Կրոնին և նախապաշարմունքին վերաբերող մի քանի բառերի քննություն ըստ Սյունիք-Արցախի բարբառային բառապաշարի տվյալների

Spread the love

Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում կրոնական բնույթի բառերը կարելի է բաժանել տարբեր խմբերի՝ ըստ ծագման, կենսունակության և այլն: Այստեղ, սակայն, առանձնացրել ենք այն արմատները, որոնք ծագմամբ ունեն հնդեվրոպական աղերսներ, դրանց շուրջ կատարված ուսումնասիրություններում բացակայում կամ բավարար չեն բարբառային տվյալները:

Հայերենի՝ հնդեվրոպական աղերսներ ունեցող աղանդ, դի-ք, մատ-ուց (-արան), ձաւն, ընծայ «զոհ», տաւն, երկիր(պագանեմ), ձաւնիչ, աւծանեմ, բանադրեմ, բարեբանեմ, թով-չ-ութիւն, թով-իչ, երեւ-ոյթ, տես-իլ բառ-հասկացությունները, որ ընդգրկվում են կրոն և նախապաշարմունք բառիմաստային խմբում[1], բացակայում են Սյունիք-Արցախ բարբառախմբի բառապաշարում: Այս արմատների հիմնական մասը պատմական ժամանակաշրջանում, անշուշտ, գոյություն է ունեցել: Գործածության բնագավառի համար ձևավորված եզրույթներից շատերը չեն անցել բարբառային բառապաշարին, բայց արմատները  պահպանվել են այլ կազմություններում (օրինակ՝ աղանդ-ը՝ «որևէ եկեղեցու դավանանքին չհետևող և այլ կրոնական պատկերացումներ ունեցող ուսմունք», բացակայում է բարբառախմբի բառապաշարում, սակայն կարծում ենք՝ բարբառային ա̈լա̈նգա̈ բառի հիմքում հ.-ե. նույն արմատն է՝ *al- «թափառել»[2], կամ՝ մատուցարան բառի հիմքում ընկած է մատն (*mǝt-) > մանդ «մատ»): Այդպիսիք հիմնականում ընդգրկված չեն բարբառախմբի համար կազմված թեմատիկ խմբում կրոնական բնույթ չունենալու հիմնավորմամբ: Երեք բառ ենթադրվում է հնդեվրոպական ծագմամբ՝ քաշկ – քաշկ, սո̈ւնդո̈ւ-սունդու(կուկու)[3], կուփել-կո̈ւփ(էլ), որոնք հավելել ենք Կ. Բաքի և Գ. Ջահուկյանի կողմից ներկայացված թեմատիկ խմբի արմատներին:

Այսպիսով՝ Սյունիք-Արցախ բարբառային տարածքում հնդեվրոպական աղերս ունեցող «կրոն և նախապաշարմունք» բառիմաստային խմբի բառերն են՝ կրօն, հավադ, ուղութ(արան), սէղան, (լո̈ւս)ընծա, մախթէլ, ըղօթէլ, իրից, սօրփ, ըվըտ(արան), անէսկը (տալ), լիվա̈նա̈լ, յէրգինք, ան-դունդ-ք, գէդ, հըրց-, հօքի, քաշկ, սո̈ւնդո̈ւ(կուկու), կո̈ւփ(էլ), ցո̈ւց (տալ)[4]:

Ներկայացնենք որոշ բառերի գործառական բնույթը թեմատիկ խմբում:

Ընծա («նվեր»), ընծա-արան կրոնական բնագավառի բառերը բացակայում են բարբառախմբում, և արմատը հանդիպում է լո̈ւսընծա  «լուսնկա» (այլև՝ լո̈ւսինգյա̈) բարդության մեջ, որ, անշուշտ, փոխանցված է գրաբարից և տարածված հայերենի մյուս բարբառներում:

Հըվըտ/դավէր «հոգևորական» բառը, կարծում ենք, քրիստոնեության շրջանում է ձևավորվել, ուստի առանձին միավոր չի համարվում հնդեվրոպական ծագմամբ բառերի թեմատիկ խմբում, այդպես և՝  պարէբաշտ «բարեպաշտ», պարէխօսութուն «բարեխոսություն»: Սակայն մուխր(ը)ճիրի/էլ «մոխրաջրել» («մահա­ցածի դիակը լողացնելուց հետո մոխրով օծէլ») բարդությունը ընդունում ենք որպես նախաքրիստոնեական շրջանից անցած բառ-հասկացություն, որ փոխանցվել է սովորույթի հետ:

Ծագմամբ անհայտ է մնում թեմատիկ խմբին առնչվող ախար-ը՝ «1. հատկապես Զատկի տոնին բաժանվող մատաղը, ընծան»[5]:

Կարծում ենք, որ բարբառախմբի կո̈ւփ(էլ)-ը՝ «1. չար ոգու, դևի կամ հրեշտակի՝ մարդուն, երեխային դիպչելը, խփելը, այսահարելը», իմաստով և ձևով առնչակցվում է հ.-ե. *(s)kep(h)- արմատի առաջնային և երկրորդային ձևերին՝ 1. «պատսպարել, ծածկել, քողարկել, պաշտպանել», 2. «խփել, տաշել» (հավանական է վերջին իմաստից զարգացումը):

Բարբառախմբի յէրգինք[6] «երկինք» բառն ունի նաև  «աստծու և երկնային հոգիների բնակավայր» իմաստը, որը հիմք է տալիս այն ընդգրկելու թեմատիկ խմբում: Այս առումով կարևոր ենք համարում Գ. Ջահուկյանի դիտարկումը, ըստ որի՝ հնդեվրոպացիներն ունեին կրոնական որոշ գաղափարներ պաշտամունքային աշխարհի նկատմամբ, որոնցով աստվածայինը կապվում էր մի կողմից՝ շողացող երկնքի և լուսավոր օրվա, մյուս կողմից՝ նախնիների («հոր»՝ *pǝtér «ավագ սերնդի ներկայացուցիչ, նախնի, հայր») պաշտամունքի հետ. հմմտ. *dei-  «շողալ», որից «պաշտվող երկինք, «օր», «աստված» գաղափարները)[7]:

Բարբառախմբի քաշ-կ || քաչ-ք || քաշ-ք բառը արտաքին հնչյունական կազմով, մասամբ նաև իմաստային նրբերանգներով («ինչ-որ անսովոր բան»), նմանվում է հայերենի անհայտ ծագմամբ քաջ-ին. ըստ Հ. Աճառյանի՝ քաջ-ի հոգնակի՝ քաջք ձևից է («նախնական իմաստն է «լաւ», իսկ «ոգի, դև» նշանակութեան համար հմմտ. ռմկ. մէնէ աղէկները[8] «դև, ոգի»»[9]): Հ. Աճառյանի կողմից «քաջ» բառահոդվածում[10] լավագույնս ներկայացված են բառին վերաբերող կարծիքները, ուսումնասիրությունները, որոնք,  այդուհանդերձ, բավարար չեն եղել ծագումնաբանական եզրակացության համար. քաջ բառի ծագումը անհայտ է նշվում նաև ՀՍԲ-ում[11]: Վերջին ստուգաբանական փորձերից մեկում առանձնացված է Պեդերսենի կարծիքը՝ քաջ < աջ[12], որ մյուս տվյալների հետ նշվում է ՀԱԲ-ում: Մեզ հանդիպած քաջ բառի ստուգաբանական փորձերից միայն Հ. Աճառյանինն է, որտեղ զուգահեռներ կան քաջ(ք)-ի և բարբառային ձևերի միջև:

Բարբառախմբում ունեցած տվյալները ենթադրել են տալիս, որ իրարից տարբեր արմատներ են քաջ-ը և քաշք-ը: Ինչպես նշվեց, այս երկու բառերի համար, ըստ Հ. Աճառյանի, ընդհանուր է «լաւ» իմաստը, իսկ «ոգի, դև»  նշանակության ձևավորման միակ օրինակն է  «մէնէ աղէկները»-ը:

Պետք է նկատել, որ բարբառախումբը առհասարակ չունի քաջ «արի, քաջ» բառը, իսկ քաշկ/ք-ը «քաջ» նշանակություն հետ չի աղերսվում:

Մեր կողմից վերաառաջադրված հարցը՝ քաջ – քաշկ, սահմանափակում ենք կանխադրույթներով.

  1. Բարբառային քաշ-կ բառը ձևիմաստային զուգահեռներն ունի հ.-ե. «ինչ-որ իր, բան, մարդ, իր, առարկա, էակ» իմաստներով *u̯ek-ti- (հմմտ՝. գոթ. waíhts «կենդանի էակ, գերմարդկային արարած, իր», «ինչ-որ անձ, դև», գերմ. goth «բարբարոս», ռուս. réčь «ճառ, խոսք, տարաձայնություն») արմատի հետ: Հ.-ե. *u̯-գ > ք-ի համար հմմտ.՝ գիշեր-քըշէր (*u̯ekeros), գնալ-քինա̈լ, գտանել — քիթ̈անա̈լ:
  2. Հայերենի գէշ «անտեսք, վատ» (բարբառախմբում՝ կէշ) և հ.-ե. *u̯eis- «թույն, ժահր» (վկայվում է Պոկոռնու բառարանում՝ «լեշ, դիակ»[13]) բառերի ընդհանրությունը և քաշ-կ բառի հետ ծագմամբ նույնացնելը քիչ հավանական ենք համարում Սյունիք-Արցախ բարբառախմբի համապատասխան տվյալների համեմատության տեսանկյունից (թերևս բաղդատելի է քաշ (քաշտ) թռչունի «լեշակեր» հատկանիշը):
  3. Քաշ(կ) արմատին չենք զուգահեռում բարբառախմբի «կշիռ» իմաստով քաշ-ը (հնարավոր է, միջ. պրսկ. միջնորդությամբ անցած փոխառություն լինի կամ *u̯ek- հիմքից հայ. և իրան. ժառանգություն, հմմտ.՝ քաշ-քաշք «սնակուշտ, թուլակողմ»[14]), այլև հայերենում վկայվող քաշկեն «գարե հաց», որ համեմատվում է խեթ. արձանագրություններից վերականգնված kaš «գարի» արմատի հետ[15]՝ քաշիկ և այլն:

Այս բոլոր տվյալները ձեռքի տակ ունենալով (այլև քաշ «ցած, ներքև», արևելյան լեզուներից անցած հնարավոր բառամիավորները)՝ կարծում ենք, որ կարող են ծագումնաբանորեն աղերսներ ունենալ կամ չունենալ՝

Ա. Գէշ «անտեսք, վատ» (բարբառախմբում՝ կէշ) և հ.-ե. *u̯eis- «թույն, ժահր» (ըստ Գ. Ջահուկյանի՝ իրան. ծագմամբ[16]), այստեղից՝ (գէշ-գէշ >) գիշանգղ, գիշակեր բառերի ընդհանրությունները ակնհայտ են:

Բ. Տարբեր են գի/էշ «դի» և քաշ(-տ)  «մի տեսակ թռչուն» բառերը (նաև ձայնավորական փոփոխություններն են դժվար բացատրվում):

Գ. Իմաստային առումով խնդրահարույց է որոշակիացնելը, թե քաշ(-տ) «թռչուն» և քաշք/կ «չար ոգի, ինչ-որ էակ» բառերը (<հ.-ե. *u̯ek-ti- «ինչ-որ իր, բան, մարդ, էակ») ընդհանուր հիմքի՞ց են՝ *u̯ek-ti-, թե՞ *kau— արմատից է անհայտ ծագմամբ բառերի շարքում[17] նշվող թռչնանունը: Մենք արդեն նշել ենք, որ ձևիմաստային առումով այս խմբին են աղերսվում նաև՝ քաշ «նիհար, տգեղ, չեչոտ» (առանձնապես նույնացվում է թռչնի հետ) և քաշկ «եղանակ, ձև, կերպ»[18]:

Դ. Քաշ  «ցած» (<*kau-no-s «տապալել, իջեցնել, վար առնել, վհատեցնել») բառի քննության փորձից ենթադրելի է, որ նրա աղերսները վերոնշյալ բառերի հետ թույլ են (քաշ «ցած» բառին անդրադառնալիս տրվել են առնչակից հնարավոր տարբերակները և համանունները):

Ե. Քարշ > ր անկումով քաշ(ել) «քաշել» բազմիմաստ բառը փոխառություն է:

Բառի քննությունը եզրափակում ենք այն կարծիքով, որ հայերենում վկայվող և բարբառախմբում առկա քաշ(կ) «եղանակ, ձև, կերպ»[19] (հմմտ.՝ քըշկամէր «մի այլ կերպ՝ առանց միջամտելու մերված կաթ», քըշկածակ «անծանոթ, ահազդու անցք կամ այր», քըշկապէն «անիմանալի ուժի կողմից արված գործ, սատանայի գործ, բան»), քաշ(տ)[20] (քաշ «մի տեսակ թռչուն՝ արծվի տեսակ՝ մուգ գույնի» (թռչնաքաշ(տ))[21]) և քաշ-ք/կ «չար ոգի» բառերը ունեն ծագումնաբանական ընդհանրություններ: Բարբառախմբի քի/ըշէրի-ն, հնարավոր է, հետագայում է իմաստի նեղացում ստացել՝ «կզաքիս»: Հավանական է՝ այն վերաիմաստավորվել է. նախապես պիտի ունեցած լիներ «մի որևէ կենդանի, որ գիշերն է դուրս գալիս», հմմտ.՝  քիշէ/իրածէտ «գիշերը շրջող թռչուն» > «չղջիկ»:

Զ. Փաստորեն՝ առկախ է մնում քաջ և քաջք (քաշկը) բառերի ընդհանուր հիմքից լինելու հարցը, կամ քիչ հավանական է, որ դրանք նույն հիմքից են առաջացել. եթե հետևում ենք մատենագրական և բարբառային տեղեկություններին, ապա կարծում ենք՝  1. այլ քննություն են պահանջում քաջ «լավ» («ուժեղակ՝ առաւել աջով») և քաջ «դյուցազուն» («քաջազն») իմաստներով[22] վկայված բառերը, և այս հիմունքով ուղղորդվելը կարող է պարզեցնել ծագումնաբանական հարցերը, 2. քաշ-ք/կ «չար (հ)ոգի» բառի համար կանխադրում ենք ձևով և իմաստով առնչակից հ.-ե. *u̯ek-ti- «ինչ-որ իր, բան, մարդ, էակ» հիմքը, որ ինքուրույն զարգացում է ունեցել թե՛ հին հայերենում (հմմտ. (բան. Մ. Խորենացի) …Քաջքերը քեզ բռնեն տանեն…), թե՛ բարբառներում (հմմտ. քաշկէրը քեզ փըռնէն, քաշկը օնի քէզ, քաշկավ ինգես, քաշկու հիլիշտրա̈կ տա̈ռնա̈ս (անեծքներ), այլև՝ քաշկու կըտօր «մութ, խավար», քաշկու հըրսանիք «խառնաշփօթ», քաշկի պո̈ւն «անիծված վայր») և այլն:

Սյունիք-Արցախի նախապաշարմունքներում (հ)ոգիների կամ անհասկանալի, անիմանալի երևույթների և թռչունի աղերսները, մեկին մյուսի մեջ պատկերացնելը դրսևորվել են այլ բառերում ու հասկացություններում, հմմտ. անգ-անգղ-Անգեղ[23], սունդու-սունդուկուկու, յէնդակուկու: Քաշկ || քաշք բառերի կ||ք-ն բարբառային տարբերակներ են: Ընդ որում, ենթադրվում են նաև կ և տ վերջադիրների նախաձևերը՝ քաշ-ուկ և քաշկ-ուտ (հմմտ.՝ քաշկուտ, քաշկավ ինգա̈ծ), կամ, որ ավելի հավանական է, կ||ք և տ-ն տաբուի մնացուկներ են, երբ բառին ավելացնելով որևէ մասնիկ կամ փոխելով նրա որևէ հնչյուն՝ բառը անճանաչելի է դառնում չար ոգուն, և նա այլևս չի կարողանում վնասել[24], հմմտ.՝ Սյունիք-Արցախում՝ կըռըհաքի[25]:  Առայժմ մեզ չի հանդիպել քաշ(տ) թռչնի հետ կապված որևէ նախապաշարմունքային մնացուկ (քաշ-քի/ըչէղակ-ը, հնարավոր է, այդ դեպքերից չէ՝ «տարբեր թռչուններ»), կամ գուցե այդ երևույթները խտացվել են բառի մեջ և այդուհետև ըմբռնվել քաշկ «մի այլ ձևի, կերպի (հ)ոգի». իսկապես դժվար է որոշել: Ուստի այս համանուններից պայմանականորեն միայն մեկն ենք դնում «նախապաշարմունք» ենթախմբում: Բարբառախմբի՝ քաշք բառով բազմաթիվ դարձվածքներ և կազմություններ կրում են «չար ոգի, տգեղ, մի ինչ-որ առեղծվածային էակ, չար ոգու ձև, կերպ, նրա գործողության եղանակ» հասկացությունները՝ քաշկավ կյա̈լ, քաշկավ ինգէլ և այլն:

Այդուհանդերձ, կարծում ենք, որ քաշ(-) հնչյունակազմով համանունները լեզվի պատմական զարգացման ընթացքում յուրահատուկ ճանապարհ են անցել, փոփոխվել ժողովուրդների փոխշփումների, լեզվի տարբերակների հանդիպադրումների և այլ գործոնների հետևանքով, որոնք էլ ավելի են  դժվարացրել նրանց ծագումնաբանական քննությունը: Ուստի և՝ հնարավոր չէ վերոբերյալ կանխադրույթները համարել սպառիչ:

Այսպիսով՝ ներկայացնենք «կրոն և նախապաշարմունք» բառիմաստային խմբի բառերի քանակական պատկերը՝

Ենթախմբեր[26] Ըստ Կ. Բաքի Վիճահարույց Ըստ Գ. Ջահուկյանի ՍյունիքԱրցախ
1. 12 5 17 9
2. 6 0 6 3
3. 7 1 2 2
4. 7 1 11 7
Ընդամենը 32 7 36 21

 


 

Keywords: Syunik-Artsakh, thematic group, religion, prejudice, dialect vocabulary, Indo-European, etymology.

Mher Kumunts- SURVEY OF SEVERAL WORDS ABOUT RELIGION AND  PREJUDICE- In the dialectical vocabulary of Syunik-Artsakh, religious words make up 58% com-pared to Armenian, and compared to the list of K. Baq compiled by Baku — 66%. Three words have been added to the thematic group formed by the previous ones, according to the data of Syunik-Artsakh dialectical vocabulary, which, we think, are of In-do-European origin: kashk-kasq (քաշկքաշկ/ք), sundu-sundu (kuku) (սո̈ւնդո̈ւսունդու(կուկու)), kupel-kup(el) (կուփելկո̈ւփ(էլ)). There’s a question of whether kaj (քաջ) և kajq (kashk) քաջք (քաշկը)is the general basis of the words. It is more probable that kash-q / k (քաշք/կ), ” evil spirit”, has Indo-European origin: *u̯ek-ti- “something, thing, man, being”.


Ключевые слова: Сюник-Арцах, тематическая группа, религия, предрассудки, диалектная лексика, индоевропейский язык, этимология.

Мгер Кумунц- ИССЛЕДОВАНИЕ НЕСКОЛЬКИХ СЛОВ О РЕЛИГИИ И ПРЕДУБЕРЕЖЕНИЯХ- В лексике Сюникско-Арцахского диалекта слова религиозного характера составляют 58% посравнению с армянскими, и посравнению со списком, составленным Д. Баком — 66%.

В тематическую группу, образованную предыдущими, добавлены три слова, согласно лексике Сюникско-Арцахского диалекта, которые, по нашему мнению, имеют индоевропейское происхождение: кашк-кашк(քաշկքաշկ), сунду-сунду (куку) (սո̈ւնդո̈ւսունդու(կուկու)), купел-куп (эл) (կուփելկո̈ւփ(էլ)).

Остается нерешенным вопрос, является ли кaдж (քաջ)икaджк (кашк) (քաջք (քաշկը)) общей основой слов. Более вероятно, что кaш-къ/к (քաշք/կ), «злая душа», имеет индоевропейское происхождение: *u̯ek-ti- «нечто, вещь, человек, существо».


[1] Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն: Նախագրային ժամանակաշրջան, ԳԱ հրատ., Երևան, 1987, էջ 273-274 (այսուհետև՝ Ջահուկյան, ՀԼՊ):

[2] Գ. Ջահուկյանը հ.-ե. *aleu-, *al- «թափառել, մոլորվել» արմատից է բխեցնում ալարել «ամաչել» և հայերենի բարբառների ալարել «ծուլանալ» բառերը (Ջահուկյան, Գ. Բ., Ստուգաբանություններ.- Պատմա-բանասիրական հանդես, թիվ 4, Երևան, 1963, Էջ 86, Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ 313), որոնք հետագայում զարգացման այլ ճանապարհ են ունեցել («կապ չունի ալարել «ծուլանալ» բայի հետ» (Ջահուկյան ՀԼՊ, էջ 25)): Սյունիք-Արցախ բարբառախմբի տարբերակն է ա̈լա̈նգա̈ «ծույլ», այստեղից՝ ա̈լա̈նգա̈ տա̈ռնա̈լ «ծուլանալ», ա̈լա̈նգա̈ ինէլ «1. անգործունյա լինել, 2. հաշմանդամ լինել»: Հավանական է, որ բաղարկվել է ա̈նգյա̈լ բառի հետ՝ ալարա̈նգյա̈լ, հեռացել ըլարէլ || իլարէլ «հոգնել, ծուլանալ» ձևից (հմմտ. լառ < ալար):

[3] Սո̈ւնդո̈ւկուկու բառի ստուգաբանությունը ներկայացվել է ակադեմիկոս Արամ Ղանալանյանի ծննդյան 110-ամյակին և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հիմնադրման 60-ամյակին  նվիրված հանրապետական գիտաժողովում, 2019 (Քումունց Մ., Ներսիսյան Լ., Մի քանի անունների ստուգաբանություն՝ պատմաազգագրական տեղեկությունների հենքով (պատմական Սյունիք.-— տպագրման ընթացքում):

[4] Սրանցից վերջինի կրոնական բնույթը բարբառախմբում և առհասարակ հայերենում կասկածելի է, բայց ընդգրկված է հայերենի՝ հնդեվրոպական ծագմամբ բառերի «կրոն և նախապաշարմունք» թեմատիկ խմբում (Ջահուկյան ՀԼՊ, էջ 274), հմմտ., թերևս, կրոնացոյց:

[5]  Արդյո՞ք ասորական փոխառություն է:

[6] Նրա հ.-ե. ծագումը կասկածելի է (Ջահուկյան ՀԼՊ, էջ 274):

[7] Ջահուկյան ՀԼՊ, էջ 84:

[8] Հիշատակվում են նաև «Մեզնէ աղէկներ» (Ալիշան Ղ., Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Ս. Ղազար, Վենետիկ, 1910, Էջ 221), «Քան զմեզ աղէկներ»  (Սովորութիւններ, նախապաշարումներ և այլն Իզմիտ գաւառին մէջ.- «Բիւրակն լրագիր», թիվ 34, 1899, էջ 540-541) և այլն՝ «հավերժահարսեր, քաջք» (Մխիթար Սեբաստացի, Բառգիրք հայկազեան լեզուի, հատ. II, Վէնէտիկ, 1769, էջ 670):

[9] Աճառյան Հր., Հայերեն արմատական բառարան, Երևանի համալսարանի հրատ., հատ. Դ, Երևան, 1979 (1971-1979), էջ 555 (այսուհետև՝ ՀԱԲ):

[10] ՀԱԲ IV, էջ 454-555:

[11] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ., Երևան, 2010, էջ 777 (այսուհետև՝ ՀՍԲ):

[12] Պետրոսյան Ա., Հայկական վիշապամարտի երկու հակադիր կերպարներ.- Պատմա-բանասիրական հանդես, 2010, թիվ 1, էջ 189-196:

[13] Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, I bend, München: Francke Verlag, Bern, 1959, p. 1134.

[14] ՀԱԲ IV, 553:

[15] Kloekhorst A., Etymological Dictionary of the Hittite inherited lexicon, vol. 5, Brill, Leiden-Boston, 2007, p. 754.

[16] ՀՍԲ, էջ 159:

[17] ՀՍԲ, էջ 776-777:

[18] Այս մասին տե՛ս՝ Քումունց Մ., Տարածական հարաբերություններ արտահայտող բարբառային մի քանի հնաբանությունների շուրջ (Վիճահարույց ստուգաբանություններ, բնիկ և օտար բառային ընդհանրություններ կամ հանդիպադրումներ).- Արցախի պետական համալսարանի Գիտական տեղեկագիր, պրակ 1, Ստեփանակերտ, 2021, էջ 17-19:

[19] ՀԱԲ IV, էջ 553-554:

[20] ՀԱԲ IV, էջ 554:

[21] «Իսկ թռչնաքաշտ որ մեծամեծ են եւ սևաթոյր, սլացաւ ի վերուստ ի վայբ, եւ եկն ի սեղան թագաւորին…» (Օրբէլեան Ստեփաննոս, Պատմութիւն նահանգին Սիսական, հատ. Ա., Ի գործատուն Կ. Վ. Շահնազարեանց,  Փարիզ, 1859, էջ 93):

[22] Աւետիքեան Գ.,  Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք հայկազեան լեզուի  (հատ. I-II, Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836-1837), հատ. II, Երևան, 1981 (1979-1981), էջ 981 (այսուհետև՝ ՆՀԲ):

[23] Քումունց Մ., Անգ>(Ա)անգեղ (Nergal -’Εργε՛λ) «անգղ», բծիծ, պիծակ բառերի ստուգաբանություն.-Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, հատ. 2, Ստեփանակերտ, 2019, Էջ 139-143:

[24] Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի: Համեմատությամբ 562 լեզուների, հատ. IV, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1961, էջ 721-722 (այսուհետև՝ ԼՔՀԼ):

[25] ԼՔՀԼ VI, էջ 721-723:

[26] Ենթախմբերը ներայացված են Կ. Բաքի կողմից կազմված թեմատիկ խմբի համեմատությամբ (Buck C. D., A Dictionary of selected synonyms in the principal Indo-European languages (A contribution to the history of ideas), University of Chicago press, Chicago & London, 1988, p. 1462):

Տպագիր հղումը

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի