«Միայն պատերազմների ժամանակ չէ, որ դրսեւորվում է հայրենասիրությունը: Դա ամենօրյա վերաբերմունքն է՝ հանդեպ մեր չքնաղ բնաշխարհը, մշակութային մեր դարավոր հուշարձանները, կոթողները, մեր վիրավոր վանքերը, մեր հողը, մեր ջուրը, նվիրումը մեր տեսակին, մեր բաղձալի երազանքներին, մեզ վերապահված գործերին»,- մեր զրույցներից մեկի ժամանակ հայրենասիրությունն այսպես բնորոշեց մեր գրչընկերը՝ «ՀՀ»-ի թղթակից, ժամանակավորապես ելուզակի արյունոտ ձեռքերում հայտնված Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի եռանդուն խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Մարդ, ով երկար տարիներ վերահաստատված լինելով մեր այս երկրամասում, որպես ուսուցիչ, իրեն նվիրել է սերնդակրթման պատվաբեր գործին, հետաքրքրվել հնամյա մեր հուշակոթողներով, ավեր ու կիսավեր վանքերով, հայտնաբերել բազմաթիվ դամբարաններ, կիսաթաղ խաչքարեր, կամուրջներ: Եվ լուսանկարել այդ ամենը, հրապարակել մամուլում, կազմակերպել ճանաչողական ցուցահանդեսներ: Վաստակաշատ լրագրողը հայրենիքի հանդեպ իր նվիրումն է դրսեւորել նաեւ որպես զինվոր. 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական-ազատագրական մարտերին: Նրա աշակերտներից շատերն անմահացան վերջին՝ 44-օրյա պատերազմում, նրանք, որոնց հետ լեռ ու ձոր էր մաշեցնում Քաշաթաղում: Եվ սիրտը ցավում է, եւ այդ ցավը հաճախ է հանձնում թերթի էջերին՝ անմահացնելով քաջազուն տղաներին:
Զոհրաբ Ըռքոյանը, հաղթահարելով առկա դժվարությունները, շարունակում է անմար պահել իր խմբագրած թերթի՝ «Մերանի» թրթռացող լույսը: Թե ինչպես, ինչ միջոցներով, միայն ինքը գիտի: Իսկ մենք ուրախությամբ տեղեկացանք, որ նրա նվիրումն ու վաստակը, այս էլ որերորդ անգամ, գնահատվել են ըստ պատշաճի. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, այն է՝ «Լրագրության ոլորտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանին պարգեւատրել «Երախտագիտություն» մեդալով»: Հրաշալի է, երբ գնահատվում են մարդու նվիրումն ու վաստակը: Մեզ մնում է շնորհավորել մեր գրչընկերոջը՝ մաղթելով նրան նոր ու անակնկալ նվաճումներ: Իսկ առաջին հերթին՝ ազգային հպարտության բազմաթիվ առիթներ:
Աղբյուրը՝ “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթ