն», ճյուղ և այլն իմաստներով բառի հետ, թվում է, առնչություն չունի։ Վստահ չենք նաև, որ այն, հնարավոր է, ճիլ բառի իմաստներից է ձևավորված՝ «արմտիք, խոտի պինդ արմատ, բարակ մանրաթելերից կազմված», կօլտ-կօլտ (կօլտում (անէլ բառից) «ախորժակով, ագահաբար խմել», թա̈վիլ-թա̈վիլ (անէլ) և այլն։

Բայանուն արմատներից ձևավորված շատ բառեր հարադրության մեջ բոլորովին նոր իմաստ են առաջ բերել՝ քաշ(էլ) > քաշ-քաշ (անէլ) «1․ քաշ տալ, 2․ գզվռտվել, 3․ ձգձգել», վիճի (հավանաբար՝ վեճ բառից կամ բնաձայնույթիցվիճի-վիճի (անէլ) «արագ-արագ շատ խոսել», ճաք-ճաք (ինէլ) «շատ լացել», պէրա̈ն-պէրա̈ն «հատուկ, հատ առ հատ»։

Նոր իմաստներով է ձևավորվել հա «անընդհատ» մակբայով և տարբեր արմատներով կրկնավորների երկու տեսակ։

Առաջիններում հա-ն կցվում է կրկնվող բաղադրիչների սկզբնամասում, և կրկնվող բաղադրիչները կազմությամբ բարդ են՝ հա̈պո̈ւն-հա̈պո̈ւն (հա-բույնհա̈պո̈ւն-հա̈պո̈ւն (ինգէլ) «դեսուդեն ընկնել», հակալ-հակալ (հա-կալ (կալել «վերցնել, բռնել»)) «մեկի հետևից ընկնելով հալածել, քշել», հակու-հակու (կարծում ենք՝ կազմված է հա և գիլ «գլոր», բրբ․ կուլ բառի վերջնահնչյունի անկմամբ, հմմտ․՝ < հակուլ-հակուլ) «երերալով գնալ» (հակու տալ «կաղել»)։

Երկրորդներում հա[5] ընկնում է կրկնվող բաղադրիչների արանքում, ինչպես՝ վըր հա վըր «անընդհատ», ջա̈ն հա ջա̈ն «շատ լավ», (ինէլ) «շատ եփվել», կա̈լ հա կա̈լ «ձգձգվել», դէ հա դէ  և այլն։ Կրկնավորներում ունեցած իմաստային ու կապական դերից կարելի է ենթադրել, որ հա-ն հին հայերենի յար «կից, նման, հարմար» հիմքի (*ar-)՝ նախահայերենյան հիմնական իմաստով («շարժվել, աճել») գործառվող տարբերակն է՝ ր-ի անկումով, հմմտ․՝ հայ․ արար  || հուն․ ραρε «արել է, կատարել է»։ Ձևիմաստային յուրահատուկ զարգացմամբ նախ դարձել է մակբայ՝ հա «անընդհատ», ապա՝ կրկնավորներ կազմելու յուրահատուկ միջոց։

Սովորական անհնչյունափոխ բաղադրիչներով ձևավորված կրկնավորների համեմատությամբ՝ որոշ բարդություններում առաջնային չէ զորացական երանգը, նույն հասկացության սաստկականության արտահայտմանը փոխարինում է բոլորովին նոր իմաստ ոճական միջոցներով՝ համեմատությամբ, ինչպես՝ կո̈ւլ-կո̈ւլ «գայլի պես ագահաբար ուտել», բուջի || բիջի «զեռուն, բզեզ», բայց բուջի-բուջի «դանդաղ, կամաց-կամաց», իմա՝ բուջի-բուջի անէլ «միջատի պես դանդաղ-դանդաղ մի բան կառուցել», ժա̈նգ-ժա̈նգ (անէլ, ինէլ) «թնձկալ, լալ», համաբանությամբ՝ գիլա̈-գիլա̈ «հատ-հատ» իմաստի նմանությամբ՝ «1. մեկ առ մեկ անել, 2. առանձնացնել»: Խուրում «խոտի խուրձ», այստեղից՝ խուրում անէլ «1. հնձած խոտից խորոմներ պատրաստել» խուրում-խուրում (անէլ) «ագահաբար ուտել» (նաև խուրում անէլի փոխաբերական իմաստը)։ Դըռի համանուններից ունենք «1. առույգ», 2. «հում» իմաստները, նրանով կազմված կրկնավորը՝ դըռի-դըռի (անէլ, ածէլ), նշանակում է «չարչարել», որ, կարծում ենք «առույգ» իմաստից լծորդված նոր բառ է: Քանակապես շատ են բնաձայնական (նմանաձայնությամբ) ծագմամբ բաղադրիչներով կրկնավորները,  ինչպես՝ գյա̈վ-գյա̈վ || գա̈վ-գա̈վ (անէլ) «շաղակրատել»-ը բարդության կազմում նոր հասկացությամբ՝ «շան պես հաչել» > «շատախոսել», թիթի-թիթի (այլև՝ թըթը-թիթի անէլ) «մրսել, սրսթսրթալ», ծո̈ւկ-ծո̈ւկ (անէլ), «գաղտագողի նայել, հետապնդել, ճի-ճի «ճպուռի հանած ձայնը», բայց՝ ճիճի «շատախոս», այստեղից՝ ճի-ճի անէլ «շատախոսել», ճըպ-ճըպ «աչքերի ճպացնելը», այստեղից՝ ճըպ-ճըպ «տեսողությունից թույլ, մթության մեջ կուրացող»:

Բառի իրենով բարդվելը, լինելով բառակազմական ակտիվ եղանակներից մեկը, օժտված է նաև բառապահպանման հնարավորություններով։ Շատ արմատներ կամ բառային տարբերակներ պատմական շրջանում տարբեր պատճառներով դուրս են մնացել բառապաշարից և պահպանվել են բարդության կազմում, դրանից դուրս՝ առանձին գործածությունը բացակայում է։ Այսպես՝ թըփըռ-թըփըռ բառի ձևավորման շուրջ երկու կարծիք կա՝ 1․ թըփըռ-թըփըռ (այլև՝ թըփըռ-թէփռին անէլ, թըփռէփին անէլ) «թպրտալ» բառի հիմքում, թվում է, փետուր, բարբառում՝ թէփուռ բառն է։ 2․ Առավել հավանական ենք համարում թիռ արմատի կրկնությամբ ձևավորված լինելը։ Հ․ Աճառյանը վկայում է «թռչկոտել» իմաստով թըռպըռտալ բայը «թիռ» բառահոդվածում[6]։ Արտաքնապես նման (հնարավոր՝ թըռ-փըռ > թըփըռ) բառ Սյունիք-Արցախին ծանոթ չէ, սական թըփըռ-թէփռին ինէլ բարդությունը արտահայտում է նաև «ցավից, մորթվելուց թպրտալ» իմաստը։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա հնարավոր է, որ (թպուրտ >) թպրտալ բառը բարբառային տարբերակից է առաջացել (պատկերավորությամբ ձևավորված կազմություն, հմմտ․՝ թփռտալ[7]

Թուփ անէլ «հավաքել» հարադրության  թուփ արմատից է թուփ-թուփ (անէլ) «կամաց-կամաց հավաքել, հավաքել» կրկնավորը[8]։ Հետաքրքրական է, որ հ․-ե․*tu̯ō— (-pho) «ուռչել, խռնել, կուտակել» և այլ հասկացություններից հայերենում «թուփ» երկրորդական իմաստն է տարածված։ Այնինչ թուփ արմատով հարադրական բայի և կրկնավորի արտահայտած իմաստներից պարզ է դառնում, որ միայն Սյունիք-Արցախում է հանդիպում բնիմաստը։ Հնարավոր հարցերը չեզոքացնելու նպատակով ավելորդ չենք համարում թուփ-ը զուգահեռել թյուրք․ top-la-mak «հավաքել» բառին (ենթադրվում է top «1․ կլոր առարկա, գունդ, 2․ ամբողջություն» բառից առաջացած լինելը[9])։ Վերջինիս համար բերվում է tol (-lp ածանցով[10] > tod (to-(i)l))[11] հիմքը «լցնել, լրացնել»։ Այս ամենից բարբառախումբն ունի թօփ «գնդակ, թնդանոթ» և այլ իմաստներով բառը, որ չպետք է նույնացնել թուփ (անէլ) «հավաքել» բառին[12], որի անվանական նշանակությունից է բարբառային տարածքի թուփ-ը՝ «համայնք, գերդաստան, ընտանիք»։ Ինչպես հնչյունական, այնպես էլ իմաստային առումով հանդիպադրված  բառերը ձևիմաստային տարբեր զարգացումներ[13] են ունեցել, և ինչպես Հ․ Աճառյանն է նկատում՝ թյուրքական ձևերը «գործ չունին մեզ հետ»[14]։

Հնդեվրոպական բնիմաստը պահպանվել է նաև թօլ արմատում, որից բարբառախմբում առկա է թօլ-թօլ (անէլ, ինէլ)։ Ըստ էության՝ այն հայերենի թող «թողնել, թույլ տալ, ներել» արմատի բարբառային տարբերակն է (հմմտ․՝ թօղ անէլ, թօղ-թօղ անէլ, թօղ ինէլ և այլն, սրանց էլ հմմտ․՝ թոյլ > թո̈ւլ անէլ «թողնել») որ ուղիղ կրում է հ․-ե (*tel- < *tolu-[15]) «տանել, կրել, փոխադրել, համբերել»[16] ընդհանրական և հիմնական իմաստները։

Բարդությունից դուրս ինքնուրույն գործածություն չունեցող արմատներով է ձևավորվել նաև՝ թօռ-թօռ «1․ փուչ, ուռած, 2. թարմ»։ Գ․ Ջահուկյանը թօռ բառի վկայությունը բերում է Սյունիք-Արցախի բարբառային տարածքից՝ որպես հ․-ե․ *ter-, *teru- «թույլ, քնքուշ» հիմքից մնացուկ[17]։ Այս հիմքից են հայերենի թուշ, թուռ, թուրծ բառերը[18]։

Լօք-լօք անէլ (լօք տալ[19]) բառի արմատը Հ. Աճառյանը զուգահեռում է հ.-ե. «*lok- ցատկել» հիմքին[20]: Լօք-լօք հարադրությամբ գործածվում է կապակցության մեջ «1. ցատկոտել, 2. թռչկոտել, 3. սպառնալ»։

Լամփա || լօփա «1. փոքր գերան, 2. առաստաղը կապող գերանները միացնող փայտի ձողեր, որոնց վրա փռվում է հարդ կամ եղեգ: Այդ ձողերը սովորաբար պատրաստում են կեղևահան եղած, կողքերը տաշած ձողերից (ծօ̈ղ), որպեսզի շուտ չորդնեն, իսկ հետագայում՝ տախտակներից»: Կարծում ենք՝ այն առնչակցություն ունի հ.-ե. *leubh- (*leup-,*leub-) «կեղևահան անել, հանել, մաշկել, վնասել» արմատի հետ՝ *leubh-a-: Ցեղակից լեզուներից զուգահեռներն են՝ հին իսլ. -leypa «կողով, զամբյուղ, փայտեղեն շինվածք», լատ. liber «բուսաթել, տրցակ», ալբ. labë «կեղև, կոճղակճեպ», հին իռլ. luib «խոտ» և այլն[21]: Թերևս հայերենի ժառանգած  իմաստների փոխաբերումից է լօփա-լօփա (տըխտըկնի) «լայն, հաստ», լօփա-լօփա (խօսալ) «մեծ-մեծ խոսել»:

Անհայտ ծագմամբ են կամ բառաքննական այլ մոտեցում են պահանջում ՝զիլբա-զիլբա (անէլ) «մաս-մաս, պատառ-պատառ», մուհ-մուհ «ապերախտ, դժգոհ», հըրէթ-հըրէթ (անէլ) «աչքի ընկնել տալ», խունդըռուզ-խունդըռուզ անէլ «շատ կամ հաճախ տռճկի տալ»։

 2 Հնչյունափոխված  բաղադրիչներով կրկնավոր  բարդություններ

 Սյունիք-Արցախի բարբառային բառապաշարում առավելապես շատ են հնչյունափոխ կրկնավոր բարդությունները, ինչպես՝ մարթ-մուրթ, ձէն-ձուն, կուճի-մուճի, ազիզպիզիզ, ալլախմալլախ, յարա-մարա, ժըխըռ-մըխըռ և այլն: Սրանք իրար են կապակցվում  հնչյունափոխական մի շարք ձևերով, ինչպես՝

Կրկնավոր անհնչյունափոխ ձևերին զուգահեռ՝ երկրորդ բաղադրիչի հնչյունի փոփոխությամբ, հմմտ.՝ սո̈ւրո̈ւն- սո̈ւրո̈ւն > սո̈ւրո̈ւն — մո̈ւրո̈ւն, պա̈րա̈կ-պա̈րա̈կ > պա̈րա̈կ-մա̈րա̈կ, մանդըր-մանդըր > մանդըր-մունդըր, հարայ-հարայ > հարայ-հուրայ և այլն:

Համեմատած կրկնավոր անհնչյունափոխ բարդությունների՝ հնչյունափոխ կրկնավորները առավելապես արտահայտում են ոչ թե զորացական իմաստ, այլ վերաբերմունք առարկայի կամ երևույթի նկատմամբ, մատնանշում են առարկաների և երևույթների ընդհանրությունը, բազմակիությունը, ամբողջությունը, մոտավորությունը, այլև՝ արհամարհական, նվազական, փաղաքշական[22] և այլ[23] իմաստներ՝

  1. Երկրորդ բաղադրիչի բաղաձայնի վերածումը մ-ի՝ պա̈ն-մա̈ն, տո̈ւռնը-մո̈ւռնը, խօտ-մօտ, ծառ-մառ:
  2. Երկրորդ բաղադրիչի բաղաձայնի վերածումը բ-ի՝ սիլի-բիլի, զիզի-բիզի, ղըռի-բըռի:
  3. Երկրորդ բաղադրիչի բաղաձայնի վերածումը փ-ի՝ սուս-փուս, սուսիկ-փուսիկ, լոթի-փոթի:
  4. Երկրորդ բաղադրիչի բաղաձայնի վերածումը շ-ի՝ մուլի-շուլի (նաև՝ շուլի-մուլի), դավի-շավի։
  5. Երկրորդ բաղադրիչի առաջին բաղաձայնը դառնում է վ՝ տիժի-վիժի, թըռը-վըռի։
  6. Երկրորդ բաղադրիչի բաղաձայնի վերածումը ս-ի՝ մատաղ-սատաղ (անէլ) «փաղաքուշ», կոկլիկ-սոկլիկ, պարապ-սարապ։
  7. Երկրորդ բաղադրիչի առաջին երկու հնչյունների փոփոխությամբ՝ ճիլի-մօլի «չկողմնորոշված», այստեղից՝ ճիլի-մօլի (ճիլիմօլի) անէլ «կասկածել, չկողմնորոշվել», ղըժի-բիժի (ղըժալ, ղըժղըժալ «գոռգոռալ» բառից), հաջի-բուջի (անէլ) «նոր-նոր քայլել, անվստահ քայլել, 2. փխբ. կասկածանքով կամ վախվորած մոտենալ», հայ-բույ (քիցէլ), ժըխըռ-մէխըռ «մոլախոտ», լըկուտ – մակուտ[24]:
  8. Երկրորդ բաղադրիչի փակ վանկի ձայնավորի ու-ի վերածում՝ ճար-ճուր, մարթ-մուրթ, ղըլդի-ղուլդի։
  9. Առաջին բաղադրիչի նախաշեշտ ձայնավորի փոփոխությամբ՝ ղըլի-ղալի (ղալին «խիտ բառից»), ըլըվ-ալավ, դալի-դօլի (այլև՝ դալի-դօլու
  10. Առաջին բաղադրիչի հնչյունի փոփոխությամբ՝ քըս-փըս (քըսըփըս անէլ), քիսի-փիսի, կամ անկմամբ՝ ակաս-պակաս և այլն:

Կան փոխառություններ, որոնց բաղադրիչների նույնական կամ տարբեր լինելը վիճահարույց է՝ փըլան-փըստան, մահրում-մաղբուն, հայիլ-մայիլ:

Հնչյունափոխ կրկնավորները չեն սահմանափակվում նշված ձևերով, դրանք երբեմն զանազան տարբերակներ են ունենում ոչ միայն բարբառային տարածքում, այլև խոսվածքներում, ենթախոսվածքներում։

3Կրկնավոր բարդությունների ձևավորման այլ եղանակներ

Հայերենում տարածված է կրկնավորների մի տեսակ, որտեղ բարդության առաջին բաղադրիչի կամ նրա սկզբնամասի վերջին բաղաձայն հնչյունը փոխվում, դառնում է ս, փ կամ պ, ինչպես` կաս-կարմիր, լեփ-լեցուն, նոփ-նոր, շիփ-շիտակ, ճեփ-ճերմակ և այլն: Կրկնավորների կազմության այս միջոցը գրեթե բացակայում է բարբառախմբում, եղածներն էլ, կարծում ենք, այլ տարբերակներից են ներթափանցել, ինչպես՝ լափ-լա̈վ, կամ դրանց համաբանությամբ են ստեղծվել՝ տափ-տօշկա, թա̈փթա̈մո̈ւզ և այլն: Բարբառային տարածքում նաև չեն հանդիպում գրաբարում տարածված նախդրավոր կրկնավորները: Դրանք վերածվել են համադրական իսկական բարդությունների՝ տարի-տարի || տարէստարի < տարի ըստ տարի, տօն-տօն || տընըստօն, տընըտօն > տուն ըստ տուն || տուն ի տուն և այլն։ Հետաքրքրական է, որ կրկնավոր որոշ բարդություններում նախդիրի բացակայությամբ հանդերձ առկա են նախդիրների արտահայտած ժամանակի, տեղի, չափի, մասի նրբիմաստները, հմմտ.՝ թել առ թել > թիլ-թիլ, օրինակ՝ «Էտ ջէմբէրը թիլ-թիլ հըվըքիլավ էմ, սարքալ» (թել առ թել), երես առ երես՝  «Իրէս-իրէս խուսացալ-պըրծալ էնք» (երես առ երես), խաղ առ խաղ > խաղ-խաղ՝  «Կօվը մորթալ եմ, խաղ-խաղ բաժին ըրալ» (ըստ ոսկրի մասերի), քիչ առ քիչ > քիչ-քիչ, սրա համաբանությամբ՝ խըրէգ-խըրէգ՝ «Վէր սաղ դո̈ւզ ինի, էս տօնը նօրից խըրէգ-խըրէգ  սըրքելու էմ» (փոքր առ փոքր, քիչ առ քիչ, կամաց-կամաց), այդպես և՝ ծէլ-ծէլ || ծիլ-ծիլ, կաթ-կաթ, մին-մին, կէնդ-կէնդ, կապէկ-կապէկ և այլն: Ի նախդրի արտահայտած իմաստով կրկնավորների հիմնական մասը համադրական ձևերի է վերածվել ը-ի կապակցմամբ՝ ի > ը, հմմտ.՝ ծայր ի ծայր > ծէրը-ծէրին հըսցընէլ, քեզ ի քեզ > քէզ-քէզ > քէզըքեզ, վեր ի վեր > յէր-յէր > յէրըյէր, պատ ի պատ > պատ-պատ > պատըպատ (կա̈լ): Բարբառային տարածքում հալ բայանունը առանձին գործածություն է գտնում հարադրության մեջ՝ հա̈լ կյա̈լ «1. հալվել, 2. շատ եփվել», հա̈լ-հա̈լ ինէլ «շատ հալվել, եփվել», այլև առանձին՝ «Հա̈լը սըքըսալ ա, հէսա սէլ ա ընէլու»: Արդեն իսկական բարդության վերածված հըլվըհալ բառը՝ «հալոցք», կարծում ենք, նույն արմատով՝ հալ-հալ, և ու ( > վ) շաղկապով բարդություն է, չնայած Ա․ Մարգարյանը զետեղում է նախդրավոր բարդությունների մեջ[25]։

Կան բարդություններ, որոնք կազմված են նույն բառի կրկնությամբ և երկրորդ բաղադրիչի ածանցական՝ գումփ-գումփալի «դղրդյունով» (գըմփգըմփալի), և բարդ կազմությամբ՝ կէշ-կիշա̈տո̈ւ «տգեղ»։ Կարծում ենք՝ սրանք կրկնավորների շարքում են զորացական իմաստ արտահայտելու հիմքով։

Ավարտ

Սյունիք-Արցախի բարբառային տարածքի բառապաշարը հարուստ է կրկնավոր հարադրություններով, որոնց քննությունը կարևոր է ոչ միայն բարբառային բառապաշարի մասին ընդհանուր պատկերում ձևավորելու, այլև  բառապաշարի զարգացման միտումները ուղենշելու համար։ Կրկնավոր բարդությունները առանձին աշխատանքով չեն քննվել: Ըստ մեր կողմից քննության առնված բառամիավորների՝ կրկնավոր բարդությունների քանակական և տեսակարար կշիռը հետևյալն է (շուրջ 160 բառի շրջանակում)՝


THE WAYS OF FORMATION OF REDUBLICATIVES IN THE SYUNIK-ARTSAKH AREA

SUMMARY

One of the means of enriching the vocabulary of the Syunik-Artsakh dialect area is the word formation method. Among them, in the dialect area, the redublicatives stand out, which are mostly with or without sound interchanges. Regarding components without sound interchanges the redublicatives are more in number than the components with sound interchanges(with sound interchanges: 44%, without sound interchanges: 52%, formations by other means: 4%). The semantic feature is important for the formation of the redublicatives. About ¼ of the redublicatives has acquired a new meaning that does not derive from the meaning of the components. New meanings have been formed with the adverb ha (հա) “constantly” and the redublicatives having  different roots. Many roots or word variants have been left out of the vocabulary for various reasons in the historical period and have been preserved in redublicatives, they have no independent use without them: ”typyr-typyr, top-top, tol-tol, tor’-tor’, loq-loq, lop’a-lop’a (թըփըռ-թըփըռ, թուփ-թուփ, թօլ-թօլ, թօռ-թօռ, լօք-լօք, լօփա-լօփա) etc”.  Proto-Armenian meanings have been preserved even in some complexities of Indo-European origin.


СПОСОБЫ ОБРАЗОВАНИЯ СЛОЖНЫХ СЛОВ С ПОВТОРЯЮЩИМИСЯ КОМПОНЕНТАМИ НА ДИАЛЕКТНОМ ПРОСТРАНСТВЕ СЮНИК-АРЦАХ

РЕЗЮМЕ

Словообразование является одним из первичных способов обогащения лексики диалекта Сюник-Арцах. В диалекте выделяются повторяющиеся сочетания, которые в основном бывают с чередующимися звуками и без чередования. Количество повторяющихся сочетаний связанных нечередующимися компонентами больше, чем с чередуюшимися (черед. 44%, нечеред. 52%, сочетания по другим методам 4%). Для формирования сложных слов с повторяющимися компонентами важное значение имеет семантический признак. Около ¼ повторяющихся сочетаний приобрели новый смысл, который не вытекает из значения компонентов новое значение приобрели сложные слова с  повторяющимися компонентами с непрерывным наречием ха (հա), и различными корнями. Много корние и лексических вариантов с течением времени по разным причинам вытеснились из лексики и сохронились лишь в состове сложных слов с повторяющимися компонентам, а вне этих сочетаний самостоятельно не применяются: тыпыр-тыпыр, туп-туп, тол-тол, тор-тор, лок-лок, лопа-лопа (թըփըռ-թըփըռ, թուփ-թուփ, թօլ-թօլ, թօռ-թօռ, լօք-լօք, լօփա-լօփա) В некоторых сложных словах нидоевропейского происхождения они сохранили значения протоармянского языка.


[1] Կրկնավոր բարդությունների տեսակները հայ լեզվաբանության մեջ միասնական մոտեցմամբ չեն առանձնացվել ոչ միայն բարդությունների համատեքստում (այս մասին կարելի է տեսնել՝ Առաքելյան Վ. Դ., Խաչատրյան Ա. Հ., Էլոյան Ս. Ա., Ժամանակակից հայոց լեզու, հատ. I, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1979, էջ 260 (այսուհետև՝ Առաքելյան և այլք 1979)), այլև բառակազմությամբ ստացված կրկնավոր միավորների մեջ (Մարգարյան Ա., Ժամանակակից հայոց լեզու, Երևան, ԵՊՀ հրատ., 1990, էջ 55 (այսուհետև՝ Մարգարյան 1990), Աղայան Է. Դ., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1984, էջ 231)։

[2] Առաքելյան և այլք 1979, էջ 258։

[3] Գրաբարում խանչէլ «բղավել, գոռալ», խանչանալ «ուռչել, փխբ․՝ հպարտանալ»։ Այս բառերը Գ․ Ջահուկյանը նույն արմատի տակ է դնում՝ «գոռալ, հպարտանալ, փքվել» (բրբ․ խայթել) (Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ., Երևան, 2010, էջ 316 (այսուհետև՝ ՀՍԲ)), իսկ խանձալ-ը (խանշալ) «պարծենալ, պանծալ»՝ առանձին՝ որպես «խանձ» բառից առաջացած (ՀՍԲ, էջ 316)՝ ըստ էության հետևելով Հ․ Աճառյանի տեսակետին (Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան (4 հատորով, 2-րդ հրատարակություն), Երևանի համալսարանի հրատ., Երևան (առաջին հրատարակությունը՝ 1926-1935, 7 հատորով), 1971-1979, հատ. II, էջ 331-332 (այսուհետև՝ ՀԱԲ))։ Կանխավարկած ունենք՝ խանչ-խանչ (անէլ, կա̈լ) բառի հիմքում աղաչանք բառն է (հմմտ․է բրբ․ ըղաչանք, խանչանք, խանչանք-խանչանք-ղանչանք

[4] «Բառակազմական եղանակ» եզրույթը այս դեպքում գործածվում է ընդհանրական առումով՝ առհասարակ բարդ բառեր կազմելու իմաստով (Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, «Միտք» հրատ., Երևան, 1965, էջ 167)։ Հետագայում «բառակազմագիտական» հասկացություններին անդրադարձել է Լ․ Հովսեփյանը՝ առաջարկելով ստորակարգային հաջորդականություն՝ բառակազմության տիպ, որ ներառում է բառերի կազմության տարբեր եղանակներ, որոնք իրենց հերթին օգտվում են որոշակի միջոցներից, իսկ վերջիններիս կիրառման հետևանքով ստացվում են որոշակի կառույցներ (այս մասին կարելի է տեսնել՝ Հովսեփյան Լ․ Ս․, Գրաբարի բառակազմության վերլուծական տիպը, «Ասողիկ» հրատ․, երևան, 2016, էջ 21)։

[5] Առաքելյան և այլք 1979, էջ 263։

[6] ՀԱԲ II, էջ 184։

[7] Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, Հայկական ՍՍՌ Պետական հրատ., հատ. I-IV, (1944 հատ. I-III, 1945 հատ. IV), հատ. II,  Երեւան, 1944, էջ 132։

[8] Առաջին տպավորությամբ «թուփ» բառանվան պատկերավորությամբ ձևավորված կազմություն է՝ «թուփի պես հավաք»։

[9] Eyuboğlu İ., Türk dilinin etimoloji sözlüğü, ikinci, II bs., (I bs, 1988), Sosyal yayinlar, Istanbul, 1988, s. 164-165.

[10] www.nisanyansozluk.com (kelime: top).

[11] Севортян Э. В., Этимологический словарь тюркских языков (6 книга, 1974-2003): Общетюркские и межтюркские основы на буквы «В», «Г» и «Д», АН СССР, Ин-т языкознания, “Наука”, Москва, 1980, с. 258.

[12] Ա․ Մարգարյանը թուփ անէլ, թօփ անէլ բառերը դնում է փոխառությունների ցանկում, սակայն չի նշում փոխատու լեզուն (Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Երևանի համալսարանի հրատ.,Երևան, 1975, էջ 516 (այսուհետև՝ Մարգարյան 1975)), իսկ թօլ անէլ, թօլ-թօլ անէլ բառերը՝ բարբառայինների մասում (Մարգարյան 1975, էջ 293)։ Անշուշտ, Ա․ Մարգարյանի նպատակը չի եղել որոշելու դրանց ծագումը, բայց դժվար չէր նաև թուփ || թօփ-ի աղբյուրը նշել թյուրքերենը, ինչպես նշել է թօփ-ի («գնդակ») համար։ Իրավացիորեն նկատել է դրանց տարբերությունը։

[13] Թյուրքական համանուններն ու ձևիմաստային տարբեր կազմությունները կարելի է տեսնել՝ Bəy Hadi, Arin sözlüyü, Təbriz, 2010, cild I, s. 6725-6728.

[14] ՀԱԲ II, էջ 211։

[15] ՀՍԲ, էջ 270։

[16] Հմմտ․՝ Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, München: Francke Verlag, Bern, I bend, 1959, f. 1060-1061 (այսուհետև՝ Pokorny 1959).

[17] ՀԲՆ, էջ 290։

[18] Աղայան 1974, էջ 71-74։

[19] «1. Մեկի կամ մի բանի վրայով լայն քայլով անցնել, ցատկել, 2. ցատկել»:

[20] Աճառյան ՀԼՊ I, էջ 120:

[21] Pokorny 1959, f. 690-691.

[22] Մարգարյան 1990, էջ 81։

[23] Այստեղ չենք ընդգրկել այն բառերը, որոնցում երկրորդ բաղադրիչը, հնարավոր է, այլ բառով կամ իմաստով է մեկնաբանվում․ դժվար է որոշվում՝ նույն ծագմամբ բառերի հարադրությա՞մբ են ձևավորվել որպես անվանական բարդություններ, թե՞ նույն բառի հնչյունափոխ տարբերակներն են, ինչպես՝ այազ-բայազ (անէլ), որտեղ, կարծում ենք, բբէ ժխտական մասնիկն է, հմմտ.՝ խաբար-բէխաբար, նամուս-բենամուս: Այս տիպի կազմությունները իսկապես խնդրահարույց են և այլ քննություն են ենթադրում, հմմտ․՝ ազիզբիզիզ «սիրելի», հավ-ճիվ, հիլօ̈ր-պիլօ̈ր «ծուռումուռ», հմմտ.՝ հիլօ̈ր-հիլօ̈ր (կարելի է ենթադրել, որ երկրորդ բաղադրիչը պիլօ̈ր «կլոր», պիլօ̈րէլ «կլորացնել, շրջել» բառն է), կըլտի-պըլտի, կըծի-պէծի > կըծըպէծին (հիմնականում մի շեշտով է գործածվում՝ կըծըպէծի՛ն, իսկ երկրորդ բաղադրիչը ինքնուրույն գործածություն ունի՝ պէծ «կրակից արձակված փայլ, վառվող փոքր մոխիր»), կէսատ-պըռատ և այլն։

[24] Սրանցից որոշները ունեն հնչյունական այլ տարբերակներ։

[25]Մարգարյան 1975, էջ 258:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի