Գորիսի բարբառը հայերենի բարբառների համատեքստում

Spread the love

Նախախոսք

 Ըստ հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգման[1]՝ Գորիսի խոսակցականը համարվում է ում ճյուղի Ղարաբաղ-Շամախիի կամ ծայր հյուսիսարևելյան միջբարբառախմբի խոսվածք[2]։ 1970-ական թվականներից հետո բարբառագիտական որոշ աշխատություններում, հետևելով բարբառների բազմահատկանիշ դասակարգմանը` ԳՋահուկյանի կողմից կատարված, Գորիսը ներկայացվում է որպես խոսվածք[3]։

Չպետք է տպավորություն ստեղծվի, որ հակված ենք Գորիսի տարածաշրջանի խոսակցականը  պարտադիր բարբառ ներկայացնելու։ Որևէ անվանում՝ բարբառ, խոսվածք, չի նսեմացնում կամ բարձրացնում Գորիսի տարածաշրջանի խոսակցականի դերը։ Անկախ «կոչում(ներ)ից»՝ այն հայերենի հնագույն բարբառային միավորներից մեկն է, որ կրում է նախահայերենյան և հինհայերենյան լեզվական ավանդույթները՝ պատմական որևէ շրջանում էական տեղաշարժի ենթարկված չլինելու շնորհիվ։ Բայց միավորն էլ իր յուրահատկությունների և բնիկ տարածքում գոյատևելու, զարգանալու շնորհիվ ձեռք է բերել մակարդակային իրավունք։

Բարբառս երբևէ չի քննվել կամ թերևս վերանայվել բազմահատկանիշ դասակարգման համատեքստում։ Կարծիք է ստեղծվում, որ ԱՄարգարյանը այս պահանջը բավարարել է «Գորիսի բարբառը» կարևոր աշխատության լույսընծայումով։ Այնինչ պետք է ընդունել, որ ԳՋահուկյանի «Հայ բարբառագիտության ներածությունը» «հայերենի բարբառների, ենթաբարբառների ու խոսվածքների իրար նկատմամբ ունեցած դիրքն ու փոխհարաբերությունները հնարավորին չափ օբյեկտիվ, ճշգրիտ, մաթեմատիկորեն որոշելու»[4]չափանիշ է։ Այս հիմունքով՝ մենք՝ որպես բարբառակիր, փորձել ենք «Գորիսի բարբառ»-ի տվյալները համեմատել հայերենի բարբառների համար առանձնացված զուգաբանություններին (հատկանիշներին)։ Մեր օրերում էականորեն փոխվել են հայերենի բարբառների հատկանիշները, ըստ այդմ՝ գոյություն ունեցող բարբառների և խոսվածքների կարգավիճակը։ Արդ՝ մեր կանխադիտարկմամբ, ըստ բազմահատկանիշ դասակարգման, Գորիսի շրջանի խոսակցականը լեզվավիճակով (համաժամանակյա կտրվածքով) բարբառ է։

 

Հարցի պատմական ակնարկ

 

Հայերենի բարբառային միավորների շարքում հատկանշական և ուրույն դեր ունեն Սյունիքի և պատմական Սյունիքի բարբառներն ու խոսվածքները։ Սյունիքը ոչ միայն ներկա է գտնվել հայ ժողովրդի պատմական ձևավորման և զարգացման ընթացքին, այլև վճռական դեր է ունեցել հայապահպանման գործում։ Այս ամենով հանդերձ, ինչպես նկատում են, «Սյունիքի տարածաշրջանը բանահյուսական, ազգագրական, լեզվագիտական առումներով շատ հաճախ առանձնակի ուշադրության չի արժանացել:  Իսկ առաջադիր բազմաթիվ հարցեր քննվել են Արցախի տարածքի նույն հատկանիշների սահմանում՝ նույնացնելով Արցախն ու Սյունիքը: Իհարկե, լայն առումով բանահյուսական հատկանիշները կարող են լինել նման, գուցե և շատ հաճախ նույնական, բայց նեղ առումով տարբեր են ոչ միայն բանահյուսական երկերի բովանդակությունը, այլև արտահայտման ձևն ու մտածելակերպը: Այս տարբերությունը նկատվում է նաև, օրինակ, Սյունիքի տարբեր բնակավայրերի միջև: Ընդ որում, որքան էլ զարմանալի, բայց բոլորովին տարբեր է Սյունիքի խոսակցական տարբերակների նկարագիրը, որն էլ, անշուշտ, կազմում է բանահյուսական հորինվածքների հիմնական շաղախը, լեզվամտածողության արգասիքը»[5]:

Պատմական շրջանում Հայաստանի հարավարևելյան տարածքում տարբերակվել են Սյունիքի և Արցախի բարբառները. «Եւ դարձեալ զքո լեզուիդ գիտելն զբովանդակ զբառս զեզերականս որպէս զԿորճայն և զՏայեցին և զԽութայինն և զՉորրորդ Հայեցին և զՍպերացին և զՍյունին և զԱրցախայինն…»[6]: Ավելին, սրանք այնքան տարբեր են եղել, որ, թվում է, համարժեքվել են առանձին լեզուների[7]։

Գորիսի բարբառը գիտական ուսումնասիրության դեռևս արժանացել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին։ Հնչյունական, քերականական և բառային տվյալների կարելի է հանդիպել Հ․ Աճառյանի տարբեր աշխատություններում՝ «Classification des dialectes arméniens»[8], «Քննութիւն Ղարաբաղի բարբառի»[9]՝ Ղարաբաղի բարբառի համատեքստում։ Հետաքրքրական է, որ բառապաշարին վերաբերող աշխատանքներում Ղարաբաղի բարբառին զուգահեռ ՀԱճառյանը վկայում է Գորիսի բարբառի բառերը[10]։ ԱՂարիբյանը 1953թգրած «Հայ բարբառագիտության» մեջ ընդհանուր անունով նշում է Զանգեզուրի ենթաբարբառ՝ վերջինս համադրելով մի կողմից Երևանի, մյուս կողմից Ղարաբաղի բարբառներին[11]։ ՆՎարդապետյանի կողմից 1962թ «Սյունիքի բարբառը» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանվել ԳԱԱ Լեզվի ինստիտուտում, որտեղ Գորիսը գիտական հանրությանը ներկայացվել է որպես առանձին բարբառ[12] կրող շրջան։ Ըստ ԳՋահուկյանի կազմած բազմահատկանիշ դասակարգման՝ Գորիսի բարբառը ընդգրկվում է Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախմբի Ղարաբաղի բարբառի մեջ՝ որպես ենթաբարբառ։ 1976թ ԱՄարգարյանը նորովի քննության նյութ է դարձնում Գորիսի բարբառը՝ հրապարակ հանելով «Գորիսի բարբառը» ստվարածավալ և արժեքավոր աշխատությունը[13]։ Այստեղ մանրամասն քննվում են նաև հնչյունական, քերականական և բառային առանձնահատուկ այն բոլոր ձևերը, որոնք տարբերություններ ունեն Ղարաբաղի բարբառում ընդգրկված բարբառային միավորներից։ Այս ամենը հիմք ունենալով՝ հեղինակը եզրահանգում է, որ «Գորիսի բարբառը՝ իր ընդգրկած որոշակի սահմաններով, պատմական Սյունիքի լեզվի կամ բարբառի օրգանական շարունակությունն է և, իբրև այդպիսին, ոչ թե ստորադասվում է Ղարաբաղի կամ Արարատյան բարբառին, այլ ունի տեղական բարբառներին բնորոշ իր յուրահատուկ հնչյունական համակարգը, բառային ֆոնդն ու քերականական կառուցվածքը և ամենայն իրավամբ էլ մի ինքնուրույն ու ինքնատիպ բարբառ է»[14] (ընդգծումը՝ ՄՔ), որ անգամ տարբերակում է ունեցել հին և նոր Գորիսներում«Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէ, ինչպես Հին ճանապարհի վրա: Այդ լեզու չէ, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում է կաքավը, և մթնում կարկաչում է Ցուրտ աղբյուրը»[15]: Եթե գիտական տիրույթում տարածված են Գորիսի բարբառ և Գորիսի ենթաբարբառ եզրույթները, գրքերից դուրս և՛ Արցախում, և՛ Սյունիքում Գորիսի խոսակցականը համարվում է բարբառ՝ հավանաբար նկատի առնելով ոչ այնքան հնչյունական և քերականական տարբերությունները, որքան բառապաշարի կազմը, որի հիմքով ՀԱճառյանը Գորիսի բարբառը դրել է Երևանի, Ղարաբաղի, Շամախիի, Ագուլիսի և մյուս բարբառների (30 բարբառների և ենթաբարբառների)  շարքում[16]։ Եվ իսկապես, նախ՝ 18-րդ դարից սկսած, երբ իսլամ դավանող տարբեր ցեղեր սկսեցին տեղավորվել Սյունիք-Արցախը կամրջող Քաշաթաղի տարածքում՝ նվազեցնելով հաղորդակցման, փոխշփման պայմանները, ապա՝ խորհրդային շրջանում, երբ Արցախը ընդգրկվեց Ադրբեջանի կազմում, ավելի է խորացել Սյունիքի և Արցախի բարբառների տարբերությունը՝ կապված նաև արևելյան լեզուներից և ռուսերենից ներթափանցած փոխառությունների հետ[17]։ 2020 թվականից Սյունիքի և Արցախի բարբառախոս հանրության կապը դարձյալ նվազել է, Հադրութի շրջանի խոսակցական տարբերակները այժմ զրկված են բնօրրանից, իսկ Արցախի մյուս խոսվածքները տարբեր շրջաններից գաղթած բարբառախոս հանրության փոխշփման ազդեցության տակ են։ Այսինքն՝ Գորիսի և Արցախի բարբառային փոխշփումները դարձյալ փոքրանում են, որն էլ խորացնում է բարբառային միավորների միջև առկա տարբերությունները։

 

Բարբառային հատկանիշների ընտրությանը և նշանակմանը վերաբերող սկզբունքային հարցեր[18]

 

Միջձայնավորային և բառավերջի ետձայնավորային դիրքում, այլև ր-ից հետո գտնվող խուլ պայթականների՝ պ, տ, կ,  կիսաշփականների՝ ծ, ճ, ձայնեղացման երևույթը գնահատվումէ  0,5 միավորով (±)[19]: Հետաքրքրական է, որ՝1երևույթը չի ներառում կանոնով նախանշված բոլոր հնչյունները, 2չափանշված օրինակներից՝կարպետ, գորտ, սիրտ, երկար, երկինք, արծաթ, գործ, կարճ, շապիկ, ուտել, պակաս, մածուն, կոճակ, վիշապ, շատ, կրակ, լուծ, մաճ (18 բառ) միայն երկուսն են կրում այդ հատկանիշը՝ երկար > էրգա̈ն, երկինք > յէրգինք (=11%)՝ =11%, որտեղ -ը հատկանիշը կրող բառերի քանակն է ամբողջի մեջ։

Ծ > ձ փոփոխությունը չի ներառում վերոբերյալ կանոնըխուլի ձայնեղացումը պայմանավորված է նի ազդեցությամբ այս բառերում՝ ածուխ > անձուղ, ձնծաղիկ > խընձաղի || ձնձաղիկ։ Այսինքն՝ երևույթը առհասարակ բացակայում է՝ 0%:

Ճ > ջ փոփոխությունը նույնպես բացակայում է, բացառությամբ երկու բառի, այն էլ՝ ն-ի ազդեցությամբ՝ ճոճ(ք) > ճինջի|| ճունջի, ճանճ > ճանջ՝ 0%:

Կ > գ փոփոխության դեպքերը նույնպես չեն տեղավորվում տրված կանոնի շրջանակում, ինչը չենք կարող ասել մյուս բարբառների առումով, ինչպես, օրինակ՝զ(ռ) ձայնեղի ազդեցությամբ կոզռն > գօ̈զռակ || գյօ̈դռա̈կ-ը (հնարավոր է նաև բառավերջի կ-ի ետընթաց տարնմանությամբ)։ Կյանք > կյանք || գյանք-ը, կիրակի>գիրա̈գի || կիրակի բառերը բացառություններ են։Ն-ի ազդեցությամբ կ-ն դարձել է գ հետևյալ բառերում՝ արմունկ > արմունգ, ընկեր > հինգէր, ունկն > օնգըն || օնգնը, տնկել > տընգէլ, ցնկնել > ցընգնէլ, մեկնել > մէնգնէլ, թիկնել > թէնգնը տալ, կրունկ > կըրօնգնը, անկ(ան)ել > ինգէլ։ Բաղաձայնական քննվող հատկանիշի սահմանման օրինակներ թերևս կարող են լինել՝ ա․ միջձայնավորային դիրքում կ >գ՝ երեկո > ո̈ւրո̈ւգո̈ւն || ո̈ւրո̈ւգո̈ւ, լական > լա̈գա̈ն, բ․բառավերջի ետձայնավորային դիրքում՝ երեկ > իրէգի, հիշատակ > հիշատագ || հիշատակ, երամակ > ըրամակ || ըրամագ, գ․ր-ին հաջորդող դիրքում՝ նշված երկու բառերը՝ երկար >էրգա̈ն, երկինք > յէրգինք (սրա համաբանությամբ՝ երկիր > յէրգիր), գիրկ > գիրգ (՞) «գութանի գլխի փակի ծայրի փայտը»[20]։ Մյուս բոլոր դեպքերում որպես կանոն կ-ն անփոփոխ է (օրինակները չենք բերում)։ Կ > գ փոփոխությունը կրած վերոնշյալ բառերի քանակական պատկերից (21 բառ) կարելի է ստանալ որակական հատկանիշը՝ ≈ 43%։

Տ > դ փոփոխությունը՝ որպես ընդհանուր օրենքից շեղում, ինչպես նկատում է Ա․Մարգարյանը[21], հիմնականում պայմանավորված է՝ 1․ն ռնգայինի ազդեցությամբ՝սանտր> սանդըր, ոտն > վէնդ, մատն > մանդ, ընտրել > հընդըրէլ || հընդրէլ, փալանտուզ > փալանդուզ, 2․գրական բառերի առկայությամբ, որոնցում ձայնեղը չի խլացել՝ աղքատ > աղքադ, դատ > դադ,  դատարան > դադարան, կամ ուղղակի ըմբռնվել են գրական՝ վարժապետ > վարժաբէդ, գիտել > գիդա̈լ, աշխատել > ըշխադէլ, կատարել > կըդարէլ, վաշտապետ > վըշտաբէդ, օտար >օդար || օտար, կրոնական բնույթով՝ հավատ > հավադ, հավիտյան > հավիդյան, մկրտել > մըգըրդէլ || մըկըրտէլ, պատարագ > պըդարաք || պըտարաք || բադարաք։ Կարծում ենք՝ հիշյալ զուգաբանության օրինակներ կարող են ծառայել՝ ա․ միջձայնավորային դիրքում՝ հավատավոր > հըվըդավէր (հմմտ․՝հավատ> հավադ), բ․  բառավերջի ետձայնավորային դիրքում՝ ազատ > ազադ, պարսետ > բարսուդ «պարսատիկ», փշատ > փըշադ || փըշատ, արմատ > արմադ || արմադ, փայտ  > փէդ (փայտանալ > փիդա̈նա̈լ), ր-ին հաջորդող դիրքում՝ մարտ > մա̈րդ (ամիս), որոնք էլ, ինչպես նկատում ենք, արտալեզվական գործոններով են առկայացել[22] և համակարգային բնույթ չունեն՝ ≈31%։

Պ >բ փոփոխությունը նույնպես, «ընդհանուր օրենքից շեղվելով»[23], արտացոլվում է՝ ա․ միջձայնավորային դիրքում՝ դէպի > դիբա̈, վարժապետ > վըրժաբէդ, ստիպէլ > ըստիբէլ, նապաստակ > ըլըբաստրակ || ըլբաստրակ, սիպեղ > սիբէղ, եպիսկոպոս > յէբիսկոբոս, բ․  բառավերջի ետձայնավորային դիրքում՝շիպ > շիբ (այլև՝ շիբլէղ), ր-ին հաջորդող դիրքում՝ ապրիշում > աբրէշում, ոչ գործածական՝ ապրա̈> աբրա̈ «առարկայի կշիռ»[24]։  Մնացած բոլոր դիրքերում պ-ն հիմնականում պահպանվում է՝ ճարպիկ > ճարպիկ, կարպետ > կարպէտ || կարպէրտ, ճարպ > ճըրպօտէլ, ճօպան> ճօպան, սպիտակ > սիպտակ, կճեպ> խըճէպ || քըչէփ || քըչէվ: Նշված կանոնին, ըստ «Գորիսի բարբառի» տվյալների[25], ենթարկվում է բառերի 28%-ը ()։

Ընդհանրացնենք՝

ԱՊ, տ, կ, ծ, ճ խուլ պայթականների և կիսաշփականների ձայնեղացումը Գորիսի բարբառի բաղաձայնական համակարգում օրինաչափություն չէ ոչ միայն կանոնի շրջանակում՝ ր-ից հետո և միջձայնավորային ու բառավերջի ետձայնավորային դիրքերում՝ կարպետ, գորտ, արծաթ, գործ, կարճ, շապիկ, ուտել, պակաս, մածուն, կոճակ, վիշապ, շատ, կրակ, լուծ, մաճ, այլև ընդհանրապես, իսկ ծ > ձ և ճ>ջ փոփոխություններն առհասարակ բացակայում են։

ԲԲարբառումս խուլերի ձայնեղացման երևույթին վերաբերող այլ ուսումնասիրություններ թեև տարվում են իրողության՝ որպես հնչյունական օրենքի մակարդակով, այդուհանդերձ ընդգծում են, որ հնչյունական երևույթը համակարգային բնույթ չունի, ինչպես՝ սիրտ > սէրտ, երկու > էրկու, ծիրտ > ծէրտ, երկաթ > արկաթ, որոնք, ինչպես նկատում է Ժ․Միքայելյանը, «գրական փոխառություններ լինել չեն կարող»[26]։ Այս առումով ՄԱղաբեկյանը դիտարկում է, որ նշված դիրքում խուլերի ձայնեղացումը հիմնականում պայմանավորված է ռնգային ձայնորդի (իմա՝ ն, հմմտ՝թանկ > թանգ, ճանկ > ճանգ, խունկ > խօնգ, բանկ > բանգ) ազդեցությամբ և «ընդգրկում է խնդրո առարկա բարբառների (Սյունիք-Արցախի՝ ՄՔ) գրեթե ամբողջ բառապաշարը»[27]։

Այսպիսով՝ սույն հարցի քննության շրջանակում ունենք 78 միավոր, որից 28-ը հանդիպում է նշված հնչյունների փոփոխությամբ, արդյունքում՝  36%, որը չի կազմում ընդհանուր թվի գոնե 50%-ը, իսկ հատկանիշների ընտրության և նշանակման հարցում, ինչպես նկատում ենք, «գերադասություն է տրվում բարբառային այն հատկանիշին, որ ա) ընդգրկում է բառերի և բառակապակցական տիպերի ըստ հնարավորին մեծ թիվ, բ) որով բնորոշվող միավորներն ունեն ֆունկցիոնալ (հաղորդակցային) մեծ արժեք ու ծանրաբեռնվածություն (հետևաբար նաև մեծ հաճախականություն)»[28]։

Ամփոփելով ասվածը՝ եզրակացնենք, որ բաղաձայնական հատկանիշի 6-րդ կետը տիպական չէ Գորիսի բարբառի համար։

«Խ-ի դիմաց տարնմանական հ՝ բառի մեջ հաջորդող ղ-ի առկայության դեպքում (խ>հ)» հնչյունափոխությունը[29], որ Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբից առանձնապես բնորոշ է  Կռզենին, Հավարիկին, Շամախիին, Գորիսի բարբառում սահմանափակ թվով բառերում է նկատվում՝ խաղ > խաղ || հաղ, խաղալ > խաղալ || հաղալ, խաղող > խաղօղ || հավուղ || հավօղ։ Այս հատկանիշի «արդյունքը» (աղյուսակում դրված է «-» նշանով[30]) ենթադրում է «նաև ոչ-տարնմանական խ> հխառնել>հառնել»[31]։ Սկզբունքորեն, սակայն, հակասում է վերոնշյալ կանոնին, այն է՝ ոչ հնչյունա(փոխա)կան օրենքը ընդունել բարբառային (հնչյունաբանական) հատկանիշ։

Գորիսի բարբառում յու-ի (<իւ) դիմաց ոչ շրթնային ձայնավոր (յու > ի, է, ա)[32] հանդիպում է՝ ալյուր > ա/ա̈լիր || ա̈լո̈ւր, արյուն > ա̈րին || ա̈րո̈ւն, այդպես և՝ մրջյուն > մըրչէմնը[33]։ Առավելապես տարածված է յու > ու/ո̈ւ փոփոխությունը (շրթնայինի վերածվելը՝ յուր > ո̈ւրա̈ն, հարյուր > հա̈րո̈ւր, ձյուն > ծո̈ւն[34]։ Ենթադրվում է, որ յու > ի, է փոփոխությունները առավել հաճախական երևույթի (յու > ու/ո̈ւ) համաբանությամբ մարում են:

Վերոնշյալ երկու դիտարկումից նկատում ենք, որ հատկանիշների առկայությունը էական չի եղել բարբառային միավորի տարբերակման համար, և աղյուսակներում (Գորիս) գնահատվել են «-» նշանով։

27-րդ կետը վերաբերում է ույ-ի (ոյ) դիմաց ոչ շրթնային ձայնավորի առկայությանը, և բարբառի համար գնահատվում է բացասական նշանով։ Սակայն արձանագրենք, որ այդ կանոնին հետևում են որոշ խոսվածքներում արձանագրվող բառեր՝ քոյր > քո̈ւր || քէր || քիր, կապոյտ > կա̈պիտ, պատրոյգ > պատրիք։

Հնչյունական զուգաբանությունների 25-րդ կանոնը, ինչպես գիտենք, վերաբերում է սահմանափակ տարածում ունեցող բաղաձայնական այլ կարևոր յուրահատկությունների։ Գորիսի բարբառի համար դրվում է «-» նշան, այսինքն՝ առկա չեն այդ հատկանիշները։ Բայց, օրինակ, այդ հատկանիշներից մեկը առկա է Գորիսի բարբառում, ինչպես՝ ցուցական դերանունների միջձայնավորային ր-ի դիմաց հ՝ սրանք >[35]ըսըհանք, դրանք >ըտըհանք և այլն։

Թյուրքերենի ազդեցությամբ ինջի-ով դասական թվականների կազմումը բարբառային միավորների տարբերակիչ հատկանիշ (69-րդ կետ) ընտրելը այլ հարց է (հիշենք, որ ըստ էության բարբառային զուգաբանությունների համեմատական եզրը գրական հայերենն է (գրաբար, գրական արևելահայերեն և արևմտահայերեն)։ Բայց և հետաքրքրական է, մինչև թյուրքերենի հետ շփվելը հայերենի բարբառները ի՞նչ ածանց (մասնիկ կամ բառ) են գործածել դասական թվականների համար, որը և կարող էր համարվել քերականական հատկանիշ[36]։ Սա էլ հարցի մի կողմն է և այլ քննություն է ենթադրում։ Մյուս կողմից, սակայն, արդյոք հաշվի՞ են առնված այլ լեզուների հետ ունեցած շփումների արդյունքում գոյացած բոլոր մնացուկները հայերենի բարբառներում (օրինակ՝ miş || mış-ով հարակատարը, siz || sız, be-ով ժխտականները և այլն)։ Անցյալ դարի 60-70-ական թվականներին -ինջի ածանցի երբեմնի գոյության և դուրսմղման, ապա -րորդ || -երորդ ածանցի գործառման վերաբերյալ արդեն արձանագրում կա «Գորիսի բարբառում»[37]։ Այսինքն՝ ընդհանրացում չստացած[38] և անկում ապրող «հատկանիշը», ընդհանուր սկզբունքի համաձայն, Գորիսի բարբառի համար տարբերակիչ չէ։

Այլ դիտարկումներ ևս կան, որոնք, սակայն, էականորեն չեն կարող ազդել բարբառային միավորի մակարդակին, ուստի սահմանափակենք վեոբերյալներով։

 

Բարբառային հատկանիշներ, որոնք կարող են էական տարբերակում մտցնել միավորի ճանաչման հարցում

 

Ոչ բառասկզբի շնչեղ խուլերի ապաշնչեղացման երևույթը (փ, թ, ք, ց, չ > պ, տ, կ, ծ, ճ ) Գորիսի բարբառի համար էական հատկանիշ չէ։

Ց > ծ փոփոխությունը նկատվում է երկու բառում՝ քաղցր > քաղծըր, երբեմն՝ վախեցնել > վըխծընել || վըխցընէլ։ Եկեղեցի > (յէղցծ ||) յէղծի փոփոխությունը հանդիպում է միայն այն դեպքում, երբ այն հատկանվան կողքին է, օրինակ՝ Սըռըյէղծի, բայց և՝ Սըռըյէղցի։

Ք > կ փոփոխությունը բարբառում հանդիպում է աղքադ > աղկադ, մասամբ՝ (թանաք>) թա̈նա̈կ բառերում։ Մյուս դեպքերում, կարծում ենք, այդ փոփոխությունը պայմանավորված է ք հոգնակերտի՝ շփականություն պարունակող բաղաձայններին հաջորդելու դիրքով, համակարգային ազդեցությամբ, հմմտ՝լիվա̈սկ, փոխկ, քաշկը, անէսկը և այլն[39]։

Կանոնավորված չէ թ > տ փոփոխությունը, որ հանդիպում է մի քանի բառերում՝ օխտը (յոթ), հաղթել > հախտալ || հախթալ (էմ), շաբաթվա օրերում՝ էրկուշա̈փտի, իրէքշա̈փտի։

Փ > պ փոփոխություն հանդիպում է փայլ > պսպղալ բառում, որն էլ, կարծում ենք, նախահայերենյան շրջանից մնացուկ է։ Հ.-ե. *(s)p(h)el- «փայլ, շողալ» արմատի s > š (շ) սուլականով (պահպանված) և ձայնդարձով ածանցված բարբառային տարբերակներից են նաև (հուն. σπληδς «մոխիր», լատ. splendeō «փայլ, առկայծում») շափաղ տալ, շափաղ անէլ «ցոլալ», շափաղ-շափաղ անէլ «ցոլցլալ», շափաղշափաղ «ցոլցլուն» բառերը, որ, անշուշտ համապատասխանում են բարբառի նույնարմատ ձևերին՝ պօղ[40] «կարմիր կրակ կտրած ածուխ, կրակից թռած կայծ» (հմմտ.՝ պօղ-պօղ > պըսպըղալ), պըլպըլալ «փայլել, առկայծել», այլև հայերենի մյուս տարբերակներում առկա պըլպըլալ «փայլել, ցոլալ» Վան Մուշ Թբ. Պոլ. և այլն[41], հմմտ.՝ փայլ *sphel[42]։ ԱՄարգարյանը վկայաբերում է նաև փափուկ > փըպկէլ-ը, որն էլ, հնարավոր է, կ-ի ետընթաց ազդեցությամբ է ձևափոխվել, հմմտ՝փըպկէլ>փըպկալա || փըփկալ ա (փափկէլ է)։

Չ > ճ է դառնում ոչխար > վէխճար (վըխճարած, վուխճարած, վըխճըրապո̈ւրթ, վըխճըրատէր, վըխճըրատէղ|| վուխճըրատէղ) և փախչել > փըխճըցնէլ բառերում։ Չ սոսկածանցով մյուս բոլոր ձևերում չ-ն անփոփոխ է՝ սառչել > սառչիլ, կպչել > կըպչիլ և այլն։

Նկատում ենք, որ ոչ բառասկզբի շնչեղ խուլերի ապաշնչեղացման երևույթը բարբառում ընդհանրական բնույթ չունի։ Եվ որպես այս ամենի ամփոփիչ արդյունք՝ ներկայացնենք բերված օրինակների (փրփուր, թուղթ, աղքատ, հարցնել, շունչ, թափել, թաթախել, թեքել, աքացի, փչել, թեփ, կաթ, քաղաք, բաց, խաչ)[43] վիճակագրությունըփ, թ, ք, ց, չ > պ, տ, կ, ծ, ճ փոփոխությունը կազմում է 13% (երկու բառ՝ թուղթ > թօխտ, մասամբ՝ աղքատ > աղկադ

Ոչ փոխառյալ բառերում քմայնացած ետնալեզվայինների (գյ, կյ, քյ)՝ բառասկզբի, բառամիջի և բառավերջի իրողությունները, ինչպես և՝ գյ, կյ, քյ > ջ, ճ, չ փոփոխությունները, կարծում ենք, նույն հարթության վրա դնելը չի տրամաբանվում որպես բարբառների միավորիչ հատկանիշ Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախմբի համակարգում[44]։ Գորիսի բարբառի պարագայում, օրինակ, քմայնացած ետնալեզվայիններ ունեցող բոլոր բառերը չեն կարող արտասանվել և՛ քմայնացմամբ և առանց քմայնացման[45], ինչպես նկատում են։ Այդուհանդերձ, եթե բերված օրինակներով փորձենք փաստել քմային ետնալեզվայինների՝ Գորիսի բարբառում (բոլոր խոսվածքները ներառյալ) գործառումը[46], կստացվի հետևյալ պատկերը երկձևությունների առկայությամբ՝ 9%, առանց երկձևությունների՝ 0%: Ահա պատկերը՝ գարի > կյա̈րի || կա̈րի, գառ(ն) > կյա̈ռնը || կա̈ռնը, գլուխ > կիլօ̈խ, քաղաք > քաղաք, քառասուն > քըռասու[օ]ն, քար > քար, թագ > թագ, հինգ > հէնգ, ձագ > ծա̈ք, աղջիկ > ախճիկ, ծաղիկ > ծաղիկ, շապիկ > շապիկ, գիրք > գիրք || կիրք, երեք > իրէք, քաղաք > քաղաք, գերան > կէրան, գինի > կինի, գիր > կիր, կերակուր > կէրակուր, կես > կէս, քեռի > քէռի, քերել > քիրէլ (-ում-ի համաբանությամբ՝ քո̈ւրո̈ւմ ա), քիթ > քէթ[47]։ ԱՄարգարյանը, ընդգծելով Գորիսի և Ղարաբաղի բարբառների՝ իրարից ունեցած տարբերությունները, ուշադրության է արժանացնում նաև քմայնացած ետնալեզվայինների հատկանշական դերը. «Ղարաբաղի բարբառը հարուստ է քմային գյ (օր՝գուրգյ< գիրկ, տէգյ || տէգյ< տիկ), կյ (օր՝կյօղ < գող, կյալ < գալ, քյ (օր՝ըրիհյնակ < արեգակն), այլև՝ դյ (հանդյ< անդ), լյյո̈ւ < լու, ծիլյի < ածելի), ծյ, (կածյակ || կա̈ծյակ < կայծակն) և այլն բաղաձայն հնչյուններով, այնինչ Գորիսի բարբառում դրանցից առկա են և իբրև ինքնուրույն հնչույթներ են ըմբռնվում միայն գյ-ն, կյ-ն, քյ-ն, որոնք գործածության նեղ ոլորտներ են ընդգրկում և բառի բոլոր դիրքերում չէ, որ հանդես են գալիս (ընդգծումները՝ ՄՔ)»:

41-րդ կետը պահանջում է շեշտակիր ե-ի (է-ի) դիմաց վերին շարքի (ավելի փակ) շեշտակիր ձայնավոր կամ այդպիսի տարր պարունակող երկբարբառ (ե, ե > ի, էի և այլն)՝ բացառությամբ իէ-ի։ Այս հատկանիշը Գորիսի բարբառի համար գնահատվում է կես միավոր։ Շեշտի տակ ընկած է > ի կամ երկբարբառ չի վկայվում Գորիսում։ Տրված հատկանիշի շրջանակում բացառություն է կազմում դէզ բառը, որն էլ, ինչպես ԱՄարգարյանն է նկատում, տէզ բառի հետ չշփոթելու հիմքով է[48], իսկ թել-ը ունի զուգաձև գործածություն՝ թիլ || թէլ։ Մյուս դեպքերում է-ի փոփոխություն կա՛մ շեշտակիր դիրքում չէ, ինչպես՝կա̈լու չէմ > կա̈՛լու չի, ա՛նէսկ> ա՛նիսկ, նարգէ՛ս > նա՛րգիզ, շրէշ > շի՛րիջ, գեշութո՛ւն > կիշօ՛թուն, կամ պայմանավորված է դիրքային հնչյունափոխությամբ՝ մէչ > միչին, էշ > իշա՛տա/էր, դէմ > տիմա՛նալ, մյուս դեպքերում դառնում է ի, բայց ոչ շեշտի տակ՝ կա̈՛մ չէմ > կա̈՛մ չի և այլն։ Լայն տարածում ունի հակառակ երևույթը՝ ի > է՝ միս > մէս, ծիտ  > ծէտ, սիրտ  > սէրտ, միտ  > մէտ, լիրբ  > լէրփ, հինգ  > հէնգ և այլն։ Շեշտակիր ե (Է) -ի(> ի) փոփոխությունը տարածում ունի միայն Շինուհայրի խոսվածքում՝ վե՛ց > վի՛ց, տե՛ղ > տի՛ղ, ծէ՛փ > ծի՛փ, սէ՛վ > սի՛վ, Սէ՛րօժ > Սի՛րօժ  և այլն։

Բերված օրինակներից որոշենք հատկանիշի գոյության վիճակագրական պատկերը՝եզ(ն) > յէզնը, ես > յէս, երբ > հէփ, գետ > կէտ, թև > թէվ, թել > թէլ || թիլ, խելք > խէլք, կեղտ > կէխտ, հետ > նը հէտ || հէտ, ձեր > ծէր, ձմեռ(ն) > ծիմէռնը, մեծ > մէծ, մեղր > մէղըր, մեր > մէր, նեղ > նէղ, ներկ > նէրկ, վեց > վէց, տեղ > տէղ, կես > կէս, ձեթ > ծէթ, մեջ > մէչ, մեջք > մէշկ, սեր > սէր, գրեմ > կիրէմ, գրես > կիրէս, գրենք > կիրէնք, գրեն > կիրէն (27 բառ)՝ զուգաձևությամբ՝ 4%, առանց զուգաձևության՝ 0%։

50-րդ կետի (ձայնավորական) հատկանիշները առհասարակ բացակայում են Գորիսի բարբառում։

Քերականական զուգաբանությունների 53-րդ կետը վերաբերում է հոգնակիի կազմությանը«Ան [ան-ք, ան-(ն)եր] հոգնակերտ՝ առանց նախորդող բաղադրիչի (անք-ի դեպքում՝ առանց «ազգականներ, կողմնակիցներ» լրացական իմաստի)»[49]։ Գորիսի բարբառում -անք || -ա̈նք ածանցը դեռ նախորդ դարում էլ որակական դեր չի ունեցելորպես բացառություն հանդիպում է ձի > ծիյանք|| ծիէք և ձու > ծո̈ւվա̈նք|| ծիվէք բառերում[50]։ 

 Ամփոփում

 Բարբառային հատկանիշների ընտրությանը և նշանակմանը վերաբերող հարցերը սահմանափակենք վերոնշյալներով։ Բավարար արդյունք ձևավորելու համար կազմել ենք աղյուսակ՝ բոլոր՝ հնչյունական և քերականական զուգաբանությունները (1-25 բաղաձայնական, 26-50 ձայնավորական, 50-75 անվանական, 76-100 բայական) նշելով ըստ Գորիսի բարբառում առկայության կամ բացակայության[51]

Այս դիտարկումներն ընդունելու դեպքում[52] տարբերություն է առաջանում Գորիսի բարբառային միավորին վերագրվող գնահատականում (տարաժամանակյա լեզվավիճակով)[53] Գորիսի բարբառի տարբերակիչ հատկանիշների թիվը, ըստ մակարդակային ցուցչի, անցնում է 20-ը (38 ընդհանուր հատկանիշ, 62 տարբեր (¸3 (մակարդակի))` ըստ 100 հատկանիշ պարունակող ցուցակի)։ Բարբառախմբերի, բարբառների, խոսվածքների ընտրությունը, ըստ բարբառային հատկանիշների, կատարվել է առանց բարբառների բառային հիմնական տարբերությունների, այսինքն՝ արդեն որոշված, կարգավիճակ ստացած միավորների բառային հիմնական տարբերություններն են համեմատված ՀԲՆ-ում։ Վերևում արդեն նշել ենք բառային հիմնական տարբերությունների առկայությունը՝ մասնավորապես պայմանավորված արտաքին գործոններով։ Դրանից բացի՝ Սյունիք-Արցախի բարբառային միավորներում բավականին շատ են ոչ միայն հնչյունական զանազանություններով, այլև իմաստային հատկանիշներով բառային զուգաբանությունները, որոնք քիչ են հաշվի առնվում միավորների տարբերությունները քննելիս։


THE GORIS DIALECT IN THE CONTEXT OF MULTI-CHARACTERISTIC CLASSIFICATION OF ARMENIAN DIALECTS

SUMMARY

The dialect of Goris is included in the range of the dialects of the branch um (Karabakh- Shamakhi or Far Northeastern inter-dialect group). According to the multi-characteristic classification of the Armenian language, the spoken language of Goris was considered a speech. Later A. Margaryan made thorough research on the Goris dialect and came to the conclusion that the Goris dialect is not one of the Karabakh dialects, but an independent one.

   After the 1970s in some dialectological works, the spoken term of Goris is continued to be used following the multi-characteristic classification of the dialects made by G. Jahukyan.

My dialect has never been studied in the context of multi-characteristic classification.

In this work, an experiment is done to examine the characteristics of the Goris dialect according to the multi-characteristic classification of Armenian dialects. In addition to the fundamental questions related to the selection and meaning of dialect characteristics, dialect features were examined with statistical data that can make a significant difference in the recognition of the unit.

As a result it was found that the spoken language of Goris is not a speech, but a dialect both in sequential and simultaneous language status.


ГОРИССКИЙ ДИАЛЕКТ В КОНТЕКСТЕ МОГОПРИЗНАКОВОЙ КЛАССИФИКАЦИИ АРМЯНСКИХ ДИАЛЕКТОВ

РЕЗЮМЕ

Горисский диалект входит в ветвь УМ (ում) диалектного ряда (Карабах-Шамахи или междиалектная группа крайнего северо-восток). Однако Горисская разговорная речь согласно многопризнаковой говором. Впоследствии А. Маркарян провёл и пришёл к заключенню, что Горис не один из говоров Карабахского диалекта, а сомостоятельный диалект. После 1970-ых лексологии продолжают использовать термин горисский говор, следуя многопризнаковой классификации диалектов Г. Джаукяна. Диалект никогда не изучался в контексте многопризнаковой классификации.

В данной работе делается попытка исследования признаков Горисского диалекта по многопризнаковой классификации армянских диалектов. Кроме принципиальных вопросов, касающихся выбора и назначения диалектных признаков, исходя из статистических данных, иследовались диалектные признаки, которые могут внести существенное различие при распознавании диалектной единицы.

В резултате выснилось, что Горисская разговорная речь не говор, а диалект и диахроническим, и синхроническим языковим состоянием.


[1]Ջահուկյան Գ․ Բ․, Հայ բարբառագիտության ներածություն (վիճակագրական բարբառագիտություն), Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1972, 348 էջ (այսուհետև՝ ՀԲՆ)։

[2] Այս հարցին մենք անդրադարձել ենք «Բարբառագիտական մի քանի եզրույթների և ըմբռնումների շուրջ» հոդվածում՝ «Գորիսի բարբառ» եզրույթի շրջանակում  (Քումունց Մ․, Հանրապետական գիտաժողովի նյութեր, 2022, թիվ 3, 187-196)։

[3]Հմմտ․՝ Միքայելյան Ժ․, Գորիսի խոսվածքի հնչյունա-հնչույթաբանական մի քանի առանձնահատկություններ, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1980, թիվ 8, էջ 37-48 (այսուհետև՝ Միքայելյան 1980), Աղաբեկյան Մ.,Սյունիք-Արցախ տարածքի բարբառների պատմական հնչյունաբանություն, Հայերենի բարբառագիտական ատլաս (ուսումնասիրություններ և նյութեր), պրակ 3, Երևան, 2010, էջ 107 (այսուհետև՝ Աղաբեկյան 2010) և այլն։

[4](Ասատրյան Մ․, Հայ բարբառների բազմահատկանիշ դասակարգումը, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 4, 1974, Էջ 85։

[5] Ներսիսյան Լ․, Գորիսի բանահյուսությունը, Գիտական նյութերի ժողովածու, Հայագիտություն. Սյունիք, թիվ 1, 2016, էջ 126։

[6]Ադոնց Ն․, Երկեր, Հայերենագիտական ուսումնասիրություններ(5 հատորով),ԵՊՀ հրատ․, Երևան, 2008, էջ 187։

[7] Աճառյան Հ․, Հայոց լեզվի պատմություն, մաս II, Հայպետհրատ, Երևան, 1951,էջ 131։

[8]Adjarian H., Classification des dialectsarméniens, Librairie Honoré Champion, Paris, 1909, 107 pages. 25-34 (107 p.).

[9] Աճառեան Հ․,Ուսումնասիրութիւններ հայկական բարբառախօսութեան։ Քննութիւն Ղարաբաղի բարբառին, «Արարատ» ամսագիր, տարի ԼԳ, (1899), թիվ Թ, էջ 394-399 (ամսագրի մյուս էջերում մինչև 1901թ․նույնպես բարբառների բաժանում առկա չէ)։

[10] «Գաւառական»-ում, սակայն, 31 բարբառների ցանկում Գորիսը չի նշում ո՛չ Ղարաբաղի բարբառի կազմում, ո՛չ առանձին (Աճառեան Հ., Հայերէն գաւառական բառարան, Լազարեան ճեմարան արեւելեան լեզուաց, հատ. Թ, Թիֆլիս, 1913, էջ 1 (այսուհետև՝ ՀԳԲ)), բայց բառահոդվածներում առանձին է դնում՝ Գոր․Ղրբ․ (էջ 4)։

[11]Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն (հնչյունաբանություն և ձևաբանություն), Հայկական ՍՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, 1953, էջ 232-233։

[12]Վարդապետյան Ն․Հ․,Սյունյաց բարբառ (ատենախոսություն), ԳԱԱ Լեզվի ինստիտուտ, Երևան, 1962։ Ցավոք, հնարավոր չեղավ այս աշխատանքի տվյալները համադրել մեր քննությանը։ Այս առումով մեր աշխատանքի համեմատական (տարաժամանակյա) քննությունը կարող է լիարժեք չլինել։

[13] «Վերջին ժամանակներս առանձնացվել են Հադրութի, Գորիսի բարբառները»,- արձանագրում է Լ․Հովհաննիսյանը (Հովհաննիսյան Լ.,Գրաբարի և Ղարաբաղի բարբառի առնչության հարցի շուրջ, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1, 1977, էջ 141)։

[14]Մարգարյան Ա.,Գորիսի բարբառը, Երևանի համալսարանի հրատ.,Երևան, 1975, էջ 7 (այսուհետև՝ Մարգարյան 1975)։

[15] Բակունց Ա․, Երկերի ժողովածու, հատ․ 3, Հայկական ՍՍՀ, ԳԱ հրատ․, Երևան, 1985, էջ 485։

[16]Աճառյան Հ.,Հայերեն արմատական բառարան (4 հատորով, 2-րդ հրատարակություն),  հատ․ I, Երևանի համալսարանի հրատ., Երևան (առաջին հրատարակությունը՝ 1926-1935, 7 հատորով), 1971, էջ 21։

[17]1995-2020թթընթացքում Արցախի Քաշաթաղի շրջանում ձևավորվում էր միջբարբառային միավոր՝ Արարատյան, Սյունիքի և Ղարաբաղի բարբառների միջակայքում, այլև գրական հայերենի ազդեցությամբ ընդհանրանում էր Սյունիքի և Արցախի բարբառ-խոսվածքների բառապաշարը։

[18] Համեմատվող եզր ենք վերցրել ԳՋահուկյանի բազմահատկանիշ դասակարգման համար հիմք հանդիսացած զուգաբանությունները։ Ուշադրության ենք արժանացրել հատկապես այն հատկանիշները, որոնք էական են Գորիսի բարբառի համար և կարող են ազդել միավորի կարգավիճակին։

Համեմատել-քննել ենք նաև այնպիսիք, որոնք կարևոր են, բայց վիճակագրության արդյունքում (աղյուսակում) դրանցով պայմանավորված փոփոխություն չի առաջարկվում։

[19] Բարբառային զուգաբանություններին վերաբերող նյութերը քաղել ենք ՀԲՆ-ից, էջ 36-142։

[20] Հավանական է՝ գրաբարի գիրկ բառից է՝ նոր իմաստով (Մարգարյան 1975, էջ 246), որի դիմաց բարբառն ունի խըտէտ-ը։

[21] Մարգարյան 1975, էջ 83-84։

[22] Այս մասին կարելի է տեսնել՝ Աղաբեկյան 2010, էջ 132։

[23] Մարգարյան 1975, էջ 82։

[24] Մարգարյան 1975, էջ 314։

[25] Մարգարյան 1975, էջ 82-83։

[26] Միքայելյան 1980, էջ 38։

[27] Աղաբեկյան 2010, էջ 133։

[28] ՀԲՆ, էջ 37։

[29] ՀԲՆ, էջ 47։

[30] ՀԲՆ, էջ 62։

[31] ՀԲՆ, էջ 47։

[32] ՆՀԲ, էջ 63 (28-րդ կետ)։

[33] Ա․Մարգարյանը ենթադրում է, որ բարբառի մըրչէմնը տարբերակը առաջ է եկել ոչ թե գրաբարյան մրջիւն-ից, այլ մրջիմն ձևից (Մարգարյան 1975, էջ 71)։

[34]Ույ-ի փոփոխության մյուս իրողությունները կարելի է համեմատել՝ Մարգարյան 1976, էջ 70-71։

[35] ԳԲ, էջ 159-160։

[36] Այս մասին տե՛ս՝ ՀԲՆ, էջ 87։

[37] Մարգարյան 1975, էջ 157-158։

[38] Այժմ ընդհանրապես բացակայում է Գորիսի շրջանում (Տեղ, Խնձորես, Շինուհայր գյուղերում տարեց մարդիկ հիշում են, որ նաև գործածում էին -ինջի ածանցը միայն  միավորների համար)։

[39]Սրանցից որոշները, կարծում ենք, պայմանավորված են խ-ի առկայությամբ և ղ > խ փոփոխությամբ՝ վըխծընել, եղծի,փոխկ։

[40] ԲՍՀ, էջ 130-131:

[41] ՀԲՆ, էջ 319:

[42] ՀՍԲ, էջ 757:

[43] ՀԲՆ, էջ 46։

[44]Հայ բարբառների բաղաձայնական զուգաբանություններ (8-րդ կետ, ՀԲՆ, էջ 46)։

[45] Միքայելյան 1980, էջ 39։

[46] Մեր նպատակից դուրս է  այս և մյուս հնչյունափոխական երևույթների ժամանակագրական և տարածվածության հարցերի քննությունը։

[47] Մենք այս և բոլոր բարբառային նմուշները ճիշտ գրանցելու համար երեք սերնդի ներկայացուցիչների շրջանում հարցում ենք անցկացրել՝ 70-ից բարձր, 50-ից մինչև 70 և մինչև 50, և իսկապես՝ նշված հնչյուններ պարունակող բառերի շուրջ 91%-ը չի կրում ետնալեզվայինների քմայնացում (գյ, կյ, քյ):

[48]Մարգարյան 1975, էջ 43։

[49] ՀԲՆ, էջ 82։

[50] Ա․ Մարգարյանը արձանագրում է նաև թի > թիյանք, լու > լո̈ւվանք կազմությունները, որոնք հիմա ընդհանրապես բացակայում են (Մարգարյան 1975, էջ 123)։

[51] Համառոտություններ՝ Արդ․-արդյունք, Բաղ․-բաղաձայնական հատկանիշ, Ձայն․-ձայնավորական հատկանիշ, Անվ․-անվանական հատկանիշ, Բայ․-բայական հատկանիշ, Ընդ․ընդամենը, Բդհ․-բազմահատկանիշ դասակարգմամբ նշված (+ կամ -, ∓կամ ±), Հհգհ․-համեմատությունից հետո գրանցվող հատկանիշ (+ կամ -, ∓կամ ±)։

[52] Նշված հատկանիշների վերաբերյալ դիտարկումները կարելի է տեսնել՝ ՀԲՆ, էջ 67, 85, 87։

[53] Համաժամանակյա կտրվածքով մեր գնահատականը տրվել է «Նախախոսքում»։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի